ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽՈՒՄ Է ԿՅԱՆՔԵՐԸ
«Ես բռնի մարդ էի»
ԾՆՎԵԼ Է՝ 1960 թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՖԻՆԼԱՆԴԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԵՎԻ ՄԵՏԱԼ ԺԱՆՐԻ ԵՐԳԻՉ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։
Մեծացել եմ Տուրկու նավահանգստային քաղաքի ոչ հարուստ թաղամասում։ Հայրս բռնցքամարտի չեմպիոն էր, ես ու փոքր եղբայրս նույնպես զբաղվում էինք բռնցքամարտով։ Դպրոցում հաճախ էի կռիվների մեջ ընկնում։ Պատանի հասակում դարձա հայտնի բանդայի անդամ և սկսեցի ավելի դաժան կռիվների մասնակցել։ Նաև սկսեցի զբաղվել հեվի մետալ երաժշտությամբ. երազում էի ռոք աստղ դառնալ։
Ես գնեցի մի քանի թմբուկ և խումբ հիմնեցի։ Շուտով դարձա մեր խմբի մեներգիչը։ Ինձ դուր էր գալիս բեմում ագրեսիվ շարժումներ անել։ Քանի որ մեր խմբի անդամները ագրեսիվ էին ու վայրի տեսք ունեին, աստիճանաբար սկսեցինք հայտնի դառնալ։ Արդեն նվագում էինք մեծ հանդիսատեսի առաջ։ Մի քանի երգ ձայնագրեցինք, որոնցից վերջինը դրական արձագանք գտավ։ 1980-ականների վերջում մեկնեցինք Միացյալ Նահանգներ, քանի որ ցանկանում էինք ավելի մեծ ճանաչում ունենալ։ Մի քանի համերգ ներկայացրինք Նյու Յորքում ու Լոս Անջելեսում, նաև նախքան Ֆինլանդիա վերադառնալը մի քանի պայմանագիր կնքեցինք հայտնի երաժշտական ընկերությունների հետ։
Չնայած ինձ դուր էր գալիս այդ խմբում երգելը, այնուամենայնիվ, կարծես ինչ-որ բան պակասում էր իմ կյանքում։ Աստիճանաբար սկսեցի հիասթափվել՝ տեսնելով երաժշտության բիզնեսում տիրող մրցակցության ոգին ու անմարդկային վերաբերմունքը։ Հուսախաբ էի ու դատարկություն էի զգում։ Ինձ վատ մարդ էի համարում ու վախենում էի, որ դժոխքի կրակներում պիտի վառվեմ։ Փորձեցի կրոնական տարբեր գրքերում գտնել հարցերիս պատասխանները։ Նաև օգնության համար շարունակ աղոթում էի Աստծուն, թեև մտածում էի, որ երբեք չեմ կարող հաճեցնել նրան։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։
Կարիքներս հոգալու համար սկսեցի աշխատել փոստում։ Մի օր իմացա, որ փոստում աշխատողներից մեկը Եհովայի վկա է։ Ես շատ հարցեր էի տալիս նրան։ Նրա տրամաբանական, Աստվածաշնչի վրա հիմնված պատասխանները այնքան տպավորեցին ինձ, որ համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մի քանի շաբաթ հետո մեր խումբը առաջարկ ստացավ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտար Միացյալ Նահանգներում ալբոմ թողարկելու։ Մտածեցի, որ այս առիթը չպետք է բաց թողնեմ։
Ինձ հետ ուսումնասիրող Վկային ասացի, որ ուզում եմ մեկ ալբոմ էլ թողարկել, դրանից հետո կսկսեմ աստվածաշնչյան սկզբունքները կիրառել։ Նա ոչինչ չպատասխանեց, պարզապես խնդրեց, որ կարդամ Մատթեոս 6։24-ում գրված Հիսուսի խոսքերը։ Այնտեղ ասվում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»։ Ապշեցի, երբ հասկացա այդ խոսքերի իմաստը։ Սակայն մի քանի օր հետո ապշեց ինձ հետ ուսումնասիրողը, երբ նրան ասացի, որ թողել եմ երգչախումբը, քանի որ որոշել եմ դառնալ Հիսուսի հետևորդը։
Աստվածաշունչը հայելու պես ինձ ցույց տվեց իմ սխալները (Հակոբոս 1։22–25)։ Տեսա, որ բռնի անձնավորություն եմ, հպարտ ու փառատենչ, վատ խոսքեր եմ օգտագործում, կռիվների մեջ եմ մտնում, ծխում եմ, չափից շատ խմում։ Երբ հասկացա, թե որքան է վարքս հակասում աստվածաշնչյան սկզբունքներին, հուսահատվեցի։ Այնուամենայնիվ, ես պատրաստ էի կատարելու անհրաժեշտ փոփոխությունները (Եփեսացիներ 4։22–24)։
«Մեր երկնային Հայրը ողորմած է և ցանկանում է բուժել այն մարդկանց վերքերը, ովքեր զղջում են իրենց գործած մեղքերի համար»
Հատկապես սկզբում չափազանց ընկճված էի անցյալում կատարած սխալներիս համար։ Սակայն ինձ հետ ուսումնասիրող Վկան օգնեց ինձ ճիշտ տեսակետ ունենալու։ Նա ցույց տվեց Եսայիա 1։18-ում գրված խոսքերը. «Նույնիսկ եթե ձեր մեղքերը ալ կարմիր լինեն, ձյան պես սպիտակ կդառնան»։ Այս և ուրիշ աստվածաշնչյան համարներ վստահեցրին ինձ, որ մեր երկնային Հայրը ողորմած է և ցանկանում է բուժել այն մարդկանց վերքերը, ովքեր զղջում են իրենց գործած մեղքերի համար։
Երբ ճանաչեցի ու սիրեցի Եհովային, ցանկացա կյանքս նվիրել նրան (Սաղմոս 40։8)։ 1992թ.-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եհովայի վկաների միջազգային համաժողովին ես մկրտվեցի։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։
Եհովայի ժողովրդի մեջ բազում լավ ընկերներ եմ ձեռք բերել։ Ժամանակ առ ժամանակ մենք հավաքվում ենք ու պատշաճ երաժշտություն նվագում՝ վայելելով Եհովայի տված այս հրաշալի պարգևը (Հակոբոս 1։17)։ Մեծ օրհնություն էր նաև այն, որ հանդիպեցի Քրիստինային, որը դարձավ իմ կինը։ Նրա հետ ուրախանում եմ, տխրում և հայտնում նրան իմ ամենախոր զգացմունքները։
Եթե ես Եհովայի վկա չդառնայի, այսօր գուցե կենդանի չլինեի։ Անցյալում անընդհատ խնդիրների մեջ էի ընկնում։ Այսօր, սակայն, իմաստալից կյանքով եմ ապրում ու ինձ երջանիկ եմ զգում։