Արդարության վերաբերյալ ունե՞ս նույն տեսակետը, ինչ Եհովան
«Ես կհռչակեմ Եհովայի անունը.... Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա» (2 ՕՐԵՆՔ 32։3, 4)։
ԵՐԳ 110, 2
1, 2. ա) Ի՞նչ անարդարության բախվեցին Նաբովթն ու նրա որդիները։ բ) Ո՞ր երկու հատկությունների մասին ենք խոսելու այս հոդվածում։
ՄԻ ՄԱՐԴՈՒ անարդարացիորեն մեղադրում են այնպիսի հանցանք գործելու մեջ, որի համար մահապատիժ է նախատեսվում։ Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները ցնցված են ու շփոթված։ Մի քանի անպիտան մարդիկ կեղծ ցուցմունքներ են տալիս նրա դեմ։ Ի վերջո այդ տղամարդուն մահվան են դատապարտում։ Պատկերացրու՝ ինչ են զգում արդարություն սիրողները՝ տեսնելով, թե ինչպես են սպանում թե՛ այդ անմեղ մարդուն, թե՛ նրա որդիներին։ Սա հորինված պատմություն չէ։ Սա այն է, ինչ պատահեց Եհովայի հավատարիմ ծառաներից մեկին՝ Նաբովթին, որն ապրում էր Իսրայելի Աքաաբ թագավորի օրոք (1 Թագ. 21։11–13; 2 Թագ. 9։26)։
2 Այս հոդվածում ոչ միայն կքննարկենք այն, ինչ պատահեց Նաբովթին, այլև կխոսենք առաջին դարի քրիստոնեական ժողովում ծառայած մի հավատարիմ երեցի մասին, որը անարդար վարվեց։ Այս աստվածաշնչյան օրինակները քննելով՝ կիմանանք, թե խոնարհությունն ու ներելու պատրաստակամությունը որքան կարևոր են արդարության հարցում Եհովային ընդօրինակելու համար։
ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
3, 4. Ինչպիսի՞ մարդ էր Նաբովթը, և ինչո՞ւ նա հրաժարվեց իր այգին վաճառել Աքաաբ թագավորին։
3 Նաբովթը հավատարմորեն ծառայում էր Եհովային, մինչդեռ իսրայելացիների մեծամասնությունը հետևում էր Աքաաբ թագավորի ու նրա չար կնոջ՝ Հեզաբել թագուհու վատ օրինակին։ Բահաղին երկրպագող այս մարդիկ չէին հարգում ո՛չ Եհովային, ո՛չ էլ նրա օրենքները։ Իսկ Նաբովթը Եհովայի հետ իր ունեցած փոխհարաբերությունները իր կյանքից էլ բարձր էր գնահատում։
4 Կարդա 1 Թագավորներ 21։1–3։ Երբ Աքաաբը ցանկացավ գնել Նաբովթի խաղողի այգին կամ դրա փոխարեն՝ ավելի լավ այգի տալ, վերջինս հրաժարվեց։ Ինչո՞ւ։ Նա հարգալից կերպով ասաց. «Անհնար է, որ Եհովան թույլ տա՝ իմ հայրերի ժառանգական կալվածքը քեզ տամ»։ Նաբովթը մերժեց Աքաաբի առաջարկը, քանի որ Իսրայելին տրված Եհովայի օրենքը արգելում էր ցեղի ժառանգությունն ընդմիշտ վաճառել (Ղևտ. 25։23; Թվեր 36։7)։ Այո՛, Նաբովթը հնազանդվում էր Եհովային։
5. Նաբովթի սպանության մեջ ի՞նչ դեր ունեցավ Հեզաբելը։
5 Երբ Նաբովթը հրաժարվեց իր այգին վաճառել, այն ստանալու համար Աքաաբ թագավորն ու իր կինը սարսափելի արարքներ գործեցին։ Հեզաբելն այնպես արեց, որ Նաբովթի դեմ կեղծ մեղադրանք առաջադրվի, և նրան ու նրա որդիներին սպանեն։ Ինչպե՞ս այս սոսկալի անարդարությանը արձագանքեց Եհովան։
ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՃԻՌԸ
6, 7. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ արդարություն է սիրում, և ինչո՞ւ դա կարող էր մխիթարական լինել Նաբովթի հարազատների ու ընկերների համար։
6 Եհովան Եղիային անմիջապես ուղարկեց Աքաաբի մոտ։ Մարգարեն Աքաաբին արդարացիորեն մեղադրեց որպես մարդասպանի և գողի։ Ո՞րն էր Եհովայի դատավճիռը։ Ինչպես որ սպանվեցին Նաբովթն ու իր որդիները, այնպես էլ Աքաաբը, իր կինն ու որդիներն էին սպանվելու (1 Թագ. 21։17–25)։
7 Թեև Նաբովթի հարազատներն ու ընկերները սգում էին սիրելի մարդկանց կորուստը, որի համար մեղավոր էր Աքաաբը, սակայն, անկասկած, ինչ-որ չափով մխիթարվեցին՝ իմանալով, որ Եհովան գիտի տեղի ունեցած անարդարության մասին և արագ քայլեր է ձեռնարկել։ Այնուամենայնիվ, նրանց խոնարհությունն ու Եհովայի հանդեպ վստահությունը հավանաբար փորձության ենթարկվեցին, երբ դեպքերն անսպասելիորեն այլ հունով ընթացան։
8. Ի՞նչ արեց Աքաաբը, երբ լսեց Եհովայի դատավճիռը, և ի՞նչ եղավ արդյունքը։
8 Երբ Աքաաբը Եհովայի դատավճիռն իմացավ, «պատռեց իր հանդերձները, մարմնի վրա քուրձ հագավ. նա ծոմ էր պահում, քուրձը հագին էր պառկում և վհատված ման էր գալիս»։ Աքաաբը իր անձը խոնարհեցրեց։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Եհովան ասաց Եղիային. «Քանի որ նա իրեն խոնարհեցրեց իմ առաջ, նրա տան վրա չարիք չեմ բերի նրա օրերում, այլ նրա որդու օրերում կբերեմ» (1 Թագ. 21։27–29; 2 Թագ. 10։10, 11, 17)։ Եհովան՝ «սրտեր քննողը», Աքաաբի հանդեպ ողորմածություն դրսևորեց (Առակ. 17։3)։
ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
9. Խոնարհությունն ինչպե՞ս կարող էր պաշտպանել Նաբովթի հարազատներին ու ընկերներին։
9 Այս որոշումն ինչպե՞ս ազդեց նրանց վրա, ովքեր գիտեին Աքաաբի սարսափելի հանցանքի մասին։ Նաբովթի հարազատների ու ընկերների հավատը կարող էր փորձության ենթարկվել։ Նման դեպքում խոնարհությունը կպաշտպաներ նրանց ու կմղեր, որ շարունակեն հավատարմորեն ծառայել Եհովային և վստահ լինեն, որ իրենց Աստված չի կարող անարդար վարվել (կարդա 2 Օրենք 32։3, 4)։ Նաբովթը, իր որդիներն ու իրենց հարազատները կատարյալ արդարություն կտեսնեն այն ժամանակ, երբ Եհովան հարություն տա արդարներին (Հոբ 14։14, 15; Հովհ. 5։28, 29)։ Բացի այդ, խոնարհ մարդը հիշում է, որ «ճշմարիտ Աստված ամեն տեսակ գործ, ինչպես նաև ամեն ծածուկ բան դատաստանի է ենթարկելու, որ որոշի՝ արդյոք լավ է, թե վատ» (Ժող. 12։14)։ Այո՛, դատավճիռ կայացնելիս Եհովան հաշվի է առնում այնպիսի գործոններ, որոնց մասին չգիտենք։ Այսպիսով՝ խոնարհությունը անմեղ մարդկանց պաշտպանում է հոգևոր աղետից։
10, 11. ա) Ինչպիսի՞ իրավիճակներում կարող է փորձվել մեր հավատը։ բ) Ինչպե՞ս խոնարհությունը կպաշտպանի մեզ։
10 Ի՞նչ կանես, եթե երեցները այնպիսի որոշում կայացնեն, որն անհասկանալի լինի քեզ համար, կամ որին թերևս համաձայն չլինես։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվես, եթե դու կամ նա, ում սիրում ես, կորցնեք ծառայության մեջ ունեցած որևէ առանձնաշնորհում։ Ի՞նչ կանես, եթե կողակիցդ, զավակդ կամ մտերիմ ընկերդ զրկվի ընկերակցությունից, և դու համաձայն չլինես այդ որոշմանը։ Կամ եթե այն կարծիքին լինես, որ երեցները սխալ են վարվել՝ մեղք գործած անձի նկատմամբ ողորմություն դրսևորելով։ Նման իրավիճակներում կարող է փորձվել մեր հավատը Եհովայի ու նրա կազմակերպության հանդեպ։ Ինչպե՞ս խոնարհությունը կպաշտպանի քեզ, եթե այսպիսի փորձության բախվես։
11 Նախևառաջ՝ խոնարհությունը մեզ կօգնի ընդունել, որ բոլոր փաստերին ծանոթ չենք։ Ինչքան էլ ծանոթ լինենք տվյալ իրավիճակին, միայն Եհովան է ունակ կարդալու մարդու սիրտը (1 Սամ. 16։7)։ Այս անհերքելի ճշմարտությունը միշտ հիշելով՝ կմղվենք խոնարհ լինելու, ընդունելու, որ մեր կարողությունները սահմանափակ են, և փոխելու մեր տեսակետը։ Երկրորդ՝ խոնարհությունը կօգնի, որ հնազանդ ու համբերատար լինենք՝ սպասելով, որ Եհովան շտկի իրավիճակը, եթե իրոք անարդարություն է տեղի ունեցել։ Եկեք միշտ հիշենք այս իմաստուն խոսքերը. «Լավ կլինի ճշմարիտ Աստծուց վախեցողների համար.... Բայց ամբարշտի համար ընդհանրապես լավ բան չի լինի, ու նա չի երկարացնի իր օրերը» (Ժող. 8։12, 13)։ Այո՛, եթե խոնարհ մնանք, դա կնպաստի բոլոր ներգրավված կողմերի հոգևոր բարօրությանը (կարդա 1 Պետրոս 5։5)։
ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԺՈՂՈՎՈՒՄ
12. Ի՞նչ իրավիճակ ենք քննելու և ինչո՞ւ։
12 Առաջին դարում Ասորիքի Անտիոքում բնակվող քրիստոնյաները մի իրավիճակի բախվեցին, որում փորձվեց ոչ միայն նրանց խոնարհությունը, այլև ներելու պատրաստակամությունը։ Եկեք քննենք այդ դրվագը։ Այն կօգնի, որ տեսնենք, թե որքանով ենք պատրաստ ներելու, նաև կօգնի, որ ավելի լավ հասկանանք, թե ներողամտությունն ինչպես է կապված արդարության վերաբերյալ Եհովայի ունեցած տեսակետի հետ։
13, 14. Ի՞նչ առանձնաշնորհումներ ուներ Պետրոս առաքյալը, և ինչպե՞ս նա համարձակություն դրսևորեց։
13 Պետրոս առաքյալը քրիստոնեական ժողովում ճանաչված երեց էր։ Նա Հիսուսի մտերիմ ընկերներից էր և կարևոր պատասխանատվություններ էր ստացել (Մատթ. 16։19)։ Օրինակ՝ 36 թ.-ին Պետրոսը պատիվ ունեցավ բարի լուրը հայտնելու Կոռնելիոսին ու նրա ընտանիքին։ Սա ուշագրավ իրադարձություն էր, քանի որ Կոռնելիոսը հրեա չէր և անթլփատ էր։ Երբ նա և իր ընտանիքի անդամները սուրբ ոգին ստացան, Պետրոսն ասաց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրում մկրտվեն այս մարդիկ, ովքեր մեզ նման սուրբ ոգին ստացան» (Գործ. 10։47)։
14 Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները 49 թ.-ին հավաքվեցին՝ քննարկելու այն հարցը, թե արդյոք քրիստոնեությունն ընդունած այլազգիները պետք է թլփատվեն։ Այդ հանդիպման ժամանակ Պետրոսը համարձակությամբ խոսեց։ Նա եղբայրներին հիշեցրեց այն մասին, որ դրանից մի քանի տարի առաջ անթլփատ այլազգի մարդիկ ստացել էին սուրբ ոգու պարգևը։ Պետրոսի վկայությունը շատ օգնեց, որ առաջին դարի կառավարիչ մարմինը որոշում կայացնի (Գործ. 15։6–11, 13, 14, 28, 29)։ Թե՛ հրեա, թե՛ այլազգի քրիստոնյաները հավանաբար երախտապարտ էին այն բանի համար, որ Պետրոսը համարձակությամբ ներկայացրեց իրեն հայտնի փաստերը։ Հոգևորապես հասուն այդ մարդուն, ինչ խոսք, հեշտ էր վստահել (Եբր. 13։7)։
15. Պետրոսը ի՞նչ սխալ գործեց Ասորիքի Անտիոքում (տես հոդվածի սկզբի նկարը)։
15 Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպումից կարճ ժամանակ անց Պետրոսը գնաց Ասորիքի Անտիոք։ Այնտեղ նա ազատորեն շփվում էր ոչ հրեա եղբայրների հետ։ Նրա փորձն ու գիտելիքները, ինչ խոսք, մեծ օգուտ էին բերում այդ քրիստոնյաներին։ Սակայն պատկերացրու, թե նրանք որքան զարմացան ու հիասթափվեցին, երբ Պետրոսը հանկարծակի դադարեց իրենց հետ սեղան նստել։ Ժողովի ուրիշ անդամներ, որոնք հրեա էին, նույնիսկ Բառնաբասը հետևեցին նրա օրինակին։ Ի՞նչը մղեց Պետրոսին՝ այդ հասուն քրիստոնյային ու երեցին, նման սխալ գործելու՝ այնպիսի սխալ, որը կարող էր պառակտել ժողովը։ Եվ որ ամենակարևորն է, ի՞նչ կարող ենք սովորել Պետրոսի սխալից, որպեսզի ճիշտ վարվենք, եթե երեցի խոսքերից կամ արարքներից վիրավորվենք։
16. Պետրոսն ինչպե՞ս հանդիմանվեց, և ի՞նչ հարցեր են ծագում։
16 Կարդա Գաղատացիներ 2։11–14։ Պետրոսն ընկավ մարդավախության ծուղակը (Առակ. 29։25)։ Թեև նա շատ լավ գիտեր, թե այդ հարցի վերաբերյալ որն է Եհովայի տեսակետը, սակայն վախեցավ, թե ինչ կմտածեն Երուսաղեմից եկած քրիստոնյաները, որոնք թլփատված հրեաներ էին։ Պողոս առաքյալը, որը նույնպես ներկա էր եղել 49 թ.-ին Երուսաղեմում տեղի ունեցած հանդիպմանը, Անտիոքում Պետրոսին հանդիմանեց կեղծավորության համար (Գործ. 15։12; Գաղ. 2։13)։ Պետրոսի սխալ արարքից վիրավորված այլազգի քրիստոնյաները ինչպե՞ս կարձագանքեին այդ անարդարությանը։ Թույլ կտայի՞ն, որ դա գայթակղության պատճառ դառնար իրենց համար։ Պետրոսը այդ սխալի պատճառով կկորցնե՞ր իր առանձնաշնորհումները։
ՆԵՐՈՂԱՄԻՏ ԵՂԵՔ
17. Ի՞նչ արդյունք բերեց այն, որ Եհովան ներեց Պետրոսին։
17 Ըստ ամենայնի, Պետրոսը խոնարհաբար ընդունեց Պողոսի խրատը։ Աստվածաշնչում ոչինչ չի մատնանշում, որ նա կորցրել է իր առանձնաշնորհումները։ Ավելի ուշ նա Աստծու կողմից ներշնչվեց՝ գրելու երկու նամակ, որոնք դարձան Սուրբ Գրքի մասը։ Հատկանշական է, որ իր երկրորդ նամակում Պետրոսը Պողոսին կոչեց «մեր սիրելի եղբայր» (2 Պետ. 3։15)։ Թեև Պետրոսի սխալը, հնարավոր է, ցավ պատճառեց ժողովի այլազգի անդամներին, Հիսուսը, որը ժողովի գլուխն է, շարունակեց օգտագործել նրան (Եփես. 1։22)։ Այդպիսով քրիստոնյաներին հնարավորություն տրվեց ընդօրինակելու Հիսուսին ու նրա Հորը և ներելու Պետրոսին։ Կարող ենք հուսալ, որ անկատար մարդու գործած սխալի պատճառով նրանցից ոչ ոք չգայթակղվեց։
18. Ինչպիսի՞ իրավիճակներ կարող են առաջանալ, երբ անհրաժեշտ լինի արդարության վերաբերյալ ունենալ նույն տեսակետը, ինչ Եհովան։
18 Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր քրիստոնեական ժողովում կատարյալ երեցներ չկան, «քանի որ բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2)։ Հնարավոր է՝ մենք ընդունում ենք այս փաստը, սակայն ինչպե՞ս կվարվենք, երբ որևէ եղբայր մեր դեմ սխալ գործի։ Նման դեպքերում մեր արձագանքից կերևա՞, որ արդարության վերաբերյալ ունենք նույն տեսակետը, ինչ Եհովան։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե որևէ երեց այնպիսի բան ասի, որ թվա, թե կանխակալ կարծիք ունի։ Կգայթակղվե՞ս, եթե մի երեց անմտածված խոսքերով խոցի քեզ։ Արդյո՞ք միանգամից կեզրակացնես, որ այդ եղբայրն այլևս չի համապատասխանում երեց լինելու պահանջներին, թե՞ համբերությամբ կսպասես Հիսուսին՝ ժողովի գլխին։ Կկենտրոնանաս այդ եղբոր սխալի՞ վրա, թե՞ կջանաս լայնախոհ լինել, օրինակ՝ մտածելով այն մասին, որ այդ եղբայրը երկար տարիներ հավատարմորեն ծառայում է Եհովային։ Եթե քո դեմ մեղք գործած եղբայրը շարունակի ծառայել որպես երեց կամ նույնիսկ լրացուցիչ առանձնաշնորհումներ ստանա, կուրախանա՞ս նրա հետ։ Ներելու պատրաստակամությունդ ցույց կտա, որ արդարության վերաբերյալ ունես նույն տեսակետը, ինչ Եհովան (կարդա Մատթեոս 6։14, 15)։
19. Ի՞նչ պետք է վճռենք անել։
19 Արդարություն սիրող մարդիկ փափագում են տեսնել այն օրը, երբ Եհովան իսպառ կջնջի ամեն անարդարություն, որի համար մեղավոր է Սատանան ու նրա չար աշխարհը (Ես. 65։17)։ Մինչ այդ, եթե անարդարության բախվենք, եկեք խոնարհաբար ընդունենք, որ հավանաբար ոչ բոլոր փաստերին ենք ծանոթ, և մեծահոգաբար ներենք նրանց, ովքեր մեր դեմ մեղք են գործում։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ արդարության վերաբերյալ ունենք նույն տեսակետը, ինչ Եհովան։