Աստվածաշնչի գիրք համար 14. 2 Տարեգրություն
Գրողը՝ Եզրաս
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ (?)
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 460թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 1037–537թթ.
1. Ե՞րբ է Եզրասը ավարտել «Տարեգրություն» գրքերը, և ի՞նչ նպատակ նա ուներ։
ՔԱՆԻ որ «1 Տարեգրություն» և «2 Տարեգրություն» գրքերը սկզբնապես մեկ աշխատություն են եղել, ուստի գրողի, գրվելու վայրի և ժամանակի, կանոնական և վավերական լինելու մասին փաստարկները վերաբերում են ինչպես առաջին գրքին, այնպես էլ երկրորդին։ Փաստերի համաձայն՝ Եզրասը «2 Տարեգրություն»-ը ավարտել է մ.թ.ա. մոտ 460-ին, հավանաբար, Երուսաղեմում։ Գրագրի նպատակն էր պահպանել պատմական նյութերը, որոնք կարող էին կորչել։ Սուրբ ոգու օժանդակությամբ այս տաղանդավոր պատմագիրը, որը կարողանում էր հավաքել ու հերթականությամբ շարադրել փաստերը, ստեղծեց ճշգրիտ և մնայուն պատմական աշխատություն։ Նա հետագա սերունդների համար պահպանեց այն տեղեկությունները, որոնց ճշգրտության մեջ չէր կասկածում։ Եզրասի կատարած աշխատանքը ժամանակահարմար էր, քանի որ անհրաժեշտություն էր առաջացել հավաքել դարերի ընթացքում արձանագրված եբրայերեն բոլոր սուրբ գրվածքները։
2. Ինչո՞ւ պատճառ չկա կասկածի ենթարկելու «Տարեգրություն» գրքերի ճշգրտությունը։
2 Եզրասի օրերում ապրող հրեաները մեծապես օգտվեցին նրա տարեգրությունից, որը ներշնչված էր սուրբ ոգուց։ Այն գրվել էր նրանց ուսուցանելու համար և խրախուսելու, որ տոկունություն դրսևորեն։ Սուրբ Գրքից մխիթարություն ստանալու շնորհիվ նրանք հույս ունեին։ Հրեաները «Տարեգրություն» գրքերը կանոնական էին համարում և գիտեին, որ դրանք արժանահավատ են։ Եզրասի նշած փաստերը հնարավոր էր ստուգել Աստվածաշնչի այլ գրքերով, ինչպես նաև բազում պատմական աղբյուրներով, որոնց նա հղել է։ Նպատակ չունենալով հավերժացնել պատմական արձանագրությունները, որոնք ներշնչված չէին Աստծուց՝ հրեաները միևնույն ժամանակ ամեն բան անում էին, որ պահպանեն «Տարեգրություն» գրքերը։ Հետագայում «Յոթանասնից»-ի թարգմանիչները այս գրքերն ընդգրկեցին Եբրայերեն Գրությունների մեջ։
3. Ինչպե՞ս են մյուս համարները ցույց տալիս, որ «Տարեգրություն» գրքերը վավերական են։
3 Հիսուս Քրիստոսը և Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները «Տարեգրություն» գրքերը համարում էին վավերական և գրված Աստծու ներշնչմամբ։ Երբ Հիսուսը մեղադրում էր Երուսաղեմին Եհովայի մարգարեներին ու ծառաներին սպանելու և քարկոծելու մեջ, անկասկած, նկատի ուներ այն դեպքերը, որոնցից մեկը գրված է 2 Տարեգրություն 24։21-ում (Մատթ. 23։35; 5։12; 2 Տար. 36։16)։ Հակոբոսը Աբրահամին «Եհովայի ընկերը» կոչելիս հավանաբար հիմնվում էր 2 Տարեգրություն 20։7 համարի վրա (Հակ. 2։23)։ Բացի դրանից, գիրքը պարունակում է մարգարեություններ, որոնք ճշգրտորեն կատարվել են (2 Տար. 20։17, 24; 21։14–19; 34։23–28; 36։17–20)։
4. Հնագիտությունը ինչպե՞ս է փաստում «2 Տարեգրություն» գրքի վավերականությունը։
4 «2 Տարեգրություն» գրքի վավերական լինելու մասին է վկայում նաև հնագիտությունը։ Նախկին Բաբելոն քաղաքի տեղում պեղումների ժամանակ հայտնաբերվել են Նաբուգոդոնոսորի թագավորության ժամանակներին պատկանող կավե տախտակներ, որոնցից մեկի վրա գրված է՝ «Յահուդ երկրի թագավոր Յաուքինին», այսինքն՝ «Հուդա երկրի թագավոր Հովաքինին»a։ Այս հայտնագործությունը հաստատում է Հովաքինին գերեվարելու մասին Աստվածաշնչի արձանագրությունը, որը Բաբելոն տարվեց Նաբուգոդոնոսորի թագավորության յոթերորդ տարում։
5. «2 Տարեգրություն» գիրքը ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում, և ինչո՞ւ է ուշադրությունը գլխավորապես հրավիրվում Հուդայի պատմության վրա։
5 «2 Տարեգրություն» գիրքը ընդգրկում է 500 տարիների ժամանակահատված։ Գրքում նկարագրվում են այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել Հուդայում մ.թ.ա. 1037թ.-ից մինչև մ.թ.ա. 537թ.՝ Սողոմոնի իշխանության սկզբից մինչև այն ժամանակ, երբ Կյուրոսը հրաման տվեց վերակառուցել Երուսաղեմում գտնվող Եհովայի տունը։ Տասցեղ հյուսիսային թագավորության մասին նշվում է միայն այն դեպքում, երբ նրա պատմությունը ուղղակիորեն կապված է Հուդայի պատմության հետ։ Չի նշվում անգամ նրա կործանման մասին, որը տեղի ունեցավ մ.թ.ա. 740-ին։ Ինչո՞ւ։ Քանի որ Եզրաս քահանային հիմնականում հետաքրքրում էր Եհովային մատուցվող երկրպագությունը, որը կատարվում էր Աստծու ընտրած տեղում՝ Երուսաղեմում գտնվող նրա տանը, ինչպես նաև այն թագավորությունը, որի թագավորները Դավթի շառավղից էին սերել, նրա, ում հետ Եհովան ուխտ էր կապել։ Այդ պատճառով Եզրասը իր ուշադրությունը կենտրոնացրեց հարավային թագավորության վրա։ Այդպիսով նա պաշտպանեց ճշմարիտ երկրպագությունը և վստահեցրեց, որ Հուդայի ցեղից իշխան է հայտնվելու (Ծննդ. 49։10)։
6. Ինչպե՞ս է Եզրասը կենտրոնանում դրական ու ոգևորիչ բաների վրա։
6 Գրքի բովանդակությանը ծանոթանալիս չի կարելի չնկատել Եզրասի լավատեսությունը։ 36 գլուխներից առաջին ինը պատմում են Սողոմոնի թագավորության մասին, իսկ այդ ինը գլուխներից վեցը ամբողջությամբ նկարագրում են Եհովայի տան շինարարությունն ու նվիրումը։ Սողոմոնի հավատուրացության մասին Եզրասը չի նշում։ Մնացած 27 գլուխներից 14-ը պատմում են Ասայի, Հովսափատի, Հովաթամի, Եզեկիայի և Հովսիայի մասին. դրանք այն հինգ թագավորներն են, ովքեր ընդհանուր առմամբ հետևեցին Դավթի օրինակին, որը բացարձակապես նվիրված էր Եհովային։ Մնացած 13 գլուխներում Եզրասը գրում է այն թագավորների մասին, որոնք շեղվել էին Եհովայի ճանապարհներից, բայց նույնիսկ այդ դեպքում ջանում է ընդգծել նրանց լավ հատկությունները։ Նա առանձնապես նշում է ճշմարիտ երկրպագության վերականգնմանն ու պահպանմանը առնչվող դեպքերը։ Որքա՜ն է ոգևորում մեզ այս գիրքը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան Սողոմոնին «շատ է բարձրացնում»։
7 Սողոմոնի փառահեղ իշխանությունը (1։1–9։31)։ «2 Տարեգրություն» գրքի սկզբում մեր առջև հետևյալ պատկերն է բացվում. Դավթի որդու՝ Սողոմոնի իշխանությունը հզորացել է։ Եհովան նրա հետ է և «նրան շատ է բարձրացնում»։ Երբ Գաբաոնում Սողոմոնը զոհեր է մատուցում, գիշերը Եհովան հայտնվում է նրան ու ասում. «Խնդրիր, ի՞նչ տամ քեզ»։ Սողոմոնը իմաստություն ու գիտելիք է խնդրում, որ լավ կառավարիչ լինի Եհովայի ժողովրդի համար։ Ի պատասխան այս անեսասեր ցանկությանը՝ Աստված խոստանում է տալ նրան ոչ միայն իմաստություն ու գիտելիք, այլև հարստություն, ստացվածք ու փառք, «որպիսին նրանից առաջ եղող ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ նրանից հետո եկողը կունենա»։ Երուսաղեմ այնքան շատ հարստություն է հորդում, որ Սողոմոնը «արծաթն ու ոսկին քարի նման հասարակ բան է դարձնում» (1։1, 7, 12, 15)։
8. Ինչպե՞ս է կառուցվում տաճարը, և ինչո՞վ է ուշագրավ նրա շինարարությունը։
8 Սողոմոնը աշխատողներ է դնում Եհովայի տունը կառուցելու համար։ Տյուրոսի Քիրամ թագավորը համագործակցում է նրա հետ՝ ուղարկելով գերաններ և մի շնորհալի վարպետի։ Սողոմոնի «թագավորության չորրորդ տարում» սկսվում են շինարարական աշխատանքները, որոնք ավարտվում են յոթուկես տարի հետո՝ մ.թ.ա. 1027թ.-ին (3։2)։ Տաճարի առջև վեր է խոյանում մեծ նախասրահ, որի բարձրությունը 120 կանգուն է (53,4 մետր)։ Նախասրահի առաջ պղնձե երկու հսկայական սյուներ են կանգնած։ Դրանցից մեկի անունը Հաքին է, ինչը նշանակում է «[Եհովան] պիտի հաստատի», իսկ մյուսի անունը Բոոս է, ինչը հավանաբար նշանակում է «զորությամբ» (3։17)։ Տունը համեմատաբար փոքր է. երկարությունը 60 կանգուն է (26,7 մետր), բարձրությունը՝ 30 կանգուն (13,4 մետր), իսկ լայնությունը՝ 20 կանգուն (8,9 մետր)։ Պատերն ու առաստաղը ոսկով են պատված։ Տաճարի խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբությունը, ամբողջությամբ զարդարված է ոսկով։ Այդ սենյակում են դրված երկու ոսկե քերովբեները։ Դրանցից յուրաքանչյուրը մի թևով դիպչում է սենյակի պատին, իսկ մյուս թևով՝ մյուս քերովբեի թևին։
9. Նկարագրիր, թե ինչ կա գավիթում և տաճարում։
9 Ներքին գավիթում տեղադրված է պղնձե հսկա զոհասեղան, որի երկարությունը 20 կանգուն է (9 մետր), լայնությունը նույնքան է, իսկ բարձրությունը 10 կանգուն է (4,5 մետր)։ Գավիթում է նաև կլոր ձուլածո ծովը՝ պղնձե ջրամբար, որի չափսերը տպավորիչ են։ Այն դրված է պղնձե 12 եզների վրա, որոնցից երեքը նայում են դեպի հյուսիս, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, և երեքը՝ դեպի արևելք։ Ծովի տարողությունը «երեք հազար մար է» (66000 լիտր)։ Այն «քահանաների համար է, որպեսզի դրա միջի ջրով լվացվեն» (4։5)։ Բացի այդ, գավիթում պղնձե տասը փոքր տաշտեր կան, որոնք դրված են պղնձե նախշազարդ սայլերի վրա, և դրանց միջի ջրում լվանում են ողջակեզին առնչվող բոլոր բաները։ Տաշտերի մեջ ջուրը լցնում են ձուլածո ծովից, և քանի որ դրված են սայլերի վրա, ապա դրանք կարելի է տեղափոխել այնտեղ, որտեղ ջրի կարիք կա։ Տաճարում կան նաև տասը ոսկե ձուլածո ճրագակալներ և ոսկե ու պղնձե շատ այլ իրերb։
10. Ի՞նչ է տեղի ունենում, երբ տապանակը բերվում է Սրբությունների Սրբություն։
10 Յոթուկես տարի հետո Եհովայի տան շինարարությունը ավարտվում է (1 Թագ. 6։1, 38)։ Գալիս է տաճարի հանդիսավոր բացման օրը, երբ ակնածանք ներշնչող այս շինության խորքի սենյակ պետք է մտցնեն այն, ինչ խորհրդանշում է Եհովայի ներկայությունը։ Եվ ահա «քահանաները Եհովայի ուխտի տապանակը տանում են իր տեղը՝ տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբություն, և դնում քերովբեների թևերի տակ»։ Ի՞նչ է տեղի ունենում այդ ժամանակ։ Երբ ղևտացի երգիչներն ու երաժիշտները միաձայն գովաբանում ու շնորհակալություն են հայտնում Եհովային, տունը ամպով է լցվում, և քահանաները ամպի պատճառով չեն կարողանում շարունակել իրենց ծառայությունը, քանի որ «Եհովայի փառքը» լցնում է ճշմարիտ Աստծու տունը (2 Տար. 5։7, 13, 14)։ Այսպիսով նա ցույց է տալիս իր հաճությունը և վստահեցնում, որ ներկա կլինի տաճարում։
11. Ի՞նչ աղոթք է Սողոմոնն անում Աստծուն և ի՞նչ է խնդրում։
11 Ներսի գավիթում՝ պղնձե հսկայական զոհասեղանի կողքին, դրված է պղնձե հարթակ, որի բարձրությունը երեք կանգուն է (1,3 մետր), և որը պատրաստել են այս հանդիսավոր իրադարձության համար։ Սողոմոնը կանգնած է այս բարձր դիրքում, և նրան կարող է տեսնել հոծ բազմությունը, որը հավաքվել է տաճարի նվիրման համար։ Այն բանից հետո, երբ ամպը, որը խորհրդանշում է Եհովայի ներկայությունը, լցնում է տաճարը, Սողոմոնը ծնկի է գալիս ողջ բազմության առաջ և ջերմագին աղոթում է Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով ու փառաբանելով նրան։ Այդ երկար աղոթքում նա խոնարհաբար ներում և օրհնություն ստանալու համար է խնդրում։ Վերջում աղերսում է. «Եվ հիմա, ո՛վ իմ Աստված, խնդրում եմ, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ ուշադիր այս վայրում արված աղոթքին։ Ո՛վ Եհովա Աստված, քո օծյալի երեսը մի՛ մերժիր։ Հիշիր քո ծառա Դավթի հանդեպ ցուցաբերած սիրառատ բարությունդ» (6։40, 42)։
12. Եհովան ինչպե՞ս է պատասխանում Սողոմոնի աղոթքին, և ինչո՞վ է ավարտվում տասնհինգօրյա տոնակատարությունը։
12 Արդյոք Եհովան լսո՞ւմ է Սողոմոնի այս աղոթքը։ Հենց որ թագավորը վերջացնում է աղոթքը, երկնքից կրակ է իջնում և լափում ողջակեզն ու զոհերը, ու «Եհովայի փառքը» լցնում է տունը։ Դա տեսնելով՝ ողջ ժողովուրդը երեսնիվայր խոնարհվում է և շնորհակալություն հայտնում Եհովային, «որովհետև բարի է նա, որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (7։1, 3)։ Այնուհետև Եհովայի առաջ մեծ զոհաբերություն են անում։ Տաճարի նվիրման տոնը տևում է մի ամբողջ շաբաթ։ Դրան հետևում է յոթ օր տևող Բերքահավաքի տոնը և շաբաթը՝ հանգստի օրը։ Այս ուրախ, հոգևորապես թարմացնող տոնակատարությունից հետո, որը տևում է 15 օր, Սողոմոնը ժողովրդին արձակում է իրենց տները։ Նրանք գնում են զվարթ սրտով և ուրախանալով (7։10)։ Եհովան նույնպես գոհ է։ Նա վստահեցնում է Սողոմոնին, որ Թագավորության վերաբերյալ ուխտը մնում է ուժի մեջ՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, թե ինչ դառը հետևանքներ կբերի անհնազանդությունը։
13. ա) Տաճարի շինարարությունն ավարտելուց հետո ի՞նչ է կառուցում Սողոմոնը։ բ) Սաբայի թագուհին, տեսնելով Սողոմոնի թագավորության փառքը, ի՞նչ զգացումներով է լցվում։
13 Այժմ Սողոմոնը վիթխարի շինարարական աշխատանքներ է իրականացնում իր տիրապետության տակ եղող ողջ երկրում։ Նա ոչ միայն պալատ է կառուցում իր համար, այլև բերդաքաղաքներ, շտեմարանների համար նախատեսված քաղաքներ, կառքերի և հեծյալների համար նախատեսված քաղաքներ, ինչպես նաև կառուցում է այն ամենը, ինչ որ ցանկացել է։ Իսրայելում այժմ բարեկեցության ու խաղաղության ժամանակներ են, քանի որ թե՛ թագավորը, թե՛ ժողովուրդը ամբողջ սրտով երկրպագում են Եհովային։ Նույնիսկ Սաբայի թագուհին, որն ապրում է մոտ 2000 կիլոմետր հեռավորության վրա, լսում է Սողոմոնի բարեկեցության ու իմաստության մասին և երկար ու դժվար ճանապարհ է կտրում-անցնում, որ իր աչքերով տեսնի ամեն բան։ Արդյոք թագուհին հիասթափվո՞ւմ է։ Ընդհակառակը՝ նա թագավորին հիացած պատմում է իր տպավորությունների մասին. «Ես չէի հավատում նրանց խոսքերին, մինչև որ անձամբ չեկա ու իմ աչքերով չտեսա։ Եվ ահա քո մեծ իմաստության մասին կեսն էլ ինձ չեն պատմել։ Դու գերազանցեցիր այն ամենը, ինչը որ քո մասին լսել էի։ Ի՜նչ երջանիկ են քո մարդիկ, և ի՜նչ երջանիկ են քո ծառաները» (9։6, 7)։ Երկրի վրա ոչ մի ուրիշ թագավոր իր հարստությամբ և իմաստությամբ չի գերազանցում Սողոմոնին։ Նա Երուսաղեմում թագավորում է 40 տարի։
14. Իսրայելն ինչո՞ւ է շուտով կորցնում իր փառքը։
14 Ռոբովամի և Աբիայի իշխանությունը (10։1– 13։22)։ Ռոբովամի՝ Սողոմոնի որդու դաժան և բռնատիրական իշխանությունը հանգեցնում է նրան, որ մ.թ.ա. 997թ.-ին հյուսիսային տասը ցեղերը Հերոբովամի գլխավորությամբ ապստամբում են նրա դեմ։ Սակայն երկու թագավորության քահանաներն ու ղևտացիները Ռոբովամի կողմն են անցնում՝ այդպիսով Թագավորության ուխտը ազգային շահերից վեր դասելով։ Բայց շատ չանցած՝ Ռոբովամը թողնում է Եհովայի օրենքը։ Եգիպտոսի Սիսակ թագավորը ներխուժում է Երուսաղեմ և վերցնում է Եհովայի տան գանձերը։ Որքա՜ն ցավալի է, որ ավելի քան 30 տարի անց այս վեհաշուք շինությունները կորցնում են իրենց փառքը։ Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում։ Պատճառն այն է, որ ազգը «Եհովայի հանդեպ անհավատարիմ գտնվեց»։ Սակայն Ռոբովամը խոնարհեցնում է իր անձը, ու Եհովան ամբողջությամբ չի կործանում այդ ազգը (12։2)։
15. Ռոբովամի մահից հետո ի՞նչ պատերազմ է մղվում, և ինչո՞ւ է Հուդան Իսրայելից ավելի հզոր գտնվում։
15 Ռոբովամը մահանում է՝ իրենից հետո թողնելով 28 որդիներ։ Նրանցից մեկը՝ Աբիան, թագավոր է դառնում։ Նա թագավորում է երեք տարի, և այդ ողջ ընթացքում նրա և Իսրայելի թագավորի միջև արյունահեղ պատերազմ է մղվում։ Հուդայի զորքի դեմ, որը բաղկացած է 400000 ռազմիկներից, Հերոբովամը կրկնակի զորք է կանգնեցնում՝ բաղկացած 800000 ռազմիկներից։ Մարտական գործողությունների ժամանակ իսրայելացիների զորքը 500000 ռազմիկ է կորցնում, ինչը կեսից ավելի է։ Այդպիսով նրանք, ովքեր ոսկե հորթերի են երկրպագում, մեծ պարտություն են կրում։ Հուդայի որդիները ուժեղ են գտնվում, որովհետև «Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն են ապավինում» (13։18)։
16. Եհովան ինչպե՞ս է պատասխանում Ասայի աղոթքին։
16 Աստվածավախ Ասան (14։1–16։14)։ Աբիային հաջորդում է նրա որդի Ասան։ Ասան ճշմարիտ երկրպագության ջատագով է։ Նա արշավ է կազմակերպում երկիրը կռապաշտությունից մաքրելու նպատակով։ Բայց անսպասելիորեն Հուդայի դեմ է դուրս գալիս եթովպացիների մեկ միլիոնանոց զորքը։ Ասան աղոթում է. «Օգնի՛ր մեզ, Եհո՛վա, մեր Աստվա՛ծ, չէ՞ որ մենք քեզ ենք ապավինում ու քո անունով ենք դուրս եկել այս բազմության դեմ»։ Եհովան պատասխանում է նրա աղոթքին՝ փայլուն հաղթանակ տալով (14։11)։
17. Ի՞նչն է մղում Ասային կրոնական բարեփոխումներ անելու Հուդայում, բայց ինչի՞ համար է նա հանդիմանվում։
17 Աստծու ոգին իջնում է Ազարիայի վրա, և նա ասում է Ասային. «Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք։ Եթե փնտրեք նրան, նա թույլ կտա, որ գտնեք իրեն» (15։2)։ Մեծապես քաջալերված՝ Ասան կրոնական բարեփոխումներ է անում Հուդայում, և ժողովուրդը ուխտ է կապում, որ ով Եհովային չփնտրի, մահվան պիտի մատնվի։ Սակայն ավելի ուշ Ասան մեծ սխալ է գործում։ Երբ Իսրայելի թագավոր Բաասան լուրջ խոչընդոտներ է ստեղծում, որ թույլ չտա իսրայելացիներին ելումուտ անել Հուդա, նա, Եհովային ապավինելու փոխարեն, վարձում է Ասորիքի Բենադադ թագավորին, որ վերջինս պատերազմի Իսրայելի դեմ։ Այդ պատճառով Եհովան հանդիմանում է նրան։ Այդուհանդերձ, Ասայի սիրտը «նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ Աստծու հետ էր» (15։17)։ Նա մահանում է իր թագավորության 41-րդ տարում։
18. ա) Հովսափատը ի՞նչ ծրագիր է սկսում՝ թիկունք կանգնելով ճշմարիտ երկրպագությանը, և ի՞նչ արդյունքներ է դա բերում։ բ) Ինչպե՞ս է Աքաաբի հետ խնամությունը վտանգում Հովսափատի կյանքը։
18 Հովսափատի հաջող կառավարումը (17։1–20։37)։ Ասայի որդի Հովսափատը շարունակում է պայքարել կռապաշտության դեմ և կրթական հատուկ ծրագիր է սկսում, որի ընթացքում ուսուցանված մարդիկ, իրենց հետ վերցնելով Եհովայի օրենքի գիրքը, ժողովրդին սովորեցնելու նպատակով անցնում են Հուդայի բոլոր քաղաքներով։ Գալիս են բարեկեցության ու խաղաղության ժամանակներ, և Հովսափատը «գնալով ավելի ու ավելի է հզորանում» (17։12)։ Բայց հետո նա խնամություն է անում Իսրայելի ամբարիշտ Աքաաբ թագավորի հետ և նրա հետ գնում է պատերազմելու հզորացող Ասորիքի դեմ։ Հովսափատը չի լսում Միքիա մարգարեին ու քիչ է մնում՝ զոհվի պատերազմում, մինչդեռ Աքաաբը սպանվում է Ռամոթ-Գաղաադում։ Եհովայի Հեու մարգարեն հանդիմանում է Հովսափատին՝ ամբարիշտ մարդու հետ ընկերություն անելու համար։ Դրանից հետո թագավորը դատավորներ է կարգում երկրով մեկ և պատվիրում է նրանց կատարել իրենց պարտականությունները Եհովայի երկյուղով։
19. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հովսափատի իշխանության օրոք տեղի ունեցած պատերազմը Աստծունն էր։
19 Հովսափատի իշխանության օրոք մի շատ ուշագրավ իրադարձություն է տեղի ունենում։ Մովաբի, Ամմոնի և Սեիրի լեռնային շրջանի բնակիչների միավորված ուժերը մեծ բազմությամբ շարժվում են Հուդայի դեմ։ Նրանք արդեն Ենգադի անապատում են։ Ժողովուրդը վախով է համակվում։ Հովսափատն ու Հուդայի բոլոր բնակիչները «իրենց երեխաների, կանանց ու որդիների հետ» կանգնում են Եհովայի առաջ ու նրանից օգնություն խնդրում։ Եհովայի ոգին իջնում է ղևտացի Հաազիելի վրա, որը դիմում է հավաքված բազմությանը. «Լսեցե՛ք, ո՛վ Հուդա ու Երուսաղեմի բնակիչներ, և դու, Հովսափա՛տ թագավոր։ Ահա թե ինչ է ձեզ ասում Եհովան. «Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այդ մեծ բազմությունից, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է։ Վաղը ևեթ հարձակվեք նրանց վրա.... Եհովան ձեզ հետ կլինի»»։ Վաղ առավոտյան վեր կենալով՝ հրեաները դուրս են գալիս թշնամու դեմ, նրանց առաջից գնում են ղևտացի երգիչները։ Հովսափատը քաջալերում է նրանց՝ ասելով. «Հավատացե՛ք Եհովային՝ ձեր Աստծուն.... Հավատացե՛ք նրա մարգարեներին, և դուք հաջողություն կունենաք»։ Երգիչները ուրախ բացականչում են՝ «որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» (20։13, 15–17, 20, 21)։ Եհովան զարմանալի կերպով սիրառատ բարություն է դրսևորում. նա դարանակալներ է հանում թշնամու զորքերի դեմ, և նրանք ոչնչացնում են իրար։ Գալով անապատի դիտարանը՝ հրեաները նայում են ու տեսնում գետնի վրա փռված դիակներ։ Իրոք որ, պատերազմը Աստծունն է։ Հովսափատը իշխում է 25 տարի և այդ ողջ ընթացքում հավատարմորեն քայլում է Եհովայի առաջ։
20. Ի՞նչ աղետներով է ուղեկցվում Հովրամի իշխանությունը։
20 Հովրամի, Օքոզիայի և Գոթողիայի ամբարիշտ կառավարումը (21։1–23։21)։ Հովսափատի որդի Հովրամը իր իշխանությունը սկսում է նրանից, որ սրակոտոր է անում իր բոլոր եղբայրներին։ Սակայն Եհովան չի կործանում նրան հանուն Դավթի հետ կնքած ուխտի։ Հովրամի օրերում եդոմացիները ապստամբում են։ Եղիա մարգարեն, որի գտնվելու վայրը անհայտ է, նամակ է ուղարկում՝ նախազգուշացնելով Հովրամին, որ Եհովան մեծ հարվածներ է հասցնելու նրա տանը, իսկ թագավորը սարսափելի մահով է մեռնելու (21։12–15)։ Այս մարգարեությունը ճշգրիտ կերպով կատարվում է. փղշտացիներն ու արաբացիները ներխուժում են երկիր և կողոպտում են Երուսաղեմը։ Իսկ թագավորը ութ տարի թագավորելուց հետո մահանում է աղիքային զզվելի հիվանդությունից։
21. Գոթողիայի պատճառով ի՞նչ վատ բաներ են տեղի ունենում Հուդայում, և ինչպե՞ս է Հովիադան թագավորական իշխանությունը վերադարձնում Դավթի տանը։
21 Հովրամին հաջորդում է նրա որդի Օքոզիան (Հովաքազը)։ Նա միակն է թագավորի որդիներից, որ կենդանի է մնացել հրոսակախմբերի հարձակումից հետո։ Սակայն ընկնում է իր մայր Գոթողիայի վատ ազդեցության տակ, որը Աքաաբի և Հեզաբելի դուստրն է։ Նրա իշխանությունը տևում է ընդամենը մեկ տարի, քանի որ Հեուն Աքաաբի տան հանդեպ դատավճիռ իրագործելիս սպանում է նրան։ Իմանալով որդու սպանության մասին՝ Գոթողիան կոտորում է իր թոռներին և զավթում գահը։ Սակայն Օքոզիայի որդիներից մեկը փրկվում է։ Այդ երեխան Հովասն է, որը ընդամենը մեկ տարեկան է։ Հովասի հորաքույր Հոսաբեեն՝ Հովիադա քահանայի կինը, թաքցնում է նրան Եհովայի տանը։ Գոթողիան իշխում է վեց տարի, ինչից հետո Հովիադան, քաջություն դրսևորելով, դուրս է բերում փոքրիկ Հովասին ու նրան թագավոր հռչակում, «ինչպես որ Եհովան է խոստացել Դավթի որդիների համար»։ Գնալով Եհովայի տուն՝ Գոթողիան պատռում է իր հանդերձներն ու բղավում. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»։ Բայց ապարդյուն. Հովիադայի հրամանով՝ նրան դուրս են բերում տաճարից ու սպանում են (23։3, 13–15)։
22. Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում Հովասի իշխանությունը։
22 Հովասի, Ամասիայի և Օզիայի ղեկավարման լավ սկիզբը և տխուր ավարտը (24։1–26։23)։ Հովասն իշխում է 40 տարի, և քանի դեռ կենդանի է Հովիադա հավատարիմ քահանան, անում է այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում։ Հովասը նույնիսկ հոգ է տանում Եհովայի տան մասին և վերանորոգում է այն։ Այդուհանդերձ, Հովիադայի մահից հետո Հովասն ընկնում է Հուդայի իշխանների վատ ազդեցության տակ. նա դադարում է Եհովային ծառայելուց և սկսում է սուրբ ձողերին ու կուռքերին ծառայել։ Այդ ժամանակ Աստծու ոգին մղում է Զաքարիային՝ Հովիադայի որդուն, հանրորեն հանդիմանելու թագավորին, բայց Հովասը հրամայում է քարկոծել մարգարեին։ Շատ չանցած՝ ասորիները փոքրաթիվ զորքով ներխուժում են երկիր, սակայն հրեաների զորքը, որը շատ ավելի մեծաթիվ է, անզոր է նրանց առաջ, քանի որ նրանք «լքել են Եհովային՝ իրենց հայրերի Աստծուն» (24։24)։ Հետո Հովասի ծառաները դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։
23. Ինչո՞ւ է Ամասիան կորցնում Եհովայի հաճությունը։
23 Հովասին հաջորդում է նրա որդի Ամասիան։ Իր 29-ամյա իշխանության սկզբում նա ճիշտ է վարվում, բայց հետագայում կորցնում է Եհովայի հաճությունը, քանի որ եդոմացիների աստվածներին իր մոտ է բերում ու երկրպագում դրանց։ Եհովայի մարգարեն զգուշացնում է թագավորին. «Աստված վճռել է քեզ կործանել» (25։16)։ Չնայած դրան՝ Ամասիան, որը հպարտացել է, կռվի է բռնվում հյուսիսային թագավորության՝ Իսրայելի հետ։ Ինչպեսև ասել է Աստված, նա ստորացուցիչ պարտություն է կրում Իսրայելից։ Հետագայում նրա դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում են։
24. Ինչպե՞ս է Օզիայի հզորությունը կործանում նրան։
24 Ամասիայի որդի Օզիան իր հոր հետքերով է գնում։ Իր 52-ամյա իշխանության ընթացքում նա մեծ մասամբ ողջամտորեն է վարվում։ Թագավորը հմուտ ռազմավարի ու աշտարակներ կառուցողի համբավ է ձեռք բերում։ Շատերը գիտեն, որ նա նաև «սիրում է հողագործությունը» (26։10)։ Օզիան իր զորքի համար սպառազինություն ու զենք է պատրաստում և ռազմիկներին ապահովում է պատերազմի մեքենաներով։ Սակայն հենց նրա հզորությունն էլ կործանում է նրան։ Գոռոզանալով՝ Օզիան մտնում է Եհովայի տաճար, որպեսզի խունկ ծխի, ինչի իրավունքը միայն քահանաները ունեն։ Այդ պատճառով Եհովան բորոտությամբ է հարվածում թագավորին, ու նրան հանում են Աստծու տնից։ Նա առանձին մի տան մեջ է ապրում, իսկ նրա որդի Հովաթամը նրա փոխարեն ղեկավարում է արքունական տունը և դատում երկրի ժողովրդին։
25. Ինչո՞ւ է Հովաթամը հաջողության հասնում։
25 Հովաթամը ծառայում է Եհովային (27։1–9)։ Ի տարբերություն իր հոր՝ Հովաթամը «Եհովայի տաճարը չի մտնում»։ Փոխարենը՝ «անում է այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում» (27։2)։ 16-ամյա իշխանության ընթացքում նա շինարարական մեծ աշխատանքներ է կատարում և ճնշում է ամմոնացիների ապստամբությունը։
26. Աքազի ամբարշտությունը ո՞ւր է հասնում։
26 Ամբարիշտ Աքազ թագավորը (28։1–27)։ Հովաթամի որդի Աքազը Հուդայի ամենավատ թագավորներից մեկն է (Հուդայում իշխել է 21 թագավոր)։ Նա ծայրահեղության է հասնում. իր որդիներին այրում է կրակի մեջ՝ որպես ողջակեզ աստվածներին։ Այդ պատճառով էլ Եհովան Ասորիքի, Իսրայելի, Եդոմի ու փղշտացիների ձեռքն է մատնում նրան։ Այսպես Եհովան խոնարհեցնում է Հուդան Աքազի պատճառով, որովհետև նա «թույլ է տալիս, որ անառակությունը աճի Հուդայում, և մեծ անհավատարմությամբ է վարվում Եհովայի հանդեպ» (28։19)։ Աքազը գնալով ավելի վատ գործեր է անում։ Մտածելով, թե ասորիները իրեն պարտության մատնեցին շնորհիվ իրենց աստվածների՝ նա սկսում է զոհեր մատուցել դրանց։ Թագավորը փակում է Եհովայի տան դռները, և այնտեղ երկրպագություն այլևս չի մատուցվում Աստծուն։ Փոխարենը՝ երկրում նա տարածում է կռապաշտությունը։ Ի վերջո, Աքազը մահանում է։ Նա թագավորում է 16 տարի։
27. Եզեկիան ինչպե՞ս է նախանձախնդրություն ցույց տալիս ճշմարիտ երկրպագության հանդեպ։
27 Հավատարիմ Եզեկիա թագավորը (29։1–32։33)։ Եզեկիան՝ Աքազի որդին, Երուսաղեմում թագավորում է 29 տարի։ Առաջին բանը, որ նա անում է, այն է, որ բացում է Եհովայի տան դռները և նորոգում դրանք։ Հետո հավաքում է քահանաներին ու ղևտացիներին և հրահանգ է տալիս, որ մաքրեն ու սրբացնեն տաճարը, որպեսզի այնտեղ Եհովային ծառայություն մատուցվի։ Եզեկիան հայտնում է, որ ցանկանում է ուխտ կապել Եհովայի հետ, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հետ դարձնի։ Այսպես Եհովայի տան մեջ մատուցվող ծառայությունը վերականգնվում է։
28. Ի՞նչ ցնցող տոնակատարություն է Եզեկիան անում Երուսաղեմում, և ինչպե՞ս է ժողովուրդն արտահայտում իր ուրախությունը։
28 Առջևում մեծ իրադարձություն է՝ Պասեքը։ Բայց քանի որ առաջին ամսին բավականաչափ ժամանակ չի եղել դրան պատրաստվելու համար, Օրենքի տված հնարավորության համաձայն՝ այն տոնում են Եզեկիայի թագավորության առաջին տարվա երկրորդ ամսում (2 Տար. 30։2, 3; Թվեր 9։10, 11)։ Թագավորը սուրհանդակներ է ուղարկում, որ տոնակատարությանը հրավիրի ոչ միայն Հուդայի, այլև Իսրայելի բնակիչներին։ Եփրեմի, Մանասեի ու Զաբուղոնի բնակիչներից ոմանք ծաղրուծանակի են ենթարկում նրանց, բայց կան մարդիկ, ովքեր խոնարհ են գտնվում ու գալիս են Երուսաղեմ։ Պասեքից հետո յոթ օր տոնում են Անթթխմոր հացերի տոնը։ Ժողովուրդը ուրախությամբ է տոնում այն։ Ոգևորվելով՝ ամբողջ ժողովը որոշում է յոթ օր ևս տոնել։ «Երուսաղեմում մեծ ուրախություն է տիրում, որովհետև Իսրայելի Դավիթ թագավորի որդի Սողոմոնի օրերից ի վեր Երուսաղեմում նման բան չի եղել» (2 Տար. 30։26)։ Այնուհետև հոգևորապես վերականգնված ժողովուրդը Հուդայում և Իսրայելում արմատախիլ է անում կուռքերին։ Իսկ Եզեկիան կարգադրում է ժողովրդին կրկին սկսել նվիրաբերություններ անել ղևտացիների ու տաճարի համար։
29. Եհովան ինչպե՞ս է վարձատրում Եզեկիային այն բանի համար, որ նա լիովին ապավինում է իրեն։
29 Դրանից հետո Ասորեստանի Սենեքերիմ թագավորը ներխուժում է Հուդա և սպառնում Երուսաղեմին։ Եզեկիան, քաջություն հավաքելով և ուշադրություն չդարձնելով թշնամու ծաղրանքին, վերաշինում է քաղաքի ամրությունները։ Լիովին ապավինելով Եհովային՝ նա աղոթում է օգնության համար։ Եհովան տպավորիչ կերպով պատասխանում է հավատով արված նրա աղոթքին։ Նա «մի հրեշտակ է ուղարկում և բնաջինջ անում Ասորեստանի թագավորի բանակում գտնվող բոլոր խիզախ և ուժեղ ռազմիկներին, առաջնորդներին ու իշխաններին» (32։21)։ Սենեքերիմը ամոթահար իր երկիր է վերադառնում։ Նրա աստվածները ի զորու չեն օգնելու նրան։ Երբ որոշ ժամանակ անց նա մտնում է իր աստծու տուն, նրա որդիները սրով սպանում են նրան (2 Թագ. 19։7)։ Եհովան երկարացնում է Եզեկիայի կյանքը և օրհնում է նրան շատ հարստությամբ ու մեծ փառքով։ Երբ թագավորը մահանում է, ողջ Հուդան նրան պատվի է արժանացնում։
30. ա) Ի՞նչ չարիք է գործում Մանասեն, բայց ի՞նչ է լինում, երբ նա զղջում է։ բ) Ինչո՞վ է առանձնանում Ամոնի կարճատև իշխանությունը։
30 Ամբարիշտ Մանասե և Ամոն թագավորները (33։1–25)։ Եզեկիայի որդի Մանասեն բռնում է իր պապ Աքազի ամբարիշտ ուղին՝ ի չիք անելով այն ողջ բարիքը, որը արել էր իր հայր Եզեկիան։ Նա նորից բարձունքներ է կառուցում, սուրբ ձողեր շինում և նույնիսկ իր որդիներին է կրակի մեջ այրում՝ զոհ մատուցելով կեղծ աստվածներին։ Ի վերջո, Եհովան Հուդայի դեմ է հանում Ասորեստանի թագավորին, և Մանասեն գերի է տարվում Բաբելոն։ Այնտեղ նա զղջում է իր սխալների համար։ Եհովան ողորմություն է դրսևորում նրա հանդեպ և վերադարձնում թագավորական իշխանությունը։ Այդ ժամանակ Մանասեն քայլեր է ձեռնարկում, որ վերացնի դիվապաշտությունը և վերականգնի ճշմարիտ երկրպագությունը։ Նա թագավորում է 55 երկար տարիներ։ Մանասեի մահից հետո գահ է բարձրանում նրա որդի Ամոնը։ Նա չարիք է գործում Եհովայի աչքում և տարածում է կռապաշտությունը։ Թագավոր դառնալուց երկու տարի անց Ամոնը սպանվում է իր ծառաների կողմից։
31. Ինչո՞վ է ուշագրավ Հովսիայի իշխանությունը։
31 Հովսիայի խիզախ կառավարումը (34։1–35։27)։ Պատանի Հովսիան՝ Ամոնի որդին, խիզախորեն պայքարում է ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու համար։ Նրա առաջ քանդում են Բահաղի զոհասեղանները, ջարդում քանդակված կուռքերը, և նա վերանորոգում է տաճարը, որտեղ գտնում են «Եհովայի օրենքի գիրքը, որը Մովսեսի ձեռքով էր գրված», ինչը, անկասկած, բնագիր օրինակն է (34։14)։ Այդուհանդերձ, արդար Հովսիային ասվում է, որ երկրի վրա աղետ է գալու, քանի որ նրա բնակիչները անհավատարիմ են ու թողել են Աստծուն։ Սակայն աստվածավախ թագավորին Եհովան ասում է, որ դա չի լինի նրա օրերում։ Իր թագավորության 18-րդ տարում Հովսիան Պասեքը նշելու համար այնպիսի տոնակատարություն է կազմակերպում, որպիսին չէր տոնել Իսրայելի թագավորներից ոչ ոք։ Որոշ ժամանակ անց Հովսիան փորձում է խանգարել եգիպտացիներին, որ չանցնեն իր երկրով ու գնան դեպի Եփրատ։ Այս անմտածված քայլը նրան մահվան է տանում։ Հովսիան իշխում է 31 տարի։
32. Ինչպե՞ս են վերջին չորս թագավորները Հուդային կործանման տանում։
32 Հովաքազ, Հովակիմ, Հովաքին, Սեդեկիա թագավորները ու Երուսաղեմի կործանումը (36։1–23)։ Հուդայի վերջին չորս թագավորների ամբարշտությունը կործանում է բերում ազգին։ Հովսիայի որդի Հովաքազը ընդամենը երեք ամիս է թագավորում, ինչից հետո Եգիպտոսի Նեքաո փարավոնը հեռացնում է նրան իշխանությունից և նրա եղբայր Եղիակիմին է թագավոր նշանակում, որի անունը փոխում ու Հովակիմ է դնում։ Նրա օրերում Բաբելոնը, որն այդ ժամանակ աշխարհակալ ուժ էր դարձել, նվաճում է Հուդան (2 Թագ. 24։1)։ Երբ Հովակիմը ապստամբում է, Նաբուգոդոնոսորը գալիս է Երուսաղեմ, որ պատժի թագավորին։ Դա տեղի է ունենում մ.թ.ա. 618-ին։ Բայց Հովակիմը նույն տարի մահանում է՝ թագավորելով 11 տարի։ Նրա փոխարեն թագավոր է դառնում նրա 18-ամյա որդի Հովաքինը, որը թագավորում է երեք ամսից մի փոքր ավելի, ինչից հետո հպատակվում է Նաբուգոդոնոսորին և գերի տարվում Բաբելոն։ Նաբուգոդոնոսորը Հովսիայի երրորդ որդուն է թագավոր դնում՝ Հովաքինի հորեղբայր Սեդեկիային։ 11 տարի թագավորելու ընթացքում նա չարիք է գործում և «իրեն չի խոնարհեցնում Երեմիա մարգարեի առաջ, որը Եհովայի կարգադրությամբ էր խոսում» (2 Տար. 36։12)։ Թե՛ քահանաները, թե՛ ժողովուրդը անհավատարմություն են դրսևորում և պղծում են Եհովայի տունը։
33. ա) Ինչպե՞ս է սկսվում Եհովայի կանխագուշակած ամայացումը, որը տևում է 70 տարի։ բ) «2 Տարեգրություն» գրքի վերջին երկու համարներում ի՞նչ պատմական հրամանի մասին է արձանագրված։
33 Վերջիվերջո, Սեդեկիան ապստամբում է Բաբելոնի լծի դեմ, և այս անգամ Նաբուգոդոնոսորը անողոքաբար է գործում։ Օգնության հույս չկա. Եհովայի բարկության բաժակը լցված է, այնպես որ էլ բուժում չի մնում։ Երուսաղեմը գրավում են, տաճարը կողոպտում և այրում են, իսկ մեկուկես տարի տևած պաշարումը վերապրածներին գերի են տանում Բաբելոն։ Հուդան ավերվում է։ Այդպիսով մ.թ.ա. 607թ.-ին սկսվում է ամայացումը, որ «կատարվի Երեմիայի բերանով ասված Եհովայի խոսքը.... մինչև որ յոթանասուն տարին լրանա» (36։21)։ Տարեգիրը բաց է թողնում այդ 70 տարիները և գրքի վերջին երկու համարներում հայտնում է Կյուրոսի պատմական հրամանի մասին, որը նա արձակեց մ.թ.ա. 537թ.-ին։ Գերեվարված հրեաները վերջապես ազատություն են ստանում։ Երուսաղեմը վերականգնվելո՛ւ է։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
34. Ինչի՞ վրա է կենտրոնացել Եզրասը իր աշխատության համար նյութեր ընտրելիս, և ի՞նչ ազդեցություն ունեցավ նրա գիրքը ազգի վրա։
34 «2 Տարեգրություն» գիրքը աստվածաշնչյան այլ գրքերի հետ մեկտեղ լուսաբանում է Հուդայի թագավորության կարևոր մի ժամանակահատված՝ մ.թ.ա. 1037–537թթ.։ Բացի այդ, այն արժեքավոր տեղեկություններ է տալիս, որ չկան Աստվածաշնչի մյուս պատմական արձանագրություններում։ Այդպիսի օրինակներ են 2 Տարեգրություն 19, 20 և 29–31 գլուխները։ Իր աշխատության համար նյութեր ընտրելիս Եզրասը կենտրոնացել է այն բաների վրա, որոնք կարևոր դեր են ունեցել ժողովրդի կյանքում՝ քահանայության և ծառայության, տաճարի և Թագավորության ուխտի վրա։ Նրա գիրքը ամրացրել է Մեսիայի ու նրա Թագավորության գալստի հանդեպ հույսը, ինչը միավորել է ազգին։
35. Ինչո՞վ են ուշագրավ «2 Տարեգրություն» գրքի վերջին համարները։
35 «2 Տարեգրություն» գրքի վերջին համարները (36։17–23) Երեմիա 25։12-ի մարգարեության կատարման համոզիչ ապացույցն են։ Բացի այդ, դրանք ցույց են տալիս, որ երկրի ամբողջական ամայացումից մինչև Եհովայի երկրպագության վերականգնումը Երուսաղեմում, այսինքն՝ մինչև մ.թ.ա. 537-ը, պետք է անցներ ամբողջական 70 տարի։ Հետևաբար, այդ ամայացումը սկսվել է մ.թ.ա. 607-ին (Երեմ. 29։10; 2 Թագ. 25։1–26; Եզր. 3։1–6)c։
36. ա) «2 Տարեգրություն» գիրքը ի՞նչ ազդեցիկ դասեր է պարունակում։ բ) Ինչպե՞ս է այն ամրապնդում Թագավորության հանդեպ մեր վստահությունը։
36 «2 Տարեգրություն» գիրքը ազդեցիկ դասեր է պարունակում քրիստոնյաների համար։ Հուդայի թագավորներից շատերը նվիրված են եղել Աստծուն իրենց կառավարման սկզբում, բայց հետագայում շեղվել են նրա ճանապարհներից։ Պատմական այս արձանագրությունից պարզ է դառնում, որ հաջողությունը կախված է Աստծուն հավատարիմ մնալուց։ Ուստի մենք պետք է զգույշ լինենք, որ «նահանջողներից չլինենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում, այլ հավատ ունենանք՝ մեր հոգին կենդանի պահելու համար» (Եբր. 10։39)։ Նույնիսկ հավատարիմ Եզեկիան մեծամտացավ, երբ ապաքինվեց իր հիվանդությունից։ Նրան հաջողվեց ազատվել Եհովայի վրդովմունքից միայն այն պատճառով, որ անմիջապես խոնարհեցրեց իր անձը նրա առջև։ «2 Տարեգրություն» գրքում գովաբանվում են Եհովայի հրաշալի հատկությունները և փառաբանվում են նրա անունն ու գերիշխանությունը։ Գրքում անընդհատ ընդգծվում է Եհովային բացարձակապես նվիրված լինելու կարևորությունը։ Բացի այդ, մեծ ուշադրություն է դարձվում Հուդայի թագավորական շառավղին։ Այս ամենը ամրապնդում է մեր համոզվածությունը, որ Հիսուս Քրիստոսի՝ «Դավթի [նվիրված] որդու» հավիտենական Թագավորության ներքո կծաղկի ճշմարիտ երկրպագությունը (Մատթ. 1։1; Գործ. 15։16, 17)։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 147 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 750, 751; հատ. 2, էջ 1076–1078 (անգլ.)։
c Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 463; հատ. 2, էջ 326 (անգլ.)։