ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 19
«Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ
«Վերջի ժամանակում հարավի թագավորն ու նա [հյուսիսի թագավորը] իրար կզարկվեն» (ԴԱՆ. 11։40)։
ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Աստվածաշնչյան մարգարեությունները ի՞նչ են բացահայտում։
ՄՈՏ ապագայում ի՞նչ է սպասում Եհովայի ժողովրդին։ Ենթադրություններ անելու կարիք չկա։ Աստվածաշնչյան մարգարեությունները հայտնում են, թե շուտով ինչ կարևոր իրադարձություններ են լինելու, որոնք անդրադառնալու են բոլորիս վրա։ Մասնավորապես մի մարգարեություն կա, որը բացահայտում է, թե ինչ են անելու աշխարհի որոշ հզոր կառավարություններ։ Այն արձանագրված է «Դանիել» գրքի 11-րդ գլխում։ Այստեղ խոսվում է երկու հակամարտող թագավորների՝ «հյուսիսի թագավորի» և «հարավի թագավորի» մասին։ Այս մարգարեության մեծ մասն արդեն կատարվել է, ուստի կարող ենք համոզված լինել, որ մնացած մասն էլ իրականություն կդառնա։
2. Հաշվի առնելով Ծննդոց 3։15, Հայտնություն 11։7 և 12։17 համարները՝ ի՞նչ պետք է հիշենք, երբ ուսումնասիրում ենք Դանիելի մարգարեությունը։
2 «Դանիել» գրքի 11-րդ գլխում գրված մարգարեությունը հասկանալու համար պետք է հիշենք, որ դա վերաբերում է միայն այն կառավարություններին ու ղեկավարներին, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել Աստծու ժողովրդի վրա։b Ու թեև Աստծու ծառաները երկրագնդի բնակչության մի փոքր մասն են կազմում միայն, հաճախ նրանք հայտնվում են աշխարհի իրադարձությունների կիզակետում։ Ինչո՞ւ։ Որովհետև Սատանայի ու իր ստեղծած համակարգի գլխավոր նպատակն է՝ ոչնչացնել նրանց, ովքեր ծառայում են Եհովային ու Հիսուսին (կարդա Ծննդոց 3։15; Հայտնություն 11։7; 12։17)։ Բացի այդ՝ Դանիելի մարգարեության բացատրությունը պետք է ներդաշնակ լինի Աստծու Խոսքում գրված մյուս մարգարեությունների նշանակությանը։ Այսինքն՝ Դանիելի մարգարեությունը ճիշտ կհասկանանք միայն այն դեպքում, եթե համեմատենք այն Աստվածաշնչի մյուս հատվածների հետ։
3. Ի՞նչ ենք քննարկելու այս և հաջորդ հոդվածներում։
3 Այժմ կքննենք Դանիել 11։25–39 համարները և կիմանանք, թե 1870–1991 թվականներին ովքեր են եղել հյուսիսի և հարավի թագավորներ։ Կքննարկենք նաև, թե ինչ պատճառներ կան ճշգրտելու այս մարգարեության մի հատվածի բացատրությունը։ Իսկ հաջորդ հոդվածում կքննենք Դանիել 11։40–12։1 համարները։ Կիմանանք, թե այժմ ինչպես ենք հասկանում այդ մարգարեությունը, մասնավորապես՝ 1991 թ.-ից մինչև Արմագեդոն պատերազմն ընկած ժամանակահատվածին վերաբերող մանրամասները։ Հոդվածն ուսումնասիրելիս օգտակար կլինի ուշադրություն դարձնել «Մրցակից թագավորները վերջի ժամանակ» գծապատկերին։ Բայց մինչ այդ եկեք պարզենք, թե ովքեր են այս մարգարեության երկու թագավորները։
ԻՆՉՊԵ՞Ս ԻՄԱՆԱՆՔ՝ ՈՎՔԵՐ ԵՆ ՀՅՈՒՍԻՍԻ ԵՎ ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ
4. Ի՞նչ երեք գործոններ պետք է հաշվի առնենք հյուսիսի և հարավի թագավորների ինքնությունը պարզելու համար։
4 Սկզբում «հյուսիսի թագավոր» և «հարավի թագավոր» տիտղոսները վերաբերում էին Իսրայելի տարածքից դեպի հյուսիս ու հարավ ընկած տերություններին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք, թե հրեշտակն ինչ ասաց Դանիելին. «Ես եկա, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին» (Դան. 10։14)։ Մինչև մ. թ. 33 թվականի Պենտեկոստեի օրը Իսրայել ազգն էր Աստծու ժողովուրդը։ Սակայն Եհովան հստակ ցույց տվեց, որ այդուհետ Հիսուսի հավատարիմ աշակերտներն են իր ժողովուրդը։ Ուստի «Դանիել» գրքի 11-րդ գլխում արձանագրված մարգարեության մեծ մասը վերաբերում է ոչ թե Իսրայել ազգին, այլ Քրիստոսի հետևորդներին (Գործ. 2։1–4; Հռոմ. 9։6–8; Գաղ. 6։15, 16)։ Ժամանակի ընթացքում տարբեր տերություններ են ստանձնել հյուսիսի և հարավի թագավորների դերը։ Բայց նրանց բնորոշող գործոնները չեն փոխվել։ Առաջին՝ այդ թագավորները առանձնահատուկ ձևով են ազդեցություն ունեցել Աստծու ժողովրդի վրա։ Երկրորդ՝ Եհովայի ծառաների հանդեպ իրենց վերաբերմունքով ցույց են տվել, որ ատում են ճշմարիտ Աստծուն։ Եվ երրորդ՝ իրար դեմ պայքար են մղել գերիշխող դիրք ունենալու համար։
5. Երկրորդից տասնիններորդ դարի վերջերն ընկած ժամանակահատվածում կայի՞ն հյուսիսի և հարավի թագավորներ։ Բացատրիր։
5 Մ. թ. 2-րդ դարում քրիստոնեական ժողով ներխուժեցին կեղծ քրիստոնյաներ, որոնք հեթանոսական ուսմունքներ էին սովորեցնում և թաքցնում էին Աստծու Խոսքում գրված ճշմարտությունները։ Մինչև 19-րդ դարի վերջերը երկրի վրա գոյություն չուներ Աստծու ծառաների կազմակերպված խումբ։ Կեղծ քրիստոնեությունը որոմի պես աճել էր, և արդեն դժվար էր զատորոշել ճշմարիտ քրիստոնյաներին (Մատթ. 13։36–43)։ Սա շատ կարևոր տեղեկություն է։ Այն հուշում է, որ 2-րդ դարից մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը ոչ մի տերություն չէր կարող լինել հյուսիսի կամ հարավի թագավոր, քանի որ այդ ժամանակներում գոյություն չուներ Աստծու ծառաների կազմակերպված խումբ, որի վրա այն կկարողանար հարձակվել։c Սակայն 19-րդ դարի վերջին հյուսիսի և հարավի թագավորները նորից ի հայտ եկան։ Որտեղի՞ց գիտենք։
6. Աստծու ծառաները ե՞րբ դարձան կազմակերպված խումբ։ Բացատրիր։
6 1870 թ.-ից Աստծու ծառաները դարձան կազմակերպված խումբ։ Այդ թվականին էր, որ Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցները Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ կազմեցին։ Եղբայր Ռասելը և իր ընկերները գործեցին որպես կանխագուշակված «պատգամաբեր», որը ճանապարհ էր հարթելու Մեսիական Թագավորության առաջ (Մաղ. 3։1)։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ կրկին զատորոշել Աստծու ժողովրդին։ Այդ ժամանակ կայի՞ն արդյոք աշխարհակալ ուժեր, որոնք առանձնահատուկ ազդեցություն էին ունենալու Աստծու ժողովրդի վրա։ Քննենք հետևյալ փաստերը։
Ո՞Վ Է ՀԱՐԱՎԻ ԹԱԳԱՎՈՐԸ
7. Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները ո՞վ էր հարավի թագավորը։
7 Արդեն 1870 թվականին Մեծ Բրիտանիան դարձել էր աշխարհի ամենախոշոր կայսրությունը և ուներ ամենահզոր բանակը։ Դանիելի մարգարեության մեջ այն պատկերված է փոքր եղջյուրի տեսքով, որը հաղթում է մյուս երեք եղջյուրներին՝ Ֆրանսիային, Իսպանիային և Նիդերլանդներին (Դան. 7։7, 8)։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի տարիները Բրիտանիան էր կատարում հարավի թագավորի դերը։ Այդ ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձավ գերիշխող տնտեսական ուժ և սկսեց սերտորեն համագործակցել Բրիտանիայի հետ։
8. Վերջին օրերի ընթացքում ո՞վ է կատարում հարավի թագավորի դերը։
8 Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանիան և իր նախկին գաղութը՝ Միացյալ Նահանգները, միավորվեցին և դարձան ռազմական հզոր ուժ։ Այդպես առաջացավ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը։ Ինչպես կանխագուշակել էր Դանիել մարգարեն, այս թագավորը «չափազանց մեծ ու հզոր զորք» հավաքեց (Դան. 11։25)։ Այսպիսով՝ վերջին օրերի ընթացքում հարավի թագավորի դերը կատարում է անգլո-ամերիկյան դաշինքը։d Իսկ ո՞վ է եղել հյուսիսի թագավոր։
ՀՅՈՒՍԻՍԻ ԹԱԳԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է
9. Ե՞րբ դարձյալ հայտնվեց հյուսիսի թագավորը, և ինչպե՞ս կատարվեցին Դանիել 11։25-ում գրված խոսքերը։
9 1871 թ.-ին՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ կազմավորվելուց մեկ տարի անց, հյուսիսի թագավորը կրկին ի հայտ եկավ։ Այդ տարի ստեղծվեց Գերմանական կայսրությունը, ինչում մեծ դեր ունեցավ Օտտո ֆոն Բիսմարկը։ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը դարձավ այդ կայսրության առաջին կայսրը և Բիսմարկին նշանակեց առաջին կանցլեր։e Հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում Գերմանիան դարձավ գաղութակալ տերություն՝ իր տիրապետության տակ առնելով աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան մի շարք երկրներ։ Այդպիսով նա մարտահրավեր նետեց Բրիտանիային (կարդա Դանիել 11։25)։ Գերմանական կայսրությունը ստեղծեց հզոր բանակ և ռազմածովային նավատորմ, որը աշխարհում երկրորդն էր իր մեծությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան գործի դրեց դրանք։
10. Ինչպե՞ս կատարվեց Դանիել 11։25-րդ համարի երկրորդ մասը և 26-րդ համարը։
10 Դանիելի մարգարեության մեջ գրված է, թե ինչ էր պատահելու Գերմանական կայսրությանը և նրա զինուժին։ Հյուսիսի թագավորը «չէր կարողանալու կանգուն մնալ»։ Ինչո՞ւ։ Որովհետև «նրա դեմ ծրագրեր էին կազմելու»։ Նրան կործանելու էին «հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները» (Դան. 11։25բ, 26ա)։ Դանիել մարգարեի օրերում «թագավորական ընտիր կերակուրներից» ուտում էին, օրինակ, թագավորի առաջ ծառայող պաշտոնյաները (Դան. 1։5)։ Ուստի ո՞ւմ է վերաբերում այս մարգարեությունը։ Գերմանական կայսրության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց թվում էին կայսրի գեներալներն ու ռազմական հարցերով խորհրդականները։ Նրանք նպաստեցին միապետության փլուզմանը։f Սակայն մարգարեն կանխագուշակել էր ոչ միայն կայսրության անկումը, այլև հարավի թագավորի հետ պատերազմի արդյունքը։ Հյուսիսի թագավորի մասին գրվել էր. «Իսկ նրա զորքը հեղեղով կտարվի, և շատերը սպանված կընկնեն» (Դան. 11։26բ)։ Հենց այդպես էլ եղավ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքը «հեղեղով տարվեց» և «շատերը սպանված ընկան»։ Դա պատմության մեջ մինչ այդ գրանցված ամենից մահաբեր պատերազմն էր։
11. Ի կատարումն Դանիել 11։27–30 համարների՝ ի՞նչ արեցին հյուսիսի և հարավի թագավորները։
11 Դանիել 11։27, 28 համարներում նկարագրված է, թե ինչ էր տեղի ունենալու մինչև Առաջին աշխարհամարտը։ Ասվում է, որ «մի սեղանի շուրջ» նստած՝ հյուսիսի և հարավի թագավորները «սուտ բաներ էին խոսելու», և որ հյուսիսի թագավորը «շատ ունեցվածք» էր կուտակելու։ Հենց այդպես էլ եղավ։ Գերմանիան և Բրիտանիան միմյանց ասում էին, թե խաղաղություն են ուզում, բայց երբ 1914 թ.-ին պատերազմ բռնկվեց, նրանց հայտարարությունները սուտ դուրս եկան։ Մինչև 1914 թվականը Գերմանիան տնտեսապես հզորացել էր ու դարձել աշխարհի հարուստ երկրներից երկրորդը։ Եվ ինչպես կանխագուշակվել էր Դանիել 11։29-ում և 30-ի առաջին մասում, Գերմանիան պատերազմեց հարավի թագավորի դեմ և պարտություն կրեց։
ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
12. Առաջին աշխարհամարտի տարիներին ի՞նչ էին անում հյուսիսի ու հարավի թագավորները։
12 1914 թ.-ից սկսած՝ երկու թագավորների պայքարը միմյանց և Աստծու ժողովրդի դեմ ուժգնացավ։ Օրինակ՝ Առաջին աշխարհամարտի տարիներին թե՛ Գերմանիայի և թե՛ Բրիտանիայի կառավարությունները հետապնդում էին Աստծու ծառաներին, որոնք հրաժարվում էին զենք վերցնել։ Իսկ Միացյալ Նահանգների իշխանությունները բանտարկեցին քարոզչական գործում առաջնորդություն վերցնող եղբայրներին, ինչով էլ կատարվեց Հայտնություն 11։7–10 համարներում գրվածը։
13. Հյուսիսի թագավորը ի՞նչ էր անում 1930-ականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
13 1930-ականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հյուսիսի թագավորը դաժանորեն հալածում էր Աստծու ժողովրդին։ Երբ Գերմանիայում նացիստական ռեժիմ հաստատվեց, Հիտլերը և իր աջակիցները արգելեցին Աստծու ժողովրդի գործունեությունը։ Հյուսիսի թագավորը Եհովայի ծառաներից հարյուրավորների սպանեց և հազարավորների ուղարկեց համակենտրոնացման ճամբարներ։ Հիտլերը նույնիսկ երդվեց, որ Եհովային ծառայող մարդկանց բնաջինջ կանի Գերմանիայից։ Խստորեն արգելելով մեր քարոզչական գործը՝ հյուսիսի թագավորը, ի կատարումն Դանիելի մարգարեության, «պղծեց սրբարանը» և «դադարեցրեց մշտական զոհաբերությունը» (Դան. 11։30բ, 31ա)։
ՀՅՈՒՍԻՍԻ ՆՈՐ ԹԱԳԱՎՈՐ Է Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ
14. Ո՞վ ստանձնեց հյուսիսի թագավորի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բացատրիր։
14 Երբ երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց, Խորհրդային Միության կոմունիստական ռեժիմը, որն իր իշխանության տակ էր վերցրել Գերմանիայի տիրապետության ներքո գտնվող շատ տարածքներ, դարձավ հյուսիսի թագավորը։ Նացիստական բռնատիրական ռեժիմի նման՝ Խորհրդային Միությունը մեծ թշնամանք էր տածում ցանկացած մեկի հանդեպ, ով ճշմարիտ Աստծուն երկրպագելը վեր էր դասում պետությանը բացարձակորեն հնազանդվելուց։
15. Երկրորդ աշխարհամարտից հետո ի՞նչ արեց հյուսիսի թագավորը։
15 Երկրորդ աշխարհամարտից շատ չանցած՝ հյուսիսի նոր թագավորը՝ Խորհրդային Միությունն իր դաշնակիցների հետ, հարձակում գործեց Եհովայի ժողովրդի վրա։ Հայտնություն 12։15–17 համարներում կանխագուշակված էր, որ Աստծու ժողովուրդը հալածանք էր կրելու, ինչը համեմատվում է «գետի» հետ։ Դրա դրսևորումներից մեկը եղավ այն, որ հյուսիսի թագավորը արգելեց մեր քարոզչական գործը և Եհովայի հազարավոր ծառաների ուղարկեց աքսորավայրեր։ Վերջին օրերի ընթացքում Սատանան հյուսիսի թագավորի միջոցով «գետի» պես հալածանք է թափել Աստծու ժողովրդի վրա, բայց երբեք չի կարողացել կանգնեցնել նրա գործունեությունը։g
16. Խորհրդային Միությունը ինչպե՞ս իրականացրեց Դանիել 11։37–39 համարներում գրվածը։
16 Կարդա Դանիել 11։37–39։ Այս մարգարեության համաձայն՝ հյուսիսի թագավորը «արհամարհելու էր իր հայրերի Աստծուն»։ Ինչպե՞ս սա կատարվեց։ Կրոնն արմատախիլ անելու նպատակով Խորհրդային Միությունը փորձեց վերացնել ավանդական կրոնական կազմակերպությունների ազդեցությունը։ Դրա համար այն դեռ 1918 թ.-ին մի հրաման արձակեց, որը հետագայում հանգեցրեց նրան, որ դպրոցներում սկսեցին աթեիզմ դասավանդել։ Իսկ ինչպե՞ս հյուսիսի թագավորը «փառք տվեց ամրոցների աստծուն»։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա հսկայական միջոցներ ներդրեց բանակը հզորացնելու համար, ինչպես նաև մեծ քանակությամբ միջուկային զենք արտադրեց։ Երկու թագավորներն էլ ի վերջո այնքան զենք ու զինամթերք կուտակեցին, որ կարող էին միլիարդավոր մարդկանց բնաջնջել։
ՄՐՑԱԿԻՑ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
17. Ի՞նչ է «ամայացում բերող պղծությունը»։
17 Մի շատ կարևոր հարցում հյուսիսի թագավորը աջակցեց հարավի թագավորին. նրանք միասին «դրեցին ամայացում բերող պղծությունը» (Դան. 11։31)։ Այդ «պղծությունը» Միավորված ազգերի կազմակերպությունն է։
18. Միավորված ազգերի կազմակերպությունը ինչո՞ւ է Աստվածաշնչում նկարագրվում որպես «պղծություն»։
18 Միավորված ազգերի կազմակերպությունը Սուրբ Գրքում նկարագրվում է որպես «պղծություն», որովհետև հայտարարում է, թե կարող է աշխարհին խաղաղություն բերել, ինչը իրականում միայն Աստծու Թագավորությունն է ունակ անելու։ Մարգարեության մեջ նաև ասվում է, որ «պղծությունը» «ամայացում է բերում»։ Սա ցույց է տալիս, որ Միավորված ազգերի կազմակերպությունը առանցքային դեր է խաղալու բոլոր կեղծ կրոնների ոչնչացման գործում (տես «Մրցակից թագավորները վերջի ժամանակ» գծապատկերը)։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
19–20. ա) Ինչո՞ւ է անհրաժեշտ իմանալ մեր քննարկած պատմական տեղեկությունները։ բ) Ո՞ր հարցի պատասխանը կտրվի հաջորդ հոդվածում։
19 Մեր քննարկած պատմական տեղեկություններն իմանալը կարևոր է, որովհետև դրանք փաստում են, որ հյուսիսի և հարավի թագավորների մասին Դանիելի մարգարեության մի մասը կատարվել է 1870–1991 թթ.-ին։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ այդ մարգարեության մնացած մասն էլ կկատարվի։
20 1991-ին Խորհրդային Միությունը փլուզվեց։ Ուստի հարց է ծագում. ո՞վ է հյուսիսի թագավորն այսօր։ Հաջորդ հոդվածում կիմանանք այս հարցի պատասխանը։
ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ
a Մեր աչքերի առաջ շարունակում է կատարվել «հյուսիսի թագավորի» և «հարավի թագավորի» մասին Դանիելի մարգարեությունը։ Ի՞նչ հիմքեր ունենք այսպես ասելու։ Եվ ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս մարգարեության մանրամասները։
b Այլ կերպ ասած՝ այս տերությունները կա՛մ իշխել են այն տարածքներում, որտեղ Եհովայի բազմաթիվ ծառաներ են բնակվել, կա՛մ հալածել են Աստծու ժողովրդին։
c Նշված պատճառով այլևս չենք համարում, որ Հռոմի կայսր Ավրելիանոսը (270–275 թթ.) եղել է «հյուսիսի թագավոր», իսկ Զենոբիա թագուհին (267–272 թթ.)՝ «հարավի թագավոր»։ Սրանով ճշգրտվում է «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» (անգլ., ռուս.) գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում տրված բացատրությունը։
d Տես «Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը աստվածաշնչյան մարգարեություններում» շրջանակը։
e 1890 թ.-ին կայսր Վիլհելմ II-ը պաշտոնազուրկ արեց Բիսմարկին։
f Նրանք տարբեր կերպերով նպաստեցին, որ կայսրությունը արագ փլուզվի։ Օրինակ՝ դադարեցին աջակցել կայսրին, սկսեցին ռազմական գաղտնիքներ տարածել և ի վերջո ստիպեցին կայսրին պաշտոնաթող լինել։
g Ըստ Դանիել 11։34-ի՝ հյուսիսի թագավորը կարճ ժամանակով դադարելու էր հալածել ճշմարիտ քրիստոնյաներին։ Դա տեղի ունեցավ, օրինակ, 1991 թ.-ին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց։