Այնտեղ ինչ-որ մեկը կա. բայց ո՞վ
Եվրոպայում մի ծեր կին տերողորմյան ձեռքին մտնում է եկեղեցի և ծնկի է գալիս Մարիամի արձանի առաջ։ Աֆրիկայում մի ամուսնական զույգ օղի է լցնում մահացած հարազատի գերեզմանին։ Ամերիկայում մի մարդ ծոմ է պահում և մեդիտացիայով զբաղվում՝ հույս ունենալով, որ կկարողանա հաղորդակցվել այն էակի հետ, որն իր կարծիքով՝ իր պահապան հրեշտակն է։ Ասիայում քահանան իբրև զոհ նախնիների հոգիներին գունավոր թղթերից պատրաստած իրեր է այրում։
ԱՅՍ մարդիկ ի՞նչ ընդհանուր բան ունեն։ Նրանք բոլորն էլ հավատում են, որ երկնքում կան բանական էակներ, որոնց հետ կարելի է հաղորդակցվել և որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդկանց կյանքում։ Այս համոզմունքը նոր չէ և ոչ էլ զարմանալի։ Սակայն հետաքրքիրն այն է, որ կան իրար հակասող զանազան կարծիքներ ոգեղեն էակների մասին։
Մահմեդականները երկրպագում են մեկ Աստծու՝ Ալլահինa։ Քրիստոնյաները հավատում են, որ Աստված Երրորդություն է՝ բաղկացած Հայր Աստծուց, Որդի Աստծուց և Սուրբ Ոգի Աստծուց։ Հնդուականները հավատում են, որ գոյություն ունեն հազարից ավելի աստվածներ և աստվածուհիներ։ Ուրիշներն էլ ասում են, որ որոշ կենդանիների, ծառերի, ժայռերի ու գետերի մեջ ապրում են ոգիներ։ Մարդկանց մի մասն էլ հավատում է այն ամենին, ինչ գրքերում, հեռուստատեսային ծրագրերում և ֆիլմերում ներկայացվում է հրեշտակների, դևերի, ուրվականների, աստվածների ու աստվածուհիների մասին։
Ինչպես որ աստվածների մասին պատկերացումներն են բազմազան և հակասական, այնպես էլ բազմազան ու հակասական են նրանց հետ հաղորդակցվելու վերաբերյալ պատկերացումները։ Սակայն տրամաբանական է, որ հաղորդակցվելու բոլոր միջոցները չեն կարող ճիշտ լինել։ Օրինակ՝ հեռախոսազանգ կատարելուց առաջ մենք պետք է իմանանք, թե ում ենք զանգում, վստահ լինենք, որ այդ անձնավորությունը իրոք գոյություն ունի և կպատասխանի մեր զանգին։ Եթե փորձենք երևակայական մեկի հետ կապ հաստատել, դա պարզապես անիմաստ կլինի, երբեմն էլ նույնիսկ վտանգավոր, եթե մեր զանգին պատասխանի ինքնակոչ մեկը։
Ուրեմն ովքե՞ր են իրականում ապրում երկնքում՝ ոգեղեն ոլորտում։ Աստվածաշունչը ոչ միայն պատասխանում է այս հարցին, այլև բացատրում է, թե ում հետ կարող ենք հաղորդակցվել և ինչ կարող ենք ակնկալել նրանից։ Հաջորդ հոդվածներում գրված աստվածաշնչյան տեղեկությունները հնարավոր է զարմացնեն քեզ։
[ծանոթագրություն]
a «Ալլահը» անուն չէ։ Այն պարզապես նշանակում է «Աստված»։