ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47
Դասեր՝ «Ղևտական» գրքից
«Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է» (2 ՏԻՄՈԹ. 3։16)։
ԵՐԳ 98 Ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. «Ղևտական» գիրքը ինչո՞ւ պետք է հետաքրքրի մեր օրերի քրիստոնյաներին։
ՊՈՂՈՍ առաքյալը իր երիտասարդ ընկերոջը՝ Տիմոթեոսին, հիշեցրեց, որ «ամբողջ Գիրքը Աստծու ներշնչմամբ է գրված և օգտակար է» (2 Տիմոթ. 3։16)։ «Ղևտականը» այդ Սուրբ Գրքի մի մասն է։ Ոմանք այն կարծիքին են, թե «Ղևտականը» պարզապես մի շարք հնացած կանոնների գիրք է, որոնք որևէ առնչություն չունեն ժամանակակից մարդու կյանքի հետ։ Բայց ճշմարիտ քրիստոնյաները այլ տեսակետ ունեն։
2 «Ղևտական» գիրքը գրվել է 3 500 տարի առաջ, բայց Եհովան այն պահպանել է «մեր ուսուցման համար» (Հռոմ. 15։4)։ Այդ գիրքն օգնում է հասկանալ նրա մտածելակերպը, ուստի մենք պետք է մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրենք այն։ Արդյունքում դրանից մենք բազմաթիվ օգտակար դասեր կքաղենք։ Եկեք քննենք այդ դասերից չորսը։
ԻՆՉՊԵՍ ԱՐԺԱՆԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ԲԱՐԵՀԱՃՈՒԹՅԱՆԸ
3. Քավության օրը ինչո՞ւ էին կենդանիներ զոհաբերում։
3 Դաս առաջին։ Որպեսզի Աստված ընդունի մեր զոհերը, մենք պետք է նախ արժանանանք նրա բարեհաճությանը։ Քավության օրվա տարեկան արարողության ժամանակ ամբողջ Իսրայել ազգը հավաքվում էր մեկտեղ, և քահանայապետը կենդանիներ էր զոհաբերում Եհովային։ Այդ զոհաբերությունները իսրայելացիներին հիշեցնում էին, որ իրենք մեղքերից մաքրվելու կարիք ունեն։ Բայց նախքան քահանայապետը զոհաբերված կենդանիների արյունով կմտներ Սրբությունների Սրբություն, պետք է մեկ ուրիշ բան աներ, ինչը ավելի կարևոր էր, քան ժողովրդի համար մեղքերի ներում ստանալը։
4. Համաձայն Ղևտական 16։12, 13 համարների՝ քահանայապետը Քավության օրը առաջին անգամ Սրբությունների Սրբություն մտնելիս ի՞նչ էր անում (տես ամսագրի շապիկի նկարը)։
4 Կարդա Ղևտական 16։12, 13։ Պատկերացրու հետևյալ տեսարանը։ Քահանայապետը Քավության օրը մտնում է խորան, ապա Սրբությունների Սրբություն։ Նույն օրվա ընթացքում նա դեռ երկու անգամ էլ պետք է մտնի այդ սուրբ վայրը։ Մի ձեռքով նա բռնել է այրվող ածուխներով լի ոսկե կրակամանը, իսկ մյուս ձեռքով՝ անուշահոտ խնկով լի աման։ Նա մի պահ կանգ է առնում Սրբությունների Սրբության մուտքը փակող վարագույրի առաջ։ Հետո, ակնածանքով լցված, մտնում է այնտեղ և կանգնում ուխտի տապանակի դիմաց։ Փոխաբերական իմաստով նա այժմ կանգնած է հենց Եհովա Աստծու առաջ։ Քահանայապետը անուշահոտ խունկը զգուշորեն լցնում է այրվող ածուխների վրա, և այդ վայրը լցվում է հաճելի բույրով։b Քիչ անց նա կրկին կմտնի այդտեղ, բայց արդեն՝ զոհաբերված կենդանիների արյունը ձեռքին։ Ուշադրություն դարձրու, որ քահանայապետը մեղքի զոհերի արյունն Աստծուն ներկայացնելուց առաջ նախ խունկ է ծխում։
5. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Քավության օրը քահանայապետը խունկ էր ծխում։
5 Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Քավության օրը քահանայապետը խունկ էր ծխում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի հավատարիմ ծառաների աղոթքները նման են խնկի (Սաղ. 141։2; Հայտն. 5։8)։ Հիշիր, որ քահանայապետը ամենայն ակնածանքով էր խունկը բերում Եհովայի առաջ։ Մենք նույնպես ակնածում ենք Աստծուց, ուստի միշտ խորին հարգանքով ենք աղոթում նրան։ Մենք անչափ երախտապարտ ենք, որ տիեզերքի Արարիչը մեզ թույլ է տվել աղոթել իրեն և մտերիմ փոխհարաբերություններ ստեղծել իր հետ, ինչպիսիք երեխան է ունենում հոր հետ (Հակ. 4։8)։ Նա մեզ իր ընկերներն է համարում (Սաղ. 25։14)։ Դա այնքան մեծ պատիվ է մեզ համար, որ մենք երբեք չենք ցանկանա հիասթափեցնել նրան։
6. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ քահանայապետը նախքան մեղքի ընծաները ներկայացնելն էր ծխում խունկը։
6 Չմոռանանք նաև, որ քահանայապետը խունկը պետք է ծխեր նախքան մեղքի ընծաները ներկայացնելը։ Այդպես նա հիմք էր ստեղծում, որ Աստված հավաներ իրեն և իր ձեռքից ընդուներ զոհաբերված կենդանիների արյունը։ Ի՞նչ ենք սովորում սրանից։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը մի շատ կարևոր բան արեց՝ մի բան, ինչը մարդկության փրկությունից ավելի կարևոր էր, և արեց դա նախքան իր կյանքը զոհաբերելը։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հիսուսը, ապրելով անարատ և աստվածանվեր կյանքով, հիմք ստեղծեց, որ Եհովան ընդունի իր զոհը։ Այդպես վարվելով՝ նա փաստեց, որ միայն Եհովայի խորհուրդներին հետևելով է հնարավոր կյանքը ճիշտ ձևով ապրել։ Հիսուսը արդարացրեց իր Հոր գերիշխանությունը, այլ կերպ ասած՝ ապացուցեց, որ Նրա իշխելու կերպը ճիշտ է և արդար։
7. Հիսուսի երկրային կյանքի ողջ ընթացքը ինչո՞ւ էր հաճելի Աստծուն։
7 Իր երկրային կյանքի ողջ ընթացքում Հիսուսը կատարելապես հնազանդվեց Եհովայի սահմանած արդար չափանիշներին։ Ոչ մի գայթակղիչ առաջարկ, ոչ մի փորձություն և անգամ տանջալից մահվան սպառնալիքը չկարողացան թուլացնել Հիսուսի վճռականությունը. նա մինչև վերջ փաստեց, որ իր Հոր իշխանությունը լավագույնն է (Փիլիպ. 2։8)։ Դժվարին իրավիճակներում նա «արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց» Աստծուն (Եբր. 5։7)։ Նրա ջերմեռանդ, անկեղծ աղոթքները ցույց էին տալիս, թե նա որքան նվիրված է Եհովային։ Դրանք ավելի մեծ վճռականությամբ էին լցնում Հիսուսին՝ մինչև վերջ հնազանդ մնալու իր Հորը։ Եհովայի համար իր Որդու աղոթքները անուշահոտ խնկի էին նման։ Հիսուսն իր ողջ կյանքում Աստծուն տհաճ և ոչ մի բան չարեց, ինչով և արդարացրեց նրա գերիշխանությունը։
8. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին։
8 Մենք ընդօրինակում ենք Հիսուսին, երբ անարատությամբ ենք քայլում, նվիրված ենք մնում Եհովային և պահում ենք նրա օրենքները։ Փորձությունների բախվելիս մենք ջերմեռանդորեն օգնություն ենք խնդրում Աստծուց, որովհետև ուզում ենք հաճեցնել նրան։ Այդ ամենն անելով՝ ցույց ենք տալիս, որ կողմ ենք Եհովայի իշխանությանը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Աստված չի ընդունի մեր աղոթքները, եթե իրեն ատելի բաներ անենք։ Սակայն եթե ապրենք նրա հաստատած չափանիշներով, կարող ենք վստահ լինել, որ մեր սրտաբուխ աղոթքները Եհովայի համար անուշահոտ խնկի պես կլինեն, և մեր անարատությունն ու հնազանդությունը կուրախացնեն նրա սիրտը (Առակ. 27։11)։
ՄԵՆՔ ՍԻՐՈՒՑ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՂՎԱԾ ԵՆՔ ԾԱՌԱՅՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ
9. Իսրայելացիները ինչո՞ւ էին խաղաղության զոհեր մատուցում Աստծուն։
9 Դաս երկրորդ։ Մենք պետք է երախտագիտությունից մղված ծառայենք Եհովային։ Սա հասկանում ենք՝ քննելով այն օրենքները, որոնք վերաբերում էին իսրայելացիների մատուցած խաղաղության զոհերին։c «Ղևտական» գրքից իմանում ենք, որ իսրայելացին կարող էր «որպես երախտագիտության նշան» խաղաղության զոհ բերել Եհովային (Ղևտ. 7։11–13, 16–18)։ Նա այդ զոհը մատուցում էր ոչ թե այն պատճառով, որ պարտավոր էր, այլ քանի որ ուզում էր։ Ուստի դա կամավոր զոհաբերություն էր, որ մարդը իր Աստված Եհովայի հանդեպ սիրուց մղված էր անում։ Այդ զոհաբերված կենդանու մսից ուտում էին զոհ բերողը, իր ընտանիքը և քահանաները։ Բայց դրա որոշ մասեր բացառապես Եհովային էին պատկանում։ Ո՞ր մասերը։
10. Ղևտական 3։6, 12, 14–16 համարներում նկարագրված խաղաղության զոհերը ինչո՞վ են նման Հիսուսի ծառայությանը։
10 Դաս երրորդ։ Սիրուց մղված՝ մենք պետք է Եհովային տանք մեր լավագույնը։ Աստված կենդանու լավագույն մասը համարում էր դրա ճարպը։ Իսկ կենսագործունեության համար կարևոր օրգաններից առանձնացրել էր երիկամներն ու լյարդը (կարդա Ղևտական 3։6, 12, 14–16)։ Ուստի Եհովային հաճելի էր, երբ իսրայելացին որպես կամավոր ընծա իրեն տալիս էր կենդանու այդ մասերը։ Դրանք մատուցելով՝ իսրայելացին ցույց էր տալիս, որ ցանկանում է լավագույնը նվիրել իր Աստծուն։ Հիսուսը նույնպես Եհովային պատրաստակամորեն տվեց իր լավագույնը՝ ողջ հոգով և սրտանց ծառայելով նրան (Հովհ. 14։31)։ Նա մեծ ուրախությամբ էր կատարում Աստծու կամքը, քանի որ խորապես սիրում էր նրա օրենքները (Սաղ. 40։8)։ Եհովայի համար որքա՜ն հաճելի պետք է լիներ իր Որդու սիրահոժար ծառայությունը։
11. Մեր ծառայությունը ինչո՞վ է նման խաղաղության զոհերին, և դա ինչո՞ւ կարող է մխիթարական լինել մեզ համար։
11 Աստծուն մատուցած մեր կամավոր ծառայությունը նման է իսրայելացիների բերած խաղաղության զոհերին, քանի որ դրա միջոցով մեր ջերմ զգացմունքներն ենք արտահայտում նրա հանդեպ։ Մենք Եհովային մեր լավագույնն ենք տալիս, որովհետև ողջ սրտով ենք սիրում նրան։ Որքա՜ն է նա ուրախանում, երբ տեսնում է, թե իր միլիոնավոր երկրպագուները ինչպես են սիրուց մղված ծառայում իրեն։ Այո՛, Եհովան տեսնում ու գնահատում է ոչ միայն մեր գործերը, այլև մղումները։ Սա հիշելը կարող է շատ մխիթարական լինել մեզ համար։ Օրինակ, եթե տարիքդ առել ես և այլևս չես կարողանում ուզածիդ պես ծառայել Աստծուն, համոզված եղիր, որ նա քո սահմանափակ կարողություններից ավելին է տեսնում։ Գուցե քեզ թվում է, թե շատ բան չես կարողանում անել Եհովայի համար, բայց նա տեսնում է քո սրտի խոր սերը, որը մղում է քեզ անել այն, ինչ կարող ես։ Նա գոհությամբ ընդունում է քո տվածը և հասկանում է, որ դա քո լավագույնն է։
12. Եհովան ի՞նչ էր զգում, երբ իրեն խաղաղության զոհեր էին մատուցում, և դա ինչպե՞ս է քաջալերում մեզ։
12 Ի՞նչ կարող ենք սովորել խաղաղության զոհեր բերելու կարգից։ Երբ կենդանու ճարպն ու երիկամները այրվում էին կրակի մեջ, ծուխը վեր էր բարձրանում, ու Եհովան գոհունակությամբ ընդունում էր զոհը։ Համոզված եղիր, որ նա գոհ է նաև քո՛ ծառայությունից, որը կատարում ես հոժար սրտով և ամբողջ հոգով (Կող. 3։23)։ Մեր Աստված նկատում է այն ջանքերը, որ սիրուց մղված՝ ներդնում ես իրեն ծառայելու համար, և իր սիրտը ջերմանում է։ Անկախ այն բանից՝ շատ ես կարողանում անել, թե քիչ, նա թանկ է համարում քո ծառայությունը և հավիտյան կհիշի այն (Մատթ. 6։20; Եբր. 6։10)։
ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆՈՒՄ Է ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
13. Ղևտական 9։23, 24 համարների համաձայն՝ Եհովան ինչպե՞ս իր հավանությունը տվեց քահանայությանը։
13 Դաս չորրորդ։ Եհովան օրհնում է իր կազմակերպության երկրային մասը։ Քննենք, թե ինչ տեղի ունեցավ մ. թ. ա. 1512 թ.-ին, երբ Սինա լեռան ստորոտին կանգնեցվեց խորանը (Ելք 40։17)։ Մովսեսը կատարեց մի արարողություն, որով Ահարոնը և նրա որդիները պաշտոնապես նշանակվեցին որպես քահանաներ։ Իսրայել ազգը մեկտեղ էր հավաքվել, որ տեսներ, թե այդ նորանշանակ քահանաները ինչպես են մատուցում իրենց առաջին կենդանական զոհերը (Ղևտ. 9։1–5)։ Իսկ ինչպե՞ս Աստված իր հավանությունը տվեց քահանայությանը։ Երբ Ահարոնն ու Մովսեսը օրհնեցին ժողովրդին, Եհովան երկնքից կրակ ուղարկեց, որը «լափեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպոտ կտորները» (կարդա Ղևտական 9։23, 24)։
14. Այսօր մեզ համար ինչո՞ւ է կարևոր այն փաստը, որ քահանայական դասը Եհովայի հավանությունն ուներ։
14 Երկնքից եկած կրակը ի՞նչ փաստեց։ Դրանով Եհովան ցույց տվեց, որ լիովին սատարում է Ահարոնին ու նրա որդիներին, որոնց ինքն էր ընտրել որպես քահանաներ։ Երբ իսրայելացիները տեսան Աստծու հովանավորության այդ հստակ ապացույցը, հասկացան, որ իրենք էլ պետք է թիկունք կանգնեն քահանաներին։ Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ։ Իսրայելի քահանայական դասը լոկ ստվերն էր մի շատ ավելի փառավոր քահանայական դասի։ Քրիստոսը մեծ Քահանայապետն է։ Նա ունի 144 000 հոգուց բաղկացած թագավորական քահանայություն, որը իր հետ ծառայելու է երկնքում (Եբր. 4։14; 8։3–5; 10։1)։
15–16. Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» ունի իր հավանությունը։
15 1919 թ.-ին Հիսուսը օծյալ եղբայրների մի փոքր խմբի նշանակեց որպես «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Այդ ծառան ղեկավարում է քարոզչական գործը և Քրիստոսի հետևորդներին ժամանակին հոգևոր սնունդ է մատակարարում (Մատթ. 24։45)։ Հստակ տեսնո՞ւմ ես, որ «հավատարիմ և իմաստուն ծառան» ունի Եհովայի հավանությունը։
16 Սատանան և իր աշխարհը շատ բան են արել, որ խոչընդոտեն և անգամ դադարեցնեն հավատարիմ ծառայի գործունեությունը։ Եթե ծառան չունենար Եհովայի աջակցությունը, չէր կարողանա իր գործն անել։ Չնայած երկու աշխարհամարտերին, համաշխարհային տնտեսական ճգնաժամին, դաժան հալածանքներին ու անարդար վերաբերմունքին՝ հավատարիմ և իմաստուն ծառան շարունակել ու շարունակում է հոգևոր կերակուր տալ Քրիստոսի հետևորդներին։ Մի պահ մտածիր, թե այսօր հոգևոր սննդի ինչպիսի՜ առատություն ունենք։ Այն տրվում է անվճար և առկա է ավելի քան 900 լեզվով։ Այս ամենն անհերքելիորեն ապացուցում է, որ հավատարիմ ծառային Աստված է օգնում։ Նկատի առնենք Եհովայի օրհնության ևս մեկ ապացույց՝ քարոզչական գործը։ Աստծու Թագավորության բարի լուրը բառիս բուն իմաստով քարոզվում է «ամբողջ երկրով մեկ» (Մատթ. 24։14)։ Այսպիսով՝ կասկած չկա, որ Եհովան առաջնորդում և առատապես օրհնում է իր կազմակերպությունը։
17. Ինչպե՞ս կարող ենք աջակցել Եհովայի կազմակերպությանը։
17 Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Շնորհակա՞լ եմ, որ Եհովայի կազմակերպության մաս եմ կազմում»։ Մովսեսի օրերում Աստված կրակ ուղարկեց երկնքից՝ ցույց տալու, որ հավանում է կարգված քահանայական դասը։ Այսօր Եհովան մեզ նույնպես հստակ ապացուցում է, որ գործում է իր կազմակերպության միջոցով։ Մենք, իրոք որ, բազմաթիվ պատճառներ ունենք շնորհակալ լինելու (1 Թեսաղ. 5։18, 19)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք աջակցել Եհովայի կազմակերպությանը։ Մենք կանենք դա, եթե կիրառենք այն, ինչ սովորում ենք Աստվածաշնչից, մեր հրատարակություններից, ժողովի հանդիպումների ու համաժողովների ծրագրերից, ինչպես նաև հնարավորինս շատ մասնակցենք քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին (1 Կորնթ. 15։58)։
18. Ի՞նչ ես վճռել անել։
18 Եկեք վճռենք կիրառել այն դասերը, որ քաղեցինք «Ղևտական» գրքից։ Թող միշտ հաճեցնենք Եհովային, որ նա ընդունի մեր զոհերը։ Երախտագիտությունից մղված՝ ծառայենք մեր Աստծուն և սիրով լի սրտով շարունակենք մեր լավագույնը տալ նրան։ Նաև լիովին աջակցենք նրա հավանությունն ունեցող կազմակերպությանը։ Այս ամենն անելով՝ կփաստենք Եհովային, որ մեզ համար թանկ է իր Վկաները լինելու պատիվը։
ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է
a «Ղևտական» գրքում գրված են Եհովայի օրենքները, որ նա տվել էր հին Իսրայելին։ Իհարկե, քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, բայց մենք կարող ենք շատ բան սովորել դրանից։ Այս հոդվածում կքննենք մի քանի արժեքավոր դասեր, որ քաղում ենք «Ղևտական» գրքից։
b Խորանում վառվող խունկը սուրբ էր համարվում, և հին Իսրայելում այն օգտագործվում էր միմիայն Եհովային մատուցվող երկրպագության մեջ (Ելք 30։34–38)։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ առաջին դարի քրիստոնյաները կրոնական նպատակներով խունկ ծխած լինեն։
c Խաղաղության զոհերի մասին ավելին իմանալու համար տես «Աստվածաշնչի ըմբռնում», հատոր 2, էջ 526, անգլ. (it-U, «Приношения»), «Դիտարան», 2012, հունվարի 15, էջ 19, պրբ. 11։
d ՆԿԱՐ։ Քավության օրը քահանայապետը, այրվող ածուխով լի կրակամանն ու խունկը ձեռքին, մտնում էր Սրբությունների Սրբություն։ Այնտեղ նա խունկ էր ծխում, որի անուշ բուրմունքը տարածվում էր շուրջբոլորը։ Հետո նա նորից էր մտնում Սրբությունների Սրբություն, այս անգամ՝ մեղքի ընծայի արյունով։
e ՆԿԱՐ։ Իսրայելացին որպես խաղաղության զոհ ոչխար է բերել քահանայի մոտ, որ իր ընտանիքի անունից երախտագիտություն հայտնի Եհովային։
f ՆԿԱՐ։ Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում խոր սեր ցուցաբերեց Եհովայի հանդեպ՝ պահելով նրա պատվիրանները և իր հետևորդներին օգնելով, որ նրանք էլ պահեն դրանք։
g ՆԿԱՐ։ Մի տարեց քույր, չնայած առողջական խնդրին, նամակների միջոցով վկայություն է տալիս. նա իր լավագույնն է նվիրում Եհովային։
h ՆԿԱՐ։ 2019 թ. փետրվարին Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Գերիտ Լյոշը հայտարարում է «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» գերմաներեն վերանայված հրատարակության լույսընծայման մասին։ Այժմ Գերմանիայում քարոզիչները ծառայության մեջ ուրախությամբ օգտագործում են այն։