Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Թեսաղոնիկեցիներ» և «Տիմոթեոս» նամակներից
ԹԵՍԱՂՈՆԻԿԵԻ քրիստոնյաները անընդհատ ենթարկվում են հալածանքների այն ժամանակից ի վեր, երբ Պողոս առաքյալը այցելել էր այդ քաղաք, և այնտեղ կազմավորվել էր քրիստոնեական ժողով։ Ուստի, երբ Տիմոթեոսը, որը հավանաբար 20–նն անց է, Թեսաղոնիկեից վերադառնում է լավ լուրով, Պողոսը գրում է մի նամակ, որով գովում և հորդորում է նրանց։ Առաքյալը այն հավանաբար գրել է մ.թ. 50–ի վերջում, և սա թերևս նրա կողմից գրված ներշնչյալ նամակներից առաջինն է։ Դրանից կարճ ժամանակ անց նա թեսաղոնիկեցիներին գրում է երկրորդ նամակը։ Այս անգամ Պողոսը ուղղում է ոմանց սխալ տեսակետը և եղբայրներին խրախուսում է հավատի մեջ ամուր մնալ։
Մոտ տասը տարի անց Պողոսը Մակեդոնիայում է, իսկ Տիմոթեոսը՝ Եփեսոսում։ Առաքյալը նամակ է գրում նրան՝ հորդորելով մնալ Եփեսոսում և հոգևոր պատերազմ մղել ժողովում եղող կեղծ ուսուցիչների դեմ։ Մ.թ. 64–ին Հռոմում ավերիչ հրդեհ է բռնկվում, և հալածանքի ալիք է բարձրանում քրիստոնյաների դեմ։ Այդ ժամանակ Պողոսը Տիմոթեոսին գրում է երկրորդ նամակը։ Դա նրա վերջին ներշնչյալ նամակն է։ Այն քաջալերական մտքերն ու խորհուրդները, որ Պողոսը գրել է այդ չորս նամակներում, կարող են օգտակար լինել նաև մեզ համար (Եբր. 4։12)։
«ԱՐԹՈՒՆ ՄՆԱՆՔ»
Պողոսը գովում է թեսաղոնիկեցիներին նրանց «հավատի գործի, սիրառատ աշխատանքի և տոկունության» համար։ Նա ասում է, որ նրանք իր «հույսը, ուրախությունը և ցնծության պսակն են» (1 Թեսաղ. 1։3; 2։19)։
Այն բանից հետո, երբ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին հորդորում է մխիթարել միմյանց հարության հույսով, առաքյալն ասում է. «Եհովայի օրը կգա ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով»։ Նա խորհուրդ է տալիս «արթուն մնալ» և զգոնություն պահպանել (1 Թեսաղ. 4։16–18; 5։2, 6)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
4։15–17 — Ովքե՞ր են «հափշտակվում ամպերի մեջ՝ օդում Տիրոջը հանդիպելու համար», և ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Այդ անհատները օծյալ քրիստոնյաներն են, որոնք ապրում են Քրիստոսի ներկայության ժամանակ, երբ նա արդեն ստացել է Թագավորի իշխանություն։ Նրանք «Տիրոջը [Հիսուսին] հանդիպում են» անտեսանելի երկնային ոլորտում։ Բայց օծյալ քրիստոնյաները նախ պետք է մահանան և հարություն առնեն որպես ոգեղեն էակներ (Հռոմ. 6։3–5; 1 Կորնթ. 15։35, 44)։ Քրիստոսի ներկայությունը արդեն սկսվել է, ուստի այն օծյալները, ովքեր մահանում են մեր օրերում, մահացած վիճակում չեն մնում։ Նրանք «հափշտակվում» են, կամ՝ ակնթարթորեն հարություն են առնում (1 Կորնթ. 15։51, 52)։
5։23 — Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ աղոթեց, որ եղբայրների «ոգին, հոգին և մարմինը.... պահվեն»։ Պողոսը նկատի ուներ շատ անդամներից բաղկացած քրիստոնեական ժողովի ոգին, հոգին և մարմինը։ Այդ ժողովի մեջ մտնում էին թեսաղոնիկեցի օծյալ քրիստոնյաները։ Պողոսը ոչ թե աղոթեց պարզապես ժողովի, այլ ժողովի «ոգու», այսինքն՝ մտքի տրամադրվածության պահպանման համար։ Առաքյալը նաև աղոթեց ժողովի «հոգու»՝ կյանքի, կամ՝ գոյության, ինչպես նաև «մարմնի», այսինքն՝ օծյալ քրիստոնյաներից բաղկացած ժողովի համար (1 Կորնթ. 12։12, 13)։ Այս աղոթքը ցույց է տալիս, որ Պողոսը խորապես հետաքրքրված էր ժողովի բարօրությամբ։
Դասեր մեզ համար
1։3, 7; 2։13; 4։1–12; 5։15. Որպեսզի անհատը հակված լինի ընդունելու խորհուրդը և բարելավումներ անի, հարկավոր է նրան նաև գովասանքի տեղին խոսքեր ասել։
4։1, 9, 10. Եհովայի երկրպագուները պետք է շարունակեն հոգևորապես առաջադիմել։
5։1–3, 8, 20, 21. Քանի որ Եհովայի օրը մոտենում է, մենք պետք է «պահպանենք մեր զգոնությունը և հագնենք հավատի ու սիրո զրահը և իբրև սաղավարտ՝ փրկության հույսը»։ Բացի այդ, պետք է լուրջ ուշադրություն դարձնենք Աստծու մարգարեական Խոսքին՝ Աստվածաշնչին։
«ՀԱՍՏԱ՛Տ ԿԱՆԳՆԵՔ»
Աղավաղելով այն, ինչ Պողոսն ասել էր իր առաջին նամակում՝ ժողովի որոշ անդամներ ակներևաբար պնդում են, որ «Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը» մոտ է։ Նրանց տեսակետն ուղղելու համար առաքյալը բացատրում է, թե նախ ինչը պիտի գա (2 Թեսաղ. 2։1–3)։
Պողոսը քաջալերում է. «Հաստա՛տ կանգնեք և բռնա՛ծ պահեք այն ավանդությունները, որոնք սովորեցիք»։ Նա կարգադրում է «հեռու մնալ ցանկացած եղբորից, որը վարվում է անկարգությամբ» (2 Թեսաղ. 2։15; 3։6)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։3, 8 — Ո՞վ է «անօրենության մարդը», և ինչպե՞ս նա կվերացվի։ Այս այլաբանական «մարդը» քրիստոնեական աշխարհի հոգևորականությունն է։ «Խոսքը», այսինքն՝ Աստծու գլխավոր Խոսնակը, որը Հիսուս Քրիստոսն է, իրավունք է ստացել ազդարարելու չարերի դեմ Աստծու կայացրած դատավճիռները, ինչպես նաև հրաման արձակելու, որ դրանք իրականացվեն (Հովհ. 1։1)։ Ուստի կարելի է ասել, որ Հիսուսը կվերացնի անօրենության մարդուն «իր բերանի ոգով [զորավոր խոսքերով]»։
2։13, 14 — Ինչպե՞ս են օծյալ քրիստոնյաները «ի սկզբանե փրկության համար ընտրվել»։ Օծյալները՝ որպես դասակարգ, կանխորոշվել են փրկության համար այն ժամանակ, երբ Եհովան նպատակ դրեց, որ կնոջ սերունդը ջախջախի Սատանայի սերնդին (Ծննդ. 3։15)։ Եհովան նաև սահմանեց, թե ինչ պահանջներ նրանք պետք է բավարարեն, ինչ աշխատանք պիտի անեն և ինչ փորձությունների միջով պիտի անցնեն։
Դասեր մեզ համար
1։6–9. Եհովան իր դատաստանը իրականացնում է ընտրողաբար։
3։8–12. Եհովայի օրվա մոտ լինելը չպետք է օգտագործենք որպես արդարացում, որ չաշխատենք ու չհոգանք մեր կարիքները։ Եթե անհատը չի ցանկանում աշխատել, նա դառնում է ծույլ և սկսում է «խառնվել ուրիշների գործերին» (1 Պետ. 4։15)։
«ՊԱՀՊԱՆԻ՛Ր ԱՅՆ, ԻՆՉ ՎՍՏԱՀՎԱԾ է ՔԵԶ»
Պողոսը Տիմոթեոսին պատվիրում է «շարունակել բարի պատերազմը մղել՝ պահելով հավատ ու մաքուր խիղճ»։ Առաքյալը նշում է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանեն վերակացուները։ Նաև հորդորում է «մերժել սուտ պատմությունները, որոնք ոտնահարում են սուրբ բաները» (1 Տիմոթ. 1։18, 19; 3։1–10, 12, 13; 4։7)։
«Խստորեն մի՛ քննադատիր մեծահասակ տղամարդուն»,— գրում է Պողոսը։ Նա Տիմոթեոսին կոչ է անում. «Պահպանի՛ր այն, ինչ վստահված է քեզ՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք ոտնահարում են սուրբ բաները, ինչպես նաև այն հակասություններից, որ գոյություն ունեն «գիտություն» կոչվածի մեջ» (1 Տիմոթ. 5։1; 6։20)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։18; 4։14 — Ի՞նչ էին Տիմոթեոսի մասին արված «կանխատեսումները»։ Հնարավոր է՝ դրանք մարգարեություններ էին քրիստոնեական ժողովում Տիմոթեոսի ապագա դերի վերաբերյալ, որոնք Աստծու ներշնչանքով ասվել էին, երբ Պողոսը իր երկրորդ միսիոներական շրջագայության ժամանակ Լյուստրայում էր (Գործ. 16։1, 2)։ Այս «կանխատեսումների» հիման վրա ժողովի երեցները «իրենց ձեռքերը դրեցին» երիտասարդ Տիմոթեոսի վրա՝ նշանակելով նրան հատուկ ծառայության։
2։15 — Ինչպե՞ս է «որդեծնությամբ կինը պաշտպանված»։ Որդեծնությունը, երեխաների խնամքը, տան գործերով զբաղված լինելը կարող է կնոջը «պաշտպանել» այն իմաստով, որ նա չդառնա «անգործ, բամբասող և ուրիշի գործերին խառնվող» (1 Տիմոթ. 5։11–15)։
3։16 — Ի՞նչ է Աստծու հանդեպ նվիրվածության սրբազան գաղտնիքը։ Դարեր ի վեր պարզ չէր, թե արդյոք մարդիկ կարող են կատարելապես հնազանդվել Եհովայի գերիշխանությանը։ Հիսուսը պատասխանեց այս հարցին՝ մինչև մահ կատարյալ անարատություն պահելով։
6։15, 16 — Այս խոսքերը վերաբերում են Եհովա Աստծո՞ւն, թե՞ Հիսուս Քրիստոսին։ Այս համարները վերաբերում են Հիսուս Քրիստոսին և խոսում են նրա հայտնվելու մասին (1 Տիմոթ. 6։14)։ Մարդկանց հետ համեմատած, ովքեր կառավարում են որպես թագավորներ և տերեր՝ Հիսուսը «միակ Տիրակալն» է, և միայն նա է անմահ (Դան. 7։14; Հռոմ. 6։9)։ Այն բանից հետո, երբ նա բարձրացավ անտեսանելի երկինք, երկրի վրա ապրող ոչ մի մարդ «չի կարող» բառացիորեն տեսնել նրան։
Դասեր մեզ համար
4։15. Անկախ նրանից՝ վերջերս ենք ընդունել ճշմարտությունը, թե՝ վաղուց՝ մենք պետք է ձգտենք հոգևորապես առաջադիմելու և Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները ամրապնդելու։
6։2. Եթե մեր գործատերը մեր հավատակիցն է, ապա ոչ թե պետք է ձգտենք նրանից ինչ–որ կերպով օգուտ ստանալ, այլ պետք է նույնիսկ ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատենք, քան կաշխատեինք ոչ հավատակցի մոտ։
«ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶԻ՛Ր, ԱՐԱ՛ ԱՅՆ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ»
Նպատակ ունենալով Տիմոթեոսին պատրաստելու ապագա դժվարություններին՝ Պողոսը գրում է. «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության, սիրո և ողջամտության»։ Նա Տիմոթեոսին խորհուրդ է տալիս. «Տիրոջ ծառան չպետք է կռիվ անի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ» (2 Տիմոթ. 1։7; 2։24)։
«Հարատևի՛ր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր»,— հորդորում է Պողոսը Տիմոթեոսին։ Սկսել են տարածվել հավատուրաց գաղափարներ, հետևաբար առաքյալը երիտասարդ վերակացուին խորհուրդ է տալիս. «Խոսքը քարոզի՛ր, արա՛ այն հրատապության զգացումով.... հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր» (2 Տիմոթ. 3։14; 4։2)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։13 — Ի՞նչ է «առողջ խոսքերի օրինակը»։ «Առողջ խոսքերը» «մեր Տեր Հիսուս Քրիստոսի առողջ խոսքերն» են՝ ճշմարիտ քրիստոնեական ուսմունքները (1 Տիմոթ. 6։3)։ Այն, ինչ Հիսուսը սովորեցնում և անում էր, ներդաշնակ էր Աստծու Խոսքին։ Ուստի լայն իմաստով՝ «առողջ խոսքեր» արտահայտության տակ կարելի է հասկանալ Աստվածաշնչի բոլոր ուսմունքները։ Այս ուսմունքները կարող են օգնել մեզ տեսնելու, թե ինչ է Եհովան պահանջում մեզնից։ Մենք «ամուր բռնում ենք» այս օրինակից՝ մեր կյանքում կիրառելով այն, ինչ սովորում ենք Աստվածաշնչից։
4։13 — Ի՞նչ էին «մագաղաթները»։ Մագաղաթը մշակված կաշին է, որի վրա գրում էին։ Հնարավոր է՝ Պողոսը խնդրում էր բերել Եբրայերեն Գրությունների որոշ մասեր, որպեսզի դրանք ուսումնասիրեր Հռոմում բանտարկված լինելու ժամանակ։ Այդ գրքերից մի քանիսը թերևս պապիրուսից էին, մյուսները՝ մագաղաթից։
Դասեր մեզ համար
1։5; 3։15. Տիմոթեոսը Քրիստոս Հիսուսի հանդեպ ուներ այնպիսի հավատ, որը նրան առաջնորդում էր ամեն բանում։ Նման հավատի հիմնական պատճառը սուրբգրային այն կրթությունն էր, որը նա ստացել էր տանը մանկության տարիներին։ Ինչքա՜ն կարևոր է, ուրեմն, որ ծնողները լրջորեն խորհեն այն հարցի շուրջ, թե որքան լավ են կատարում Աստծու և իրենց երեխաների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունը։
1։16–18. Երբ մեր հավատակիցները փորձությունների մեջ են, հալածվում են կամ բանտարկված են, կարող ենք աղոթել նրանց համար, ինչպես նաև նրանց օգնելու նպատակով անել հնարավոր ամեն բան (Առակ. 3։27; 1 Թեսաղ. 5։25)։
2։22. Քրիստոնյաները, հատկապես երիտասարդները չպետք է այն աստիճան զբաղված լինեն բոդիբիլդինգով, սպորտով, երաժշտությամբ, զվարճություններով, հոբիով (սիրելի զբաղմունքով), ճանապարհորդելով, աննպատակ զրույցներով և նման այլ բաներով, որ քիչ ժամանակ ունենան հոգևոր բաների համար։
[նկար 31–րդ էջի վրա]
Ո՞րն է Պողոս առաքյալի գրած ներշնչյալ նամակներից վերջինը