ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հինգ տասնամյակ լիաժամ ծառայության մեջ Հյուսիսային բևեռային շրջագծի մոտ
«Քեզ համար հեշտ է ռահվիրա ծառայել։ Քո ծնողները ճշմարտության մեջ են և կարող են աջակցել քեզ»,— ասացինք մեր ռահվիրա ընկերուհուն։ «Աղջիկնե՛ր, մեր բոլորի հայրը նույնն է»,— պատասխանեց նա։ Նրա խոսքերում խոր իմաստ կար. մեր երկնային Հայրը հոգ է տանում իր ծառաների մասին և զորացնում է նրանց։ Մեր կյանքը ցույց տվեց, որ դա իրոք այդպես է։
ՄԵՆՔ ծնվել ենք հյուսիսային Օստրոբոտնիայում (Ֆինլանդիա) ֆերմերի ընտանիքում։ Տասը երեխա էինք։ Փոքր էինք, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Չնայած ռազմաճակատից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էինք ապրում, պատերազմի սարսափները խոր ազդեցություն թողեցին մեզ վրա։ Երբ մեր կողքի Օուլու և Կալայոկի քաղաքները ռմբակոծում էին, գիշերային երկինքը կարմրին էր տալիս։ Մեր ծնողները մեզ պատվիրել էին շտապ թաքնվել, հենց որ երկնքում ռազմական ինքնաթիռներ երևային։ Երբ մեր ավագ եղբայրը՝ Տաունոն, պատմեց, որ երկրի վրա դրախտ է լինելու, որտեղ անարդարություն չի լինելու, մենք շատ տպավորվեցինք։
Տաունոն 14 տարեկան էր, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողների գրականությունից իմացավ սուրբգրային ճշմարտությունները։ Երբ սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, նա Աստվածաշնչով կրթված իր խղճի հիման վրա հրաժարվեց զինծառայությունից։ Տաունոյին բանտ գցեցին, որտեղ նրա հետ դաժանորեն վարվեցին։ Սակայն դա միայն ուժեղացրեց Եհովային ծառայելու նրա ցանկությունը, և ազատ արձակվելուց հետո նա ավելի եռանդորեն ծառայեց։ Ոգևորվելով մեր եղբոր օրինակից՝ սկսեցինք հաճախել Վկաների հանդիպումներին, որոնք անց էին կացվում հարևան գյուղում։ Գնում էինք նաև համաժողովների, թեև դա հեշտ չէր. պետք է շատ աշխատեինք և ճանապարհածախսի համար փող հետ գցեինք։ Մենք սոխ էինք աճեցնում, հատապտուղ հավաքում և հարևանների համար հագուստ կարում։ Ֆերմայում գործը շատ էր, և սովորաբար չէինք կարողանում միասին գնալ համաժողովների։ Դրա համար հերթով էինք գնում։
Այն ճշմարտությունները, որ սովորեցինք Եհովայի և նրա նպատակների մասին, խորացրեց մեր սերը նրա հանդեպ, և մենք որոշեցինք մեր կյանքը նվիրել նրան։ 1947թ.-ին երկուսս էլ մկրտվեցինք (Աննիկին՝ 15 տարեկանում, Այլին՝ 17)։ Այդ նույն տարում մկրտվեց նաև մեր քույր Սայմին։ Մենք Աստվածաշունչ ուսումնասիրեցինք մեր մյուս քրոջ՝ Լինեայի հետ, որն արդեն ամուսնացած էր։ Նա և նրա ընտանիքը նույնպես դարձան Եհովայի վկաներ։ Մկրտվելուց հետո նպատակ դրեցինք դառնալու ռահվիրա և դրա համար երբեմն ծառայում էինք կարճաժամկետ ռահվիրա (սա ներկայիս ենթառահվիրայական ծառայությունն է)։
ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ
1955թ.-ին տեղափոխվեցինք ավելի հյուսիս՝ Կեմի քաղաք։ Մենք աշխատում էինք լրիվ աշխատանքային օր։ Առաջվա պես ցանկանում էինք ռահվիրա ծառայել, միայն թե վախենում էինք, որ չենք կարողանա հոգալ մեր ֆինանսական կարիքները։ Մտածում էինք՝ նախևառաջ պետք է փող հետ գցենք։ Հենց այդ ժամանակ էր, որ զրուցեցինք հոդվածի սկզբում նշված քրոջ հետ։ Այդ զրույցն օգնեց մեզ տեսնելու, որ Եհովային լիաժամ ծառայելը կախված չէ միայն մեր ունեցած միջոցներից կամ ընտանիքի աջակցությունից։ Ամենակարևորն այն էր, որ մեր հույսը դնենք մեր երկնային Հոր վրա։
Այդ ժամանակ այնքան փող էինք խնայել, որ կարող էինք երկու ամիս հոգալ մեր կարիքները։ Ուստի 1957թ. մայիսին վախվխելով ռահվիրայական դիմում լրացրինք երկու ամսով Հյուսիսային բևեռային շրջագծից այն կողմ՝ Լապլանդիայի Պելլո քաղաքում ծառայելու համար։ Երբ այդ երկու ամիսը լրացավ, տեսանք, որ մեր խնայողությունները չեն ծախսվել։ Անցավ ևս երկու ամիս, և մեր փողը ինչպես կար, այնպես մնացել էր։ Այդ ժամանակ համոզվեցինք, որ Եհովան հոգ կտանի մեր մասին։ Արդեն 50 տարի է, ինչ ռահվիրա ենք ծառայում, բայց մեր խնայած փողը մինչև օրս չենք ծախսել։ Հետ նայելով՝ այնպիսի զգացում ենք ունենում՝ կարծես Եհովան բռնել էր մեր ձեռքից և ասում էր. «Մի՛ վախեցեք, ես կօգնեմ ձեզ» (Եսայիա 41։13)։
Արդեն 50 տարի է, ինչ ռահվիրա ենք ծառայում, բայց մեր խնայած փողը մինչև օրս չենք ծախսել
1958թ.-ին շրջանային վերակացուն մեզ առաջարկեց ծառայել հատուկ ռահվիրաներ Լապլանդիայի Սոդանկյուլյա քաղաքում։ Այդ տարածքում ընդամենը մեկ Վկա կար՝ մի քույր, որը շատ հետաքրքիր ձևով էր իմացել ճշմարտությունը։ Նրա որդին դասարանի հետ էքսկուրսիա էր գնացել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի։ Երբ նրանք խմբով քայլելիս են եղել քաղաքում, մի տարեց քույր «Դիտարան» ամսագիր էր տվել շարքի վերջում գտնվող տղային ու ասել, որ տա իր մայրիկին։ Տղան այդպես էլ արել էր։ Կարդալուց հետո մայրը իսկույն հասկացել էր, որ գտել է ճշմարտությունը։
Մենք սենյակ վարձեցինք մի սղոցարանի վերևի հարկում։ Այնտեղ հանդիպումներ էինք անցկացնում։ Սկզբում հանդիպումներին միայն մենք էինք մասնակցում և տեղացի քույրը իր աղջկա հետ։ Միասին կարդում էինք ուսումնասիրության նյութը։ Հետագայում մի տղամարդ, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրել Վկաների օգնությամբ, եկավ սղոցարանում աշխատելու։ Նա և իր ընտանիքը սկսեցին շփվել մեր խմբի հետ։ Ժամանակի ընթացքում նա և իր կինը մկրտվեցին։ Հանդիպումները սկսեց անցկացնել այդ եղբայրը։ Սղոցարանում աշխատող ուրիշ մարդիկ էլ սկսեցին մասնակցել հանդիպումներին և ընդունեցին ճշմարտությունը։ Մի քանի տարի հետո մեր խումբն այնքան մեծացավ, որ ժողով կազմավորվեց։
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկար տարածությունները դժվարացնում էին մեր գործը։ Ամռանը քարոզելու էինք գնում ոտքով, հեծանվով և նույնիսկ նավակով։ Հեծանիվները փրկություն էին մեզ համար։ Դրանցով մենք գնում էինք նաև համաժողով, այցելում էինք հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող մեր ծնողներին։ Իսկ ձմռանը վաղ առավոտյան նստում էինք գյուղ գնացող ավտոբուս և տեղ հասնելուն պես սկսում քարոզել տնից տուն։ Մի գյուղը վերջացնելուց հետո անցնում էինք մյուսին։ Ձյունը խորն էր լինում, և ճանապարհները միշտ չէ, որ մաքրված էին լինում։ Հաճախ քայլում էինք սահնակների բացած ճանապարհով։ Բայց երբեմն ձյունը ծածկում էր դրանք, և մենք մի կերպ էինք մեր ոտքերը քարշ տալիս ձյան միջով։ Նույն վիճակն էր լինում նաև վաղ գարնանը, երբ ձյունը փափուկ ու թաց էր լինում։
Ցուրտ եղանակը և ձյունը մեզ սովորեցրին տաք հագնվել։ Հագնում էինք բրդյա զուգագուլպաներ և երկու-երեք զույգ կիսագուլպա։ Հաճախ մեր երկարաճիտ կոշիկները լցվում էին ձյունով։ Տուն մտնելուց առաջ հանում էինք կոշիկները և թափ տալիս։ Մեր վերարկուների եզրերը թրջվում էին՝ անընդհատ քսվելով ձյանը։ Երբ եղանակը ավելի էր ցրտում, դրանք սառչում էին ու քարանում։ Մի անգամ մի կին ասաց. «Այդ ի՜նչ հավատ ունեք, որ չեք վախենում ու այս եղանակին տնից դուրս եք եկել»։ Այդ կնոջ տուն հասնելու համար մենք քայլել էինք 11 կիլոմետր։
Երկար հեռավորությունների պատճառով հաճախ գիշերում էինք տեղացիների տներում։ Երբ մթնում էր, սկսում էինք մնալու տեղ փնտրել։ Տները համեստ էին, բայց մարդիկ բարեհամբույր և հյուրասեր էին։ Նրանք մեզ ոչ միայն քնելու տեղ էին տալիս, այլև առաջարկում էին սնվել։ Հաճախ քնում էինք եղջերուի, որմզդեղնի և նույնիսկ արջի մորթու մեջ։ Իսկ երբեմն էլ մեզ ճոխ պայմաններ էին տրամադրում։ Օրինակ՝ մի կին մեզ տարավ իր մեծ տան երկրորդ հարկի հյուրասենյակ։ Մեզ սպասում էր մաքուր, շքեղ, ժանյակավոր սպիտակեղենով անկողինը։ Հաճախ մինչև ուշ գիշեր աստվածաշնչյան թեմաներով զրուցում էինք տանտերերի հետ։ Մի անգամ այնպիսի տեղ հյուրընկալվեցինք, որտեղ քնելու էինք այն նույն սենյակում, որտեղ որ ամուսիններն էին քնելու։ Ամուսինն ու կինը իրար ընդհատելով հարցեր էին տալիս։ Նրանց հետ զրույցը շարունակվեց ողջ գիշեր մինչև լուսանալը։
ՀՐԱՇԱԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Լապլանդիան գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Բայց մեզ ավելի շատ տպավորում էին այն մարդիկ, ովքեր ընդունում էին Եհովային։ Այն խոնարհ մարդկանց թվում, որոնց մենք վկայություն էինք տալիս, կային փայտահատներ, որոնք ապրում էին փայտ մթերողների ճամբարներում։ Երբեմն մեկ քոթեջում ապրում էր տասից ավելի մարդ։ Այդ հաղթանդամ տղամարդիկ հաճույքով էին լսում բարի լուրը և գրականություն վերցնում։
Մեզ հետ բազմաթիվ հետաքրքիր դեպքեր էին լինում։ Մի անգամ եկանք ավտոկայան, բայց ավտոբուսը արդեն գնացել էր, որովհետև ավտոկայանի ժամացույցը հինգ րոպե առաջ էր։ Որոշեցինք ուրիշ ավտոբուս նստել ու գնալ ուրիշ գյուղ։ Այդ տարածքում մինչ այդ երբեք չէինք քարոզել։ Առաջին տանը հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, որն ասաց. «Վա՜յ, աղջիկներ, եկե՞լ եք արդեն»։ Նա խնդրել էր իր քրոջը, որի հետ ուսուցում էինք անցկացնում, որ այցելենք իրեն ու իր հետ ուսումնասիրենք։ Մենք եկել էինք հենց նրա խնդրած օրը։ Բայց հետաքրքիր է, որ մեզ ոչ ոք չէր ասել, որ այցելենք այդ կնոջը։ Ինչևէ, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք նրա ու նրա հարազատների հետ, որոնք ապրում էին կողքի տանը։ Կարճ ժամանակ անց ուսումնասիրությունները միավորեցինք ու դարձրինք մեկ ուսուցում, որին ներկա էր լինում տասից ավելի մարդ։ Այսօր այդ ընտանիքից շատերը Եհովայի վկաներ են։
1965թ.-ին մեզ նշանակեցին Կուսամո քաղաքի ժողով (մինչև հիմա այս ժողովում ենք)։ Այս քաղաքը Հյուսիսային բևեռային շրջագծից հեռու չէ։ Ժողովում կար ընդամենը մի քանի քարոզիչ։ Սկզբում թվում էր, թե նոր տարածքում դժվար է քարոզել. մարդիկ շատ նախանձախնդիր էին իրենց կրոնի հանդեպ ու մեր մասին կանխակալ կարծիք ունեին։ Այդուհանդերձ, շատերը հարգում էին Աստվածաշունչը, ուստի նրանց հետ հնարավոր էր զրուցել։ Մենք ջանում էինք մարդկանց ավելի լավ ճանաչել, և երկու տարի անց արդեն հեշտ էր ուսուցում սկսելը։
ԴԵՌ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ
1987թ.-ին Այլին Տաունոյի որդու խորհրդով վարորդական դասընթացներ անցավ և 56 տարեկանում վարորդական իրավունք ստացավ։ Սա մեծ օգնություն էր մեր հսկայական տարածքում ծառայելու համար։ Մեկ ուրիշ օգնություն էր այն, որ երբ կառուցվեց Թագավորության սրահ, եղբայրները Սրահին կից կառուցեցին նաև մի սենյակ, և մենք տեղափոխվեցինք ապրելու այնտեղ։ Ճիշտ է, այսօր չունենք այնքան էներգիա, որ ամբողջ օրը անցկացնենք ծառայության մեջ, բայց գրեթե ամեն օր դուրս ենք գալիս ծառայության։
Մենք երջանիկ ենք՝ տեսնելով մեր քարոզչության պտուղները։ Երբ սկսեցինք լիաժամ ծառայությունը Ֆինլանդիայի հյուսիսում, այդ հսկայական տարածքում ընդամենը մի քանի քարոզիչ կար։ Այժմ այստեղ աստվածապետական մի ամբողջ շրջան կա։ Համաժողովների ժամանակ հաճախ է լինում, երբ ինչ-որ մեկը ողջունում է մեզ, ասում իր անունը և հարցնում, թե արդյոք չենք հիշում իրեն։ Երբեմն նրանք այն մարդիկ են լինում, որոնց տանը Աստվածաշնչի ուսուցում ենք անցկացրել, երբ նրանք երեխա էին։ Այն սերմը, որ ցանել էինք տարիներ և նույնիսկ տասնամյակներ առաջ, պտուղներ է բերել (1 Կորնթ. 3։6)։
2008թ.-ին լրացավ մեր հատուկ ռահվիրայական ծառայության 50 տարին։ Երախտապարտ ենք Եհովային, որ քաջալերելով միմյանց՝ կարողացել ենք տոկալ այս առանձնաշնորհյալ գործում։ Մեր կյանքը պարզ է եղել, բայց մենք ոչ մի բանի պակասություն չենք ունեցել (Սաղ. 23։1)։ Այո՛, զուր էինք անհանգստանում, թե կկարողանանք արդյոք ծառայել ռահվիրա։ Այս բոլոր տարիների ընթացքում Եհովան, Եսայիա 41։10-ում գրված իր խոստման համաձայն, միշտ զորացրել է մեզ. «Ես կամրացնեմ ու կօգնեմ քեզ, արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։