Զրույց հետաքրքիր թեմայի շուրջ. բոլո՞ր լավ մարդիկ են գնում երկինք
ՀԱՎԱՆԱԲԱՐ ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։
Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկա տղամարդու անունը կդնենք Էդուարդ, իսկ զրուցակցի անունը՝ Ռոբերտ։
Երկինք գնացողներն ի՞նչ են անելու այնտեղ
Էդուարդ — Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա է սպասում լավ մարդկանց։
Ռոբերտ — Չեմ մտածում, որ երկրի վրա մի լավ բան կլինի։ Բայց հույս ունեմ, որ լավ մարդիկ կվարձատրվեն՝ երկինք կգնան։
Էդուարդ — Իսկապես հրաշալի հույս է։ Աստվածաշունչը բավականին տեղեկություններ է հայտնում երկնքի և երկնային կյանքի վարձատրության մասին։ Իսկ մտածե՞լ եք, թե երկինք գնացողները ինչ են անելու այնտեղ։
Ռոբերտ — Մենք Աստծու հետ ենք լինելու և հավիտյան փառաբանելու ենք նրան։
Էդուարդ — Նկատե՞լ եք, որ Աստվածաշունչը խոսում է ոչ միայն երկնային կյանքի վարձատրության մասին, այլև այն պատասխանատվությունների, որ Հիսուսը տալու է այնտեղ գնացողներին։
Ռոբերտ — Ի՞նչ պատասխանատվություններ։
Էդուարդ — Դրա մասին խոսվում է Հայտնություն 5։10-ում։ Այստեղ գրված է. «Մեր Աստծու համար նրանց թագավորներ ու քահանաներ դարձրիր, և նրանք կթագավորեն երկրի վրա»։ Նկատեցի՞ք, թե երկինք գնացողները ինչ պատասխանատվություն են ունենալու։
Ռոբերտ — Համարում ասվում է, որ թագավորելու են երկրի վրա։
Էդուարդ — Հետաքրքիր է, չէ՞։
Ո՞ւմ վրա են նրանք թագավորելու
Էդուարդ — Համաձայն չե՞ք, որ եթե երկինք գնացողները թագավորելու են, նշանակում է՝ լինելու են մարդիկ՝ հպատակներ, որոնց վրա նրանք պետք է իշխեն։ Չէ՞ որ չկա կառավարություն առանց հպատակների։
Ռոբերտ — Դե... հա՛...
Էդուարդ — Ուրեմն ո՞ւմ վրա են նրանք իշխելու։
Ռոբերտ — Երևի կիշխենք այն մարդկանց վրա, ովքեր դեռ չեն մահացել ու չեն գնացել երկինք։
Էդուարդ — Այդպես կլիներ, եթե բոլոր լավ մարդիկ երկինք գնային։ Բայց հնարավոր չէ՞, որ լինեն ոմանք, ովքեր երկինք չեն գնալու։
Ռոբերտ — Իմ իմանալով՝ բոլոր քրիստոնյաները հույս ունեն երկինք գնալու։
Էդուարդ — Գիտե՞ք՝ ինչու այդ հարցը տվեցի։ Սաղմոս 37։29-ը կարդալուց հետո պարզ կլինի։ Կցանկանա՞ք կարդալ։
Ռոբերտ — Կկարդամ։ «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։
Էդուարդ — Շնորհակալություն։ Նկատեցի՞ք, թե բազմաթիվ լավ մարդիկ որտեղ են ապրելու։
Ռոբերտ — Գրված է՝ երկրի վրա։
Էդուարդ — Ճիշտ է։ Իսկ որքա՞ն ժամանակ են ապրելու։ Տեսեք, ասում է՝ «հավիտյան կբնակվեն նրա վրա»։
Ռոբերտ — Հնարավոր է՝ այդ խոսքերը նշանակում են, որ երկրի վրա միշտ էլ լավ մարդիկ կլինեն։ Երբ մենք մահանանք ու երկինք գնանք, երկրի վրա ուրիշ լավ մարդիկ կծնվեն ու կփոխարինեն մեզ։
Էդուարդ — Գուցե շատերն այդպես են բացատրում այս համարը։ Բայց հնարավոր չէ՞, որ մեկ այլ բան նշանակի, այսինքն՝ որ լավ մարդիկ հավիտյան կապրեն երկրի վրա։
Ռոբերտ — Չհասկացա՝ ինչ նկատի ունեք։
Դրախտ՝ երկրի վրա
Էդուարդ — Տեսեք, թե երկրի վրա հավիտյան ապրելու մասին ինչ է ասում Հայտնություն 21։4-ը. «Եվ նա [Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Մի՞թե հրաշալի չէ։
Ռոբերտ — Այո՛։ Բայց կարծում եմ՝ այստեղ խոսվում է երկնային կյանքի մասին։
Էդուարդ — Այն մարդիկ, ովքեր գնում են երկինք, իսկապես, նման օրհնություններ կունենան։ Բայց նորից ուշադրություն դարձրեք այս համարին։ Ի՞նչ է գրված, ի՞նչ է լինելու մահվանը։
Ռոբերտ — Գրված է՝ «մահ այլևս չի լինի»։
Էդուարդ — Վստահ եմ՝ համաձայն եք, որ եթե մի բան գոյություն չունի, դրա մասին չի ասվի, թե «այլևս չի լինի»։
Ռոբերտ — Բան չունեմ ասելու։
Էդուարդ — Բայց երկնքում երբեք մահ չի եղել և չկա, այդպես չէ՞։ Միայն այստեղ՝ երկրի վրա է, որ մարդիկ մահանում են։
Ռոբերտ — Հըմ... Պետք է մտածեմ...
Էդուարդ — Ինչպես տեսնում եք, Աստվածաշունչը սովորեցնում է, որ որոշ լավ մարդիկ գնալու են երկինք, բայց շատերն էլ ապրելու են երկրի վրա հավիտյան։ Վստահ եմ՝ լսել եք այս խոսքերը. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթեոս 5։5, Էջմիածնի հրատարակություն)։
Ռոբերտ — Եկեղեցում շատ եմ լսել։
Էդուարդ — Այն, որ հեզերը ժառանգելու են երկիրը, չի՞ նշանակում, որ մարդիկ պետք է ապրեն երկրի վրա։ Երկրի վրա նրանք կվայելեն այն օրհնությունները, որոնց մասին կարդացինք «Հայտնություն» գրքում։ Այդ ժամանակ կյանքը միանգամայն ուրիշ կլինի, քանի որ Աստված ոչնչացնելու է ամեն չարություն, անգամ մահը։
Ռոբերտ — Հասկացա՝ ինչ եք ուզում ասել։ Բայց Աստվածաշնչից ընդամենը մեկ-երկու համարը բավական չէ դրանում համոզվելու համար։
Էդուարդ — Իհա՛րկե։ Աստվածաշունչը բազմիցս է խոսում, թե ապագայում ինչպիսին է լինելու կյանքը երկրի վրա։ Եթե մի քիչ էլ ժամանակ ունեք, կարող եմ ձեզ ցույց տալ ինձ դուր եկած խոսքերից մեկը։
Ռոբերտ — Մի քանի րոպե կարող եմ տրամադրել։
«Ամբարիշտն այլևս չի լինի»
Էդուարդ — Նորից բացենք 37-րդ սաղմոսը, բայց այս անգամ կարդանք 10-րդ և 11-րդ համարները։ Կկարդա՞ք։
Ռոբերտ — «Եվս մի փոքր ժամանակ, և ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա։ Սակայն հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։
Էդուարդ — Ուշադրություն դարձնենք 11-րդ համարին։ Որտե՞ղ են ապրելու հեզերը, կամ՝ լավ մարդիկ։
Ռոբերտ — Գրված է՝ «կժառանգեն երկիրը»։ Բայց կարծում եմ՝ այս խոսքերը վերաբերում են մեր օրերին։ Չէ՞ որ այսօր էլ երկրի վրա լավ մարդիկ կան։
Էդուարդ — Այո՛, կան։ Բայց տեսեք, համարում նաև ասվում է, որ այդ լավ մարդիկ խաղաղ պայմաններում են ապրելու։ Այսօր տեսնո՞ւմ ենք խաղաղություն։
Ռոբերտ — Է՜... Ուր էր թե խաղաղություն լիներ...
Էդուարդ — Ուրեմն Աստված ինչպե՞ս կկատարի իր խոստումը։ Մի օրինակ բերեմ։ Պատկերացրեք՝ դուք մի մեծ շենքի տեր եք և բնակարանները վարձով եք տվել։ Տնվորներից ոմանք լավ մարդիկ են։ Նրանք խնամքով են վերաբերվում բնակարաններին և լավ հարաբերություններ ունեն հարևանների հետ։ Ուրախ չե՞ք լինի, որ այդպիսի մարդկանց եք տրամադրել ձեր բնակարանները։ Բայց, պատկերացրեք, կան նաև վատ տնվորներ։ Նրանք փչացնում են ձեր ունեցվածքը և խանգարում հարևաններին։ Եթե նրանք չուզենան փոխել իրենց վարքը, ի՞նչ կանեք։
Ռոբերտ — Կվռնդեմ։
Էդուարդ — Աստված հենց այդպես էլ անելու է։ Նորից նայենք 10-րդ համարին. «Ամբարիշտն այլևս չի լինի»։ Այլ կերպ ասած՝ Աստված «կվռնդի» այն մարդկանց, ովքեր մյուսներին օր ու արև չեն տալիս։ Դրանից հետո լավ մարդիկ խաղաղ պայմաններում կապրեն երկրի վրա։ Ես հասկանում եմ, որ երկրի վրա հավիտյան ապրելու գաղափարը խորթ է ձեզ համար, քանի որ տարբերվում է մինչև հիմա ձեր իմացածից։
Ռոբերտ — Ճիշտ եք, եկեղեցում ոչ մի անգամ այդպիսի բան չեմ լսել։
Էդուարդ — Ռոբերտ ջան, ինչպես ինքդ նշեցիր, բավական չէ այս մտքի հետ կապված միայն մեկ կամ երկու համար քննարկելը։ Իրականում, մենք պետք է տեսնենք, թե ամբողջ Աստվածաշնչում ինչ է ասվում լավ մարդկանց ապագայի մասին։ Բայց ի՞նչ ես կարծում, Աստվածաշնչից այդ հատվածները կարդալուց հետո կարո՞ղ ենք եզրակացնել, որ լավ մարդկանց մի մասը գնալու է երկինք, իսկ մյուսները հավիտյան ապրելու են երկրի վրա։
Ռոբերտ — Վստահ չեմ։ Ես դեռ պետք է համոզվեմ դրանում։ Բայց չեմ էլ կարող հերքել, քանի որ մեր կարդացած համարները հենց դա են ցույց տալիս։
Էդուարդ — Մտածիր այս հարցի շուրջ։ Հնարավոր է՝ նաև այլ հարցեր ունենաս։ Օրինակ՝ ի՞նչ կարելի է ասել մեզանից առաջ ապրած լավ մարդկանց մասին։ Երկի՞նք են գնացել։ Եթե ոչ, ապա որտե՞ղ են նրանք այսօր։
Ռոբերտ — Հետաքրքիր հարց է։
Էդուարդ — Մինչև գնալս կուզեի այս թեմայի վերաբերյալ մի քանի աստվածաշնչյան համարներ նշել, որ հետո կարդաս և մտածեսa։ Նաև կուզեի՝ նորից հանդիպենք և քննարկենք այդ համարները։ Ի՞նչ կասես։
Ռոբերտ — Կարելի է։
[ծանոթագրություն]
a Տե՛ս Հոբ 14։13–15, Հովհաննես 3։13 և Գործեր 2։34-ը։