Գլուխ 75
Երջանկության աղբյուրը
ՀՐԵԱՍՏԱՆՈՒՄ Հիսուսը կրկնում է այն հրաշքները, որոնք արել էր Գալիլեայում իր ծառայության ժամանակ։ Օրինակ՝ նա մի մարդուց դև է հանում, որը նրան համր էր դարձրել։ Ժողովուրդը զարմանում է, սակայն ոմանք քննադատում են Հիսուսին և բերում այն նույն մեղադրանքը, ինչ որ գալիլեացիները։ «Նա դևերի իշխան Բեհեղզեբուղի միջոցով է հանում դևերին»,— պնդում են նրանք։ Իսկ ուրիշներն ուզում են, որ Հիսուսը ավելի շատ ապացույցներ տա իր ինքնության վերաբերյալ, ուստի նրան փորձելու համար երկնքից նշան են խնդրում։
Իմանալով, թե ինչի մասին են նրանք մտածում՝ Հիսուսը իրեն քննադատողներին այն նույն պատասխանն է տալիս, ինչը նա տվել էր Գալիլեայում։ Նա ասում է, որ ամեն թագավորություն, որը բաժանված է իր մեջ, կփլուզվի։ «Ուստի,— հարցնում է նա,— եթե Սատանան բաժանված է իր մեջ, նրա թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա»։ Նա ցույց է տալիս, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակում են գտնվում իր հակառակորդները՝ ասելով. «Եթե Աստծու մատով եմ հանում դևերին, ապա Աստծու թագավորությունը հասել է ձեզ վրա»։
Հիսուսի հրաշքները տեսնողները պետք է որ արձագանքեն ճիշտ այնպես, ինչպես այն մարդիկ, ովքեր դարեր առաջ տեսել էին Մովսեսի կատարած հրաշքը։ Նրանք բացականչել էին. «Սա Աստծու մատն է»։ «Աստծու մատն էր», որ քարե տախտակների վրա փորագրել էր Տասը պատվիրանները։ Եվ հենց «Աստծու մատը»՝ նրա սուրբ ոգին, կամ՝ գործուն ուժն է, որ հնարավորություն է տալիս Հիսուսին հանել դևերին և բուժել հիվանդներին։ Ուրեմն Աստծու Թագավորությունը իսկապես հասել է այս քննադատողների վրա, քանի որ Հիսուսը՝ Թագավորության նշանակված Թագավորը, գտնվում է այնտեղ՝ նրանց միջև։
Այնուհետև Հիսուսը օրինակ է բերում ցույց տալու համար, որ դևեր հանելու իր կարողությունը այն բանի ապացույցն է, որ ինքը իշխանություն ունի Սատանայի վրա։ Նա համեմատում է դա այն բանի հետ, թե ինչպես է լավ զինված մարդը պահպանում իր պալատը, բայց գալիս է նրանից ուժեղը և հաղթում է նրան։ Հիսուսը նաև կրկնում է անմաքուր ոգու մասին իր օրինակը, որը նա բերել էր Գալիլեայում։ Ոգին հեռանում է մարդուց, բայց երբ մարդը դատարկությունը չի լցնում լավ բաներով, ոգին վերադառնում է՝ իր հետ բերելով յոթ ուրիշ ոգիների, և այդ մարդու վիճակը ավելի է վատանում, քան սկզբում էր։
Այս բաները լսելով՝ ժողովրդի միջից մի կին բացականչում է. «Երանի այն արգանդին, որ կրեց քեզ, և այն ստինքներին, որ սնեցին քեզ»։ Քանի որ յուրաքանչյուր հրեա կնոջ փափագը մարգարեի՝ հատկապես Մեսիայի մայրը լինելն է, հասկանալի է, թե ինչու է այս կինը այդպիսի խոսքեր ասում։ Ակներևաբար, նա մտածում է, որ Մարիամը անսահման երջանիկ է, քանի որ Հիսուսի մայրն է։
Սակայն Հիսուսը շտապ ուղղում է այդ կնոջը և ցույց տալիս, թե որն է իսկական երջանկության աղբյուրը։ «Ո՛չ,— պատասխանում է նա,— այլ նրանք են երջանիկ, ովքեր լսում են Աստծու խոսքը և պահում են այն»։ Հիսուսը երբեք ակնարկ անգամ չարեց, որ իր մորը առանձնահատուկ պատիվ պետք է տրվի։ Փոխարենը՝ նա ցույց տվեց, որ իսկական երջանկությունը գալիս է ոչ թե ազգակցական կապերից կամ ինչ–որ հաջողությունների հասնելուց, այլ Աստծու հավատարիմ ծառա լինելուց։
Ինչպես Գալիլեայում, Հրեաստանում ևս Հիսուսը հանդիմանում է ժողովրդին երկնքից նշան ուզելու համար։ Նա ասում է, որ բացի Հովնանի նշանից՝ ուրիշ նշան չի տրվի։ Հովնանը նշան եղավ նրանով, որ երեք օր մնաց ձկան փորում, նաև նրանով, որ խիզախորեն քարոզեց, ինչի շնորհիվ նինվեցիները զղջացին։ «Բայց ահա,— ասում է Հիսուսը,— Հովնանից էլ մեծն է այստեղ»։ Հիսուսը նաև հիշատակում է Սաբայի թագուհու մասին, որը հիացել էր՝ լսելով Սողոմոնի իմաստությունը։ «Բայց ահա,— կրկնում է Հիսուսը,— Սողոմոնից էլ մեծն է այստեղ»։
Հիսուսը բացատրում է, որ երբ մարդը վառում է ճրագը, չի դնում այն նկուղում կամ գրվանի տակ։ Նա դնում է այն ճրագակալի վրա, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել լույսը։ Գուցե Հիսուսը ակնարկում է, որ այս կամակոր մարդկանց ուսուցանելը և նրանց առջև հրաշքներ գործելը նման է ճրագի լույսը թաքցնելուն։ Այսպիսի դիտորդների աչքերը պարզ չեն, այսինքն՝ նրանք հստակ չեն տեսնում, ուստի նրա հրաշքները իրենց նպատակին չեն հասնում։
Հիսուսը քիչ առաջ հանեց դևին և այնպես արեց, որ համրը կարողանա խոսել։ Սա պետք է մղի պարզ, կամ՝ լավ տեսողություն ունեցող մարդկանց գովաբանել այդ արարքը և հռչակել բարի լուրը։ Սակայն այս քննադատները այդպես չեն անում։ Հիսուսը եզրափակում է իր խոսքը. «Ուրեմն զգո՛ւյշ եղիր։ Միգուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի։ Ուստի եթե ամբողջ մարմինդ լուսավոր է, և ոչ մի մասը խավար չէ, ապա այն ամբողջությամբ լուսավոր կլինի, այնպես, ինչպես ճրագն է իր շողերով լուսավորում քեզ»։ Ղուկաս 11։14–36; Ելից 8։18, 19; 31։18; Մատթեոս 12։22, 28։
▪ Ինչպե՞ս են մարդիկ արձագանքում, երբ Հիսուսը բուժում է համր մարդուն։
▪ Ի՞նչ է «Աստծու մատը», և ինչպե՞ս էր Աստծու Թագավորությունը հասել Հիսուսի ունկնդիրների վրա։
▪ Ո՞րն է իսկական երջանկության աղբյուրը։
▪ Ինչպե՞ս կարող է մարդ պարզ աչք ունենալ։