«Ոգով բոցավառվեք»
«Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք։ Ոգով բոցավառվե՛ք։ Եհովայի՛ն ծառայեք» (ՀՌՈՄ. 12։11)։
1. Ինչո՞ւ էին իսրայելացիները զոհեր մատուցում։
ԵՀՈՎԱՅԻ ծառաները հաճույքով են զոհողություններ անում։ Այդպես վարվելով՝ նրանք ցույց են տալիս, որ սիրում են իրենց Աստծուն և հնազանդվում են նրա կամքին։ Եհովան դա բարձր է գնահատում։ Հնում իսրայելացիները, Մովսիսական օրենքի համաձայն, Աստծուն ընդունելի տարբեր զոհեր էին մատուցում։ Նրանք այդպիսով հայտնում էին իրենց երախտագիտությունը, ինչպես նաև ներողություն էին հայցում իրենց մեղքերի համար։ Այսօր, ճշմարիտ քրիստոնյաներից նման զոհեր չեն պահանջվում։ Այնուամենայնիվ, որոշակի զոհեր Աստված մեզնից դեռ ակնկալում է։ Դա երևում է Հռոմեացիներ 12–րդ գլխից։
Կենդանի զոհ
2. Ինչպիսի՞ կյանք պետք է վարեն քրիստոնյաները, և ի՞նչ է դրա համար հարկավոր։
2 Կարդա՛ Հռոմեացիներ 12։1, 2։ Մինչ այս խոսքերը գրելը Պողոս առաքյալը հստակ ցույց տվեց, որ օծյալ քրիստոնյաները՝ լինեն հրեա, թե ոչ, Աստծու առաջ արդար են հայտարարվում հավատի, և ոչ թե գործերի շնորհիվ (Հռոմ. 1։16; 3։20–24)։ Իսկ 12–րդ գլխում նա բացատրեց, որ քրիստոնյաներն իրենց երախտագիտությունը պետք է ցույց տան՝ ապրելով անձնազոհ կյանքով։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Ժառանգած անկատարության պատճառով մենք «մեղքի ու մահվան օրենքի» տակ ենք (Հռոմ. 8։2)։ Ուստի պետք է վերափոխվենք՝ «նորոգվենք մեր միտքը խթանող ուժով»՝ արմատապես փոխելով սխալ հակումները (Եփես. 4։23)։ Դա հնարավոր է անել միմիայն Եհովայի և նրա սուրբ ոգու օգնությամբ։ Սակայն մենք նույնպես պետք է մեծ ջանքեր թափենք։ Դրա համար հարկավոր է գործի դնել մեր «բանականությունը» և ամեն ջանք թափել, որ չքայլենք «այս աշխարհի իրերի համակարգի համաձայն», որում տիրում է այլասերվածությունը, վնասակար զվարճություններն ու ապականված մտածելակերպը (Եփես. 2։1–3)։
3. Ինչո՞ւ ենք զբաղվում հոգևոր գործերով։
3 Պողոսը հորդորում է գործի դնել բանականությունը՝ հավաստիանալու համար, «թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը»։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Օրինակ՝ մտածելով հետևյալ հարցերի շուրջ. «Ինչո՞ւ եմ ամեն օր ընթերցում Աստվածաշունչը, խորհում ընթերցածի շուրջ, աղոթում, հաճախում քրիստոնեական հանդիպումներին, մասնակցում Թագավորության քարոզչության գործին»։ Այն պատճառով, որ երեցնե՞րն են հորդորում դա անել։ Ինչ խոսք, մենք շնորհակալ ենք երեցներին իրենց օգտակար հիշեցումների համար։ Բայց հոգևոր գործերով զբաղվելու գլխավոր պատճառն այն է, որ առաջնորդվում ենք Աստծու սուրբ ոգով և ուզում ենք մեր սերը ցույց տալ Եհովայի հանդեպ։ Բացի այդ, համոզվել ենք, որ դա Աստծու կամքն է (Զաք. 4։6; Եփես. 5։10)։ Մենք մեծ ուրախություն և բավականություն ենք ստանում այն բանի գիտակցումից, որ ապրելով ճշմարտության համաձայն՝ հաճեցնում ենք Աստծուն։
Զանազան պարգևներ
4, 5. Ինչպե՞ս պետք է երեցներն օգտագործեն իրենց պարգևները։
4 Կարդա՛ Հռոմեացիներ 12։6–8, 11։ Պողոս առաքյալը գրում է, որ «մեզ տրված անարժան բարության համեմատ»՝ մենք ունենք «զանազան պարգևներ»։ Դրանցից մի քանիսը, օրինակ՝ հորդորելու և առաջնորդելու պարգևները, հատկապես պետք է դրսևորեն երեցները, որոնք պետք է կատարեն իրենց պարտականությունները «ամենայն ջանասիրությամբ»։
5 Այդ ջանասիրությունը պետք է երևա նաև այն բանից, թե ինչպես են նրանք սովորեցնում և կատարում իրենց «ծառայությունը»։ Համատեքստից երևում է, որ Պողոսը նկատի ուներ այն «ծառայությունը», որը կատարվում էր ժողովի ներսում, կամ՝ «մարմնում» (Հռոմ. 12։4, 5)։ Գործեր 6։4–ում խոսվում է հենց այդպիսի ծառայության մասին, որի վերաբերյալ առաքյալներն ասացին. «Մենք մեր անձերը [պետք է] նվիրենք աղոթքին և խոսքի ծառայությանը»։ Երեցներն օգտագործում են իրենց պարգևները՝ ժողովի անդամներին կերտելու համար։ Նրանք «այդ ծառայությունը կատարում» են, երբ ուսուցանում են, հովվում են Աստծու հոտը և Գրությունների միջոցով առաջնորդություն են տալիս ժողովին։ Վերակացուները կարողանում են դա անել, երբ աղոթքով քննում են Աստվածաշունչը և ջանասիրաբար փնտրտուքներ կատարում։ Նրանք իրենց պարգևները պետք է բարեխղճորեն օգտագործեն և «ուրախությամբ» հոգ տանեն հոտին (Հռոմ. 12։ 7, 8;1 Պետ. 5։1–3)։
6. Ինչպե՞ս կարող ենք հետևել այս հոդվածի բնաբանի՝ Հռոմեացիներ 12։11–ի խորհրդին։
6 Պողոսը շարունակում է. «Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք։ Ոգով բոցավառվե՛ք։ Եհովայի՛ն ծառայեք»։ Եթե զգում ենք, որ ծառայության մեջ մեր եռանդը մարում է, ուրեմն թերևս կարիք կա ստուգելու, թե Աստվածաշնչի ուսումնասիրության ինչ սովորություններ ունենք, և ավելի հաճախ ու սրտանց աղոթելու Եհովային՝ նրա սուրբ ոգին ստանալու համար։ Այն կարող է օգնել մեզ դուրս գալու «գոլ» վիճակից և վերականգնելու մեր եռանդը (Ղուկ. 11։9, 13; Հայտն. 2։4; 3։14, 15, 19)։ Սուրբ ոգին վաղ քրիստոնյաներին մղեց «Աստծու մեծամեծ բաների մասին խոսելու» (Գործ. 2։4, 11)։ Այն կարող է նաև մեզ մղել «ոգով բոցավառվելու»՝ եռանդորեն կատարելու մեր ծառայությունը։
Լինենք խոնարհ ու համեստ
7. Ինչո՞ւ պետք է ծառայենք խոնարհությամբ և համեստությամբ։
7 Կարդա՛ Հռոմեացիներ 12։3, 16։ Այն պարգևները, որ մենք ունենք, Եհովայի անարժան բարության շնորհիվ է։ Մեկ այլ նամակում Պողոսը նշում է. «Մեր բավականաչափ որակյալ լինելը Աստծուց է գալիս» (2 Կորնթ. 3։5)։ Ուստի մեր հաջողություններով պարծենալու փոխարեն՝ եկեք խոնարհաբար ընդունենք, որ ծառայության մեջ հաջողությունների ենք հասնում ոչ թե մեր ունակությունների շնորհիվ, այլ Եհովայի օրհնությամբ (1 Կորնթ. 3։6, 7)։ Պողոսը գրում է. «Ասում եմ ձեր մեջ գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել»։ Ինչ խոսք, կարևոր է ինքնահարգանք ունենալ և ուրախություն ու բավականություն ստանալ Եհովային ծառայելուց։ Այդուհանդերձ, լինելով համեստ, այսինքն՝ գիտակցելով սեփական հնարավորությունների սահմանափակ լինելը՝ մենք կխուսափենք ինքնավստահությունից։ Մեզնից յուրաքանչյուրը կցանկանա «այնպես մտածել, որ ողջամտություն ունենա»։
8. Ի՞նչ կարող ենք անել, որ խելացի չերևանք մեր աչքերում։
8 Անմտություն կլինի, եթե պարծենանք մեր հաջողություններով, քանի որ «Աստված է, որ աճեցնում է» (1 Կորնթ. 3։7)։ Պողոսն ասում է, որ յուրաքանչյուրն ունի «հավատի այն չափը», որ Աստված տվել է նրան։ Մեզ ուրիշներից վեր դասելու փոխարեն՝ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրն իր ծառայությունը կատարում է հավատի այն չափով, որ ինքն ունի։ Պողոսը շարունակում է. «Ուրիշների հանդեպ նույնպիսի մտայնություն ունեցեք, ինչպիսին որ ունեք ձեր հանդեպ»։ Իսկ մեկ այլ նամակում առաքյալը նշում է. «Ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից կամ սնապարծությունից դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք» (Փիլիպ. 2։3)։ Իսկական խոնարհություն և հասկացողություն է անհրաժեշտ ընդունելու համար, որ մեր եղբայրներն ու քույրերը այս կամ այն հարցում ավելի բարձր են մեզանից։ Խոնարհությունը կօգնի, որ չլինենք «խելացի մեր աչքերում»։ Իհարկե, եթե առանձնաշնորհում ենք ստանում ժողովում, ապա գուցե հայտնվենք մյուսների ուշադրության կենտրոնում։ Բայցևայնպես, բոլորս մեծ ուրախություն կստանանք, եթե «առաջնորդվենք համեստ բաներով»՝ անենք այնպիսի հանձնարարություններ, որոնք հիմնականում չեն նկատվում մյուսների կողմից (1 Պետ. 5։5)։
Միաբանված լինենք
9. Ինչո՞ւ է Պողոսը օծյալներին համեմատում մարմնի անդամների հետ։
9 Կարդա՛ Հռոմեացիներ 12։4, 5, 9, 10։ Պողոսը օծյալ քրիստոնյաներին համեմատում է մարդու մարմնի անդամների հետ, որոնք միաբանված ծառայում են իրենց Գլխի՝ Քրիստոսի ղեկավարությամբ (Կող. 1։18)։ Նա օծյալ քրիստոնյաներին հիշեցրեց, որ մարմինն ունի շատ անդամներ՝ իրենց նշանակությամբ, ու «թեպետև [նրանք] շատ են, սակայն մեկ մարմին են՝ Քրիստոսի հետ միաբանված»։ Համանման միտք նա ասաց նաև եփեսացի քրիստոնյաներին։ Առաքյալը հորդորեց. «Եկեք սիրով ամեն բանում աճենք նրանում, որը գլուխն է, այսինքն՝ Քրիստոսում։ Նրանից ամբողջ մարմինը, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով ամեն մի հոդի միջոցով (որը տալիս է հարկ եղածը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության համապատասխան չափի, նպաստում է հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար՝ սիրով» (Եփես. 4։15, 16)։
10. Ո՞ւմ իշխանությունը պետք է ընդունեն «ուրիշ ոչխարները»։
10 Չնայած որ «ուրիշ ոչխարները» Քրիստոսի մարմնի անդամներ չեն, նրանք շատ բան կարող են սովորել այս համեմատությունից (Հովհ. 10։16)։ Պողոսը նշում է, որ Եհովան «ամեն բան հնազանդեցրեց [Քրիստոսի] ոտքերի տակ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն բաների վրա ժողովի օգտի համար» (Եփես. 1։22)։ Եհովան իր Որդուն նշանակել է «ամեն բաների», այդ թվում ուրիշ ոչխարների վրա։ Նրանք նաև մտնում են այն «ունեցվածքի» մեջ, որը Քրիստոսը վստահել է իր հավատարիմ և իմաստուն ծառային (Մատթ. 24։45–47)։ Հետևաբար երկրային կյանքի հույս ունեցողները պետք է ընդունեն Քրիստոսի գլխավորությունը, հնազանդվեն հավատարիմ և իմաստուն ծառային ու նրա Կառավարիչ մարմնին, ինչպես նաև ժողովի վերակացուներին (Եբր. 13։7, 17)։ Այս ամենը նպաստում է քրիստոնեական միասնությանը։
11. Ինչի՞ վրա է հիմնված մեր միասնությունը։ Ուրիշ ի՞նչ խորհուրդ տվեց առաքյալը։
11 Այսպիսի միաբանությունը հիմնված է սիրո՝ «միասնության կատարյալ կապի» վրա (Կող. 3։14)։ «Հռոմեացիներ» նամակի 12–րդ գլխում Պողոսը շեշտում է այս միտքը՝ ասելով, որ մեր սերը պետք է լինի «առանց կեղծավորության», և որ «եղբայրասիրության մեջ» պետք է «գորովանք ունենանք իրար հանդեպ»։ Այդպես վարվելը նպաստում է փոխադարձ հարգանքին։ Դրա հետ կապված՝ առաքյալն ասում է. «Միմյանց պատիվ տալու մեջ առաջինը եղեք»։ Հարկավոր է հիշել, սակայն, որ սերը չի կարելի շփոթել զգացմունքայնության հետ։ Պողոսը ևս մեկ խորհուրդ է տալիս սեր ցուցաբերելու վերաբերյալ. «Զզվեք չարից, բարուն կառչեք»։ Այո՛, մենք պետք է ամեն ջանք թափենք ժողովը մաքուր պահելու համար։
Հետևենք հյուրասիրության
12. Ի՞նչ կարող ենք սովորել Մակեդոնիայի քրիստոնյաներից։
12 Կարդա՛ Հռոմեացիներ 12։13։ Սերը եղբայրների հանդեպ կմղի մեզ մեր կարողության չափով «սրբերի հետ բաժնեկից [լինելու] նրանց կարիքների համեմատ»։ Եթե նույնիսկ համեստ միջոցների տեր ենք, կարող ենք տալ այն, ինչ ունենք։ Պողոսը Մակեդոնիայի քրիստոնյաների մասին գրեց. «Մեծ փորձության ժամանակ նեղությունների ներքո նրանց ուրախության առատությունը և ծայրահեղ աղքատությունը առատացրին նրանց առատաձեռնության հարստությունը։ Որովհետև իրենց կարողության չափով դա արեցին, այո՛, վկայում եմ, որ իրենց կարողությունից էլ ավելին արեցին, քանզի իրենց հոժար կամքով նրանք բազում աղերսանքներով շարունակ աղաչում էին մեզ, որպեսզի նվեր տալու առանձնաշնորհումը ստանային և մասնակից լինեին [Հրեաստանի] սրբերի համար նախատեսված ծառայությանը» (2 Կորնթ. 8։2–4)։ Չնայած իրենց աղքատությանը՝ Մակեդոնիայի քրիստոնյաները շատ առատաձեռն էին։ Նրանք պատիվ էին համարում իրենց ունեցածից բաժին հանել Հրեաստանի կարիքավոր եղբայրներին։
13. Ի՞նչ է նշանակում «հետևել հյուրասիրության»։
13 «Հետևել հյուրասիրության» թարգմանված հունարեն արտահայտությունը նշանակում է «նախաձեռնություն վերցնել»։ Աստվածաշնչի մի թարգմանության մեջ այս հատվածը հնչում է այսպես. «Առիթներ փնտրեք հյուրասիրություն ցույց տալու» (The New Jerusalem Bible)։ Օրինակ՝ կարող ենք ինչ–որ մեկին ճաշի հրավիրել։ Եթե դա անում ենք սիրուց մղված, գովելի է։ Լինելով նախաձեռնող՝ շատ առիթներ կգտնենք հյուրասեր լինելու։ Օրինակ՝ եթե մեր ֆինանսական միջոցները կամ առողջական վիճակը թույլ չեն տալիս ճաշի հրավիրելու, կարող ենք հրավիրել պարզապես սուրճ, թեյ կամ հյութ խմելու։
14. ա) Ի՞նչ բառերից է բաղկացած «հյուրասիրություն» թարգմանված հունարեն բառը։ բ) Ինչպե՞ս կարող ենք հյուրասիրություն ցույց տալ օտարերկրացիների հանդեպ։
14 Հյուրասիրությունը լայն հասկացություն է։ «Հյուրասիրություն» թարգմանված հունարեն բառը բաղկացած է երկու արմատից՝ «սեր» և «օտար»։ Ինչպե՞ս ենք մենք վերաբերվում օտարներին, կամ՝ օտարերկրացիներին։ Շատ քրիստոնյաներ ջանում են օտար լեզու սովորել, որպեսզի բարի լուրը քարոզեն իրենց տարածքում ապրող օտարերկրացիներին։ Անշուշտ, այդպես վարվելով՝ նրանք հյուրասիրության են հետևում։ Ինչ խոսք, մեզանից շատերը հնարավորություն չունեն օտար լեզու սովորելու։ Սակայն բոլորս էլ կարող ենք օգնել օտարերկրացիներին՝ օգտվելով «Բարի լուր բոլոր ազգերի մարդկանց համար» գրքույկից, որը հայտնում է բարի լուրը տարբեր լեզուներով։ Լավ արդյունքների հասե՞լ ես՝ օգտագործելով այդ գրքույկը։
Զգանք այն, ինչ ուրիշներն են զգում
15. Ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։
15 Կարդա՛ Հռոմեացիներ 12։15։ Այս համարից տեսնում ենք, որ պետք է սովորենք հասկանալ ուրիշների զգացմունքները։ Եթե ոգով բոցավառված ենք, ապա կուրախանանք ուրիշների հետ, երբ նրանք ուրախ են, և կկարեկցենք նրանց տխրության պահին։ Այս առումով Հիսուսը լավ օրինակ թողեց։ Երբ նրա 70 աշակերտները ուրախությամբ վերադարձան ծառայությունից և պատմեցին իրենց հաջողությունների մասին, Հիսուսը «սուրբ ոգով ցնծաց» (Ղուկ. 10։17–21)։ Նա ուրախացավ նրանց հետ։ Իսկ երբ Հիսուսի ընկեր Ղազարոսը մահացավ, նա «լաց լինողների հետ լաց եղավ» (Հովհ. 11։32–35)։
16. Ինչպե՞ս կարող ենք հետևել Հռոմեացիներ 12։15–ում գրված խորհրդին, և մասնավորապես ովքե՞ր պետք է այդպես վարվեն։
16 Այո՛, մենք ցանկանում ենք Հիսուսի պես վարվել։ Երբ մեր հավատակիցը ուրախանում է, մենք ցանկանում ենք նրա հետ ուրախանալ։ Իսկ երբ նա ընկճված է, ցավ է զգում, ուզում ենք ցավակից լինել։ Հաճախ մենք կարող ենք թեթևացնել մեր եղբոր կամ քրոջ սիրտը, եթե ժամանակ տրամադրենք լսելու նրան։ Մեր հավատակցին կարեկցելիս հնարավոր է նույնիսկ արտասվենք (1 Պետ. 1։22)։ Մասնավորապես երեցները պետք է հետևեն Հռոմեացիներ 12։15–ում գրված խորհրդին։
17. Ի՞նչ սովորեցինք Հռոմեացիներ 12–րդ գլխից և ի՞նչ կքննարկենք հաջորդ հոդվածում։
17 Հռոմեացիներ 12–րդ գլխից քննարկած համարները վերաբերում են մեր քրիստոնեական կյանքին և հավատակիցների հետ փոխհարաբերություններին։ Հաջորդ հոդվածում կքննարկենք այս գլխի մնացած համարները, որոնցում խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք նրանց, ովքեր մեր հավատակիցները չեն և ովքեր հակառակվում և հետապնդում են մեզ։
Փորձիր վերհիշել
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ «ոգով բոցավառված ենք»։
• Ինչո՞ւ պետք է Աստծուն ծառայենք խոնարհությամբ և համեստությամբ։
• Ինչպե՞ս կարող ենք «ուրախանալ ուրախացողների հետ և լաց լինել լացողների հետ»։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Ինչո՞ւ ենք զբաղվում հոգևոր գործերով
[նկար 6–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ենք օգնել օտարերկրացիներին