Գլուխ 63
Հիսուսը շարունակում է խրատել
ՀԻՍՈՒՍՆ ու իր առաքյալները դեռևս գտնվում են Կափառնայումի տանը։ Բացի այն հարցից, թե առաքյալներից ով է մեծ՝ քննարկվում է ևս մեկ հարց։ Դա վերաբերում է մի դեպքի, որը գուցե պատահել է Կափառնայում վերադառնալու ճանապարհին, երբ Հիսուսն իր աշակերտների հետ չէր։ Հովհաննես առաքյալը պատմում է. «Տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, և փորձեցինք արգելել նրան, որովհետև նա մեզ հետ չէր շրջում»։
Ակներևաբար, Հովհաննեսը կարծում է, որ առաքյալները միակ առանձնաշնորհյալ մարդիկ են, ովքեր կարող են բուժումներ անել։ Ուստի նա մտածում է, որ այդ մարդը չպետք է զորավոր գործեր անի, քանի որ իրենց խմբի մեջ չէ։
Սակայն Հիսուսը հետևյալ խորհուրդն է տալիս. «Մի՛ արգելեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի և անմիջապես հետո կարողանա չարախոսել ինձ, քանի որ նա, ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։ Որովհետև ով որ ձեզ մի բաժակ խմելու ջուր տա այն բանի համար, որ դուք Քրիստոսին եք պատկանում, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա իր վարձը չի կորցնի»։
Անհրաժեշտություն չկար, որ այդ մարդը ֆիզիկապես հետևեր Հիսուսին՝ ցույց տալու համար, որ նրա կողմն է բռնում։ Քրիստոնեական ժողովը դեռևս չէր հիմնվել, ուստի այն փաստը, որ այդ մարդը նրանց խմբում չէր, չի նշանակում, որ նա ուրիշ ժողովի էր պատկանում։ Նա իրական հավատ ուներ Հիսուսի անվան հանդեպ և դրա շնորհիվ կարողանում էր դևեր հանել։ Նա անում էր մի բան, ինչը վարձատրության էր արժանի։ Հիսուսն ասաց, որ դա անելով՝ այդ մարդը չի կորցնի իր վարձը։
Սակայն ի՞նչ կպատահեր, եթե առաքյալների խոսքերը կամ գործերը գայթակղեցնեին այդ մարդուն։ Հետևանքը շատ լուրջ կլիներ։ Հիսուսն ասում է. «Ով որ գայթակղեցնում է այս փոքրերից մեկին, որը հավատում է, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա վզին մի աղացքար կապվեր, և նա ծովը գցվեր»։
Հիսուսն ասում է, որ իր հետևորդները պետք է իրենց կյանքից հեռացնեն այն ամենը, ինչը կարող է գայթակղեցնել նրանց, նույնիսկ եթե դա իրենց համար այնքան արժեքավոր է, որքան որ ձեռքը, ոտքը կամ աչքը։ Ավելի լավ է հրաժարվել սիրելի բաներից և մտնել Աստծու Թագավորությունը, քան կառչել դրանցից և գցվել գեհենը (Երուսաղեմի մոտակայքում գտնվող աղբանոց, որտեղ միշտ կրակ էր վառվում), որը խորհրդանշում է հավիտենական բնաջնջում։
Հիսուսը նաև զգուշացնում է. «Զգո՛ւյշ եղեք, որ չանարգեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկընքում նրանց հրեշտակները միշտ տեսնում են իմ Հոր երեսը, որ երկնքում է»։ Այնուհետև նա մի օրինակով պարզաբանում է, թե որքան արժեքավոր են «փոքրերը»՝ պատմելով մի մարդու մասին, որն ունի հարյուր ոչխար, բայց մեկին կորցնում է։ Հիսուսը բացատրում է, որ այդ մարդը կթողնի 99–ին ու կգնա կորածին փնտրելու և, գտնելով նրան, ավելի շատ կուրախանա դրա համար, քան 99–ի համար։ «Այդպես էլ,— եզրափակում է Հիսուսը,— իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի»։
Հավանաբար ի նկատի ունենալով առաքյալների միջև ծագած վիճաբանությունը՝ Հիսուսը քաջալերում է. «Ա՛ղ ունեցեք ձեր մեջ և իրար միջև խաղաղություն պահպանեք»։ Աղի շնորհիվ անհամ կերակուրը համեղ է դառնում։ Իսկ այլաբանական աղն օգնում է ավելի հեշտությամբ ընդունել ուրիշի ասածները։ Այսպիսի աղ ունենալը կօգնի խաղաղություն պահպանել։
Սակայն մարդկային անկատարության պատճառով երբեմն լուրջ վիճաբանություններ կծագեն։ Հիսուսն առաջնորդություն է տալիս նաև դրանք լուծելու համար։ «Եթե քո եղբայրը մեղք գործի,— ասում է նա,— գնա և ցույց տուր նրան, թե որն է իր սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը։ Իսկ եթե չլսի,— խորհուրդ է տալիս Հիսուսը,— վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով ամեն հարց հաստատվի»։
Հիսուսի խոսքերով՝ միայն վերջում է հարկավոր դիմել «ժողովին», այսինքն՝ ժողովի պատասխանատու վերակացուներին, որոնք կարող են իրավական որոշումներ կայացնել։ Եթե մեղավոր կողմը չհամաձայնի որոշման հետ, Հիսուսը եզրափակում է. «Թող քեզ համար լինի ինչպես այլազգի և մաքսահավաք»։
Այդպիսի որոշումներ կայացնելիս վերակացուները պետք է ճշգրտորեն հետևեն Եհովայի Խոսքում տրված հրահանգներին։ Ուստի երբ նրանք պարզեն, որ անհատը մեղավոր է և արժանի է պատժի, դատաստանը «երկնքում արդեն կապված կլինի»։ Եվ երբ նրանք «արձակեն երկրի վրա», այսինքն՝ պարզեն, որ անհատն անմեղ է, «երկնքում [այն] արդեն արձակված կլինի»։ Հիսուսն ասում է, որ այսպիսի իրավական քննարկումների ժամանակ «ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ՝ նրանց միջև»։ Մատթեոս 18:6–20; Մարկոս 9:38–50; Ղուկաս 9:49, 50։
▪ Ինչո՞ւ Հիսուսի օրերում անհրաժեշտ չէր նրան ուղեկցել։
▪ Որքա՞ն լուրջ կարող է լինել փոքրերին գայթակղեցնելը, և ի՞նչ օրինակով է Հիսուսը պարզաբանում, թե որքան արժեքավոր են նրանք։
▪ Հավանաբար, ի՞նչն է մղում Հիսուսին քաջալերել առաքյալներին, որ իրենց մեջ աղ ունենան։
▪ Ի՞նչ իմաստ են կրում «կապել» և «արձակել» բառերը։