Ի՞նչ է մեծ նեղությունը
Աստվածաշնչի պատասխանը
Մեծ նեղությունը մարդկության համար ամենածանր ժամանակն է լինելու։ Համաձայն Աստվածաշնչի մարգարեության՝ այն կլինի «վերջին օրերում», կամ՝ «վերջի ժամանակում» (2 Տիմոթեոս 3:1; Դանիել 12:4)։ «Այդ օրերը նեղության օրեր կլինեն, որոնց նմանը չի եղել Աստծու արարչագործության սկզբից մինչև այդ ժամանակը և չի էլ լինի» (Մարկոս 13:19; Դանիել 12:1; Մատթեոս 24:21, 22)։
Իրադարձություններ, որ տեղի են ունենալու մեծ նեղության ընթացքում
Կեղծ կրոնը կկործանվի։ Կեղծ կրոնը կկործանվի ապշեցուցիչ արագությամբ (Հայտնություն 17:1, 5; 18:9, 10, 21)։ Այն կկործանեն քաղաքական ուժերը, որոնց ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Այդպիսով նրանք կիրագործեն Աստծու կամքը (Հայտնություն 17:3, 15–18)։a
Ճշմարիտ կրոնի վրա հարձակում կլինի։ Ազգերի կոալիցիան, որի մասին Եզեկիելի տեսիլքում խոսվում է որպես «Գոգի, որը Մագոգ երկրից է», կփորձի ոչնչացնել ճշմարիտ կրոնի անդամներին։ Սակայն Աստված իր ծառաներին կպաշտպանի կործանումից (Եզեկիել 38:1, 2, 9–12, 18–23)։
Երկրի բնակիչների նկատմամբ դատաստան կիրագործվի։ Հիսուսը կդատի բոլոր մարդկանց և «կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից» (Մատթեոս 25:31–33)։ Յուրաքանչյուր անհատ կդատվի այն բանի հիման վրա, թե արդյոք աջակցել է կամ չի աջակցել Հիսուսի «եղբայրներին»՝ նրանց, ովքեր երկնքում իշխելու են նրա հետ (Մատթեոս 25:34–46)։
Կհավաքվեն Հիսուսի թագավորակիցները։ Այն հավատարիմ անհատները, ովքեր ընտրվել են իշխելու Քրիստոսի հետ, կավարտեն իրենց երկրային կյանքը և երկնային կյանքի հարություն կառնեն (Մատթեոս 24:31; 1 Կորնթացիներ 15:50–53; 1 Թեսաղոնիկեցիներ 4:15–17)։
Կսկսվի Արմագեդոն պատերազմը։ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» կոչվում է նաև «Եհովայի օր» (Հայտնություն 16:14, 16; Եսայիա 13:9; 2 Պետրոս 3:12)։ Այն անհատները, ում հանդեպ Քրիստոսը բացասական դատավճիռ կայացնի, կկործանվեն (Սոփոնիա 1:18; 2 Թեսաղոնիկեցիներ 1:6–10)։ Կործանվողների մեջ կլինի ողջ աշխարհի քաղաքական համակարգը, որն Աստվածաշնչում ներկայացված է յոթ գլխանի գազանով (Հայտնություն 19:19–21)։
Իրադարձություններ, որ տեղի են ունենալու մեծ նեղությունից հետո
Սատանան ու դևերը կբանտարկվեն։ Մի հզոր հրեշտակ Սատանային ու դևերին կգցի «անդունդը», որը խորհրդանշում է մահվան պես անգործունյա վիճակ (Հայտնություն 20:1–3)։ Սատանայի վիճակը անդունդի մեջ կարելի է նմանեցնել բանտում գտնվելուն. նա չի կարողանա ազդեցություն բանեցնել մարդկանց վրա (Հայտնություն 20:7)։
Կսկսվի Հազարամյակը։ Աստծու Թագավորությունը կսկսի իր 1000-ամյա իշխանությունը և շատ օրհնություններ կբերի մարդկությանը (Հայտնություն 5:9, 10; 20:4, 6)։ «Մեծ բազմությունը, որը ոչ ոք չի կարող հաշվել», կվերապրի «մեծ նեղությունից» ու կտեսնի երկրի վրա Հազարամյակի սկիզբը (Հայտնություն 7:9, 14; Սաղմոս 37:9–11)։
a «Հայտնություն» գրքում կեղծ կրոնը խորհրդանշական կերպով ներկայացված է որպես Մեծ Բաբելոն՝ «մեծ պոռնիկ» (Հայտնություն 17:1, 5)։ Ալ կարմիր գազանը, որը կործանում է Մեծ Բաբելոնը, խորհրդանշում է այն կազմակերպությունը, որի նպատակն է միավորել ազգերը ու ներկայացնել դրանք։ Սկզբում այն գոյություն ուներ որպես Ազգերի լիգա, իսկ այժմ՝ որպես Միավորված ազգերի կազմակերպություն։