Իմաստալից կյանք. Հիսուսը հայտնում է գաղտնիքը
«Վարվ[իր] այնպես, ինչպես որ նա վարվեց» (1 Հովհաննես 2։6)։
ԻՆՉՊԵՍ տեսանք նախորդ հոդվածում, Հիսուսը իմաստալից կյանքով էր ապրում։ Ուստի եթե ուզում ենք մեր կյանքը իմաստով լցնել, պետք է ընդօրինակենք նրան և հետևենք նրա խորհուրդներին։
Եհովան խրախուսում է մեզ այդպես վարվել, ինչպես ցույց է տալիս վերոնշյալ համարը։ Հիսուսի նման վարվել նշանակում է ողջ կյանքի ընթացքում հետևել նրա օրինակին և կիրառել այն ամենը, ինչ նա սովորեցրել է։ Այդպիսով կունենանք Աստծու հավանությունը և իմաստալից կյանքով կապրենք։
Հիսուսը այնպիսի սկզբունքներ սովորեցրեց, որոնք կարող են օգնել մեզ իր պես վարվելու։ Դրանցից շատերը ամփոփված են նրա հայտնի Լեռան քարոզում։ Քննենք մի քանի սկզբունք և տեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել մեր կյանքում։
ՍԿԶԲՈՒՆՔ. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։
ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՕԳՆՈՒՄ։
Հիսուսը նշեց, որ մարդիկ հոգևոր կարիքներ ունեն։ Մենք շատ ենք ցանկանում իմանալ հետևյալ հարցերի պատասխանները. «Ո՞րն է կյանքի իմաստը, ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա, արդյո՞ք Աստված հոգ է տանում մեր մասին, մահից հետո կյանք կա՞»։ Մեզ անհրաժեշտ է իմանալ այս հարցերի պատասխանները, որպեսզի մեր կյանքը իմաստալից դարձնենք։ Հիսուսը գիտեր, որ կա միայն մեկ վստահելի աղբյուր, որը կարող է պատասխանել այս հարցերին՝ Աստծու Խոսքը։ Իր Հորն ուղղած աղոթքում նա ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Արդյո՞ք Աստծու Խոսքը կարող է օգնել բավարարելու մեր հոգևոր կարիքները։
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։
Էսան հայտնի երաժշտական խմբում երգիչ էր և ռոք աստղ դառնալու հեռանկար ուներ։ Չնայած դրան՝ նա դատարկություն էր զգում։ Էսան ասում է. «Թեև ինձ դուր էր գալիս խմբում երգելը, սակայն շատ էի ուզում կյանքս իմաստով լցնել»։ Որոշ ժամանակ անց Էսան հանդիպեց մի Եհովայի վկայի։ Նա պատմում է. «Ես նրան շատ հարցեր էի տալիս։ Նրա տրամաբանական, Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններն այնքան տպավորեցին ինձ, որ համաձայնվեցի Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Այն, ինչ սովորեց Էսան, խոր արմատներ գցեց նրա սրտում և մղեց կյանքը նվիրելու Եհովային։ «Առաջ ես անընդհատ խնդիրների մեջ էի ընկնում, իսկ այսօր իմաստալից կյանքով եմ ապրում»,— ասում է նաa։
ՍԿԶԲՈՒՆՔ. «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են» (Մատթեոս 5։7)։
ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՕԳՆՈՒՄ։
Ողորմած լինել նշանակում է կարեկցանք դրսևորել ուրիշների հանդեպ, լինել բարի և ուշադիր։ Հիսուսը ողորմություն դրսևորեց նրանց նկատմամբ, ովքեր դրա կարիքն ունեին։ Խոր կարեկցանքից մղված՝ նա օգնում էր տառապող մարդկանց (Մատթեոս 14։14; 20։30–34)։ Երբ ողորմած լինելու հարցում ընդօրինակում ենք Հիսուսին, իմաստով ենք լցնում մեր կյանքը, քանի որ նրանք, ովքեր ողորմություն են դրսևորում, երջանիկ են (Գործեր 20։35)։ Մենք կարող ենք ողորմած լինել թե՛ խոսքերով, թե՛ գործերով՝ ձեռք մեկնելով նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն։ Սակայն արդյո՞ք այդպես վարվելով իսկապես երջանիկ կլինենք։
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։
Մարիան և նրա ամուսինը՝ Կարլոսը, ողորմություն դրսևորելու հարցում հրաշալի օրինակ են։ Մարիայի հայրը կնոջ մահից հետո մենակ է մնացել և մի քանի տարի է՝ գամված է անկողնուն։ Կարլոսն ու Մարիան նրան իրենց տուն են բերել ու հոգում են նրա բոլոր կարիքները։ Նրանք հաճախ անքուն գիշերներ են անցկացնում, և երբ հոր շաքարը շատ է բարձրանում, նրան իսկույն հիվանդանոց են տեղափոխում։ Կարլոսն ու Մարիան խոստովանում են, որ երբեմն շատ են հոգնում։ Չնայած դրան՝ նրանք ուրախ են և բավարարվածության զգացում ունեն, որ կարողանում են հոգ տանել Մարիայի հոր մասին (1 Տիմոթեոս 5։8)։
ՍԿԶԲՈՒՆՔ. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են» (Մատթեոս 5։9)։
ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՕԳՆՈՒՄ։
Ինչպե՞ս է խաղաղարար լինելը իմաստալից դարձնում կյանքը։ Խաղաղություն պահպանելով՝ մենք ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում մարդկանց հետ։ Լավ կլինի հետևել աստվածաշնչյան այս հորդորին. «Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ» (Հռոմեացիներ 12։18)։ «Բոլոր մարդկանց» մեջ են մտնում ոչ միայն հավատակիցները, այլև ընտանիքի անդամները և նրանք, ովքեր չունեն մեր համոզմունքները։ Արդյոք կարո՞ղ է «բոլոր մարդկանց» հետ խաղաղություն ունենալը նպաստել, որ մեր կյանքը իմաստալից դառնա։
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։
Նկատի առնենք Նաիռ անունով մի կնոջ դեպք։ Տարիներ շարունակ նա ճնշումների է ենթարկվել, հատկապես իր ընտանիքի անդամների կողմից։ 15 տարի առաջ նրա ամուսինը լքել է նրան, և նա ստիպված է եղել մենակ մեծացնել իր երեխաներին։ Նրա տղաներից մեկը թմրամոլ էր։ Նա հաճախ անկառավարելի էր դառնում ու սպառնում էր մորը և քրոջը։ Նաիռը համոզված է, որ Աստվածաշնչից ստացած իր գիտելիքները ուժ են տվել խաղաղություն պահպանելու նույնիսկ այդպիսի դժվար իրավիճակում։ Նա միշտ ձգտում է չվիճել, լինել բարի, կարեկից ու հասկանալ ուրիշներին (Եփեսացիներ 4։31, 32)։ Նաիռը ասում է, որ խաղաղարար լինելը օգնում է նրան լավ փոխհարաբերություններ ունենալու թե՛ իր ընտանիքի անդամների, թե՛ ուրիշների հետ։
ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍ
Եթե հետևենք Հիսուսի իմաստուն խորհրդին, կլինենք երջանիկ ու բավարարված։ Բայց մենք պետք է նաև իմանանք, թե ինչ է սպասվում մեզ ապագայում։ Որքանո՞վ կարող է իմաստալից լինել կյանքը, երբ կա ծերություն, հիվանդություն ու մահ։ Սա է այսօրվա դառը իրականությունը։
Սակայն կա նաև բարի լուր։ Եհովան առատորեն կօրհնի այն մարդկանց, ովքեր ձգտում են վարվել այնպես, ինչպես Հիսուսն է վարվել։ Նա խոստանում է, որ շուտով արդար նոր աշխարհ է հաստատելու, որտեղ հավատարիմ մարդիկ ապրելու են հավիտյան և կատարյալ առողջություն են ունենալու։ Աստծու Խոսքում ասվում է. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։
84 տարեկան Մարիան, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, ուրախությամբ սպասում է այս խոսքերի իրականացմանը։ Իսկ դո՞ւ։ Ցանկանո՞ւմ ես ավելի շատ բան իմանալ «իսկական կյանքի» մասին, որը լինելու է Աստծու Թագավորության ժամանակ (1 Տիմոթեոս 6։19)։ Եթե այո, ապա կարող ես դիմել Եհովայի վկաներին կամ գրել այս ամսագրի հրատարակիչներինb։
a Էսայի կենսագրությունը կարող եք կարդալ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը. «Ես բռնի մարդ էի» հոդվածում։
b «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից, շատերին է օգնել իմանալու Աստվածաշնչի տեսակետը տարբեր հարցերի վերաբերյալ։