Ոգեղեն ոլորտին վերաբերող տեսիլքներ
ՈՐՔԱՆ էլ ուշադիր նայես երկնքին, չես կարող տեսնել ոգեղեն էակների։ Որքան էլ լարես ուշադրությունդ, չես կարող լսել նրանց ձայնը։ Սակայն համոզված եղիր, որ նրանք կան։ Այդ էակները հզոր բանականություն և մեծ զորություն ունեն։ Յուրաքանչյուրն առանձին անհատականություն է և ունի իր անունը։ Նրանցից ոմանք ուզում են օգնել մեզ, ոմանք էլ հակառակը՝ վնասել։ Մենք նրանց ուշադրության կենտրոնում ենք։
Ճշմարիտ Աստված նույնպես ոգեղեն անձնավորություն է (Հովհաննես 4։24)։ Նա ունի անուն, որն իրեն առանձնակի է դարձնում բոլոր կեղծ աստվածներից։ Նրա անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Սաղմոսերգուն գրեց. «Եհովան մեծ է և շատ գովաբանության արժանի։ Նա ավելի ահազդու է, քան մյուս բոլոր աստվածները։ Ժողովուրդների բոլոր աստվածները փուչ են, մինչդեռ Եհովան ստեղծել է երկինքը։ Արժանապատվությունն ու շքեղությունը նրա առջև են, զորությունն ու գեղեցկությունը՝ նրա սրբարանում» (Սաղմոս 96։4–6)։
Տեսիլքներ, որ պատկերում են ճշմարիտ Աստծուն
Աստվածաշնչում կարդում ենք. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Նրա կերպարանքն ու շքեղությունը վեր է մեր հասկացողությունից, ինչպես գույները՝ ի ծնե կույր մարդու համար։ Բայց ինչպես որ լավ ուսուցիչն է բարդ հասկացությունները պարզ բառերով բացատրում աշակերտներին, այնպես էլ Աստված է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով անտեսանելի բաները բացատրում մարդկանց համար ըմբռնելի կերպով։ Հնում ապրած հավատարիմ ծառաներին տրված տեսիլքների միջոցով Եհովան օգնում է մեզ պատկերացնելու, թե ինչպիսին է ոգեղեն ոլորտը և ինչպես են ոգեղեն էակները վերաբերվում մեզ։
Օրինակ՝ Եզեկիել մարգարեին տրված տեսիլքում Եհովայի փառքը նմանեցվում է կրակի, փայլի, շափյուղա քարի և ծիածանի։ Իսկ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքում Եհովան նկարագրվում է որպես գահին նստած մեկը, և ասվում է, որ Աստված «նման էր հասպիս քարի ու թանկարժեք կարմիր քարի», իսկ «գահի շուրջբոլորը ծիածան կար, որը նման էր զմրուխտի»։ Աստվածաշնչի այս արձանագրություններից տեսնում ենք, որ Եհովայի ներկայությունը պատկերվում է բացառիկ և շլացնող գեղեցկությամբ ու պայծառությամբ (Հայտնություն 4։2, 3; Եզեկիել 1։26–28)։
Դանիել մարգարեն նույնպես Եհովա Աստծու մասին տեսիլք է տեսել։ Նա ասում է, որ «բյուր բյուրեր [հրեշտակներ] կանգնած էին [Եհովայի] առաջ» (Դանիել 7։10)։ Մարգարեն հավանաբար ապշել էր այդ զարմանահրաշ տեսիլքից։ Նույնիսկ տեսիլքում մեկ հրեշտակ տեսնելը կարող է անչափ տպավորիչ լինել, էլ ուր մնաց բյուրավոր կատարյալ հրեշտակների տեսնելը։
Աստվածաշնչում հրեշտակների մասին հիշատակվում է մոտ 300 անգամ։ Նրանց թվում են նաև սերովբեները և քերովբեները։ «Հրեշտակ» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը նշանակում են «պատգամաբեր»։ Ուստի տրամաբանական է, որ նրանք հաղորդակցվում են իրար հետ։ Անցյալում նրանք հաղորդակցվել են նաև մարդկանց հետ։ Հրեշտակները մահացած մարդկանց հոգիները չեն։ Եհովան նրանց ստեղծել է նախքան առաջին մարդուն արարելը (Հոբ 38։4–7)։
Դանիելի տեսիլքում բազում հրեշտակներ հավաքվել էին՝ ականատես լինելու մի նշանակալից իրադարձության։ Դանիելը պատմում է, որ տեսել է, թե ինչպես է «մարդու որդու նման մեկը» մոտենում Եհովայի գահին՝ ստանալու «իշխանություն, պատիվ ու թագավորություն, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգություններն ու լեզուները ծառայեն նրան» (Դանիել 7։13, 14)։ «Մարդու որդին», որը կարևոր դեր ունի ոգեղեն ոլորտում, հարություն առած Հիսուս Քրիստոսն է, ում իրավունք է տրվել իշխելու ամբողջ երկրի վրա։ Նրա իշխանությունը շուտով կփոխարինի երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կառավարություններին և վերջ կդնի հիվանդություններին, տառապանքին, նեղություններին, աղքատությանը և նույնիսկ մահին (Դանիել 2։44)։
Հիսուսի գահակալությունն, անկասկած, մեծ ուրախություն պատճառեց բոլոր հավատարիմ հրեշտակներին, քանի որ նրանք ուզում են, որ մարդիկ երջանիկ լինեն։ Սակայն ցավալի է, որ այդ իրադարձությունը ոչ բոլոր ոգեղեն էակներին ուրախացրեց։
Աստծու և մարդու թշնամիները
Մարդկության պատմության հենց սկզբում հրեշտակներից մեկը ցանկացավ, որ բոլորը իրեն երկրպագեն, և ըմբոստացավ Եհովայի դեմ։ Այդպես վարվելով՝ նա դարձավ Սատանա, որը նշանակում է «հակառակորդ»։ Չարության մարմնացումը՝ Սատանան, բոլորովին հակառակ է Աստծուն, որը սիրո մարմնացումն է։ Այդ հակառակորդին միացան նաև հրեշտակներից ոմանք, որոնց Աստվածաշունչը կոչում է դևեր։ Նրանք Սատանայի նման դարձան մարդկանց ոխերիմ թշնամիները։ Նրանց ազդեցության պատճառով երկրի վրա գոյություն ունեն տառապանք, անարդարություն, աղքատություն, հիվանդություններ և պատերազմներ։
Թեև քրիստոնեական աշխարհում շատերը նախընտրում են չխոսել Սատանայի մասին, սակայն Աստվածաշնչի «Հոբ» գիրքը բացահայտում է, թե ինչ հատկություններ և մղումներ ունի այս ըմբոստ հրեշտակը։ Այնտեղ կարդում ենք. «Նշանակված օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները ներկայացան Եհովայի առաջ, Սատանան էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ»։ Այնուհետև Սատանան հանդգնորեն սկսեց մեղադրել Հոբին՝ ասելով, թե նա Աստծուն ծառայում է միայն իր շահի համար։ Իր մեղադրանքը հիմնավորելու համար Սատանան մեծ դժբախտություններ պատճառեց Հոբին. զրկեց նրան իր ողջ ունեցվածքից, սպանեց երեխաներին, որից հետո Հոբին «ոտքի թաթից մինչև նրա գագաթը չարորակ պալարներով հարվածեց»։ Բայց Սատանան իր նպատակին չհասավ (Հոբ 1։6–19; 2։7)։
Եհովան հիմնավոր պատճառներ ունի թույլ տալու Սատանային գործել այսքան ժամանակ։ Բայց նա հավիտյան չի հանդուրժի նրա չարությունը։ Աստված շուտով կվերացնի Սատանային։ Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր իրականացվել են։ Դրանց մասին խոսվում է «Հայտնություն» գրքում։ Այնտեղ բացահայտվում է մի կարևոր իրադարձություն, որը տեղի է ունենում ոգեղեն ոլորտում, ինչի մասին այլ կերպ մենք չէինք կարող իմանալ։ Գրքում կարդում ենք. «Պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը [հարություն առած Հիսուս Քրիստոսը] և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի [Սատանայի] դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին, բայց վիշապը չկարողացավ դիմադրել, ու նրանց համար այլևս տեղ չեղավ երկնքում։ Եվ ցած գցվեց մեծ վիշապը՝ առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ երկիրը. նա ցած գցվեց երկրի վրա, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։7–9)։
Հետաքրքիր է, որ այս համարներում ասվում է, որ Սատանան «մոլորեցնում է ողջ երկիրը»։ Նա մարդկանց մոլորեցնում է կրոնական կեղծ ուսմունքների միջոցով՝ նրանց հեռացնելով Եհովայից ու նրա Խոսքից։ Դրանցից մեկն այն է, որ մահից հետո բոլորը շարունակում են իրենց գոյությունը ոգեղեն ոլորտում։ Այս կեղծ ուսմունքը տարբեր կերպերով է բացատրվում։ Օրինակ՝ Աֆրիկայում և Ասիայում մարդիկ հավատում են, որ մահանալուց հետո մարդը տեղափոխվում է ոգիների աշխարհ, որտեղ ապրում են իր նախնիները։ Այս ուսմունքի վրա է հիմնված նաև քավարանի և դժոխքի գաղափարը։
Արդյո՞ք մահը երկնային կյանքի դուռ է բացում
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հավատում են, որ բոլոր լավ մարդիկ գնում են երկինք։ Ճիշտ է, որոշ լավ մարդիկ իսկապես գնում են երկինք, բայց նրանց թիվը շատ քիչ է՝ համեմատած այն միլիարդավոր մարդկանց հետ, ովքեր մահացել են։ Աստվածաշունչը հայտնում է, որ միայն 144000 մարդիկ «կգնվեն երկրից» և կծառայեն որպես «քահանաներ» ու «կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։9, 10; 14։1, 3)։ Մարդու Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ նրանք կկազմեն երկնային կառավարությունը, այսինքն՝ Աստծու Թագավորությունը։ Այս կառավարությունը կվերացնի Սատանային ու նրա դևերին և երկիրը կվերածի դրախտի։ Մահացածների մեծ մասը ապագայում հետ կյանքի կբերվի և հնարավորություն կունենա ապրելու դրախտ երկրի վրա (Ղուկաս 23։43)։
Այսպիսով՝ իմացանք, որ բազմաթիվ ոգեղեն էակներ են ապրում երկնքում։ Գերագույն Էակը Եհովա Աստվածն է՝ կյանքի Արարիչը։ Միլիարդավոր հրեշտակներ հավատարմորեն ծառայում են նրան։ Սակայն որոշ հրեշտակներ էլ, հետևելով Սատանային, հեռացել են Եհովայից ու մոլորեցնում են մարդկանց։ Իմացանք նաև, որ սահմանափակ թվով մարդիկ են ընտրվել երկրից, որպեսզի երկնքում հատուկ դեր ստանձնեն։ Այս ամենը ի մտի ունենալով՝ եկեք տեսնենք, թե ոգեղեն ոլորտում ապրողներից ում հետ կարող ենք հաղորդակցվել և ինչպես։