ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ
Աստծու անունը
Միլիոնավոր մարդիկ Աստծուն դիմելիս օգտագործում են հարգալից տիտղոսներ, ինչպիսիք են՝ Տեր, Բարձրյալ, Ալլահ կամ Աստված։ Բայց Աստված անուն ունի։ Արդյոք պե՞տք է գործածենք այն։
Ի՞նչ է Աստծու անունը
ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՄԱՆՔ։
Իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ կարծում են, թե Աստծու անունը Հիսուս է։ Իսկ ոմանք ասում են, որ քանի որ միայն մեկ Ամենակարող Աստված կա, կարիք չկա գործածել նրա անձնանունը։ Ուրիշներն էլ այն կարծիքին են, որ առհասարակ պատշաճ չէ գործածել Աստծու անունը։
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։
Հիսուսը չէ Ամենակարող Աստվածը, հետևաբար Ամենակարող Աստծու անունը չի կարող Հիսուս լինել։ Իրականում, Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց, որ հետևյալ կերպ աղոթեն Աստծուն. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը» (Ղուկաս 11։2)։ Հիսուսն ինքն էլ Աստծուն աղոթելիս ասաց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը» (Հովհաննես 12։28)։
Աստվածաշնչում կարդում ենք Աստծու հետևյալ խոսքերը. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը։ Ես իմ փառքը ոչ ոքի չեմ տա» (Եսայիա 42։8)։ «Եհովա» անունը Աստծու անունը ներկայացնող եբրայերեն չորս բաղաձայնների՝ יהוה (ՅՀՎՀ) հայերեն թարգմանությունն է։ Եբրայերեն Գրություններում այդ անունը հանդիպում է մոտ 7 000 անգամ։a Այն ավելի շատ է հանդիպում Աստվածաշնչում, քան Աստծու տիտղոսները, ինչպիսիք են՝ «Աստված», «Ամենակարող» և «Տեր»։ Եվ ավելի հաճախ է հանդիպում, քան որևէ այլ աստվածաշնչյան անուն, ինչպես, օրինակ, Աբրահամ, Մովսես կամ Դավիթ։
Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, թե Աստված արգելում է իր անվան հարգալից գործածությունը։ Ընդհակառակը՝ Աստծու Խոսքից իմանում ենք, որ Աստծու ծառաները ազատորեն օգտագործել են այն։ Նրանք անգամ այնպիսի անուններ են տվել իրենց երեխաներին, որոնք ներառել են Աստծու անունը։ Դրանցից են, օրինակ՝ «Եղիա» անունը, որը նշանակում է «Եհովան իմ Աստվածն է», կամ «Զաքարիա» անունը, որը նշանակում է «Եհովան հիշել է»։ Աստծու ծառաները ազատորեն գործածել են Աստծու անունը նաև իրենց առօրյա խոսակցություններում (Հռութ 2։4)։
Աստված ուզում է, որ օգտագործենք իր անունը։ Աստվածաշնչում մեզ հորդոր է տրվում, որ «շնորհակալություն հայտնենք Եհովային, կանչենք նրա անունը» (Սաղմոս 105։1)։ Աստված նույնիսկ հատուկ մտապահում է «իր անվան շուրջ խորհրդածողներին», որպեսզի գործի հօգուտ նրանց (Մաղաքիա 3։16)։
«Որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (Սաղմոս 83։18)։
Ի՞նչ է նշանակում Աստծու անունը
Որոշ գիտնականների կարծիքով՝ «Եհովա» անունը եբրայերենում նշանակում է «նա դարձնում է»։ Ըստ այս սահմանման՝ Աստված կարող է ինքն իրեն կամ իր ստեղծագործությանը դարձնել այն, ինչ անհրաժեշտ է իր կամքն իրագործելու համար։ Միայն Ամենակարող Արարիչը կարող է իրավամբ կրել այդ անունը։
ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԵԶ ՀԱՄԱՐ։
Աստծու անունն իմանալով՝ դուք կփոխեք ձեր տեսակետը նրա մասին։ Բացի այդ՝ ձեզ համար ավելի հեշտ կլինի մտերմանալ նրա հետ։ Չէ՞ որ, հնարավոր չէ մտերմանալ մեկի հետ, ում անունը չգիտես։ Այն փաստը, որ Աստված հայտնել է իր անունը, ցույց է տալիս, որ նա ցանկանում է՝ մտերմանաք իր հետ (Հակոբոս 4։8)։
Քանի որ «Եհովա» անունը ցույց է տալիս, որ նա ամեն բան իրականացնող Աստված է, կարող ենք վստահ լինել, որ նա միշտ կվարվի իր անվան համաձայն ու կկատարի իր բոլոր խոստումները։ Այդ պատճառով Աստվածաշնչում հստակ ասվում է. «Քո անունը ճանաչողները կապավինեն քեզ» (Սաղմոս 9։10)։ Դուք նման վստահություն ձեռք կբերեք, երբ իմանաք, թե ինչ հիանալի հատկություններ ունի այդ անունը կրող անձնավորությունը. նա լի է սիրառատ բարությամբ՝ նվիրված սիրով, ողորմած է, կարեկից ու արդար (Ելք 34։5–7)։ Որքան մխիթարական է իմանալ, որ Եհովան իր խոստումները պահելիս միշտ կվարվի իր հատկություններին ներդաշնակ։
Հստակ է, որ Ամենակարող Աստծուն իր անունով ճանաչելը մեծ առանձնաշնորհում է։ Դա կարող է մեծ օրհնությունների դուռ բացել ձեր առջև թե՛ հիմա, թե՛ ապագայում։ Աստված խոստանում է. «Պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը» (Սաղմոս 91։14)։
«Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։
a Աստվածաշնչի շատ թարգմանություններից Աստծու անունը հանվել է և փոխարինվել մեծատառերով գրված «ՏԵՐ» տիտղոսով։ Կան թարգմանություններ էլ, որոնցում այն պահպանվել է միայն որոշ համարներում կամ ծանոթագրություններում։ Բայց «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունում» Աստծու անունը օգտագործվում է բազմաթիվ անգամներ։