Մի՛ խաբիր ինքդ քեզ սխալ դատողությամբ
«ԱՅԴ ի՞նչ արեցիր»,— հարցրեց Աստված Եվային, որը կերել էր արգելված ծառի պտղից։ «Օձը... Նա խաբեց ինձ, ու ես կերա»,— պատասխանեց Եվան (Ծննդ. 3։13)։ Սատանան՝ խորամանկ օձը, որ դրդեց Եվային չհնազանդվելու Աստծուն, հետագայում կոչվեց «առաջին օձ.... որ մոլորեցնում է ողջ երկիրը» (Հայտն. 12։9)։
«Ծննդոց» գիրքը Սատանային ներկայացնում է որպես խորամանկ ստախոսի, որը ամեն կերպ փորձում է խաբել միամիտներին։ Օրինակ՝ նրան հաջողվեց խաբել Եվային։ Սակայն Սատանան միակը չէ, որ կարող է խաբել մեզ։ Աստվածաշունչը նախազգուշացնում է սխալ դատողությամբ ինքներս մեզ խաբելու վտանգի մասին (Հակ. 1։22)։
Ինքներս մեզ խաբելու միտքը գուցե շատ անհավանական և նույնիսկ անհնար թվա։ Սակայն աստվածաշնչյան այս նախազգուշացումն ակներևաբար ի զուր չի տրվել։ Ուստի լավ կլինի քննել, թե ինչպես է հնարավոր, որ մարդը խաբի իրեն, և թե ինչպիսի դատողությունները կարող են մոլորեցնել նրան։ Աստվածաշնչում արձանագրված օրինակներից մեկը կօգնի մեզ այս հարցում։
Ինքնախաբեության օրինակ
Մ.թ.ա. մոտ 537 թ.-ին Պարսից Կյուրոս արքան հրաման արձակեց, որի համաձայն Բաբելոն գերեվարված հրեաները կարող էին վերադառնալ Երուսաղեմ ու վերակառուցել տաճարը (Եզր. 1։1, 2)։ Եհովայի կամքի համաձայն՝ հաջորդ տարի ժողովուրդը դրեց նոր տաճարի հիմքը։ Հրեաների համար դա մեծ ուրախություն էր։ Նրանք գովաբանում էին Եհովային, որ նրա օրհնությամբ իրականացրին այս կարևոր նախագծի առաջին փուլը (Եզր. 3։8, 10, 11)։ Սակայն շատ չանցած՝ հակառակորդները սկսեցին հուսահատեցնել նրանց, որպեսզի դադարեցնեն շինարարությունը, և Հուդայի ժողովրդի ձեռքերը թուլացան (Եզր. 4։4)։ Երուսաղեմ վերադառնալուց գրեթե 15 տարի անց պարսկական իշխանությունը արգելեց որևէ շինարարական աշխատանք իրականացնել քաղաքում։ Այս արգելքը ուժի մեջ մտցնելու համար որոշ պաշտոնյաներ եկան Երուսաղեմ և «զենքի ուժով կանգնեցրին աշխատանքները» (Եզր. 4։21–24)։
Սա լուրջ խոչընդոտ էր իսրայելացիների համար, և նրանք սկսեցին իրենք իրենց խաբել՝ մտածելով. «Ժամանակը չի եկել, ժամանակը չէ, որ Եհովայի տունը կառուցվի» (Անգե 1։2)։ Նրանք եզրակացրին, թե Աստված չի ուզում, որ տաճարը անհապաղ կառուցվի։ Ուստի փոխանակ մտածելու, թե ինչպես կատարեն Եհովայի կամքը՝ նրանք թողեցին իրենց սուրբ ծառայությունը և կենտրոնացան իրենց տները բարեկարգելու վրա։ Այդ պատճառով Անգե մարգարեն, հանդիմանելով նրանց, ասաց. «Ժամանա՞կն է, որ դուք բնակվեք փայտակերտ տներում, մինչ այս տունը [Եհովայի տաճարը] ավերակների մեջ է» (Անգե 1։4)։
Ի՞նչ դաս է իսրայելացիների այս օրինակը մեզ համար։ Աստծու կամքի իրականացման ժամանակի վերաբերյալ սխալ դատողությունը կարող է պատճառ լինել, որ մենք սկսենք անտեսել հոգևոր գործերը՝ կենտրոնանալով անձնական գործերի ու ցանկությունների վրա։ Այս միտքը պարզ հասկանալու համար բերենք մի օրինակ։ Երբ տանտերը իմանա, որ հյուրեր է ունենալու, անկասկած, կսկսի անհրաժեշտ պատրաստություններ տեսնել նրանց ընդունելու համար։ Բայց մի՞թե նա չի շարունակի պատրաստություններ տեսնել, եթե տեղեկանա, որ նրանք ուշանալու են։
Անգե և Զաքարիա մարգարեները օգնեցին հրեաներին հասկանալու, որ Եհովայի կամքն է, որ նրանք առանց հետաձգելու վերակառուցեն տաճարը։ «Զորացի՛ր, երկրի ամբո՛ղջ ժողովուրդ.... և գործի՛ անցիր»,— հորդորեց Անգեն (Անգե 2։4)։ Նրանք պետք է շարունակեին կիսատ թողած գործը՝ վստահ լինելով, որ Աստված իր սուրբ ոգով կաջակցի իրենց (Զաք. 4։6, 7)։ Թող որ նրանց օրինակը օգնի քեզ խուսափելու Եհովայի օրվա վերաբերյալ սխալ եզրակացություններ անելուց (1 Կորնթ. 10։11)։
Ճիշտ մտածելակերպ սխալ դատողության փոխարեն
Իր երկրորդ նամակում Պետրոս առաքյալը խոսում է «նոր երկինք ու նոր երկիր» հաստատելու Եհովայի նպատակի և դրա իրականացման մասին (2 Պետ. 3։13)։ Նա նշում է, որ ոմանք ծաղրանքով են խոսում Աստծու նպատակների մասին և կասկածի են ենթարկում այն փաստը, որ նա միջամտելու է մարդկանց գործերին։ Նրանք պնդում են, որ ոչինչ էլ չի լինի և որ «ամեն բան կշարունակվի մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր» (2 Պետ. 3։4)։ Պետրոսը իր նամակում ցույց է տալիս, որ նրանք սխալ կերպ են մտածում։ Նա գրում է. «Հիշեցումներ տալով՝ արթնացնում եմ ձեր առողջ մտածողությունը»։ Առաքյալը ասում է, որ ծաղրողները չարաչար սխալվում են՝ հիշեցնելով, որ անցյալում Աստված միջամտել է մարդկանց գործերին և ջրհեղեղով կործանել է աշխարհը (2 Պետ. 3։1, 5–7)։
Անգե մարգարեն նմանատիպ հորդոր տվեց հրեաներին մ.թ.ա. 520-ին, երբ նրանք թուլացել էին և կորցրել իրենց եռանդը։ Նա ասաց. «Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին» (Անգե 1։5)։ Հրեաների մտածելակերպը ուղղելու համար մարգարեն հիշեցրեց նրանց, թե Աստված ինչ նպատակներ ունի և ինչ է խոստացել իր ժողովրդին (Անգե 1։8; 2։4, 5)։ Մարգարեի խոսքերից ժողովուրդը քաջալերվեց ու վերսկսեց շինարարական աշխատանքները՝ չնայած իշխանության կողմից դրված արգելքին։ Նրանց հակառակորդները կրկին փորձեցին խանգարել վերակառուցման գործին, սակայն այս անգամ արդեն դա նրանց չհաջողվեց։ Արգելքը հանվեց, և հինգ տարի անց տաճարն արդեն վերակառուցված էր (Եզր. 6։14, 15; Անգե 1։14, 15)։
Ուշադրություն դարձրու քո ճանապարհներին
Քո կարծիքով՝ հնարավո՞ր է, որ հրեաների պես՝ մենք էլ թուլանանք, երբ դժվարությունների առաջ կանգնենք։ Նման իրավիճակում գուցե կորցնենք քարոզչական ծառայության մեջ մեր եռանդը։ Աշխարհում տիրող անարդարության պատճառով մեր կրած տառապանքը կարող է մղել մեզ մտածելու, թե Եհովայի օրը ուշանում է։ Գուցե դու էլ ես զգում այն, ինչ զգում էր Ամբակում մարգարեն, երբ ասաց. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես։ Ինչքա՞ն պիտի օգնության կանչեմ, որ փրկես բռնությունից» (Ամբ. 1։2)։ Սակայն այդպիսի մտածելակերպը կարող է պատճառ լինել, որ քրիստոնյան կորցնի իր հրատապության զգացումը և ձգտի հարմարավետ կյանքի։ Իսկ ի՞նչ մտածելակերպ ունես դու։ Եթե մտածում ենք, թե Եհովայի օրը ուշանում է, խաբում ենք ինքներս մեզ։ Անչափ կարևոր է, որ հետևենք սուրբգրային հորդորին՝ «ուշադրություն դարձնենք մեր ճանապարհներին» ու «արթնացնենք մեր առողջ մտածողությունը»։ Հարցրու ինքդ քեզ. «Վերջին օրերը իմ սպասածից ավելի երկա՞ր են տևում»։
Արթնությամբ սպասիր
Ուշադրություն դարձնենք, թե վերջին օրերի մասին մարգարեանալիս Հիսուսը ինչ ասաց։ Ըստ Մարկոսի Ավետարանի՝ նա մի քանի անգամ իր աշակերտներին հորդորեց արթուն մնալ (Մարկ. 13։33–37)։ Նման հորդոր է տրվում նաև Եհովայի մեծ օրվա՝ Արմագեդոնի մասին մարգարեության մեջ (Հայտն. 16։14–16)։ Ինչո՞ւ է կրկնվում այս նախազգուշացումը։ Պատճառն այն է, որ երբ մարդ ինչ-որ բանի է սպասում և թվում է, թե այն ուշանում է, հնարավոր է՝ կորցնի հրատապության զգացումը։
Այս վերջին օրերում մեր արթնությունն ու զգոնությունը պահելու կարևորությունը կարելի է ցույց տալ մի օրինակով։ Երբ տանտերը արթնանա ու տեսնի, որ գիշերը գող է մտել իր տուն և թալանել է իրեն, հավանաբար կմտածի. «Եթե իմանայի ու արթուն մնայի, ապա նման բան տեղի չէր ունենա»։ Նա անշուշտ կափսոսա, որ արթուն չի եղել։ Հիսուսը նման օրինակ բերեց և հետևյալ հորդորը տվեց. «Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, որ չեք կարծում, մարդու Որդին կգա» (Մատթ. 24։43, 44)։
Այս օրինակից տեսնում ենք, թե որքան կարևոր է արթնությամբ սպասել, նույնիսկ եթե այդ ժամանակը երկար թվա։ Մենք չպետք է կենտրոնանանք ժամանակի վրա՝ մտածելով, թե այս ամբարիշտ աշխարհի վախճանը ուշանում է։ Չպետք է խաբենք ինքներս մեզ՝ մտածելով, թե Եհովայի օրը դեռ հեռու է։ Այսպիսի մտածելակերպը թուլացնում է Թագավորության բարի լուրը քարոզելու եռանդը (Հռոմ. 12։11)։
Մաքրիր միտքդ սխալ դատողությունից
Սխալ դատողության վերաբերյալ Գաղատացիներ 6։7-ում հետևյալ սկզբունքն է գրված. «Մի՛ մոլորվեք.... Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»։ Եթե դաշտը անմշակ մնա, մոլախոտեր կաճեն ու կծածկեն այն։ Նմանապես, եթե մենք առողջ մտածողություն չմշակենք մեր մեջ, ապա սխալ դատողությունները կսկսեն արմատներ գցել։ Օրինակ՝ գուցե ինքներս մեզ ասենք. «Եհովայի օրն անկասկած կգա, բայց ոչ հիմա»։ Նման դատողությունը կարող է պատճառ լինել, որ սկսենք մատների արանքով նայել աստվածապետական գործերին։ Ժամանակի ընթացքում մենք կսկսենք անտեսել մեր հոգևոր կարիքները, և Եհովայի օրը հանկարծակիի կբերի մեզ (2 Պետ. 3։10)։
Մենք կարող ենք մաքուր պահել մեր միտքը, եթե շարունակ «հավաստիանանք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Այս հարցում լավագույն օգնությունը մեզ համար Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն է։ Այն կամրացնի մեր համոզվածությունն այն բանում, որ Եհովան միշտ իր նշանակած ժամանակին է իրականացնում իր խոսքը (Ամբ. 2։3)։
Անձնական ուսումնասիրությունը, աղոթքները, ժողովի բոլոր հանդիպումներին ներկա լինելը և քարոզչական գործին մասնակցելը, ինչպես նաև բարի գործեր անելը կօգնեն մեզ «մտքում վառ պահելու Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետ. 3։11, 12)։ Եհովայի աչքից չի վրիպի մեր հավատարիմ ընթացքը։ Պողոս առաքյալը հիշեցնում է. «Չհոգնենք բարին անելուց, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք» (Գաղ. 6։9)։
Հիմա ժամանակը չէ թողնելու, որ սխալ դատողությունները խաբեն մեզ, թե Եհովայի օրը ուշանում է։ Եկեք ավելի վճռականորեն պահենք մեր արթնությունը, քանի որ Եհովայի օրը մոտեցել է։
[նկար 4-րդ էջի վրա]
Անգեն և Զաքարիան հորդորեցին հրեաներին շարունակել կիսատ թողած գործը
[նկար 5-րդ էջի վրա]
Եթե միայն տանտերն իմանար ու արթուն մնար...