Եկեք միասին ուրախանանք
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ և ուրախություն գտնելը օրեցօր ավելի դժվար է դառնում։ Շատերի համար գրեթե անհնար է դարձել ուրիշների հետ ուրախանալը։ Այսօրվա կյանքը ստիպում է մարդկանց, հատկապես մեծ քաղաքներում ապրողներին փակվել իրենց մեջ ու մեկուսանալ։
«Միայնությունը շատ սովորական բան է,— ասում է կենսահոգեբանության պրոֆեսոր Ալբերտո Օլիվերիոն,— և կասկած չկա, որ կյանքը մեծ քաղաքներում նպաստում է դրան։ Շատ դեպքերում այն ստիպում է մեզ անտարբեր լինել մեր աշխատակցի, հարևանի կամ մոտակա հանրախանութի գանձապահի հանդեպ»։ Միայնությունը հաճախ դեպրեսիայի պատճառ է դառնում։
Սակայն քրիստոնյաների իրավիճակն ու դրսևորած ոգին տարբերվում են։ Պողոս առաքյալը գրեց. «Միշտ ուրախ եղեք» (1 Թեսաղ. 5։16)։ Շատ պատճառներ ունենք ուրախ լինելու և միասին ուրախանալու։ Մենք երկրպագում ենք Բարձրյալ Աստծուն՝ Եհովային, հասկանում ենք աստվածաշնչյան ճշմարտությունը, փրկության ու հավիտենական կյանքի հույս ունենք և կարող ենք ուրիշներին օգնել ստանալու այդ օրհնությունները (Սաղ. 106։4, 5; Երեմ. 15։16; Հռոմ. 12։12)։
Ուրախանալը և ուրիշներին մեր ուրախությանը մասնակից դարձնելը ճշմարիտ քրիստոնյաների առանձնահատկություններից են։ Ուստի զարմանալի չէ, որ Պողոսը փիլիպպեցիներին գրեց. «Ես ուրախ եմ և հրճվում եմ ձեր բոլորի հետ։ Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք և հրճվեք ինձ հետ» (Փիլիպ. 2։17, 18)։ Այս փոքր հատվածում Պողոսը երկու անգամ խոսում է ուրախ լինելու և միասին ուրախանալու մասին։
Անշուշտ, քրիստոնյաները պետք է զգույշ լինեն, որ խուսափեն մեկուսանալու հակումից։ Նա, ով մեկուսանում է, երբեք չի կարող ուրախանալ հավատակիցների հետ։ Ուստի ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի հորդորին, որ մեր եղբայրների հետ «շարունակենք ուրախանալ Տիրոջով» (Փիլիպ. 3։1)։
Ուրախացիր հավատակիցների հետ
Փիլիպպեցիներին իր նամակը գրելիս Պողոսը քարոզելու պատճառով հավանաբար բանտարկված էր Հռոմում (Փիլիպ. 1։7; 4։22)։ Սակայն բանտարկությունը չէր նվազեցրել ծառայության մեջ նրա խանդավառությունը։ Հակառակը՝ առաքյալը ուրախանում էր, որ հնարավորինս լիարժեք կերպով է ծառայում Եհովային և «ըմպելիքի ընծայի» նման՝ թափվում (Փիլիպ. 2։17)։ Պողոսի տրամադրվածությունը ցույց է տալիս, որ ուրախությունը կախված չէ անհատի հանգամանքներից։ Չնայած առաքյալը բանտարկված էր, նա ասաց. «Կշարունակեմ ուրախանալ» (Փիլիպ. 1։18)։
Պողոսը Փիլիպպեում ժողով էր հիմնել և առանձնահատուկ կերպով էր սիրում այնտեղի եղբայրներին։ Նա գիտեր, որ եթե պատմի, թե ինչ ուրախություն է ստանում ծառայությունից, նրանք էլ կքաջալերվեն։ Այդ պատճառով գրեց. «Ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց, ոչ թե հակառակը, այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը իմացան, որ ես բանտի կապանքների մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար» (Փիլիպ. 1։12, 13)։ Պողոսի համար ուրախ լինելու և եղբայրների հետ ուրախանալու կերպերից մեկը այս քաջալերական դեպքի մասին պատմելն էր։ Ամենայն հավանականությամբ, դա ուրախացրեց փիլիպպեցիներին։ Սակայն իմանալով, թե ինչ հանգամանքներում է գտնվում Պողոսը՝ նրանք չպետք է վհատվեին։ Այդ քրիստոնյաները պետք է ընդօրինակեին նրան (Փիլիպ. 1։14; 3։17)։ Ավելին, նրանք կարող էին շարունակել իրենց աղոթքներում նշել Պողոսի մասին և հնարավորինս օգնել ու աջակցել նրան (Փիլիպ. 1։19; 4։14–16)։
Արդյոք դրսևորո՞ւմ ենք այն նույն ուրախ ոգին, որն ուներ Պողոսը։ Ձգտո՞ւմ ենք տեսնել մեր հանգամանքների դրական կողմերը ու քրիստոնեական ծառայության մեջ ունեցած լավ արդյունքները։ Եղբայրների հետ շփվելիս կարող ենք պատմել մեր ծառայության մասին։ Կարիք չկա ցնցող դեպքերի սպասելու։ Հնարավոր է՝ արդյունավետ մատուցման կամ ճիշտ տրամաբանության շնորհիվ կարողացել ենք Թագավորության լուրի հանդեպ հետաքրքրություն առաջացնել, գուցե հետաքրքիր զրույց ենք ունեցել տանտիրոջ հետ աստվածաշնչյան կոնկրետ համարի շուրջ կամ պարզապես մեր տարածքում մեզ ճանաչել են, որ Եհովայի վկա ենք, ինչի շնորհիվ լավ վկայություն ենք տվել։ Այսպիսի դեպքեր պատմելը միասին ուրախանալու հիանալի կերպերից մեկն է։
Եհովայի ժողովրդից շատերը մեծ զոհողություններ են արել և շարունակում են անել քարոզչությանը մասնակցելու համար։ Ռահվիրաները, շրջագայող վերակացուները, բեթելցիները, միսիոներներն ու միջազգային ծառայողները իրենց լավագույնն են անում լիաժամ ծառայության մեջ և ուրախություն են ստանում։ Ուրախանո՞ւմ ենք նրանց հետ։ Եկեք ցույց տանք մեր երախտագիտությունը այս թանկ համագործակիցների հանդեպ, որոնք նպաստում են Աստծու Թագավորության շահերին (Կող. 4։11)։ Ժողովի հանդիպումների ու համաժողովների ժամանակ կարող ենք սրտանց քաջալերել նրանց։ Կարող ենք նաև ընդօրինակել այդ եղբայրների եռանդը և հնարավորություն ստեղծել լսելու նրանց պատմած դեպքերն ու կերտիչ խոսքերը՝ հյուրասիրություն կազմակերպելով ու թերևս միասին ճաշելով (Փիլիպ. 4։10)։
Ուրախացիր փորձությունների մեջ եղողների հետ
Հալածանքների ներքո տոկալն ու փորձություններին դիմագրավելը ավելացրին Պողոսի վճռականությունը՝ հավատարիմ մնալու Եհովային (Կող. 1։24; Հակ. 1։2, 3)։ Առաքյալին ուրախ լինելու և Փիլիպպեի եղբայրների հետ ուրախանալու պատճառ էր տալիս այն բանի գիտակցումը, որ իր հաստատակամությունը կքաջալերեր նրանց, երբ բախվեին նմանատիպ փորձությունների։ Ուստի նա գրեց. «Ձեզ առանձնաշնորհում տրվեց ոչ միայն հավատալ Քրիստոսին, այլև տառապանք կրել նրա համար։ Դուք այն նույն պայքարն եք մղում, որը ես եմ մղում, ինչպես տեսաք և հիմա էլ լսում եք» (Փիլիպ. 1։29, 30)։
Քրիստոնյաները այսօր էլ են հակառակության բախվում վկայություն տալու համար։ Երբեմն այն կարող է լինել բռնության տեսքով, բայց ավելի հաճախ՝ հավատուրացների կեղծ մեղադրանքների, ընտանիքի անդամների թշնամանքի, աշխատակիցների կամ դասընկերների ծաղրանքի տեսքով։ Հիսուսը զգուշացրեց, որ այս դժվարությունները ոչ թե պետք է զարմացնեն ու վհատության մեջ գցեն մեզ, այլ պետք է ուրախանալու պատճառ լինեն մեզ համար։ Նա ասաց. «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ նախատում և հալածում են ձեզ ու ստելով ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում» (Մատթ. 5։11, 12)։
Չպետք է վախենանք կամ սարսափենք, երբ լսում ենք, որ մեր եղբայրները որոշ երկրներում դաժան հալածանքներ են կրում։ Հակառակը՝ պետք է ուրախ լինենք, որ հաստատակամ են։ Կարող ենք աղոթել նրանց համար՝ խնդրելով, որ Եհովան ամրացնի նրանց հավատը և օգնի տոկալու (Փիլիպ. 1։3, 4)։ Ճիշտ է, գուցե ավելին չկարողանանք անել այդ սիրելի եղբայրների համար, բայց կարող ենք օգնել փորձությունների մեջ եղող մեր ժողովի հավատակիցներին։ Կարող ենք հետաքրքրվել նրանցով ու աջակցել։ Նաև նրանց հետ ուրախանալու հնարավորություններ կստեղծենք, եթե ժամանակ առ ժամանակ հրավիրենք մեր ընտանեկան երկրպագության երեկոյին, միասին ծառայենք ու հանգիստն անցկացնենք։
Միասին ուրախանալու շատ պատճառներ ունենք։ Եկեք դիմադրենք աշխարհում տարածված մեկուսանալու ոգուն և շարունակենք մեր եղբայրների հետ ուրախանալ։ Այդպես վարվելով՝ ոչ միայն կնպաստենք այն բանին, որ մեր ժողովում սեր ու միասնություն տիրի, այլև լիարժեք կերպով կվայելենք քրիստոնեական եղբայրության ընկերակցությունը (Փիլիպ. 2։1, 2)։ Պողոսը հորդորում է. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք» (Փիլիպ. 4։4)։
[նկար 6-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Globe: Courtesy of Replogle Globes