«Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ»
ՀԻՍՈՒՍԸ նախազգուշացրեց իր հետևորդներին. «Բանսարկուն ձեզանից ոմանց բանտն է գցելու, որ դուք ամբողջությամբ փորձվեք»։ Սակայն մինչ այդ նա ասել էր. «Մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես»։ Թագավորության լուրի քարոզչությունը դադարեցնելու նպատակով Սատանան շարունակում է սպառնալ, թե «բանտն է գցելու» մեզ։ Ուստի միանգամայն իրական է ակնկալել, որ իշխանությունները կհետապնդեն ճշմարիտ քրիստոնյաներին (Հայտն. 2։10; 12։17)։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ արձագանքելու Հիսուսի հորդորին՝ չվախենալ և պատրաստված լինել Սատանայի դավերին։
Անշուշտ, մեզանից շատերը երբեմն ունեցել են վախի զգացում։ Աստծու Խոսքը, սակայն, վստահեցնում է, որ Եհովայի օգնությամբ կարող ենք հաղթահարել այն։ Իսկ ինչպե՞ս։ Եթե պատրաստված լինենք հակառակությանը։ Այդպես վարվելու միջոցներից մեկը Սատանայի և իր կամակատարների մարտավարությունը բնորոշելն է (2 Կորնթ. 2։11)։ Այս հարցում մեզ կօգնի աստվածաշնչյան ժամանակներում տեղի ունեցած մի դեպք։ Հոդվածում կբերվեն նաև ժամանակակից հավատարիմ ծառաների օրինակներ, որոնք «հաստատ կանգնել են Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփես. 6։11–13)։
Չար կառավարիչն ընդդեմ աստվածավախ թագավորի
Մ.թ. ա. ութերորդ դարում Ասորեստանի չար Սենեքերիմ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ որոշ ազգերի դեմ։ Իր հաջողություններից մեծամտացած՝ նա որոշեց պարտության մատնել նաև Եհովայի ժողովրդին և գրավել մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, որտեղ կառավարում էր աստվածավախ Եզեկիա թագավորը (Դ Թագ. 18։1–3, 13)։ Անկասկած, Սատանան օգտվեց ստեղծված իրավիճակից ու իր ծրագրերը իրագործելու համար օգտագործեց Սենեքերիմին, որպեսզի նրա միջոցով երկրի երեսից վերացնի ճշմարիտ երկրպագությունը (Ծննդ. 3։15)։
Սենեքերիմը պատվիրակություն ուղարկեց Երուսաղեմ և պահանջեց հանձնվել։ Այդ պատվիրակության գլխավոր խոսնակըa Ռաբսակն էր (Դ Թագ. 18։17)։ Վերջինիս նպատակն էր հուսալքել և թևաթափ անել հրեաներին, որ առանց պայքարի հանձնվեն։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Ռաբսակը՝ հրեաներին վախեցնելու համար։
Հավատարիմ՝ մենության մեջ
Ռաբսակն ասաց Եզեկիայի ներկայացուցիչներին. «Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Այդ ի՞նչ յոյս է որի վերայ դու ապաւինել ես. Ահա դու.... ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մի մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կ’մտնէ եւ նորան կ’ծակէ» (Դ Թագ. 18։19, 21)։ Ռաբսակի մեղադրանքը կեղծ էր, քանի որ Եզեկիան դաշինք չէր կնքել Եգիպտոսի հետ։ Ռաբսակն ասես ուզում էր, որ հրեաները հստակ հիշեն. «Ոչ ոք չի գա ձեզ օգնության։ Դուք մենակ եք»։
Մեր ժամանակներում էլ ճշմարիտ երկրպագության հակառակորդները օգտագործել են մենության մեջ հայտնվելու սպառնալիքը՝ քրիստոնյաներին վախեցնելու համար։ Մի քույր, որը ազատազրկման մեջ էր եղել իր հավատից չհրաժարվելու համար և տարիներ շարունակ հեռու էր իր հավատակիցներից, պատմում է, թե ինչն օգնեց իրեն չհամակվելու վախի զգացումով։ Նա ասում է. «Աղոթքն ինձ օգնեց մտերմանալու Եհովայի հետ.... Ես հիշում էի Եսայիա 66։2 համարը, որում ասվում է, որ Աստված չի լքում «խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին»։ Այս խոսքերն ինձ միշտ զորացնում ու մխիթարում էին»։ Իսկ մի եղբայր, որը տարիներ շարունակ մենախցում է անցկացրել, պատմում է. «Ես հասկացա, որ փոքր խուցը կարող է տիեզերք դառնալ, եթե մտերիմ հարաբերություններ ունես Աստծու հետ»։ Այո՛, Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու շնորհիվ այս երկու քրիստոնյաները ստացան անհրաժեշտ զորությունը՝ մենության դեմ պայքարելու համար (Սաղ. 9։9, 10)։ Հակառակորդները նրանց կարող էին բաժանել ընտանիքից, ընկերներից, հավատակիցներից, բայց բանտարկված Վկաները վստահ էին, որ ոչ ոք երբեք չի կարողանա իրենց բաժանել Եհովայից (Հռոմ. 8։35–39)։
Ուրեմն որքա՜ն կարևոր է ամեն հնարավորություն օգտագործել՝ ամրացնելու մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ (Հակ. 4։8)։ Մենք պետք է կանոնավորաբար ինքնաքննություն անենք. «Իրակա՞ն է Եհովան ինձ համար։ Նրա խոսքերն անդրադառնո՞ւմ են իմ կայացրած փոքր կամ մեծ որոշումների վրա» (Ղուկ. 16։10)։ Եթե ջանում ենք մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Աստծու հետ, վախենալու ոչ մի պատճառ չենք ունենա։ Դարեր առաջ, խոսելով հարստահարված հրեաների անունից, Երեմիա մարգարեն ասաց. «Կանչեցի քո անունը, ով Տէր, խորագոյն գուբիցը.... Դու մօտեցար՝ ես քեզ կանչած օրը, ասեցիր՝ Մի վախենար» (Ողբ. 3։55–57)։
Կասկածի սերմերը չեն ծլարձակում
Ռաբսակը խորամանկության դիմեց, որ կասկածներ սերմանի ժողովրդի սրտում։ Նա ասաց. «Մի՞թէ [Եհովան] այն չէ որի բարձրաւանդակները եւ սեղանները Եզեկիան վերցրեց.... Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր» (Դ Թագ. 18։22, 25)։ Այսպիսով Ռաբսակը պնդում էր, որ Աստված չէր պայքարելու հանուն իր ժողովրդի, քանի որ նրանք կորցրել էին Աստծու հավանությունը։ Սակայն ճիշտ հակառակն էր։ Եզեկիան և հրեաները, որոնք դարձել էին դեպի ճշմարիտ երկրպագությունը, ունեին Եհովայի հավանությունը (Դ Թագ. 18։3–7)։
Այսօր էլ խորամանկ հակառակորդները կարող են ճշմարտության մի մասն ասել՝ ցանկանալով ընդհանուր եզրեր գտնել, բայց նրանք այդ ճշմարտությունը ստով են համեմում՝ կասկածներ հարուցելու նպատակ հետապնդելով։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ բանտարկված եղբայրներին ու քույրերին հնարավոր է ասեն, որ իրենց երկրում պատասխանատու ինչ–որ եղբայր ուրացել է իր հավատը և որ իրենք էլ կարող են հրաժարվել իրենց համոզմունքներից։ Սակայն այսպիսի մտքերը անպայման կասկած կհարուցեն այն քրիստոնյաների մեջ, ովքեր խորաթափանց են։
Տեսնենք, թե ինչ պատահեց մի քրոջ հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բանտում նրան ցույց տվեցին գրավոր հրաժարագիր, որում պատասխանատու եղբայրներից մեկը գրել էր, որ հրաժարվում է իր հավատից։ Հարցաքննողը հարցրեց նրան, թե արդյոք հավատում է այդ Վկային։ Քույրը պատասխանեց. «Նա ընդամենը անկատար մարդ է»։ Այնուհետև ավելացրեց, որ եղբայրն Աստծու ծառա էր համարվում այն ժամանակ, երբ հետևում էր Աստվածաշնչի սկզբունքներին։ «Սակայն քանի որ իր խոսքերը չեն համապատասխանում Աստվածաշնչի սկզբունքներին, նա այլևս չի կարող իմ եղբայրը լինել»,— հստակ ասաց քույրը։ Այս հավատարիմ ծառան իմաստուն կերպով վարվեց՝ հետևելով Աստծու Խոսքի հետևյալ հորդորին. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ» (Սաղ. 146։3)։
Աստվածաշնչյան ճշգրիտ գիտելիքներ ունենալը և խորհուրդները կիրառելը կօգնեն մեզ, որ պաշտպանված լինենք խորամանկություններից, որոնք կարող են կոտրել տոկալու մեր վճռականությունը (Եփես. 4։13, 14; Եբր. 6։19)։ Սակայն որպեսզի ճնշումների ժամանակ առողջ դատողություն պահպանենք, պետք է ամեն օր կարդանք Աստվածաշունչը և անձնական ուսումնասիրություն անենք (Եբր. 4։12)։ Այո՛, հիմա է ժամանակը խորացնելու մեր գիտելիքները և ամրացնելու մեր հավատը։ Մի եղբայր, որը տարիներ շարունակ մենախցում է եղել, ասում է. «Ես ուզում եմ քաջալերել յուրաքանչյուրին շատ թանկ համարել ամբողջ հոգևոր սնունդը, որ տրվում է մեզ, քանի որ չգիտենք, թե երբ և ինչպես այն օգտակար կլինի մեզ համար»։ Իսկապես, եթե ջանադրաբար ուսումնասիրենք Աստծու Խոսքը և ծառա դասակարգի տված հրատարակությունները, ապա դժվարին իրավիճակներում սուրբ ոգին «կհիշեցնի» մեզ այն, ինչ սովորել ենք (Հովհ. 14։26)։
Հավատիդ վահանը կպաշտպանի վախի նետերից
Ռաբսակը փորձում էր վախեցնել հրեաներին՝ ասելով. «Դաշինք դիր՝ իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնող դնել. Ապա ի՞նչպէս կարող ես դէմ կենալ իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին» (Դ Թագ. 18։23, 24)։ Մարդկային տեսանկյունից՝ Եզեկիան ու ժողովուրդը փակուղու առաջ էին կանգնած։
Հակառակորդներն այսօր կարող են շատ զորավոր թվալ, հատկապես երբ ունեն կառավարության աջակցությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նացիստները հալածում և վախեցնում էին Աստծու ծառաներից շատերին, մի դեպք տեղի ունեցավ։ Մեր եղբայրներից մեկը, որը երկար տարիներ բանտարկված էր եղել, հետագայում պատմեց, թե ինչպես էին իրեն սպառնացել։ Մի անգամ սպան հարցրել էր նրան. «Տեսա՞ր, թե ինչպես գնդակահարեցին կրտսեր եղբորդ։ Հիմա ի՞նչ դաս պիտի քաղես»։ Եղբայրը պատասխանել էր. «Ես Եհովայի վկա եմ և այդպիսին էլ կմնամ»։ «Ուրեմն հաջորդը քեզ են գնդակահարելու»,— սպառնացել էր սպան։ Այնուհանդերձ, մեր եղբայրը անսասան մնաց, իսկ թշնամիները դադարեցին նրան սպառնալուց։ Ինչի՞ շնորհիվ նա կարողացավ դիմանալ այդ ամենին։ «Ես ապավինում էի Եհովային»,— ասաց եղբայրը (Առակ. 18։10)։
Եհովայի հանդեպ լիարժեք հավատ ունենալով՝ մենք կրում ենք մեծ վահանը, որը կպաշտպանի այն ամենից, ինչ Սատանան օգտագործում է մեզ հոգևորապես վնասելու համար (Եփես. 6։16)։ Ուստի լավ կլինի աղոթել Աստծուն, որ օգնի զորացնելու մեր հավատը (Ղուկ. 17։5)։ Մենք նաև պետք է լիարժեքորեն օգտվենք այն ամենից, ինչ տալիս է ծառա դասակարգը՝ մեր հավատն ամրացնելու համար։ Երբ մեզ սպառնում են, կարող ենք զորանալ, եթե հիշենք Եհովայի հավաստիացումը, որը նա տվեց Եզեկիել մարգարեին։ Վերջինս նրա խոսքը պիտի քարոզեր համառ իսրայելացիներին։ Աստված ասաց նրան. «Ես պինդ եմ շինում քո երեսը նորանց երեսի դէմ, եւ ճակատդ ամուր՝ նորանց ճակատի դէմ։ Ադամանդի պէս վէմից պինդ եմ շինելու քո ճակատը» (Եզեկ. 3։8, 9)։ Երբ անհրաժեշտ է, Եհովան մեզ էլ կարող է օգնել, որ լինենք ադամանդի պես ամուր։
Դիմադրիր գայթակղությանը
Երբ հակառակորդները տեսնում են, որ իրենց բոլոր մեթոդները ձախողվում են, փորձում են կոտրել անհատի անարատությունը՝ գայթակղիչ առաջարկներ անելով։ Ռաբսակը նույնպես կիրառեց այս մեթոդը։ Երուսաղեմի բնակիչներին նա ասաց. «Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ ինձ մօտ դուրս եկէք.... Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր, ցորենի եւ գինիի երկիր, հացի եւ այգիների երկիր, իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր, որ ապրէք եւ չ’մեռնէք» (Դ Թագ. 18։31, 32)։ Անկասկած, թարմ հաց ուտելը և նոր գինի խմելը պետք է որ գայթակղեր քաղաքում պաշարվածներին։
Այսպիսի մի գայթակղիչ առաջարկ արվեց բանտարկության մեջ գտնվող մի միսիոների՝ թուլացնելու համար նրա վճռականությունը։ Նրան ասացին, որ վեց ամսով տեղափոխելու են «գեղեցիկ պարտեզով մի հաճելի տուն», այնպես որ նա մտածելու հնարավորություն կունենա։ Սակայն եղբայրը պահպանեց իր հոգևոր արթնությունը և չգնաց փոխզիջումների։ Ի՞նչն օգնեց նրան։ Նա բացատրում է. «Իմ մտքում Թագավորության հույսը միշտ վառ էր.... Աստծու Թագավորության մասին գիտելիքներն ինձ զորացնում էին, և ես մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ այն իրական է։ Ահա թե ինչու նրանք չկարողացան կոտրել իմ հավատարմությունը»։
Իսկ քեզ համար իրակա՞ն է Թագավորության հույսը։ Աբրահամ նահապետը, Պողոս առաքյալը և Հիսուսը կարողացան տոկալ դժվար փորձությունների ժամանակ, քանի որ Աստծու Թագավորությունը իրական էր նրանց համար (Փիլիպ. 3։13, 14; Եբր. 11։8–10; 12։2)։ Եթե շարունակենք Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում դնել և մեր մտքում վառ պահել հավիտենական կյանքի օրհնությունները, մենք նույնպես կկարողանանք դիմադրել փորձություններից ժամանակավորապես ազատվելու գայթակղությանը (2 Կորնթ. 4։16–18)։
Եհովան չի լքի մեզ
Չնայած Ռաբսակի բոլոր ջանքերին՝ վախեցնել հրեաներին, Եզեկիան և իր հպատակները անվերապահորեն ապավինեցին իրենց Աստծուն (Դ Թագ. 19։15, 19; Ես. 37։5–7)։ Եհովան էլ պատասխանեց նրանց աղոթքներին՝ ուղարկելով մի հրեշտակ, որը ասորեստանցիների ճամբարում մի գիշերվա մեջ սպանեց 185000 ռազմիկների։ Հաջորդ օրը Սենեքերիմը, խայտառակ պարտություն կրած, իր փոքրաթիվ զորքով վերադարձավ Ասորեստանի մայրաքաղաք Նինվե (Դ Թագ. 19։35, 36)։
Այո՛, Եհովան չլքեց նրանց, ովքեր ապավինեցին իրեն։ Ժամանակակից մեր հավատակիցների օրինակները, ովքեր փորձության ժամանակ հաստատ են մնում, վկայում են այն մասին, որ նա այսօր էլ չի լքում իր ծառաներին։ Իրավամբ, մեր երկնային Հայրը հավաստիացնում է. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Ես. 41։13)։
[Ծանոթագրություն]
a «Ռաբսակը» ասորեստանցի բարձրաստիճան պաշտոնյայի տիտղոս էր։ Արձանագրության մեջ չի նշվում այդ խոսնակի անձնանունը։
[Մեջբերում 13–րդ էջի վրա]
Ավելի քան 30 անգամ իր Խոսքում Եհովան ասում է իր ծառաներին. «Մի՛ վախեցիր»
[Նկար 12–րդ էջի վրա]
Ռաբսակի մեթոդների և Աստծու ժողովրդի ներկայիս թշնամիների մարտավարության մեջ ի՞նչ ընդհանրություն կա
[Նկարներ 15–րդ էջի վրա]
Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններն օգնում են պահելու մեր անարատությունը փորձության ժամանակ