Աստվածաշնչի գիրք համար 19. Սաղմոսներ
Գրողները՝ Դավիթ և ուրիշներ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 460թ.
1. Ի՞նչ է «Սաղմոսներ» գիրքը, և ի՞նչ է այն պարունակում։
ԱՍՏԾՈՒ ներշնչմամբ գրված «Սաղմոսներ» գիրքը հին ժամանակներում Եհովայի ճշմարիտ երկրպագուների երգերի ժողովածուն է եղել։ Այն պարունակում է 150 հոգևոր երգ, կամ՝ սաղմոս, որոնք կատարում էին երաժշտության տակ և նախատեսված էին Եհովա Աստծուն հանրային երկրպագություն մատուցելու համար Երուսաղեմի տաճարում։ Սաղմոսները Եհովային փառաբանող երգեր են։ Սակայն դրանք միայն երգեր չեն. սաղմոսները ողորմություն և օգնություն հայցող խնդրանքներ են, ինչպես նաև հավատի ու վստահության արտահայտումներ։ «Սաղմոսներ» գիրքը լի է շնորհակալական խոսքերով, ուրախ և ցնծագին բացականչություններով։ Որոշ սաղմոսներ պատմական հակիրճ շարադրանք են, որոնցում արտացոլված են Եհովայի սիրառատ բարությունն ու մեծ գործերը։ Սաղմոսները լի են մարգարեություններով, որոնցից շատերը ապշեցուցիչ կատարում են ունեցել։ Դրանք պարունակում են օգտակար խորհուրդներ՝ գրված գեղարվեստական ոճով, ինչը մինչև սրտի խորքը հուզում է ընթերցողին։ Այո՛, սաղմոսները ճոխ հոգևոր կերակուր են հիանալի հոգևոր խնջույքում։
2. ա) Ինչպե՞ս է «Սաղմոսներ» գիրքը կոչվում եբրայերեն ու հունարեն Աստվածաշնչերում, և ի՞նչ են նշանակում այդ անվանումները։ բ) Ի՞նչ է սաղմոսը։
2 Ո՞րն է գրքի անվան նշանակությունը, և ո՞վ է գրել այն։ Եբրայերեն Աստվածաշնչում այս գիրքը կոչվում է Սեֆեր թեհիլլիմ, ինչը նշանակում է «Փառաբանական երգերի գիրք», կամ՝ Թեհիլլիմ, այսինքն՝ «Փառաբանական երգեր»։ Այն 145-րդ սաղմոսի ենթախորագրում օգտագործված թեհիլլահ բառի հոգնակի ձևն է, որը նշանակում է «գովաբանություն» կամ «փառաբանական երգ»։ «Փառաբանական երգեր» անվանումը տեղին է, քանի որ գրքում մեծ նշանակություն է տրվում Եհովային փառաբանելուն։ Իսկ «Սաղմոսներ» անվանումը առաջ է եկել հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, որում օգտագործված Փսալմոյ բառը նշանակում է երգեր, որոնք կատարվում են երաժշտության ուղեկցությամբ։ Այս բառը մի քանի անգամ օգտագործվել է նաև Քրիստոնեական Հունարեն Գրություններում, օրինակ՝ Ղուկաս 20։42 և Գործեր 1։20 համարներում։ Սաղմոսը հոգևոր երգ կամ բանաստեղծություն է, որը փառաբանում է Աստծուն կամ օգտագործվում է նրան մատուցվող երկրպագության մեջ։
3. Ենթախորագրերն ի՞նչ են հայտնում սաղմոսները գրողների մասին։
3 Բազմաթիվ սաղմոսներ ունեն ենթավերնագրեր, կամ՝ ենթախորագրեր, որոնցում հաճախ հիշատակվում է տվյալ սաղմոսը գրողի անունը։ Վերնագրերից յոթանասուներեքում նշվում է Դավթի անունը, որը «Իսրայելի երգերում գովաբանվողն» է (2 Սամ. 23։1)։ Կասկած չկա, որ 2-րդ, 72-րդ և 95-րդ սաղմոսները նույնպես Դավթի կողմից են գրվել (տե՛ս Գործեր 4։25; Սաղմոս 72։20 և Եբրայեցիներ 4։7)։ Բացի այդ, 10-րդ և 71-րդ սաղմոսները, ըստ երևույթին, 9-րդ և 70-րդ սաղմոսների շարունակությունն են, ուստի դրանք ևս կարելի է Դավթին վերագրել։ Տասներկու սաղմոս վերագրվում է Ասափին, սակայն խոսքը թերևս նրա տան անդամների մասին է, քանի որ այդ սաղմոսներում հիշատակված դեպքերից մի քանիսը տեղի են ունեցել Ասափի օրերից ավելի ուշ (Սաղ. 79; 80; 1 Տար. 16։4, 5, 7; Եզր. 2։41)։ Տասնմեկ սաղմոս վերագրվում է Կորխի որդիներին (1 Տար. 6։31–38)։ 43-րդ սաղմոսը, ըստ երևույթին, 42-րդի շարունակությունն է, հետևաբար այն նույնպես կարելի է վերագրել Կորխի որդիներին։ 88-րդ սաղմոսի ենթախորագրում «Կորխի որդիներին» զուգահեռ նշվում է նաև Եմանի անունը, իսկ 89-րդ սաղմոսը գրել է Եթանը։ 90-րդ սաղմոսը վերագրվում է Մովսեսին։ 91-րդ սաղմոսը հավանաբար նույնպես նա է գրել։ 127-րդ սաղմոսը գրել է Սողոմոնը։ Այսպիսով՝ սաղմոսների ավելի քան երկու երրորդի գրողները հայտնի են։
4. Որքա՞ն է տևել գրքի գրությունը։
4 «Սաղմոսներ» գիրքն Աստվածաշնչի ամենամեծ գիրքն է։ Ինչպես երևում է 90-րդ, 126-րդ և 137-րդ սաղմոսներից, այս գիրքը գրվել է երկար ժամանակահատվածում՝ առնվազն այն ժամանակից, երբ Մովսեսն էր գրում (մ.թ.ա. 1513–1473թթ.), մինչև Բաբելոնի գերությունից հրեաների վերադարձը, անգամ մինչև Եզրասի օրերը (մ.թ.ա. 537թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 460թ.)։ Հետևաբար, «Սաղմոսներ»-ը գրվել է մոտավորապես հազար տարվա ընթացքում։ Սակայն գրքի բովանդակությունը ընդգրկում է անհամեմատ ավելի մեծ ժամանակաշրջան։ Խոսվում է ամեն բան արարելու ժամանակների մասին և պատմվում է, թե Եհովան իր ծառաների հետ ինչ փոխհարաբերություններ է ունեցել մինչև վերջին սաղմոսը կազմվելու ժամանակը։
5. ա) «Սաղմոսներ» գիրքը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Աստծու ժողովուրդը լավ կազմակերպված էր։ բ) Ուրիշ ի՞նչ ենք իմանում ենթախորագրերից։ գ) Ինչո՞ւ անհրաժեշտություն չկա սաղմոսները կարդալիս արտասանել սելա բառը։
5 «Սաղմոսներ» գիրքը ցույց է տալիս, որ Աստծու ժողովուրդը լավ կազմակերպված էր։ Օրինակ՝ Դավիթը երգում է դեպի սուրբ վայր Աստծու՝ իր Թագավորի երթերի մասին. «Նրանք տեսան քո երթը, ո՛վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը դեպի սուրբ վայրը։ Առջևից երգիչներն էին գնում, հետևից՝ լարային գործիքներ նվագողները, իսկ նրանց մեջտեղում դափ զարկող կույս աղջիկներն էին։ Ժողովված բազմության մեջ օրհնե՛ք Աստծուն՝ Եհովային» (Սաղ. 68։24–26)։ Ահա թե ինչու ենթախորագրերում բազմիցս հանդիպում են «նվագավարին» արտահայտությունը, ինչպես նաև բանաստեղծական և երաժշտական տերմիններ։ Որոշ ենթախորագրեր պարզաբանում են այս կամ այն սաղմոսի նշանակությունը և պարունակում են հրահանգներ երաժիշտների ու կատարողների համար (տե՛ս հետևյալ սաղմոսների ենթախորագրերը՝ 6, 30, 38, 60, 88, 102 և 120)։ Առնվազն Դավթի 13 սաղմոսների ենթախորագրերում, օրինակ՝ 18-ում և 51-ում, համառոտ նշվում է տվյալ սաղմոսի հիմքում ընկած իրադարձությունը։ Երեսունչորս սաղմոսներ ընդհանրապես ենթախորագիր չունեն։ Ենթադրվում է, որ սելա բառը, որը տեքստում հիշատակվում է 71 անգամ, երաժշտական կամ արտասանական հատուկ տերմին է, թեև նրա ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ։ Ոմանք կարծում են, որ «սելա»-ն խորհրդածելու համար դադար է կա՛մ երգիչների, կա՛մ երգիչների ու երաժիշտների համար։ Այդ պատճառով ընթերցելիս այն չի արտասանվում։
6. ա) Ի՞նչ առանձին մասերի է բաժանված «Սաղմոսներ» գիրքը։ բ) Ամենայն հավանականությամբ, ո՞վ է «Սաղմոսներ» գիրքը վերջնական տեսքի բերել։
6 Վաղեմի ժամանակներից «Սաղմոսներ» գիրքը բաժանված է եղել հինգ առանձին գրքերի, կամ՝ հատորների։ Դրանք են՝ 1) Սաղմոս 1–41, 2) Սաղմոս 42–72, 3) Սաղմոս 73–89, 4) 90–106, 5) 107–150։ Ամենայն հավանականությամբ, երգերի առաջին ժողովածուն կազմել է Դավիթը։ Հավանաբար, գիրքը Եհովայի առաջնորդությամբ վերջնական տեսքի բերել է Եզրաս քահանան, որը «Մովսեսի օրենքի հմուտ գրագիր» էր (Եզր. 7։6)։
7. Ինչո՞վ է ուշագրավ «Սաղմոսներ» գիրքը։
7 Երգերի ժողովածուն աստիճանաբար է համալրվել, և դա է պատճառը, որ որոշ սաղմոսներ, օրինակ՝ 14-րդ, 53-րդ սաղմոսները, 40։13–17-ը և 70-րդ սաղմոսը, 57։7–11-ը և 108։1–5-ը կրկնվում են գրքի տարբեր մասերում։ Հինգ մասերից յուրաքանչյուրն ավարտվում է Եհովային փառաբանելով, այսինքն՝ օրհներգությամբ. առաջին չորս մասերի վերջում ժողովուրդն է ի պատասխան օրհներգում, իսկ հինգերորդ մասի վերջին օրհներգը 150-րդ սաղմոսն է ամբողջությամբ։
8. Ի՞նչ է ակրոստիքոսը։ Բեր օրինակ։
8 Ինը սաղմոսներում օգտագործվել է բանաստեղծության յուրահատուկ ձև՝ ակրոստիքոս, որը այբբենական կառուցվածք ունի (9, 10, 25, 34, 37, 111, 112, 119 և 145)։ Ըստ այդ կառուցվածքի՝ առաջին տան առաջին տողը կամ տողերը սկսվում են եբրայերեն այբուբենի առաջին՝ ա՛լեֆ (א) տառով, հաջորդ տողը (տողերը)՝ երկրորդ՝ բեթ (ב) տառով, և այսպես շարունակ մինչև այբուբենի վերջը կամ գրեթե վերջը։ Հավանաբար, սա նպաստել է երգի բառերը հիշելուն։ Չէ՞ որ տաճարի երգիչները պետք է երկար երգեր հիշեին, օրինակ՝ 119-րդ սաղմոսը։ Հետաքրքիր է, որ Սաղմոս 96։11-ը ակրոստիքոս է, որի սկզբնատառերը կազմում են Եհովա անունը։ Այս համարի առաջին կեսը եբրայերեն տեքստում բաղկացած է չորս բառերից, որոնց սկզբնատառերը, եթե աջից ձախ կարդացվեն, կկազմեն ՅՀՎՀ քառագրի (יהוה) եբրայերեն բաղաձայնները։
9. ա) Ի՞նչ է ընկած սաղմոսների հիմքում, որի շնորհիվ դրանք հասնում են մարդու սրտին ու մտքին։ բ) Ի՞նչն է այս գրքին արտահայտչականություն և գեղեցկություն հաղորդում։
9 Այս հոգևոր քնարական պոեմները գրված են եբրայական պոեզիային հատուկ չհանգավորված տողով և աչքի են ընկնում վանկերի յուրօրինակ գեղեցկությամբ ու մտքերի ռիթմիկ շարադրանքով։ Դրանք անմիջապես մարդու սրտին են հասնում ու մտքում վառ պատկերներ արթնացնում։ Ներկայացված թեմաների և փոխանցված զգացմունքների ապշեցուցիչ զանազանությունն ու խորությունը մասամբ պայմանավորված են Դավթի կյանքում տեղի ունեցած արտասովոր դեպքերով, որի ապրումներն ու հույզերը ընկած են բազմաթիվ սաղմոսների հիմքում։ Քչերի կյանքում են այդքան կտրուկ փոփոխություններ եղել. հովիվ տղա, ռազմիկ, որը մենակ դուրս եկավ Գողիաթի դեմ, պալատական երաժիշտ, վտարանդի, որի շուրջը ոչ միայն նվիրված ընկերներ էին, այլև դավաճաններ, թագավոր և նվաճող, սիրող հայր, որին ցավ էր պատճառում իր պառակտված ընտանիքը, մարդ, որը երկու անգամ զգացել էր ծանր մեղքի դառնությունը, բայց միշտ խանդավառությամբ էր երկրպագում Եհովային ու սիրում էր նրա Օրենքը։ Ուստի զարմանալի չէ, որ «Սաղմոսներ» գրքում ամփոփված են մարդուն բնորոշ բազմապիսի զգացմունքներ։ Եբրայական պոեզիային հատուկ զուգահեռականություններն ու բառական հակադրությունները ավելի մեծ արտահայտչականություն և գեղեցկություն են հաղորդում այս գրքին (Սաղ. 1։6; 22։20; 42։1; 121։3, 4)։
10. Ինչպե՞ս է փաստվում «Սաղմոսներ» գրքի վավերականությունը։
10 Եհովային ուղղված այս հնագույն փառաբանական երգերի վավերականությունը հաստատված է, քանի որ դրանք ամբողջովին ներդաշնակ են Աստվածաշնչի մնացած գրքերին։ «Սաղմոսներ» գրքից բազմաթիվ մեջբերումներ են արել Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրողները (Սաղ. 5։9 [Հռոմ. 3։13]; Սաղ. 10։7 [Հռոմ. 3։14]; Սաղ. 24։1 [1 Կորնթ. 10։26]; Սաղ. 50։14 [Մատթ. 5։33]; Սաղ. 78։24 [Հովհ. 6։31]; Սաղ. 102։25–27 [Եբր. 1։10–12]; Սաղ. 112։9 [2 Կորնթ. 9։9])։ Դավիթը իր վերջին երգում ասել է. «Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով, և նրա խոսքը իմ լեզվի վրա էր»։ Դա այն ոգին էր, որ սկսեց գործել Դավթի վրա այն օրվանից, երբ Սամուելն օծեց նրան (2 Սամ. 23։2; 1 Սամ. 16։13)։ Նաև առաքյալներն են մեջբերումներ կատարել «Սաղմոսներ» գրքից։ Պետրոսը հիշատակել է այն «գրվածը, ինչը սուրբ ոգին Դավթի բերանով նախապես ասել էր», իսկ «Եբրայեցիներ» նամակը գրողը «Սաղմոսներ»-ից մեջբերումներ է անում՝ ասելով, որ դրանք Աստծու խոսքերն են, կամ մեջբերումից առաջ նշում է՝ «սուրբ ոգին ասում է» (Գործ. 1։16; 4։25; Եբր. 1։5–14; 3։7; 5։5, 6)։
11. Ո՞ր խոսքերն են «Սաղմոսներ» գրքի վավերականության ամենածանրակշիռ ապացույցը։
11 «Սաղմոսներ» գրքի վավերականության ամենածանրակշիռ ապացույցը Հիսուսի՝ հարություն առած Տիրոջ խոսքերն են՝ ուղղված իր աշակերտներին. «Հիշո՞ւմ եք.... ասացի, որ Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն»։ Այդ խոսքերով Հիսուսը խմբավորեց ողջ Եբրայերեն Գրություններն այնպես, ինչպես որ ընդունված էր հրեաների մեջ։ «Սաղմոսներ» ասելով՝ նա նկատի ուներ «Գրություններ» կոչված երրորդ մասը ամբողջությամբ, որը սկսվում էր այդ գրքով։ Սա հաստատվում է Հիսուսի այն խոսքերով, որոնք նա մի քանի ժամ առաջ ասել էր Էմմաուս գնացող իր երկու աշակերտներին, երբ «բացատրել էր նրանց այն ամենը, ինչ որ իր մասին գրված էր բոլոր Գրքերում» (Ղուկ. 24։27, 44)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
12. Ինչպե՞ս է «Սաղմոսներ» գիրքը հենց սկզբից խոսում երջանկության մասին ու շոշափում Թագավորության թեման։
12 Գիրք առաջին (Սաղմոս 1–41)։ Այս բոլոր սաղմոսներում, բացի 1-ից, 2-ից, 10-ից ու 33-ից, նշվում է, որ դրանք կազմել է Դավիթը։ 1-ին սաղմոսը հենց սկզբից շունչ է հաղորդում ողջ գրքին՝ երջանիկ անվանելով այն մարդուն, որի ուրախությունը, ի տարբերություն անաստված ամբարիշտների, Եհովայի օրենքի մեջ է, և որը գիշեր-ցերեկ դրա շուրջ է խորհրդածում ու ձգտում է կատարել այն։ Սրանք երջանկության մասին առաջին խոսքերն են, որ կան «Սաղմոսներ» գրքում։ 2-րդ սաղմոսը սկսվում է մտածելու տեղիք տվող հարցով և պատմում է այն մասին, որ երկրի բոլոր թագավորներն ու կառավարիչները «մեկ մարդու պես ժողովվել են Եհովայի ու նրա օծյալի դեմ»։ Եհովան ծիծաղում է նրանց վրա, իսկ հետո մեծ բարկությամբ ասում. «Ես նշանակեցի իմ թագավորին իմ սուրբ սարի՝ Սիոնի վրա»։ Նա կջարդի ու կփշրի բոլոր նրանց, ովքեր հակառակվում են իրեն։ Ուստի ո՛վ թագավորներ և կառավարիչներ, «ծառայե՛ք Եհովային վախով» և ընդունեք նրա Որդուն, որ չկորչեք (2։2, 6, 11)։ «Սաղմոսներ» գիրքը հենց սկզբից շոշափում է Թագավորության թեման, որն անցնում է ողջ Աստվածաշնչով։
13. Ինչի՞ մասին են առաջին գրքի սաղմոսները։
13 Առաջին գրքի սաղմոսները հիմնականում աղոթքներ են, որոնք ընդգրկում են և՛ խնդրանքներ, և՛ շնորհակալական խոսքեր։ 8-րդ սաղմոսը Եհովայի մեծությունը հակադրում է մարդու փոքրության հետ, իսկ 14-րդ սաղմոսը քողազերծում է այն մարդկանց անմտությունը, ովքեր հրաժարվում են Աստծու իշխանությանը ենթարկվելուց։ 19-րդ սաղմոսը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովա Աստծու զարմանահրաշ ստեղծագործությունը հռչակում նրա փառքը։ Այդ սաղմոսի 7–14-րդ համարները գովերգում են այն հրաշալի օրհնությունները, որ կստանան նրանք, ովքեր պահում են Աստծու կատարյալ օրենքը, որի մասին խոսվում է 119-րդ սաղմոսում։ 23-րդ սաղմոսը համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը, բայց նրան ավելի մեծ արժեք են հաղորդում այն պարզությունն ու գեղեցկությունը, որոնցով սաղմոսը հորդորում է լիովին ապավինել Եհովային։ Եթե միայն բոլորս կարողանայինք երկար օրեր բնակվել Եհովայի՝ Մեծ Հովվի տանը (23։1, 6)։ 37-րդ սաղմոսը լավ խորհուրդներ է տալիս աստվածավախ մարդկանց, որոնք բնակվում են չարագործների մեջ, իսկ 40-րդ սաղմոսը ցույց է տալիս, թե ինչ ուրախություն է ստանում մարդը Աստծու կամքը կատարելուց, ինչպես որ կատարում էր Դավիթը։
14. Երկրորդ գրքից ի՞նչ ենք իմանում փրկանքի մասին, և Դավթի ո՞ր աղոթքներն են հատկապես ուշագրավ։
14 Գիրք երկրորդ (Սաղմոս 42–72)։ Այս մասը սկսվում է ութ սաղմոսներով, որոնք գրել են Կորխի որդիները։ 42-րդ և 43-րդ սաղմոսները վերագրվում են Կորխի որդիներին, քանի որ իրականում դրանք մեկ պոեմ են կազմում, որը բաղկացած է երեք տունից, որոնք իրար են միանում կրկնվող համարով (42։5, 11; 43։5)։ 49-րդ սաղմոսն ընդգծում է, որ ոչ մի մարդ չի կարող փրկագնել ո՛չ իրեն, ո՛չ ուրիշին։ Մարդուն «գերեզմանի ձեռքից» ի զորու է փրկագնելու միայն Աստված (49։15)։ 51-րդ սաղմոսը Դավթի աղոթքն է, որը նա ասաց այն բանից հետո, երբ սարսափելի մեղք գործեց քետացի Ուրիայի կին Բերսաբեի հետ։ Այն ցույց է տալիս նրա անկեղծ զղջումը (2 Սամ. 11։1–12։24)։ Այս մասն ավարտվում է «Սողոմոնի մասին» աղոթքով, որով սաղմոսերգուն խնդրում է, որ նրա իշխանության ժամանակ խաղաղություն լինի, ու Եհովան օրհնի նրան (Սաղ. 72)։
15. Երրորդ գիրքը ի՞նչ է ասում Իսրայելի պատմության, Եհովայի դատաստանների ու Թագավորության ուխտի մասին։
15 Գիրք երրորդ (Սաղմոս 73–89)։ Այս սաղմոսներից առնվազն երկուսը՝ 74-ն ու 79-ը, գրվել են մ.թ.ա. 607թ. Երուսաղեմի կործանումից հետո։ Մարդիկ ողբում են մեծ աղետի համար և աղերսում Եհովային, որ օգնի իր ժողովրդին իր «անվան փառքի համար» (79։9)։ 78-րդ սաղմոսը Իսրայելի պատմության ամփոփումն է՝ սկսած Մովսեսի ժամանակներից մինչև այն ժամանակը, երբ Դավիթը «իր սրտի անարատությամբ սկսեց հովվել» (78։72), իսկ 80-րդ սաղմոսը ցույց է տալիս, որ Եհովան է «Իսրայելի Հովիվը» (80։1)։ 82-րդ և 83-րդ սաղմոսները թախանձագին աղաչանք են, որ Եհովան դատաստան տեսնի իր թշնամիների և իր ժողովրդի թշնամիների նկատմամբ։ Այս խնդրանքները ոչ թե վրեժխնդրության ոգով են արված, այլ «որպեսզի մարդիկ քո անունը փնտրեն, ո՛վ Եհովա.... [և] որպեսզի մարդիկ իմանան, որ դո՛ւ, ում անունը Եհովա է, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա» (83։16, 18)։ Այս մասի վերջին սաղմոսը 89-րդն է, որն ընդգծում է «Եհովայի ցույց տված սիրառատ բարությունը», ինչը ամենից ակնհայտ կերպով դրսևորվեց, երբ նա ուխտ կապեց Դավթի հետ։ Ըստ այս ուխտի՝ Դավթի ժառանգը հավիտյան նստելու է նրա գահին և հավիտյան իշխելու է Եհովայի առաջ (89։1, 34–37)։
16. Չորրորդ գիրքն ինչպե՞ս է մեծարում Եհովայի իշխանությունը և ուխտի հանդեպ նրա հավատարմությունը։
16 Գիրք չորրորդ (Սաղմոս 90–106)։ Ինչպես երրորդ գիրքը, այս գիրքը նույնպես բաղկացած է 17 սաղմոսներից։ Այն սկսվում է Մովսեսի աղոթքով, որը օգնում է վառ կերպով զգալու Աստծու հավիտենությունը և մահկանացու մարդու կյանքի կարճատև լինելը։ 92-րդ սաղմոսը գովաբանում է Եհովայի գերազանց հատկությունները։ Դրան հետևում են մի խումբ զարմանահրաշ սաղմոսներ՝ 93–100-ը, որոնք սկսվում են հուզիչ բացականչությամբ. «Եհովան թագավոր դարձավ»։ Ուստի «երկրի բոլոր մարդկանց» կոչ է արվում. «Գովերգե՛ք Եհովային, օրհնե՛ք նրա անունը.... Որովհետև Եհովան մեծ է և շատ գովաբանության արժանի»։ «Մեծ է Եհովան Սիոնի վրա» (93։1; 96։1, 2, 4; 99։2)։ 105-րդ և 106-րդ սաղմոսներում Եհովային շնորհակալական խոսքեր են ասվում այն բանի համար, որ հանուն իր ժողովրդի զարմանահրաշ գործեր է արել և հավատարմորեն պահում է Աբրահամի հետ կապած ուխտը, ինչի շնորհիվ նրա սերնդին տվեց խոստացված երկիրը՝ չնայած նրանց անվերջ դժգոհություններին ու հավատուրացությանը։
17. Ինչո՞վ է հետաքրքիր 104-րդ սաղմոսը, և ի՞նչ թեմա է կրկնվում՝ սկսած այս սաղմոսից։
17 Շատ հետաքրքիր է 104-րդ սաղմոսը։ Այն փառաբանում է Եհովային վեհության ու շքեղության համար, որը նա հագել է, և նկարագրում է նրա իմաստությունը, որը երևում է նրա բազմաթիվ գործերում և երկրի վրա եղող ստեղծագործություններում։ Այնուհետև առաջին անգամ բացականչություն է հնչում, որը բացահայտում է ողջ «Սաղմոսներ» գրքի թեման. «Գովաբանե՛ք Յահին» (104։35)։ Այս կոչը հորդորում է ճշմարիտ երկրպագուներին փառք տալ Եհովային, որին արժանի է նրա անունը։ Եբրայերենում այն ընդամենը մեկ բառ է՝ հալելու-Յահ, որի «Ալելուիա» ձևն այսօր հայտնի է ողջ աշխարհում։ Սկսած այս համարից՝ «Գովաբանե՛ք Յահին» արտահայտությունը հանդիպում է 24 անգամ, և որոշ սաղմոսներ թե՛ սկսվում, թե՛ ավարտվում են դրանով։
18. ա) Ի՞նչ կրկներգ է հնչում 107-րդ սաղմոսում։ բ) Ի՞նչ են Հալել սաղմոսները։
18 Գիրք հինգերորդ (Սաղմոս 107–150)։ 107-րդ սաղմոսում խոսվում է այն մասին, թե Եհովան ինչպես է ազատում մարդկանց, և հնչում է կրկներգ. «Թող շնորհակալություն հայտնեն Եհովային իր սիրառատ բարության համար և մարդկանց որդիների օգտին արած իր զարմանահրաշ գործերի համար» (107։8, 15, 21, 31)։ 113–118-րդ սաղմոսները այսպես կոչված Հալել սաղմոսներն են։ Ըստ Միշնայի՝ հրեաները երգել են դրանք Պասեքին, ինչպես նաև Պենտեկոստեին, Տաղավարների տոնին և Նվիրման տոնին։
19. Ինչո՞վ են տարբերվում 117-րդ ու 119-րդ սաղմոսները, և ի՞նչ առանձնահատկություններ ունի 119-րդ սաղմոսը։
19 117-րդ սաղմոսն առանձնանում է պարզությամբ։ Այն ամենակարճ սաղմոսն է և Աստվածաշնչի ամենակարճ գլուխը։ 119-րդ սաղմոսը ամենաերկար սաղմոսն է և Աստվածաշնչի ամենաերկար գլուխը։ Այն ունի 176 համար, կազմված է 22 տուներից, որոնք այբբենական կարգով են շարադրված, և յուրաքանչյուրը 8 համար ունի։ Բոլոր համարները, բացի երկուսից (90 և 122), այսպես թե այնպես առնչվում են Եհովա Աստծու օրենքին կամ խոսքին, և ամեն տունում կրկնվում են հետևյալ բոլոր բառերը կամ դրանցից մի քանիսը, որ հանդիպում են Սաղմոս 19։7–14-ում՝ օրենք, հիշեցում, կանոններ, պատվիրան, դատավճիռներ։ Ավելի քան 170 անգամ հղում է արվում Աստծու խոսքին և միևնույն ժամանակ օգտագործվում է հետևյալ բառերից մեկը՝ պատվիրան(ներ), դատավճիռ(ներ), օրենք, պատվերներ, կանոններ, հիշեցում(ներ) և խոսք(եր)։
20, 21. ա) Ի՞նչ են Վերելքի երգերը։ բ) Ինչպե՞ս են դրանք ցույց տալիս, որ Դավիթը հասկանում էր երկրպագության համար միասին հավաքվելու կարևորությունը։
20 Այնուհետև սաղմոսների մեկ այլ խումբ է հաջորդում։ Դրանք 15 Վերելքի երգեր են՝ Սաղմոս 120–134-ը։ Թարգմանիչները տարբեր կերպ են թարգմանել այս անվանումը, քանի որ դրա նշանակությունը լիովին հասկանալի չէ։ Ոմանք ասում են, որ դա վերաբերում է այս սաղմոսների վեհ բովանդակությանը, թեև թվում է, որ հիմնավոր պատճառ չկա դրանք մյուս ներշնչված սաղմոսներից վեր դասելու։ Շատ մեկնաբաններ ենթադրում են, որ այս սաղմոսները այդպես են կոչվել, քանի որ Եհովայի երկրպագուները երգել են դրանք, երբ գնացել կամ «բարձրացել» են Երուսաղեմ՝ նշելու տարեկան տոները։ Նրանց ճամփորդությունը դեպի մայրաքաղաք համարվել է վերելք, քանի որ քաղաքը գտնվում էր Հուդայի բարձր լեռներում։ Դավիթը շատ լավ էր հասկանում, թե որքան կարևոր է, որ Աստծու ժողովուրդը միասին հավաքվի երկրպագության համար։ Նա ուրախանում էր, երբ հետևյալ հրավերն էր լսում. «Ե՛կ Եհովայի տունը գնանք»։ Ցեղերը բարձրանում էին Երուսաղեմ, որ «երախտագիտություն հայտնեն Եհովայի անվանը»։ Այդ պատճառով Դավիթը անկեղծորեն խաղաղություն, ապահովություն և բարիք էր ցանկանում Երուսաղեմին՝ աղոթելով. «Հանուն մեր Աստված Եհովայի տան քեզ համար բարին պիտի փնտրեմ» (Սաղմ. 122։1, 4, 9)։
21 132-րդ սաղմոսում խոսվում է Դավթի երդման մասին, որ չի հանգստանա, մինչև որ մի արժանի տեղ չգտնի Եհովայի հանգստի համար, որի ներկայության մասին վկայում էր ուխտի տապանակը։ Այն բանից հետո, երբ տապանակը տեղադրվեց Սիոնում, սաղմոսերգուն գեղեցիկ պոետիկ լեզվով փոխանցեց Եհովայի խոսքերն այն մասին, որ նա ընտրել է Սիոնը. «Սա է իմ հավիտենական բնակավայրը, այստեղ պիտի ապրեմ, որովհետև այդպես եմ կամենում»։ Եհովան ընտրեց երկրպագության այս վայրը ու «պատվիրեց, որ այնտեղ օրհնություն լինի»։ «Թող որ Եհովան Սիոնից օրհնի քեզ» (132։1–6, 13, 14; 133։3; 134։3; տե՛ս նաև 48-րդ սաղմոսը)։
22. ա) Ինչպե՞ս է Եհովան մեծարվում որպես փառաբանության արժանի Աստված։ բ) Եզրափակիչ սաղմոսներում ինչպե՞ս է գրքի փառահեղ թեման հասնում իր գագաթնակետին։
22 135-րդ սաղմոսը մեծարում է Եհովային որպես փառաբանության արժանի Աստծու, որը անում է այն, ինչ իրեն հաճելի է՝ ի տարբերություն ունայն ու անօգուտ կուռքերի, որոնց սարքողները դրանց նման են։ 136-րդ սաղմոսը այնպես է կազմված, որ յուրաքանչյուր համարի երկրորդ մասը («որովհետև նրա սիրառատ բարությունը հավերժական է» խոսքերը) երգեն՝ ի պատասխան առաջին մասի։ Ամենայն հավանականությամբ, ի պատասխան հնչող այդ խոսքերը հաճախ են երգել (1 Տար. 16։41; 2 Տար. 5։13; 7։6; 20։21; Եզր. 3։11)։ 137-րդ սաղմոսը ցույց է տալիս, որ Բաբելոն գերեվարված ժողովուրդը ամբողջ սրտով փափագում էր վերադառնալ Սիոն, և վկայում է, որ նրանք չէին մոռացել Սիոնի երգերը՝ սաղմոսները, թեև շատ հեռու էին իրենց հայրենիքից։ 145-րդ սաղմոսը մեծարում է Եհովայի բարությունն ու թագավորությունը՝ ցույց տալով, որ նա «պահպանում է բոլոր իրեն սիրողներին, իսկ բոլոր ամբարիշտներին նա կոչնչացնի» (145։20)։ Այնուհետև որպես ոգևորիչ եզրափակում՝ 146–150-րդ սաղմոսները կրկին շոշափում են գրքի փառահեղ թեման։ Այդ սաղմոսներից յուրաքանչյուրը սկսվում և ավարտվում է հետևյալ խոսքերով. «Գովաբանե՛ք Յահին»։ Այս փառաբանությունը իր գագաթնակետին է հասնում 150-րդ սաղմոսում, որի վեց համարներում ողջ ստեղծագործությանը 13 անգամ հրավեր է տրվում գովաբանել Եհովային։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
23. ա) Ի՞նչ կենդանի պատգամ է պարունակում «Սաղմոսներ» գիրքը։ բ) Ինչպե՞ս են Եհովայի անունն ու գերիշխանությունը փառաբանվում ու մեծարվում գրքում։
23 Աստվածաշնչի սաղմոսները իրենց բացառիկ գեղեցկության ու ոճի շնորհիվ դասվում են համաշխարհային գրականության լավագույն երկերի շարքում։ Սակայն դրանք գրական երկ լինելուց ավելին են։ Սաղմոսները կենդանի պատգամ են ողջ տիեզերքի Գերիշխանից՝ Եհովա Աստծուց։ Դրանք հնարավորություն են տալիս խորությամբ ներթափանցելու Աստվածաշնչի հիմնական ուսմունքների մեջ՝ առաջին հերթին խոսելով Եհովայի՝ այդ գրքի Հեղինակի մասին։ «Սաղմոսներ» գիրքը հստակ ցույց է տալիս, որ նա է տիեզերքի և ամեն ինչի Ստեղծիչը (8։3–9; 90։1, 2; 100։3; 104։1–5, 24; 139։14)։ «Եհովա» անունն իրոք փառաբանվում է «Սաղմոսներ» գրքում, որում այն հիշատակվում է մոտ 700 անգամ։ Բացի այդ, «Յահ» կրճատ ձևը հիշատակվում է 43 անգամ, ուստի կարելի է ասել, որ Աստծու անունը յուրաքանչյուր սաղմոսում հիշատակվում է միջին հաշվով 5 անգամ։ Բացի այդ, Եհովան մոտ 350 անգամ հիշատակվում է որպես Էլոհիմ, այսինքն՝ Աստված։ Եհովայի գերիշխանությունը մատնանշում է «Գերիշխան Տեր» տիտղոսը, որը հանդիպում է մի շարք սաղմոսներում (68։20; 69։6; 71։5; 73։28; 140։7; 141։8)։
24. Մահկանացու մարդու վերաբերյալ ի՞նչ է ասվում «Սաղմոսներ» գրքում և ի՞նչ խորհուրդներ են տրվում։
24 Ի հակադրություն հավիտենական Աստծու՝ մահկանացու մարդը մեղքի մեջ է ծնված ու փրկության կարիք ունի։ Մարդ արարածը մահանում է և վերադառնում «հողի փոշուն»՝ իջնելով «գերեզման»՝ շեոլ, այսինքն՝ մարդկության համընդհանուր գերեզման (6։4, 5; 49։7–20; 51։5, 7; 89։48; 90։1–5; 115։17; 146։4)։ «Սաղմոսներ» գիրքն ընդգծում է Աստծու օրենքը լսելու ու Եհովային ապավինելու անհրաժեշտությունը (1։1, 2; 62։8; 65։5; 77։12; 115։11; 118։8; 119։97, 105, 165), զգուշացնում է չլինել ամբարտավան ու չգործել «ծածուկ մեղքեր» (19։12–14, ծնթ., 131։1), խրախուսում է ընկերակցել ազնիվ ու ողջամիտ մարդկանց հետ (15։1–5; 26։5; 101։5)։ Գիրքը ցույց է տալիս, որ նա, ով ճիշտ է վարվում, Եհովայի հավանությունն ունի (34։13–15; 97։10)։ «Սաղմոսներ»-ը վառ հույս է տալիս՝ ասելով՝ «Եհովայինն է փրկությունը», և խոստանալով աստվածավախ մարդկանց, որ Եհովան նրանց «հոգին կփրկի մահից» (3։8; 33։19)։ Սա ցույց է տալիս, որ այս գիրքը նաև մարգարեական նշանակություն ունի։
25. ա) «Սաղմոսներ» գիրքը ինչո՞վ է հարուստ։ բ) «Սաղմոսներ» գրքի օգնությամբ Պետրոսն ինչպե՞ս ցույց տվեց, թե ով է Մեծ Դավիթը։
25 Փաստն այն է, որ «Սաղմոսներ» գիրքը հարուստ է մարգարեություններով, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսին՝ «Դավթի որդուն», և այն դերին, որ նա պետք է ունենար որպես Եհովայի Օծյալ և նրա կողմից նշանակված Թագավոր (Մատթ. 1։1)a։ Երբ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին քրիստոնեական ժողովը ծնունդ առավ, սուրբ ոգին սկսեց առաքյալներին լուսաբանել այդ մարգարեությունների կատարումը։ Հենց այդ նույն օրը Պետրոսն իր հայտնի ելույթի ընթացքում մի քանի անգամ մեջբերում արեց «Սաղմոսներ» գրքից։ Նրա ելույթը «Հիսուս նազովրեցու» մասին էր։ Պետրոսի ելույթի վերջին մասը գրեթե ամբողջությամբ հիմնված էր «Սաղմոսներ» գրքից արված մեջբերումների վրա, որոնք ապացուցում էին, որ Հիսուս Քրիստոսը Մեծ Դավիթն է, և որ Եհովան նրա հոգին չէր թողնելու գերեզմանում՝ հադեսում, այլ հարություն էր տալու։ «Դավիթը չէր, որ վեր ելավ երկինք», այլ, ինչպես նա մարգարեացել էր Սաղմոս 110։1-ում, իր Տերը բարձրացավ։ Ո՞վ էր Դավթի Տերը։ Պետրոսն ավարտեց իր ելույթը՝ ասելով. «Այս Հիսուսը, որին դուք ցցին գամեցիք» (Գործ. 2։14–36; Սաղ. 16։8–11; 132։11)։
26. Ի՞նչ օգուտ տվեց Պետրոսի ելույթը։
26 Ի՞նչ օգուտ տվեց սաղմոսների վրա հիմնված Պետրոսի ելույթը. այդ օրը մոտ 3000 հոգի մկրտվեց ու միացավ քրիստոնեական ժողովին (Գործ. 2։41)։
27. Ինչպե՞ս «սուրբ ոգին» պարզաբանեց 2-րդ սաղմոսը։
27 Կարճ ժամանակ անց մի յուրահատուկ հանդիպման ժամանակ աշակերտները Եհովային աղոթելիս մեջբերեցին Սաղմոս 2։1, 2 համարները։ Նրանք ասացին, որ այդ խոսքերն իրականացան, երբ կառավարիչները համախմբեցին իրենց ուժերը Աստծու «սուրբ ծառա Հիսուսի դեմ, որին [Աստված] օծեց»։ Հետո «բոլորը սուրբ ոգով լցվեցին» (Գործ. 4։23–31)։
28. ա) Եբրայեցիներ 1–3-րդ գլուխներում ի՞նչ թեմա է զարգացնում Պողոսը։ բ) Սաղմոս 110։4-ի հիման վրա Պողոսն ի՞նչ է ասում Մելքիսեդեկի քահանայության մասին։
28 Այժմ ուշադրություն դարձնենք «Եբրայեցիներ» նամակին։ Առաջին երկու գլուխներում տեսնում ենք, որ «Սաղմոսներ» գրքից մի շարք մեջբերումներ կան հրեշտակների հանդեպ Հիսուսի՝ երկնքում գահակալված Աստծու Որդու գերազանցության մասին։ Հիմնվելով Սաղմոս 22։22-ի և այլ համարների վրա՝ Պողոսը ցույց է տալիս, որ Հիսուսը Աբրահամի սերնդին պատկանող «եղբայրների» ժողով ունի, որոնք «երկնային կոչման մասնակիցներ են» (Եբր. 2։10–13, 16; 3։1)։ Սկսելով Եբրայեցիներ 6։20-ից և շարունակելով մինչև 7-րդ գլխի վերջը՝ առաքյալը մանրամասնորեն խոսում է Հիսուսի մեկ այլ դերի մասին՝ նա «հավիտյան քահանայապետ դարձավ՝ Մելքիսեդեկի կարգի պես»։ Այս խոսքերն առնչվում են Աստծու երդումով հաստատված խոստմանը, որի մասին գրված է Սաղմոս 110։4-ում։ Պողոս առաքյալը նորից ու նորից հղում է անում դրան՝ ապացուցելու համար, որ Հիսուսի քահանայությունը գերազանցում է Ահարոնի քահանայությունը։ Պողոսը բացատրում է, որ Եհովայի երդման համաձայն՝ Հիսուսը քահանա է ոչ թե երկրի վրա, այլ երկնքում և «մշտնջենապես քահանա է մնում», այսինքն՝ նրա քահանայության բերած օգուտները հավիտենական են լինելու (Եբր. 7։3, 15–17, 23–28)։
29. Նվիրվածության ի՞նչ առանձնահատուկ օրինակի պետք է հետևենք, ինչպես նշված է «Սաղմոսներ» գրքում և բացատրվում է Եբրայեցիներ 10։5–10-ում։
29 Եբրայեցիներ 10։5–10 համարներից իմանում ենք, որ Հիսուսը հստակ հասկանում էր զոհաբերական ընթացքի նշանակությունը, որով պետք է անցներ Աստծու կամքի համաձայն, և որ նա պատրաստ էր կատարելու այդ կամքը։ Այդ խոսքերը հիմնված են Դավթի խոսքերի վրա՝ արձանագրված Սաղմոս 40։6–8-ում։ Նվիրվածության այս օրինակի մասին խորհրդածելը մեծ օգուտներ կարող է տալ բոլորիս։ Կարևոր է ընդօրինակել նրան, որպեսզի Աստծու հավանությունն ունենանք (տե՛ս նաև Սաղմոս 116։14–19)։
30. «Սաղմոսներ» գրքում ինչպե՞ս է մանրամասնորեն կանխագուշակվել Հիսուսի երկրային կյանքի մասին, և ի՞նչ մխիթարություն է նա ստացել այդ գրքից։
30 Հիսուսի երկրային կյանքի, ինչպես նաև տանջանքի ցցի վրա նրա փորձության մասին մանրամասնորեն կանխագուշակվել էր «Սաղմոսներ» գրքում։ Նախագուշակվել էր, որ նրան քացախ են առաջարկելու, նրա վերնազգեստների վրա վիճակ են գցելու, ձեռքերն ու ոտքերը վնասելու են, ծաղրուծանակի են ենթարկելու, և որ հոգեկան ծանր ապրումներից նա աղաղակելու է. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մատթ. 27։34, 35, 43, 46; Սաղ. 22։1, 7, 8, 14–18; 69։20, 21)։ Ինչպես երևում է Հովհաննես 19։23–30 համարներից, նույնիսկ այդ ժամերին Հիսուսը մեծ մխիթարություն ու առաջնորդություն էր ստացել «Սաղմոսներ» գրքից՝ իմանալով, որ այդ բոլոր խոսքերը պետք է ամբողջությամբ կատարվեն։ Հիսուսը գիտեր, որ «Սաղմոսներ»-ում նաև խոսվում էր իր հարության ու փառավորման մասին։ Անշուշտ, նա հիշում էր այս ամենը, երբ իր մահվանը նախորդող գիշերը առաքյալների հետ «գովաբանության երգեր», կամ՝ սաղմոսներ երգեց (Մատթ. 26։30)։
31. «Սաղմոսներ» գրքում ի՞նչ է կանխագուշակվել Թագավորության Սերնդի և Հիսուսի ժողովի մասին։
31 Այսպիսով՝ «Սաղմոսներ» գիրքը հստակ ցույց է տալիս, որ «Դավթի որդին» և Թագավորության Սերունդը Հիսուս Քրիստոսն է, որն այժմ երկնային Սիոնում փառավորված է և՛ որպես Թագավոր, և՛ որպես Քահանա։ Հնարավոր չէ միանգամից մանրամասն քննել Քրիստոնեական Հունարեն Գրություններում «Սաղմոսներ» գրքից մեջբերված բոլոր այն խոսքերը, որոնք իրականացել են Եհովայի Օծյալի վրա, այդ իսկ պատճառով ստորև բերված են մի քանի օրինակներ. Սաղ. 78։2 — Մատթ. 13։31–35; Սաղ. 69։4 — Հովհ. 15։25; Սաղ. 118։22, 23 — Մարկ. 12։10, 11 և Գործ. 4։11; Սաղ. 34։20 — Հովհ. 19։33, 36; Սաղ. 45։6, 7 — Եբր. 1։8, 9։ Նաև «Սաղմոսներ» գրքում կանխագուշակվել է, որ Հիսուսի ճշմարիտ հետևորդների ժողով է լինելու՝ ոչ թե առանձին մարդիկ, այլ խումբ, որը հավաքվելու է բոլոր ազգերի մարդկանցից և ունենալու է Աստծու բարեհաճությունը, որպեսզի մասնակցի նրա անվան փառաբանության գործին (Սաղ. 117։1 — Հռոմ. 15։11; Սաղ. 68։18 — Եփես. 4։8–11; Սաղ. 95։7–11 — Եբր. 3։7, 8; 4։7)։
32. ա) «Սաղմոսներ» գիրքը ուսումնասիրելով՝ ի՞նչ ենք իմանում Եհովայի գերիշխանության արդարացման և Թագավորության առնչությամբ նրա նպատակների վերաբերյալ։ բ) Ընդունելով Եհովայի գերիշխանությունը՝ ինչպե՞ս պետք է ցույց տանք մեր նվիրվածությունն ու երախտագիտությունը։
32 Ուսումնասիրելով «Սաղմոսներ» գիրքը՝ ավելի լավ ենք հասկանում, թե ինչպես է Եհովա Աստված հանուն իր փառավորման և գերիշխանության արդարացման իրականացնում իր իշխանությունը խոստացյալ Սերնդի ու Թագավորության Ժառանգորդի միջոցով։ Թող որ միշտ լինենք այն հավատարիմ մարդկանց թվում, ովքեր ցնծում են Եհովայի «վեհության փառավոր շքեղությամբ», և որոնց մասին 145-րդ սաղմոսում (որն անվանված է «Գովաբանություն։ Դավթի սաղմոսը») ասվում է. «Քո թագավորության փառքի մասին պիտի պատմեն և քո հզորության մասին պիտի խոսեն, որպեսզի մարդկանց որդիներին ճանաչեցնեն քո հզոր գործերը և քո թագավորության շքեղության փառքը։ Քո թագավորությունը թագավորություն է ողջ հավիտենության համար, և քո իշխանությունը՝ հետագա բոլոր սերունդների համար» (Սաղ. 145։5, 11–13)։ Ի կատարումն այս մարգարեական սաղմոսի՝ բոլոր ազգերի «մարդկանց որդիները» անգամ այսօր իմանում են Աստծու կողմից հաստատված Թագավորության մեծության մասին, որի Գլուխը Հիսուսն է։ Որքա՜ն երախտապարտ ենք այդ Թագավորության և նրա Թագավորի համար։ Իրոք որ, տեղին են «Սաղմոսներ» գրքի եզրափակիչ խոսքերը. «Ամեն շնչավոր էակ թող գովաբանի՛ Յահին։ Գովաբանե՛ք Յահին» (Սաղ. 150։6)։
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 710, 711 (անգլ.)։