Աստվածաշնչի ուսումնասիրության լրացուցիչ նյութեր
Դաս համար 9. Հնագիտությունը և Աստվածաշունչը
Հնագիտական հայտնագործություններ և հին մակագրություններ, որոնք հաստատում են Աստվածաշնչի վավերականությունը։
1. Ի՞նչ են աստվածաշնչյան հնագիտությունը և արտեֆակտը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ հնագիտությունը աստվածաշնչյան ժամանակների ազգությունների և իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող գիտություն է գտածո իրերի, կամ՝ արտեֆակտերի և գրավոր աղբյուրների միջոցով, որոնք գտնվում են հողի տակ։ Որպեսզի գտնվեն աստվածաշնչյան պատմության հետ կապված նյութական կուլտուրայի առարկաները և մնացորդները, հարկավոր է հսկայական հետազոտություններ կատարել և միլիոնավոր տոննաներով հող փորել։ Արտեֆակտը մարդու կողմից ստեղծված իր է, որը օգնում է պատկերացնելու մարդկանց կյանքն ու գործունեությունը։ Արտեֆակտ են համարվում կավե իրերը, կառույցների մնացորդները, կավե հուշատախտակները, գրավոր մակագրությունները, փաստաթղթերը, հուշարձանները, քարերի վրա փորագրված տարեգրությունները։
2. Ի՞նչ արժեք ունի աստվածաշնչյան հնագիտությունը։
2 20-րդ դարի սկզբին, երբ հնագիտությունն արդեն ձևավորվել էր որպես գիտության առանձին ճյուղ, Եվրոպայի և Ամերիկայի առաջատար համալսարաններն ու թանգարանները սկսեցին արշավախմբեր ուղարկել աստվածաշնչյան երկրներ։ Արդյունքում հնագիտական բազմաթիվ կարևոր բացահայտումներ արվեցին, որոնք լույս սփռեցին աստվածաշնչյան ժամանակների պատմության վրա։ Հնագիտական այդ ձեռքբերումները վկայում են, որ Աստվածաշունչը վստահելի է ու ճշգրիտ, անգամ մանրուքների հարցում։
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵԲՐԱՅԵՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Հնագիտական ո՞ր բացահայտումներն են հաստատում հին Բաբելոնում զիկուրատների գոյությունը։
3 Բաբելոնի աշտարակը։ Աստվածաշնչի համաձայն՝ Բաբելոնի աշտարակը հսկայական մի կառույց էր (Ծննդ. 11։1–9)։ Հետաքրքիր է, որ հնագետները հին Բաբելոնի ավերակների մեջ գտել են մի քանի զիկուրատների մնացորդներ՝ աստիճանաձև, սանդղավանդավոր աշտարակներ, որոնք բուրգեր են հիշեցնում։ Դրանց թվում են «Էտեմանանկի զիկուրատը»՝ ավերակ տաճար-աշտարակը, որը եղել է Բաբելոն քաղաքի կենտրոնում։ Հին փաստաթղթերում հաճախ նշվում է, որ նման տաճարներ կառուցվել են «երկինք հասնելու» համար։ Նաբուգոդոնոսոր թագավորը ասել է. «Ես մասնակից եղա Էտեմանանկիի կառուցմանը, որպեսզի ավարտեմ նրա գագաթը այնպես, որ նա մրցել կարողանա երկնքի հետ»։ Իսկ սեպագիր արձանագրության մի ֆրագմենտում պատմվում է այսպիսի մի զիկուրատի անկման մասին։ Այնտեղ հետևյալն է ասվում. «Այս տաճարի շինարարությունը վիրավորեց աստվածներին։ Մեկ գիշերվա մեջ նրանք տապալեցին այն, ինչ կառուցվել էր։ Նրանք ցրեցին այդ շինությունը երկրով մեկ և խառնեցին մարդկանց լեզուները։ Նրանք դադարեցրին շինարարությունը»a։
4. Հնագիտական ի՞նչ բացահայտումներ են եղել Գեհոնի շրջանում, և ինչպե՞ս են դրանք կապված աստվածաշնչյան արձանագրության հետ։
4 Գեհոնի աղբյուրի ջրի թունելները։ 1867թ.-ին Երուսաղեմի տարածքում Չարլզ Ուորենը հայտնաբերեց ջրի թունել, որը Գեհոնի աղբյուրից դեպի վեր էր խոյանում ու գտնվում էր Դավթի քաղաքում։ Հավանաբար, հենց այս թունելով են Դավթի մարդիկ մտել քաղաք ու գրավել այն (2 Սամ. 5։6–10)։ 1909–1911թթ.-ին մաքրվել էր այս աղբյուրի թունելների ողջ սիստեմը։ 1,8 մետր բարձրությամբ ու 533 մետր երկարությամբ մի մեծ ջրատար թունել փորվել էր հենց ժայռի մեջ։ Այն միացնում էր Գեհոնը Սիլովամի ավազանին Տյուրոփեոնի հովտում (գտնվում էր քաղաքի մեջ)։ Սա ակներևաբար հենց այն ջրանցքն է եղել, որը կառուցել էր Եզեկիան։ Այդ նեղ թունելի պատի վրա գտնվել է եբրայերեն տառերով փորագրված մի արձանագրություն։ Այս արձանագրությունը հայտնում է. «Ահա թե ինչպես է ժայռը կտրվել. հորատողների երկու խումբ է եղել, որոնցից յուրաքանչյուրը աշխատել է մի կողմում։ Հիմնական կետի հասնելիս և ժայռին հարվածելիս մեկի համար լսելի է եղել մյուսի քլունգ-կացնահարվածները, քանի որ ժայռի մեջ ճեղքը առաջանում էր աջից [և ձախից]։ Երբ թունելը արդեն փորված էր, հորատողները մեկը մյուսի դեմ հանդիման են եկել, քլունգը քլունգի դեմ, և ջուրը ժայթքել է աղբյուրից ջրամբար 1200 կանգուն հեռավորության վրա, իսկ ժայռի բարձրությունը եղել է 100 կանգուն՝ հորատողների գլխից բարձր»։ Իսկապես, ինժեներական վարպետության ուշագրավ նվաճում (2 Թագ. 20։20; 2 Տար. 32։30)b։
5. Կառնակում ո՞ր հնագիտական գտածոն է հաստատում աստվածաշնչյան արձանագրությունը Սիսակի կողմից Հուդայի նվաճման, ինչպես նաև այլ տեղանունների վերաբերյալ։
5 Սիսակի հաղթական բարձրաքանդակը։ Եգիպտոսի թագավոր Սիսակը Աստվածաշնչում հիշատակվում է յոթ անգամ։ Քանի որ Ռոբովամ թագավորը թողեց Եհովայի օրենքը, Եհովան էլ թույլ տվեց, որ Սիսակը մ.թ.ա. 993թ.-ին նվաճի Հուդան, սակայն ամբողջությամբ չկործանի այն (1 Թագ. 14։25–28; 2 Տար. 12։1–12)։ Երկար ժամանակ Աստվածաշունչը միակ աղբյուրն է համարվել, որում նշված է եղել այս մասին։ Մոտ երկու հարյուրամյակ առաջ փարավոն Սիսակի (Սիսոկ I) մասին մի մեծ փաստաթուղթ հայտնաբերվեց։ Այդ փաստաթուղթը մեծ չափի բարձրաքանդակ էր՝ հիերոգլիֆներով ու պատկերներով, և քանդակված էր եգիպտական տաճար Կառնակի հարավային պատին (հին Թեբե)։ Այս հսկայական բարձրաքանդակի վրա պատկերված էր եգիպտական աստված Ամոնը՝ մանգաղաձև սուրը աջ ձեռքին։ Նա Սիսակ փարավոնին բերում է 156 շղթայված պաղեստինցի գերյալների, որոնք պարանով կապված են նրա ձախ ձեռքից։ Յուրաքանչյուր գերյալ ներկայացնում է մի քաղաք կամ գյուղ, որի անունը գրված է հիերոգլիֆներով։ Վերծանված անունների մեջ կան այնպիսի տեղանուններ, որ հիշատակված են Աստվածաշնչում, օրինակ՝ Ռաբբիդ (Հեսու 19։20), Թանաք, Բեթ-Սեան, Մեգիդո (Հեսու 17։11), Սունամ (Հեսու 19։18), Րոոբ (Հեսու 19։28), Աֆերեմ (Հեսու 19։19), Գաբաոն (Հեսու 18։25), Բեթ-Օրոն (Հեսու 21։22), Այելոն (Հեսու 21։24), Սոքով (Հեսու 15։35), Արադ (Հեսու 12։14)։ Այս հուշարձանի վրա կա նաև «Աբրամի դաշտ» արտահայտությունը։ Դա եգիպտական աղբյուրներում ամենավաղ հիշատակումն է Աբրահամի մասինc։
6, 7. Ինչպե՞ս է հայտնաբերվել Մովաբի քարը, և ի՞նչ ենք իմանում դրա վրայի գրությունից Իսրայելի ու Մովաբի միջև եղած պատերազմի մասին։
6 Մովաբի քարը։ 1868թ.-ին գերմանացի միսիոներ Ֆ. Ա. Քլեյնը մի զարմանալի բան բացահայտեց։ Հին Դիբանում (Դեբոն) նա մի մակագրությամբ քար գտավ, որը հայտնի դարձավ որպես Մովաբի քար։ Մակագրությունը պատճենահանվեց, բայց քարը նախքան տեղափոխելը կոտրվեց բեդվինների կողմից։ Հաջողվեց հավաքել մեծ մասը, և այժմ Մովաբի քարը գտնվում է Փարիզի Լուվր թանգարանում, իսկ կրկնօրինակը ցուցադրված է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Այս քարի վրա, որը սկզբնապես եղել է Դեբոնում (Մովաբ), գրված է Մոսա (Մեսա) թագավորի պատմությունը այն մասին, թե ինչպես է ապստամբել Իսրայելի դեմ (2 Թագ. 1։1; 3։4, 5)։ Դրա վրա գրված է. «Ես Մոսան եմ՝ Խեմոշի որդին՝ Մովաբի թագավորը, դեբոնացի.... Իսրայելի Ամրի արքան շատ տարիներ (բռց.՝ օրեր) ճնշել է Մովաբին, քանի որ Խեմոշը [մովաբական աստված] զայրացել էր իր երկրի վրա։ Նրան փոխարինեց նրա որդին, ու նա ասաց. «Ես կճնշեմ Մովաբին»։ Իմ թագավորության օրոք նա ասաց դա, բայց ես հաղթեցի նրան ու նրա տունը, և Իսրայելը կործանվեց ընդմիշտ.... Եվ Խեմոշը ասաց ինձ. «Գնա ու վերցրու Նաբավը Իսրայելից»։ Ու ես գնացի գիշերը և պատերազմեցի նրա դեմ արշալույսից մինչև կեսօր ու վերցրի այն և կործանեցի ամեն ինչ.... Եվ վերցրի այնտեղից Յահվեի [անոթները] ու բերեցի Խեմոշի մոտ»d։ Ուշադրություն դարձնենք, որ վերջին նախադասության մեջ նշվում է Աստծու անունը։ Այս անունը, որը գրված է քառագրով, կարելի է տեսնել այս գրքում պատկերված Մովաբի քարի նկարի վրա։ Այն գտնվում է 18-րդ տողի վրա՝ քարի աջ կողմում։
7 Մովաբի քարի վրա նշված են նաև աստվածաշնչյան հետևյալ տեղանունները՝ Ատարոթ և Նաբավ (Թվեր 32։34, 38), Առնոն, Արոեր, Մեդաբա, Դեբոն (Հեսու 13։9), Բամոթ-Բահաղ, Բեթ-Բաալ-Մեոն, Հասսա, Կարիաթեմ (Հեսու 13։17–19), Բոսոր (Հեսու 20։8), Որոնայիմ (Ես. 15։5), Բեթ-Դեբլաթեմ ու Կարիոթ (Երեմ. 48։22, 24)։ Սա վառ ապացույց է այն բանի, որ Աստվածաշունչը ճշգրիտ է պատմական ու աշխարհագրական տեսանկյունից։
8. Ի՞նչ է Աստվածաշունչը հայտնում Սենեքերիմի մասին, և ի՞նչ են նրա պալատի պեղումները բացահայտել։
8 Սենեքերիմ թագավորի կոթողը։ Աստվածաշնչում, որում Ասորեստանի թագավոր Սինաքերիբը հիշատակվում է Սենեքերիմ անունով, մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես է նա մ.թ.ա. 732-ին ներխուժել Հուդա (2 Թագ. 18։13–19։37; 2 Տար. 32։1–22; Ես. 36։1–37։38)։ 1847–1851թթ.-ին անգլիացի հնագետ Օ. Հ. Լեյարդը պեղեց Սենեքերիմի մեծ պալատի ավերակները հին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի տարածքում։ Այս վիթխարի պալատում գտնվել են մոտ 70 սենյակներ, իսկ պատերը ավելի քան 3000 մետր երկարությամբ զարդարված են սալաքարե հարթաքանդակներով։ Գտնվեցին նաև Սենեքերիմի տարեգրությունները՝ փորագրված կավե գլանների, կամ՝ կոթողների վրա։ Այս տարեգրությունների վերջնական տարբերակը, հավանաբար արված թագավորի մահից կարճ ժամանակ առաջ, գրված է այսպես կոչված Թեյլորի կոթողի վրա, որը պահպանվում է Բրիտանական թանգարանում, սակայն Չիկագոյի համալսարանի Արևելագիտության ինստիտուտում գտնվում է մեկ ուրիշ կոթող ավելի լավ պահպանված տարեգրության տեքստով, որը հայտնաբերվել է հին Նինվեից ոչ շատ հեռու։
9. Ինչո՞վ է Սենեքերիմի կոթողը համապատասխանում Աստվածաշնչի արձանագրությանը, սակայն ինչի՞ մասին այնտեղ նշված չէ և ինչո՞ւ։
9 Այս տարեգրություններում Սենեքերիմը պարծենալով պատմում է Հուդան նվաճելու իր տարբերակը. «Ինչ վերաբերում է Եզեկիա հրեային, նա չենթարկվեց իմ լծին, ես պաշարեցի նրա զորավոր քաղաքներից 46-ը, պարսպավոր ամրոցները, շուրջը գտնվող անհաշիվ փոքր գյուղերը ու գրավեցի (դրանք) պարսպաքանդ մեքենաներով, հետևակազորով, ականներ փորելով, աստիճանների ու վրան կեռեր ամրացված պարանների կամ ձողերի օգնությամբ։ 200150 մարդ դուրս բերեցի [այնտեղից]՝ ծեր թե երիտասարդ, կին թե տղամարդ, անթիվ-անհամար ձիեր, ջորիներ, էշեր, ուղտեր, մանր ու խոշոր եղջերավոր անասուններ ու դրանք ավար համարեցի։ Նրան [Եզեկիային] Երուսաղեմում՝ իր աթոռանիստ քաղաքում, բանտարկեցի, ինչպես թռչնին վանդակում.... Նրա քաղաքները, որոնք ես գրավեցի, նրա երկրից վերցրի ու տվեցի Միտինտիին՝ Ազոտոսի թագավորին, Փադիին՝ Ակկարոնի թագավորին, և Սիլիբելին՝ Գազայի թագավորին.... Եզեկիան.... իմ հետևից Նինվե՝ իմ տերության քաղաք, ուղարկեց 30 տաղանդ ոսկի, 800 տաղանդ արծաթ, թանկարժեք քարեր, սուրմա, մեծ կտորներով կարմիր քարեր, փղոսկրյա մահիճներ, փղոսկրյա ու փղի կաշվից, էբենոսափայտից, շիմշատի փայտից բազկաթոռներ և ամեն տեսակ թանկարժեք բաներ, իր աղջիկներին, հարճերին, երգիչներին ու երգչուհիներին և նաև որպես իմ ստրուկ ուղարկեց իր պատգամաբերին՝ տուրք ու հարգանք մատուցելու»e։ Աստվածաշունչը հաստատում է, որ Եզեկիան Սենեքերիմին որպես տուրք տվել է 30 տաղանդ ոսկի և 300 տաղանդ արծաթ։ Բացի այդ, Աստվածաշնչի համաձայն՝ Եզեկիան տուրքը վճարել է, նախքան Սենեքերիմը կպաշարեր Երուսաղեմը։ Սակայն Սենեքերիմի տարեգրության մեջ չի նշվում, որ նա ջախջախիչ պարտություն է կրել Հուդայում, երբ Եհովայի հրեշտակը մեկ գիշերում կոտորեց 185000 ասորեստանցի զինվորների՝ այդպիսով ստիպելով թագավորին ծեծված շան պես հետ գնալ Նինվե։ Այդուհանդերձ, Սենեքերիմի կոթողը, որում վերջինս հպարտանում է իր հաղթանակներով, հաստատում է, որ նա գրավել է Հուդայի մեծ մասը, բայց չի նվաճել Երուսաղեմը, ինչը Եհովան չմատնեց ասորեստանցիների ձեռքը (2 Թագ. 18։14; 19։35, 36)։
10, 11. ա) Ի՞նչ են Լաքիսյան նամակները, և ի՞նչ դեպքերի մասին է դրանցում արձանագրված։ բ) Ինչպե՞ս են այդ նամակները հաստատում այն, ինչ գրել է Երեմիան։
10 Լաքիսյան նամակները։ Հայտնի քաղաք-ամրոց Լաքիսը, որ գտնվել է Երուսաղեմից 44 կիլոմետր դեպի հարավ-արևմուտքում, Աստվածաշնչում հիշատակվում է ավելի քան 20 անգամ։ Այս քաղաքի փլատակները լավ ուսումնասիրվել են հնագետների կողմից։ 1935-ին պահակասենյակում, որը արտաքին և ներքին դարպասների մեջտեղում է եղել, գտնվել է 18 խեցեկտոր՝ մակագրություններով (ևս 3 հատ գտնվեցին 1938-ին)։ Պարզվեց, որ այս խեցեկտորները նամակներ են՝ գրված հին եբրայերեն տառերով։ Այսօր 21 նամակների այս հավաքածուն կոչվում է Լաքիսյան նամակներ։ Լաքիսը եղել է Հուդայի բերդաքաղաքներից մեկը, որը ամենաշատն է դիմադրել Նաբուգոդոնոսորի գրոհին։ Քաղաքը ի վերջո այրվել է ու կործանման մատնվել մ.թ.ա. 609–607թթ.-ին։ Նամակները գրվել են հապճեպորեն և լույս են սփռում այն ժամանակ տիրող իրավիճակի, հատկապես քաղաքական իրադրության վրա։ Ամենայն հավանականությամբ, դրանք պարունակում են հաղորդագրություններ՝ ուղարկված առաջավոր պոստերում մնացած հրեաներից Յաոշ անունով մի անձնավորության, որը զորապետ էր Լաքիսում։ Այդ նամակներից մեկում (Նամակ IV) մասամբ ասվում է. «Թող ՅՀՎՀ-ի [Եհովա] օգնությամբ իմ տերը անգամ այժմ լսի լավ լուրեր.... Մենք սպասում ենք Լաքիսի՝ կրակով արված ազդանշաններին.... որովհետև Ազեկան չենք կարողանում տեսնել»։ Վերջին խոսքերից կարելի է եզրակացնել, որ այն գրվել է, երբ Ազեկան արդեն ընկել էր։ Այս ամենը համոզիչ կերպով հաստատում է Երեմիա 34։7-ում արձանագրվածը, որում նշվում է, որ Լաքիսը և Ազեկան վերջին բերդաքաղաքներն են եղել, որ «Հուդայի քաղաքների մեջ... մնացել էին չնվաճված»։ Լաքիսյան նամակներում հաճախ է հանդիպում քառագիրը՝ Աստծու անունը՝ գրված եբրայերեն չորս տառերով։ Այս հայտնագործությունները հաստատում են, որ հին ժամանակներում իսրայելացիները առօրյայում գործածել են Աստծու անունը։
11 Մեկ ուրիշ խեցեկտորի վրա (Նամակ III) գրված է հետևյալը. «Թող ՅՀՎՀ-ն [Եհովա] օգնի իմ տիրոջը խաղաղության լուրեր լսելու.... Քո ծառան այժմ ստացել է հետևյալ տեղեկությունը. «Ելնաթանի որդի զորապետ Քոնիան շարժվել է հարավ, որ մտնի Եգիպտոս, և Հոդավիային՝ Աքիայի որդուն, և նրա մարդկանց ուղարկել է, որ նրանից ստանա [պարագաներ]»»։ Այս նամակից կարելի է եզրակացնել, որ հրեաները ռազմական օգնություն ստանալու նպատակով դիմել են Եգիպտոսին, ինչով էլ ոտնահարել են Եհովայի պատվիրանը ու իրենց վրա կործանում բերել (Ես. 31։1; Երեմ. 46։25, 26)։ Նամակի ամբողջական տեքստում հիշատակվում են Ելնաթանի ու Հեզանիայի անունները, որոնք գրված են նաև Երեմիա 36։12 և 42։1 համարներում։ Այլ նամակներում նշվում են երեք անուններ ևս, որ կան Աստվածաշնչում՝ Ներիա, Հեզոնիա և Գամարիա (Երեմ. 32։12; 35։3; 36։10)f։
12, 13. Ի՞նչ է նկարագրում Նաբոնիդի տարեգրությունը, և ինչո՞ւ է այն հետաքրքրական մեզ համար։
12 Նաբոնիդի տարեգրությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին պեղումների ժամանակ Բաղդադից ոչ շատ հեռու գտնվեցին բազմաթիվ կավե հուշատախտակներ և գլաններ, որոնք լույս սփռեցին հին Բաբելոնի պատմության վրա։ Դրանց թվում էր մի շատ արժեքավոր փաստաթուղթ, որը հայտնի է Նաբոնիդի տարեգրություն անունով (պահվում է Բրիտանական թանգարանում)։ Բաբելոնի Նաբոնիդ թագավորը կառավարել է իր որդի Բաղդասարի հետ։ Նա իր որդուց ավելի երկար է ապրել, քանի որ վերջինս սպանվել է մ.թ.ա. 539 թ. հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը, երբ պարսից թագավոր Կյուրոսի զորքերը գրավեցին Բաբելոնը (Դան. 5։30, 31)։ Նաբոնիդի տարեգրության մեջ մանրամասնորեն, անգամ օրերով նկարագրվում է Բաբելոնի անկումը, ինչի շնորհիվ հնարավոր է որոշել, թե որ օրն է Կյուրոսը գրավել քաղաքը։ Ահա մի փոքր հատված այդ տարեգրությունից. «Տաշրիտու [տիշրի (սեպտեմբեր-հոկտեմբեր)] ամսին, երբ Կյուրոսը հարձակվեց Աքքադի զորքի վրա Օպիսում՝ Տիգրիսի մոտ.... 14-րդ օրը Սիփարը նվաճվեց առանց կռվի։ Նաբոնիդը փախավ։ 16-րդ օրը [մ.թ.ա. 539թ. հոկտեմբերի 11-ին հուլյան օրացույցով կամ հոկտեմբերի 5-ին գրիգորյան օրացույցով] Գոբրիասը (Ուգբարու)՝ Գութիումի կառավարիչը, և Կյուրոսի զորքը առանց կռվի մտան Բաբելոն։ Հետո, երբ Նաբոնիդը հետ եկավ, ձերբակալվեց Բաբելոնում.... Արախսամնու ամսի [մարշեսվան (հոկտեմբեր-նոյեմբեր)] 3-րդ օրը [հուլյան օրացույցով հոկտեմբերի 28-ին] Կյուրոսը մտավ Բաբելոն, և նրա առաջ կանաչ ճյուղեր փռեցին՝ քաղաքում խաղաղություն (սուլմու) հաստատվեց։ Կյուրոսը Բաբելոնին ողջույնի խոսքեր ասաց։ Գոբրիասը՝ նրա կառավարիչը, Բաբելոնում մարզերի կառավարիչներ նշանակեց»g։
13 Կարելի է նկատել, որ այս տարեգրության մեջ չի հիշատակվում մարաց Դարեհի մասին։ Այս անունը չկա նաև ոչ աստվածաշնչյան մակագրություններում և պատմական փաստաթղթերում, որոնք պատկանում են մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակահատվածին։ Նրա մասին ամենավաղ հիշատակումը հանդիպում ենք հրեա պատմագիր Հովսեպոսի գրվածքներում (մ.թ. առաջին դար)։ Այդ պատճառով ոմանք ենթադրում են, որ այդ Դարեհը գուցե տարեգրության մեջ հիշատակված Գոբրիասն է։ Թեև այս երկուսի նկարագրություններում շատ ընդհանրություններ կան, սակայն վստահությամբ հնարավոր չէ ասել, որ խոսքը մեկ անձնավորության մասին էh։ Ամեն դեպքում, պատմությունը հաստատում է, որ Կյուրոսն է գրավել Բաբելոնը և դարձել նրա թագավորը։
14. Ի՞նչ է գրված «Կյուրոսի գլանի» վրա։
14 «Կյուրոսի գլան»։ Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ մ.թ.ա. 539թ.-ին Կյուրոսը գրավեց Բաբելոնը և այն դարձրեց իր կայսրության մի մասը, կավե գլանի վրա մակագրություն արվեց այդ իրադարձության մասին։ Այս յուրահատուկ փաստաթուղթը նույնպես պահվում է Բրիտանական թանգարանում։ Դրա վրա գրված է. «Ես Կյուրոսն եմ՝ աշխարհի թագավորը, մեծ թագավորը, օրինական թագավորը, Բաբելոնի թագավորը, Շումերի և Աքքադի թագավորը, աշխարհի չորս ծայրերի թագավորը.... Ես Տիգրիսի մյուս կողմում գտնվող [նախկինում կոչվող] սուրբ քաղաքներին, որոնց սրբավայրերը երկար ժամանակ է, ինչ ավերակներ էին.... վերադարձրի այն կուռքերը, որ մի ժամանակ այնտեղ էին.... Ես (նաև) հավաքեցի բոլոր (նախկին) բնակիչներին և վերադարձրի (նրանց) իրենց բնակավայրերը»i։
15. Ի՞նչ է «Կյուրոսի գլանը» հայտնում թագավորի քաղաքականության մասին, և ներդաշնա՞կ է արդյոք այդ տեղեկությունը Աստվածաշնչին։
15 «Կյուրոսի գլանի» վրա եղող այս մակագրությունը փաստում է գերիներին հայրենիք վերադարձնելու Կյուրոսի քաղաքականությունը։ Սա ներդաշնակ է աստվածաշնչյան արձանագրությանը, որի համաձայն՝ Կյուրոսը հրաման է արձակել ու թույլ տվել, որ հրեաները վերադառնան Երուսաղեմ ու վերականգնեն Եհովայի տունը։ Հետաքրքիր է, որ այս դեպքից 200 տարի առաջ Եհովան մարգարեաբար նշել է Կյուրոսի անունը որպես մեկը, ով պետք է գրավեր Բաբելոնը և Եհովայի ժողովրդին վերադարձներ իրենց հայրենիք (Ես. 44։28; 45։1; 2 Տար. 36։23)։
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՐԵՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Հնագիտությունը հաստատո՞ւմ է Քրիստոնեական Հունարեն Գրությունների վավերականությունը։
16 Հնագիտությունը լույս է սփռում նաև բազմաթիվ հետաքրքիր արտեֆակտերի վրա, որոնք հաստատում են Քրիստոնեական Հունարեն Գրությունների վավերականությունը։
17. Ո՞ր գտածոն է հաստատում հարկի վերաբերյալ տեղի ունեցած Հիսուսի զրույցը։
17 Տիբերիոսի պատկերով հռոմեական մետաղադրամ։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Հիսուսի երկրային ծառայությունը տեղի է ունեցել Տիբերիոս կայսեր իշխանության օրոք։ Մի անգամ Հիսուսի հակառակորդները, փորձելով ծուղակի մեջ գցել նրան, հարցրին, թե արդյոք պետք է հարկ վճարել կայսրին։ Ավետարանում կարդում ենք. «Նկատելով նրանց կեղծավորությունը՝ նա ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում։ Ինձ մի դինար բերեք՝ տեսնեմ»։ Եվ նրանք բերեցին։ Հիսուսը հարցրեց նրանց. «Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է սա»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»։ Եվ նրանք շատ տպավորվեցին նրա խոսքերից» (Մարկ. 12։15–17)։ Հնագետները գտել են արծաթյա մի մետաղադրամ, որի վրա պատկերված է Տիբերիոս կայսեր գլուխը (սկսել է ղեկավարել մ.թ. 14թ.-ին)։ Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել մ.թ. մոտ 15-ին։ Այս գտածոն նաև անուղղակիորեն հաստատում է աստվածաշնչյան արձանագրությունն այն մասին, որ Հովհաննես Մկրտիչը իր ծառայությունը սկսել է Տիբերիոսի իշխանության 15-րդ տարում կամ մ.թ. 29թ. գարնանը (Ղուկ. 3։1, 2)։
18. Ո՞ր բացահայտումը հաստատեց Պոնտացի Պիղատոսի պատմական ինքնությունը։
18 Մակագրություն Պոնտացի Պիղատոսի անունով։ 1961թ.-ին էր, որ Կեսարիայում առաջին անգամ հայտնաբերվեց մի սալաքար, որի վրա լատիներեն գրված էր Պոնտացի Պիղատոսի անունը։ Սա առաջին գտածոն էր, որ հաստատեց այս հռոմեացի կառավարչի պատմական ինքնությունը։
19. Աթենքում ո՞ր տեսարժան վայրն է հաստատում այն, ինչ գրված է Գործեր 17։16–34-ում։
19 Արեոպագոս։ Մ.թ. 50-ին, երբ Պողոսը քարոզում էր հունական քաղաք Աթենքում, բնակիչները բռնեցին նրան ու տարան Արեոպագոս, որտեղ նա ներկայացրեց իր ամենահայտնի ելույթներից մեկը (Գործ. 17։16–34)։ Արեոպագոսը, կամ՝ Արեսի բլուրը մի ժայռոտ, առանց բուսականության բլուր է 113 մետր բարձրությամբ, որը գտնվում է Աթենքի Ակրոպոլիսից հյուսիս-արևմուտք։ Դեպի բլրի գագաթ տանում են ժայռի մեջ փորված աստիճաններ, որտեղ անգամ այսօր կարելի է տեսնել քարից փորագրված քառակուսաձև նստարաններ։ Արեոպագոսը, որը պահպանվել է մինչև մեր օրերը, հաստատում է աստվածաշնչյան արձանագրությունը՝ մեր առաջ ստեղծելով Պողոսի փայլուն ելույթի պատկերը։
20. Ի՞նչ է պատկերված Տիտոսի հաղթակամարի վրա, և ինչի՞ մասին է այն վկայում։
20 Տիտոսի հաղթակամարը։ Երուսաղեմը և նրա տաճարը ավերվեցին մ.թ. 70-ին Տիտոսի զորքերի կողմից։ Հաջորդ տարի Հռոմում Տիտոսը իր հոր՝ Վեսպասիանոս կայսեր հետ նշեց այս հաղթանակը՝ հաղթական երթ կազմակերպելով։ Յոթ հարյուր ընտրված հրեա գերիներ անցան երթաքայլով, իսկ հռոմեացի լեգեոնները տարան ավարը, որի մեջ էին նաև տաճարի գանձերը։ Տիտոսը դարձավ կայսր ու կառավարեց Հռոմում մ.թ. 79–81թթ.։ Նրա մահից հետո, ի պատիվ այս հաղթանակի, հսկայական հուշարձան կառուցվեց, որը կոչվեց Տիտոսի հաղթակամար ու նվիրվեց «աստվածային Տիտոսին»։ Կամարի երկու պատերին ներսի կողմից կարելի է տեսնել խորաքանդակ, որի վրա պատկերված է հանդիսավոր այդ երթը։ Մարտապատկերային այս բարձրաքանդակի մի կողմում պատկերված են հռոմեացի զինվորները՝ գլխներին դափնեպսակներ, որոնք տանում են Երուսաղեմի տաճարի սուրբ պարագաները։ Դրանց թվում են յոթ ճյուղերով ճրագակալը և ընծայված հացի սեղանը, որի վրա սուրբ փողեր կան։ Մյուս կողմում պատկերված է Տիտոսը՝ կանգնած կառքի վրա, որը տանում են չորս ձիեր Հռոմի աստվածուհու առաջնորդությամբj։ Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են Հռոմ, որպեսզի տեսնեն Տիտոսի հաղթակամարը, որը լուռ վկայում է Քրիստոսի մարգարեական խոսքերի կատարման և ըմբոստ Երուսաղեմի դեմ Եհովայի խիստ դատավճռի մասին (Մատթ. 23։37–24։2; Ղուկ. 19։43, 44; 21։20–24)։
21. ա) Ինչպե՞ս է հնագիտությունը հաստատում Աստվածաշնչի իսկությունը։ բ) Ի՞նչ պետք է հաշվի առնել հնագիտության առնչությամբ։
21 Հին ձեռագրերը օգնում են վերականգնելու Աստվածաշնչի տեքստը, իսկ բազմաթիվ հնագիտական բացահայտումներ հաստատում են, որ Աստվածաշունչը ճշգրիտ է պատմական, ժամանակագրական և աշխարհագրական տեսանկյունից, անգամ մանրուքներում։ Այդուհանդերձ, չենք կարող մտածել, որ հնագիտությունը ամեն ինչում համաձայն է Աստվածաշնչին։ Պետք է հաշվի առնել, որ հնագիտությունը զերծ չէ սխալներից։ Հայտնաբերված արտեֆակտերը հարկավոր է մեկնել, և ժամանակ առ ժամանակ դրանց մեկնությունները կարող են փոխվել։ Այդուհանդերձ, երբեմն հնագիտությունը ապացույցներ է տրամադրում Աստծու Խոսքի ճշմարտացիության վերաբերյալ։ Ֆրեդերիկ Քենյոնը, որը երկար տարիներ եղել է Բրիտանական թանգարանի տնօրենը, ասել է. «Հնագիտության շնորհիվ, որը աստվածաշնչյան ժամանակների վերաբերյալ շատ ապացույցներ է տրամադրում, Աստվածաշունչը դարձել է ավելի հասկանալի գիրք»k։ Սակայն եթե խոսենք հավատի մասին, ապա այն պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա, ոչ թե հնագիտության (Հռոմ. 10։9; Եբր. 11։6)։
22. Ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ դասում։
22 Աստվածաշնչում կան անհերքելի ապացույցներ այն մասին, որ այս գիրքը «կենդանի և հավերժական Աստծու խոսքն» է (1 Պետ. 1։23)։ Այդ ապացույցների մասին խոսվում է հաջորդ դասում։
[ծանոթագրություններ]
a «Bible and Spade», 1938, Ս. Լ. Կայգեր, էջ 29։
b «Ancient Near Eastern Texts», 1974, Ջ. Բ. Փրիչարդ, էջ 321; «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 941, 942, 1104 (անգլ.)։
c «Light From the Ancient Past», 1959, Ջ. Ֆինեգան, էջ 91, 126։
d «Ancient Near Eastern Texts», էջ 320։
e «Ancient Near Eastern Texts», էջ 288։
f «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 151, 152 (անգլ.); «Light From the Ancient», էջ 192–195։
g «Ancient Near Eastern Texts», էջ 306։
h «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 581–583 (անգլ.)։
i «Ancient Near Eastern Texts», էջ 316։
j «Light From the Ancient Past», էջ 329։
k «The Bible and Archaeology», 1940, էջ 279։
[նկարներ 363-րդ էջի վրա]
Մովաբի քարը
Մեծացված քառագիրը՝ գրված հին տառերով 18-րդ տողի վրա
[նկար 364-րդ էջի վրա]
Սենեքերիմի կոթողը
[նկար 365-րդ էջի վրա]
Նաբոնիդի տարեգրությունը
[նկար 366-րդ էջի վրա]
Տիբերիոսի պատկերով հռոմեական մետաղադրամ
[նկար 367-րդ էջի վրա]
Տիտոսի հաղթակամարը
[նկար 367-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Նկարներ 9-րդ դասի համար. էջ 363. Musée du Louvre, Paris; էջ 364. Courtesy of the Oriental Institute, University of Chicago; էջ 365. Photograph taken by courtesy of the British Museum; էջ 366. Copyright British Museum; էջ 367. Soprintendenza Archeologica di Roma։