Գլուխ 105
Վճռորոշ օրվա սկիզբը
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ երեկոյան Երուսաղեմից հեռանալով՝ Հիսուսը վերադառնում է Բեթանիա, որը գտնվում է Ձիթենյաց լեռան արևելյան լանջին։ Երուսաղեմում իր վերջին ծառայության երկու օրերը ավարտվել են։ Անկասկած, Հիսուսը գիշերն անցկացնում է իր ընկեր Ղազարոսի տանը։ Ուրբաթ օրը Երիքովից վերադառնալուց հետո սա արդեն չորրորդ գիշերն է, որ նա անցկացնում է Բեթանիայում։
Նիսանի 11–ին՝ երեքշաբթի վաղ առավոտյան, նա իր աշակերտների հետ դարձյալ ճանապարհին է։ Այս օրը Հիսուսի ծառայության վճռորոշ և ամենազբաղված օրն է։ Նախքան իր դատաքննությունը և մահվան դատապարտվելը սա վերջին օրն է, որ Հիսուսը հայտնվում է տաճարում և վերջին օրն է, որ նա ծառայում է հանրության մեջ։
Հիսուսն ու իր աշակերտները նույն ճանապարհով, այսինքն՝ Ձիթենյաց լեռան վրայով գնում են Երուսաղեմ։ Ճանապարհին Պետրոսը նկատում է այն ծառը, որը Հիսուսը նախորդ առավոտ անիծել էր։ «Ռաբբի՛, տե՛ս,— բացականչում է նա,— այն թզենին, որին դու անիծեցիր, չորացել է»։
Բայց ինչո՞ւ Հիսուսը չորացրեց ծառը։ Նա բացատրում է պատճառը. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե միայն հավատ ունենաք և չկասկածեք, դուք ոչ միայն կանեք այն, ինչ որ ես արեցի այս թզենուն, այլև նույնիսկ եթե այս սարին [Ձիթենյաց սարին, որի վրա նրանք կանգնած են] ասեք՝ «վե՛ր կաց և ծովն ընկիր», այդպես կլինի։ Եվ ամեն ինչ, որ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք»։
Ուստի ծառը չորացնելով՝ Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում է, թե որքան կարևոր է հավատ ունենալ Աստծու հանդեպ։ Նա ասում է. «Այն ամենը, ինչի համար որ աղոթում ու խնդրում եք, հավատացեք, որ արդեն ստացել եք, և կունենաք»։ Ինչպիսի՜ կարևոր դաս է աշակերտների համար, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ սարսափելի փորձությունների են նրանք շուտով բախվելու։ Սակայն թզենու չորանալու և հավատի որակի միջև մեկ ուրիշ կապ ևս գոյություն ունի։
Այս թզենու նման՝ Իսրայել ազգը խաբուսիկ տեսք ունի։ Թեև այդ ազգը Աստծու հետ ուխտի մեջ է և գուցե արտաքնապես ցույց է տալիս, թե կատարում է նրա հրահանգները, սակայն, միևնույնն է, հավատ չունի և զուրկ է լավ պտուղներից։ Անհավատության պատճառով նրանք նույնիսկ Աստծու Որդուն են մերժում։ Ուստի անպտուղ թզենուն չորացնելով՝ Հիսուսը պատկերավոր կերպով ցույց է տալիս, թե ինչպիսին կլինի այս անպտուղ և անհավատ ազգի վախճանը։
Շուտով Հիսուսն իր աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, և իրենց սովորության համաձայն՝ գնում են տաճար, որտեղ Հիսուսը սկսում է ուսուցանել։ Ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները, անկասկած նկատի ունենալով այն, թե նախորդ օրը Հիսուսն ինչ արեց դրամափոխներին, հարց են ուղղում նրան. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները։ Եվ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»։
Ի պատասխան՝ Հիսուսն ասում է. «Ես էլ ձե՛զ մի բան հարցնեմ։ Եթե դուք ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները։ Հովհաննեսի կատարած մկրտությունը որտեղի՞ց էր, երկնքի՞ց, թե՞ մարդկանցից»։
Քահանաներն ու երեցները սկսում են իրար մեջ խորհրդակցել, թե ինչպես պատասխանեն։ «Եթե ասենք՝ երկնքից, նա մեզ կասի. «Այդ դեպքում ինչո՞ւ չհավատացիք նրան»։ Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ապա ժողովրդից վախենում ենք, որովհետև նրանք բոլորն էլ Հովհաննեսին որպես մարգարե են ընդունում»։
Առաջնորդները չգիտեն, թե ինչ պատասխանեն, ուստի ասում են Հիսուսին. «Չգիտե՛նք»։
Հիսուսն էլ պատասխանում է. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները»։ Մատթեոս 21։19–27; Մարկոս 11։19–33; Ղուկաս 20։1–8։
▪ Ինչո՞վ է հատկանշական երեքշաբթի օրը՝ նիսանի 11–ը։
▪ Ի՞նչ դասեր է սովորեցնում Հիսուսը՝ թզենին չորացնելով։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը պատասխանում այն հարցին, թե ինչ իշխանությամբ է անում իր գործերը։