Աստվածաշնչի գիրք համար 2. Ելք
Գրողը՝ Մովսես
Գրվելու վայրը՝ անապատ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 1512թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 1657–1512թթ.
1. ա) Ի՞նչ կարևոր իրադարձություններ են նշվում «Ելք» գրքում։ բ) Ինչպե՞ս է գիրքը կոչվել հին եբրայերեն լեզվով, և ո՞ր գրքի շարունակությունն է այն համարվում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ «Ելք» գիրքը ոգևորիչ ու հետաքրքրաշարժ պատմություն է այն մասին, թե ինչպես Եհովան մեծամեծ նշաններ ու հրաշքներ արեց իր ժողովրդին Եգիպտոսի գերությունից ազատելիս, ինչպես իսրայելացիներին իր հատուկ սեփականությունը դարձրեց որպես «քահանաների թագավորություն և սուրբ ազգ», և թե ինչպես ձևավորվեց այդ աստվածապետական ազգը (Ելք 19։6)։ Եբրայերեն լեզվով գիրքը կոչվել է համաձայն իր առաջին խոսքերի՝ Վելեհ շեմոհթ (նշանակում է «ահա անունները»), կամ պարզապես Շեմոհթ (նշանակում է «անուններ»)։ Հայերեն «Ելք» անվանումը համապատասխանում է հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ գրքի անվանը՝ Էքսոդոս (նշանակում է «ելք, մեկնում»)։ Այս գիրքը «Ծննդոց» գրքի շարունակությունն է, քանի որ սկսվում է հետևյալ բառով՝ «ահա» (բնագրում՝ «և»)։ Բացի այդ, հենց սկզբում հակիրճ թվարկվում են Հակոբի որդիների անունները՝ հիմնված Ծննդոց 46։8–27 համարներում գրի առնված ավելի լիարժեք արձանագրության վրա։
2. ԵՀՈՎԱ անվան առնչությամբ ի՞նչ է հայտնում «Ելք» գիրքը։
2 «Ելք» գիրքը առանձնահատուկ է, քանի որ նրանում Աստծու փառահեղ անունը՝ ԵՀՈՎԱ, ներկայացված է իր փառքի ողջ մեծությամբ ու սրբությամբ։ Իր անվան նշանակության խորությունը ցույց տալով՝ Աստված Մովսեսին ասաց. «ԵՍ ԿԴԱՌՆԱՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՄ ԴԱՌՆԱԼ»։ Ապա ավելացրեց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««ԵՍ ԿԴԱՌՆԱՄ»-ն է [եբրայերեն՝ אהיה, Էհյեհ, եբրայերեն հայահ բայից] ինձ ձեզ մոտ ուղարկել»»։ ԵՀՈՎԱ անունը (יהוה, ՅՀՎՀ) եբրայերեն հավահ բայի ձևն է (նշանակում է «դառնալ»), իսկ այդ բայը ազգակից է հայահ բային, և բառացի նշանակում է «Նա դարձնում է»։ Եհովայի հզոր ու ահ ներշնչող գործերը, որ նա արեց իր ժողովրդի՝ իսրայելացիների համար, փառավորեցին ու վեհացրին այդ անունը։ Այդ անունը պետք է հիշվի «սերնդեսերունդ», անուն, որը պետք է մեծարվի հավիտյան։ Ուրեմն որքա՜ն կարևոր է իմանալ այդ անվան հետ առնչվող իրադարձությունները և երկրպագել միակ ճշմարիտ Աստծուն, որը ազդարարում է. «Ես Եհովան եմ» (Ելք 3։14, 15; 6։6)a։
3. ա) Որտեղի՞ց գիտենք, որ «Ելք» գիրքը Մովսեսն է գրել։ բ) Ե՞րբ է գրվել «Ելք»-ը, և ի՞նչ ժամանակահատված է այն ընդգրկում։
3 «Ելք» գիրքը, որը Հնգամատյանի երկրորդ գիրքն է, գրել է Մովսեսը։ Հենց գրքում երեք անգամ նշվում է, որ Մովսեսն է Եհովայի առաջնորդությամբ գրառումներ կատարել (17։14; 24։4; 34։27)։ Աստվածաշնչագետներ Վեստկոտի ու Հորտի համաձայն՝ Հիսուսը և Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրողները ավելի քան 100 անգամ մեջբերումներ են արել «Ելք»-ից կամ հղել են այդ գրքին։ Օրինակ՝ Հիսուսը ասել է. «Մի՞թե Մովսեսը ձեզ չտվեց Օրենքը»։ «Ելք» գիրքը գրվել է Սինա անապատում մ.թ.ա. 1512թ.-ին՝ Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալուց մեկ տարի անց։ Այն ընդգրկում է 145 տարիների պատմություն՝ սկսած Հովսեփի մահից (մ.թ.ա. 1657թ.) մինչև Եհովայի երկրպագության համար խորան կանգնեցնելը (մ.թ.ա. 1512թ.) (Հովհ. 7։19; Ելք 1։6; 40։17)։
4, 5. Հնագիտական ի՞նչ փաստեր կան, որ «Ելք» գիրքը վստահարժան է։
4 Զարմանալի, որ թեև «Ելք»-ում նկարագրված դեպքերը տեղի են ունեցել մոտ 3500 տարի առաջ, սակայն այդքան շատ հնագիտական և պատմական փաստեր կան, որոնք հաստատում են գրքի ճշգրտությունը։ Գրքում նշված Եգիպտոսի աշխարհագրական անուններն ու եգիպտական տիտղոսները լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ հանդիպում է եգիպտական մակագրություններում։ Ըստ հնագիտական տվյալների՝ եգիպտացիները թույլ էին տալիս, որ օտարերկրացիները բնակվեն իրենց երկրում, թեև վերջիններս նրանցից առանձին էին ապրում։ Նեղոսի ջրերում եգիպտացիները լողանում էին, ինչը հիշեցնում է, թե ինչպես էր փարավոնի դուստրը գնացել գետ՝ լողանալու։ Նաև գտնվել են աղյուսներ՝ պատրաստված թե՛ հարդից, թե՛ առանց հարդի։ Բացի այդ, Եգիպտոսի ծաղկման շրջանում քրմերը իսկապես մեծ ազդեցություն են ունեցել (Ելք 8։22; 2։5; 5։6, 7, 18; 7։11)։
5 Պատմական հուշարձանները վկայում են այն մասին, որ փարավոնները անձամբ են պատերազմի տարել իրենց ռազմիկներին կառքերով։ Ինչպես կարդում ենք «Ելք» գրքում, Մովսեսի օրերում փարավոնը հենց այս սովորությանը հետևեց։ Ի՜նչ մեծ ստորացման նա ենթարկվեց։ Իսկ ինչո՞ւ հին եգիպտական արձանագրություններում ոչ մի հիշատակում չկա այն մասին, որ իսրայելացիները բնակվել են Եգիպտոսում, ինչպես նաև այն աղետների մասին, որ եկան Եգիպտոսի վրա։ Հնագիտությունից իմանում ենք, որ փարավոնների յուրաքանչյուր նոր դինաստիա ոչնչացնում էր նախկին արձանագրությունները, որոնք իրենց պատիվ չէին բերում։ Նրանք երբեք չէին արձանագրում իրենց խայտառակ պարտությունները։ Այն հարվածները, որ եկան Եգիպտոսի աստվածների վրա, օրինակ՝ Նեղոսի աստծու վրա, արևի աստծու վրա, գորտի աստծու վրա, ցույց տվեցին նրանց ոչնչությունը ու Եհովային փառք բերեցին որպես գերագույն Աստծու։ Այս ամենը, ինչ խոսք, չէր կարող գրի առնվել հպարտ ազգի տարեգրության մեջ (14։7–10; 15։4)b։
6. Իսրայելացիների առաջին բանակատեղերը սովորաբար ո՞ր տեղանքների հետ են նույնացվում։
6 Մովսեսը 40 տարի հովվեց Հոթորի հոտը։ Այդպես նա ծանոթացավ Սինա անապատի կենսապայմաններին և իմացավ, թե որտեղից կարելի է ջուր և ուտելիք հայթայթել, ինչը հետագայում օգնեց նրան իսրայելացիներին առաջնորդելու անապատում։ Այսօր անհնար է ամենայն ճշգրտությամբ որոշել, թե ինչ ուղղություններով են իսրայելացիները տեղաշարժվել, քանի որ անհայտ է, թե կոնկրետ որտեղ են գտնվել որոշ վայրեր, որ նշված են «Ելք»-ում։ Սակայն ընդունված է համարել, որ Մեռան՝ այն առաջին վայրերից մեկը, որտեղ իսրայելացիները ճամբար դրեցին Սինայի թերակղզում, նույն Էին Հավարան է, որը ներկայիս Սուեզ քաղաքից 80 կիլոմետր դեպի հարավ-արևելք է գտնվում։ Համարվում է, որ Ելիմը, որը երկրորդ վայրն էր, որտեղ իսրայելացիները ճամբար դրեցին, նույն Վադի-Գարանդելն է, որը Սուեզից մոտ 88 կիլոմետր դեպի հարավ-արևելք է գտնվում։ Հետաքրքրիր է, որ այսօր այդ տեղանքը մի հրաշալի օազիս է, որտեղ արմավենիներ ու բազում ջրի աղբյուրներ կան, ինչը հիշեցնում է աստվածաշնչյան Ելիմը, որտեղ «ջրի տասներկու աղբյուր և յոթանասուն արմավենի կային»c։ Այդուհանդերձ, հնագիտական տվյալները, որոնք հաստատում են իսրայելացիների բանակատեղերը, Մովսեսի գրքի վավերականության միակ ապացույցը չեն (15։23, 27)։
7. Ուրիշ ի՞նչ փաստեր են հաստատում, որ «Ելք» գիրքը ներշնչված է։
7 Սինայի մոտակայքում եղող հարթավայրերում խորան կառուցելու մասին արձանագրությունը արտացոլում է այդ տեղանքին բնորոշ առանձնահատկությունները։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Խորանի կառուցվածքը, ձևը և շինանյութը ցույց են տալիս, որ այն անապատում է կառուցվել։ Օգտագործված փայտանյութը այդ տեղանքում կարելի է գտնել ամենուրեք»d։ Անկախ նրանից՝ խոսքը աշխարհագրական անունների, սովորությունների, կրոնի, տեղանքների նկարագրության, թե շինանյութի մասին է, բազմաթիվ փաստեր հաստատում են, որ աստվածաշնչյան «Ելք» գիրքը, որը գրվել է ավելի քան 3500 տարի առաջ, վստահարժան է։
8. Ի՞նչն է փաստում, որ «Ելք» գիրքը փոխկապակցված է Աստվածաշնչի մյուս մասերի հետ, և ինչո՞վ է այն օգտակար։
8 Աստվածաշնչյան այլ գրողներ հաճախ են հղում անում «Ելք» գրքին, ինչը ցույց է տալիս նրա մարգարեական նշանակությունն ու արժեքը։ Գրքի գրությունից ավելի քան 900 տարի անց Երեմիան Եհովայի մասին գրեց. «Դու ճշմարիտ Աստվածն ես, մեծ ես ու հզոր, որի անունը Զորքերի Տեր Եհովա է.... Դու հանեցիր քո Իսրայել ժողովրդին Եգիպտոսի երկրից նշաններով ու հրաշքներով, քո հզոր ձեռքով, մեկնած բազկով ու մեծ սարսափով» (Երեմ. 32։18–21)։ Ավելի քան 1500 տարի հետո Ստեփանոսը նախքան չարչարվելով մահանալը ազդեցիկ ելույթ ներկայացրեց, որի մեծ մասը հիմնված էր «Ելք» գրքի տեղեկության վրա (Գործ. 7։17–44)։ Եբրայեցիներ 11։23–29 համարներում Պողոսը Մովսեսի մասին խոսում է որպես հավատի օրինակի։ Առաքյալը հաճախ է հղում անում «Ելք» գրքին՝ օրինակներ բերելով և նախազգուշացումներ տալով (Գործ. 13։17; 1 Կորնթ. 10։1–4, 11, 12; 2 Կորնթ. 3։7–16)։ Այս ամենը օգնում է մեզ հասկանալու, թե ինչպես են Աստվածաշնչի մասերը փոխկապակցված, և թե որքան արժեքավոր է դրանցից յուրաքանչյուրը, քանի որ բացահայտում է Եհովայի նպատակները։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
9. Ի՞նչ ժամանակներում է ծնվում Մովսեսը և ի՞նչ իրավիճակում է մեծանում։
9 Եհովան հանձնարարություն է տալիս Մովսեսին և շեշտում է իր մեծ անվան նշանակությունը (1։1–4։31)։ Եգիպտոս եկած Իսրայելի որդիների անունները թվարկելուց հետո գիրքը նշում է Հովսեփի մահվան մասին։ Որոշ ժամանակ անց Եգիպտոսում սկսում է իշխել նոր թագավոր։ Երբ նա տեսնում է, որ իսրայելացիները «արտասովոր արագությամբ են շատանում ու գնալով հզորանում» են, դաժան միջոցների է դիմում, այդ թվում նաև հարկադիր աշխատանքի լծում ու որպեսզի նվազեցնի իսրայելացի տղամարդկանց թիվը, հրամայում է սպանել բոլոր նորածին տղաներին (1։7)։ Հենց այս իրավիճակում էլ Ղևիի տնից մի տղամարդու ընտանիքում տղա է ծնվում, որը երեխաներից երրորդն է։ Երբ նա դառնում է երեք ամսական, մայրը նրան դնում է պապիրուսե զամբյուղի մեջ ու թաքցնում Նեղոս գետի ափի մոտ՝ եղեգների մեջ։ Փարավոնի դուստրը գտնում է նրան, ու քանի որ փոքրիկը նրան շատ է դուր գալիս, որդեգրում է։ Երեխայի իսկական մայրը դառնում է նրա դայակը, և արդյունքում երեխան մեծանում է իսրայելացու ընտանիքում։ Երբ մեծանում է, նրան բերում են փարավոնի պալատ։ Նրա անունը Մովսես են դնում, որը նշանակում է «դուրս բերված, ջրից փրկված» (Ելք 2։10; Գործ. 7։17–22)։
10. Ինչպե՞ս է Մովսեսը հատուկ նշանակում ստանում։
10 Մովսեսը անհանգստացած է իր հայրենակիցների բարօրությամբ։ Նա եգիպտացու է սպանում այն բանի համար, որ վերջինս դաժանորեն է վարվում մի իսրայելացու հետ։ Այդ պատճառով նա ստիպված փախչում է ու գնում է Մադիանի երկիր։ Այնտեղ նա ամուսնանում է Մադիանի քահանա Հոթորի աղջկա՝ Սեպփորայի հետ։ Հետագայում Մովսեսը երկու որդի է ունենում՝ Գերսամին ու Եղիեզերին։ 80 տարեկանում՝ 40 տարի անապատում ապրելուց հետո, Մովսեսը հատուկ նշանակում է ստանում Եհովայից, որը կապ ունի Աստծու անվան սրբացման հետ։ Մի օր, երբ նա Հոթորի հոտը արածեցնում է Քորեբի՝ «ճշմարիտ Աստծու լեռան» մոտ, տեսնում է մի փշոտ թուփ, որը կրակով է բռնկվել, բայց չի այրվում։ Երբ մոտենում է նայելու, Եհովայի հրեշտակը կանչում է նրան և հայտնում Աստծու նպատակի մասին, այն է՝ «Եգիպտոսից հանել իր ժողովրդին՝ Իսրայելի որդիներին» (Ելք 3։1, 10)։ Եվ դա Եհովան պատրաստվում է անել հենց Մովսեսի միջոցով (Գործ. 7։23–35)։
11. Ինչպե՞ս է Եհովան հայտնում իր անվան նշանակությունը։
11 Այնուհետև Մովսեսը հարցնում է, թե ինչպես պետք է Իսրայելի որդիներին ներկայացնի Աստծուն, որը ուղարկել է իրեն։ Այդ ժամանակ Եհովան առաջին անգամ հայտնի է դարձնում իր անվան նշանակությունը՝ կապելով այն իր հատուկ նպատակի հետ, և նշում է, որ այդ անվամբ հավիտյան կհիշեն իրեն։ «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««ԵՍ ԿԴԱՌՆԱՄ»-ն է ինձ ձեզ մոտ ուղարկել.... Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն է ինձ ձեզ մոտ ուղարկել»»։ Նրա անունը՝ Եհովա, ցույց է տալիս, որ Աստված կիրագործի իր անունը կրող ժողովրդի հետ կապված նպատակները։ Այս ժողովրդին՝ Աբրահամի սերնդին, նա տալու է այն երկիրը, որը խոստացել էր նրա նախահայրերին՝ «այն երկիրը, որտեղ կաթ ու մեղր է հոսում» (Ելք 3։14, 15, 17)։
12. Ի՞նչ է ասում Եհովան Մովսեսին իսրայելացիներին ազատելու առնչությամբ, և ինչպե՞ս են մարդիկ արձագանքում՝ տեսնելով նշանները։
12 Եհովան ասում է Մովսեսին, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տալու իսրայելացիներին գնալ, այդ պատճառով նա հարվածելու է Եգիպտոսին՝ զարմանահրաշ գործեր անելով։ Աստված Մովսեսի եղբայր Ահարոնին հանձնարարում է ծառայել որպես նրա խոսնակ և նրանց երեք նշան է տալիս, որոնք անելով՝ կկարողանան համոզել իսրայելացիներին, որ եկել են Եհովայի անունով։ Եգիպտոս գնալու ճանապարհին Սեպփորան թլփատում է Մովսեսի որդիներից մեկին, որպեսզի կանխի սպանությունը ընտանիքում։ Այդ դեպքը Մովսեսին հիշեցնում է Աստծու պահանջները (Ծննդ. 17։14)։ Մովսեսն ու Ահարոնը մեկտեղ են հավաքում Իսրայելի երեցներին և հայտնում են, որ Եհովան մտադրվել է դուրս բերել նրանց Եգիպտոսից ու տանել Ավետյաց երկիր։ Նրանք նշաններ են անում, ու ժողովուրդը հավատում է նրանց։
13. Ի՞նչ է լինում, երբ առաջին անգամ Մովսեսը խոսում է փարավոնի հետ։
13 Եգիպտոսի վրա աղետներ են գալիս (5։1–10։29)։ Մովսեսն ու Ահարոնը գնում են փարավոնի մոտ ու հայտարարում, որ Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Արձակի՛ր իմ ժողովրդին»։ Սակայն հպարտ փարավոնը արհամարհանքով ասում է. «Եհովան ո՞վ է, որ հնազանդվեմ նրա ձայնին ու արձակեմ Իսրայելին։ Ես Եհովային չե՛մ ճանաչում և Իսրայելին էլ չե՛մ արձակի» (5։1, 2)։ Իսրայելացիներին ազատ արձակելու փոխարեն՝ նա է՛լ ավելի է ստիպում նրանց ծանր աշխատել։ Եհովան նորից խոստանում է ազատել իր ժողովրդին և կրկին անգամ նրանց ազատագրումը կապում է իր անվան սրբացման հետ՝ ասելով. «Ես Եհովան եմ.... ձեզ համար Աստված կլինեմ.... Ես Եհովան եմ» (6։6–8)։
14. Ինչպե՞ս են եգիպտացիները հասկանում, որ պատուհասները Աստված է բերել։
14 Մովսեսը փարավոնի առաջ նշաններ է անում. նա պատվիրում է Ահարոնին իր գավազանը նետել գետին, և այն մեծ օձ է դառնում։ Սակայն Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող քրմերը իրենց մոգությամբ նույն բանն են անում։ Թեև Ահարոնի մեծ օձը կուլ է տալիս նրանց օձերին, այդուհանդերձ փարավոնի սիրտը համառ է դառնում։ Եհովան այժմ Եգիպտոսի վրա իրար հետևից ծանր պատուհասներ է բերում։ Առաջին պատուհասի ժամանակ Նեղոս գետը և Եգիպտոսի բոլոր ջրերը արյան են վերածվում։ Հետո երկիրը լցվում է գորտերով։ Այս երկու պատուհասները բերում են նաև մոգությամբ զբաղվող քրմերը, սակայն երրորդ պատուհասի ժամանակ, երբ մարդկանց ու անասունների վրա մժեղներ են լինում, քրմերը փորձում են իրենց կախարդությամբ նույն բանն անել, բայց չեն կարողանում։ Եգիպտացիները պետք է արդեն ընդունեն, որ «դա Աստծո՛ւ մատն է»։ Սակայն փարավոնը չի արձակում իսրայելացիներին (8։19)։
15. Ո՞ր պատուհասներն են հարվածում միայն եգիպտացիներին, և ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ փարավոնը դեռ կենդանի մնա։
15 Առաջին երեք պատուհասները գալիս էին ինչպես եգիպտացիների, այնպես էլ իսրայելացիների վրա, սակայն չորրորդ պատուհասից սկսած՝ իսրայելացիների ու եգիպտացիների միջև սահմանագիծ է դրվում, ու Եհովան պաշտպանում է իր ժողովրդին։ Չորրորդ պատուհասի ժամանակ խայթող ճանճերի խիտ պարսեր են ներխուժում։ Այնուհետև Եգիպտոսում անասունների համաճարակ է սկսվում, որից հետո մարդկանց ու անասունների վրա բշտիկավոր պալարներ են առաջանում, և անգամ քրմերը չեն կարողանում կանգնել Մովսեսի առաջ։ Եհովան կրկին թույլ է տալիս, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և Մովսեսի միջոցով նրան ասում է. «Սակայն քեզ կենդանի թողեցի այն պատճառով, որ քեզ ցույց տամ իմ զորությունը և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ» (9։16)։ Դրանից հետո Մովսեսը հայտարարում է փարավոնին հաջորդ պատուհասի մասին՝ «սաստիկ կարկուտ», և Աստվածաշնչում առաջին անգամ նշվում է, որ փարավոնի ծառաներից ոմանք վախենում են Եհովայի խոսքից և նախազգուշական քայլեր ձեռք առնում։ Ութերորդ և իններորդ պատուհասներն են մորեխների հարձակումը և թանձր խավարը։ Համառ փարավոնը զայրացած սպառնում է Մովսեսին ու ասում, որ եթե նորից իր երեսը տեսնի, կմահանա (9։18)։
16. Ի՞նչ է Եհովան պատվիրում Պասեքի և Անթթխմոր հացերի տոնի առնչությամբ։
16 Պասեքը և առաջնեկների մահը (11։1–13։16)։ Եհովան հայտարարում է. «Մեկ այլ պատուհաս էլ եմ բերելու փարավոնի ու Եգիպտոսի վրա»՝ առաջնեկների մահը (11։1)։ Նա ասում է իսրայելացիներին, որ աբիբ ամիսը պետք է տարվա ամիսների մեջ առաջինը լինի։ Այդ ամսվա 10-րդ օրը նրանք պետք է ընտանիքի համար վերցնեն մեկ գառ կամ մեկ ուլ՝ արու, մեկ տարեկան, առանց արատի, և 14-րդ օրը մորթեն։ Այդ երեկո նրանք պետք է վերցնեն կենդանու արյունից և ցողեն տների դռների երկու կողափայտերին ու շեմքի վերին հատվածին, մնան տան մեջ և ուտեն խորոված միսը։ Կենդանու ոսկորներից ոչ մեկը չպետք է կոտրվի։ Տան մեջ չպետք է թթխմոր լինի։ Նրանք պետք է շտապելով ուտեն՝ իրենց մեջքը գոտևորած, սանդալները՝ ոտքերին, և ցուպը՝ ձեռքներին՝ պատրաստ դուրս գալու։ Պասեքը հիշարժան է լինելու։ Սերնդեսերունդ որպես տոն է նշվելու Եհովայի պատվին։ Դրանից հետո յոթ օր Անթթխմոր հացերի տոնն է նշվելու։ Ապագայում այս տոների նշանակությունը նրանք պետք է բացատրեն իրենց սերունդներին։ (Հետագայում Եհովան լրացուցիչ հրահանգներ է տալիս այս տոների վերաբերյալ ու պատվիրում է, որ բոլոր արու առաջնեկները սրբացվեն իր համար, ինչպես մարդկանց միջից, այնպես էլ անասունների)։
17. Ինչո՞ւ այդ գիշերը երկար կմնա իսրայելացիների հիշողության մեջ։
17 Իսրայելացիները անում են այնպես, ինչպես Եհովան պատվիրել է։ Եվ ահա աղետը հարվածում է։ Կեսգիշերին Եհովան սպանում է Եգիպտոսի բոլոր առաջնեկներին, սակայն անցնում է Իսրայելի որդիների տների կողքով և ազատում նրանց առաջնեկներին։ Փարավոնը բղավում է. «Դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից»։ Եվ «եգիպտացիները սկսում են շտապեցնել ժողովրդին», որ արագ դուրս գան (12։31, 33)։ Իսրայելացիները դատարկաձեռն չեն գնում, քանի որ եգիպտացիներից խնդրում են արծաթյա ու ոսկյա իրեր, ինչպես նաև հագուստ, և նրանք տալիս են նրանց։ Ողջ ազգը Եգիպտոսից դուրս է գալիս մարտական կարգով՝ մինչև 600000 տղամարդ իրենց ընտանիքներով, ինչպես նաև ոչ իսրայելացի բազմազգ ժողովուրդ և մեծ թվով հոտեր ու նախիրներ։ Այսպես ավարտվում են 430 տարիները, որոնք սկսվել էին, երբ Աբրահամը անցավ Եփրատ գետը ու Քանանի երկիր մտավ։ Ինչ խոսք, իսրայելացիները դեռ շատ երկար կհիշեն այդ գիշերը (Ելք 12։40, ծնթ.; Գաղ. 3։17)։
18. Կարմիր ծովում ինչպե՞ս է սրբացվում Եհովայի անունը։
18 Եհովայի անունը սրբացվում է Կարմիր ծովի մոտ (13։17–15։21)։ Եհովան իսրայելացիներին առաջնորդում է Սոկքոթ՝ ցերեկը ճանապարհը ցույց տալով ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակե սյունով։ Փարավոնը կրկին համառություն է դրսևորում և իր մարտակառքերով ընկնում է նրանց հետևից ու հասնում Կարմիր ծով։ Մովսեսը հավաստիացնում է ժողովրդին՝ ասելով. «Մի՛ վախեցեք։ Կանգնե՛ք և տեսե՛ք, թե ինչպես է Եհովան փրկելու ձեզ այսօր» (14։13)։ Այնուհետև նա ուժգին քամիով ծովի ջրերը հետ է քաշում՝ փրկության միջանցք ստեղծելով, որով էլ Մովսեսը ապահովությամբ առաջնորդում է ժողովրդին դեպի արևելյան ափ։ Փարավոնի հզոր զորքը հետապնդում է նրանց, սակայն ջրերը հետ են գալիս ու ծածկում թշնամիներին։ Ի՜նչ փառահեղ կերպով է սրբացվում Եհովայի անունը։ Իսրայելացիները ուրախությունից ցնծում են։ Նրանք իրենց հիացմունքը արտահայտում են հաղթական երգով, որը գրի է առնված Աստվածաշնչում. «Պիտի երգեմ Եհովային, քանի որ նա փառքով փառավորված է, ձին իր հեծյալի հետ ծովը նետեց։ Իմ ուժն ու զորությունն է Յահը, քանի որ նա իմ փրկությունն է.... Եհովան կթագավորի դարեդար, այո՛, հավիտյան» (15։1, 2, 18)։
19. Ի՞նչ է տեղի ունենում Սինա գնալու ճանապարհին։
19 Եհովան Օրենքի ուխտ է հաստատում Սինա լեռան մոտ (15։22–34։35)։ Եհովայի առաջնորդությամբ իսրայելացիները գնում են դեպի Սինա՝ ճշմարիտ Աստծու լեռը։ Երբ ժողովուրդը սկսում է տրտնջալ Մեռայի դառը ջրերի պատճառով, Եհովան քաղցրացնում է ջուրը։ Ավելի ուշ, երբ մարդիկ նորից են սկսում տրտնջալ, որ բավարար չափով հաց ու միս չունեն, Եհովան երեկոյան լոր է տալիս, իսկ առավոտյան՝ քաղցր մանանա, որը ցողի շերտի պես է։ Այս մանանան հաջորդ 40 տարիներին իսրայելացիների հացն է դառնում։ Բացի այդ, առաջին անգամ Եհովան պատվիրում է իսրայելացիներին հանգստյան օր, կամ՝ շաբաթ պահել։ Վեցերորդ օրը նրանք պետք է կրկնակի չափով մանանա հավաքեն, քանի որ յոթերորդ օրը այն չի լինելու։ Եհովան նաև ջուր է հայթայթում նրանց համար Ռաֆիդիմում և նրանց փոխարեն կռվում է ամաղեկացիների դեմ ու պատվիրում է Մովսեսին գրի առնել այդ ազգի դեմ իր դատաստանը. ամաղեկացիների հիշատակը ամբողջովին սրբելու է երկնքի տակից։
20. Կազմակերպչական ի՞նչ փոփոխություններ են արվում։
20 Մովսեսի աներ Հոթորը Սեպփորային և նրա երկու որդիներին բերում է Մովսեսի մոտ։ Ժամանակն է, որ կազմակերպչական փոփոխություններ արվեն, և Հոթորը այս առումով գործնական խորհուրդ է տալիս։ Նա առաջարկում է Մովսեսին ամբողջ բեռը մենակ չկրել, այլ ընտրել ընդունակ տղամարդկանց, որ վախենում են Աստծուց, և նշանակել որպես հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետներ՝ դատելու ժողովրդին։ Մովսեսը լսում է նրա խորհուրդը, և այժմ նա միայն դժվար գործերն է քննում։
21. Ի՞նչ խոստում է տալիս Եհովան, սակայն ի՞նչ պայմանով։
21 Եգիպտոսից դուրս գալուց հետո երրորդ ամսում իսրայելացիները ճամբար են դնում Սինա անապատում։ Այստեղ Եհովան խոստանում է. «Եվ հիմա եթե ամեն ինչում հնազանդվեք իմ ձայնին ու պահեք իմ ուխտը, այդ դեպքում մնացած բոլոր ժողովուրդների միջից իմ հատուկ սեփականությունը կդառնաք, որովհետև ամբողջ երկիրը ինձ է պատկանում։ Ինձ համար դուք քահանաների թագավորություն և սուրբ ազգ կդառնաք»։ Իսկ ժողովուրդը երդում է տալիս. «Եհովայի բոլոր ասածները կանենք» (19։5, 6, 8)։ Սրբացման արարողությունից հետո, որը տևում է երկու օր, Եհովան երրորդ օրը իջնում է լեռան վրա, ինչի պատճառով լեռը ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվում և սաստիկ ցնցվում է։
22. ա) Ի՞նչ պատվիրաններ կան Տասը խոսքերի մեջ։ բ) Ուրիշ ի՞նչ դատավճիռներ են տրվում իսրայելացիներին, և ինչպե՞ս է ժողովուրդը Օրենքի ուխտի մեջ մտնում։
22 Այնուհետև Եհովան տալիս է Տասը խոսքերը, կամ՝ Տասը պատվիրանները։ Այդ պատվիրաններում շեշտվում է Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն դրսևորելու կարևորությունը և արգելվում է ուրիշ աստվածների, պատկերների երկրպագելը ու Եհովայի անունը անպատշաճ ձևով օգտագործելը։ Իսրայելացիներին պատվեր է տրվում վեց օր աշխատել, իսկ շաբաթը պահել Եհովայի համար, ինչպես նաև պատվել հորն ու մորը։ Տասը խոսքերը ավարտվում են սպանություն, շնություն, գողություն, սուտ վկայություն և ագահություն չանելու վերաբերյալ օրենքներով։ Հետո Եհովան ներկայացնում է դատավճիռներ՝ օրենքներ, որոնք այդ նորակազմ ազգը պետք է պահի։ Այդ օրենքները վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին՝ ծառաներ ունենալուն, սպանությանը, վնասվածքներ հասցնելուն, վնասը փոխհատուցելուն (այդ թվում այն փոխհատուցմանը, երբ կրակ բռնկվի, և ունեցվածքը այրվի), գողությանը, կեղծ երկրպագությանը, ապականված վարքին, այրիների ու որբերի նկատմամբ սխալ վերաբերմունքին, պարտատերերին և այլն։ Տրվում են նաև օրենքներ շաբաթի վերաբերյալ, նաև հաստատվում են տարվա երեք տոները, որոնք նվիրված են Եհովային։ Մովսեսը գրի է առնում Եհովայի խոսքերը։ Հետո զոհաբերություններ են արվում, որոնց արյան կեսը Մովսեսը շաղ է տալիս զոհասեղանի վրա։ Ուխտի գիրքը ընթերցվում է ժողովրդի համար, և մարդիկ հոժարակամորեն համաձայնվում են հնազանդվել։ Հետո արյան մյուս կեսը Մովսեսը շաղ է տալիս գրքի և ամբողջ ժողովրդի վրա։ Այսպիսով Եհովան Օրենքի ուխտ է կապում իսրայելացիների հետ միջնորդի միջոցով, որը Մովսեսն է (Եբր. 9։19, 20)։
23. Ի՞նչ հրահանգներ է տալիս Եհովան Մովսեսին լեռան վրա։
23 Մովսեսը լեռ է բարձրանում Եհովայի մոտ, որպեսզի ստանա Օրենքը, ու մնում է այնտեղ 40 օր ու գիշեր։ Նա բազմաթիվ հրահանգներ է ստանում խորանի պատրաստման նյութերի վերաբերյալ, ինչպես նաև խորանի, դրա պատկանելիքների և քահանաների հագուստների մանրամասն նկարագրությունը, մինչև իսկ Ահարոնի խույրի վրա մաքուր ոսկուց պատրաստված թիթեղը, որի վրա փորագրված է լինելու՝ «Սրբությունը պատկանում է Եհովային»։ Աստված հանգամանորեն նկարագրում է քահանաներ նշանակելու արարողությունը և նրանց ծառայությունը։ Մովսեսին նաև հիշեցվում է, որ շաբաթը նշան կլինի Եհովայի ու Իսրայելի որդիների միջև «դարեդար»։ Այնուհետև նրան տրվում է Վկայության երկու տախտակ, որոնց վրա «Աստծու մատով» է գրվել (Ելք 28։36; 31։17, 18)։
24. ա) Ի՞նչ մեղք է գործում ժողովուրդը, և ի՞նչ է լինում արդյունքում։ բ) Ինչպե՞ս է Եհովան նորից հռչակում իր անունն ու փառքը Մովսեսին։
24 Այս ընթացքում ժողովուրդը հոգնում է սպասելուց և Ահարոնին խնդրում է, որ իր համար աստված շինի, որ իր առջևից գնա։ Ահարոնը վարվում է նրանց ասածի պես և մի ոսկյա հորթ է շինում, որին ժողովուրդը սկսում է երկրպագել խնջույքի ժամանակ, որը Ահարոնը ազդարարում է «տոն Եհովայի պատվին» (32։5)։ Եհովան ուզում է ոչնչացնել նրանց։ Մովսեսը բարեխոսում է նրանց համար, սակայն հետո նրա բարկությունը բորբոքվում է, ու նա կոտրում է տախտակները։ Ղևիի որդիները մաքուր երկրպագության կողմն են անցնում և սպանում են 3000 կռապաշտների։ Եհովան նույնպես պատուհաս է բերում ժողովրդի վրա։ Երբ Մովսեսը խնդրում է Եհովային առաջնորդել իր ժողովրդին, Աստված խոստանում է իր փառքից ցույց տալ նրան և նորից երկու տախտակ է տալիս, որոնց վրա կրկին գրում է Տասը խոսքերը։ Երբ Մովսեսը երկրորդ անգամ է գնում լեռը, Եհովան հռչակում է նրան իր անունը նրա առջևով անցնելիս. «Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված, բարկանալու մեջ դանդաղ և սիրառատ բարությամբ ու ճշմարտությամբ լի, որը հազարավորների հանդեպ սիրառատ բարություն է ցուցաբերում» (34։6, 7)։ Հետո նա հայտնում է իր ուխտի պայմանները, և Մովսեսը գրի է առնում հենց այնպես, ինչպես այսօր դրանք կան «Ելք» գրքում։ Մովսեսը իջնում է Սինա լեռից։ Նրա երեսից լույս է ճառագում, քանի որ տեսել է Աստծու փառքը։ Այդ պատճառով քողով ծածկում է իր երեսը (2 Կորնթ. 3։7–11)։
25. Ի՞նչ է նշվում խորանի ու Եհովայի փառքի մասին։
25 Խորանի շինարարությունը (35։1–40։38)։ Մովսեսը հավաքում է ժողովրդին ու Եհովայի խոսքերը նրանց հայտնում՝ ասելով, որ նա, ով հոժար սիրտ ունի, կարող է նվիրաբերություն անել խորանի համար, իսկ սրտով իմաստունները կարող են մասնակցել պատրաստմանը։ Շատ չանցած՝ Մովսեսին ասում են. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է այն գործի համար, որ Եհովան պատվիրել է անել» (36։5)։ Մովսեսի առաջնորդությամբ Եհովայի ոգով լցված տղամարդիկ սկսում են խորանի շինարարությունը, պատրաստում են բոլոր պարագաները, ինչպես նաև քահանաների հագուստները։ Եգիպտոսից դուրս գալուց մեկ տարի հետո խորանի հետ կապված աշխատանքները ավարտվում են, ու այն կանգնեցվում է հովտում՝ Սինա լեռան դիմաց։ Եհովան ցույց է տալիս իր հաճությունը՝ խորանը ամպով ծածկելով և այն իր փառքով լցնելով այնպես, որ Մովսեսը չի կարողանում վրան մտնել։ Այս նույն ամպով նա առաջնորդում է Իսրայելին ցերեկը, իսկ գիշերը՝ կրակով, երբ նրանք ճամփա են ընկնում։ Այժմ մ.թ.ա. 1512 թվականն է։ Հանուն իսրայելացիների արված Եհովայի մեծամեծ գործերը սրբացնում են նրա անունը։ Այսպես ավարտվում է «Ելք» գիրքը։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
26. ա) Ինչպե՞ս է «Ելք» գիրքը ամրացնում մեր հավատը Եհովայի հանդեպ։ բ) Ինչպե՞ս են Քրիստոնեական Հունարեն Գրությունների բազմաթիվ հղումները «Ելք» գրքին զորացնում մեր հավատը։
26 «Ելք» գրքի գլխավոր արժեքը այն է, որ Եհովային ներկայացնում է որպես մեծ Ազատարարի, Կազմակերպչի և իր փառահեղ նպատակները Իրագործողի։ Եվ դա ամրացնում է մեր հավատը նրա նկատմամբ։ Մեր հավատը ավելի է զորանում, երբ ուսումնասիրում ենք Քրիստոնեական Հունարեն Գրությունների բազմաթիվ հղումները «Ելք» գրքին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են կատարվել Օրենքի ուխտի բազում առանձնահատկություններ։ Դրանք հավաստիացնում են մեզ, որ հարություն է լինելու, նկարագրում են Եհովայի հոգատարությունը իր ժողովրդի հանդեպ, ցույց են տալիս, թե որ դեպքերն են քրիստոնյաների միջև փոխադարձ աջակցության նախօրինակ, հորդորում են հարգել ծնողներին, նշում են, թե ինչ է պահանջվում կյանք ձեռք բերելու համար և ինչպես պետք է վերաբերվել վրեժխնդրության հետ կապված դատավճիռներին։ Օրենքը ի վերջո ամփոփվեց երկու օրենքով՝ սեր դրսևորել Աստծու և մերձավորի հանդեպ (Մատթ. 22։32 — Ելք 4։5; Հովհ. 6։31–35 և 2 Կորնթ. 8։15 — Ելք 16։4, 18; Մատթ. 15։4 և Եփես. 6։2, 3 — Ելք 20։12; Մատթ. 5։26, 38, 39 — Ելք 21։24; Մատթ. 22։37–40)։
27. Ինչո՞վ է օգտակար «Ելք» գրքի պատմական արձանագրությունը։
27 Եբրայեցիներ 11։23–29 համարներում կարդում ենք Մովսեսի ու նրա ծնողների հավատի մասին։ Հավատով նա թողեց Եգիպտոսը, հավատով տոնեց Պասեքը և հավատով առաջնորդեց իսրայելացիներին Կարմիր ծովի միջով։ Իսրայելացիները մկրտվեցին Մովսեսի մեջ, կերան հոգևոր կերակուրը ու խմեցին հոգևոր ըմպելիքը։ Նրանք սպասում էին հոգևոր վեմին՝ Քրիստոսին, այդուհանդերձ չունեցան Աստծու հավանությունը, քանի որ փորձեցին նրան և դարձան կռապաշտներ, պոռնիկներ ու տրտնջացողներ։ Պողոսը բացատրում է, որ այս ամենը օգտակար է այսօրվա քրիստոնյաների համար. «Այս բաները նրանց հետ պատահեցին իբրև օրինակներ ու գրվեցին մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում։ Հետևաբար ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։1–12; Եբր. 3։7–13)։
28. Օրենքը և Պասեքի գառը ինչի՞ ստվերն էին։
28 «Ելք» գրքի խոր հոգևոր, ինչպես նաև մարգարեական նշանակությանը մեծ տեղ է տվել Պողոսը իր նամակներում, հատկապես «Եբրայեցիներ» նամակի 9-րդ և 10-րդ գլուխներում։ «Քանի որ Օրենքն ունի գալիք օրհնությունների ստվերը և ոչ թե հենց այդ օրհնությունները, մարդիկ միևնույն զոհերով, որ տարեցտարի մատուցում են, երբեք չեն կարող կատարյալ դարձնել նրանց, ովքեր մոտենում են Աստծուն» (Եբր. 10։1)։ Այդ պատճառով մեզ համար հետաքրքիր է քննել «ստվերը» և այդպիսով հասկանալ դրա բուն էությունը։ Քրիստոսը «մեղքերի համար մշտնջենապես մեկ զոհ մատուցեց»։ Նա «Աստծու Գառն է»։ Եվ այս «Գառան» ոսկորներից ոչ մեկը չփշրվեց, ինչպես որ մարգարեացվել էր։ Պողոս առաքյալը գրում է. «Քրիստոսը՝ մեր Պասեքի գառը, զոհաբերվեց։ Հետևաբար եկեք տոնը նշենք ո՛չ հին թթխմորով, ո՛չ էլ չարության ու ամբարշտության թթխմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով» (Եբր. 10։12; Հովհ. 1։29; 19։36; Ելք 12։46; 1 Կորնթ. 5։7, 8; Ելք 23։15)։
29. ա) Համեմատիր հին ուխտը նոր ուխտի հետ։ բ) Հոգևոր Իսրայելը ի՞նչ զոհեր է բերում Աստծուն։
29 Հիսուսը դարձավ նոր ուխտի Միջնորդը, ինչպես որ Մովսեսը՝ Օրենքի ուխտի։ Այս երկու ուխտերի միջև եղած տարբերությունը հստակ բացատրում է Պողոս առաքյալը։ Նա գրում է, որ տանջանքի ցցի վրա Հիսուսի մահով վերացվեց «ձեռագիր փաստաթուղթը»։ Որպես Քահանայապետ՝ հարություն առած Հիսուսը համարվում է «մի ծառայող՝ սուրբ վայրի և ճշմարիտ խորանի, որը Եհովան կանգնեցրեց և ոչ թե մարդը»։ Հետևելով Մովսեսից ստացած օրինակին՝ իսրայելացի քահանաները «սուրբ ծառայություն էին կատարում, որն ընդամենը երկնային բաների նախապատկերն ու ստվերն էր»։ «Սակայն հիմա Հիսուսը ավելի գերազանց ծառայություն է ստացել, ինչի արդյունքում նա նաև միջնորդ է ավելի լավ ուխտի, որն օրինականապես հաստատվել է ավելի լավ խոստումների վրա»։ Հին ուխտը դարձավ ժամանակավրեպ, և քարերի վրա փորագրված օրենքը, որը մահ է բերում, անհետացավ։ Այն հրեաների մասին, ովքեր չհասկացան այս բաները, ասվում է, որ նրանց միտքը բթացավ, իսկ հավատացյալների՝ հոգևոր Իսրայելի մասին, որը նոր ուխտի մեջ մտավ, նշվում է, որ «չծածկված երեսով, հայելիների նման, Եհովայի փառքն են արտացոլում» ու այդպիսով որակյալ են լինում որպես այդ ուխտի ծառայողներ։ Մաքրված խիղճ ունենալով՝ նրանք Աստծուն «գովաբանության զոհ են մատուցում, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Կող. 2։14; Եբր. 8։1–6, 13; 2 Կորնթ. 3։6–18; Եբր. 13։15; Ելք 34։27–35)։
30. Ի՞նչ էին նախապատկերում իսրայելացիների ազատագրումը ու Եհովայի անվան հռչակումը Եգիպտոսում։
30 «Ելք» գիրքը մեծարում է Եհովայի անունը և նրա գերիշխանությունը՝ մարգարեաբար մատնանշելով հոգևոր Իսրայելի փառահեղ ազատագրումը։ Այս ազգին, որը ոգով օծված քրիստոնյաներից է բաղկացած, ասվել է. «Դուք «ընտրյալ ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու, որպեսզի ամենուրեք հռչակեք գերազանց հատկությունները» նրա, ով խավարից կանչեց ձեզ իր սքանչելի լույսի մեջ, քանի որ մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդն եք»։ Երբ իր անվան փառքի համար Եհովան հավաքեց հոգևոր Իսրայելին և դուրս բերեց այս աշխարհից, դրսևորեց այն նույն զորությունը, որը դրսևորել էր հին Եգիպտոսից իր ժողովրդին հանելիս։ Նա փարավոնին կենդանի թողեց, որ իր զորությունը ցույց տա նրան և հռչակի իր անունը։ Այդպիսով Աստված ցույց տվեց, որ հետագայում քրիստոնյա Վկաների միջոցով ավելի մեծ վկայություն էր տրվելու (1 Պետ. 2։9, 10; Հռոմ. 9։17; Հայտն. 12։17)։
31. Ի՞նչ է «Ելք» գիրքը նախապատկերում թագավորության ու Եհովայի ներկայության առնչությամբ։
31 Փաստորեն, Աստվածաշնչից տեսնում ենք, որ Մովսեսի օրոք ձևավորված ազգը նախապատկերում էր Քրիստոսի առաջնորդության ներքո նոր ժողովրդի կազմավորումը, ինչպես նաև այն թագավորությունը, որը երբեք չի սասանվի։ Այս բանի գիտակցումը մղում է մեզ «սուրբ ծառայություն մատուցելու Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով»։ Ինչպես որ Եհովայի ներկայությունը ծածկեց խորանը անապատում, այնպես էլ այսօր Աստված խոստանում է հավիտյան լինել նրանց հետ, ովքեր աստվածահաճո վախ ունեն. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի.... Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Իսկապես, «Ելք» գիրքը Աստվածաշնչի կարևոր և արժեքավոր մասն է (Ելք 19։16–19; Եբր. 12։18–29; Ելք 40։34; Հայտն. 21։3, 5)։
[ծանոթագրություններ]
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 532, 535 (անգլ.); «Archaeology and Bible History», 1964, Ջ. Պ. Ֆրի, էջ 98։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 540, 541 (անգլ.)։
d «Ելք», 1874, Ֆ. Ք. Կուկ, էջ 247 (անգլ.)։