Վճռական ենք՝ հիմնովին վկայություն տալու
«Նա.... պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք ու հիմնովին վկայություն տանք» (ԳՈՐԾ. 10։42)։
1. Հավաքվածների հետ խոսելիս ի՞նչ պատվերի մասին նշեց Պետրոսը։
ԻՏԱԼԱՑԻ հարյուրապետը իր տուն կանչեց ազգականներին ու ընկերներին։ Այդ օրը մեծ փոփոխություն էր տեղի ունենալու. Աստված ուշադրություն էր դարձնելու ոչ հրեաներին։ Աստվածավախ հարյուրապետի անունը Կոռնելիոս էր։ Պետրոս առաքյալը հավաքվածներին ասաց, որ առաքյալներին պատվեր է տրվել «ժողովրդին քարոզելու և հիմնովին վկայություն տալու» Հիսուսի մասին։ Պետրոսի վկայությունը մեծ արձագանք գտավ։ Անթլփատ ոչ հրեաները ստացան Աստծու ոգին և մկրտվեցին։ Այդպիսով նրանց առջև Հիսուսի հետ երկնքում թագավորելու հեռանկար բացվեց։ Այո՛, Պետրոսը հիմնովին վկայություն տվեց և գերազանց արդյունքների հասավ (Գործ. 10։22, 34–48)։
2. Որտեղի՞ց գիտենք, որ քարոզելու պատվերը միայն 12 առաքյալներին չէր տրվել։
2 Այդ իրադարձությունը տեղի ունեցավ 36 թ.–ին։ Դրանից մոտ երկու տարի առաջ քրիստոնեության մի մոլեռանդ հակառակորդի կյանքում մեծ շրջադարձ էր եղել։ Տարսոնացի Սողոսը գնում էր Դամասկոս, երբ Հիսուսը հայտնվեց նրան ու ասաց. «Քաղա՛քը մտիր, և քեզ կասվի, թե դու ինչ պիտի անես»։ Հիսուսն Անանիա աշակերտին ասաց, որ Սողոսը պետք է վկայություն տա «ազգերին, ինչպես նաև թագավորներին և Իսրայելի որդիներին» (կարդա՛ Գործեր 9։3–6, 13–20)։ Անանիան Սողոսին ասաց. «Մեր նախահայրերի Աստվածը ընտրել է քեզ.... որովհետև բոլոր մարդկանց առաջ դու նրա համար վկա պիտի լինես» (Գործ. 22։12–16)։ Որքա՞ն լուրջ վերաբերվեց իր հանձնարարությանը Սողոսը, որը հետագայում հայտնի դարձավ Պողոս անունով։
Նա հիմնովին վկայություն տվեց
3. ա) Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։ բ) Ինչպե՞ս արձագանքեցին Եփեսոսի երեցները Պողոսի հրավերին, և ի՞նչ օրինակ են նրանք թողել մեզ։
3 Ինչ խոսք, շատ հետաքրքիր կլիներ մանրամասնորեն ուսումնասիրել Պողոսի հետագա գործունեությունը, բայց այժմ կենտրոնանանք մի ելույթի վրա, որը նա ներկայացրեց հավանաբար 56 թ.–ին։ Այդ մասին կարդում ենք Գործեր 20–րդ գլխում։ Ավարտվում էր առաքյալի երրորդ միսիոներական շրջագայությունը։ Պողոսը գտնվում էր էգեյան ծովի նավահանգիստներից մեկում՝ Միլետոսում։ Այստեղից նա մարդ ուղարկեց Եփեսոսի ժողովի երեցների հետևից։ Եփեսոսը գտնվում էր մոտ 50 կիլոմետր հեռու, իսկ ոլորապտույտ ճանապարհները ավելի էին մեծացնում հեռավորությունը։ Կարելի է պատկերացնել, թե որքան էին ուրախացել Եփեսոսի երեցները՝ ստանալով Պողոսի հրավերը (համեմատի՛ր Առակաց 10։28)։ Բայց Միլետոս գնալու համար նրանք իրենց ծրագրերում պետք է փոփոխություններ անեին։ Թերևս նրանցից ոմանք ստիպված էին ժամանակավորապես բացակայել աշխատանքից կամ փակել իրենց խանութները։ Շատ քրիստոնյաներ այսօր նույն կերպով են վարվում, որպեսզի ամենամյա մարզային համաժողովի ծրագրից բաց չթողնեն և ոչ մի մաս։
4. Ի՞նչ արեց Պողոսը այն տարիներին, երբ Եփեսոսում էր։
4 Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր անում Պողոսը այն երեք կամ չորս օրերին Միլետոսում, մինչ սպասում էր երեցներին։ Իսկ դու ի՞նչ կանեիր այդ ընթացքում (համեմատի՛ր Գործեր 17։16, 17)։ Այն խոսքերը, որոնք առաքյալն ասաց Միլետոս եկած երեցներին, որոշ չափով պատասխանում են այս հարցին։ Պողոսը պատմեց իր քարոզչական գործունեության մասին, այդ թվում նաև ավելի վաղ Եփեսոսում կատարած ծառայության մասին (կարդա՛ Գործեր 20։18–21)։ Նա վստահ ասաց. «Դուք լավ գիտեք, թե ինչպես առաջին օրվանից սկսած, երբ ես ոտք դրեցի Ասիա.... հիմնովին վկայություն տվեցի»։ Ակնհայտ է, որ Պողոսը վճռել էր կատարել Հիսուսից ստացած հանձնարարությունը։ Իսկ ինչպե՞ս էր նա կատարել այդ հանձնարարությունը Եփեսոսում։ Օրինակ՝ նա գնում էր այնտեղ, որտեղ շատ հրեաներ կային։ Ղուկասը տեղեկացնում է, որ երբ Պողոսը Եփեսոսում էր (հավանաբար 52–55 թթ.), ժողովարանում «ելույթներ էր ունենում և համոզիչ փաստարկներ էր բերում»։ Տեսնելով, որ հրեաները «իրենք իրենց կարծրացնում են և չեն հավատում»՝ Պողոսը տեղափոխվել էր քաղաքի այլ վայր ու սկսել էր քարոզել ուրիշներին։ Այսպիսով՝ նա այդ մեծ քաղաքում վկայություն էր տվել թե՛ հրեաներին, թե՛ հույներին (Գործ. 19։1, 8, 9)։
5, 6. Որտեղի՞ց գիտենք, որ Պողոսը տնետուն ծառայելիս խոսում էր ոչ քրիստոնյաների հետ։
5 Ոմանք, ովքեր դարձել էին քրիստոնյաներ, հետագայում նշանակվեցին երեցներ։ Պողոսը Միլետոսում հանդիպեց հենց նրանց հետ։ Առաքյալը երեցներին հիշեցրեց, թե ինչպես է ինքը քարոզել. «Ես ինձ ետ չպահեցի բոլոր օգտակար բաների մասին ձեզ պատմելուց և սովորեցնելուց՝ թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն»։ Այսօր ոմանք պնդում են, թե Պողոսն այստեղ խոսում է հավատակիցներին արած հովվական այցերի մասին։ Սակայն դա այդպես չէ։ Հրապարակորեն և տնից տուն սովորեցնելը հիմնականում վերաբերում էր ոչ քրիստոնյաներին ավետարանելուն։ Սա պարզ երևում է նրա հաջորդ խոսքերից։ Պողոսն ասաց, որ ինքը վկայություն է տվել «ինչպես հրեաներին, այնպես էլ հույներին.... Աստծու հանդեպ զղջման և մեր Տեր Հիսուսի հանդեպ հավատի մասին»։ Միանգամայն հստակ է, որ առաքյալը քարոզել էր ոչ քրիստոնյաներին, ովքեր կարիք ունեին զղջալու և հավատ ընծայելու Հիսուսին (Գործ. 20։20, 21)։
6 Մանրակրկիտ հետազոտելով Քրիստոնեական Հունարեն Գրությունները՝ մի աստվածաշնչագետ Գործեր 20։20–ի մասին ասաց. «Պողոսը երեք տարի Եփեսոսում էր։ Նա այցելել էր յուրաքանչյուր տուն, կամ համենայն դեպս քարոզել էր բոլորին (համար 26)։ Այս համարը սուրբգրային հիմք է՝ ավետարանելու տնետուն և հրապարակավ»։ Մենք չգիտենք՝ Պողոսը այցելել էր յուրաքանչյուր տուն, թե՝ ոչ, բայցևայնպես մի բան հաստատ է. առաքյալը չէր ուզում, որ եփեսացի երեցները մոռանան, թե ինչպես է ինքը վկայություն տվել և ինչ արդյունքների է հասել։ Ղուկասը գրում է. «Բոլոր նրանք, ովքեր բնակվում էին Ասիայում, լսեցին Տիրոջ խոսքը՝ ինչպես հրեաները, այնպես էլ հույները» (Գործ. 19։10)։ Բայց ինչպե՞ս կարող էին Ասիա պրովինցիայի բոլոր բնակիչները լսել բարի լուրը, և ի՞նչ է դա մեզ ասում այն մասին, թե ինչպես պիտի վկայություն տանք։
7. Ինչո՞ւ բարի լուրը, որ Պողոսը քարոզեց, հավանաբար ավելի շատ մարդ լսեց, քան նրանք, ովքեր անձամբ նրանից էին լսել։
7 Քանի որ Պողոսը քարոզում էր հասարակական վայրերում և տնից տուն, բարի լուրը շատերը լսեցին։ Քո կարծիքով՝ հավանակա՞ն է, որ բոլոր այդ մարդիկ մնային Եփեսոսում. ոչ ոք ոչ մի տեղ չգնար իր գործերով, չայցելեր հարազատներին կամ չտեղափոխվեր մեկ ուրիշ վայր՝ ապրելու մեծ քաղաքի եռուզեռից հեռու։ Դժվար թե. այսօր էլ են նման բաներ տեղի ունենում։ Բացի այդ, այն ժամանակ մարդիկ տարբեր վայրերից գալիս էին Եփեսոս տնտեսական կամ այլ պատճառներով։ Այստեղ նրանք գուցե հանդիպել են Պողոսին կամ լսել են նրան քարոզելիս։ Ի՞նչ կանեին նրանք՝ տուն վերադառնալով։ Ովքեր ընդունել էին ճշմարտությունը, կքարոզեին, ովքեր՝ ոչ, այնուամենայնիվ, հավանաբար կխոսեին ուրիշների հետ իրենց լսածի մասին։ Այսպիսով՝ այդ մարդկանց հարազատները, հարևանները և հաճախորդները կլսեին ճշմարտությունը, իսկ նրանց մի մասն էլ թերևս ընդուներ այն (համեմատի՛ր Մարկոս 5։14)։ Ի՞նչ է այս ամենն ասում այն մասին, թե ինչ արդյունքների կարող ենք հասնել՝ հիմնովին վկայություն տալով։
8. Հավանաբար ինչպե՞ս եղավ, որ Ասիայի բոլոր բնակիչները լսեցին ճշմարտությունը։
8 Պողոսը գրեց, որ երբ Եփեսոսում էր, «գործունեության առաջնորդող լայն դուռ էր բացվել իր առաջ» (1 Կորնթ. 16։8, 9)։ Ի՞նչ դուռ էր դա, և ինչպե՞ս էր այն բացվել նրա առաջ։ Այն ծառայությունը, որ Պողոսը կատարեց Եփեսոսում, նպաստեց բարի լուրի տարածմանը։ Աստծու խոսքը հասավ, օրինակ, Կողոսա, Լավոդիկիա և Հիերապոլիս քաղաքներ, որոնք գտնվում էին Եփեսոսից այն կողմ՝ մայրցամաքի խորքում։ Թեև Պողոսը երբեք չեղավ այդ քաղաքներում, բայց բարի լուրը քարոզվեց այնտեղ։ Ինչպե՞ս։ Հիշենք, որ Եպաֆրասը, որ դարձել էր քրիստոնյա, այդ կողմերից էր (Կող. 2։1; 4։12, 13)։ Արդյոք Եփեսոսո՞ւմ էր նա լսել Պողոսին։ Աստվածաշունչը այդ մասին չի խոսում։ Ամեն դեպքում, հնարավոր է, նա Պողոսի կողմից ուղարկվել է հայրենի վայրերում ճշմարտությունը տարածելու (Կող. 1։7)։ Այն տարիներին, երբ Պողոսը Եփեսոսում էր, բարի լուրը հավանաբար հասավ նաև Ֆիլադելֆիա, Սարդես և Թյուատիր քաղաքներ։
9. ա) Պողոսը սրտանց ի՞նչ էր ուզում անել։ բ) Ո՞րն է 2009 թ. տարվա խոսքը։
9 Հետևաբար, Եփեսոսի երեցները լիովին հասկացան այն, ինչ ասաց Պողոսը այնուհետև. «Ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անարժան բարության բարի լուրի մասին»։ 2009 թ. տարվա խոսքը, որ մղում է գործերի, վերցված է այս համարից. «Հիմնովին վկայություն տանք բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։
Հիմնովին վկայություն՝ այսօր
10. Որտեղի՞ց գիտենք, որ մենք ևս պետք է հիմնովին վկայություն տանք։
10 «Ժողովրդին քարոզելու և հիմնովին վկայություն տալու» պատվերը միայն առաքյալներին չէր վերաբերում։ Երբ Հիսուսը հարություն առնելուց հետո դիմեց Գալիլեայում հավաքված աշակերտներին, որոնք, հավանաբար, 500 հոգի էին, ասաց. «Գնացե՛ք և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք՝ մկրտելով նրանց Հոր և Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»։ Այսօր այս պատվերը վերաբերում է բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին։ Դա երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև իրերի համակարգի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։
11. Եհովայի վկաները ո՞ր գործով են հայտնի։
11 Եռանդուն քրիստոնյաները շարունակում են հնազանդվել այդ պատվերին՝ ձգտելով «հիմնովին վկայություն տալ բարի լուրի մասին»։ Դա անելու հիմնական մեթոդը տնետուն քարոզչությունն է, ինչի մասին Պողոսը հիշատակեց Եփեսոսի երեցների հետ խոսելիս։ Դեյվիդ Ստյուարտ անունով մի հեղինակ արդյունավետ միսիոներության մասին իր գրքում (2007 թ.) ասում է. «Եհովայի վկաները մեծ շեշտ են դնում գործնական կիրառության վրա և սովորեցնում են իրենց անդամներին, թե ինչպես տարածել իրենց համոզմունքները։ Դա ավելի արդյունավետ մեթոդ է, քան վերացական, [ամբիոններից հնչող հորդորները]։ Շատ Եհովայի վկաներ հաճույքով են իրենց համոզմունքների մասին խոսում մարդկանց հետ»։ Արդյունքո՞ւմ։ Ստյուարտը գրում է. «1999 թ.–ին, երբ ես հետազոտություն կատարեցի արևելաեվրոպական երկու մայրաքաղաքներում, հարցվողների միայն 2–4 տոկոսը նշեց, որ իրենց մոտեցել են Վերջին օրերի սրբերի [եկեղեցու], կամ՝ մորմոնների միսիոներները։ Մինչդեռ ավելի քան 70 տոկոսն ասաց, որ անձամբ իրենց մոտեցել են Եհովայի վկաները, և շատ դեպքերում՝ մի քանի անգամ»։
12. ա) Ինչո՞ւ ենք «մի քանի անգամ» այցելում մեր տարածքում ապրող մարդկանց։ բ) Կարո՞ղ ես պատմել մի դեպք, թե ինչպես է ինչ–որ մեկը փոխել իր վերաբերմունքը բարի լուրի հանդեպ։
12 Հավանաբար, քո բնակության վայրում նույնպես մարդիկ հաճախ են լսում բարի լուրը։ Թերևս դու էլ ես քո լուման ներդնում այդ գործում։ Տնետուն ծառայության ժամանակ դու «անձամբ» խոսում ես տղամարդկանց, կանանց և երիտասարդների հետ։ Հնարավոր է՝ ոմանք դրականորեն չեն արձագանքում, թեև արդեն «մի քանի անգամ» մոտեցել ես նրանց։ Մյուսները գուցե թույլ են տալիս, որ կարդաս մեկ սուրբգրային համար կամ Աստվածաշնչից որևէ միտք հայտնես։ Բայց լինում են դեպքեր, երբ հնարավորություն է ստեղծվում լավ վկայություն տալու, և մարդիկ ընդունում են բարի լուրը։ «Հիմնովին վկայություն տալու» դեպքում արձագանքները, անշուշտ, ամենատարբեր են լինում։ Հավանաբար տեղյակ ես, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Եհովայի վկաները «մի քանի անգամ» մոտեցել են մարդկանց, բայց նրանք չեն արձագանքել, սակայն հետո ընդունել են ճշմարտությունը։ Միգուցե ինչ–որ բան է պատահել նրանց կամ հարազատին, որից հետո նրանց սիրտը և միտքը բացվել են ճշմարտության առաջ։ Հիմա նրանք մեր եղբայրներն ու քույրերն են։ Ուստի մի՛ վհատվիր, եթե վերջերս չես հանդիպել մարդկանց, ովքեր կցանկանային լսել քեզ։ Մենք չենք ակնկալում, որ յուրաքանչյուր մարդ ընդունի ճշմարտությունը։ Բայց Աստված մեզնից ակնկալում է, որ եռանդորեն շարունակենք հիմնովին վկայություն տալ։
Արդյունքներ, որոնց մասին գուցե չիմանանք
13. Ինչպե՞ս կարող են լինել այնպիսի արդյունքներ, որոնց մասին գուցե չիմանանք։
13 Իրականում Պողոսն իր ծառայությամբ ավելի շատ մարդկանց օգնեց դառնալու քրիստոնյաներ, քան միայն նրանց, ում հետ անձամբ էր խոսել։ Այսօր մենք էլ, երբ քարոզում ենք, իրականում ավելի շատ մարդկանց ենք օգնում։ Մենք, անշուշտ, ցանկանում ենք կանոնավորաբար մասնակցել տնետուն ծառայությանը և, որքան հնարավոր է, շատերի հետ խոսել։ Բարի լուրը հայտնում ենք հարևաններին, աշխատակիցներին, դասընկերներին և բարեկամներին։ Իսկ գիտե՞նք, թե յուրաքանչյուր դեպքում ինչ արդյունքների ենք հասնում։ Ոմանք իսկույն ընդունում են ճշմարտությունը։ Մյուսների սրտում սերմը «քնած» է մնում մի որոշ ժամանակ, բայց հետո ծլարձակում է ու մեծանում։ Ոմանք էլ չեն ընդունում բարի լուրը, բայց ուրիշների հետ քննարկում են, թե ինչ ենք մենք ասում, ինչին ենք հավատում և ինչպես ենք վարվում զանազան իրավիճակներում։ Այո՛, հնարավոր է՝ նրանք ակամայից նպաստեն, որ այդ սերմերը լավ հող գտնեն մեկ ուրիշ սրտում։
14, 15. Եղբոր տված վկայությունը ի՞նչ պտուղներ բերեց։
14 Ահա մեկ օրինակ։ Ռայանը և նրա կինը՝ Մանդին, ապրում են Ֆլորիդայում (ԱՄՆ)։ Աշխատավայրում Ռայանը ոչ պաշտոնական վկայություն տվեց գործընկերոջը։ Այդ մարդը, որ մեծացել էր հնդուականի ընտանիքում, անչափ տպավորվել էր Ռայանի հագուկապից և խոսելաձևից։ Զրույցների ժամանակ Ռայանը պատմել էր նաև հարության և մահացածների վիճակի մասին։ Հունվար ամսին մի երեկո այդ մարդը իր կնոջը՝ Ջոդիին, հարցրեց, թե ինչ գիտի Եհովայի վկաների մասին։ Կինը կաթոլիկ էր և ասաց, որ միակ բանը, որ գիտի, այն է, որ նրանք «քարոզում են տնետուն»։ Ջոդին Ինտերնետում «Եհովայի վկաներ» անունով փնտրտուքներ արեց, և գտավ մեր կայքը (www.watchtower.org)։ Ամիսներ շարունակ նա ընթերցում էր կայքում զետեղված նյութերը՝ այդ թվում նաև Աստվածաշունչ և իրեն հետաքրքրող հոդվածները։
15 Ջոդին և Մանդին դայակներ էին և որոշ ժամանակ անց հանդիպեցին միմյանց։ Մանդին հաճույքով պատասխանեց Ջոդիի հարցերին։ Մի անգամ նրանք երկար զրուցեցին, ինչպես Ջոդին ասաց՝ «Ադամից մինչև Արմագեդոն»։ Նա ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և շուտով սկսեց հաճախել Թագավորության սրահ։ Հոկտեմբերին դարձավ չմկրտված քարոզիչ, իսկ փետրվարին մկրտվեց։ Նա գրում է. «Այժմ, երբ գիտեմ ճշմարտությունը, շատ ուրախ եմ և իմ կյանքից գոհ եմ»։
16. Ի՞նչ է մեզ ասում Ֆլորիդայում ապրող եղբոր դեպքը հիմնովին վկայություն տալու կարևորության մասին։
16 Ռայանը գաղափար անգամ չուներ, որ այդ մարդու հետ զրուցելու արդյունքում մեկ ուրիշը կգա դեպի ճշմարտություն։ Իհարկե, տվյալ դեպքում նա իմացավ, թե «հիմնովին վկայությունը» ինչ պտուղ բերեց։ Սակայն հնարավոր է՝ դու չիմանաս, թե իրականում ինչ արդյունքների ես հասնում, երբ վկայություն ես տալիս տնետուն, աշխատավայրում, դպրոցում կամ ոչ պաշտոնական իրավիճակում։ Ինչպես որ Պողոսը լիովին տեղյակ չէր, թե իր ծառայությունն իրականում որքան շատ պտուղ է բերել Ասիայում, այնպես էլ գուցե դու լիովին տեղյակ չլինես, թե ինչ դրական արդյունքների ես հասնում՝ հիմնովին վկայություն տալով (կարդա՛ Գործեր 23։11; 28։23)։ Որքա՜ն կարևոր է ամեն ժամանակ հիմնովին վկայություն տալ։
17. Ի՞նչ ես վճռել անել 2009 թ.–ին։
17 Թող որ 2009 թ.–ին բոլորս ամեն ինչ անենք, որ վկայություն տանք ինչպես տնից տուն քարոզելով, այնպես էլ այլ ձևերով։ Եթե այդպես անենք, կկարողանանք Պողոսի պես ասել. «Ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անարժան բարության բարի լուրի մասին»։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Պետրոս և Պողոս առաքյալները և մյուսները ինչպե՞ս հիմնավոր վկայություն տվեցին։
• Ինչպե՞ս կարող է հիմնովին վկայությունը բերել այնպիսի արդյունքներ, որոնց մասին գուցե չիմանանք։
• Ո՞րն է 2009 թ. տարվա խոսքը, և ինչո՞ւ ես կարծում, որ դա ժամանակահարմար է։
[մեջբերում 19–րդ էջի վրա]
2009 թ. տարվա խոսքն է՝ «Հիմնովին վկայություն տանք բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։
[նկար 17–րդ էջի վրա]
Եփեսոսի երեցները գիտեին, որ Պողոսը տնետուն քարոզելու սովորություն ունի
[նկար 18–րդ էջի վրա]
Ի՞նչ արդյունքների կհասնես, եթե հիմնովին վկայություն տաս