Գլուխ 71
Փարիսեցիները չեն ուզում հավատալ
ՆԱԽԿԻՆՈՒՄ կույր մուրացկանի ծնողներին կանչում են փարիսեցիների մոտ. նրանք խիստ վախեցած են։ Նրանք գիտեն, որ փարիսեցիները վճռել են ժողովարանից վտարել ցանկացած մարդու, ով կհավատա Հիսուսին։ Հատկապես աղքատ ընտանիքի համար հասարակության հետ շփում ունենալուց զրկված լինելը ահռելի դժվարություններ կարող է ստեղծել։ Ուստի ծնողները զգույշ են։
— Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել,— հարցնում են փարիսեցիները։— Ապա այդ ինչպե՞ս է, որ նա հիմա տեսնում է։
— Մենք գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել,— հաստատում են ծնողները։— Բայց թե ինչպե՛ս է նա հիմա տեսնում, չգիտենք, կամ թե ով բացեց նրա աչքերը, մենք չգիտենք։
Անշուշտ, նրանց որդին պատմել է ողջ եղելությունը, սակայն շրջահայաց ծնողներն ասում են.
— Իրե՛ն հարցրեք։ Նա արդեն չափահաս է, ի՛նքը պետք է իր տեղը խոսի։
Փարիսեցիները նորից կանչում են այդ մարդուն և այս անգամ փորձում են վախեցնել նրան՝ ասելով, որ մեղադրական ապացույցներ են հավաքել Հիսուսի դեմ։ «Աստծուն փա՛ռք տուր,— պահանջում են նրանք։— Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»։
Նախկինում կույր մարդը չի ժխտում նրանց մեղադրանքը, այլ ասում է. «Մեղավոր է, թե՝ ոչ, չգիտեմ»։ Այնուհետև ավելացնում է. «Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ»։
Փորձելով սխալ գտնել նրա տված վկայության մեջ՝ փարիսեցիները դարձյալ հարցնում են.
— Նա ի՞նչ արեց քեզ։ Ինչպե՞ս բացեց քո աչքերը։
— Ես ձեզ արդեն ասացի,— գանգատվում է մարդը,— բայց դուք չլսեցիք։ Ինչո՞ւ եք ուզում նորից լսել»։ Այնուհետև հեգնանքով հարցնում է. «Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»։
Նրա պատասխանը կատաղեցնում է փարիսեցիներին։ «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը,— մեղադրում են նրան,— իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ, բայց այս մարդու համար մենք չգիտենք, թե որտեղից է»։
Իր զարմանքն արտահայտելով՝ խոնարհ մուրացկանը պատասխանում է. «Զարմանալին էլ հենց դա է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, մինչդեռ նա իմ աչքերը բացեց»։ Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այստեղից։ Մուրացկանը նշում է մի ընդունված տեսակետ. «Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե որևէ մեկը աստվածավախ է և նրա կամքն է կատարում, նա լսում է նրան։ Հնուց ի վեր երբեք լսված բան չէ, որ ինչ–որ մեկը կույր ծնված մարդու աչքերը բաց անի»։ Ուստի եզրահանգումը ակնհայտ է. «Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, ոչինչ էլ չէր կարողանա անել»։
Փարիսեցիները ոչինչ չեն կարողանում պատասխանել այսպիսի հստակ, պարզ տրամաբանության դեմ։ Նրանք չեն կարողանում հերքել ճշմարտությունը, ուստի վիրավորում են այդ մարդուն՝ ասելով. «Դու ամբողջովին մեղքերի մեջ ես ծնված և դեռ դո՞ւ ես մեզ սովորեցնում»։ Ապա դուրս են վռնդում նրան և, ակներևաբար, վտարում ժողովարանից։
Երբ Հիսուսն իմանում է այդ մասին, գտնում է մուրացկանին և ասում.
— Հավատո՞ւմ ես մարդու Որդուն։
— Ո՞վ է նա, տե՛ր, որ հավատամ նրան,— հարցնում է երբեմնի կույր մուրացկանը։
— Քեզ հետ խոսողը հենց նա է,— պատասխանում է Հիսուսը։
Այդ մարդը անմիջապես խոնարհվում է Հիսուսի առաջ և ասում.
— Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր։
— Այս դատաստանի համար ես եկա աշխարհ, որ չտեսնողները տեսնեն, և տեսնողները կուրանան,— ասում է Հիսուսը։
Այնտեղ ներկա փարիսեցիները, դա լսելով, հարցնում են. «Մի՞թե մենք էլ ենք կույր»։ Եթե նրանք ընդունեին, որ մտքով կույր են, արդարացում կունենային այն բանի համար, որ մերժում են Հիսուսին։ Ինչպես որ Հիսուսն էլ ասում է նրանց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա»։ Իսկ նրանք կարծրացրել են իրենց սրտերը և պնդում են, որ կույր չեն ու հոգևորապես լուսավորվելու կարիք չունեն։ Դրա համար Հիսուսն ասում է. «Հիմա ասում եք՝ «տեսնում ենք»։ Ձեր մեղքը մնում է»։ Հովհաննես 9։19–41։
▪ Ինչո՞ւ են նախկինում կույր մուրացկանի ծնողները վախենում, երբ փարիսեցիները կանչում են նրանց, և ինչպիսի՞ զգուշություն են ցուցաբերում։
▪ Ինչպե՞ս են փարիսեցիները փորձում վախեցնել նախկինում կույր մարդուն։
▪ Այդ մարդու ո՞ր տրամաբանական փաստարկն է կատաղեցնում փարիսեցիներին։
▪ Ինչո՞ւ փարիսեցիները արդարացում չունեն այն բանի համար, որ հակառակվում են Հիսուսին։