Գլուխ 22
Մաս 1. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
Այս գլուխը բաղկացած է հինգ մասից։ Սա առաջին մասն է, որում խոսվում է այն մասին, թե ինչպես է Եհովայի վկաների գործունեությունը ծավալվել ամբողջ աշխարհում։ Այս բաժինը գտնվում է 404–422-րդ էջերում։ Այնտեղ ներկայացվում են 1870-ականներից մինչև 1914 թվականն ընկած ժամանակահատվածի դեպքերը։ Մարդկությունը մինչ օրս չի սթափվել այն ցնցումներից, որ պատճառեց 1914-ին սկսած Առաջին համաշխարհային պատերազմը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները դեռ վաղուց ասում էին, որ հենց այդ թվականին էին ավարտվելու հեթանոսների ժամանակները։
ՆԱԽՔԱՆ երկինք համբարձվելը Հիսուս Քրիստոսը իր առաքյալներին հետևյալ խոսքերն ասաց. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Նա նաև նախապես ասել էր, որ «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Այդ գործը առաջին դարում չէր ավարտվել։ Դրա մեծ մասն արվել է մեր ժամանակներում։ Անչափ տպավորիչ է իմանալ, թե ինչպես է այն իրականացվել 1870-ականներից մինչև մեր օրերը։
Թեև Չարլզ Թեյզ Ռասելը հայտնի դարձավ իր աստվածաշնչյան ելույթներով, որոնց մասին նախապես լայնորեն ազդարարվում էր, սակայն նրան հետաքրքրում էին ոչ թե լեփ-լեցուն դահլիճները, այլ մարդիկ անհատապես։ Ուստի երբ 1879-ին նա սկսեց տպագրել «Դիտարանը», դրանից կարճ ժամանակ անց միջոցներ ձեռնարկեց, որ այցելի պարբերագիրը ընթերցողների փոքր խմբերին՝ նպատակ ունենալով նրանց հետ քննարկել աստվածաշնչյան տարբեր թեմաներ։
Չ. Թ. Ռասելը հորդորում էր, որ նրանք, ովքեր հավատում էին Աստծու Խոսքում գրված հիանալի խոստումներին, դրանց մասին պատմեն ուրիշներին, և այն անհատները, ում սրտում ճշմարտությունը խոր արմատներ էր գցել, հենց այդպես էլ վարվում էին։ Այդ գործին աջակցելու նպատակով բազմաթիվ նյութեր էին տպագրվում։ 1881-ի սկզբներին լույս տեսան մի շարք թերթիկներ, որոնցում տեղ գտած նյութերը հետագայում համալրվեցին այլ տեղեկություններով, և կազմվեց ավելի ծավալուն մի հրատարակություն՝ «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» անվանումով։ Այն լույս տեսավ 1200000 օրինակով և նախատեսված էր տարածելու համար։ Բայց ինչպե՞ս կարող էր Աստվածաշունչ ուսումնասիրողների այդ փոքր խումբը (հավանաբար, այդ ժամանակ 100 հոգի էին) տարածել այդքան գրականություն։
Քարոզում են եկեղեցի հաճախողներին
Աստվածաշունչ ուսումնասիրողները «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» հրատարակության որոշ օրինակներ տալիս էին իրենց բարեկամներին և ընկերներին։ Մի շարք թերթերի խմբագրություններ համաձայնվեցին մեկական օրինակ ուղարկել իրենց բաժանորդներին։ (Հատուկ ուշադրություն դարձվեց շաբաթաթերթերին և ամսաթերթերին, որպեսզի դրանց միջոցով այդ հրատարակությունը հասներ գյուղական շրջաններում ապրող բազմաթիվ մարդկանց։) Սակայն հիմնականում այն տարածվեց մի քանի կիրակի օրերի ընթացքում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի եկեղեցիների մոտակայքում։ Քանի որ Աստվածաշունչ ուսումնասիրողները փոքրաթիվ էին և չէին կարող այդ գործը կատարել միայն իրենց ուժերով, նրանք աշխատողներ էին վարձում։
Եղբայր Ռասելը իր ընկերակիցներից երկուսին՝ Ջ. Ք. Սանդերլինին և Ջ. Ջ. Բենդերին, ուղարկեց Մեծ Բրիտանիա, որպեսզի նրանք այնտեղ տարածեն այդ հրատարակության 300000 օրինակ։ Գործը կազմակերպելու համար եղբայր Սանդերլինը մեկնեց Լոնդոն, իսկ եղբայր Բենդերը մեկնեց դեպի հյուսիս՝ Շոտլանդիա, ապա դեպի հարավ՝ ճանապարհին բաժանելով հրատարակությունը։ Գլխավորաբար ուշադրություն էր դարձվում մեծ քաղաքներին։ Թերթերի հայտարարությունների միջոցով եղբայրները գտան համապատասխան մարդկանց և նրանց հետ պայմանագրեր կնքեցին, որպեսզի վերջիններս գտնեն բավականաչափ մարդիկ եղած գրականությունը տարածելու համար։ Միայն Լոնդոնում մոտ 500 տարածողներ վարձեցին։ Աշխատանքը կատարվեց շատ արագ և ավարտվեց երկու կիրակի օրերի ընթացքում։
Այդ նույն տարի միջոցներ ձեռնարկվեցին, որ այն Աստվածաշունչ ուսումնասիրողները, որոնք կարող էին իրենց ժամանակի կեսը կամ ավելին տրամադրել Տիրոջ գործին, ծառայեին որպես գրքեր տարածողներ և Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված գրականություն տարածեին։ Գրքեր տարածողները, որոնք այսօր կոչվում են ռահվիրաներ, իսկապես մեծ ներդրում են ունեցել բարի լուրի հռչակման գործում։
Հաջորդ տասնամյակի ընթացքում եղբայր Ռասելը պատրաստեց զանազան թերթիկներ, որոնց օգնությամբ ավելի հեշտ կլիներ տարածել Աստվածաշնչի կարևոր ճշմարտություններից մի քանիսը, որ արդեն հասկացել էին Աստվածաշունչ ուսումնասիրողները։ Նա նաև գրեց «Հազարամյակի արշալույս» (հետագայում՝ «Գրությունների ուսումնասիրություն») ժողովածուի մի քանի հատորներ։ Հետո նա սկսեց քարոզչական ճամփորդություններ կատարել տարբեր երկրներ։
Ռասելը ճամփորդում է տարբեր երկրներ
1891-ին նա այցելեց Կանադա, որտեղ 1880-ից ի վեր այնքան շատ մարդիկ էին հետաքրքրություն ցույց տալիս, որ Տորոնտոյում անցկացված համաժողովի ժամանակ ներկա եղավ մոտ 700 հոգի։ 1891-ին նա մեկնեց նաև Եվրոպա՝ տեսնելու համար, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել ճշմարտությունն այնտեղ ավելի արագ տարածելու համար։ Այդ ճամփորդության ընթացքում նա եղավ Իռլանդիայում, Շոտլանդիայում, Անգլիայում, Եվրոպական շատ երկրներում, Ռուսաստանում (այն տարածքում, որտեղ այժմ Մոլդովան է), ինչպես նաև Մերձավոր Արևելքում։
Ի՞նչ եզրակացության նա եկավ այդ ճամփորդությունից հետո։ «Մենք տեսանք, որ Ռուսաստանում մարդիկ պատրաստ չեն ճշմարտությունը ընդունելու.... Մենք պարարտ հող չտեսանք նաև Իտալիայում, Թուրքիայում, Ավստրիայում և Գերմանիայում,— գրում է նա։— Բայց Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Շվեյցարիան և հատկապես Անգլիան, Իռլանդիան ու Շոտլանդիան հասունացած արտեր են և պատրաստ են հնձի։ Դրանք ասես կանչում են. «Եկեք և օգնեք մեզ»»։ Դա այնպիսի ժամանակաշրջան էր, երբ կաթոլիկ եկեղեցին դեռևս արգելում էր Աստվածաշունչ ընթերցել, նաև երբ բազմաթիվ բողոքականներ հեռանում էին իրենց եկեղեցիներից, և երբ շատերը, հիասթափված եկեղեցիներից, ընդհանրապես մերժում էին Աստվածաշունչը։
Այդ ճամփորդությունից հետո ավելի շատ ջանքեր գործադրվեցին, որ գրականությունը թարգմանվի եվրոպական լեզուներով՝ հոգևորապես քաղցած մարդկանց օգնելու համար։ Նաև միջոցներ ձեռնարկվեցին, որ գրականություն տպագրվի և պահեստավորվի Լոնդոնում, որպեսզի ավելի հեշտ լինի այն տարածել Մեծ Բրիտանիայում։ Մեծ Բրիտանիան իսկապես պատրաստ էր հնձի համար։ 1900-ին այնտեղ արդեն կային ինը ժողովներ և ընդհանուր հաշվով՝ 138 Աստվածաշունչ ուսումնասիրողներ, որոնցից մի քանիսը եռանդուն գրքեր տարածողներ էին։ Երբ 1903-ին եղբայր Ռասելը կրկին այցելեց Մեծ Բրիտանիա, Գլազգոյում հազար հոգի հավաքվեց լսելու նրա՝ «Հազարամյակի հույսեր և հեռանկարներ» վերնագրով ելույթը։ Լոնդոնում այդ ելույթը լսեց 800 հոգի, իսկ մյուս քաղաքներում՝ 500-ից 600 հոգի։
Իտալիայի Պիներոլո քաղաքում Աստվածաշունչ ուսումնասիրողների առաջին ժողովը կազմավորվեց եղբայր Ռասելի այցելությունից միայն 17 տարի անց, ինչը փաստեց, որ նրա դիտարկումները ճիշտ էին։ Իսկ Թուրքիայո՞ւմ։ Դեռևս 1880-ականների վերջերին Բազիլ Ստեֆանովը քարոզել է Մակեդոնիայում, որն այն ժամանակ Թուրքիայի եվրոպական հատվածում էր գտնվում։ Թեև թվում էր, թե ոմանք հետաքրքրություն էին ցույց տալիս, բայց իրենց եղբայր անվանող որոշ անհատներ կեղծ տեղեկություններ տարածեցին եղբայր Բազիլի մասին, ինչի պատճառով նրան բանտարկեցին։ Դրանից հետո միայն 1909-ին էր, որ Թուրքիայի Զմյուռնիա (այժմ՝ Իզմիր) քաղաքից մի հույն մարդ նամակ ուղարկեց, որում տեղեկացվում էր, որ այնտեղ մի խումբ մարդիկ ջանադրաբար ուսումնասիրում են «Դիտարան ընկերության» հրատարակությունները։ Իսկ Ավստրիա եղբայր Ռասելը կրկին այցելեց 1911-ին՝ Վիեննայում ելույթ ներկայացնելու, սակայն մի ամբոխ ընդհատեց հանդիպումը։ Գերմանիայում նույնպես երկար ժամանակ դրական արձագանք չկար ճշմարտության հանդեպ։ Մինչդեռ սկանդինավցիների պարագայում ակնհայտ էր, որ նրանք գիտակցում էին իրենց հոգևոր կարիքները։
Սկանդինավցիները միմյանց պատմում են բարի լուրը
Ամերիկայում շատ շվեդներ էին ապրում։ 1883-ին «Դիտարանի» մի թողարկում՝ որպես փորձնական օրինակ, թարգմանվեց շվեդերեն՝ այդ լեզվով խոսող մարդկանց առաջարկելու համար։ Շուտով ընթերցողները այդ օրինակները փոստով ուղարկեցին Շվեդիայում ապրող իրենց ընկերներին ու բարեկամներին։ Նորվեգերեն լեզվով գրականություն դեռևս չկար։ Սակայն 1892-ին եղբայր Ռասելի՝ դեպի Եվրոպա կատարած ճամփորդությունից մեկ տարի անց Կնուտ Փեդերսոն Համեր անունով մի նորվեգացի, որը ճշմարտությունն իմացել էր Ամերիկայում, վերադարձավ Նորվեգիա՝ իր հարազատներին քարոզելու համար։
Ապա 1894-ին, երբ գրականությունը սկսեց տպագրվել նաև դանո-նորվեգերեն լեզվով, Սոֆուս Ուինտերը՝ 25-ամյա ամերիկաբնակ մի դանիացի, ուղարկվեց Դանիա՝ այնտեղ գրականություն տարածելու համար։ Նա իր հետ ուներ գրականության մեծ պաշար և մինչև գարուն տարածել էր «Հազարամյակի արշալույս» ժողովածուի հատորներից 500 օրինակ։ Կարճ ժամանակ անց մի քանի ուրիշ անհատներ, կարդալով այդ գրականությունը, սկսեցին նրա հետ մասնակցել այդ գործին։ Ցավոք, նա հետագայում սկսեց չգնահատել այն թանկ առանձնաշնորհումը, որ ուներ։ Բայց մյուսները շարունակեցին շողացնել ճշմարտության լույսը։
Սակայն Ուինտերը նախքան ծառայությունը թողնելը որոշ ժամանակ Շվեդիայում ծառայել էր որպես գրքեր տարածող։ Դրանից կարճ ժամանակ անց Աուգուստ Լունբորը՝ «Փրկության բանակի» մի երիտասարդ կապիտան, Ստուրկյո կղզում իր ընկերոջ տանը տեսավ «Հազարամյակի արշալույսի» երկու հատորները։ Նա վերցրեց գրքերը, սիրով ընթերցեց դրանք, այնուհետև հեռացավ իր եկեղեցուց և սկսեց ուրիշներին պատմել այն, ինչ իմացել էր։ Մեկ ուրիշ երիտասարդ՝ Փ. Ջ. Յոհանսոնը, կարդալով մի թերթիկ, որը վերցրել էր մի այգու նստարանից, հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։
Երբ Շվեդիայի Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբը սկսեց մեծանալ, նրանցից ոմանք մեկնեցին Նորվեգիա՝ աստվածաշնչյան գրականություն տարածելու։ Դրանից առաջ որոշ ամերիկաբնակ նորվեգացիներ փոստով գրականություն էին ուղարկել Նորվեգիայում ապրող իրենց հարազատներին։ Ռասմուս Բլինդհեմը հենց այդ միջոցով էր իմացել ճշմարտությունը և սկսել էր ծառայել Եհովային։ Թեոդոր Սիմոնսենը՝ Ազատ առաքելություն եկեղեցու մի քարոզիչ, Նորվեգիայում ապրող շատ մարդկանց պես, ճշմարտությունն ընդունել էր այդ վաղ տարիներին։ Իր եկեղեցում ելույթներ ներկայացնելիս նա սկսեց հերքել դժոխքի մասին ուսմունքը։ Ունկնդիրները անչափ տպավորվում էին՝ լսելով այդ նոր տեղեկությունները։ Բայց երբ հայտնի դարձավ, որ նա կարդում է «Հազարամյակի արշալույսը», նրան հեռացրին եկեղեցուց։ Բայցևայնպես, նա շարունակեց մարդկանց պատմել այն հիանալի ճշմարտությունների մասին, որ իմացել էր։ Աստվածաշնչյան գրականություն էր ստացել նաև մեկ ուրիշ երիտասարդ՝ Անդրեաս Յոսեթ անունով։ Համոզվելով, որ գտել է ճշմարտությունը՝ նա թողեց իրենց ֆերման և սկսեց ծառայել որպես գրքեր տարածող։ Նա կանոնավորաբար մեկնում էր հյուսիս, ապա հարավ՝ անցնելով ֆիորդերով և ճանապարհին քարոզելով բոլոր բնակավայրերում։ Ձմռանը նա իր իրերը՝ ուտելիքը, հագուստը և գրականությունը, տանում էր սահնակով, իսկ հյուրասեր մարդիկ նրան գիշերելու տեղ էին տրամադրում։ Ութ տարվա ընթացքում ճամփորդելով տարբեր վայրեր՝ նա բարի լուրը քարոզեց գրեթե ողջ երկրով մեկ։
Աուգուստ Լունբորի կինը՝ Էբբան, 1906-ին Շվեդիայից մեկնեց Ֆինլանդիա՝ այնտեղ գրքեր տարածելու գործին մասնակցելու նպատակով։ Գրեթե այդ նույն ժամանակ Միացյալ Նահանգներից հայրենիք վերադարձող որոշ մարդիկ իրենց հետ բերեցին «Դիտարան ընկերության» տարբեր հրատարակություններ և սկսեցին մարդկանց պատմել այն ամենը, ինչ իմանում էին։ Դրա շնորհիվ մի քանի տարի անց Էմիլ Էստերմանը, որին չէր բավարարում այն, ինչ սովորեցնում էր եկեղեցին, ձեռք բերեց «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը։ Նա գիրքը տվեց նաև իր ընկերոջը՝ Կարլո Հարտևային, որը նույնպես որոնումների մեջ էր։ Գիտակցելով ստացած գիտելիքների կարևորությունը՝ Հարտևան գիրքը թարգմանեց ֆիններեն և Էստերմանի ֆինանսական աջակցությամբ տպագրեց այն։ Նրանք միասին սկսեցին տարածել գիրքը։ Ավետարանչի իսկական ոգի դրսևորելով՝ նրանք զրուցում էին մարդկանց հետ հասարակական վայրերում, գնում էին տնից տուն, նաև ելույթներ էին ներկայացնում լեփ-լեցուն դահլիճներում։ Հելսինկիում մի հանդիպման ժամանակ քրիստոնեական աշխարհի կեղծ ուսմունքները քողազերծելուց հետո եղբայր Հարտևան իր ունկնդիրներին առաջարկեց, որ իրենց Աստվածաշնչով ապացուցեն հոգու անմահության ուսմունքը, եթե իհարկե կարող են։ Բոլոր ներկաները նայեցին քահանաներին։ Ոչ ոք չհամարձակվեց խոսել։ Ոչ ոք չկարողացավ մի բան ասել՝ ի պատասխան Եզեկիել 18։4-ում գրված պարզ խոսքերի։ Ներկաներից ոմանք հետագայում ասացին, որ այդ ամենը լսելուց հետո ողջ գիշեր չէին կարողացել քնել։
Համեստ այգեպանը քարոզում է Եվրոպայում
Այդ նույն ժամանակ Ադոլֆ Վեբերը, հետևելով իր տարեց անաբապտիստ ընկերոջ խորհրդին, Շվեյցարիայից մեկնեց Միացյալ Նահանգներ՝ Աստվածաշնչի մասին ավելի խոր հասկացողություն ձեռք բերելու նպատակով։ Այնտեղ նա տեսավ մի հայտարարություն, որ պահանջվում է այգեպան, և ընդունվեց աշխատելու եղբայր Ռասելի մոտ։ «Դարերի աստվածային ծրագիրը» գրքի (այն ժամանակ մատչելի էր գերմաներեն լեզվով) և եղբայր Ռասելի անցկացրած հանդիպումների օգնությամբ Ադոլֆը ձեռք բերեց այն աստվածաշնչյան գիտելիքները, որոնք նա փնտրում էր, և 1890-ին մկրտվեց։ Երբ «լուսավորվեցին նրա սրտի աչքերը», նա հասկացավ, թե ինչ մեծ հնարավորություն է բացվել իր առջև (Եփես. 1։18)։ Որոշ ժամանակ Միացյալ Նահանգներում եռանդորեն քարոզելուց հետո նա վերադարձավ իր ծննդավայր՝ այս անգամ «Տիրոջ այգում» աշխատելու համար։ Այդպիսով՝ 1890-ականների կեսերին նա դարձյալ Շվեյցարիայում էր և Աստվածաշնչի ճշմարտությունների մասին պատմում էր ազնվասիրտ մարդկանց։
Ադոլֆը իր ապրուստը վաստակում էր՝ աշխատելով որպես այգեպան և անտառապահ, սակայն նրա համար առաջնայինը բարի լուրը քարոզելն էր։ Նա վկայություն էր տալիս նրանց, ում հետ աշխատում էր, ինչպես նաև մոտակա քաղաքներում և գյուղերում ապրող մարդկանց։ Նա գիտեր մի քանի լեզու և Ընկերության հրատարակությունները թարգմանում էր ֆրանսերեն։ Ձմռանը նա իր պայուսակը լցնում էր գրականությունով և ոտքով գնում էր Ֆրանսիա, իսկ երբեմն դեպի հյուսիս-արևմուտք՝ Բելգիա, ապա դեպի հարավ՝ Իտալիա։
Ցանկանալով քարոզել այն մարդկանց, ում չէր կարող անձամբ հանդիպել՝ նա հայտարարություններ էր տալիս թերթերում և ամսագրերում՝ առաջարկելով Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված գրականություն։ Կենտրոնական Ֆրանսիայից Էլի Թերոնը արձագանքեց այդ հայտարարություններից մեկին։ Կարդալով Ընկերության հրատարակությունները՝ նա հասկացավ, որ գտել է ճշմարտությունը, և շուտով ինքը սկսեց քարոզել բարի լուրը։ 1901-ին Բելգիայում Ժան-Բատիստ Թիլման ավագը նույնպես տեսավ այդ հայտարարություններից մեկը և ձեռք բերեց «Հազարամյակի արշալույսի» հատորներից երկուսը։ Նա անչափ հիացավ՝ նկատելով, թե աստվածաշնչյան ճշմարտությունները որքան պարզ են ներկայացված, և չէր կարող այդ ամենի մասին չպատմել իր ընկերներին։ Հաջորդ տարի Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ կանոնավորաբար հանդիպումներ էր անցկացնում նրա տանը։ Կարճ ժամանակ անց այդ փոքր խմբի գործունեության շնորհիվ բարի լուրը սկսեց պտուղներ բերել նույնիսկ Ֆրանսիայի հյուսիսում։ Եղբայր Վեբերը կապ էր պահպանում այդ խմբի հետ և պարբերաբար այցելում էր նորակազմ խմբերը՝ հոգևորապես քաջալերելով նրանց և հրահանգներ տալով այն մասին, թե ինչպես բարի լուրը քարոզել մարդկանց։
Բարի լուրը հասնում է Գերմանիա
1880-ականների կեսերին, երբ Ընկերության հրատարակությունները նոր էին սկսել լույս տեսել գերմաներենով, բազմաթիվ ամերիկաբնակ գերմանացիներ, որոնք հասկացան այդ գրականության արժեքը, սկսեցին դրանք ուղարկել Գերմանիայում ապրող իրենց հարազատներին։ Համբուրգի հիվանդանոցներից մեկում աշխատող մի բուժքույր «Հազարամյակի արշալույսի» մի քանի հատորներ բաժանեց հիվանդանոցում։ 1896-ին Ադոլֆ Վեբերը Շվեյցարիայում գերմաներենով լույս տեսնող թերթերում հայտարարություններ էր տալիս և փոստով թերթիկներ էր ուղարկում Գերմանիա։ Հաջորդ տարի Գերմանիայում գրականության պահեստ բացվեց, որպեսզի ավելի հեշտ լիներ տարածել «Դիտարանի» գերմաներեն թողարկումները, բայց արդյունքները շատ քիչ էին։ Սակայն 1902-ին Մարգարետե Դեմուտը, որը ճշմարտությունն իմացել էր Շվեյցարիայում, տեղափոխվեց Թայլֆինգեն, որը գտնվում է Շվարցվալդի արևելյան մասում։ Նրա եռանդուն վկայության շնորհիվ Գերմանիայում հիմնվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների առաջին խմբերից մեկը։ Սամուել Լաուպերը բարի լուրը քարոզելու համար Շվեյցարիայից տեղափոխվեց Բերգիշես Լենդ, որը գտնվում է Քյոլնից հյուսիս-արևելք։ 1904-ին արդեն հանդիպումներ էին անցկացվում Վերմելսկիրխենում։ Այդ հանդիպումներին ներկա էր լինում 80-ամյա մի մարդ՝ Գոտլիպ Փասը, որը մինչ այդ ճշմարտության որոնումների մեջ էր։ Այդ հանդիպումները դեռ նոր էին սկսել անցկացվել, երբ Փասը մահվան անկողնում «Դիտարան» պարբերագիրը վեր բարձրացրեց և ասաց. «Սա է ճշմարտությունը։ Ամուր բռնեք այն»։
Աստիճանաբար ավելանում էր այն մարդկանց թիվը, ում հետաքրքրում էին աստվածաշնչյան այս ճշմարտությունները։ Միջոցներ ձեռնարկվեցին, որպեսզի Գերմանիայի տարբեր թերթերին կցվեն «Դիտարան» պարբերագրի անվճար փորձնական օրինակներ, թեև դրա համար շատ գումար էր պահանջվում։ 1905-ի մի հաշվետվության համաձայն՝ «Դիտարանի» ավելի քան 1500000 այդպիսի օրինակ տարածվեց։ Այդ փոքր խումբն իսկապես հսկայական գործ արեց։
Աստվածաշունչ ուսումնասիրողները չէին կարծում, որ բավական է քարոզել միայն իրենց տարածքում ապրող մարդկանց։ Դեռևս 1907-ին Գերմանիայից եղբայր Էրլերը մի քանի անգամ մեկնեց Բոհեմիա, որն այն ժամանակ Ավստրո-Հունգարիայի կազմում էր (հետագայում դարձավ Չեխոսլովակիայի մի մասը)։ Նա տարածում էր հրատարակություններ, որոնք նախազգուշացնում էին, որ Արմագեդոնը մոտ է, և հայտնում էին, թե ինչ օրհնություններ է վայելելու մարդկությունը այդ պատերազմից հետո։ Մինչև 1912թ. մեկ ուրիշ Աստվածաշունչ ուսումնասիրող արդեն աստվածաշնչյան գրականություն էր տարածել Մեմել քաղաքի տարածքում, որն այժմ գտնվում է Լիտվայում։ Շատերը խանդավառությամբ արձագանքեցին բարի լուրին, և շուտով Աստվածաշունչ ուսումնասիրողների մի քանի բավականին մեծ խմբեր կազմվեցին։ Սակայն երբ նրանք իմացան, որ ճշմարիտ քրիստոնյաները պետք է նաև քարոզեն, նրանց թիվը սկսեց նվազել։ Բայցևայնպես, մի քանիսը փաստեցին, որ իսկապես ընդօրինակում են Քրիստոսին՝ «հավատարիմ և ճշմարիտ վկային» (Հայտն. 3։14)։
Երբ մոտ 1907-ին գերմանացի մի բարոն՝ Նիկոլաուս ֆոն Տորնո անունով, որը մեծ սեփականություն ուներ Ռուսաստանում, այցելեց Շվեյցարիա, նրան տվեցին «Դիտարան ընկերության» թերթիկներից մեկը։ Երկու տարի անց նա ներկա եղավ Բեռլինում (Գերմանիա) անցկացվող հանդիպումներից մեկին։ Նա եկավ իր ծառայի ուղեկցությամբ՝ իր լավագույն հագուստով։ Մի որոշ ժամանակ նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Աստված այս անգին ճշմարտությունները վստահել այսպիսի հասարակ մարդկանց։ Սակայն նրան օգնեցին 1 Կորնթացիներ 1։26–29-ում գրված խոսքերը. «Եղբայրնե՛ր, տեսնում եք, թե ովքեր եք դուք՝ կանչվածներդ. մարմնավոր տեսանկյունից՝ շատ իմաստուններ չէ, որ կանչվեցին, ոչ էլ շատ զորավորներ և շատ ազնվատոհմ մարդիկ.... որպեսզի ոչ մի մարմին չպարծենա Աստծու առաջ»։ Համոզվելով, որ գտել է ճշմարտությունը՝ Ֆոն Տորնոն վաճառեց Ռուսաստանի իր սեփականությունը և իր անձն ու բոլոր միջոցները նվիրեց մաքուր երկրպագության շահերն առաջ տանելու գործին։
1911-ին, երբ տեղի ունեցավ գերմանացի մի զույգի՝ Հերկենդելների հարսանիքը, հարսնացուն իր հորից որպես օժիտ գումար խնդրեց արտասովոր մեղրամիս անցկացնելու համար։ Նա և իր ամուսինը նպատակադրել էին մի ճամփորդություն, որն այդքան էլ հեշտ չէր լինելու և տևելու էր ամիսներ։ Նրանք իրենց մեղրամիսն անցկացրին Ռուսաստանում՝ գերմանախոս մարդկանց քարոզելով։ Այո՛, ամեն տեսակ մարդիկ հնարավոր բոլոր կերպերով ուրիշներին պատմում էին այն ամենը, ինչ իմացել էին Աստծու սիրառատ նպատակի մասին։
Աճ Մեծ Բրիտանիայում
Այն բանից հետո, երբ 1881-ին Մեծ Բրիտանիայում մեծ թվով աստվածաշնչյան գրականություն տարածվեց, եկեղեցի հաճախող որոշ անհատներ հասկացան, որ հարկավոր է վարվել իրենց սովորածի համաձայն։ Իսլինգթոնից (Լոնդոն) Թոմ Հարտը այն անհատներից մեկն էր, ում տպավորել էր «Դիտարանում» տպագրված հետևյալ սուրբգրային խորհուրդը. «Դո՛ւրս եկ նրա միջից, ի՛մ ժողովուրդ»։ Դա նշանակում էր դուրս գալ Մեծ Բաբելոնի մաս կազմող քրիստոնեական աշխարհի եկեղեցիներից և հետևել աստվածաշնչյան ուսմունքներին (Հայտն. 18։4)։ 1884-ին Հարտը հեռացավ եկեղեցուց, և նրա օրինակին հետևեցին նաև մի քանի ուրիշ անհատներ։
Աստվածաշունչ ուսումնասիրողների խմբերի հետ համագործակցող շատ անհատներ հետագայում դարձան արդյունավետ քարոզիչներ։ Ոմանք աստվածաշնչյան գրականություն էին առաջարկում Լոնդոնի այգիներում, ինչպես նաև այլ վայրերում, որտեղ մարդիկ հանգստանում էին։ Մյուսները ուշադրությունը կենտրոնացնում էին գործարար տարածքների վրա։ Այնուամենայնիվ, քարոզչության հիմնական ձևը տնից տուն գնալն էր։
«Դիտարանի» բաժանորդներից մեկը՝ Սարա Ֆերին, եղբայր Ռասելին մի նամակ գրեց՝ հայտնելով, որ նա և իր ընկերներից մի քանիսը կցանկանային Գլազգոյում մասնակցել թերթիկների տարածման գործին։ Որքա՜ն զարմացավ նա, երբ իր դռան առջև կանգնեց մի բեռնատար՝ 30000 թերթիկներով բեռնված, որոնք նախատեսված էին անվճար տարածելու համար։ Նրանք անմիջապես գործի անցան։ Իսկ Մինի Գրինլիզը և նրա երեք երիտասարդ որդիները, իրենց տրամադրության տակ ունենալով մի պոնի և սայլ, մեծ ջանքեր գործադրեցին աստվածաշնչյան գրականությունը Շոտլանդիայի գյուղական շրջաններում տարածելու համար։ Ավելի ուշ Ալֆրեդ Գրինլիզը և Ալեքսանդր Մաք-Գիլիվրեյը հեծանվով անցան Շոտլանդիայի շատ վայրերով՝ տարածելով թերթիկներ։ Գրականությունը տարածելու համար աշխատողներ վարձելու փոխարեն՝ նվիրված կամավորները իրենք էին անում այդ գործը։
Նրանց սիրտը մղում էր գործերի
Հիսուս Քրիստոսը իր առակներից մեկում ասաց, որ այն անհատները, ովքեր «լավ և բարի սիրտ ունեն, խոսքը լսելուց հետո» պտուղ կբերեն։ Անկեղծ երախտագիտությունը Աստծու սիրառատ միջոցառումների հանդեպ կմղի նրանց Աստծու Թագավորության բարի լուրը ուրիշներին պատմելու (Ղուկ. 8։8, 11, 15)։ Անկախ իրենց հանգամանքներից՝ նրանք դա անելու միջոցներ կգտնեն։
Օրինակ՝ արգենտինացի մի ճանապարհորդ «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» հրատարակության մի քանի էջ վերցրեց իտալացի մի նավաստուց։ Գտնվելով Պերուի նավահանգիստներից մեկում՝ նա նամակով «Դիտարանի» հրատարակիչներից ավելի շատ գրականություն խնդրեց։ Ցանկանալով ավելին իմանալ՝ 1885-ին նա Արգենտինայից մեկ անգամ ևս գրեց Ընկերությանը և նորից գրականություն խնդրեց։ Այդ նույն տարի Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի մի ծառայողի իր հրետանային զորախմբի հետ ուղարկեցին Սինգապուր։ Նա իր հետ վերցրեց «Դիտարանի» մի թողարկում։ Կարդալով պարբերագիրը՝ նա անչափ տպավորվեց և սկսեց դրա միջոցով մարդկանց ցույց տալ Աստվածաշնչի տեսակետը նրանց հուզող հարցերի վերաբերյալ։ 1910-ին Կոլոմբոյում (Ցեյլոն, այժմ՝ Շրի Լանկա) կանգ առավ մի նավ, որով ճամփորդում էին երկու քրիստոնյա քույրեր։ Նրանք օգտվեցին առիթից և վկայություն տվեցին պարոն Վան Թվեստին, որը նավահանգստի հսկիչն էր։ Կանայք նրան պատմեցին այն հիանալի բաների մասին, որ իմացել էին «Դարերի աստվածային ծրագիրը» գրքից։ Արդյունքում՝ պարոն Վան Թվեստը դարձավ Աստվածաշունչ ուսումնասիրող և այդպիսով Շրի Լանկայում սկսեց քարոզվել բարի լուրը։
Նույնիսկ նրանք, ովքեր չէին կարողանում ճանապարհորդել, կերպեր էին փնտրում Աստվածաշնչի սիրտ ջերմացնող ճշմարտությունները ուրիշ երկրներում ապրող մարդկանց քարոզելու համար։ Ինչպես երևում է 1905-ին տպագրված մի շնորհակալական նամակից, Միացյալ Նահանգներում ապրող մի մարդ «Դարերի աստվածային ծրագիրը» գիրքը ուղարկեց Սենտ Թոմասի (այն ժամանակ պատկանում էր Դանիական Վեստ Ինդիային) բնակիչներից մեկին։ Գիրքը կարդալուց հետո այդ մարդը ծնկի իջավ և աղոթքով ասաց Աստծուն, որ ցանկանում է նրա կամքը կատարել։ 1911-ին Բրազիլիայից Բելոնա Ֆերգիսոնը գրեց, որ իր օրինակը «վառ ապացույց է» այն բանի, որ ճշմարտության լույսը կարող է «հասնել ցանկացած մարդու, որքան էլ հեռու նա ապրի»։ Նա, ըստ երևույթին, 1899-ից ի վեր փոստով ստացել էր Ընկերության հրատարակությունները։ Առաջին համաշխարհային պատերազմից որոշ ժամանակ առաջ Պարագվայում գերմանացի մի ներգաղթյալ իր փոստարկղում գտավ Ընկերության թերթիկներից մեկը։ Նա ավելի շատ գրականություն պատվիրեց և շուտով խզեց քրիստոնեական աշխարհի եկեղեցիների հետ ունեցած իր կապերը։ Այդ մարդը և իր կնոջ եղբայրը որոշեցին մկրտել միմյանց, քանի որ երկրում չկար ուրիշ մեկը, որ կարող էր անել դա։ Իսկապես բարի լուրը քարոզվում էր երկրի հեռավոր անկյուններում և պտուղ էր բերում։
Իսկ ուրիշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ որոշեցին մեկնել իրենց կամ իրենց ծնողների ծննդավայր, որպեսզի իրենց ընկերներին ու բարեկամներին պատմեն Եհովայի հրաշալի նպատակների մասին, նաև այն մասին, թե ինչ կարող են անել նրանք, որպեսզի վայելեն այն օրհնությունները, որ կպարգևի Եհովան։ Օրինակ՝ 1895-ին եղբայր Օլեշինսկին վերադարձավ Լեհաստան և սկսեց քարոզել «փրկանքի, վերականգնման և վերին կոչման» մասին։ Ցավոք, նա հետագայում թողեց իր ծառայությունը։ 1898-ին հունգարացի նախկին մի պրոֆեսոր Կանադայից մեկնեց իր հայրենիք՝ Աստվածաշնչի այս հրատապ լուրը քարոզելու համար։ 1905-ին մի մարդ, որ Ամերիկայում դարձել էր Աստվածաշունչ ուսումնասիրող, վերադարձավ Հունաստան՝ այնտեղ քարոզելու նպատակով։ Իսկ 1913-ին մի երիտասարդ Նյու Յորքից վերադարձավ իր ընտանիքի հայրենի քաղաք՝ Ռամալլահ, որը գտնվում էր Երուսաղեմից ոչ հեռու՝ իր հետ տանելով Աստվածաշնչի ճշմարտության սերմերը։
Բարի լուրը քարոզվում է Կարիբյան ծովի ավազանում
Մինչ քարոզիչների թիվը ավելանում էր Միացյալ Նահանգներում, Կանադայում և Եվրոպայում, Աստվածաշնչի ճշմարտությունը սկսեց քարոզվել նաև Պանամայում, Կոստա Ռիկայում, Նիդերլանդական Գվիանայում (այժմ՝ Սուրինամ) և Բրիտանական Գվիանայում (այժմ՝ Գայանա)։ Ջոզեֆ Բրատուեյթը Բրիտանական Գվիանայում իմացավ ճշմարտությունը Աստծու նպատակների մասին և 1905-ին մեկնեց Բարբադոս ու այնտեղ իր ողջ ժամանակը նվիրեց այդ նպատակների մասին մարդկանց պատմելու գործին։ Լուի Ֆեյսին և Հ. Փ. Քլարկը, որոնք բարի լուրը լսել էին Կոստա Ռիկայում աշխատելիս, 1897-ին վերադարձան Ջամայկա, որպեսզի իրենց նոր ձեռք բերած հավատի մասին պատմեն իրենց հայրենակիցներին։ Այնտեղ ճշմարտությունը ընդունող մարդիկ հետագայում դարձան նախանձախնդիր քարոզիչներ։ Միայն 1906-ին Ջամայկայում գործող խումբը մոտ 1200000 թերթիկ և այլ գրականություն տարածեց։ Մեկ այլ ներգաղթյալ, որն աշխատում էր Պանամայում, այնտեղ ճշմարտությունն իմանալուց հետո վերադարձավ Գրենադա՝ քարոզելու աստվածաշնչյան հիանալի հույսի մասին։
1910–1911թթ.-ին Մեքսիկայում տեղի ունեցած հեղափոխությունը նույնպես նպաստեց այն բանին, որ Աստծու Թագավորության բարի լուրը հասնի ճշմարտությանը ծարավ մարդկանց։ Շատերը փախան դեպի հյուսիս՝ Միացյալ Նահանգներ։ Այնտեղ ոմանք հանդիպեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների և նրանցից իմացան Եհովայի հիանալի նպատակի մասին, այն է՝ հարատև խաղաղություն բերել մարդկությանը։ Իսկ հետո նրանք սկսեցին գրականություն ուղարկել Մեքսիկա։ Սակայն դա առաջին անգամը չէր, որ բարի լուրը հասնում էր Մեքսիկա։ Դեռևս 1893-ին «Դիտարանում» տպագրվեց մի նամակ, որն ուղարկել էր Ֆ. դե Փ. Ստեֆենսոնը Մեքսիկայից։ Նա կարդացել էր «Դիտարան ընկերության» հրատարակությունները և ավելի շատ գրականություն էր խնդրում Մեքսիկայում և Եվրոպայում ապրող իր ընկերների համար։
Կարիբյան ծովի ավազանի ավելի շատ երկրներում ճշմարտության համար հող պատրաստելու և կանոնավոր հանդիպումներ կազմակերպելու համար եղբայր Ռասելը 1911-ին Է. Ջ. Քովարդին ուղարկեց Պանամա, իսկ հետո՝ Կարիբյան ծովի կղզիներ։ Եղբայր Քովարդը ազդեցիկ հռետոր էր և տպավորիչ ելույթներ էր ներկայացնում։ Հաճախ հարյուրավոր մարդիկ էին գալիս նրա ելույթները լսելու, որոնցում նա հերքում էր դժոխքի կրակների և հոգու անմահության ուսմունքները, ինչպես նաև պատմում էր, թե ինչ հիանալի ապագա է սպասում մարդկությանը։ Նա գնում էր մի քաղաքից մյուսը և մի կղզուց մյուսը՝ քարոզելով շատ-շատերին։ Եղբայր Քովարդը եղավ Սենտ Լյուսիայում, Դոմինիկայում, Սենթ Քիթսում, Բարբադոսում, Գրենադայում և Տրինիդադում։ Նա քարոզել է նաև Բրիտանական Գվիանայում։ Պանամայում եղած ժամանակ եղբայր Քովարդը հանդիպեց Ջամայկայից մի երիտասարդ եռանդուն եղբոր՝ Ու. Ռ. Բրաունին, որը հետագայում ծառայեց նրա հետ Կարիբյան ծովի կղզիներից մի քանիսում։ Ավելի ուշ եղբայր Բրաունը սկիզբ դրեց բարի լուրի քարոզչությանը նաև այլ վայրերում։
1913-ին եղբայր Ռասելը անձամբ ելույթ ունեցավ Պանամայում, Կուբայում և Ջամայկայում։ Քինգստոնում (Ջամայկա) շատ մարդ եկավ նրա ելույթը լսելու, այնպես որ երկու մեծ դահլիճներ լեփ-լեցուն էին, իսկ մոտ 2000 հոգու ստիպված եղան հետ ուղարկել տեղ չլինելու պատճառով։ Մամուլի ուշադրությունից չվրիպեց այն, որ այդ հանդիպումներին հանգանակություն չարվեց, և եղբայր Ռասելը որևէ բան չասաց գումար հավաքելու մասին։
Ճշմարտության լույսը հասնում է Աֆրիկա
Այդ նույն ժամանակահատվածում ճշմարտության լույսը սկսել էր թափանցել նաև Աֆրիկա։ 1884-ին Լիբերիայից ստացված մի նամակից պարզ դարձավ, որ այնտեղ Աստվածաշնչի մի ընթերցող ձեռք էր բերել «Սնունդ՝ խորհրդածող քրիստոնյաների համար» հրատարակության մի օրինակ և խնդրում էր իրեն ուղարկել ավելի շատ օրինակներ՝ ուրիշներին տալու համար։ Դրանից մի քանի տարի անց Ընկերությունը տեղեկություն ստացավ, որ Լիբերիայում մի հոգևորական հեռացել է իր եկեղեցուց, որպեսզի մարդկանց ազատորեն սովորեցնի Աստվածաշնչի ճշմարտությունները, որոնց մասին նա իմանում էր «Դիտարան» պարբերագրից։ Նաև նշվում էր, որ այնտեղ Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ կանոնավորաբար հանդիպումներ է անցկացնում։
Երբ 1902-ին Հոլանդիայի ռեֆորմատական եկեղեցու մի հոգևորական ուղարկվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն, նա իր հետ տարավ եղբայր Չ. Թ. Ռասելի հրատարակություններից մի քանիսը։ Թեև այդ հոգևորականը անձամբ օգուտներ չքաղեց դրանցից, սակայն դրանք օգնեցին Ֆրանս Էբերսոնին և Ստոֆել Ֆուրիին, որոնք տեսան այդ գրականությունը նրա գրադարանում։ Մի քանի տարի անց այդ տարածքի Աստվածաշունչ ուսումնասիրողներին միացան նաև երկու նախանձախնդիր քույրեր, որոնք Շոտլանդիայից տեղափոխվեցին Դուրբան (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
Ցավոք, եղբայր Ռասելի հրատարակությունները ձեռք բերած մարդկանցից ոմանք, օրինակ՝ Ջոզեֆ Բուտը և Էլիոտ Կամվանան, իրենց սովորածի մասին մարդկանց պատմելիս դրանց ավելացնում էին նաև իրենց անձնական գաղափարները՝ նպատակ ունենալով սոցիալական փոփոխություններ առաջ բերել։ Նման բաների պատճառով Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Նյասալենդում (այժմ՝ Մալավի) սխալ կարծիք էր ձևավորվել Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին։ Այնուամենայնիվ, շատերը լսում էին և գնահատում բարի լուրն այն մասին, որ մարդկության խնդիրների միակ լուծումը Աստծու Թագավորությունն է։
Սակայն Աֆրիկայում լայնածավալ քարոզչական գործունեություն իրականացվեց միայն հետագայում։
Բարի լուրը՝ Արևելքի երկրներում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում
Չ. Թ. Ռասելի գրած աստվածաշնչյան հրատարակությունները Մեծ Բրիտանիայում տարածվելուց կարճ ժամանակ անց հասան նաև Արևելքի երկրներ։ 1883-ին միսս Ք. Բ. Դաունինգը, որը Չիֆուում (Յանթայ, Չինաստան) ծառայում էր որպես պրեսբիտերական միսիոներ, ստացավ «Դիտարան» պարբերագրի մի օրինակ։ Նա անչափ տպավորվեց՝ կարդալով վերականգնման ուսմունքի մասին, և սկսեց գրականություն տալ նաև մյուս միսիոներներին, այդ թվում Հորաս Ռանդլին, որը համագործակցում էր բապտիստական առաքելության խորհրդի հետ։ Հետագայում Ռանդլի մեջ ավելի մեծ հետաքրքրություն առաջացավ, երբ նա Լոնդոնի «Թայմս» թերթում տեսավ «Հազարամյակի արշալույս» ժողովածուի մասին մի հայտարարություն։ Դրանից հետո նա ստացավ գրքի երկու օրինակ, մեկը նրան ուղարկեց իր մայրը Անգլիայից, մյուսը՝ միսս Դաունինգը։ Սկզբում նրան զարմացնում էր կարդացածը։ Բայց համոզվելով, որ Երրորդությունը աստվածաշնչյան ուսմունք չէ՝ նա հեռացավ բապտիստական եկեղեցուց և սկսեց իր սովորածի մասին պատմել մյուս միսիոներներին։ 1900-ին Ռանդլը տեղեկացրեց Ընկերությանը, որ 2324 նամակներ և մոտ 5000 թերթիկներ է ուղարկել Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի և Սիամի (Թաիլանդ) միսիոներներին։ Այդ ժամանակ Արևելքի երկրներում գլխավորաբար վկայություն էր տրվում քրիստոնեական աշխարհի եկեղեցիների միսիոներներին։
Այդ նույն ժամանակահատվածում ճշմարտության սերմերը ցանվեցին նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Հավանաբար, այդ «սերմերից» առաջինը Ավստրալիա էր բերել մի մարդ 1884-ին կամ դրանից կարճ ժամանակ անց։ Նրան Աստվածաշունչ ուսումնասիրողները առաջին անգամ քարոզել էին Անգլիայի այգիներից մեկում։ Մյուս «սերմերը» այդ երկրներում ապրող մարդկանց փոստով ուղարկել են արտերկրում ապրող նրանց ընկերներն ու բարեկամները։
Ավստրալիական Միության կազմավորումից (1901) ընդամենը մի քանի տարի անց այդ երկրում արդեն «Դիտարանի» հարյուրավոր բաժանորդներ կային։ Նրանք, ովքեր ճշմարտության մասին ուրիշներին պատմելը առանձնաշնորհում էին համարում, ակտիվ գործունեություն ծավալեցին և հազարավոր թերթիկներ ուղարկեցին այն մարդկանց, ում անունները գրված էին ընտրացուցակներում։ Նրանք նաև թերթիկների բազմաթիվ օրինակներ տարածեցին փողոցներում, բացի այդ, գնացքների պատուհաններից թերթիկների կապոցներ էին նետում երկաթգծի ճանապարհին աշխատողներին և ճանապարհին հանդիպող մեկուսի տների բնակիչներին։ Նրանք մարդկանց տեղեկացնում էին, որ 1914-ին ավարտվելու են հեթանոսների ժամանակները։ Արևմտյան Ավստրալիայում Արթուր Ուիլիամս ավագը այդ մասին պատմում էր իր խանութի բոլոր հաճախորդներին, իսկ հետաքրքրություն ցույց տվող մարդկանց հրավիրում էր իր տուն՝ ավելի մանրամասն զրուցելու։
Հայտնի չէ, թե աստվածաշնչյան ճշմարտությունն առաջին անգամ ով է հասցրել Նոր Զելանդիա։ Բայց նախքան 1898-ը Նոր Զելանդիայի բնակիչ Էնդրյու Անդերսոնը արդեն ընթերցել էր «Դիտարան ընկերության» հրատարակություններից մի քանիսը, և կարդացածը մղել էր նրան ճշմարտությունը տարածել այդ երկրում՝ ծառայելով որպես գրքեր տարածող։ 1904-ին նրան միացան նաև ուրիշ գրքեր տարածողներ, որոնք եկել էին Ամերիկայից և Ավստրալիայի մասնաճյուղից (հիմնվել է 1904-ին)։ Քրայստչերչում Թոմաս Բերիի կինը գրքեր տարածողներից ստացավ «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի վեց հատորները։ 1909-ին նրա որդին՝ Բիլը, դեպի Անգլիա կատարած իր 6-շաբաթյա ծովային ճամփորդության ընթացքում կարդաց դրանք և հասկացավ, որ այնտեղ գրվածը ճշմարտություն է։ Տարիներ անց Բիլի որդին՝ Լոյդը, դարձավ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ։
Վաղ շրջանի նախանձախնդիր քարոզիչներից էր նաև Էդ Նելսոնը, որը 50 տարի շարունակ ծառայել է լիաժամ՝ Թագավորության բարի լուրը քարոզելով Նոր Զելանդիայի հյուսիսից մինչև հարավ։ Իր ծառայությունը սկսելուց մի քանի տարի անց նրան միացավ Ֆրենկ Գրոուվը, որը վատ տեսողություն ուներ և այդ պակասը լրացնելու համար մարզել էր իր հիշողությունը։ Նա նույնպես ծառայեց որպես ռահվիրա ավելի քան 50 տարի՝ մինչև իր մահը։
Շուրջերկրյա ճամփորդություն՝ բարի լուրը քարոզելու համար
1911–1912թթ.-ին ավելի շատ ջանքեր գործադրվեցին Արևելքի երկրներում ապրող մարդկանց քարոզելու համար։ Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը այդ երկրներ ուղարկեց յոթ հոգուց բաղկացած կոմիտե, որը գլխավորում էր Չ. Թ. Ռասելը։ Ճամփորդության նպատակն այն էր, որ կոմիտեի անդամները անձամբ ծանոթանային այդ երկրներում տիրող իրավիճակին։ Ամենուրեք նրանք պատմում էին Աստծու նպատակների մասին՝ հայտնելով, որ նա օրհնություններ է բերելու մարդկությանը Մեսիական Թագավորության միջոցով։ Որոշ վայրերում նրանց լսում էին փոքրաթիվ խմբեր, բայց Ֆիլիպիններում և Հնդկաստանում ունկնդիրների թիվը հասնում էր հազարների։ Աստվածաշունչ ուսումնասիրողները թիկունք չէին կանգնում քրիստոնեական աշխարհի կողմից այն ժամանակ անցկացվող արշավներին, որոնց նպատակն էր գումար հավաքել ողջ աշխարհին հավատափոխ անելու համար։ Նրանք նկատել էին, որ քրիստոնեական աշխարհի եկեղեցիների միսիոներները իրենց ջանքերը կենտրոնացնում էին աշխարհիկ կրթությունը առաջ տանելու վրա։ Բայց եղբայր Ռասելը համոզված էր, որ մարդիկ իրականում կարիք ունեն լսելու «Աստծու սիրառատ միջոցի՝ Մեսիական Թագավորության մասին ավետիսը»։ Աստվածաշունչ ուսումնասիրողները չէին ակնկալում, որ հավատափոխ կանեն ողջ աշխարհը, այլ Աստվածաշնչից հասկացել էին, որ պետք է վկայություն տային, և դրա շնորհիվ կհավաքվեին «մի խումբ ընտրյալներ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, որպեսզի դառնան [Քրիստոսի] հարս դասակարգի անդամները և նրա հետ նստեն նրա գահին հազար տարի՝ համագործակցելով նրա հետ ողջ մարդկային ցեղը վերականգնելու գործում»a (Հայտն. 5։9, 10; 14։1–5)։
Ճապոնիայում, Չինաստանում, Ֆիլիպիններում և այլ երկրներում որոշ ժամանակ մնալուց հետո կոմիտեի անդամները անցան 6400 կմ ևս՝ ճամփորդելով Հնդկաստանի տարածքում։ Դեռևս 1887-ին Հնդկաստանում ապրող որոշ մարդիկ կարդացել էին Ընկերության հրատարակությունները և շնորհակալական նամակներ էին գրել։ 1905-ից ի վեր թամիլերենով խոսող մարդկանց եռանդորեն վկայություն էր տվել մի երիտասարդ, որը Ամերիկայում սովորելու տարիներին հանդիպել էր եղբայր Ռասելին և նրանից լսել ճշմարտությունը։ Այս երիտասարդի օգնությամբ Հնդկաստանի հարավում հիմնվել էին Աստվածաշնչի ուսումնասիրության մոտ 40 խմբեր։ Սակայն նա, ուրիշներին քարոզելով հանդերձ, կորցրեց Աստծու հավանությունը, քանի որ այլևս չէր ապրում քրիստոնեական չափանիշներով (համեմատի՛ր 1 Կորնթացիներ 9։26, 27)։
Գրեթե միևնույն ժամանակահատվածում Տրավանկուրից (Կերալա) Ա. Ջ. Ջոզեֆը նամակ գրեց մի հայտնի ադվենտիստի և ի պատասխան ստացավ «Գրությունների ուսումնասիրություն» ժողովածուի հատորներից մեկը։ Այնտեղ նա գտավ Երրորդության վերաբերյալ իրեն հուզող հարցերի սպառիչ պատասխանները՝ հիմնված Աստվածաշնչի վրա։ Շուտով նա և իր ընտանիքի անդամները իրենց նոր ձեռք բերած հավատալիքների մասին սկսեցին պատմել Հնդկաստանի հարավային շրջանների բրնձի դաշտերում և կոկոսի պլանտացիաներում։ Եղբայր Ռասելի 1912-ի այցելությունից հետո եղբայր Ջոզեֆը լիաժամ ծառայություն սկսեց։ Նա տարածում էր գրականությունը՝ ճանապարհորդելով ոտքով, գնացքով, եզներին լծված սայլով և բեռնատար նավով։ Երբ նա ելույթներ էր ներկայացնում, հաճախ հոգևորականները և նրանց հետևորդները խանգարում էին։ Մի անգամ Կունդարայում մի «քրիստոնյա» հոգևորական իր հետևորդների միջոցով փորձեց խանգարել հանդիպումը։ Նրանք գոմաղբ էին նետում եղբայր Ջոզեֆի վրա։ Այդ ժամանակ մի ազդեցիկ հնդուական պարոն եկավ տեսնելու, թե ինչի պատճառով է այդպիսի աղմուկ բարձրացրել։ Նա հարցրեց հոգևորականին. «Արդյոք Քրիստոսը այդպիսի՞ օրինակ է թողել իր հետևորդների համար, թե՞ ձեր վարվելակերպով նմանվում եք Հիսուսի ժամանակների փարիսեցիներին»։ Հոգևորականը ոչինչ չգտավ ասելու և հեռացավ։
Նախքան Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության կոմիտեն կավարտեր իր չորսամսյա ճամփորդությունը ողջ երկրով մեկ, եղբայր Ռասելը Ռ. Ռ. Հոլիստերին նշանակեց որպես Ընկերության ներկայացուցիչ Արևելքի երկրներում։ Նա պետք է հոգ տաներ, որ այդ տարածքում ապրող մարդկանց քարոզվեր Աստծու սիրառատ միջոցի՝ Մեսիական Թագավորության մասին բարի լուրը։ Հատուկ թերթիկներ պատրաստվեցին տասը լեզուներով, և դրանց միլիոնավոր օրինակներ տարածվեցին Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Կորեայում այդ երկրներում ապրող տարբեր անհատների կողմից։ Հետո այդ չորս լեզուներով գրքեր թարգմանվեցին, որպեսզի նրանք, ովքեր հետաքրքրություն էին ցույց տալիս, ավելի շատ հոգևոր կերակուր ստանային։ Դա իսկապես մի հսկայական քարոզչական դաշտ էր, և դեռ շատ գործ կար անելու։ Բայց այն, ինչ արվել էր մինչ այդ, իսկապես ապշեցուցիչ էր։
Տպավորիչ վկայություն է տրվում
Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը ամբողջ աշխարհում լայնածավալ վկայություն էր տրվել։ Եղբայր Ռասելը ելույթներ ներկայացնելու նպատակով ճամփորդել էր Միացյալ Նահանգների և Կանադայի հարյուրավոր քաղաքներ, մի քանի անգամ մեկնել էր Եվրոպա, ելույթներ էր ներկայացրել Պանամայում, Ջամայկայում և Կուբայում, ինչպես նաև Արևելքի երկրների խոշոր քաղաքներում։ Տասնյակ հազարավոր մարդիկ լսել են նրա տպավորիչ ելույթները՝ հիմնված Աստվածաշնչի վրա, և տեսել են, թե ինչպես է նա հանրության առջև Աստվածաշնչի օգնությամբ պատասխանում թե՛ ընկերների, թե՛ հակառակորդների տված հարցերին։ Մեծ հետաքրքրություն էր առաջացել ամենուրեք, ուստի Ամերիկայում, Եվրոպայում, Հարավաֆրիկյան Միությունում (այժմ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում) և Ավստրալիայում հազարավոր թերթեր կանոնավորաբար տպագրում էին եղբայր Ռասելի քարոզները։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տարածել էին միլիոնավոր գրքեր, հարյուր միլիոնավոր թերթիկներ և այլ գրականություն 35 լեզուներով։
Թեև եղբայր Ռասելը մեծ դեր է ունեցել քարոզչական գործում, սակայն միայն նա չի քարոզել։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ նույնպես մասնակցել են այդ գործին՝ վկայություն տալով Եհովայի և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Վկայության գործին մասնակցողները բոլորը հռետորներ չէին։ Նրանք տարբեր ծագում ունեին և բարի լուրը քարոզելու համար օգտագործում էին ամեն հարմար միջոց։
1914-ի հունվարին, երբ մեկ տարուց էլ քիչ ժամանակ էր մնացել հեթանոսների ժամանակների ավարտին, ձեռնարկվեց լայնածավալ վկայություն մեկ այլ միջոցով։ Դա «Արարչության լուսադրաման» էր, որը նորովի ներկայացրեց երկրի առնչությամբ Աստծու նպատակը։ Այն ձեռքով նկարված գունավոր սլայդների և շարժական պատկերների ցուցադրում էր՝ ձայնի ուղեկցությամբ։ Բաղկացած էր չորս մասից, որոնցից յուրաքանչյուրը տևում էր երկու ժամ։ Միացյալ Նահանգների լրատվական միջոցները տեղեկացրին, որ ամբողջ երկրում ամեն շաբաթ հարյուր հազարավոր անհատներ են դիտում «Լուսադրաման»։ Ցուցադրման առաջին տարում Միացյալ Նահանգներում և Կանադայում դիտողների թիվը հասավ մոտ ութ միլիոնի։ Լոնդոնում (Անգլիա) Օպերայի թատրոնը և «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահը միշտ լեփ-լեցուն էին լինում հանդիսատեսներով։ Իսկ Բրիտանական կղզիների 98 քաղաքներում կես տարվա ընթացքում ներկայացումը դիտեց ավելի քան 1226000 հոգի։ Գերմանիայի և Շվեյցարիայի դահլիճները նույնպես լեփ-լեցուն էին լինում հանդիսատեսներով։ Բազմաթիվ մարդիկ դիտեցին «Լուսադրաման» նաև Սկանդինավիայում և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում։
Ինչպիսի՜ հրաշալի և տպավորիչ վկայություն է տրվել ամբողջ աշխարհում Եհովայի վկաների ժամանակակից պատմության առաջին տասնամյակներին։ Բայց իրականում դա միայն սկիզբն էր։
1880-ականների սկզբներին բարի լուրը քարոզելու գործին ակտիվորեն մասնակցում էր ընդամենը մի քանի հարյուր հոգի։ 1914-ին, եղած տվյալների համաձայն, այդ գործին մասնակցում էր 5100 հոգի։ Հավանաբար, ուրիշներն էլ են երբեմն թերթիկներ տարածել։ Բարի լուրը հռչակողները համեմատաբար փոքրաթիվ էին։
Մինչև 1914-ի վերջերը քարոզիչների այդ փոքր խումբը արդեն զանազան կերպերով հռչակել էր Աստծու Թագավորությունը 68 երկրներում։ Եվ այդ երկրներից 30-ում Աստծու Խոսքի քարոզչության և ուսուցման գործը արդեն քիչ թե շատ կանոնավոր բնույթ էր կրում։
Նախքան հեթանոսների ժամանակների ավարտը միլիոնավոր գրքեր և հարյուր միլիոնավոր թերթիկներ էին տարածվել։ Բացի այդ, 1913-ին արդեն 2000 թերթեր կանոնավորաբար տպագրում էին Չ. Թ. Ռասելի քարոզները, իսկ 1914-ին երեք մայրցամաքներում ընդհանուր հաշվով ավելի քան 9000000 հոգի դիտեց «Արարչության լուսադրաման»։
Իսկապես, ապշեցուցիչ վկայություն էր տրվել։ Բայց դեռ ավելին էր արվելու։
[ծանոթագրություն]
a Շուրջերկրյա այս ճամփորդության մասին ավելի մանրամասնորեն գրվեց «Դիտարանի» 1912-ի ապրիլի 15-ի համարում։
[քարտեզ/նկար 405-րդ էջի վրա]
Եղբայր Ռասելը ելույթներ ներկայացրեց Հյուսիսային Ամերիկայի և Կարիբյան ծովի ավազանի 300-ից ավելի քաղաքներում (դրանք գտնվում են կետերով նշված տարածքներում), շատ վայրերում՝ 10–15 անգամ
[քարտեզ]
(տե՛ս հրատարակությունը)
[քարտեզ 407-րդ էջի վրա]
(տե՛ս հրատարակությունը)
Ռասելի քարոզչական ճամփորդությունները դեպի Եվրոպա (սովորաբար անցնում էր Անգլիայով)
1891
1903
1908
1909
1910 (երկու անգամ)
1911 (երկու անգամ)
1912 (երկու անգամ)
1913
1914
[քարտեզ/նկար 408-րդ էջի վրա]
Անդրեաս Յոսեթը, համոզվելով, որ գտել է ճշմարտությունը, եռանդորեն աստվածաշնչյան գրականություն էր տարածում Նորվեգիայի գրեթե բոլոր շրջաններում
[քարտեզ]
(Ամբոջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՆՈՐՎԵԳԻԱ
Հյուսիսային բևեռային շրջագիծ
[քարտեզ/նկար 409-րդ էջի վրա]
Ադոլֆ Վեբերը՝ մի համեստ այգեպան, Շվեյցարիայից գնում էր Եվրոպայի տարբեր երկրներ՝ քարոզելով բարի լուրը
[քարտեզ]
(Ամբոջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԲԵԼԳԻԱ
ԳԵՐՄԱՆԻԱ
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ԻՏԱԼԻԱ
ՖՐԱՆՍԻԱ
[քարտեզ/նկար 413-րդ էջի վրա]
Բելոնա Ֆերգիսոնը Բրազիլիայից։ Ճշմարտության լույսը կարող է «հասնել ցանկացած մարդու, որքան էլ հեռու նա ապրի»
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԲՐԱԶԻԼԻԱ
[քարտեզ 415-րդ էջի վրա]
(Ամբոջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱԼՅԱՍԿԱ
ԿԱՆԱԴԱ
ԳՐԵՆԼԱՆԴԻԱ
ՍԵՆ ՊԻԵՌ ԵՎ ՄԻՔԵԼՈՆ
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
ԲԵՐՄՈՒԴԱ
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ԹԸՐՔՍ ԵՎ ՔԱՅԿՈՍ ԿՂԶԻՆԵՐ
ԿՈՒԲԱ
ՄԵՔՍԻԿԱ
ԲԵԼԻԶ
ՋԱՄԱՅԿԱ
ՀԱՅԻԹԻ
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ
ԿԱՅՄԱՆԻ ԿՂԶԻՆԵՐ
ԳՎԱՏԵՄԱԼԱ
ՍԱԼՎԱԴՈՐ
ՀՈՆԴՈՒՐԱՍ
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
ՊԱՆԱՄԱ
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ
ԳԱՅԱՆԱ
ՍՈՒՐԻՆԱՄ
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՎԻԱՆԱ
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԷԿՎԱԴՈՐ
ՊԵՐՈՒ
ԲՐԱԶԻԼԻԱ
ԲՈԼԻՎԻԱ
ՊԱՐԱԳՎԱՅ
ՉԻԼԻ
ԱՐԳԵՆՏԻՆԱ
ՈՒՐՈՒԳՎԱՅ
ՖՈԼԿԼԵՆԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (ԱՄՆ)
ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (ԲՐԻՏԱՆԱԿԱՆ)
ԱՆԳԻԼՅԱ
ՍԵՆ ՄԱՐՏԵՆ
ՍԱԲԱ
ՍԵՆՏ ԷՍՏԱՏԻՈՍ
ՍԵՆԹ ՔԻԹՍ
ՆԵՎԻՍ
ԱՆՏԻԳՈՒԱ
ՄՈՆՏՍԵՌԱՏ
ԳՎԱԴԵԼՈՒՊԱ
ԴՈՄԻՆԻԿԱ
ՄԱՐՏԻՆԻԿ
ՍԵՆՏ ԼՅՈՒՍԻԱ
ՍԵՆՏ ՎԻՆՍԵՆՏ
ԲԱՐԲԱԴՈՍ
ԳՐԵՆԱԴԱ
ՏՐԻՆԻԴԱԴ
ԱՐՈՒԲԱ
ԲՈՆԱՅՐԵ
ԿՅՈՒՐԱՍԱՈ
ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
ԿԱՐԻԲՅԱՆ ԾՈՎ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
[քարտեզ 416-րդ, 417-րդ էջերի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԳՐԵՆԼԱՆԴԻԱ
ՇՎԵԴԻԱ
ԻՍԼԱՆԴԻԱ
ՆՈՐՎԵԳԻԱ
ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՖԻՆԼԱՆԴԻԱ
ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԷՍՏՈՆԻԱ
ԼԱՏՎԻԱ
ԼԻՏՎԱ
ԲԵԼԱՌՈՒՍ
ՈՒԿՐԱԻՆԱ
ՄՈԼԴՈՎԱ
ՎՐԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆ
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ
ՂԱԶԱԽՍՏԱՆ
ՏԱՋԻԿՍՏԱՆ
ՂՐՂԸԶՍՏԱՆ
ԼԵՀԱՍՏԱՆ
ԳԵՐՄԱՆԻԱ
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
ԴԱՆԻԱ
ԲՐԻՏԱՆԻԱ
ԻՌԼԱՆԴԻԱ
ԲԵԼԳԻԱ
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ
ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ
ՇՎԵՅՑԱՐԻԱ
ՉԵԽՈՍԼՈՎԱԿԻԱ
ԱՎՍՏՐԻԱ
ՀՈՒՆԳԱՐԻԱ
ՌՈՒՄԻՆԻԱ
ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ
ՍԼՈՎԵՆԻԱ
ԽՈՐՎԱԹԻԱ
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱ
ԲՈՒԼՂԱՐԻԱ
ԱԼԲԱՆԻԱ
ԻՏԱԼԻԱ
ՋԻԲՐԱԼԹԱՐ
ԻՍՊԱՆԻԱ
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
ՄԱԴԵՅՐԱ
ՄԱՐՈԿԿՈ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀԱՐԱ
ՍԵՆԵԳԱԼ
ԱԼԺԻՐ
ԼԻԲԻԱ
ԵԳԻՊՏՈՍ
ԼԻԲԱՆԱՆ
ԻՍՐԱՅԵԼ
ԿԻՊՐՈՍ
ՍԻՐԻԱ
ԹՈՒՐՔԻԱ
ԻՐԱՔ
ԻՐԱՆ
ԲԱՀՐԵՅՆ
ՔՈՒՎԵՅԹ
ՀՈՐԴԱՆԱՆ
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
ԿԱՏԱՐ
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕՄԱՆ
ԵՄԵՆ
ՋԻԲՈՒԹԻ
ՍՈՄԱԼԻ
ԵԹՈՎՊԻԱ
ՍՈՒԴԱՆ
ՉԱԴ
ՆԻԳԵՐ
ՄԱԼԻ
ՄԱՎՐԻՏԱՆԻԱ
ԳԱՄԲԻԱ
ԳՎԻՆԵԱ ԲԻՍԱՈՒ
ՍԻԵՐԱ ԼԵՈՆԵ
ԼԻԲԵՐԻԱ
ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ
ԳԱՆԱ
ՏՈԳՈ
ԲԵՆԻՆ
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
ՍՈՒՐԲ ՀԵՂԻՆԵ
ԳՎԻՆԵԱ
ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ
ՆԻԳԵՐԻԱ
ԿԵՆՏՐՈՆԱԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԱՄԵՐՈՒՆ
ՍԱՆ ԹՈՄԵ
ԿՈՆԳՈ
ԳԱԲՈՆ
ԶԱԻՐ
ԱՆԳՈԼԱ
ԶԱՄԲԻԱ
ՆԱՄԻԲԻԱ
ԲՈՏՍՎԱՆԱ
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԼԵՍՈԹՈ
ՍՎԱԶԻԼԵՆԴ
ՄՈԶԱՄԲԻԿ
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ
ՌԵՅՈՒՆԻՈՆ
ՄԱՎՐԻԿԻՈՍ
ՌՈԴՐԻԳԵՍ
ԶԻՄԲԱԲՎԵ
ՄԱՅՈՏ
ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՄԱԼԱՎԻ
ՏԱՆԶԱՆԻԱ
ԲՈՒՐՈՒՆԴԻ
ՌՈՒԱՆԴԱ
ՈՒԳԱՆԴԱ
ՖՐԱՆՍԻԱ
ՊԱԿԻՍՏԱՆ
ԱՖՂԱՆՍՏԱՆ
ՆԵՊԱԼ
ԲՈՒԹԱՆ
ՄՅԱՆՄԱ
ԲԱՆԳԼԱԴԵՇ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ՇՐԻ ԼԱՆԿԱ
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՄԱԼԹԱ
ԹՈՒՆԻՍ
ՔԵՆԻԱ
ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
ՀՆԴԿԱԿԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
ԱԼՅԱՍԿԱ
ՄՈՆՂՈԼԻԱ
ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՃԱՊՈՆԻԱ
ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՉԻՆԱՍՏԱՆ
ՄԱԿԱՈ
ԹԱՅՎԱՆ
ՀՈՆԿՈՆԳ
ԼԱՈՍ
ԹԱԻԼԱՆԴ
ՎԻԵՏՆԱՄ
ԿԱՄԲՈՋԱ
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
ԲՐՈՒՆԵՅ
ՄԱԼԱՅԶԻԱ
ՍԻՆԳԱՊՈՒՐ
ԻՆԴՈՆԵԶԻԱ
ՍԱՅՊԱՆ
ՌՈՏԱ
ԳՈՒԱՄ
ՅԱՊ
ՊԱԼԱՈՒ
ՉՈՒՈՒԿ
ՊՈՆՊԵՅ
ԿՈՒՍԱԻԵ
ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ
ՆԱՈՒՐՈՒ
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ
ՆՈՐՖՈԼԿ ԿՂԶԻ
ՆՈՐ ԿԱԼԵԴՈՆԻԱ
ՈՒՈԼԻՍ ԵՎ ՖՈՒՏՈՒՆԱ ԿՂԶԻՆԵՐ
ՎԱՆՈՒԱՏՈՒ
ԹՈՒՎԱԼՈՒ
ՖԻՋԻ
ԿԻՐԻԲԱՏԻ
ՏՈԿԵԼԱՈՒ
ՀԱՎԱՅԻ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՄՈԱ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՄՈԱ
ՆԻՈՒԵ
ՏՈՆԳԱ
ԿՈՒԿԻ
ԿՂԶԻՆԵՐ
ԹԱԻԹԻ
ՍՈՂՈՄՈՆԻ ԿՂԶԻՆԵՐ
ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍ
[քարտեզ/նկար 421-րդ էջի վրա]
Ա. Ջ. Ջոզեֆը Հնդկաստանից և նրա դուստրը՝ Գրեյսին, որը «Գաղաադի» շրջանավարտ էր և ծառայում էր որպես միսիոներ
[քարտեզ]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՀՆԴԿԱՍՏԱՆ
[նկար 411-րդ էջի վրա]
Հերման Հերկենդելը իր հարսնացուի հետ մեղրամիսն անցկացրեց Ռուսաստանում՝ մի քանի ամիս ճամփորդելով երկրում և քարոզելով գերմանախոս մարդկանց
[նկարներ 412-րդ էջի վրա]
Անգլիայում և Շոտլանդիայում գրքեր տարածողները ջանում էին վկայություն տալ բոլոր մարդկանց։ Նույնիսկ նրանց երեխաներն էին օգնում տարածել թերթիկները
[նկար 414-րդ էջի վրա]
Է. Ջ. Քովարդը ճշմարտությունը եռանդորեն տարածում էր Կարիբյան ծովի ավազանի երկրներում
[նկար 418-րդ էջի վրա]
Ֆրենկ Գրոուվը (ձախ կողմում) և Էդ Նելսոնը ավելի քանի 50 տարի ծառայել են լիաժամ Նոր Զելանդիայում (նկարում իրենց կանանց հետ)
[նկարներ 420-րդ էջի վրա]
1911–1912թթ.-ին Չ. Թ. Ռասելը և իր վեց ընկերակիցները կատարեցին շուրջերկրյա ճամփորդություն՝ բարի լուրի քարոզչությունը առաջ տանելու նպատակով