Շարունակեք նախ «Աստծու արդարությունը» փնտրել
«Ուրեմն շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները կտրվեն ձեզ» (ՄԱՏԹ. 6։33)։
1, 2. Ի՞նչ է Աստծու արդարությունը և ինչի՞ վրա է հիմնված։
«ՈՒՐԵՄՆ շարունակեք նախ թագավորությունը.... փնտրել» (Մատթ. 6։33)։ Եհովայի վկաներին քաջածանոթ է այս հորդորը, որը Հիսուս Քրիստոսը տվեց Լեռան քարոզում։ Մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում ջանում ենք ցույց տալ, որ սիրում ենք այդ Թագավորությունը և ցանկանում ենք նվիրված լինել դրան։ Սակայն պետք է նաև հիշենք այդ հորդորի երկրորդ մասը՝ «և Աստծու արդարությունը»։ Ի՞նչ է Աստծու արդարությունը, և ի՞նչ է նշանակում նախ փնտրել այն։
2 Բնագրի բառերը, որոնք թարգմանվել են «արդարություն», կարող են թարգմանվել նաև «արդարադատություն» և «արդարամտություն»։ Աստծու արդարությունը այն արդարությունն է, որը հիմնված է իր չափանիշների ու արժեքների վրա։ Որպես Ստեղծիչ՝ Եհովան իրավունք ունի սահմանելու բարու և չարի, ճշտի և սխալի չափանիշները (Հայտն. 4։11)։ Սակայն Աստծու արդարությունը չի արտահայտվում խիստ, չոր ու ցամաք օրենքներով ու անվերջ կանոնների տեսքով։ Այն Եհովայի էության մի մասն է և դրսևորվում է նրա հիմնական հատկություններին՝ սիրուն, իմաստությանը և զորությանը ներդաշնակ։ Փաստորեն, Աստծու արդարությունը կապված է նրա կամքի ու նպատակի հետ։ Այդ արդարությունը ներառում է այն, թե ինչ է Աստված ակնկալում նրանցից, ովքեր ցանկանում են ծառայել իրեն։
3. ա) Ի՞նչ է նշանակում նախ Աստծու արդարությունը փնտրել։ բ) Ինչո՞ւ պետք է պահենք Եհովայի արդար չափանիշները։
3 Ի՞նչ է նշանակում նախ Աստծու արդարությունը փնտրել։ Պարզ ասած՝ նշանակում է Եհովային հաճեցնելու համար նրա կամքը կատարել։ Աստծու արդարությունը փնտրել նաև նշանակում է ջանալ ապրել ոչ թե մեր, այլ նրա արժեքների ու կատարյալ չափանիշների համաձայն (կարդա՛ Հռոմեացիներ 12։2)։ Այդպիսի կյանքով ապրելը ցույց է տալիս, որ Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները շատ կարևոր են։ Դա չի նշանակում, որ մենք հնազանդվում ենք Աստծու օրենքներին, քանի որ վախենում ենք, թե նա կպատժի մեզ։ Ընդհակառակը՝ Աստծու հանդեպ սերն է մղում մեզ հաճեցնելու նրան՝ պահելով նրա՛ չափանիշները և ոչ թե հաստատելով մերը։ Մենք գիտակցում ենք, որ ճիշտը դա է, քանի որ ստեղծվել ենք հենց այդպես վարվելու համար։ Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Թագավորության Թագավորի նման՝ մենք պետք է սիրենք արդարությունը (Եբր. 1։8, 9)։
4. Ինչո՞ւ է այդքան կարևոր նախ Աստծու արդարությունը փնտրել։
4 Որքանո՞վ է կարևոր փնտրել Եհովայի արդարությունը։ Նկատի առնենք հետևյալը. պատճառը, թե ինչու Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում փորձվեցին, այն էր, որ նրանք պետք է ցույց տային, թե արդյոք ընդունում են, որ միայն Եհովան չափանիշներ սահմանելու իրավունք ունի (Ծննդ. 2։17; 3։5)։ Քանի որ նրանք չընդունեցին դա, արդյունքը եղավ այն, որ տառապանք ու մահ փոխանցեցին մեզ՝ իրենց սերունդներին (Հռոմ. 5։12)։ Մինչդեռ Աստծու Խոսքն ասում է. «Արդարության ու սիրառատ բարության հետամուտ լինողը կյանք, արդարություն և փառք կգտնի» (Առակ. 21։21)։ Այո՛, նախ Աստծու արդարությունը փնտրելը նպաստում է, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություն ունենանք, որն էլ իր հերթին կառաջնորդի փրկության (Հռոմ. 3։23, 24)։
Ինքներս մեզ արդար համարելու վտանգը
5. Ո՞ր վտանգից պետք է խուսափենք։
5 Հռոմում գտնվող քրիստոնյաներին գրելիս Պողոս առաքյալը նշեց մի վտանգի մասին, որից բոլորս պետք է խուսափենք, եթե ցանկանում ենք նախ Աստծու արդարությունը փնտրել։ Խոսելով հրեաների մասին՝ Պողոսն ասաց. «Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն, որովհետև չիմանալով Աստծու արդարությունը և ձգտելով հաստատել իրենց սեփական արդարությունը՝ նրանք չենթարկվեցին Աստծու արդարությանը» (Հռոմ. 10։2, 3)։ Առաքյալի խոսքերից երևում է, որ այդ երկրպագուները չէին հասկանում, թե ինչ է Աստծու արդարությունը, քանի որ չափից շատ զբաղված էին իրենց սեփական արդարությունը հաստատելովa։
6. Ինչպիսի՞ վերաբերմունքից պետք է խուսափենք և ինչո՞ւ։
6 Այս ծուղակը կարող ենք ընկնել, օրինակ, եթե մեր ծառայությունը մրցույթ համարենք՝ համեմատելով մեզ ուրիշների հետ։ Այսպիսի վերաբերմունքը կարող է հեշտությամբ դրդել մեզ, որ չափից շատ ինքնավստահ լինենք։ Եթե այդպես վարվենք, ցույց կտանք, որ մոռանում ենք Եհովայի արդարության մասին (Գաղ. 6։3, 4)։ Աստծու հանդեպ սերն է, որ պետք է մղի մեզ ճիշտ վարվելու։ Բայց եթե փորձենք ապացուցել մեր սեփական արդարությունը, ցույց կտանք, որ միայն պնդում ենք, թե սիրում ենք նրան (կարդա՛ Ղուկաս 16։15)։
7. Ինչպե՞ս Հիսուսը կենտրոնացավ այն խնդրի վրա, որ մարդիկ իրենք իրենց արդար են համարում։
7 Հիսուսը մտահոգված էր նրանց համար, «ովքեր վստահ էին, թե արդար են, և ովքեր ուրիշներին ոչինչ էին համարում»։ Հետևաբար նա կենտրոնացավ այդ խնդրի վրա՝ պատմելով հետևյալ առակը. «Երկու մարդ գնացին տաճար՝ աղոթք անելու. մեկը փարիսեցի էր, մյուսը՝ հարկահավաք։ Փարիսեցին կանգնեց ու սկսեց իր մտքում աղոթել. «Ո՛վ Աստված, շնորհակալ եմ քեզ, որ մյուս մարդկանց պես չեմ՝ շորթող, անարդար, շնացող կամ նույնիսկ այս հարկահավաքի պես։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս այն ամենից, ինչ ձեռք եմ բերում»։ Բայց հարկահավաքը՝ հեռվում կանգնած, նույնիսկ չէր ուզում իր աչքերը դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքն էր ծեծում՝ ասելով. «Ո՛վ Աստված, ներողամիտ եղիր մեղավորիս հանդեպ»»։ Հիսուսը եզրափակեց՝ ասելով. «Ասում եմ ձեզ. այս մարդը իր տուն գնաց ավելի արդարացված, քան մյուսը, որովհետև ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կնվաստացվի, բայց ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկ. 18։9–14)։
Մեկ այլ վտանգ՝ լինել «չափից դուրս արդար»
8, 9. Ի՞նչ է նշանակում լինել «չափից դուրս արդար», և ի՞նչ կարող է լինել դրա հետևանքը։
8 Ժողովող 7։16-ում արձանագրված է մեկ այլ վտանգ, որից պետք է խուսափենք. «Չափից դուրս արդար մի՛ եղիր ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ցույց տուր։ Ինչի՞ համար կործանես քեզ»։ Այս խոսքերը գրողը շարունակում է, ինչպես նշված է 20-րդ համարում, մեզ համար հիմնավոր պատճառ բերել, որպեսզի խուսափենք այսպիսի վերաբերմունքից. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի»։ Այն անհատը, ով իրեն «չափից դուրս արդար» է համարում, սահմանում է արդարության իր չափանիշները և ուրիշներին դատում է դրանցով։ Սակայն նա չի գիտակցում, որ այսպես վարվելով՝ իր չափանիշները Աստծու չափանիշներից բարձր է դասում և Աստծու աչքում դառնում է անարդար։
9 «Չափից դուրս արդար» լինելը կամ «խիստ արդար», «չափազանց արդար» լինելը, ինչպես Աստվածաշնչի որոշ թարգմանություններում է գրված, կարող է դրդել մեզ, որ սկսենք հարցականի տակ դնել Եհովայի վարվելակերպը։ Սակայն պետք է հիշենք, որ եթե հարցականի տակ ենք դնում Եհովայի որոշումների արդարացի կամ ճիշտ լինելը, դրանով արդարության մեր չափանիշները վեր ենք դասում Եհովայի չափանիշներից։ Մենք Աստծուն ասես մեղադրյալի աթոռին ենք նստեցնում և դատում ենք ճշտի ու սխալի մեր չափանիշներով։ Այնինչ միայն Եհովան է, որ այդպիսի չափանիշներ սահմանելու իրավունք ունի (Հռոմ. 14։10)։
10. Ինչպեսև Հոբի պարագայում էր, ի՞նչը կարող է դրդել մեզ դատելու Աստծուն։
10 Չնայած որ մեզանից ոչ ոք չի ցանկանա գիտակցաբար դատել Աստծուն, անկատարության պատճառով հնարավոր է՝ այդպես վարվենք։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ որևէ անարդար բան տեսնենք կամ երբ ինքներս դժվարությունների բախվենք։ Նույնիսկ հավատարիմ Հոբը թույլ տվեց այդ սխալը։ Հոբի մասին սկզբում կարդում ենք, որ նա «անարատ և ուղղամիտ մարդ էր, վախենում էր Աստծուց ու հեռանում չարից» (Հոբ 1։1)։ Սակայն երբ հետագայում բախվեց մի շարք դժբախտությունների, դրանք նա անարդար համարեց, ինչը դրդեց նրան, որ «իր հոգին Աստծուց ավելի արդար համարի» (Հոբ 32։1, 2)։ Եհովայի ծառան պետք է շտկեր իր տեսակետը։ Ուստի մեզ չպետք է զարմացնի այն, որ ժամանակ առ ժամանակ մենք էլ կարող ենք հայտնվել նման իրավիճակում։ Իսկ ի՞նչը կօգնի շտկելու մեր տեսակետը, եթե այդպիսի բան պատահի։
Միշտ չէ, որ տեղյակ ենք բոլոր փաստերին
11, 12. ա) Եթե կարծում ենք, որ ինչ-որ բան անարդար է, ի՞նչ պետք է հիշենք։ բ) Ինչո՞ւ գուցե որևէ մեկին անարդար թվա Հիսուսի պատմած առակի տանտիրոջ արարքը։
11 Նախ պետք է հիշենք, որ միշտ չէ, որ տեղյակ ենք բոլոր փաստերին։ Նույնն էր պարագան նաև Հոբի դեպքում։ Նա չգիտեր, որ Աստծու բոլոր որդիները հավաքվել էին երկնքում, որտեղ Սատանան սուտ մեղադրանքներ էր ներկայացրել Աստծու դեմ (Հոբ 1։7–12; 2։1–6)։ Հոբը չէր գիտակցում, որ իր խնդիրների պատճառը Սատանան է։ Մենք նույնիսկ վստահ չենք, թե արդյոք Հոբը գիտեր՝ ով է Սատանան։ Ուստի նա եկավ այն սխալ եզրահանգմանը, որ իր խնդիրների պատճառը Աստված է։ Անշուշտ, հեշտ է սխալ եզրակացություններ անել, եթե չգիտենք բոլոր փաստերը։
12 Քննենք խաղողի այգում աշխատողների մասին Հիսուսի պատմած առակը (կարդա՛ Մատթեոս 20։8–16)։ Այստեղ նա խոսում է մի տանտիրոջ մասին, որը նույն գումարը վճարեց իր բոլոր աշխատողներին, անկախ այն բանից՝ նրանք ամբողջ օրն էին աշխատել, թե ընդամենը մեկ ժամ։ Ի՞նչ ես կարծում, նա արդարացիորե՞ն վարվեց։ Գուցե դու միանգամից պաշտպանես այն աշխատողներին, ովքեր ամբողջ օրը աշխատեցին կիզիչ արևի տակ, քանի որ կարծում ես, որ նրանց ավելի շատ պետք է վճարվեր։ Ուստի թերևս տանտիրոջ արարքը անկարեկից ու անարդար թվա քեզ։ Նույնիսկ այն պատասխանից, որ նա տվեց գանգատվող աշխատողներին, գուցե եզրակացնենք, թե տանտերը չարաշահեց իր իշխանությունը։ Սակայն հնարավո՞ր է, որ այդպիսի եզրահանգման ենք գալիս, քանի որ տեղյակ չենք բոլոր փաստերին։
13. Խաղողի այգում աշխատողների մասին Հիսուսի առակը ուրիշ ի՞նչ տեսանկյունից կարող ենք քննել։
13 Եկեք քննենք այս առակը մեկ այլ տեսանկյունից։ Անկասկած, տանտերը հասկանում էր, որ բոլոր այս մարդիկ պետք է հոգան իրենց տնեցիների կարիքները։ Հիսուսի օրերում դաշտում աշխատողներին օրավարձով էին վճարում։ Նրանց ընտանիքները հույսով սպասում էին օրվա աշխատավարձին։ Այս տեղեկությունը օգնում է մեզ պատկերացնելու այն աշխատողների վիճակը, որոնց տանտերը այդ օրն ավելի ուշ վարձեց, ինչի պատճառով նրանք ընդամենը մեկ ժամ աշխատեցին։ Ճիշտ է, թերևս այդ մարդիկ չկարողանային կերակրել իրենց ընտանիքներին միայն մեկ ժամվա աշխատավարձով, սակայն նրանք ցանկանում էին աշխատել և այդ պատճառով ամբողջ օրը սպասեցին, որ իրենց գործ առաջարկեն (Մատթ. 20։1–7)։ Իրենք մեղավոր չէին, որ չաշխատեցին ամբողջ օրը։ Ոչինչ չի ասվում այն մասին, որ նրանք միտումնավոր կերպով էին խուսափում աշխատանքից։ Պատկերացրու, որ դու ստիպված սպասում ես ամբողջ օրը, որ քեզ աշխատանք առաջարկեն, և գիտես, որ քեզնից է կախված՝ ընտանիքիդ անդամները հաց կուտեն այդ օրը, թե ոչ։ Որքա՜ն երախտապարտ կլինես, եթե օրվա վերջում աշխատանք գտնես, և որքա՜ն կզարմանաս, եթե ստանաս բավականաչափ գումար՝ ընտանիքիդ կերակրելու համար։
14. Ի՞նչ արժեքավոր դաս ենք սովորում խաղողի այգու առակից։
14 Այժմ եկեք անդրադառնանք տանտիրոջ արարքին։ Նա ոչ մեկին քիչ չվարձատրեց։ Ընդհակառակը՝ ցույց տվեց, որ հարգում է այդ մարդկանց իրավունքը հոգ տանել իրենց ու ընտանիքների մասին։ Քանի որ աշխատողները շատ էին, տանտերը, գուցե առիթից օգտվելով, ավելի էժան աշխատուժ վարձեր, սակայն նա այդպես չվարվեց։ Իր բոլոր աշխատողները տուն վերադարձան բավականաչափ գումարով և կարող էին հոգալ տնեցիների կարիքները։ Այս նոր մանրամասնությունները նկատի առնելով՝ գուցե փոխենք մեր տեսակետը տանտիրոջ վարվելակերպի վերաբերյալ։ Նրա որոշումը սիրուց մղված էր կայացվել, նա չէր չարաշահել իր իշխանությունը։ Ի՞նչ դաս կարող ենք սովորել։ Միայն մի քանի փաստեր ունենալը կարող է մեզ սխալ եզրահանգման բերել։ Իրոք, այս առակը ընդգծում է, որ Աստված գերազանց արդարություն է դրսևորում, այն հիմնված չէ միայն իրավական կանոնների և մարդկանց արժանիքների վրա։
Մեր տեսակետը գուցե աղավաղված կամ սահմանափակ լինի
15. Ինչո՞ւ արդարության մասին մեր տեսակետը կարող է աղավաղված կամ սահմանափակ լինել։
15 Երկրորդ գործոնը, որը պետք է հիշենք, երբ բախվում ենք այնպիսի իրավիճակի, որը անարդար է թվում մեզ, այն է, որ մեր տեսակետը գուցե աղավաղված կամ սահմանափակ լինի։ Այն կարող է աղավաղված լինել անկատարության, կանխակալ կարծիքի կամ տարբեր մշակույթների պատճառով։ Մեր տեսակետը նաև սահմանափակ է, քանի որ ի վիճակի չենք նկատելու մարդկանց մղումները և տեսնելու, թե իրականում ինչ կա նրանց սրտում։ Սակայն ի տարբերություն մեզ՝ թե՛ Եհովան և թե՛ Հիսուսը չունեն այսպիսի սահմանափակումներ (Առակ. 24։12; Մատթ. 9։4; Ղուկ. 5։22)։
16, 17. Թերևս ինչո՞ւ Եհովան չստիպեց, որ գործի դրվի շնության վերաբերյալ իր օրենքը Դավթի և Բերսաբեի դեպքում։
16 Եկեք քննենք այն դեպքը, երբ Դավիթը շնություն գործեց Բերսաբեի հետ (2 Սամ. 11։2–5)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ նրանք մահապատժի էին արժանի (Ղևտ. 20։10; 2 Օրենք 22։22)։ Չնայած Եհովան պատժեց նրանց, սակայն նա չստիպեց, որ գործի դրվի իր օրենքը։ Մի՞թե Եհովան անարդարացիորեն վարվեց։ Արդյոք նա աչառություն արե՞ց Դավթի պարագայում, խախտե՞ց իր արդար չափանիշները։ Աստվածաշունչ ընթերցողներից ոմանք հենց այդ կարծիքի են։
17 Շնության մասին օրենքը Եհովան տվել էր անկատար դատավորներին, որոնք չէին կարող կարդալ մարդկանց սրտերը։ Թեև նրանք սահմանափակումներ ունեին, այս օրենքը իրենց հնարավորություն էր տալիս հետևողական լինելու որոշումների մեջ։ Ի տարբերություն դատավորների՝ Եհովան կարող է կարդալ սրտերը (Ծննդ. 18։25; 1 Տար. 29։17)։ Ուստի մենք չպետք է ակնկալենք, որ Աստված գործեր այն օրենքի շրջանակներում, որը նախատեսված էր անկատար դատավորների համար։ Արդյոք դա նման չէ՞ր լինի այն բանին, որ ինչ-որ մեկը ստիպում է լավ տեսողություն ունեցողին ակնոց կրել, որը, սակայն, նախատեսված է վատ տեսողություն ունեցողի համար։ Եհովան կարող էր կարդալ Դավթի ու Բերսաբեի սիրտը և տեսնել, որ նրանք անկեղծորեն զղջում են։ Այդ պատճառով էլ նա հաշվի առավ այդ հանգամանքը և համապատասխան դատավճիռ կայացրեց՝ ողորմածություն և սեր դրսևորելով։
Շարունակիր փնտրել Եհովայի արդարությունը
18, 19. Ի՞նչը կօգնի մեզ երբեք չդատելու Եհովային արդարության մեր չափանիշներով։
18 Ուստի եթե երբեմն մեզ թվա, թե Եհովան անարդարացիորեն է վարվում, անկախ նրանից՝ այդ մասին կարդում ենք Աստվածաշնչում, թե անձամբ մեզ հետ է դա տեղի ունենում, եկեք երբեք չդատենք Եհովային՝ արդարության մեր չափանիշներից ելնելով։ Հիշենք՝ միշտ չէ, որ տեղյակ ենք բոլոր փաստերին, բացի այդ, գուցե մեր տեսակետը աղավաղված է կամ սահմանափակ։ Երբեք չմոռանանք, որ «զայրացող մարդը Աստծու արդարության համաձայն չի վարվում» (Հակ. 1։19, 20)։ Սա կօգնի, որ մեր սրտերը երբեք «Եհովայի վրա չզայրանան» (Առակ. 19։3)։
19 Հիսուսի նման՝ եկեք միշտ գիտակցենք, որ միայն Եհովան իրավունք ունի սահմանելու, թե ինչն է արդար ու ճիշտ (Մարկ. 10։17, 18)։ Ձգտիր «ճշգրիտ գիտելիքներ» ստանալ նրա չափանիշների մասին (Հռոմ. 10։2; 2 Տիմոթ. 3։7)։ Եթե այդպես վարվենք և ապրենք Եհովայի կամքին ներդաշնակ, ցույց կտանք, որ նախ «Աստծու արդարությունն» ենք փնտրում (Մատթ. 6։33)։
[ծանոթագրություն]
a Համաձայն մի գիտնականի՝ բնագիր լեզվից թարգմանված «հաստատել» բառը կարող է նաև նշանակել «հուշարձան կանգնեցնել»։ Ուստի այդ հրեաները իրականում փոխաբերական հուշարձան էին կանգնեցնում իրենց փառքի համար և ոչ թե Աստծու։
Հիշո՞ւմ ես
• Ինչո՞ւ է կարևոր Եհովայի արդարությունը փնտրել։
• Ո՞ր երկու վտանգներից պետք է խուսափենք։
• Ինչպե՞ս կարող ենք նախ Աստծու արդարությունը փնտրել։
[նկար 9-րդ էջի վրա]
Ի՞նչ ենք սովորում տաճարում աղոթող երկու մարդկանց մասին Հիսուսի առակից
[նկար 10-րդ էջի վրա]
Անարդա՞ր էր արդյոք նույն գումարը վճարել նրանց, ովքեր սկսեցին աշխատել 11-րդ ժամից, և նրանց, ովքեր ամբողջ օրը աշխատեցին