Ո՞վ է Աստվածաշունչը բաժանել գլուխների ու համարների
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ, որ դուք առաջին դարում ապրող քրիստոնյաներից մեկն եք։ Ձեր ժողովը քիչ առաջ նամակ է ստացել Պողոս առաքյալից։ Մինչ նամակն ընթերցվում է, նկատում եք, որ Պողոսը բազմիցս մեջբերումներ է արել «սուրբ գրքերից»՝ Եբրայերեն Գրություններից (2 Տիմոթեոս 3։15)։ «Այնքա՜ն կուզեի տեսնել, թե որ հատվածից է նա մեջբերում արել»,— գուցե մտածեիք դուք։ Բայց դա ձեզ համար հեշտ չէր լինի։ Ինչո՞ւ։
ՉԿԱՅԻՆ ԳԼՈՒԽՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՐՆԵՐ
Նկատի առնենք, թե ինչպես էին գրված «սուրբ գրքերի» ձեռագրերը, որոնք կային Պողոսի օրերում։ Այստեղ ցույց է տրված մի օրինակ՝ Մեռյալ ծովի ձեռագրերից մեկը, որը պարունակում է «Եսայիա» գրքից մի հատված։ Նկարում կտեսնեք տեքստի սյունակներ, որոնցում չկան կետադրական նշաններ։ Բացի այդ, չկան համարակալված գլուխներ կամ տողեր, որոնք տեսնում ենք այսօրվա Աստվածաշնչերում։
Աստվածաշունչը գրողները իրենց արձանագրած տեքստը չեն բաժանել գլուխների կամ համարների։ Նրանք պարզապես գրի են առել Աստծու հաղորդած բոլոր տեղեկությունները որպես մեկ ընդհանուր արձանագրություն, որպեսզի ընթերցողները կարդան ողջ տեղեկությունը, ոչ թե միայն փոքր հատվածներ։ Օրինակ՝ երբ կարևոր նամակ ենք ստանում մեզ համար թանկ անձնավորությունից, մենք ցանկանում ենք կարդալ ամբողջ նամակը, ոչ թե միայն որոշ հատվածներ։
Սակայն գլուխների և համարների բացակայությունը դժվարություններ էր առաջացնում։ Միակ ձևը, որով Պողոսը կարողանում էր ցույց տալ, որ մեջբերում է անում, այսպիսի արտահայտություններն էին՝ «ինչպես և գրված է» կամ «Եսայիան կանխավ ասել էր» (Հռոմեացիներ 3։10; 9։29)։ Բացի այդ, եթե մարդը քաջածանոթ չլիներ բոլոր «սուրբ գրքերին», նրա համար շատ դժվար կլիներ գտնել այն հատվածները, որտեղից վերցված էր մեջբերումը։
Ավելին, «սուրբ գրքերը» պարզապես ինչ-որ կարճ տեղեկություն չէին, որ տվել էր Աստված։ Մինչև առաջին դարի վերջը դրանք արդեն կազմում էին մի հավաքածու՝ բաղկացած 66 առանձին գրքերից։ Այսօր Աստվածաշունչը ընթերցող շատ անհատներ ուրախ են, որ տեքստը բաժանված է գլուխների և համարների, որոնք օգնում են հեշտությամբ գտնելու որոշակի հատված, ինչպես, օրինակ, այն հատվածները, որտեղից Պողոսը մեջբերումներ է արել իր նամակներում։
Բայց գուցե հարցնեք. «Իսկ ո՞վ է Աստվածաշունչը բաժանել գլուխների և համարների»։
Ո՞Վ ԲԱԺԱՆԵՑ ԳԼՈՒԽՆԵՐԻ
Պատմական տեղեկությունների համաձայն՝ Աստվածաշունչը գլուխների է բաժանել անգլիացի հոգևորական Ստեֆան Լանգտոնը, որը հետագայում դարձավ Քենտերբերիի արքեպիսկոպոս։ Նա այդ գործն իրականացրել է մ.թ. 13-րդ դարի սկզբներին, երբ դասավանդում էր Փարիզի համալսարանում։
Լանգտոնից առաջ աստվածաշնչագետները Աստվածաշունչը ավելի փոքր հատվածների կամ գլուխների բաժանելու տարբեր կերպեր էին փորձել՝ ըստ երևույթին նպատակ ունենալով հեշտացնել հղումներ անելու գործը։ Ինչ խոսք, շատ ավելի հեշտ կլիներ ինչ-որ հատված փնտրել մեկ գլխում՝ փոխանակ աչքի անցկացնելու ամբողջ գիրքը, օրինակ՝ «Եսայիա» գիրքը, որը բաղկացած է 66 գլուխներից։
Սակայն Աստվածաշունչը գլուխների բաժանելը տարբեր խնդիրներ էր առաջացրել։ Բանն այն է, որ աստվածաշնչագետները ստեղծել էին գլուխների բաժանելու զանազան համակարգեր, որոնք չէին համապատասխանում իրար։ Օրինակ՝ ըստ մի այդպիսի համակարգի՝ Մարկոսի Ավետարանը բաժանված էր 50 գլուխների, ոչ թե 16, ինչպես այսօր է։ Լանգտոնի օրերում Փարիզում սովորում էին տարբեր երկրներից եկած ուսանողներ, որոնք իրենց հետ բերել էին իրենց երկրներում գործածվող Աստվածաշնչերը։ Սակայն դասախոսներն ու ուսանողները չէին կարողանում հղումներ անելիս հեշտությամբ բացատրել, թե որ հատվածի մասին են խոսում։ Պատճառն այն էր, որ նրանց ունեցած զանազան ձեռագրերում գլուխների բաժանման համակարգերը տարբեր էին և չէին համապատասխանում իրար։
Այդ պատճառով Լանգտոնը մշակեց գլուխների բաժանման մի նոր համակարգ։ Այդ համակարգը, ինչպես նշվում է մի գրքում, «շատ դուր եկավ ընթերցողներին և գրագիրներին», ուստի այն «շատ արագ տարածվեց ողջ Եվրոպայում» (The Book— A History of the Bible)։ Այսօր Աստվածաշնչերի մեծ մասը բաժանված է գլուխների այնպես, ինչպես դա արել էր Լանգտոնը։
Ո՞Վ ԲԱԺԱՆԵՑ ՀԱՄԱՐՆԵՐԻ
Մոտ 300 տարի անց՝ 16-րդ դարի կեսերին, ֆրանսիացի հայտնի աստվածաշնչագետ, խմբագիր Ռոբեր Էթյենը քայլեր ձեռնարկեց, որ ավելի հեշտ լինի Աստվածաշնչից օգտվելը։ Նա ցանկանում էր այնպես անել, որ ավելի շատ մարդիկ կարողանային ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նա մտածեց, որ շատ օգտակար կլինի Աստվածաշունչը և՛ գլուխների, և՛ համարների բաժանելու մեկ ընդհանուր համակարգ ունենալ։
Սակայն Էթյենը առաջինը չէր, որ փորձեց աստվածաշնչյան տեքստը համարների բաժանել։ Նրանից առաջ ուրիշներն արդեն նման փորձեր արել էին։ Օրինակ՝ դարեր առաջ հրեա գրագիրները ողջ Եբրայերեն Գրությունները՝ Աստվածաշնչի այն հատվածը, որը սովորաբար կոչվում է Հին Կտակարան, բաժանել էին համարների, բայց ոչ գլուխների։ Սակայն այս դեպքում էլ մեկ ընդհանուր համակարգ չկար։
Էթյենը մի նոր համակարգով համարների բաժանեց Քրիստոնեական Հունարեն Գրությունները, կամ, ինչպես ընդունված է ասել, Նոր Կտակարանը, և այն միացրեց արդեն համարների բաժանված Եբրայերեն Գրություններին։ 1553-ին նա հրատարակեց առաջին ամբողջական Աստվածաշունչը (ֆրանսերեն լեզվով), որում գլուխների և համարների բաժանումը հիմնականում այնպիսին էր, ինչպիսին տեսնում ենք ներկայիս Աստվածաշնչերի մեծ մասում։ Ոմանք քննադատաբար էին վերաբերվում նրա արած գործին և ասում էին, թե համարները տեքստը մասնատում են ու այնպիսի տպավորություն են ստեղծում, թե այն պարզապես առանձին, իրար հետ կապ չունեցող մտքերի շարք է։ Այդուհանդերձ, Էթյենի մշակած համակարգը շատ արագ ընդունվեց Աստվածաշունչ հրատարակող մյուս խմբագիրների կողմից։
ԻՍԿԱԿԱՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ
Գուցե թվա, թե Աստվածաշնչի՝ գլուխների ու համարների բաժանված լինելը էական դեր չի խաղում։ Սակայն դրա շնորհիվ՝ Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսք ունի իր ուրույն «հասցեն»։ Ճիշտ է, Աստվածաշնչի՝ գլուխների ու համարների բաժանումը չի արվել Աստծու ներշնչմամբ, և իսկապես համարները երբեմն աստվածաշնչյան տեքստը անտրամաբանական տեղերում են բաժանում, բայց դրանք շատ օգտակար դեր են կատարում։ Համարները օգնում են հեշտությամբ գտնելու մեջբերումների տեղերը։ Նաև դրանց օգնությամբ կարողանում ենք առանձնացնել կամ ուրիշներին հայտնել աստվածաշնչյան որոշ խոսքեր, որոնք կարևոր նշանակություն ունեն մեզ համար, ճիշտ ինչպես որևիցե փաստաթղթում կամ գրքում ընդգծում ենք որոշ արտահայտություններ կամ մտքեր, որոնք ցանկանում ենք մտապահել։
Բայցևայնպես, որքան էլ հարմար լինի օգտվել գլուխների ու համարների բաժանված Աստվածաշնչից, միշտ հիշեք, որ կարևոր է հասկանալ Աստծու հաղորդած ողջ պատգամը, տեսնել նրա Խոսքի ամբողջական պատկերը։ Սովորություն դարձրեք ընթերցել ոչ միայն առանձին համարներ, այլև դրանց համատեքստը։ Այդպես վարվելով՝ դուք ավելի լավ կիմանաք բոլոր «սուրբ գրքերը, որոնք կարող են իմաստուն դարձնել [ձեզ] փրկության համար» (2 Տիմոթեոս 3։15)։