Գլուխ 111
Վերջին օրերի նշանը
ԱՐԴԵՆ երեքշաբթի է։ Օրվա երկրորդ կեսին Հիսուսը նստած է Ձիթենյաց լեռան վրա և այնտեղից նայում է տաճարին։ Այդ ժամանակ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը առանձին նրա մոտ են գալիս։ Նրանք մտահոգված են տաճարով, քանի որ Հիսուսը քիչ առաջ նախագուշակեց, որ նրանում քարը քարի վրա չի մնա։
Սակայն Հիսուսին մոտենում են նաև այն պատճառով, որ նրանց մտքում ուրիշ հարցեր էլ են առաջացել։ Մի քանի շաբաթ առաջ նա խոսել էր իր «ներկայության» մասին, որի ժամանակ մարդու Որդին պիտի հայտնվեր։ Իսկ դրանից առաջ նա պատմել էր «իրերի համակարգի վախճանի» մասին։ Ուստի առաքյալներն ավելին են ուզում իմանալ։
«Ասա՛ մեզ,— ասում են նրանք,— ե՞րբ են լինելու այս բաները [ինչի արդյունքում կկործանվի Երուսաղեմն ու նրա տաճարը], և ո՞րն է լինելու քո ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը»։ Փաստորեն, նրանց հարցը երեք մասից է բաղկացած։ Առաջին՝ նրանք ուզում են իմանալ Երուսաղեմի և նրա տաճարի վախճանի մասին, երկրորդ՝ թագավորական իշխանությամբ Հիսուսի ներկայության մասին և երրորդ՝ իրերի ամբողջ համակարգի վախճանի մասին։
Հիսուսը մանրամասնորեն պատասխանում է այդ հարցի բոլոր երեք մասերին։ Նա տալիս է նշան, որի օգնությամբ հնարավոր է բնորոշել, թե երբ է լինելու հրեական իրերի համակարգի վերջը։ Բայց դրանով չի սահմանափակվում։ Նա տալիս է նաև մի նշան, որի օգնությամբ իր ապագա աշակերտները կկարողանան իմանալ, որ ապրում են իր ներկայության ժամանակահատվածում, և որ իրերի ամբողջ համակարգի վերջը մոտ է։
Հաջորդ մի քանի տարիների ընթացքում առաքյալները տեսնում են Հիսուսի մարգարեության կատարումը։ Այո՛, այն, ինչ նա կանխագուշակել էր, տեղի է ունենում նրանց օրերում։ Ուստի այն քրիստոնյաները, ովքեր 37 տարի անց՝ մ. թ. 70–ին դեռ կենդանի են, հանկարծակիի չեն գալիս, երբ հրեական համակարգն ու տաճարը ավերվում են։
Այնուհանդերձ, Քրիստոսի ներկայությունը չսկըսվեց մ. թ. 70–ին։ Այն շատ ավելի ուշ էր գալու։ Բայց ե՞րբ։ Այդ մասին կարելի է իմանալ՝ քննելով Հիսուսի մարգարեությունը։
Հիսուսը նախագուշակում է, որ կլինեն «պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր»։ Նա ասում է, որ «ազգը ազգի դեմ դուրս կգա», ինչպես նաև կլինեն սովեր, երկրաշարժեր ու համաճարակներ։ Նրա աշակերտներին կատեն ու կսպանեն։ Սուտ մարգարեներ դուրս կգան ու շատերին կմոլորեցնեն։ Անօրենությունը կշատանա, և շատ–շատերի սերը կսառչի։ Միառժամանակ Աստծու Թագավորության բարի լուրը կքարոզվի բոլոր ազգերին վկայություն լինելու համար։
Հիսուսի մարգարեությունը մասամբ կատարվում է նախքան մ. թ. 70 թ. Երուսաղեմի կործանումը, մինչդեռ դրա հիմնական կատարումը տեղի է ունենում իր ներկայության ժամանակ և իրերի համակարգի վախճանին։ Մանրամասնորեն քննելով համաշխարհային այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում 1914 թ.–ից ի վեր՝ կարող ենք տեսնել, որ Հիսուսի նշանակալից մարգարեության հիմնական կատարումը տեղի է ունենում հենց այդ թվականից սկսած։
Հիսուսի տված նշանի մեկ այլ երեսակը «ամայացում բերող պղծությունն» է։ Մ. թ. 66–ին այս պղծությունը հայտնվում է Հռոմի՝ «բանակ դրած զորքերի» տեսքով, որոնք շրջապատում են Երուսաղեմը և տակից փորում են տաճարի պարիսպները։ «Պղծությունը» կանգնում է այնտեղ, որտեղ չպետք է լինի։
Նշանի հիմնական կատարմամբ պղծությունը Ազգերի լիգան է և նրա հաջորդը՝ Միավորված ազգերի կազմակերպությունը։ Այս կազմակերպության նպատակը համաշխարհային խաղաղություն հաստատելն է, և քրիստոնյա աշխարհը նրան դիտում է որպես Աստծու Թագավորության փոխարինողի։ Իսկապես որ պղծություն է։ Որոշ ժամանակ անց քաղաքական ուժերը, որոնք կապ ունեն այդ կազմակերպության հետ, դուրս կգան քրիստոնյա աշխարհի դեմ (որի նախապատկերը Երուսաղեմն է) և ամայի կդարձնեն նրան։
Հիսուսը նախագուշակում է. «Մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի»։ Մ. թ. 70 թ. Երուսաղեմի կործանումը իսկապես որ մեծ նեղություն էր, որի ժամանակ, ըստ տեղեկությունների, սպանվեց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Հիսուսի մարգարեության այս հատվածի հիմնական կատարումը անհամեմատ ավելի մեծ կլինի։
Վստահություն վերջին օրերում
Նիսանի 11–ը՝ երեքշաբթի օրը, մոտենում է իր ավարտին։ Հիսուսը շարունակում է իր առաքյալների հետ խոսել թագավորական իշխանությամբ իր ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանի մասին։ Նա զգուշացնում է նրանց, որ չընկնեն սուտ քրիստոսների հետևից։ Նա ասում է, որ այդ մարդիկ ջանք կթափեն, որ «եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին մոլորեցնեն»։ Բայց այս ընտրյալները հեռատես արծիվների նման կհավաքվեն այնտեղ, որտեղ իսկական հոգևոր կերակուրն է, այսինքն՝ կհավաքվեն ճշմարիտ Քրիստոսի մոտ նրա անտեսանելի ներկայության ժամանակ։ Նրանք չեն մոլորվի և չեն հավաքվի որևէ սուտ քրիստոսի մոտ։
Սուտ քրիստոսները կարող են ընդամենը տեսանելի կերպով գալ, մինչդեռ Հիսուսի ներկայությունը անտեսանելի կլինի։ Հիսուսն ասում է, որ մեծ նեղությունը սկսվելուց հետո «արևը կխավարի, և լուսինը իր լույսը չի տա»։ Այո, սա կլինի մարդկության պատմության ամենամռայլ ժամանակահատվածը։ Այն նման կլինի ցերեկվա, որի ժամանակ արևը լույս չի տալիս, և գիշերվա՝ առանց լուսնի լույսի։
«Երկնքի զորությունները կշարժվեն»,— շարունակում է Հիսուսը։ Այսպիսով նա ցույց է տալիս, որ բառացի երկինքը չարագուշակ տեսք կընդունի։ Սարսափն ու բռնությունը կգերազանցի ամեն բան, որ տեղի է ունեցել մարդկային պատմության ընթացքում։
Հիսուսն ասում է, որ այդ ամենի արդյունքում «ազգերը կտառապեն՝ չիմանալով ելքը, որովհետև ծովը կշառաչի ու կխռովվի, և մարդիկ ուշաթափ կլինեն վախից և այն բաների սպասումից, որ գալու են բնակեցված երկրի վրա»։ Այո, երբ մարդկության պատմության այս ամենամռայլ ժամանակահատվածը մոտենա իր ավարտին, «մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և այդ ժամանակ երկրի բոլոր ցեղերը կողբան և կուրծք կծեծեն»։
Սակայն երբ «մարդու Որդին գա զորությամբ»՝ իրերի այս ամբարիշտ համակարգը կործանելու համար, ոչ բոլորը պիտի ողբան։ «Ընտրյալները», այսինքն՝ 144 000–ի անդամները, որոնք Քրիստոսի հետ իշխելու են նրա երկնային Թագավորությունում, չեն ողբա, չեն ողբա նաև նրանց ուղեկիցները, որոնց Հիսուսը ավելի վաղ անվանեց «ուրիշ ոչխարներ»։ Չնայած այն բանին, որ նրանք ապրում են մարդկության պատմության ամենամռայլ ժամանակահատվածում, այնուհանդերձ արձագանքում են Հիսուսի հորդորին. «Երբ այս բաները սկսեն կատարվել, ուղի՛ղ կանգնեք և բարձրացրե՛ք ձեր գլուխները, որովհետև ձեր ազատագրումը մոտենում է»։
Որպեսզի վերջին օրերում ապրող իր աշակերտները կարողանան բնորոշել վախճանի մոտ լինելը, Հիսուսը հետևյալ օրինակն է բերում. «Նայեք թզենուն և մյուս բոլոր ծառերին։ Երբ նրանք արդեն բողբոջած են, դա տեսնելով՝ իմանում եք, որ ամառն արդեն մոտ է։ Նույն ձևով էլ դուք, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։
Այսպիսով՝ երբ Հիսուսի աշակերտները տեսնեն, որ նշանի տարբեր երեսակները կատարվում են, նրանք պետք է հասկանան, որ իրերի համակարգի վերջը մոտ է, և որ Աստծու Թագավորությունը շուտով պիտի ամբողջությամբ սրբի ամբարշտությունը։ Իրականում վերջը կգա այն մարդկանց օրերում, ովքեր կտեսնեն Հիսուսի նախագուշակած բոլոր իրադարձությունների կատարումը։ Այժմ Հիսուսը հորդորում է այն աշակերտներին, ովքեր կենդանի կլինեն այդ նշանակալից վերջին օրերում.
«Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան շատակերությամբ ու հարբեցողությամբ և կյանքի հոգսերով, և այդ օրը հանկարծակի հասնի ձեզ վրա, ինչպես ծուղակ։ Որովհետև այն կգա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին։ Ուրեմն արթո՛ւն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն, և կանգնել մարդու Որդու առաջ»։
Իմաստուն և հիմար կույսերը
Հիսուսը դեռ շարունակում է պատասխանել իր առաքյալների այն հարցին, թե որն է լինելու թագավորական իշխանությամբ իր ներկայության նշանը։ Այժմ նա պատմում է երեք առակ, որպեսզի ցույց տա նշանի հավելյալ երեսակները։
Յուրաքանչյուր առակի կատարումը տեսանելի կլինի նրանց համար, ովքեր կապրեն Հիսուսի ներկայության օրոք։ Առաջին առակը նա սկսում է հետևյալ խոսքերով. «Այն ժամանակ երկընքի թագավորությունը կնմանվի տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները և դուրս եկան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ խոհեմ»։
Ասելով «թագավորությունը կնմանվի տասը կույսերի»՝ Հիսուսը չի ուզում տալ այն միտքը, թե երկնային Թագավորությունը ժառանգողների կեսը հիմար են, իսկ մյուս կեսը՝ խոհեմ։ Նա ուզում է ասել, որ երկնքի Թագավորության հետ առնչվող որոշակի հարցեր նման կլինեն առակում բերված իրավիճակներին։
Տասը կույսերը խորհրդանշում են բոլոր քրիստոնյաներին, ովքեր հույս ունեն կամ էլ պնդում են, թե հույս ունեն ժառանգելու երկնային Թագավորությունը։ Մ. թ. 33–ի Պենտեկոստեին էր, որ քրիստոնեական ժողովը նշանվեց հարություն առած և փառավորված Փեսայի՝ Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ հարսանիքը պետք է տեղի ունենար երկնքում. այն լինելու էր ապագայում ինչ–որ անորոշ ժամանակ։
Առակում նկարագրված տասը կույսերը դուրս են գալիս փեսային և հարսանքավորներին դիմավորելու։ Երբ փեսան հասնի, նրանք իրենց ճրագներով կլուսավորեն ճանապարհը և այդպիսով պատիվ կտան նրան, երբ նա հարսին բերի այն տունը, որը պատրաստված է նրա համար։ Սակայն Հիսուսն ասում է. «Հիմարները վերցրին իրենց ճրագները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին, մինչդեռ խոհեմները սրվակներով ձեթ վերցրին իրենց ճրագների հետ։ Մինչ փեսան ուշանում էր, բոլորն էլ սկսեցին նիրհել և քուն մտան»։
Այն, որ փեսան ուշանում է, ցույց է տալիս, որ իբրև իշխող Թագավորի՝ Քրիստոսի ներկայությունը պետք է լիներ հեռավոր ապագայում։ Վերջապես, նա նստում է իր գահին 1914 թ.–ին։ Մինչ այդ, երկար գիշերվա ընթացքում բոլոր կույսերը քուն են մտնում։ Բայց նրանք դրա համար չեն դատապարտվում։ Հիմար կույսերը դատապարտվում են այն բանի համար, որ իրենց սրվակներով ձեթ չեն վերցրել։ Այնուհետև Հիսուսը նկարագրում է, թե նախքան փեսայի գալը կույսերն ինչպես են արթնանում. «Ուղիղ գիշերվա կեսին աղաղակ լսվեց. «Ահա՛ փեսան։ Դո՛ւրս եկեք դիմավորելու նրան»։ Եվ բոլոր կույսերը վեր կացան ու պատրաստեցին իրենց ճրագները։ Հիմարներն ասացին խոհեմներին. «Ձեր ձեթից մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր ճրագները հանգչելու վրա են»։ Խոհեմներն էլ պատասխանեցին ու ասացին. «Գուցե չբավականացնի թե՛ մեզ և թե՛ ձեզ համար։ Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»»։
Ձեթը խորհրդանշում է այն, ինչի շնորհիվ ճշմարիտ քրիստոնյաները փայլում են ինչպես լուսատուներ։ Դա Աստծու ներշնչյալ Խոսքն է, որից քրիստոնյաները ամուր են բռնում. բացի այդ, դա սուրբ ոգին է, որն օգնում է նրանց հասկանալ այդ Խոսքը։ Հոգևոր ձեթը օգնում է խոհեմ կույսերին լույսով դիմավորել փեսային, որը հարսանքավորների հետ գալիս է հարսանեկան խնջույքին։ Իսկ «հիմար կույսեր» դասակարգը չունի հարկ եղած հոգևոր ձեթը իր մեջ, կամ՝ իր սրվակներում։ Հիսուսը նկարագրում է, թե ինչ է պատահում.
«Երբ [հիմար կույսերը] գնացին [ձեթ] գնելու, փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին մտան, և դուռը փակվեց։ Ապա մյուս կույսերն էլ եկան և ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար»։ Նա էլ պատասխանեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. ես ձեզ չեմ ճանաչում»»։
Այն բանից հետո, երբ Քրիստոսը գալիս է իր երկնային Թագավորությամբ, ճշմարիտ օծյալ քրիստոնյաների «խոհեմ կույսեր» դասակարգը արթնանում և ստանձնում է այս խավար աշխարհում լույս տալու իր առանձնաշնորհումը, որպեսզի գովաբանի վերադարձած Փեսային։ Իսկ նրանք, ում ներկայացնում են հիմար կույսերը, պատրաստ չեն տալու այս ողջույնի գովաբանությունը։ Ուստի երբ ժամանակը գալիս է, Հիսուսը նրանց համար երկնքում բաց չի անում դեպի հարսանեկան խնջույքը տանող դուռը։ Նա թողնում է նրանց դրսում՝ աշխարհի խավար ու խորունկ գիշերվա մեջ, որպեսզի մյուս բոլոր անօրենություն գործողների հետ կործանվեն։ «Ուստի արթո՛ւն եղեք,— եզրափակում է Հիսուսը,— որովհետև ո՛չ օրը գիտեք և ո՛չ էլ ժամը»։
Տաղանդների առակը
Հիսուսը շարունակում է իր առաքյալների հետ խոսել Ձիթենյաց լեռան վրա՝ պատմելով ևս մեկ առակ, որը երեք առակներից երկրորդն է։ Մի քանի օր առաջ Երիքովում նա պատմել էր մնասների առակը՝ ցույց տալու համար, որ Թագավորությունը հեռավոր ապագայում էր գալու։ Նրա պատմած այս առակը մի շարք նմանություններ ունի մնասների առակի հետ, սակայն նկարագրում է այն, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան թագավորական իշխանությամբ Քրիստոսի ներկայության ժամանակ։ Դրա նպատակն է ցույց տալ, որ Հիսուսի աշակերտները երկրի վրա եղած ժամանակ պետք է աշխատեն, որպեսզի շատացնեն «նրա ունեցվածքը»։
Եվ այսպես՝ Հիսուսը սկսում է պատմել. «Նաև թագավորությունը կարելի է նմանեցնել մի մարդու, որը երբ պատրաստվում էր գնալ օտար երկիր, հավաքեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց»։ Այդ մարդը Հիսուսն է, որը նախքան օտար երկիր, այսինքն՝ երկինք գնալը իր ունեցվածքը հանձնում է իր ծառաներին՝ այն աշակերտներին, ովքեր հույս ունեն մտնելու երկնային Թագավորությունը։ Ունեցվածքը նյութական միջոցները չէ, այլ ներկայացնում է այն մշակված դաշտը, որում նա ստեղծել է անհրաժեշտ պայմաններ ավելի շատ աշակերտներ հավաքելու համար։
Հիսուսը երկինք համբարձվելուց կարճ ժամանակ առաջ իր ունեցվածքը վստահում է իր աշակերտներին։ Ինչպե՞ս։ Նա պատվիրում է նրանց շարունակել աշխատել մշակված դաշտում՝ Թագավորության պատգամը քարոզելով մինչև երկրի ամենահեռավոր վայրերը։ Հիսուսն ասում է. «Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, իսկ մյուսին էլ՝ մեկ տաղանդ՝ յուրաքանչյուրին իր կարողության համեմատ, և գնաց օտար երկիր»։
Այսպիսով՝ Հիսուսի ունեցվածքը՝ ութ տաղանդները, բաշխվում են ծառաների կարողությունների, կամ՝ հոգևոր հնարավորությունների համեմատ։ Ծառաները ներկայացնում են աշակերտների դասակարգերը։ Առաջին դարում հինգ տաղանդները ստացող դասակարգի մեջ ակներևաբար մտնում էին առաքյալները։ Հիսուսը շարունակում է՝ ասելով, որ հինգ և երկու տաղանդ ստացող ծառաները կրկնապատկում են դրանք՝ Թագավորության մասին քարոզելով և աշակերտներ պատրաստելով։ Մինչդեռ մեկ տաղանդ ստացող ծառան այն թաքցնում է հողի մեջ։
«Երկար ժամանակ անց,— շարունակում է Հիսուսը,— այդ ծառաների տերը եկավ և սկսեց հաշիվները փակել նրանց հետ»։ Իսկապես, «երկար ժամանակ» հետո էր, որ Քրիստոսը վերադարձավ հաշիվները փակելու. դա տեղի ունեցավ 20–րդ դարում՝ մոտ 1 900 տարի անց։ Այնուհետև Հիսուսը բացատրում է.
«Նա, որ հինգ տաղանդ էր ստացել, մոտ գալով՝ հինգ տաղանդ ևս տվեց ու ասաց. «Տե՛ր, դու ինձ հինգ տաղանդ տվեցիր, ահա ես հինգ տաղանդ ևս շահեցի»։ Նրա տերն ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կդնեմ։ Մասնակի՛ց եղիր քո տիրոջ ուրախությանը»»։ Երկու տաղանդ ստացող ծառան նույնպես կրկնապատկել էր տաղանդները, ուստի նույն գովասանքին ու վարձատրությանն արժանացավ։
Բայց ինչպե՞ս են այս հավատարիմ ծառաները մասնակից լինում իրենց Տիրոջ ուրախությանը։ Իրենց Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ուրախությունը եղավ այն, որ «օտար երկիր», այսինքն՝ իր Հոր մոտ երկինք գնալով՝ նա որպես կալվածք ստացավ Թագավորությունը։ Ինչ վերաբերում է ներկայիս հավատարիմ ծառաներին, նրանք մեծ ուրախություն են վայելում, քանի որ իրենց վստահվել են Թագավորությանն առնչվող պատասխանատվությունները, և երբ նրանք ավարտեն իրենց երկրային ընթացքը, նրանց ուրախությունը իր գագաթնակետին կհասնի, քանի որ հարություն կառնեն և կմտնեն երկնային Թագավորությունը։ Իսկ ի՞նչ է պատահում երրորդ ծառային։
«Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես,— գանգատվում է ծառան։— Ուստի ես վախեցա ու գնացի և քո տաղանդը թաքցրի հողի մեջ, ահա քոնը քեզ»։ Ծառան միտումնավոր կերպով հրաժարվում է աշխատել մշակված դաշտում, այսինքն՝ չի ուզում քարոզել և աշակերտներ պատրաստել։ Այդ պատճառով տերը նրան անվանում է «չար և ծույլ ծառա» և դատավճիռ կայացնում. «Վերցրե՛ք նրանից այդ տաղանդը.... Այդ անպիտան ծառային դրսի խավա՛րը նետեք։ Այնտեղ է, որ կլինի նրա լացն ու ատամների կրճտոցը»։ Այս «չար ծառա» դասակարգի մեջ մտնողները դուրս են նետվում և զրկվում են հոգևոր ամեն տեսակ ուրախությունից։
Սա նախազգուշական դաս է այն բոլոր մարդկանց համար, ովքեր դավանում են, թե Քրիստոսի հետևորդներն են։ Եթե նրանք ուզում են նրա գովասանքին ու վարձատրությանն արժանանալ և չգցվել դրսի խավարն ու վերջիվերջո կործանվել, ապա պետք է աշխատեն իրենց երկնային Տիրոջ ունեցվածքը շատացնելու համար՝ լիարժեքորեն մասնակցելով քարոզչական գործին։ Արդյոք ժրաջանորե՞ն ես մասնակցում այդ գործին։
Երբ Քրիստոսը գալիս է թագավորական իշխանությամբ
Հիսուսն իր առաքյալների հետ դեռ Ձիթենյաց լեռան վրա է։ Ինչպես հիշում ես, նրանք հարցրել էին, թե որն էր լինելու նրա ներկայության և իրերի համակարգի վախճանի նշանը։ Այժմ նա պատմում է երեք առակներից վերջինը։ «Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները,— սկսում է Հիսուսը,— այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին»։
Այդ գալուստը լինում է այն ժամանակ, երբ իրերի համակարգի վերջը շատ մոտ է։ Բայց ի՞նչ նպատակով։ Հիսուսը պարզաբանում է. «Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես որ հովիվն է ոչխարներին զատում այծերից։ Եվ ոչխարներին կդնի իր աջ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ կողմը»։
Նկարագրելով այն, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր հավանության կարժանանան՝ Հիսուսն ասում է. «Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմում եղողներին. «Եկե՛ք, ո՛վ իմ Հոր կողմից օրհնվածներ, և ժառանգե՛ք աշխարհը հիմնվելուց ի վեր ձեզ համար պատրաստված թագավորությունը»։ Այս առակում հիշատակված «ոչխարները» Քրիստոսի հետ չեն թագավորի երկընքում, այլ Թագավորությունը կժառանգեն այն իմաստով, որ կլինեն նրա հպատակները։ «Աշխարհի հիմնվելը» տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադամն ու Եվան երեխաներ ունեցան, ովքեր կարող էին օգուտներ քաղել Աստծու տրամադրած միջոցից, որով նա փրկագնելու էր մարդկությանը։
Սակայն ինչո՞ւ են «ոչխարները» զատվում և տարվում Թագավորի բարեհաճության աջ կողմը։ «Որովհետև ես սոված էի, և դուք ինձ ուտելու բան տվեցիք, ծարավ էի, և դուք ինձ խմելու բան տվեցիք, օտար էի, և դուք ինձ հյուրասիրությամբ ընդունեցիք, մերկ էի, և դուք ինձ հագցրիք, հիվանդ էի, և դուք ինձ խնամեցիք, բանտում էի, և դուք ինձ այցելեցիք»։
Քանի որ «ոչխարները» երկրի վրա են, նրանք ցանկանում են իմանալ, թե այդ ինչպես է, որ կարողացել են այդպիսի լավ գործեր անել իրենց երկնային Թագավորի համար։ «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք,— հարցնում են նրանք,— կամ ծարավ և խմելու բան տվեցինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար և հյուրասիրությամբ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտում և այցելեցինք»։
«Ճշմարիտ ասում եմ ձեզ,— պատասխանում է Թագավորը,— քանի որ իմ այս եղբայրների միջից փոքրագույններից մեկին արեցիք, դուք ի՛նձ արեցիք»։ Քրիստոսի եղբայրները 144 000–ի այն անդամներն են, որոնք դեռ երկրի վրա են և ապագայում նրա հետ իշխելու են երկնքում։ Ուստի նրանց բարիք անելը, ինչպես Հիսուսն է ասում, հավասար է իրեն բարիք անելուն։
Այնուհետև Թագավորը դիմում է «այծերին». «Դե՛ն գնացեք ինձանից, ո՛վ անիծվածներ, հավիտենական կրակի մեջ, որ պատրաստված է Բանսարկուի և նրա հրեշտակների համար։ Որովհետև ես սոված էի, բայց դուք ինձ ուտելու ոչինչ չտվեցիք, ծարավ էի, բայց դուք ինձ խմելու ոչինչ չտվեցիք, օտար էի, բայց դուք ինձ հյուրասիրությամբ չընդունեցիք, մերկ էի, բայց դուք ինձ չհագցրիք, հիվանդ էի և բանտում էի, բայց դուք ինձ չխնամեցիք»։
Սակայն «այծերը» բողոքում են. «Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված կամ ծարավ, օտար կամ մերկ, հիվանդ կամ բանտում և չծառայեցինք քեզ»։ Վերջիններս խստորեն դատապարտվում են այն նույն հիմքով, որով «ոչխարները» արդարացվում են։ «Քանի որ այս փոքրագույններից [իմ եղբայրների միջից] մեկին չարեցիք,— պատասխանում է Հիսուսը,— դուք ի՛նձ չարեցիք»։
Հետևաբար՝ մինչև իրերի այս համակարգի վախճանը (որը տեղի կունենա մեծ նեղության ժամանակ) թագավորական իշխանությամբ Քրիստոսի ներկայությունը ընդգրկելու է դատաստանի ժամանակահատված։ Այծերը «կգնան դեպի հավիտենական մահ, իսկ արդարները [ոչխարները]՝ հավիտենական կյանք»։ Մատթեոս 24։2–25։46; 13։40, 49; Մարկոս 13։3–37; Ղուկաս 21։7–36; 19։43, 44; 17։20–30; 2 Տիմոթեոս 3։1–5; Հովհաննես 10։16; Հայտնություն 14։1–3։
▪ Ո՞րն է պատճառը, որ առաքյալները հարց են ուղղում, բայց հավանաբար նրանց մտքում ուրիշ ի՞նչ հարցեր են առաջացել։
▪ Հիսուսի մարգարեության ո՞ր մասն է կատարվում մ. թ. 70–ին, սակայն ի՞նչ տեղի չի ունենում այդ ժամանակ։
▪ Ե՞րբ է Հիսուսի մարգարեությունն իր առաջին կատարումն ունենում, բայց ե՞րբ կլինի դրա հիմնական կատարումը։
▪ Ո՞րն է «պղծությունը» մարգարեության առաջին և վերջին կատարմամբ։
▪ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Երուսաղեմի կործանումով «մեծ նեղության» մասին մարգարեությունը իր վերջնական կատարումը չի ունենում։
▪ Համաշխարհային ո՞ր իրադարձություններն են մատնանշում Քրիստոսի ներկայությունը։
▪ Ե՞րբ են «երկրի բոլոր ցեղերը ողբալու և կուրծք ծեծելու», բայց այդ ժամանակ ի՞նչ են անելու Քրիստոսի հետևորդները։
▪ Ի՞նչ առակ է պատմում Հիսուսը, որպեսզի օգնի իր ապագա աշակերտներին հասկանալ, թե երբ է գալու վերջը։
▪ Ի՞նչ հորդոր է տալիս Հիսուսը իր այն աշակերտներին, որոնք ապրելու էին վերջին օրերում։
▪ Ո՞ւմ են խորհրդանշում տասը կույսերը։
▪ Քրիստոնեական ժողովը ե՞րբ նշանվեց փեսայի հետ, բայց ե՞րբ է փեսան գալիս, որպեսզի հարսին տանի հարսանեկան խնջույքին։
▪ Ի՞նչ է ներկայացնում ձեթը, և այն ունենալով՝ խոհեմ կույսերը ի՞նչ են կարողանում անել։
▪ Որտե՞ղ է տեղի ունենում հարսանեկան խնջույքը։
▪ Ի՞նչ մեծ պարգև են կորցնում հիմար կույսերը, և ի՞նչ է նրանց սպասում։
▪ Ի՞նչ դաս ենք սովորում տաղանդների առակից։
▪ Ովքե՞ր են ծառաները, և ո՞րն է նրանց վստահված ունեցվածքը։
▪ Ե՞րբ է տերը գալիս հաշիվները փակելու և ի՞նչ է նա հայտնաբերում։
▪ Ո՞րն է այն ուրախությունը, որին մասնակից են լինում հավատարիմ ծառաները, և ի՞նչ է պատահում չար ծառային։
▪ Իր ներկայության ժամանակ Քրիստոսը ի՞նչ է անում։
▪ Ի՞նչ իմաստով են «ոչխարները» ժառանգում Թագավորությունը։
▪ Ե՞րբ տեղի ունեցավ «աշխարհի հիմնումը»։
▪ Ինչի՞ հիման վրա են մարդիկ դատվում իբրև «ոչխարներ» և «այծեր»։