Մեր ընթերցողները հարցնում են
Որտե՞ղ տեղի կունենա Արմագեդոն պատերազմը
Արմագեդոն պատերազմը տեղի չի ունենալու ինչ–որ կոնկրետ մարտադաշտում։ Իրականում ամբողջ երկիրն է մարտադաշտ լինելու։ Ինչո՞ւ։ Հակառակվող կողմերն այնքան մեծ են, որ չեն կարող մարտնչել կոնկրետ մի վայրում։
Արմագեդոնը, կամ՝ Հար–Մագեդոնը, հայտնի է նաև որպես «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմ»։ Եհովա Աստված իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով հավաքելու է իր հրեշտակային բանակը, որպեսզի պատերազմի երկրի բոլոր ամբարիշտ ղեկավարների դեմ (Հայտնություն 16։14; 19։11–16)։
Բոլոր ազգերը, Սատանայի ուժերի կողմից ինչ–որ կերպ հրապուրվելով, միանալու են պատերազմին։ Աստվածաշնչում նշվում է «դևերի կողմից ներշնչված խոսքերի» մասին, որոնք կարծես գնում են «ողջ բնակեցված երկրի թագավորների [կառավարիչների] մոտ, որպեսզի հավաքեն նրանց.... այն վայրում, որը եբրայերեն Արմագեդոն է կոչվում» (Հայտնություն 16։14–16)։
Բացի «Հայտնություն» գրքից՝ Աստվածաշնչի ուրիշ ոչ մի գիրք այդքան մեծ հետաքրքրություն չի առաջացրել բազմաթիվ ընթերցողների մեջ։ Շատ ընթերցողներ, որոնք բառացի են հասկանում «Հայտնություն» գիրքը, կոնկրետ ասում են, թե որտեղ է սկսվելու պատերազմը, և անհանգստացած հետևում են այդ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այն գաղափարը, թե Արմագեդոնը պետք է ինչ–որ վայրում տեղի ունենա, կարելի է հանդիպել «Հայտնություն» գրքի վերաբերյալ մինչև օրս գոյություն ունեցող հունարեն մի աշխատության մեջ, որը գրվել է մ.թ. 6–րդ դարում Օկումենիուսի կողմից։
Համամիտ լինելով ֆունդամենտալիստական հոգևորականության մեջ տարածված այս տեսակետին՝ Դալլասի աստվածաբանական սեմինարիայի նախկին նախագահ Ջոն Վալվուրդը նշում է, որ Արմագեդոնը «հուսահատված աշխարհի վերջնական կործանարար պատերազմն է, որը տեղի կունենա Մերձավոր Արևելքում»։ Վալվուրդը ապագայում տեղի ունենալիք այս ընդհարման կենտրոնը համարում է Մեգիդո լեռը։ Դա մի փոքր լեռ է, որը գտնվում է Պաղեստինի հյուսիսում՝ մի ընդարձակ հովտի ծայրին։
Սակայն «Հայտնություն» գրքի նպատակը Արմագեդոնի կոնկրետ վայրը մատնանշելը չէ։ Գրքի առաջին խոսքերը ցույց են տալիս, որ այս գիրքը ներկայացվել է «նշաններով» (Հայտնություն 1։1)։ Եհովայի վկաները իրենց կողմից հրատարակված՝ «Գրությունների ուսումնասիրություն» վերնագրով աշխատության մեջ (հատոր 4, անգլ.) դեռ վաղուց նշել են. «Մենք չենք ակնկալում, որ մարդիկ պետք է հավաքվեն Մեգիդո լեռան մոտ»։
Մեգիդո լեռան մոտ տեղի ունեցած դեպքերը ներկայացնում են մի իրավիճակ, որից Աստծու թշնամիները չեն կարող խուսափել։ Ուստի Արմագեդոնի ժամանակ Աստված հստակ ցույց կտա, որ ապականությունն ու չարությունը կվերանան՝ անկախ այն բանից, թե երկրագնդի որ մասում գոյություն ունեն (Հայտնություն 21։8)։
Նրանք, ովքեր սիրում են Եհովա Աստծուն և նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, չպետք է վախենան Արմագեդոնից։ Աստված պատերազմելու է միայն նրանց դեմ, որոնց նա անուղղելի չարագործներ է համարում։ Այդ պատերազմի ընթացքում նա ընտրողաբար է գործելու։ Աստվածաշնչում ասվում է. «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի» (2 Պետրոս 2։9)։ Իսկ Սաղմոս 37։34–ում կարդում ենք սիրտ ջերմացնող մի խոստման մասին. «Սպասիր Տիրոջը եւ պահիր նորա ճանապարհը, եւ նա կ’բարձրանցնէ քեզ՝ որ երկիրը ժառանգես. եւ կը տեսնես ամբարիշտները սատակելիս»։