Դաս 9
Աստծո ծառաները պետք է մաքուր լինեն
Ինչո՞ւ պետք է մաքուր լինել բոլոր տեսակետներից (1)
Ի՞նչ է նշանակում մաքուր լինել՝ հոգևորապես (2)
բարոյապես (3) մտավորապես (4) ֆիզիկապես (5)
Ինչպիսի՞ տգեղ խոսքերից պետք է խուսափենք (6)
1. Եհովա Աստված մաքուր է և սուրբ։ Նա իր երկրպագուներից ակնկալում է, որ մաքուր մնան հոգևոր, բարոյական, մտավոր և ֆիզիկական տեսակետներից (Ա Պետրոս 1։16)։ Աստծո առջև մաքուր լինելու համար լուրջ ջանքեր են հարկավոր։ Մենք ապրում ենք անմաքուր աշխարհում։ Նաև պայքարում ենք սխալ գործելու սեփական հակումների դեմ։ Բայց չպիտի անձնատուր լինենք։
2. Հոգևոր մաքրություն։ Եթե ցանկանում ենք Եհովային ծառայել, պիտի դադարենք հետևել կեղծ կրոնի ուսմունքներից կամ սովորույթներից որևէ մեկին։ Անհրաժեշտ է կեղծ կրոնից դուրս գալ և ոչ մի կերպով նրան չաջակցել (Բ Կորնթացիս 6։14–18; Յայտնութիւն 18։4)։ Մեկ անգամ արդեն Աստծո մասին ճշմարտությունն իմանալով՝ պետք է զգույշ լինենք, որպեսզի չմոլորվենք ստություն սովորեցնող մարդկանց կողմից (Բ Յովհաննէս 10, 11)։
3. Բարոյական մաքրություն։ Եհովան ուզում է, որ իր երկրպագուները ամեն ժամանակ վարվեն որպես ճշմարիտ քրիստոնյաներ (Ա Պետրոս 2։12)։ Ինչ էլ որ անենք, նույնիսկ թաքուն, նա տեսնում է (Եբրայեցիս 4։13)։ Հարկավոր է խուսափել սեռական անբարոյությունից և այս աշխարհում տարածված այլ պիղծ գործերից (Ա Կորնթացիս 6։9–11)։
4. Մտքի մաքրություն։ Եթե մեր միտքը զբաղված լինի մաքուր, ազնիվ մտածմունքներով, ապա մեր վարմունքն էլ մաքուր կլինի (Փիլիպպեցիս 4։8)։ Իսկ եթե մեր ուշադրությունը գրավեն պիղծ բաներ, դրանք կմղեն մեզ անբարոյական արարքների (Մատթէոս 15։18–20)։ Պետք է խուսափենք այն զվարճություններից, որոնք կարող են մեր միտքն ապականել։ Ուսումնասիրելով Աստծո Խոսքը՝ կարող ենք մեր ուղեղը սնել մաքուր մտքերով։
5. Ֆիզիկական մաքրություն։ Քանի որ քրիստոնյաները ներկայացնում են Աստծուն, նրանք պետք է իրենց մարմինն ու հագուստը մաքուր պահեն։ Հարկավոր է ձեռքերը լվանալ զուգարանից հետո, ինչպես նաև ճաշելուց կամ ուտելիքին ձեռք տալուց առաջ։ Կոյուղի չլինելու դեպքում արտաթորանքները հարկավոր է թաղել հողի մեջ (Բ Օրինաց 23։12, 13)։ Ֆիզիկական մաքրությունը նպաստում է առողջության պահպանմանը։ Քրիստոնյայի տունը թե՛ ներսից, թե՛ դրսից պետք է լինի կոկիկ ու մաքուր։ Շրջապատում այն պետք է աչքի ընկնի իր օրինակելիությամբ։
6. Խոսքի մաքրություն։ Աստծո ծառաները պարտավոր են միշտ ճշմարտությունը խոսել։ Ստախոսները Աստծո Թագավորությունը չեն մտնի (Եփեսացիս 4։25; Յայտնութիւն 21։8)։ Քրիստոնյաները չեն հայհոյում։ Նրանք անվայել կատակներ, ամոթալի պատմվածքներ չեն պատմում և չեն էլ լսում։ Նրանք իրենց մաքուր խոսքով տարբերվում են աշխատավայրում, դպրոցում կամ շրջակայքում ապրող մարդկանցից (Եփեսացիս 4։29, 31; 5։3)։
[Նկարազարդում 19–րդ էջի վրա]
Աստծո ծառաները պարտավոր են մաքուր լինել բոլոր տեսակետներից