Պահպանիր նվիրվածությունդ Աստծու Թագավորության հանդեպ
«Նրանք աշխարհի մի մասը չեն» (ՀՈՎՀ. 17։16)։
ԵՐԳ 63, 129
1, 2. ա) Ինչո՞ւ է Աստծու հանդեպ նվիրվածությունը կարևոր քրիստոնյաների համար, և ինչպե՞ս է այն առնչվում չեզոքությանը (տե՛ս 22-րդ էջի նկարը)։ բ) Ինչերի՞ հանդեպ են մարդիկ նվիրվածություն դրսևորում, բայց ի՞նչ կարող է լինել դրա արդյունքում։
ՃՇՄԱՐԻՏ քրիստոնյաները ոչ միայն պատերազմների ժամանակ, այլև միշտ են նվիրվածություն և չեզոքություն պահպանում։ Ինչո՞ւ։ Քանի որ բոլոր նրանք, ովքեր նվիրվել են Եհովային, խոստացել են սիրել նրան և նվիրված ու հնազանդ լինել (1 Հովհ. 5։3)։ Մենք ուզում ենք ապրել Աստծու արդար չափանիշներով՝ անկախ մեր ապրելու վայրից, անցյալից, ազգությունից և մշակույթից։ Եհովայի և նրա Թագավորության հանդեպ նվիրվածությունը վեր է ցանկացած այլ բանի կամ մեկի հանդեպ ունեցած նվիրվածությունից (Մատթ. 6։33)։ Այդպիսի նվիրվածություն դրսևորելու համար քրիստոնյաները պետք է չեզոք մնան այս աշխարհի բոլոր կոնֆլիկտներում և վեճերում (Ես. 2։4; կարդա՛ Հովհաննես 17։11, 15, 16)։
2 Մեր համոզմունքները չունեցող մարդիկ թերևս առանձնահատուկ նվիրվածություն դրսևորեն իրենց երկրի, ցեղի, մշակույթի կամ նույնիսկ ազգային թիմի հանդեպ։ Նման նվիրվածությունը բերել է մրցակցություն, ատելություն, իսկ ծայրահեղ դեպքերում՝ արյունահեղություն ու ցեղասպանություն։ Այն, թե ինչպես են մարդիկ լուծում այսպիսի խնդիրները՝ լավ թե վատ կերպով, կարող է անդրադառնալ մեզ և մեր ընտանիքի վրա, քանի որ մենք մարդկային հասարակության անբաժանելի մասն ենք։ Աստված մարդուն ստեղծել է արդարության բնածին զգացումով, ուստի կարող է այնպես լինել, որ կառավարությունների կայացրած որոշումները մեր կարծիքով՝ ճիշտ և արդար չլինեն (Ծննդ. 1։27; 2 Օրենք 32։4)։ Ինչպե՞ս կարձագանքես նման իրավիճակներում։ Այդ ժամանակ շատ հեշտ է աշխարհին վերաբերող հարցերի առնչությամբ կորցնել չեզոքությունը և վիճաբանությունների մեջ ներքաշվել։
3, 4. ա) Ինչո՞ւ են քրիստոնյաները չեզոք մնում այս աշխարհի վեճերում։ բ) Ինչի՞ մասին ենք խոսելու այս հոդվածում։
3 Մարդկային հասարակությունը ղեկավարող կառույցները գուցե ճնշում բանեցնեն քաղաքացիների վրա, որ նրանք կոնֆլիկտների ժամանակ որևէ մեկի կողմը բռնեն։ Բայց ճշմարիտ քրիստոնյաները չեն կարող նման բան անել։ Մենք չենք մասնակցում այս աշխարհի քաղաքական վեճերին և ոչ էլ զենք ենք վերցնում (Մատթ. 26։52)։ Աշխարհը ջանում է այնպես անել, որ Սատանայի աշխարհի մի մասը մյուսից վեր դասենք, սակայն մենք չենք ենթարկվում այդ ազդեցությանը (2 Կորնթ. 2։11)։ Չլինելով աշխարհի մի մասը՝ մենք թույլ չենք տալիս, որ նրանում տիրող մրցակցության ոգին ազդի մեզ վրա (կարդա՛ Հովհաննես 15։18, 19)։
4 Բայց անկատարության պատճառով մեզնից ոմանք գուցե դեռևս պայքարում են, որ ձերբազատվեն ուրիշների հանդեպ ունեցած բացասական տրամադրվածությունից, ինչը բնորոշ է մեր հին անձնավորությանը (Երեմ. 17։9; Եփես. 4։22–24)։ Այս հոդվածում քննարկվում են որոշ սկզբունքներ, որոնք կարող են օգնել մեզ հաղթահարելու նման հակումները։ Նաև կքննենք, թե ինչպես կարող ենք մարզել մեր միտքն ու խիղճը, որպեսզի նվիրված լինենք Աստծու Թագավորությանը։
ԻՆՉՈՒ ԵՆՔ ՉԵԶՈՔ ՄՆՈՒՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐՈՒՄ
5, 6. Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում տարբեր մարդկանց, որոնք կազմում էին այն ազգը, որում ինքն ապրում էր, և ինչո՞ւ։
5 Եթե չես կողմնորոշվում, թե ինչպես պետք է պահես քեզ նշված իրավիճակներից որևէ մեկում, խելամիտ կլինի, որ ինքդ քեզ հարցնես. «Ի՞նչ կաներ Հիսուսը»։ Այն ազգը, որի մեջ ապրում էր Հիսուսը, կազմում էին Հրեաստանում, Գալիլեայում, Սամարիայում բնակվող մարդիկ և ուրիշներ։ Աստվածաշնչյան արձանագրություններից իմանում ենք, որ այս մարդկանց մեջ լարվածություն կար (Հովհ. 4։9)։ Լարվածություն կար նաև փարիսեցիների և սադուկեցիների (Գործ. 23։6–9), ժողովրդի և հարկահավաքների (Մատթ. 9։11), ռաբունական կրթություն ստացածների և նման կրթություն չունեցող մարդկանց մեջ (Հովհ. 7։49)։ Առաջին դարում Իսրայելի վրա իշխում էին հռոմեացիները, որոնց ներկայությունը շատ էր վրդովվեցնում ժողովրդին։ Թեև Հիսուսը պաշտպանում էր ճշմարտությունը և ընդունում էր, որ փրկությունը հրեաներից է, երբեք չէր խրախուսում իր աշակերտներին, որ զարգացնեն մրցակցության ոգի (Հովհ. 4։22)։ Ընդհակառակը՝ նա հորդորում էր նրանց բոլոր մարդկանց մերձավորի պես սիրել (Ղուկ. 10։27)։
6 Ինչո՞ւ Հիսուսը հավանություն չէր տալիս հրեաների մեջ տարածված կանխակալ կարծիքներին։ Քանի որ թե՛ ինքը, թե՛ իր Հայրը աշխարհի կոնֆլիկտներում և վեճերում ոչ մեկի կողմը չեն բռնում։ Երբ Եհովան իր Որդու միջոցով ստեղծեց տղամարդուն և կնոջը, նպատակ ուներ, որ նրանք լցնեին ողջ երկիրը (Ծննդ. 1։27, 28)։ Աստված այնպես ստեղծեց մարդկանց, որ նրանք կարողանային տարբեր ռասաներ առաջ բերել։ Ո՛չ Եհովան, ո՛չ էլ Հիսուսը մի ռասան, ազգությունը կամ լեզուն մյուսից վեր չեն դասում (Գործ. 10։34, 35; Հայտն. 7։9, 13, 14)։ Մենք պետք է հետևենք նրանց կատարյալ օրինակին (Մատթ. 5։43–48)։
7, 8. ա) Ո՞ր հարցում քրիստոնյաները չպետք է չեզոքություն պահեն։ բ) Ի՞նչ պետք է քրիստոնյաները գիտակցեն հասարակական և քաղաքական հարցերի լուծման հետ կապված։
7 Բայց մի հարցում մենք չեզոքություն չենք պահում. դա Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելու հարցն է։ Դրա հետ կապված վիճաբանական հարց առաջին անգամ առաջացավ Եդեմի պարտեզում, երբ Սատանան հարցականի տակ դրեց Եհովայի իշխելու իրավունքը։ Այժմ բոլոր մարդիկ պետք է որոշեն՝ իրենց համար Աստծո՞ւ իշխելու կերպն է լավագույնը, թե՞ Սատանայի։ Ամբողջ սրտով Եհովայի կո՞ղմն ես բռնում՝ հնազանդվելով նրա օրենքներին ու սկզբունքներին, թե՞ վարվում ես քո ուզած ձևով։ Քեզ համար նրա Թագավորությո՞ւնն է մարդկության խնդիրների միակ լուծումը, թե՞ կարծում ես, որ մարդ ի զորու է ղեկավարելու ինքն իրեն (Ծննդ. 3։4, 5)։
8 Այն, թե ինչպես ես պատասխանում այս հարցերին, ցույց է տալիս, թե ինչպես կարձագանքես, երբ մարդիկ ուզենան իմանալ քո տեսակետը վիճելի հարցերի հետ կապված։ Քաղաքական գործիչները, ակտիվիստները և ռեֆորմատորները երկար ժամանակ փորձել են լուծում տալ բաժանումներ առաջ բերող հարցերին։ Նրանք գուցե լավ մղումներ ունեն և անկեղծորեն ուզում են օգնել մարդկանց, բայց մենք՝ քրիստոնյաներս, հասկանում ենք, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկանց խնդիրները և իսկական արդարության երաշխիք տալ։ Մենք ամեն բան պետք է հանձնենք Եհովայի ձեռքը։ Չէ՞ որ, եթե ժողովում ամեն մեկը առաջ տանի այն լուծումը, որն, իր կարծիքով, լավագույնն է, ժողովը կպառակտվի։
9. Ի՞նչ խնդիր կար առաջին դարում Կորնթոսի ժողովում, և ի՞նչ լուծում առաջարկեց Պողոս առաքյալը։
9 Նկատենք, թե առաջին դարում որոշ քրիստոնյաներ ինչպես արձագանքեցին ժողովում բաժանումներ առաջ բերող մի հարցի հետ կապված։ Կորնթոսում ոմանք ասացին. ««Ես Պողոսին եմ հետևում».... «իսկ ես՝ Ապողոսին».... «ես՝ Կեփասին».... «իսկ ես՝ Քրիստոսին»»։ Ինչ հարց էլ լիներ, Պողոս առաքյալին վրդովեցրեց այն, թե ինչ հետևանք դա ունեցավ։ Նա հարցրեց. «Բաժանուա՞ծ է Քրիստոսը»։ Ի՞նչ կարելի էր անել նման կործանարար մտածելակերպը ուղղելու համար։ Պողոսը քրիստոնյաներին ասաց. «Այժմ, եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ ձեր խոսքերի մեջ միասնական լինեք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ որ դուք միաբանված լինեք մտքով և մտածելակերպով»։ Այսօր ևս քրիստոնեական ժողովում չպետք է որևէ բաժանում լինի (1 Կորնթ. 1։10–12, 13, «Արարատ» թարգմանություն; կարդա՛ Հռոմեացիներ 16։17, 18)։
10. Ինչպե՞ս Պողոս առաքյալը օրինակով ցույց տվեց, որ քրիստոնյաները պետք է չեզոք մնան այս աշխարհի կոնֆլիկտների ժամանակ։
10 Պողոսը օծյալ քրիստոնյաներին հորդորեց կենտրոնանալ իրենց երկնային քաղաքացիության, ոչ թե երկրային բաների վրա (Փիլիպ. 3։17–20)։a Նրանք պետք է գործեին որպես Քրիստոսին փոխարինող դեսպաններ։ Իսկ դեսպանները չեն միջամտում այն երկրի գործերին, որտեղ նշանակված են. նրանք իրենց երկրին են նվիրված (2 Կորնթ. 5։20)։ Երկրային հույս ունեցող քրիստոնյաները նույնպես Աստծու Թագավորության հպատակներ են, ուստի տեղին չի լինի, եթե նրանք այս աշխարհի կոնֆլիկտների ժամանակ որևէ մեկի կողմը բռնեն։
ՄԱՐԶԻՐ ՄԻՏՔԴ ՈՒ ԽԻՂՃԴ, ՈՐ ՆՎԻՐՎԱԾ ԼԻՆԵՍ ԵՀՈՎԱՅԻՆ
11, 12. ա) Ինչպիսի՞ միջավայրում քրիստոնյայի համար գուցե դժվար լինի նվիրվածություն պահպանել Աստծու Թագավորության հանդեպ։ բ) Ի՞նչ խնդրի բախվեց մի քրիստոնյա, և ինչպե՞ս նա հաղթահարեց դա։
11 Աշխարհի շատ մասերում համայնքի անդամները միավորված են իրար հետ. նրանք ունեն ընդհանուր պատմություն, մշակույթ և լեզու։ Հաճախ նրանք շատ են հպարտանում իրենց հայրենի երկրով։ Նման միջավայրում քրիստոնյաները պետք է մարզեն իրենց միտքն ու խիղճը, որպեսզի ճիշտ կերպով արձագանքեն, երբ չեզոքության հետ կապված հարցեր են առաջանում։ Ինչպե՞ս կարող են նրանք դա անել։
12 Քննենք Միրյետայիb օրինակը, որը նախկին Հարավսլավիայից է։ Փոքրուց նրա մեջ ատելություն էին սերմանել սերբերի հանդեպ։ Իմանալով, որ Եհովան անկողմնակալ է, և որ Սատանան է ռասայական խնդիրներ հրահրողը՝ նա ջանաց ձերբազատվել ազգայնամոլությունից։ Բայց երբ պատերազմ սկսվեց էթնիկական խմբերի միջև, նախկինում ունեցած ատելության զգացումը գլուխ բարձրացրեց, և Միրյետան դժվարանում էր քարոզել սերբերին։ Սակայն նա հասկացավ, որ եթե ձեռքերը ծալած նստի, բացասական զգացումները իրենք իրենց չեն անցնի։ Ուստի աղաչեց Եհովային ոչ միայն օգնել հաղթահարելու դրանք, այլև ընդլայնելու ծառայությունը և դառնալու ռահվիրա։ Նա ասում է. «Ես հասկացա, որ ծառայության վրա կենտրոնանալը լավագույն օգնությունն է։ Ծառայության ժամանակ ես փորձում եմ մարդկանց Եհովայի պես սիրել և զգում եմ, որ բացասական զգացումներն անցնում են»։
13. ա) Ո՞ր իրավիճակի պատճառով մի քույր իրեն վատ զգաց, բայց ինչպե՞ս արձագանքեց։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Թոիլայի օրինակից։
13 Քննենք մեկ այլ օրինակ։ Թոիլան, որը ծագումով Մեքսիկայից է, հաճախում է Եվրոպայի ժողովներից մեկը։ Նա նկատեց, որ հավատակիցներից ոմանք, ովքեր Լատինական Ամերիկայից են, աննրբանկատ և նսեմացուցիչ կերպով են արտահայտվում իր հայրենի երկրի, սովորույթների և նույնիսկ երաժշտության վերաբերյալ։ Ինչպե՞ս կարձագանքեիր, եթե նրա փոխարեն լինեիր։ Բնականաբար, Թոիլան իրեն վատ էր զգում։ Բայց գովելի է, որ նա Եհովայից օգնություն խնդրեց, որպեսզի կարողանա ձերբազատվել իր սրտում արթնացած բացասական զգացումներից։ Մենք պետք է ընդունենք, որ մեզնից ոմանք դեռևս պայքարում են, որ կառավարեն նման զգացումները։ Ուստի երբեք չենք ցանկանա ասել կամ անել որևէ բան, ինչը պառակտումներ կմտցնի մեր հավատակիցների կամ այլ մարդկանց մեջ և կդրդի նրանց անպատշաճ նվիրվածություն դրսևորելու (Հռոմ. 14։19; 2 Կորնթ. 6։3)։
14. Ինչպե՞ս կարող են քրիստոնյաները մարզել իրենց միտքն ու խիղճը նվիրվածությանն առնչվող հարցերի հետ կապված։
14 Հնարավոր է՝ ընտանիքդ և այն միջավայրը, որում մեծացել ես, քո մեջ նվիրական զգացումներ են սերմանել քո ազգի կամ բնակավայրի հանդեպ։ Դեռևս ունե՞ս այդպիսի զգացումներ։ Քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ ազգայնամոլական տենդը աղավաղի ուրիշների հանդեպ ունեցած իրենց տեսակետը։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե ունես բացասական մտքեր այլ ազգի, մշակույթի, ռասայի պատկանող կամ այլ լեզվով խոսող մարդկանց վերաբերյալ։ Այդ դեպքում, անշուշտ, օգտակար կլինի խորհրդածել այն մասին, թե ինչ տեսակետ ունի Եհովան ազգայնամոլության և նախապաշարումների մասին։ Անձնական ուսումնասիրության կամ ընտանեկան երկրպագության ժամանակ փնտրտուքներ արա այս և նման նյութերի շուրջ։ Հետո խնդրիր Եհովային, որ օգնի հասկանալու իր տեսակետը այդ հարցերի հետ կապված (կարդա՛ Հռոմեացիներ 12։2)։
15, 16. ա) Ինչպիսի՞ արձագանք պետք է ակնկալենք, երբ պահում ենք Աստծու հանդեպ մեր նվիրվածությունը։ բ) Ինչպե՞ս կարող են ծնողները օգնել իրենց երեխաներին նվիրված մնալու Եհովային։
15 Վաղ թե ուշ Եհովայի բոլոր ծառաները կհայտնվեն այնպիսի իրավիճակներում, երբ իրենց խիղճը մաքուր պահելու համար պետք է տարբերվեն շրջապատի մարդկանցից՝ աշխատակիցներից, համադասարանցիներից, հարևաններից, բարեկամներից կամ ուրիշներից (1 Պետ. 2։19)։ Եվ մենք պե՛տք է տարբերվենք։ Չպետք է զարմանանք, եթե աշխարհը ատի մեզ դրա համար, քանի որ Հիսուսը նախազգուշացրել էր այդ մասին։ Մեզ հակառակվողների մեծ մասը չի հասկանում քրիստոնեական չեզոքության հետ կապված հարցերի կարևորությունը։ Բայց մեզ համար դրանք առաջնային կարևորության հարցեր են։
16 Եհովային նվիրված լինելու համար մենք պետք է անսասան մնանք՝ չնայած սպառնալիքներին (Դան. 3։16–18)։ Մարդավախությունը կարող է տարբեր տարիքի մարդկանց վրա ազդել, բայց հատկապես երիտասարդների համար գուցե դժվար լինի, այսպես ասած, հոսանքին հակառակ գնալ։ Եթե քո երեխաները հայտնվում են այնպիսի դժվար իրավիճակներում, ինչպիսիք են դրոշին պատիվ տալը, ազգային տոներ նշելը, մի՛ հապաղիր աջակցել նրանց։ Ընտանեկան երկրպագության ժամանակ օգնիր նրանց հասկանալու, թե ինչ տեսակետ ունի Եհովան այդ հարցերի վերաբերյալ, որպեսզի կարողանան քաջությամբ դիմագրավել դժվարությունները։ Օգնիր երեխաներիդ հստակ և հարգալից խոսելու իրենց համոզմունքների մասին (Հռոմ. 1։16)։ Նաև անհրաժեշտության դեպքում նախաձեռնություն վերցրու, որ խոսես ուսուցիչների հետ այդ հարցերի մասին։
ԳՆԱՀԱՏԻՐ ԵՀՈՎԱՅԻ ՈՂՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
17. Ո՞ր մտածելակերպից պետք է խուսափենք և ինչո՞ւ։
17 Բնական է, որ ինչ-որ չափով սիրում ենք մեր երկիրը, մշակույթը, լեզուն և ուտեստները։ Բայց մենք պետք է խուսափենք «մերն ամենալավն է» մտածելակերպից։ Եհովան ամեն բան բազմազան է ստեղծել և ուզում է, որ վայելենք այդ բազմազանությունը (Սաղ. 104։24; Հայտն. 4։11)։ Ուստի պե՞տք է արդյոք պնդենք, թե ինչ-որ բան անելու մի ձևը մյուսից ավելի լավն է։
18. Մարդկանց վերաբերյալ Եհովայի տեսակետն ունենալը ինչո՞ւ է օգտակար։
18 Աստված ուզում է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերեն և հավիտենական կյանք ունենան (Հովհ. 3։16; 1 Տիմոթ. 2։3, 4)։ Երբ հասկացողություն ենք դրսևորում՝ գիտակցելով, որ մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, որոնք հաճախ ընդունելի են, դա հարստացնում է մեր կյանքը և պաշտպանում մեր քրիստոնեական միասնությունը։ Քանի որ նվիրված ենք Եհովային, խուսափում ենք աշխարհի կոնֆլիկտների ու վեճերի մեջ ներքաշվելուց և ոչ մեկի կողմը չենք բռնում։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ զերծ ենք մնում հպարտությունից, մրցակցությունից և պառակտիչ գործերից, որոնցով ողողված է Սատանայի աշխարհը։ Եկեք վճռենք մեր մեջ խաղաղարար ոգի զարգացնել, ինչպիսին սաղմոսերգուն ուներ. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղ. 133։1)։
a Փիլիպպեն Հռոմի գաղութներից էր։ Փիլիպպեի ժողովի որոշ անդամներ թերևս ունեին հռոմեական քաղաքացիության ձևերից որևէ մեկը, ինչը նրանց հնարավորություն էր տալիս որոշ առավելություններ ունենալու իրենց հավատակիցների նկատմամբ։
b Որոշ անուններ փոխված են։