Ընդօրինակիր Նոյի, Դանիելի և Հոբի հավատն ու հնազանդությունը
«Այս երեք մարդիկ՝ Նոյը, Դանիելն ու Հոբը, իրենց արդարության շնորհիվ.... կփրկեին միայն իրենց հոգին» (ԵԶԵԿ. 14։14)։
1, 2. ա) Նոյի, Դանիելի և Հոբի օրինակները ինչո՞ւ կարող են քաջալերական լինել մեզ համար։ բ) Ի՞նչ հանգամանքների ներքո են գրվել այն խոսքերը, որոնք կարդում ենք Եզեկիել 14։14-ում։
ԱՌՈՂՋԱԿԱՆ կամ տնտեսական խնդիրնե՞ր ունես։ Հալածանքների՞ ես ենթարկվում։ Փորձություննե՞ր ես կրում։ Երբեմն ծառայությունիցդ ուրախություն չե՞ս ստանում։ Եթե այո, ապա Նոյի, Դանիելի և Հոբի օրինակները կարող են քաջալերել քեզ։ Նրանք մեզ պես անկատար մարդիկ էին և բախվում էին այնպիսի փորձությունների, որոնց մենք էլ ենք այսօր բախվում։ Եղել են դեպքեր, երբ նույնիսկ նրանց կյանքն է վտանգվել։ Սակայն նրանք պահել են իրենց անարատությունը, ու Եհովան այդ մարդկանց համարում է հավատի և հնազանդության օրինակ (կարդա Եզեկիել 14։12–14)։
2 Եզեկիելը այս հոդվածի բնաբանի խոսքերը գրել է Բաբելոնում մ. թ. ա. 612 թ.-ինa (Եզեկ. 1։1; 8։1)։ Հավատուրաց Երուսաղեմի կանխագուշակված կործանումը մոտ էր. այն վրա հասավ մ. թ. ա. 607-ին։ Այդ ժամանակ քչերն էին այնպիսի հատկություններ դրսևորում, ինչպիսիք ունեին Նոյը, Դանիելը և Հոբը, ուստիև քչերի ճակատներին էր փրկության «նշան դրվել» (Եզեկ. 9։1–5)։ Այդ մարդկանց թվում էին Երեմիան, Բարուքը, Աբդիմելեքը և Ռեքաբյանները։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Այսօր նույնպես աշխարհի կործանումից փրկվելու համար իրենց ճակատին նշան կստանան միայն նրանք, ում Եհովան Նոյի, Դանիելի և Հոբի պես անարատ կհամարի (Հայտն. 7։9, 14)։ Եկեք քննենք, թե ինչու է Եհովան այդ մարդկանց որպես արդարության օրինակ բերում։ Ուշադրություն դարձնենք, թե նրանցից յուրաքանչյուրը 1) ինչ դժվարությունների է բախվել, և 2) ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց հավատն ու հնազանդությունը։
ՆՈՅ. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ՀՆԱԶԱՆԴ՝ ԻՆԸ ԴԱՐ ՇԱՐՈՒՆԱԿ
4, 5. Նոյը ի՞նչ դժվարությունների բախվեց, և նրա տոկունությունը ինչո՞ւ է հատկանշական։
4 Դժվարություններ, որոնց բախվեց Նոյը։ Նոյի նախապապ Ենոքի օրոք մարդիկ շատ էին չարացել։ Նրանք անգամ Եհովայի դեմ էին «սարսափելի խոսքեր» ասում (Հուդա 14, 15)։ Բռնությունը գնալով շատանում էր, և արդեն Նոյի օրերում երկիրը «բռնությամբ էր լցվել»։ Անհավատարիմ հրեշտակները մարդկային մարմիններ էին հագել և իրենց համար կանայք էին առել։ Նրանցից առաջ էր եկել խառնածին և դաժան մի սերունդ (Ծննդ. 6։2–4, 11, 12)։ Չնայած այդ ամենին՝ Նոյը խիստ տարբերվում էր բոլորից։ Նա «հաճություն գտավ Եհովայի աչքում»։ Նոյը «անարատ էր իր ժամանակակիցների մեջ։ Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց» (Ծննդ. 6։8, 9)։
5 Այս խոսքերից ի՞նչ ենք իմանում Նոյի մասին։ Այս արդար մարդը նախաջրհեղեղյան ապականված աշխարհում Աստծու հետ քայլեց ոչ թե պարզապես 70 կամ 80 տարի, որքան այսօր տևում է մարդկանցից շատերի կյանքը, այլ գրեթե 600 տարի (Ծննդ. 7։11)։ Եվ ի տարբերություն մեր օրերի՝ Նոյի օրոք ժողովներ չկային, որտեղ նա կարող էր քաջալերվել՝ շփվելով իր հավատակիցների հետ։ Ըստ ամենայնի, Նոյը նույնիսկ իր հարազատ եղբայրներից և քույրերից չէր կարող հոգևոր աջակցություն ակնկալել։b
6. Նոյը ինչպե՞ս մեծ քաջություն դրսևորեց։
6 Նոյը ոչ միայն աստվածահաճո կյանքով էր ապրում, այլև «արդարության [խիզախ] քարոզիչ» էր, քանի որ հրապարակորեն դավանում էր իր հավատը (2 Պետ. 2։5)։ Պողոս առաքյալը գրեց. «Հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը» (Եբր. 11։7)։ Տրամաբանական է եզրակացնել, որ մարդիկ Նոյին ծաղրել են ու հակառակվել, հնարավոր է՝ նույնիսկ սպառնացել են վնասել։ Բայց Նոյը «մարդկանց հանդեպ վախ» չուներ (Առակ. 29։25)։ Նա լի էր քաջությամբ, որը Եհովան տալիս է իր հավատարիմ ծառաներին։
7. Տապանը կառուցելիս Նոյը հավանաբար ի՞նչ դժվարությունների բախվեց։
7 Աստծու հետ ավելի քան հինգ դար քայլելուց հետո Նոյը նրանից հանձնարարություն ստացավ՝ տապան կառուցել մարդկանց և կենդանիների փրկության համար (Ծննդ. 5։32; 6։14)։ Հավանաբար, դա Նոյին շատ դժվար առաջադրանք թվաց, և պատճառը միայն շինարարության հետ կապված բարդությունները չէին։ Նոյը գիտակցում էր, որ դրա պատճառով ավելի մեծ ծաղրանքի և հակառակության էր հանդիպելու։ Բայց հնազանդվեց և հավատով ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան էր պատվիրել իրեն (Ծննդ. 6։22)։
8. Նոյն ինչպե՞ս ցույց տվեց, որ վստահում է Եհովային՝ որպես իր Խնամատարի։
8 Նոյի համար դժվար էր նաև հոգալ իր կնոջ ու երեխաների նյութական կարիքները։ Ջրհեղեղից առաջ մարդիկ պետք է չափից շատ ծանր աշխատեին, որ հողից բերք ստանային, և այս առումով Նոյը, անշուշտ, բացառություն չէր (Ծննդ. 5։28, 29)։ Չնայած դրան՝ նա այնպես էր անում, որ իր կյանքը պտտվեր ոչ թե հոգսերի, այլ Եհովայի կամքը կատարելու շուրջ։ Նույնիսկ տապանը կառուցելու ընթացքում, ինչը, հնարավոր է, տևեց 40 կամ 50 տարի, Նոյը կենտրոնացած մնաց հոգևոր բաների վրա։ Եվ Ջրհեղեղից հետո էլ մինչև իր կյանքի վերջը, այսինքն՝ 350 տարի շարունակեց նույնն անել (Ծննդ. 9։28)։ Հավատի ու հնազանդության ի՜նչ հիանալի օրինակ։
9, 10. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյի հավատն ու հնազանդությունը։ բ) Աստված ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր թիկունք են կանգնում իր չափանիշներին։
9 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Նոյի հավատն ու հնազանդությունը։ Դա կարող ենք անել, եթե կառչած մնանք Աստծու արդարությանը, չլինենք Սատանայի աշխարհի մի մասը և առաջին տեղում դնենք Թագավորության շահերը (Մատթ. 6։33; Հովհ. 15։19)։ Ճիշտ է, այս աշխարհը հավանություն չի տալիս մեր ապրելակերպին։ Որոշ երկրներում մեզ նույնիսկ քննադատում են այն բանի համար, որ մենք հաստատակամորեն պահում ենք Աստծու օրենքները, օրինակ՝ ամուսնության ու բարոյական մաքրության հարցում (կարդա Մաղաքիա 3։17, 18)։ Սակայն Նոյի պես՝ մենք վախենում ենք Եհովայից, ոչ թե մարդկանցից։ Չէ՞ որ միայն նա կարող է հավիտենական կյանք տալ (Ղուկ. 12։4, 5)։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Կշարունակե՞ս «Աստծու հետ քայլել», նույնիսկ երբ ուրիշները ծաղրեն ու քննադատեն քեզ, կամ երբ տնտեսական խնդիրների պատճառով փորձվի հավատդ քո Խնամատարի հանդեպ։ Եթե ընդօրինակես Նոյի հավատն ու հնազանդությունը, կարող ես համոզված լինել, որ Եհովան հոգ կտանի քո մասին (Փիլիպ. 4։6, 7)։
ԴԱՆԻԵԼ. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ՀՆԱԶԱՆԴ՝ ԱՊԱԿԱՆՎԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ
11. Դանիելն ու իր ընկերները ի՞նչ մեծ դժվարությունների բախվեցին Բաբելոնում (տես հոդվածի սկզբի նկարը)։
11 Դժվարություններ, որոնց բախվեց Դանիելը։ Դանիելը գերի էր Բաբելոնում՝ մի քաղաքում, որտեղ ծաղկում էին կռապաշտությունն ու ոգեհարցությունը։ Բաբելոնացիները վերևից էին նայում հրեաներին՝ ծաղրելով թե՛ նրանց, թե՛ նրանց Աստծուն՝ Եհովային (Սաղ. 137։1, 3)։ Պատկերացրու, թե ինչպես էր սա վիրավորում Դանիելին և նրա պես հավատարիմ հրեաներին։ Բացի այդ, նա և իր ընկերները՝ Հանանիան, Միսայելն ու Ազարիան, պետք է կրթություն ստանային թագավորին ծառայելու համար, ուստի ուշադրության կենտրոնում հայտնվեցին։ Նույնիսկ նրանց սննդակարգն էր որոշված, ինչի պատճառով նրանք շուտով փորձության առաջ կանգնեցին։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Դանիելը չէր ցանկանում «պղծել իրեն թագավորական ընտիր կերակուրներով» (Դան. 1։5–8, 14–17)։
12. ա) Ի՞նչ լավ հատկություններ էր դրսևորում Դանիելը։ բ) Եհովան ինչպե՞ս էր վերաբերվում Դանիելին։
12 Հնարավոր է՝ Դանիելը մի աննկատ դժվարություն էլ ունեցավ՝ կապված իր բացառիկ ունակությունների հետ, որոնց շնորհիվ նա հատուկ նշանակումներ ստացավ (Դան. 1։19, 20)։ Սակայն նա չդարձավ մեծամիտ ու ինքնավստահ, այլ մնաց խոնարհ ու համեստ՝ միշտ փառքն ուղղելով Աստծուն (Դան. 2։30)։ Հատկանշական է, որ Դանիելը դեռ երիտասարդ էր, երբ Եհովան նրան արժանի համարեց Նոյի ու Հոբի հետ մեկտեղ հիշատակել որպես արդարության օրինակ։ Արդյո՞ք ժամանակի ընթացքում Աստծու կարծիքը փոխվեց։ Բոլորովի՛ն։ Դանիելը հավատարիմ ու հնազանդ մնաց մինչև իր կյանքի վախճանը։ Հավանաբար, նա 100 տարեկանին մոտ էր, երբ Աստծու հրեշտակը նրան ասաց հետևյալ ջերմ խոսքերը. «Ո՛վ Դանիել, թանկագի՛ն մարդ» (Դան. 10։11)։
13. Դանիելն ինչպե՞ս օրհնություն եղավ իր հայրենակիցների համար։
13 Աստծու բարեհաճության շնորհիվ Դանիելը բարձր պաշտոն զբաղեցրեց թե՛ Բաբելոնի, թե՛ Մարա-Պարսկաստանի տիրապետության օրոք (Դան. 1։21; 6։1, 2)։ Հավանաբար Եհովան էր այսպիսի ընթացք տվել դեպքերին, որպեսզի Դանիելը օրհնություն լիներ իր ժողովրդի համար, ինչպես որ Հովսեփը՝ Եգիպտոսում, իսկ Եսթերն ու Մուրթքեն՝ Պարսկաստանում (Դան. 2։48)։c Պատկերացրու, թե հրեա գերիների, այդ թվում՝ Եզեկիելի համար որքան մխիթարական էր այս կերպով տեսնել Եհովայի ձեռքը։
14, 15. ա) Ի՞նչ իմաստով են մեր հանգամանքները նման Դանիելի հանգամանքներին։ բ) Ծնողները ի՞նչ կարող են սովորել Դանիելի ծնողներից։
14 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Դանիելի հավատն ու հնազանդությունը։ Այսօր մենք ասես պանդուխտներ լինենք այս աշխարհում, որը բարոյական ու հոգևոր առումով ապականվել է Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կողմից։ Վերջինս Աստվածաշնչում կոչվում է «դևերի բնակության վայր» (Հայտն. 18։2)։ Մենք շատ ենք տարբերվում այս աշխարհի մարդկանցից, նույնիսկ ծաղրի առարկա ենք դառնում (Մարկ. 13։13)։ Ուստի եկեք Դանիելի պես մտերմանանք մեր Աստծու՝ Եհովայի հետ։ Եթե խոնարհություն ու հնազանդություն դրսևորելով՝ ապավինենք նրան, մենք էլ նրա աչքին թանկագին կլինենք (Անգե 2։7)։
15 Մեր օրերում ծնողները կարող են շատ բան սովորել Դանիելի ծնողներից։ Չնայած որ Դանիելի վաղ մանկության տարիներին Հուդայում չարություն էր տիրում, նրա մեջ սեր զարգացավ Աստծու հանդեպ։ Եվ դա պատահական չէր։ Դա արդյունքն էր այն բանի, որ ծնողները լավ էին դաստիարակել նրան (Առակ. 22։6)։ Նույնիսկ տղայի անունն էր փաստում, որ նրա ծնողները աստվածավախ էին. այն նշանակում է «իմ դատավորն Աստված է»։d Ուստի, ծնողնե՛ր, ձեր երեխաներից ձեռք մի՛ քաշեք, այլ համբերությամբ կրթեք նրանց (Եփես. 6։4)։ Նաև աղոթեք նրանց հետ և նրանց համար։ Եթե ջանաք աստվածաշնչյան ճշմարտությունը դաջել նրանց սրտին, Եհովան առատ օրհնություններ կթափի (Սաղ. 37։5)։
ՀՈԲ. ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՎ ՀՆԱԶԱՆԴ՝ ԹԵ՛ ՀԱՐՈՒՍՏ, ԹԵ՛ ԱՂՔԱՏ ԺԱՄԱՆԱԿ
16, 17. Հոբը ի՞նչ դժվարություններ կրեց։
16 Դժվարություններ, որոնց բախվեց Հոբը։ Հոբն իր կյանքում մեծ փորձությունների միջով անցավ։ Մինչ այդ նա «բոլոր արևելցիների մեջ ամենամեծն էր» (Հոբ 1։3)։ Հոբը հարուստ էր, ճանաչված ու շատ հարգված (Հոբ 29։7–16)։ Բայց չնայած այս ամենին՝ նա չմեծամտացավ ու չսկսեց մտածել, թե Աստծու կարիքը չունի։ Եհովան նրան կոչեց «իմ ծառա» և ավելացրեց. «Նրա նման անարատ, ուղղամիտ, Աստծուց վախեցող և չարից հեռացող մարդ չկա» (Հոբ 1։8)։
17 Սակայն Հոբի կյանքը կտրուկ փոխվեց։ Նա հայտնվեց աղքատության ու հուսաբեկության անդունդում։ Դրա պատճառը, ինչպես գիտենք, Բանսարկու Սատանան էր, որը, սուտ խոսելով, Հոբին մեղադրեց այն բանում, թե նա շահից դրդված է երկրպագում Աստծուն (կարդա Հոբ 1։9, 10)։ Եհովան չանտեսեց այս չարադավ մեղադրանքը։ Փոխարենը՝ Հոբին հնարավորություն տվեց ապացուցելու, որ անարատ է։ Հոբը կարող էր ցույց տալ, որ Աստծուն երկրպագում է մաքուր սրտով, անշահախնդրորեն։
18. ա) Ի՞նչն է քեզ տպավորում, երբ խորհում ես Հոբի անարատության մասին։ բ) Ի՞նչ ենք իմանում Եհովայի մասին՝ կարդալով, թե ինչպես նա վերաբերվեց Հոբին։
18 Սատանան դաժան հարձակումներ գործեց Հոբի վրա՝ այնպես անելով, որ նա կարծի, թե Աստված է մեղավոր դրանց համար (Հոբ 1։13–21)։ Այնուհետև նրա մոտ եկան երեք կեղծ մխիթարիչներ, որոնք անգութ խոսքեր տեղացին նրա վրա՝ ասելով, թե Աստված նրան տալիս է այն, ինչին նա արժանի է (Հոբ 2։11; 22։1, 5–10)։ Չնայած այս ամենին՝ Հոբը անարատ մնաց։ Ճիշտ է, երբեմն նա անմտածված էր խոսում, բայց Եհովան հասկանում էր նրա ցավը (Հոբ 6։1–3)։ Աստված տեսնում էր խիստ վհատված մի մարդու, ով երբեք թիկունք չդարձրեց իրեն, չնայած որ Սատանան, ըստ էության, նրան գետին էր գցել ու խոսքերով հարվածում էր՝ սուտ բաներ ասելով ու վիրավորելով։ Երբ փորձությունն ավարտվեց, Եհովան Հոբին նրա նախկին ունեցվածքից կրկնակի անգամ ավելի տվեց ու շնորհեց ևս 140 տարվա կյանք (Հակ. 5։11)։ Հոբը այդ տարիներին էլ շարունակեց բացարձակ նվիրվածությամբ ծառայել Եհովային։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Քանի որ Եզեկիել 14։14-ը գրի է առնվել նրա մահից շատ դարեր անց։
19, 20. ա) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբի հավատն ու հնազանդությունը։ բ) Ինչպե՞ս արտացոլենք Աստծու կարեկցանքը։
19 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հոբի հավատն ու հնազանդությունը։ Ինչ իրավիճակներում էլ հայտնվենք, թող միշտ Եհովան գլխավոր տեղում լինի մեր կյանքում, թող լիովին վստահենք նրան ու ամբողջ սրտով հնազանդվենք։ Դրա համար մենք ավելի շատ հիմքեր ունենք, քան Հոբը։ Այսօր մենք շատ բան գիտենք Սատանայի ու նրա մարտավարության մասին (2 Կորնթ. 2։11)։ Մասամբ «Հոբ» գրքի շնորհիվ է, որ մենք տեղյակ ենք, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ տառապենք։ Իսկ Դանիելի մարգարեությունից հասկանում ենք, որ Աստծու Թագավորությունը համաշխարհային կառավարություն է, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է (Դան. 7։13, 14)։ Նաև գիտենք, որ շուտով այդ Թագավորությունը ընդմիշտ վերջ է դնելու տառապանքին։
20 Հոբին պատահածը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է կարեկցել մեր հավատակիցներին, որոնք գուցե նեղություններ են կրում։ Նրանցից ոմանք գուցե երբեմն Հոբի պես անմտածված խոսեն (Ժող. 7։7)։ Սակայն դատելու փոխարեն՝ եկեք ըմբռնումով ու կարեկցանքով վերաբերվենք նրանց։ Այդպես կընդօրինակենք մեր սիրառատ ու ողորմած Հորը՝ Եհովային (Սաղ. 103։8)։
ԵՀՈՎԱՆ ԿԶՈՐԱՑՆԻ ՔԵԶ
21. 1 Պետրոս 5։10-ում գրված խոսքերը ինչպե՞ս են մեր միտքը բերում այն, ինչ տեղի ունեցավ Նոյի, Դանիելի ու Հոբի կյանքում։
21 Թեև Նոյը, Դանիելն ու Հոբը ապրել են տարբեր ժամանակաշրջաններում և շատ տարբեր հանգամանքներ են ունեցել, նրանք տոկացել են իրենց ունեցած դժվարությունների ներքո։ Նրանց կյանքը մեզ հիշեցնում է Պետրոս առաքյալի խոսքերը, ով գրեց. «Աստված, որը ամեն ինչում անզուգական բարություն է դրսևորում.... ձեր մի փոքր ժամանակ չարչարվելուց հետո ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետ. 5։10)։
22. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
22 Պետրոսի միջոցով Եհովան վստահեցրեց, որ իր ծառաներին հաստատուն և ուժեղ կդարձնի։ Այդ խոսքերը Աստծու ժողովրդի համար արդիական են նաև այսօր։ Բոլորս էլ ուզում ենք, որ Եհովան զորացնի մեզ և օգնի հաստատուն լինել մեր երկրպագության մեջ։ Ուստի ցանկանում ենք ընդօրինակել Նոյի, Դանիելի և Հոբի հավատն ու հնազանդությունը։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, նրանց անարատության գաղտնիքն այն էր, որ նրանք իսկապես ճանաչում էին Եհովային։ Այդ հավատարիմ մարդիկ «հասկանում էին ամեն ինչ», որ Եհովան պահանջում էր իրենցից (Առակ. 28։5)։ Նույնը կարող ենք անել մենք։
a Եզեկիելը գերի է տարվել մ. թ. ա. 617-ին։ «Եզեկիել» գրքի 8–19-րդ գլուխները մարգարեն գրել է մ. թ. ա. 612-ին՝ իր գերության «վեցերորդ տարում»։
b Նոյի աստվածավախ հայրը՝ Ղամեքը, մահացել էր Ջրհեղեղից մոտ հինգ տարի առաջ։ Եթե Նոյի մայրը, եղբայրներն ու քույրերը կենդանի էին, երբ Ջրհեղեղը սկսվեց, ապա նրանք այդ ժամանակ մահացան։
d Տես «Դանիել» գրքի վերնագրի ծանոթագրությունը։