Մովսես. խոնարհության օրինակ
Ի՞ՆՉ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ։
Խոնարհ մարդը զերծ է գոռոզությունից ու հպարտությունից։ Նա իրեն ուրիշներից վեր չի դասում։ Ցանկացած անկատար մարդ, ով խոնարհ է, նաև համեստ է, այսինքն՝ գիտակցում է իր սահմանափակ կարողությունները։
ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՎՍԵՍԸ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵՑ։
Մովսեսը չհպարտացավ, երբ իշխանություն ստացավ։ Հաճախ, երբ մարդուն մի փոքր իշխանություն են տալիս, իսկույն երևում է, թե արդյոք նա խոնարհ անձնավորություն է։ 19-րդ դարի հռետոր Ռոբերտ Գ. Ինգերսոլը հետևյալն է գրել. «Շատերն են կարողանում թշվառություն կրել։ Բայց եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է մարդն իրականում, իշխանություն տուր նրան»։ Մովսեսը խոնարհության հրաշալի օրինակ թողեց։ Ինչպե՞ս։
Մովսեսին մեծ իշխանություն տրվեց. Եհովան հանձնարարեց նրան առաջնորդել Իսրայել ազգին։ Սակայն դա պատճառ չեղավ, որ Մովսեսի սիրտը հպարտանա։ Ուշադրություն դարձնենք, օրինակ, թե ինչպես նա լուծեց ժառանգության իրավունքին վերաբերող մի դժվար հարց (Թվեր 27։1–11)։ Այդ հարցը շատ լուրջ էր, քանի որ կայացված վճիռը ծառայելու էր որպես իրավական նախադեպ հետագա սերունդների համար։
Ինչպե՞ս կվարվեր Մովսեսը։ Կմտածե՞ր, թե քանի որ Իսրայելի առաջնորդն է, իրավասու է որոշում կայացնելու։ Կվստահեր իր ընդունակություններին ու տարիների փորձի՞ն, թե՞ հաշվի կառներ Եհովայի տեսակետը։
Հավանաբար հպարտ մարդը հենց այդպես կվարվեր, բայց ոչ Մովսեսը։ Աստվածաշունչն ասում է. «Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային» (Թվեր 27։5)։ Միայն մտածիր։ Նույնիսկ 40 տարի Իսրայել ազգին առաջնորդելուց հետո Մովսեսը ապավինեց ոչ թե իրեն, այլ Եհովային։ Այս դեպքից երևում է, թե որքան խոնարհ էր նա։
Մովսեսը չէր մտածում, թե ինքը միակն է, ով պետք է իշխանություն ունենա։ Նա ուրախացավ, երբ Եհովան թույլ տվեց, որ ուրիշ իսրայելացիներ էլ գործեն որպես մարգարեներ (Թվեր 11։24–29)։ Երբ Մովսեսի աները առաջարկեց, որ ժողովրդի միջից տղամարդկանց ընտրի իրեն օգնելու համար, նա խոնարհաբար ընդունեց առաջարկը (Ելք 18։13–24)։ Իր կյանքի վերջում, թեպետ Մովսեսը դեռ ֆիզիկապես ուժեղ էր, սակայն խնդրեց Եհովային, որ իրեն հաջորդող առաջնորդ նշանակի։ Եվ երբ Եհովան ընտրեց երիտասարդ Հեսուին, Մովսեսը սրտանց աջակցեց նրան և հորդորեց ժողովրդին հնազանդվել Հեսուին, որն առաջնորդելու էր նրանց դեպի Ավետյաց երկիր (Թվեր 27։15–18; 2 Օրենք 31։3–6; 34։7)։ Մովսեսը առանձնաշնորհում էր համարում իսրայելացիներին երկրպագության մեջ առաջնորդելը և իր իշխանությունն օգտագործում էր ի նպաստ ուրիշների բարօրության։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։
Երբեք չպետք է թույլ տանք, որ մեր ունակությունները, հեղինակությունն ու իշխանությունը հպարտությամբ լցնեն մեզ։ Միշտ հիշենք. Եհովայի գործը լավագույն կերպով անելու համար շատ ավելի կարևոր է մեր խոնարհությունը, քան ունակությունները (1 Սամուել 15։17)։ Եթե իսկապես խոնարհ ենք, ապա կձգտենք կիրառել աստվածաշնչյան իմաստուն խորհուրդը. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» (Առակներ 3։5, 6)։
Մովսեսի օրինակից սովորում ենք նաև մեծ կարևորություն չտալ մեր ունեցած դիրքին կամ իշխանությանը։
Ի՞նչ օգուտներ ենք քաղում Մովսեսի խոնարհությունն ընդօրինակելուց։ Երբ իսկական խոնարհություն ենք մշակում, մեզ շրջապատող մարդկանց կյանքը ավելի ենք հեշտացնում ու դառնում ենք նրանց համար հաճելի անձնավորություններ։ Իսկ որ ամենակարևորն է, արժանանում ենք Եհովայի հավանությանը, ով նույնպես դրսևորում է այս գեղեցիկ հատկությունը (Սաղմոս 18։35)։ «Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում» (1 Պետրոս 5։5)։ Սա մղում է մեզ ընդօրինակելու Մովսեսի խոնարհությունը։