Մովսես. սիրո օրինակ
Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ։
Սերը խոր զգացմունք է, որ մարդը տածում է ուրիշների հանդեպ։ Սիրող անհատը իր սերը ցույց է տալիս թե՛ խոսքերով, թե՛ գործերով, նույնիսկ եթե այդպես վարվելու համար անձնազոհություն է պետք։
ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՎՍԵՍԸ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՑ։ 1 Հովհաննես 5։3-րդ համարում կարդում ենք.
«Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները»։ Մովսեսը հենց այդպես վարվեց։ Նա հնազանդվեց Աստծու ամեն մի պատվերին՝ սկսած հզոր փարավոնի առաջ ներկայանալու վախ ներշնչող պատվերից մինչև պարզ թվացողը՝ գավազանը մեկնել դեպի Կարմիր ծովը։ Անկախ նրանից՝ հեշտ էր դա, թե դժվար, Մովսեսը հնազանդություն էր դրսևորում։ Աստվածաշնչում գրված է. «Նա հենց այդպես արեց» (Ելք 40։16)։
Մովսեսը սեր դրսևորեց նաև իր ազգակիցների հանդեպ։ Նրանք գիտեին, որ Եհովան Մովսեսի միջոցով է իրենց առաջնորդում, դրա համար էլ տարբեր խնդիրներով դիմում էին նրան։ Կարդում ենք. «Ժողովուրդը առավոտից երեկո կանգնած էր Մովսեսի առաջ» (Ելք 18։13–16)։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ծանր էր Մովսեսի համար ժամեր շարունակ լսել մարդկանց, ովքեր գալիս էին իր մոտ՝ իրենց տանջող մտահոգությունների մասին պատմելու։ Բայց քանի որ նա սիրում էր իր ազգակիցներին, ուրախությամբ օգնում էր նրանց։
Ժողովրդին լսելուց բացի, Մովսեսը նաև աղոթում էր նրանց համար։ Նա աղոթում էր նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր վատ էին վերաբերվում իրեն։ Օրինակ՝ երբ նրա քույր Մարիամը տրտնջաց իր դեմ, Եհովան Մարիամին բորոտությամբ զարկեց։ Մովսեսը չուրախացավ, երբ իր քույրը պատժվեց, այլ անմիջապես խնդրեց Եհովային՝ ասելով. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ» (Թվեր 12։13)։ Հստակ է, որ անձնազոհ սերը մղեց նրան նման աղոթք անելու։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ։
Մենք կարող ենք ընդօրինակել Մովսեսին՝ խոր սեր զարգացնելով Աստծու հանդեպ։ Այդպիսի սերը մղում է մեզ «ի սրտե» հնազանդվելու Աստծու պատվիրաններին (Հռոմեացիներ 6։17)։ Երբ սրտանց հնազանդվում ենք Եհովային, մենք ուրախացնում ենք նրա սիրտը, նաև ինքներս ենք օգուտներ ստանում (Առակներ 27։11)։ Չէ՞ որ երբ անկեղծ սիրուց մղված ենք ծառայում Աստծուն, ոչ միայն անում ենք այն, ինչը ճիշտ է, այլև ուրախություն ենք ստանում դրանից (Սաղմոս 100։2)։
Մենք նաև կարող ենք ընդօրինակել Մովսեսին, եթե անձնազոհ սեր դրսևորենք ուրիշների հանդեպ։ Երբ մեր ընկերները կամ ընտանիքի անդամները մոտենում են մեզ՝ իրենց մտահոգությունների մասին խոսելու, սերը մղում է 1) ուշադիր լինելու, 2) կարեկցելու և 3) ցույց տալու, որ նրանք թանկ են մեզ համար։
Մովսեսի նման՝ մենք կարող ենք մեր սիրելիների համար աղոթել։ Երբեմն տխրում ենք, երբ զգում ենք, որ անզոր ենք նրանց օգնելու, և հասկանում, որ կարող ենք միայն աղոթել նրանց համար։ Բայց հիշենք, որ «արդար մարդու աղաչանքը մեծ ուժ ունի» (Հակոբոս 5։16)։ Մեր աղոթքները իրականում կարող են մղել Եհովային օգնելու այդ անհատին, ինչը գուցե հակառակ դեպքում նա չաներ։ Ուրեմն որքա՜ն կարևոր է մեր սիրելիների համար աղոթելa։
Անշուշտ, մենք շատ բան կարող ենք սովորել Մովսեսի օրինակից։ Լինելով սովորական մարդ՝ նա հավատի, խոնարհության ու սիրո հրաշալի օրինակ է մեզ համար։ Եթե ընդօրինակենք նրան, օգուտներ կստանանք թե՛ մենք և թե՛ ուրիշները (Հռոմեացիներ 15։4)։
a Որպեսզի Աստված լսի մեր աղոթքները, պետք է անկեղծորեն կատարենք նրա պահանջները։ Այս մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 17-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։