Ի՞նչ առնչություն ունի մեզ հետ Լիդիայի հնագույն թագավորությունը
ԳՈՒՑԵ երբեք չեք լսել Լիդիայի հնագույն թագավորության մասին։ Թերևս զարմանաք՝ իմանալով, որ այնտեղ կատարված մի հայտնագործություն փոփոխություն մտցրեց համաշխարհային առևտրի համակարգում։ Աստվածաշնչի ընթերցողները գուցե նաև զարմանան՝ իմանալով, որ այդ հայտնագործությունը լույս է սփռում աստվածաշնչյան մի դժվարհասկանալի մարգարեության վրա։ Ի՞նչ էին հայտնագործել լիդիացիները։ Մինչ այս հարցին պատասխանելը հետաքրքիր կլինի որոշ բաներ իմանալ գրեթե մոռացված այս կայսրության պատմության մասին։
Լիդիայի թագավորները ղեկավարել են իրենց մայրաքաղաք Սարդեսից, որը գտնվում էր Փոքր Ասիայի՝ այժմյան Թուրքիայի արևմտյան մասում։ Լիդիայի վերջին թագավորը՝ Կրեսոսը, հսկայական հարստություն էր դիզել, սակայն Պարսկաստանի թագավոր Կյուրոս Մեծը, որը մի քանի տարի անց նվաճեց Բաբելոնը, մ.թ.ա. մոտ 546 թ.–ին պարտության մատնեց նրան, և նա կորցրեց իր կայսրությունը։
Ասում են, որ Լիդիայի առաջավոր առևտրականները առաջինն էին, որ սկսեցին մետաղադրամներ օգտագործել։ Երկար ժամանակ ոսկին և արծաթը օգտագործվել են որպես փող, սակայն ոսկու կտորների և մատանիների տարբեր չափերի պատճառով մարդիկ ստիպված են եղել գործարքների ժամանակ ամեն անգամ կշռել փողը։ Օրինակ՝ Իսրայելում Աստծու մարգարե Երեմիան ինչ–որ հողատարածք էր գնել, որի մասին նա գրել է. «Կշռեցի տուի նորան արծաթը՝ տասնեւեօթը սիկղ արծաթ» (Երեմիա 32։9)։
Երեմիայի ժամանակակիցները Լիդիայում հայտնագործեցին մի բան, որը հեշտացրեց առևտուրը. մետաղադրամների գործածումը, որոնց ստանդարտ կշիռը երաշխավորվում էր յուրաքանչյուր մետաղադրամի վրա դրված կնիքով։ Լիդիայի առաջին մետաղադրամները պատրաստվել են ոսկու և արծաթի խառնուրդից, որը կոչվում է էլեկտրում։ Երբ Կրեսոսը թագավոր դարձավ, նա դրանք փոխարինեց գրեթե մաքուր արծաթյա կամ ոսկյա մետաղադրամներով։ Լիդիացիները հայտնագործեցին փողի համակարգ, որում օգտագործվում էին երկու մետաղից պատրաստված մետաղադրամներ, և այդ երկու մետաղներից պատրաստված 12 ցածրարժեք մետաղադրամը համարժեք էր ավելի արժեքավոր մետաղից պատրաստված մեկ մետաղադրամի։ Սակայն այդ համակարգը մեծ վտանգի առաջ կանգնեց, երբ սկսեցին ոսկուց ու ցածրորակ մետաղների խառնուրդից մետաղադրամներ պատրաստել։ Առևտրականները պետք է որևէ հեշտ միջոցով ստուգեին ոսկու մաքրությունը։
Լիդիացիները հայտնաբերեցին, որ իրենց տեղանքում սև գույնի քարի մի տեսակ, որը կոչվում է «լիդիական քար», կարող էր լուծել իրենց խնդիրը։ Երբ մետաղադրամը քսում էին այդ հարթ, թեթևակիորեն հղկված քարին, այն նշան էր թողնում։ Երբ այդ նշանի գույնը համեմատում էին մյուս նշանների հետ, որոնք արվել էին ոսկու որոշակի պարունակությամբ մետաղադրամներով, պարզ էր դառնում մետաղադրամի մեջ եղած ոսկու պարունակությունը։ Սա փորձաքարի հայտնագործությունն էր, որի շնորհիվ հնարավոր դարձավ մետաղադրամների վստահելի համակարգ ունենալը։ Իսկ ինչպե՞ս է փորձաքարերի մասին իմանալը օգնում մեզ հասկանալ Աստվածաշունչը։
Փոխաբերական փորձաքարեր Աստվածաշնչում
Քանի որ առևտրականների շրջանում փորձաքարերի միջոցով ոսկին ստուգելը դարձավ սովորական բան, «փորձաքար» բառը ստացավ «ստուգման մեթոդ» նշանակությունը։ Հունարեն լեզվում, որով գրվել է Աստվածաշնչի մի մասը, այս բառը կիրառվում էր նաև չարչարանք իմաստով, որ կրում էին մարդիկ, երբ նրանց տանջում էին։
Քանի որ բանտապահները չարչարում էին բանտարկյալներին, «փորձաքար» բառից առաջացած մի բառ կիրառվում էր նաև բանտապահների առնչությամբ։ Օրինակ՝ Աստվածաշնչում արձանագրված է Հիսուսի օրինակներից մեկը, որում նշվում է, որ անշնորհակալ ծառան հանձնվում է «բանտապահներին» կամ ըստ որոշ թարգմանությունների՝ «չարչարողներին» (Մատթեոս 18։34, American Standard Version, Darby, King James Version)։ Այս համարի վերաբերյալ մի հանրագիտարանում գրված է. «Հավանաբար բանտարկությունն ինքնին «չարչարանք» էր (ինչը անկասկած այդպես էլ կար), հետևաբար «չարչարող» ասելիս հասկանում էին բանտապահ» (International Standard Bible Encyclopaedia)։ Սա օգնում է մեզ հասկանալ մի հետաքրքրաշարժ աստվածաշնչյան համար։
Գաղտնիքը բացահայտվում է
Աստվածաշնչի անկեղծ ընթերցողները երկար ժամանակ մտածել են այն մասին, թե ինչ կպատահի Սատանային ապագայում։ Աստվածաշնչում գրված է. «Բանսարկուն.... գցվեց կրակի ու ծծմբի լիճը, ուր արդեն գտնվում էին վայրի գազանն ու սուտ մարգարեն. և նրանք կտանջվեն օր ու գիշեր, հավիտյանս հավիտենից» (Հայտնություն 20։10)։ Ինչ խոսք, այն, որ Եհովան հավիտենական չարչարանքների կենթարկի ինչ–որ մեկի, հակասում է նրա սիրուն և արդարությանը (Երեմիա 7։31)։ Բացի այդ, Աստվածաշունչը հավիտենական կյանքը ներկայացնում է որպես պարգև և ոչ թե պատիժ (Հռոմեացիներ 6։23)։ Ուստի պարզ է դառնում, որ Հայտնություն 20։10 համարը խորհրդանշական իմաստ ունի, որտեղ վայրի գազանը և կրակի լիճը փոխաբերական իմաստով են գործածված (Հայտնություն 13։2; 20։14)։ Արդյո՞ք չարչարանքը նույնպես փոխաբերական իմաստով պետք է հասկանալ։ Ի՞նչ կարող է այս արտահայտությունը նշանակել։
Ինչպես տեսանք, հունարենում «չարչարանք» բառը ծագել է «փորձաքար» բառից և կարող է վերաբերել բանտարկության մեջ գտնվողների չարչարանքներին։ Նմանապես, Սատանայի հավիտենական չարչարանքները կարող են նշանակել, որ նա հավիտյան փակված է մնալու ամենաապահով բանտում՝ մահվան մեջ։
Լիդիայի փորձաքարի գործածությունը օգնում է մեզ հասկանալ ևս մի բան Սատանայի հավիտենական «չարչարանքի» մասին, ինչը չի հակասում Աստծու սիրուն։ Որոշ լեզուներում «փորձաքարը» ստուգման չափանիշ է։ Օրինակ՝ հայերենում «փորձաքար» բառը նշանակում է «միջոց, որով հնարավոր է ստուգել որևէ բանի որակը»։ Ուստի Սատանայի հավիտենական «չարչարանքը» նշանակում է, որ նրա կրած դատաստանը կծառայի որպես հավիտենական փորձաքար, եթե որևէ մեկը երբևէ ըմբոստություն բարձրացնի Եհովայի դեմ։ Այլևս երբեք կարիք չի լինի երկար ժամանակ սպասել՝ ապացուցելու համար, որ Եհովայի իշխելու ձևը ճիշտ է։
Երբ հասկանում ենք, թե ինչու առևտրականները ամենուր սկսեցին կիրառել Լիդիայի փորձաքարի մեթոդը, և թե որտեղից են առաջ եկել այս փոխաբերական արտահայտությունները, մեզ համար պարզ է դառնում, թե ինչ է պատահելու Սատանային ապագայում։ Նրա հետ պատահածը դատաստանի հավիտենական «փորձաքար» կլինի, և այլևս անհրաժեշտություն չի լինի, որ Աստված հանդուրժի ըմբոստությունը (Հռոմեացիներ 8։20)։
[մեջբերում 23–րդ էջի վրա]
Սատանայի փոխաբերական չարչարանքները ցույց են տալիս, որ նրա կրած դատաստանը հավիտյան կծառայի որպես փորձաքար
[Քարտեզ 21–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Սև ծով
ԼԻԴԻԱ
ՍԱՐԴԵՍ
Միջերկրական ծով
[նկար 21–րդ էջի վրա]
Հին Սարդեսի ավերակները
[նկար 22–րդ էջի վրա]
Հնում կշեռքները օգտագործվում էին փող կշռելու համար
[թույլտվությամբ
E. Strouhal/Werner Forman/Art Resource, NY
[նկար 22–րդ, 23–րդ էջերի վրա]
Փորձաքարի կիրառությունը հասել է մինչև մեր օրերը
[թույլտվությամբ]
Coins: Courtesy Classical Numismatic Group, Inc.; touchstone: Science Museum/Science & Society Picture Library
[նկար 21–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Electrum coin։ Courtesy Classical Numismatic Group, Inc.