ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 51
Խաղաղություն՝ չնայած նեղությանը
«Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն» (ՀՈՎՀ. 14։27)։
ԵՐԳ 112 Եհո՛վա, խաղաղությա՛ն Աստված
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ի՞նչ է «Աստծու խաղաղությունը», և ի՞նչ օգուտներ է այն բերում մեզ (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
ԿԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մի տեսակ, որին այս աշխարհն անտեղյակ է։ Դա «Աստծու խաղաղությունն» է՝ այն հանդարտությունը, որ գալիս է մեր երկնային Հոր հետ մտերիմ լինելուց։ Այդ խաղաղությունը մեզ բազմաթիվ օգուտներ է բերում։ Դրա շնորհիվ մենք մեզ ապահով ենք զգում, մտերմանում ենք նրանց հետ, ովքեր սիրում են Աստծուն, և ջերմ փոխհարաբերություններ ենք վայելում «խաղաղության Աստծու» հետ (1 Թեսաղ. 5։23; կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Եթե լավ ճանաչենք մեր երկնային Հորը, վստահենք ու հնազանդվենք նրան, ապա նրա խաղաղությունը դժվար իրավիճակներում կհանդարտեցնի մեր տագնապած սրտերը։
2. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է ունենալ Աստծու խաղաղությունը։
2 Հնարավո՞ր է արդյոք ունենալ Աստծու խաղաղությունը, երբ բախվում ենք այնպիսի դժվարությունների, ինչպիսիք են համավարակը, աղետները, քաղաքացիական խռովությունները կամ հալածանքը։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է վախով լցնել մեր սիրտը։ Բայց Հիսուսը իր հետևորդներին այսպիսի հորդոր տվեց. «Թող որ ձեր սրտերը չխռովվեն ու վախից չնվաղեն» (Հովհ. 14։27)։ Մեր եղբայրներն ու քույրերը հետևել են այս հորդորին և Եհովայի օգնությամբ կարողացել են խաղաղություն ունենալ՝ չնայած ծանր փորձություններին։
ԵՐԲ ՀԱՄԱՎԱՐԱԿ Է ԲՌՆԿՎՈՒՄ
3. Համավարակն ինչպե՞ս կարող է պատճառ դառնալ, որ կորցնենք մեր խաղաղությունը։
3 Համավարակը կարող է տակնուվրա անել մեր ողջ կյանքը։ Տեսնենք, թե շատերի վրա ինչ ազդեցություն է ունեցել COVID-19 համավարակը։ Մի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ մարդկանց մեծ մասը համավարակի ընթացքում քնի խանգարումներ է ունեցել։ Նաև մեծ տարածում են գտել անհանգստությունն ու դեպրեսիան, շատացել են ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման դեպքերը, ինչպես նաև կտրուկ աճել է ընտանեկան բռնությունների և ինքնասպանության փորձերի թիվը։ Եթե ձեր տարածքում համավարակ բռնկվի, ինչպե՞ս կարող ես վերահսկել անհանգստության զգացումը և ունենալ Աստծու խաղաղությունը։
4. Վերջին օրերի վերաբերյալ Հիսուսի մարգարեության մասին իմանալը ինչպե՞ս է օգնում, որ չկորցնենք մեր խաղաղությունը։
4 Հիսուսը վերջին օրերի վերաբերյալ մարգարեացել էր, որ երկրի տարբեր վայրերում համաճարակներ կլինեն (Ղուկ. 21։11)։ Դա իմանալը օգնում է մեզ, որ չկորցնենք մեր խաղաղությունը։ Ինչպե՞ս։ Մենք անակնկալի չենք գալիս, երբ համավարակ է բռնկվում, քանի որ հասկանում ենք, որ աշխարհում տեղի ունեցող դեպքերը ընթանում են ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն էր կանխագուշակել։ Այս բանի գիտակցումը մղում է մեզ հետևելու Հիսուսի այն խորհրդին, որ նա տվեց վերջի ժամանակում ապրող մարդկանց. «Տեսեք, որ չսարսափեք» (Մատթ. 24։6)։
5. ա) Փիլիպպեցիներ 4։8, 9 համարների համաձայն՝ ինչի՞ մասին պետք է աղոթենք, երբ համավարակի պատճառով դժվարություններ ենք ունենում։ բ) Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրությունները լսելը ինչպե՞ս կարող է օգնել քեզ։
5 Համավարակը կարող է մարդկանց հեշտությամբ գցել անորոշության և նույնիսկ խուճապի մեջ։ Այդպիսի բան տեղի ունեցավ Դեսի անունով մի քրոջ հետ։b Երբ COVID-19-ի պատճառով մահացան նրա հորեղբայրը, զարմիկը և բժիշկը, նա վախեցավ, որ ինքն էլ կվարակվի և վիրուսը կփոխանցի իր տարեց մորը։ Դեսին նաև անհանգստանում էր, որ կկորցնի աշխատանքը և չի կարողանա վճարել սննդի ու կացարանի համար։ Այս մտահոգությունները խլեցին նրա խաղաղությունը, ինչի պատճառով նա կորցրեց քունը։ Իսկ ինչպե՞ս Դեսիին հաջողվեց վերագտնել իր խաղաղությունը։ Նա կոնկրետ աղոթեց Եհովային, որ օգնի իրեն հանդարտ մնալ և մտածել դրական բաների մասին (կարդա Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Դեսին լսում էր Եհովային, ով ասես խոսում էր իր հետ Աստվածաշնչի ընթերցանության ձայնագրությունների միջոցով։ Քույրն ասում է. «Ընթերցողների հանդարտեցնող ձայները ցրում էին մտահոգություններս և ինձ հիշեցնում, որ Եհովան հոգ է տանում իմ մասին» (Սաղ. 94։19)։
6. Ինչպե՞ս կարող է անձնական ուսումնասիրությունը և ժողովի հանդիպումներին հաճախելը օգնել քեզ։
6 Համավարակի պատճառով հնարավոր է՝ կյանքդ իր բնականոն հունով չընթանա։ Սակայն թույլ մի՛ տուր, որ դա խանգարի քեզ անձնական ուսումնասիրություն անել և հաճախել ժողովի հանդիպումներին։ Մեր հրատարակություններում և տեսանյութերում կգտնես բազմաթիվ օրինակներ այն մասին, թե ինչպես է մեր հավատակիցներին հաջողվում հավատարիմ մնալ Եհովային՝ չնայած դժվարություններին (1 Պետ. 5։9)։ Իսկ ժողովի հանդիպումները կօգնեն, որ միտքդ լցնես սուրբգրային դրական մտքերով։ Դրանք նաև հնարավորություն կտան, որ քաջալերվես և քաջալերես ուրիշներին (Հռոմ. 1։11, 12)։ Երբ խորհրդածես այն մասին, թե ինչպես է Եհովան աջակցել իր ծառաներին, ովքեր հիվանդ են եղել, վախով են համակվել կամ իրենց միայնակ են զգացել, հավատդ կամրանա, և դու կլցվես համոզվածությամբ, որ նա քեզ էլ կօգնի։
7. Ի՞նչ կարող ես սովորել Հովհաննես առաքյալից։
7 Ջանքեր թափիր, որ շփվես եղբայրներիդ ու քույրերիդ հետ։ Համավարակի պատճառով գուցե կարիք լինի, որ ֆիզիկական հեռավորություն պահպանենք անգամ մեր հավատակիցներից։ Այդ ժամանակ գուցե դու էլ նույն զգացումներն ունենաս, ինչ Հովհաննես առաքյալը։ Նա ցանկանում էր երես առ երես տեսնել իր ընկեր Գայոսին (3 Հովհ. 13, 14)։ Բայց առաքյալը նաև հասկանում էր, որ որոշ ժամանակ չի կարող տեսնել իր ընկերոջը։ Ուստի արեց այն, ինչ կարող էր. նամակ գրեց նրան։ Միշտ չէ, որ հնարավոր է ֆիզիկապես այցելել մեր եղբայրներին ու քույրերին, բայց կարող ենք շփվել նրանց հետ հեռախոսով, տեսակապով կամ էլեկտրոնային հաղորդագրություններ գրելով։Եթե հավատակիցներիդ հետ միշտ կապի մեջ լինես, քեզ ավելի ապահով ու հանդարտ կզգաս։ Սակայն եթե լուրջ անհանգստություններ ունես, դիմիր երեցներին և ընդունիր նրանց սիրառատ աջակցությունը (Ես. 32։1, 2)։
ԵՐԲ ԱՂԵՏ Է ԼԻՆՈՒՄ
8. Ինչպե՞ս կարող է աղետը պատճառ դառնալ, որ կորցնես խաղաղությունդ։
8 Ձեր տարածքում երբևէ եղե՞լ է ջրհեղեղ, երկրաշարժ կամ հրդեհ։ Եթե այո, ապա անհանգստության ուժգին զգացումը թերևս երկար ժամանակ չի լքել քեզ։ Իսկ եթե դրա պատճառով մահացել է հարազատդ կամ կորցրել ես ունեցվածքդ, ապա հնարավոր է՝ վշտի և անօգնական լինելու զգացումը պատել է քեզ, և նույնիսկ բարկացել ես։ Դա չի նշանակում, թե դու նյութապաշտ ես կամ հավատի պակաս ունես։ Նման բացասական զգացումներ ունենալը բնական է. չէ՞ որ դու ծանր փորձությունների միջով ես անցել (Հոբ 1։11)։ Բայց չնայած սթրեսային իրավիճակներին՝ դու կարող ես խաղաղություն ունենալ։ Ինչպե՞ս։
9. Հիսուսը ինչպե՞ս է պատրաստել մեզ աղետներին։
9 Այսօր որոշ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ մի օր կարող են աղետի զոհ դառնալ։ Մինչդեռ մենք գիտենք, որ մեր ժամանակներում ավելի շատ աղետներ են լինելու, և դրանց մի մասը գուցե մեզ վրա էլ անդրադառնա։ Հիշենք, թե ինչ մարգարեացավ Հիսուսը։ Նա զգուշացրեց իր հետևորդներին, որ նախքան աշխարհի վախճանը «մեծ երկրաշարժեր» և այլ աղետներ են լինելու (Ղուկ. 21։11)։ Նա նաև կանխագուշակեց, որ «անօրենությունը շատանալու» է, ինչի վառ ապացույցն է հանցագործությունը, բռնությունը և ահաբեկչությունը (Մատթ. 24։12)։ Հիսուսը չասաց, որ այս դժբախտությունները պատահելու են միայն նրանց, ովքեր չունեն Եհովայի հավանությունը։ Իրականում Աստծու հավատարիմ ծառաներից շատերն են աղետների զոհ դարձել (Ես. 57։1; 2 Կորնթ. 11։25)։ Եհովան գուցե հրաշքով չպաշտպանի մեզ բոլոր աղետներից, բայց նա մեզ կտա այն ամենը, ինչ անհրաժեշտ է հանդարտ ու խաղաղ մնալու համար։
10. Ինչո՞ւ ենք ասում, որ աղետին նախապատրաստվելը հավատի դրսևորում է (Առակներ 22։3)։
10 Մեզ համար ավելի հեշտ կլինի արտակարգ իրավիճակում հանդարտ մնալ, եթե նախօրոք պլանավորենք, թե ինչ ենք անելու այդ ժամանակ։ Արդյո՞ք նախապատրաստվելով ցույց ենք տալիս, որ Եհովայի հանդեպ մեր հավատը թույլ է։ Ամենևի՛ն։ Իրականում աղետին պատրաստվելը փաստում է, որ մենք հավատում ենք, որ Եհովան ի վիճակի է հոգ տանելու մեր մասին։ Ինչպե՞ս։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ նախապատրաստվել հավանական աղետներին (կարդա Առակներ 22։3)։ Հոդվածների, ժողովի հանդիպումների, ինչպես նաև ժամանակահարմար հայտարարությունների միջոցով Աստծու կազմակերպությունը անընդհատ հիշեցնում է մեզ, որ նախապատրաստվենք աղետներին։c Եթե հավատում ու վստահում ենք Եհովային, ապա այսօրվանից կհետևենք այդ խորհրդին, քանի դեռ աղետը չի հարվածել։
11. Ի՞նչ ես սովորում Մարգրեթի օրինակից։
11 Ուշադրություն դարձնենք Մարգրեթ անունով մի քրոջ օրինակին։ Երբ նրանց տարածքում անտառային հրդեհ բռնկվեց, իշխանությունները հրահանգ տվեցին, որ մարդիկ լքեն իրենց տները։ Քանի որ բոլորը փորձում էին միաժամանակ փախչել այդ տարածքից, ճանապարհները խցանված էին, և երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Օդը լցված էր թանձր ծխով, ինչի պատճառով Մարգրեթը որոշ ժամանակ փակված մնաց իր մեքենայում։ Սակայն պատրաստված լինելու շնորհիվ նա կարողացավ փրկվել։ Քույրը իր պայուսակում քարտեզ ուներ, որի միջոցով կարող էր գտնել տարհանման ճանապարհը։ Նա նույնիսկ նախքան աղետը գնացել էր այդ ճանապարհով, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում կարողանա հեշտությամբ գտնել այն։ Նախօրոք պատրաստվելը փրկեց Մարգրեթի կյանքը։
12. Ինչո՞ւ պետք է հետևենք անվտանգության վերաբերյալ հրահանգներին։
12 Մեզ պաշտպանելու և կարգուկանոն հաստատելու համար իշխանությունները գուցե պարետային ժամ սահմանեն կամ տարհանման և այլ գործնական քայլեր ձեռնարկելու հրահանգներ տան։ Որոշ մարդիկ վարանում են հետևել այդ հրահանգներին, քանի որ չեն ցանկանում թողնել իրենց ունեցվածքը։ Իսկ ինչպե՞ս են վարվում քրիստոնյաները։ Աստվածաշունչը հորդորում է. «Հանուն Տիրոջ հպատակվեք բոլոր իշխանություն ունեցողներին՝ թե՛ թագավորին՝ որպես վերադասի, և թե՛ կառավարիչներին՝ որպես նրա կողմից ուղարկվածների» (1 Պետ. 2։13, 14)։ Աստծու կազմակերպությունը նույնպես հրահանգներ է տալիս, որոնց հետևելով՝ ապահով կլինենք։ Օրինակ՝ մեզ կանոնավոր հիշեցնում են, որ երեցներին տրամադրենք մեր թարմ կոնտակտային տվյալները, որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում նրանք կարողանան կապ հաստատել մեզ հետ։ Իսկ դու տրամադրե՞լ ես։ Հնարավոր է նաև՝ մեզ հրահանգներ տան, թե որտեղ պատսպարվենք, տարհանման ինչ պլանի հետևենք, որտեղից ձեռք բերենք առաջին անհրաժեշտության իրեր կամ ինչպես օգնենք ուրիշներին։ Եթե չհետևենք այս հրահանգներին, կարող ենք վտանգի ենթարկել թե՛ մեր և թե՛ երեցների կյանքը։ Եկեք միշտ հիշենք, որ այս հավատարիմ տղամարդիկ նշանակված են, որպեսզի հոգ տանեն մեր մասին (Եբր. 13։17)։ Մարգրեթն ասում է. «Ես միանգամայն համոզված եմ, որ երեցների ու կազմակերպության առաջնորդությանը հետևելը փրկեց իմ կյանքը»։
13. Տարհանված շատ քրիստոնյաների ի՞նչն է օգնում պահպանել ուրախությունն ու խաղաղությունը։
13 Շատ եղբայրներ ու քույրեր, ովքեր բնական աղետի, պատերազմի կամ քաղաքացիական խռովությունների պատճառով ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, ամեն ինչ անում են, որպեսզի հարմարվեն իրենց նոր հանգամանքներին, և ձգտում են հնարավորինս շուտ մասնակցել աստվածապետական գործերին։ Վաղ քրիստոնյաների նման, ովքեր հալածանքի պատճառով ցիրուցան էին եղել, նրանք շարունակում են «Աստծու խոսքի բարի լուրը հռչակել» (Գործ. 8։4)։ Քարոզչությունն օգնում է նրանց, որ ծանր հանգամանքների վրա կենտրոնանալու փոխարեն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Թագավորության վրա։ Արդյունքում նրանց հաջողվում է պահպանել իրենց ուրախությունն ու խաղաղությունը։
ԵՐԲ ՀԱԼԱԾՎՈՒՄ ԵՆՔ
14. Ինչպե՞ս կարող է հալածանքը խլել մեր խաղաղությունը։
14 Հալածանքը կարող է մեզ զրկել այնպիսի բաներից, որոնք սովորաբար մեր սիրտը լցնում են խաղաղությամբ։ Օրինակ՝ մենք ուրախության և բավարարվածության զգացում ենք ունենում, երբ ազատորեն միասին հավաքվում ենք, առանց խոչընդոտի քարոզում և անում մեր առօրյա գործերը՝ չվախենալով, որ մեզ կձերբակալեն։ Երբ մեզ արգելում են անել այս բաները, մենք գուցե վախենանք ու անհանգստանանք, թե ինչ կլինի հետո։ Ինչ խոսք, այդպիսի զգացումներ ունենալը բնական է։ Սակայն մենք պետք է զգույշ լինենք, քանի որ Հիսուսն ասաց, որ հալածանքի պատճառով իր հետևորդները հնարավոր է՝ գայթակղվեն (Հովհ. 16։1, 2)։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր խաղաղությունը, երբ հալածվում ենք։
15. Ինչո՞ւ չպետք է վախենանք հալածվելուց (Հովհաննես 15։20; 16։33)։
15 Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն» (2 Տիմոթ. 3։12)։ Անդրեյ անունով մի եղբայր դժվարանում էր հարմարվել այն մտքին, որ իրենց երկրում մեր գործունեությունը արգելված է։ Նա մտածում էր. «Այստեղ Վկաները շատ են։ Դժվար թե իշխանությունները բոլորիս ձերբակալեն»։ Թվում է, թե այս միտքը պետք է խաղաղություն բերեր Անդրեյին։ Բայց ընդհակառակը՝ այն զրկում էր եղբորը խաղաղությունից և ստիպում նրան անընդհատ մտահոգվել։ Սակայն մյուս եղբայրները ամեն բան հանձնել էին Եհովայի ձեռքը և չէին փորձում իրենք իրենց համոզել, որ երբեք չեն ձերբակալվի։ Թեև նրանք գիտակցում էին, որ գուցե մի օր նման բան լինի, բայց այնքան չէին մտահոգվում, որքան Անդրեյը։ Ի վերջո Անդրեյը նույնպես սկսեց նրանց պես մտածել և լիովին վստահել Աստծուն։ Կարճ ժամանակ անց նրա միտքը խաղաղվեց, և չնայած դժվարություններին՝ նա վերագտավ իր ուրախությունը։ Այսպես մտածելը մեզ էլ կարող է օգնել։ Հիսուսը նախազգուշացրել է, որ կհալածվենք, սակայն նա նաև հավաստիացրել է, որ հալածանքի ներքո մենք կարող ենք հավատարիմ մնալ Աստծուն (կարդա Հովհաննես 15։20; 16։33)։
16. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հալածանքի ժամանակ տրված առաջնորդությանը։
16 Երբ մեր գործունեության վրա արգելք կամ սահմանափակումներ են դրվում, թերևս մասնաճյուղից և երեցներից հրահանգներ ստանանք։ Նրանց նպատակն է պաշտպանել մեզ, հավաստիանալ, որ հոգևոր սնունդ ենք ստանում, և օգնել, որ հնարավորության սահմաններում քարոզենք բարի լուրը։ Ամեն ինչ արա, որ հնազանդվես այդ հրահանգներին, անգամ եթե լիովին չես հասկանում, թե ինչու են դրանք տրվել (Հակ. 3։17)։ Բացի այդ՝ հավատակիցներիդ, ինչպես նաև ժողովի գործունեության վերաբերյալ ոչ մի տեղեկություն մի՛ հայտնիր այն մարդկանց, ովքեր իրավասու չեն իմանալու դրանք (Ժող. 3։7)։
17. Առաջին դարի առաքյալների նման ի՞նչ ենք վճռել անել։
17 Հիմնական պատճառներից մեկը, թե ինչու է Սատանան պատերազմ մղում Աստծու ժողովրդի դեմ, այն է, որ նրանք «նշանակված են Հիսուսի մասին վկայելու» (Հայտն. 12։17)։ Թույլ մի՛ տուր, որ Սատանան և նրա աշխարհը վախեցնեն քեզ։ Երբ հալածանքի ներքո մենք շարունակում ենք քարոզել և ուսուցանել, լցվում ենք ուրախության ու խաղաղության զգացումով։ Առաջին դարում, երբ առաքյալներին արգելեցին քարոզել, այդ հավատարիմ մարդիկ որոշեցին հնազանդվել Աստծուն և շարունակեցին քարոզել։ Արդյունքում նրանք ուրախությամբ լցվեցին (Գործ. 5։27-29, 41, 42)։ Իհարկե, երբ մեր գործունեությունը արգելված է, քարոզելիս մենք պետք է զգույշ լինենք (Մատթ. 10։16)։ Բայց եթե մեր լավագույնն անենք, կունենանք այն խաղաղությունը, որը բխում է Եհովային հաճեցնելուց և կյանքեր փրկող բարի լուրը հայտնելուց։
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾԸ ՁԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԻ»
18. Ի՞նչ պետք է միշտ հիշենք։
18 Վստահ եղիր, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում մենք կարող ենք խաղաղություն ունենալ։ Այդպիսի պահերին պետք է հիշենք, որ մենք Աստծու խաղաղության կարիքն ունենք՝ խաղաղություն, որ միայն Եհովան կարող է տալ։ Ուստի ապավինիր նրան, երբ համավարակ է բռնկվում, աղետ է լինում, կամ երբ հալածվում ես։ Մոտ մնա հավատակիցներիդ և հետևիր կազմակերպության հրահանգներին։ Քո տեսադաշտից մի՛ կորցրու այն հիանալի ապագան, որ սպասում է քեզ։ Այդ դեպքում «խաղաղության Աստվածը քեզ հետ կլինի» (Փիլիպ. 4։9)։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք օգնել մեր հավատակիցներին, որ նեղության ժամանակ ունենան Աստծու խաղաղությունը։
ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ
a Եհովան խոստանում է խաղաղություն տալ բոլոր իրեն սիրողներին։ Իսկ ի՞նչ խաղաղություն է նա տալիս, և ինչպե՞ս կարող ենք այն ձեռք բերել։ Հոդվածում կխոսենք այդ մասին և կիմանանք, թե «Աստծու խաղաղությունն» ինչպես կարող է օգնել մեզ, երբ համավարակ է բռնկվում, երբ աղետներ են լինում, և երբ հալածվում ենք։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
c Տես «Երբ վրա է հասնում աղետը. քայլեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2017 թ. № 5 համարում։
d ՆԿԱՐ։ Քույրը նախապես պատրաստվել է տարհանմանը։
e ՆԿԱՐ։ Եղբայրը, ով ապրում է այնպիսի տարածքում, որտեղ մեր գործունեությունն արգելված է, զգուշորեն քարոզում է։