«Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»
«Տէրն ինձ հետ է. ես չեմ վախենալ. մարդն ինձ ի՞նչ կ’անէ» (ՍԱՂՄՈՍ 118։6)։
1. Շուտով մարդկությունը ինչպիսի՞ իրադարձությունների է ականատես լինելու։
ՇՈՒՏՈՎ մարդկությունը այնպիսի իրադարձությունների է ականատես լինելու, որոնց նմանը նախկինում երբեք չի եղել։ Հիսուսը այս մասին մարգարեացել էր՝ ասելով իր հետևորդներին. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի։ Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեին, ոչ մի մարմին չէր փրկվի։ Բայց ընտրյալների պատճառով այդ օրերը կկարճացվեն» (Մատթեոս 24։21, 22)։
2. Ինչո՞ւ մեծ նեղությունը դեռ չի եկել։
2 Այժմ հրեշտակները, որոնք անտեսանելի են մարդկանց համար, պահում են այդ մեծ նեղությունը, որ այն դեռ չսկսվի։ Հովհաննես առաքյալը պատիվ ունեցավ Հիսուսի տված տեսիլքում տեսնելու, թե որն է դրա պատճառը։ Ահա թե ինչպես է տարեց առաքյալը նկարագրում. «Տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները.... Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ բարձրանում էր արևելքից և կենդանի Աստծու կնիքն ուներ։ Նա բարձր ձայնով աղաղակեց չորս հրեշտակներին.... «Մի՛ վնասեք երկրին, ծովին և ծառերին, մինչև որ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք դնենք»» (Հայտնություն 7։1–3)։
3. Մեծ նեղության առաջին փուլում ի՞նչ տեղի կունենա։
3 «Մեր Աստծու ծառաների» վերջնական կնքումը մոտենում է ավարտին։ Չորս հրեշտակները պատրաստ են բաց թողնելու այդ կործանարար քամիները։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, երբ նրանք այդպես անեն։ Հրեշտակն ասում է. «Արագությամբ վայր կգցվի Բաբելոն մեծ քաղաքը, և նա այլևս չի գտնվի» (Հայտնություն 18։21)։ Ի՜նչ մեծ ցնծություն կլինի երկնքում, երբ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, կործանվի (Հայտնություն 19։1, 2)։
4. Ի՞նչ դեպքեր են սպասվում առջևում։
4 Երկրի վրա ապրող բոլոր ազգերը կմիավորվեն Եհովայի ժողովրդի դեմ։ Նրանց կհաջողվի՞ հավատարիմ քրիստոնյաներին վերացնել երկրի երեսից։ Գուցե այդպես թվա, բայց իրականում բոլորովին այլ բան տեղի կունենա։ Երկնային զորքերը Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ կջախջախեն ազգերի այդ բանակը (Հայտնություն 19։19–21)։ Ի վերջո, Բանսարկուն և նրա հրեշտակները կգցվեն անդունդը, կամ՝ անգործության կմատնվեն։ Նրանք այլևս չեն կարողանա խաբել մարդկանց, որովհետև հազար տարով փակված կլինեն։ Ի՜նչ մեծ թեթևացում միլիոնավոր մարդկանց համար, ովքեր կվերապրեն մեծ նեղությունից (Հայտնություն 7։9, 10, 14; 20։1–3)։
5. Ի՞նչ ցնծություն է սպասում նրանց, ովքեր հավատարիմ կմնան Եհովային։
5 Շուտով մենք ականատես կլինենք այս հիանալի ու ոգևորիչ իրադարձություններին։ Այդ ամենը կապ ունի Եհովայի գերիշխանության արդարացման հետ։ Միայն մտածիր. եթե հավատարիմ մնանք Եհովային և դիրք բռնենք նրա գերիշխանության կողմը, մենք հնարավորություն կունենանք մասնակցելու նրա անվան սրբացմանը և նպատակների իրականացմանը։ Ի՜նչ մեծ ցնծություն է մեզ սպասում։
6. Ո՞ր դեպքը կքննենք։
6 Արդյոք պատրա՞ստ ենք այդ նշանակալից իրադարձություններին։ Հավատո՞ւմ ենք Եհովայի փրկարար զորությանը։ Վստա՞հ ենք, որ նա ճիշտ ժամանակին և լավագույն ձևով կօգնի մեզ։ Այս հարցերին պատասխանելիս լավ կլինի հիշել Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված հռոմեացի քրիստոնյաներին. «Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար, որպեսզի մեր տոկունությամբ և Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։ Մեր սովորելու համար գրված բաները, որոնք մխիթարում ու հույս են տալիս մեզ, ներառում են նաև այն դեպքը, երբ Եհովան Եգիպտոսի ծանր լծից ազատագրեց իսրայելացիներին։ Ուշադիր քննելով այս ոգևորիչ իրադարձությունը՝ մենք, անշուշտ, մեծ քաջալերանք կստանանք, մինչ սպասում ենք արագորեն մոտեցող մեծ նեղությանը։
Եհովան ազատում է իր ժողովրդին
7. Ի՞նչ լարված իրավիճակ էր ստեղծվել Եգիպտոսում մ.թ.ա. 1513–ին։
7 Մ.թ.ա. 1513 թվականն է։ Եհովան արդեն ինը պատուհաս է բերել եգիպտացիների վրա։ Իններորդից հետո փարավոնը Մովսեսին կոպտորեն ասում է. «Գնա իմ մօտիցը. զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չ’տեսնես. որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես»։ Մովսեսը պատասխանում է. «Լաւ ես ասում, էլ քո երեսը չեմ տեսնիլ» (Ելից 10։28, 29)։
8. Ի՞նչ հրահանգներ են տրվում իսրայելացիներին, որպեսզի նրանք փրկվեն, և ի՞նչ է լինում արդյունքում։
8 Եհովան տեղեկացնում է Մովսեսին, որ ևս մեկ պատուհաս է բերելու փարավոնի և բոլոր եգիպտացիների վրա, որը վերջինն է լինելու։ Աբիբ (նիսան) ամսվա 14–ին եգիպտացիների, ինչպես նաև նրանց կենդանիների առաջնեկները սպանվելու են։ Սակայն իսրայելացիները կարող են ազատվել, եթե ուշադրությամբ հետևեն Աստծու հրահանգներին, որ տրվել են Մովսեսին։ Նրանք պետք է արու գառան արյունը քսեն իրենց տան դռան շրջանակի երկու կողմերին, վերնամասին, իսկ իրենք մնան ներսում։ Ի՞նչ է տեղի ունենում այդ գիշեր։ Կարդում ենք. «Եղաւ որ կէս գիշերին Եհովան Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկին զարկեց»։ Փարավոնն անմիջապես արձագանքում է։ Ահարոնին և Մովսեսին իր մոտ կանչելով՝ նա ասում է. «Վեր կացէք դուրս ելէք իմ ժողովրդի միջիցը.... եւ գնացէք պաշտեցէք Եհովային ինչպէս որ ասեցիք»։ Հավանաբար ավելի քան երեք միլիոն իսրայելացի, ինչպես նաև ոչ իսրայելացիների մի մեծ «խառն բազմութիւն» անմիջապես դուրս են գալիս (Ելից 12։1–7, 29, 31, 37, 38)։
9. Ի՞նչ ճանապարհով է Աստված իսրայելացիներին դուրս բերում Եգիպտոսից և ինչո՞ւ։
9 Իսրայելացիների համար ամենակարճ ճանապարհը Միջերկրական ծովի ափով ու փղշտացիների երկրի միջով անցնելն է։ Սակայն դա թշնամու տարածքն է։ Հավանական է, որ իր ժողովուրդը պատերազմի մեջ ընկնի, ուստի Եհովան նրանց տանում է Կարմիր ծովի անապատի ճանապարհով։ Չնայած իսրայելացիների թիվը մի քանի միլիոնի է հասնում, այնուամենայնիվ, նրանք կազմակերպված ձևով են գնում։ Աստվածաշնչում ասվում է. «Իսրայէլի որդիքը գօտեպնդուած [«գունդ գունդ», ԱԱ] ելան Եգիպտոսի երկրիցը» (Ելից 13։17, 18)։
«Տեսէք Եհովայի փրկութիւնը»
10. Ինչո՞ւ է Աստված իսրայելացիներին ասում, որ բանակ դնեն «Փիաիրօթի առաջին»։
10 Հետևում են ցնցող իրադարձություններ։ Եհովան ասում է Մովսեսին. «Խօսիր Իսրայէլի որդիների հետ որ ետ դառնան եւ Փիաիրօթի առաջին Մագդողի եւ ծովի մէջտեղը բանակ տան Բէեղսեփոնի առաջին»։ Հետևելով այս առաջնորդությանը՝ ժողովուրդը հայտնվում է լեռների և Կարմիր ծովի մի խորշի միջև։ Թվում է՝ նրանք անելանելի վիճակում են։ Սակայն Եհովան լավ գիտի, թե ինչ է անում։ Նա Մովսեսին ասում է. «Փարաւօնի սիրտը կ’կարծրացնեմ, եւ նորանց ետեւիցը կ’ընկնէ. եւ ես Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր զօրքերի վերայ կ’փառաւորուիմ, եւ Եգիպտացիք կ’գիտենան թէ ես եմ Եհովան» (Ելից 14։1–4)։
11. ա) Ի՞նչ է անում փարավոնը, և ինչպե՞ս են արձագանքում իսրայելացիները։ բ) Ի՞նչ է պատասխանում Մովսեսը, երբ իսրայելացիները դժգոհում են։
11 Փարավոնը, մտածելով, թե սխալ է վարվել, որ թույլ է տվել իսրայելացիներին դուրս գալ Եգիպտոսից, 600 ընտիր ռազմակառքերով սկսում է հետապնդել նրանց։ Եգիպտական բանակի երևալուն պես իսրայելացիները խուճապի են մատնվում։ Նրանք Մովսեսին ասում են. «Մի՞թէ Եգիպտոսումը գերեզմաններ չ’կային, որ մեզ բերիր անապատի մէջ մեռնելու»։ Վստահ լինելով, որ Եհովան կազատի իրենց՝ Մովսեսը պատասխանում է. «Մի վախիք, կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը՝ որ այսօր կ’անէ ձեզ համար.... Եհովան ձեզ համար պիտի պատերազմէ, եւ դուք լուռ կացէք» (Ելից 14։5–14)։
12. Ինչպե՞ս է Եհովան փրկում իր ժողովրդին։
12 Մովսեսն ասել էր, որ Եհովան ինքն է պատերազմելու իսրայելացիների փոխարեն։ Ուստի Եհովայի հրեշտակը ճամբարի հետևի մասն է տեղափոխում ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց։ Այդ սյունը խավարի մեջ է գցում եգիպտացիներին, իսկ իսրայելացիներին լույս է տալիս (Ելից 13։21, 22; 14։19, 20)։ Աստված պատվիրում է Մովսեսին ձեռքը մեկնել ծովի վրա։ Այնուհետև կարդում ենք. «Եհովան սաստիկ արեւելեան հովով քշեց ծովը բոլոր գիշերը.... Եւ Իսրայէլի որդիքը ծովի միջովը ցամաքով գնացին. եւ ջրերը նորանց աջ կողմից եւ ձախ կողմից պարիսպ եղան»։ Եգիպտացիները նորից սկսում են հետապնդել, սակայն Եհովան իր ժողովրդի հետ է. նա եգիպտացիների բանակը շփոթության մեջ է գցում, հետո Մովսեսին ասում է. «Ձեռքդ մեկնիր ծովի վերայ, որ ջրերը ետ դառնան Եգիպտացիների վերայ՝ նորանց կառքերի եւ նորանց ձիաւորների վերայ»։ Փարավոնի բանակը ամբողջությամբ կործանվում է, ոչ մի զինվոր կենդանի չի մնում (Ելից 14։21–28; Սաղմոս 136։15)։
Ինչ ենք սովորում այս դեպքից
13. Ի՞նչ արեցին իսրայելացիները ազատագրվելուց հետո։
13 Ի՞նչ ազդեցություն գործեց այս ապշեցուցիչ ազատագրումը իսրայելացիների վրա։ Մովսեսն ու ժողովուրդը մղվեցին երգով փառաբանելու Եհովային. «Երգում եմ Եհովային, որովհետեւ փառքով փառաւորեալ է.... Եհովան պիտի թագաւորէ յաւիտեանս յաւիտենից» (Ելից 15։1, 18)։ Այո՛, նրանք առաջին հերթին մտածեցին Աստծուն փառաբանելու մասին։ Եհովան ոչ մի կասկած չթողեց, որ ինքն է Գերիշխանը։
14. ա) Ի՞նչ կարող ենք սովորել Եհովայի մասին իսրայելացիների հետ պատահած դեպքից։ բ) Ո՞րն է 2008 թ. տարվա խոսքը։
14 Ի՞նչ առաջնորդություն, մխիթարություն և հույս ենք ստանում այս տպավորիչ իրադարձությունից։ Միանգամայն ակնհայտ է մեզ համար, որ Եհովան պատրաստ է աջակցել իր ժողովրդին ցանկացած փորձության ժամանակ։ Նա ի զորու է վերացնել յուրաքանչյուր դժվարություն, որին նրանք բախվում են։ Երբ Եհովան ուժգին արևելյան քամի բարձրացրեց, Կարմիր ծովը այլևս չէր կարող խոչընդոտ լինել իսրայելացիների համար, բայց այդ նույն ծովը Եհովան գերեզման դարձրեց փարավոնի զորքերի համար։ Խորհրդածելով այս ամենի շուրջ՝ մենք կարող ենք կրկնել սաղմոսերգուի խոսքերը, որն ասաց. «Տէրն ինձ հետ է. ես չեմ վախենալ. մարդն ինձ ի՞նչ կ’անէ» (Սաղմոս 118։6)։ Մենք նաև մխիթարություն ենք ստանում Պողոսի խոսքերից՝ արձանագրված Հռոմեացիներ 8։31–ում. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել»։ Ինչպիսի՜ վստահություն են հաղորդում մեզ այս ներշնչված խոսքերը։ Դրանք ցրում են ցանկացած վախ ու կասկած, որ կարող ենք ունենալ, և հույսով են լցնում մեզ։ Որքա՜ն տեղին է 2008 թ. տարվա խոսքը. «Կանգնեցեք և տեսեք Եհովայի փրկությունը» (Ելից 14։13)։
15. Որքանո՞վ էր կարևոր հնազանդությունը Եգիպտոսից դուրս գալիս, և որքանո՞վ է այն կարևոր այսօր։
15 Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Իսրայելի՝ Եգիպտոսից դուրս գալու դեպքից։ Մենք սովորում ենք հնազանդվել Եհովային՝ անկախ նրանից, թե նա ինչ է պահանջում մեզանից։ Իսրայելացիները հնազանդվեցին և մանրամասնորեն պատրաստություններ տեսան Պասեքի համար։ Նիսանի 14–ի գիշերը նրանք մնացին տներում։ Իսկ երբ դուրս եկան Եգիպտոսից, նրանք պետք է «գունդ գունդ», այսինքն՝ կազմակերպված գնային (Ելից 13։18, ԱԱ)։ Այսօր շատ կարևոր է հետևել այն առաջնորդությանը, որ ստանում ենք «հավատարիմ և իմաստուն ծառայից» (Մատթեոս 24։44, 45)։ Մենք պետք է ուշադրությամբ լսենք Եհովայի խոսքին, որը մեր հետևից ասում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Քանի որ մոտենում ենք մեծ նեղությանը, շատ հնարավոր է՝ որոշ մանրամասն հրահանգներ ստանանք։ Այդ անհանգիստ օրերի միջով ապահով անցնելը կախված է Եհովայի մյուս հավատարիմ ծառաների հետ համաքայլ ընթանալուց։
16. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Աստված ինչպես փրկեց իսրայելացիներին։
16 Նկատենք, որ Եհովան իսրայելացիներին տարավ այնպիսի մի տեղ, որը կարծես փակուղի էր նրանց համար. մի կողմից՝ լեռներ, մյուս կողմից՝ Կարմիր ծովը։ Թվում էր՝ դա ճիշտ ճանապարհը չէ։ Սակայն ամեն բան Եհովայի հսկողության տակ էր, և ամեն բան եղավ նրան փառաբանելու ու նրա ժողովրդին փրկելու համար։ Այսօր գուցե լիովին չհասկանանք, թե ինչու են որոշ կազմակերպչական հարցեր լուծվում այս կամ այն ձևով, սակայն մենք հիմնավոր պատճառներ ունենք վստահելու Եհովայի առաջնորդությանը, որը գալիս է հավատարիմ ծառայից։ Երբեմն գուցե թվա, թե մեր թշնամիները հաջողության են հասնում։ Բայց պետք է հիշենք, որ մենք ի վիճակի չենք տեսնելու ամբողջական պատկերը, քանի որ մեր տեսադաշտը սահմանափակ է։ Այնինչ Եհովան ի զորու է ճիշտ ժամանակին համապատասխան գործողություններ անել, ինչպես որ արեց իսրայելացիների դեպքում (Առակաց 3։5)։
Վստահիր Եհովային
17. Ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել Աստծու առաջնորդությանը։
17 Կարո՞ղ ես պատկերացնել, թե վստահության ինչ զգացումով էին լցվում իսրայելացիները, երբ մտաբերում էին ցերեկվա ամպի սյունը և գիշերվա կրակի սյունը։ Ակնհայտ էր, որ «Աստուածոյ հրեշտակն» էր նրանց առաջնորդում (Ելից 13։21, 22; 14։19)։ Այսօր մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան իր ժողովրդի հետ է՝ նրանց առաջնորդելու, պաշտպանելու և ազատելու համար։ Մենք կարող ենք համոզված լինել, որ «[Եհովան] իր սուրբերին չէ թողում. նորանք յաւիտեան պահպանվում են» (Սաղմոս 37։28)։ Երբեք չպետք է մոռանանք, որ այսօր Աստծու ծառաների հետևում կանգնած են զորեղ հրեշտակները։ Նրանց աջակցությամբ մենք կարող ենք «կանգնել և տեսնել Եհովայի փրկությունը» (Ելից 14։13)։
18. Ինչո՞ւ պետք է «հագնենք Աստծու ամբողջ սպառազինությունը»։
18 Ի՞նչը հնարավորություն կտա մեզ բոլորիս «կանգնած» մնալ ճշմարտության ճանապարհին։ Մեզ կօգնի այն հոգևոր սպառազինությունը, որի մասին խոսեց Պողոսը եփեսացիներին ուղղած իր նամակում։ Ուշադրություն դարձրու, որ առաքյալը հորդորում է «հագնել Աստծու ամբողջ սպառազինությունը»։ Արդյոք կրո՞ւմ ենք հոգևոր սպառազինության բոլոր մասերը։ Լավ կլինի, որ 2008 թ.–ին մեզանից յուրաքանչյուրը ինքնաքննություն կատարի համոզվելու համար, որ սպառազինության ամեն մի մաս իր տեղում է։ Մեր թշնամին՝ Բանսարկու Սատանան, գիտի մեր թուլությունները, ուստի փորձում է մեզ հանկարծակիի բերել կամ մեր խոցելի տեղին հարվածել։ Մենք «պայքարի» մեջ ենք ոգեղեն չար ուժերի դեմ։ Բայց Եհովայի զորությամբ կարո՛ղ ենք հաղթանակած դուրս գալ (Եփեսացիներ 6։11–18; Առակաց 27։11)։
19. Ի՞նչ կտեսնենք, եթե տոկանք։
19 Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ձեր տոկունությամբ կշահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21։19)։ Եկեք լինենք նրանց թվում, ովքեր հավատարմորեն տոկում են բոլոր դժվարություններին, և այսպիսով պատիվ ունենում Աստծու անարժան բարության շնորհիվ «կանգնելու և տեսնելու Եհովայի փրկությունը»։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ ցնցող իրադարձություններ են շուտով տեղի ունենալու։
• Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց իր փրկարար զորությունը մ.թ.ա. 1513–ին։
• Ի՞նչ ես վճռել անել։
[մեջբերում 20–րդ էջի վրա]
2008 թ. տարվա խոսքն է. «Կանգնեցեք և տեսեք Եհովայի փրկությունը» (Ելից 14։13)
[նկար 17–րդ էջի վրա]
«Բոլոր բաները, որ նախապես գրվեցին, գրվեցին մեր սովորելու համար»
[նկար 18–րդ էջի վրա]
Փարավոնի համառությունը աղետ բերեց Եգիպտոսին
[նկար 19–րդ էջի վրա]
Իսրայելացիները փրկվեցին, քանի որ վարվեցին այնպես, ինչպես որ պատվիրել էր Եհովան