Եհովան հարցնում է քեզ...
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ արձանագրված են հարյուրավոր հարցեր, որոնք բացահայտում են մարդու խորունկ զգացմունքներն ու մղումները։ Եհովան ինքն է հարցեր օգտագործում կարևոր ճշմարտություններ սովորեցնելու նպատակով։ Օրինակ՝ նա մի քանի հարցեր տվեց Կայենին, որպեսզի շտկի նրա սխալ ընթացքը (Ծննդ. 4։6, 7)։ Եհովայի տված նույնիսկ մեկ հարցը կարող է մղել անհատին գործերի։ Իսկ մի անգամ, երբ Եհովան հարցրեց՝ «որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար», Եսայիա մարգարեն արձագանքեց՝ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Ես. 6։8)։
Մեծ Ուսուցիչը՝ Հիսուսը, նույնպես արդյունավետորեն էր հարցեր օգտագործում։ Ավետարաններում դրանց թիվը ավելի քան 280 է։ Երբեմն նա հարցեր էր օգտագործում հակառակորդներին լռեցնելու նպատակով, իսկ ավելի հաճախ՝ ունկնդիրների սրտերին հասնելու համար՝ մղելով նրանց խորհրդածելու Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին (Մատթ. 22։41–46; Հովհ. 14։9, 10)։ Հարցեր էր գործածում նաև Պողոս առաքյալը, որը գրել է Հունարեն Գրությունների 14 գրքերը (Հռոմ. 10։13–15)։ Միայն «Հռոմեացիներ» նամակը բազմաթիվ հարցեր է պարունակում։ Այդ հարցերը մղում են ընթերցողներին հասկանալու և գնահատելու «Աստծու հարստության, իմաստության և գիտության խորությունը» (Հռոմ. 11։33)։
Որոշ հարցերի հարկավոր է անմիջապես պատասխանել։ Բայց կան հարցեր, որոնք մղում են մարդուն մտածելու։ Հիսուսը հաճախ հենց այդպիսի հարցեր էր օգտագործում։ Մի անգամ նա պատվիրեց իր աշակերտներին. «Զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից և Հերովդեսի թթխմորից», այսինքն՝ կեղծ ուսմունքներից և կեղծավորությունից (Մարկ. 8։15; Մատթ. 16։12)։ Սակայն առաքյալները չհասկացան այդ խոսքերի իմաստը։ Նրանց թվաց, թե Հիսուսը նկատի ունի այն, որ նրանք մոռացել են հաց վերցնել։ Ուստի սկսեցին վիճել։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Հարցեր տվեց։ Նա ասաց. «Ինչո՞ւ եք վիճաբանում, թե հաց չունեք։ Դուք դեռ չե՞ք ըմբռնում և ասածներիս իմաստը չե՞ք հասկանում։ Մի՞թե ձեր միտքը փակ է հասկանալու համար։ Աչքեր ունեք և չե՞ք տեսնում, ականջներ ունեք և չե՞ք լսում.... և դեռ սրա իմաստը չե՞ք հասկանում»։ Այս հարցերը մղեցին աշակերտներին մտածելու։ Արդյունքում նրանք հասկացան Հիսուսի խոսքերի իմաստը (Մարկ. 8։16–21)։
«Ես քեզ հարցնեմ»
Երբ անհրաժեշտ էր շտկել Հոբի մտածելակերպը, Եհովան հարցեր գործածեց։ Դրանց շնորհիվ Աստծու այդ ծառան հասկացավ, թե որքան աննշան է ինքը իր Արարչի համեմատ (Յոբ, գլ. 38–41)։ Արդյոք Եհովան ակնկալո՞ւմ էր, որ Հոբը կպատասխանի իր տված յուրաքանչյուր հարցին։ Իհարկե ո՛չ։ Օրինակ՝ ասելով՝ «ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս», Եհովան ակներևաբար ցանկանում էր, որ նա մտածի։ Բոլոր հարցերը լսելուց հետո Հոբը ոչինչ չկարողացավ պատասխանել։ Նա միայն ասաց. «Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում» (Յոբ 38։4; 40։4)։ Հոբն ընդունեց Աստծու խրատն ու խոնարհեցրեց իրեն։ Սակայն Եհովայի նպատակը միայն խոնարհության դաս սովորեցնելը չէր։ Նա ցանկանում էր ուղղել իր ծառայի մտածելակերպը։
Չնայած որ Հոբը «կատարեալ եւ ուղիղ մարդ» էր, սակայն որոշ հարցերի վերաբերյալ սխալ տեսակետ ուներ։ Օրինակ՝ նա իրեն «Աստծուց ավելի արդար էր համարում» (Յոբ 1։8; 32։2, ՆԱ; 33։8–12)։ Ուստի Եհովան հարցերի միջոցով օգնեց իր ծառային ճիշտ մտածելակերպ ունենալու։ Փոթորկի միջից խոսելով՝ Աստված ասաց նրան. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խօսքերով։ Մէկ գօտեւորիր մէջքդ տղամարդի պէս, եւ ես քեզ հարցնեմ, ու դու ինձ հասկացրու» (Յոբ 38։1–3)։ Այնուհետև դարձյալ հարցերի միջոցով Աստված ցույց տվեց իր անսահման իմաստությունն ու զորությունը, որոնք երևում են արարչագործության մեջ։ Այս ամենն օգնեց Հոբին ավելի շատ վստահելու Եհովային և համոզվելու, որ Աստված միշտ արդարացիորեն է վարվում։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ զգաց Հոբը։ Նա խոր ակնածանքով լցվեց։ Չէ՞ որ նրան հարցեր տվողը Ամենակարող Աստվածն էր։
Եհովան հարցնում է քեզ
Հարցերը կարող են օգնել նաև մեզ։ «Աստծու խոսքը.... զորեղ է.... և կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները» (Եբր. 4։12)։ Աստվածաշունչը ազդեցիկ է նաև այն բանի շնորհիվ, որ հարցեր է պարունակում։ Ուստի դրանց շուրջ խորհելը օգտակար կլինի մեզ համար։ Սակայն որպեսզի օգուտներ քաղենք, մենք պետք է դրանք ընդունենք որպես անձամբ մեզ ուղղված հարցեր (Հռոմ. 15։4)։ Քննենք այդ հարցերից մի քանիսը։
«Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ» (Ծննդ. 18։25)։ Այս հռետորական հարցը Աբրահամն ուղղեց Եհովային, երբ վերջինս պատրաստվում էր կործանել Սոդոմն ու Գոմորը։ Նա գիտեր՝ Աստված երբեք անարդար չի վարվի՝ մեղավորների հետ մահվան դատապարտելով նաև արդարներին։ Աբրահամի հարցից երևում է նրա խորին համոզվածությունը, որ Եհովան միշտ արդարությամբ է վարվում։
Այսօր ոմանք սիրում են ենթադրություններ անել այն մասին, թե կոնկրետ ովքեր են վերապրելու Արմագեդոնը կամ ով է հարություն առնելու։ Սակայն ճիշտ չի լինի ժամանակ վատնել նման հարցերի վրա։ Փոխարենը՝ կարող ենք հիշել, թե ինչ հարց ուղղեց Աբրահամը։ Եթե Աբրահամի նման լիովին վստահ լինենք, որ մեր երկնային Հայրը արդար է ու ողորմած և ամենալավն է ցանկանում մեզ, ապա անհարկի չենք անհանգստանա և տեղիք չենք տա կասկածներին ու դատարկ վեճերին։
«Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքի տևողությանը մեկ կանգուն ավելացնել» (Մատթ. 6։27)։ Այս հարցը Հիսուսն ուղղեց մի մեծ ամբոխի, որի մեջ էին նաև նրա աշակերտները։ Նա ուզում էր շեշտել, թե որքան կարևոր է ապավինել մեր սիրասուն Հորը։ Հիսուսի տված հարցը շատ կարևոր է նաև մեզ համար։ Այս չար աշխարհի վերջին օրերում բազմաթիվ մտահոգություններ կան։ Սակայն մենք չպետք է չափից շատ անհանգստանանք, որովհետև չենք կարող երկարացնել մեր կյանքը կամ բարելավել այն։
Երբ սկսում ենք մտահոգվել մեր կամ մեր մտերիմների մասին, եկեք հիշենք Հիսուսի տված հարցը։ Այն կօգնի ճիշտ տեսակետ ունենալու մեր խնդիրների վերաբերյալ, այլևս չմտահոգվելու և չտարվելու բացասական մտքերով, որոնք կարող են «քամել» մեր զգացական, մտային և ֆիզիկական ուժերը։ Ինչպես վստահեցրեց Հիսուսը, Եհովան, որը կերակրում է թռչուններին և հագցնում դաշտի շուշաններին, լավ գիտի, թե ինչ կարիքներ ունենք մենք (Մատթ. 6։26–34)։
«Հնա՞ր է, որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին» (Առակ. 6։27)։ «Առակաց» գրքի առաջին ինը գլուխները պարունակում են իմաստուն խրատներ, որոնք հայրը տալիս է իր որդուն։ Վերոհիշյալ հարցն օգնում է մտածելու պոռնկության դառը հետևանքների մասին (Առակ. 6։29)։ Երբ ֆլիրտ ենք անում կամ մեր մեջ սխալ սեռական ցանկություններ են գլուխ բարձրացնում, ապա այս հարցը պետք է մեր մտքում հնչի իբրև ահազանգ։ Այն կօգնի մեզ նաև այն դեպքերում, երբ որևէ անխոհեմ քայլ կատարելու գայթակղություն առաջանա։ Ի վերջո, չպետք է մոռանանք Գաղատացիներ 6։7–ում արձանագրված սկզբունքը. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի»։
«Ո՞վ ես դու, որ դատում ես ուրիշի ծառային» (Հռոմ. 14։4)։ Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսը շոշափում է ժողովում առաջացած խնդիրները։ Որոշ քրիստոնյաներ, ովքեր տարբեր ծագում ունեին, քննադատում էին իրենց հավատակիցների որոշումներն ու գործերը։ Առաքյալի հարցադրումը հիշեցրեց, որ անհրաժեշտ է սիրով ընդունել միմյանց, իսկ դատը հանձնել Եհովային։
Աստծու ժամանակակից ծառաները նույնպես տարբեր ծագում ունեն։ Այդուհանդերձ, Եհովան հիանալի կերպով միավորել է նրանց։ Ի՞նչ ենք անում այդ միությունը պահպանելու համար։ Եթե շտապում ենք հայտնել մեր դժգոհությունը հավատակցի վարվելակերպի վերաբերյալ, ապա իմաստուն կլինի հիշել Պողոսի տված հարցը։
Հարցերը օգնում են «մոտենալ Աստծուն»
Ինչպես տեսանք, Աստվածաշնչում արձանագրված հարցերը կարող են մղել անհատին ինքնաքննություն անելու։ Հարկավոր է քննել յուրաքանչյուր հարցի համատեքստը։ Դա կօգնի գտնելու այն սկզբունքները, որոնք կարող ենք կիրառել մեր հանգամանքներում։ Կարդալով Աստվածաշունչը՝ կհանդիպենք մի շարք այլ հարցերի (տե՛ս 14–րդ էջի շրջանակը)։
Եթե թույլ տանք, որ աստվածաշնչյան հարցերը թափանցեն մեր սրտի ու մտքի խորքը, ձեռք կբերենք Եհովայի մտայնությունը։ Այն բանից հետո, երբ Աստված հարցեր ուղղեց Հոբին, վերջինս ասաց. «Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ» (Յոբ 42։5)։ Այո՛, Եհովան ավելի իրական դարձավ այդ հավատարիմ մարդու համար. Հոբը կարծես իր աչքով տեսավ Աստծուն։ Նա ավելի մտերմացավ Եհովայի հետ։ Հիշենք Հակոբոս աշակերտի խոսքերը. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակ. 4։8)։ Ուրեմն եկեք թույլ տանք, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր հատված, այդ թվում նաև հարցերը օգնեն մեզ աճելու հոգևորապես և ավելի լավ «տեսնելու» Եհովային։
[Շրջանակ 14–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են այս հարցերն օգնել քեզ ունենալու Եհովայի տեսակետը
▪ « Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն» (Ա Թագ. 15։22)։
▪ « Աչքը ստեղծողը չի՞ տեսնիլ» (Սաղ. 94։9)։
▪ « Երբ մարդիկ իրենց սեփական փառքն են փնտրում, մի՞թե դա փառք է» (Առակ. 25։27, ՆԱ)։
▪ « Մի՞թէ լաւ է որ բարկացել ես»(Յովն. 4։4)։
▪ « Ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց» (Մատթ. 16։26)։
▪ « Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց» (Հռոմ. 8։35)։
▪ « Ի՞նչ ունես դու, որ չես ստացել» (1 Կորնթ. 4։7)։
▪ « Ի՞նչ մասնակցություն ունի լույսը խավարի հետ» (2 Կորնթ. 6։14)։
[Նկար 15–րդ էջի վրա]
Ի՞նչ սովորեց Հոբը Եհովայի հարցերից