ԳԼՈՒԽ 25
«Մեր Աստծու խոր կարեկցանքը»
1, 2. ա) Սովորաբար ինչպե՞ս է մայրը արձագանքում, երբ լսում է իր երեխայի լացը։ բ) Կարեկցանքի ո՞ր դրսևորումն է մայրական կարեկցանքից ավելի զորեղ։
ԳԻՇԵՐՎԱ կեսին լսվում է երեխայի լացի ձայնը։ Մայրն անմիջապես վեր է կենում։ Փոքրիկի ծնվելուց հետո նա այլևս առաջվա նման խորը չի քնում։ Իր մանկիկի լացի ձայնից մայրն արդեն սովորել է տարբերել, թե ինչու է նա լաց լինում։ Ուստի կարող է առանց վարանելու ասել, թե ինչ է հարկավոր երեխային՝ կերակրե՞լ, գուրգուրե՞լ, թե՞ որևէ այլ ձևով հոգ տանել նրան։ Բայց անկախ այն բանից, թե երեխան ինչու է լաց լինում, մայրն անմիջապես արձագանքում է։ Նա չի կարող անտարբեր մնալ երեխայի կարիքներին։
2 Կարեկցանքը, որ մայրը զգում է իր մանկիկի հանդեպ, ամենաքնքուշ զգացմունքներից մեկն է։ Սակայն գոյություն ունի կարեկցանքի ավելի զորեղ դրսևորում. դա մեր Աստծու՝ Եհովայի մեծ կարեկցանքն է։ Այս չքնաղ հատկությանը ծանոթանալը կօգնի մեզ ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Տեսնենք, թե ինչ է կարեկցանքը, և ինչպես է Աստված դրսևորում այն։
Ի՞նչ է կարեկցանքը
3. Ի՞նչ նշանակություն ունի եբրայերեն այն բայը, որը հաճախ թարգմանվում է «խղճալ» կամ «ողորմել»։
3 Աստվածաշնչի համատեքստում կարեկցանքը սերտորեն կապված է ողորմության հետ։ Կարեկցանքի իմաստ են փոխանցում մի շարք եբրայերեն և հունարեն բառեր։ Քննենք, օրինակ, եբրայերեն ռախամ բայը, որը հաճախ թարգմանվում է «խղճալ» կամ «ողորմել»։ Ինչպես բացատրվում է մի աշխատության մեջ, ռախամ բայը «արտահայտում է կարեկցանքի խոր և նուրբ զգացում, որն առաջ է գալիս մեր օգնության կարիքն ունեցող կամ մեզ համար սիրելի մարդկանց անօգնական վիճակն ու տառապանքը տեսնելիս»։ Եբրայերեն այս բառը, որը Եհովան կիրառում է իր նկատմամբ, կապ ունի «արգանդ» բառի հետ և կարող է նշանակել «մայրական կարեկցանք» (Ելք 33։19; Երեմիա 33։26)։a
4, 5. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում մայրական զգացմունքները, որպեսզի նկարագրի Եհովայի կարեկցանքը։
4 Աստվածաշունչը նկարագրում է երեխայի հանդեպ մայրական զգացմունքները, որպեսզի սովորեցնի մեզ Եհովա Աստծու կարեկցանքի մասին։ Եսայիա 49։15-ում կարդում ենք. «Մի՞թե կինը կարող է մոռանալ իր կաթնակեր երեխային, որ չխղճա [ռախամ] իր որովայնի որդուն։ Նույնիսկ նա կարող է մոռանալ, բայց ես չեմ մոռանա քեզ»։ Այս հուզիչ նկարագրությունը շեշտում է Եհովայի կարեկցանքի խորությունը իր ժողովրդի հանդեպ։ Ինչպե՞ս։
5 Դժվար է պատկերացնել, որ մայրը մոռանա կերակրել ու խնամել իր կաթնակեր մանկիկին։ Չէ՞ որ նորածինը անօգնական է, գիշեր-ցերեկ նա իր մոր ուշադրության ու սիրո կարիքն է զգում։ Ցավոք, հատկապես այս «չափազանց դժվար ժամանակներում», որոնց բնորոշ է «բնական կապվածության» պակասը, հաճախ կարելի է լսել անտարբեր ու անսիրտ մայրերի մասին (2 Տիմոթեոս 3։1, 3)։ «Բայց,— ասում է Եհովան,— ես չեմ մոռանա քեզ»։ Խոր կարեկցանքը, որ Աստված տածում է իր ծառաների հանդեպ, անփոփոխ է։ Այս հատկությունը անսահմանորեն ավելի զորեղ է, քան ամենաքնքուշ բնական զգացումը, որ կարելի է պատկերացնել՝ այն կարեկցանքը, որ մայրն է ցուցաբերում իր նորածնի հանդեպ։ Զարմանալի չէ, որ Եսայիա 49։15-ի վերաբերյալ մի մեկնաբան ասել է. «Սա Հին Կտակարանում Աստծու սիրո արտահայտման ուժգին դրսևորումներից մեկն է, եթե ոչ ամենաուժգինը»։
6. Շատերը ի՞նչ կարծիք ունեն կարեկցանքի մասին, սակայն Եհովան ի՞նչ է հավաստիացնում։
6 Արդյո՞ք կարեկցանքը թուլության նշան է։ Շատերն այդպես են կարծում։ Օրինակ՝ հռոմեացի փիլիսոփա Սենեկան, որը Հիսուսի ժամանակակիցն էր և Հռոմի ազդեցիկ մտավորականներից մեկը, սովորեցնում էր, որ «խղճահարությունը մտքի թուլություն է»։ Նա ստոյիկյան գաղափարների կողմնակից էր։ Այդ փիլիսոփայական ուղղությունը քարոզում էր ներքին հանգստություն՝ զուրկ որևէ զգացմունքից։ Ինչպես ասում էր Սենեկան, իմաստուն մարդը կարող է օգնել նեղության մեջ գտնվողին, բայց չպետք է խղճահարություն զգա նրա նկատմամբ, այլապես կկորցնի իր հոգեկան անդորրը։ Կյանքի նկատմամբ նման եսակենտրոն մտածելակերպի արդյունքը լինում է այն, որ մարդու սրտում այլևս տեղ չի մնում ջերմ գթասրտության համար։ Սակայն Եհովան այդպիսին չէ։ Իր Խոսքում նա հավաստիացնում է մեզ, որ «գորովալից է և ողորմած [բառացի՝ «կարեկից»]» (Հակոբոս 5։11)։ Ինչպես կտեսնենք, կարեկցանքը ոչ թե թուլություն է, այլ ուժեղ և կարևոր հատկություն։ Այժմ քննենք, թե Եհովան ինչպես է սիրառատ ծնողի նման դրսևորում այս հատկությունը։
Եհովայի կարեկցանքը իր ժողովրդի հանդեպ
7, 8. Ի՞նչ տառապանքներ էին կրում իսրայելացիները Եգիպտոսում, և ինչպե՞ս Եհովան արձագանքեց։
7 Եհովայի կարեկցանքը հստակ կերպով երևում է այն բանից, թե ինչպես էր նա վարվում իսրայելացիների հետ։ Մ. թ. ա. 16-րդ դարի վերջին միլիոնավոր իսրայելացիներ ստրկության մեջ էին հին Եգիպտոսում, որտեղ նրանց դաժանորեն ճնշում էին։ Եգիպտացիները «դառնացրին նրանց կյանքը կավի խառնուրդ ու աղյուսներ պատրաստելու ծանր աշխատանքներով» (Ելք 1։11, 14)։ Իրենց նեղության մեջ իսրայելացիները աղաղակեցին Եհովային։ Ինչպե՞ս արձագանքեց կարեկից Աստված։
8 Եհովայի սիրտը խղճահարությամբ լցվեց։ Նա ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։ Անհնար էր, որ Եհովան տեսներ իր ժողովրդի տառապանքը, լսեր նրա աղաղակը և կարեկցանքով չլցվեր։ Ինչպես տեսանք 24-րդ գլխում, Եհովան գթասիրտ Աստված է։ Իսկ գթասրտությունը՝ ուրիշների ցավը զգալու կարողությունը, սերտորեն կապված է կարեկցանքի հետ։ Բայց իսրայելացիների պարագայում Եհովան ոչ միայն կարեկցեց, այլև այդ զգացումը մղեց նրան գործելու հօգուտ նրանց։ Եսայիա 63։9-ում կարդում ենք. «Իր սիրով ու կարեկցանքով փրկագնեց նրանց»։ Իր «զորավոր ձեռքով» Եհովան ազատեց իսրայելացիներին Եգիպտոսի գերությունից (2 Օրենք 4։34)։ Դրանից հետո հրաշքով կերակրեց նրանց անապատում և առաջնորդեց դեպի բերքառատ երկիր։
9, 10. ա) Ավետյաց երկրում ինչո՞ւ էր Եհովան բազմիցս փրկում իսրայելացիներին։ բ) Հեփթայեի օրերում Եհովան ո՞ւմ ձեռքից ազատեց իսրայելացիներին և ինչո՞ւ։
9 Եհովայի կարեկցանքը այդքանով չսահմանափակվեց։ Ավետյաց երկրում բնակություն հաստատելուց հետո իսրայելացիները բազմիցս անհավատարմություն էին դրսևորում իրենց Աստծու հանդեպ և արդյունքում տառապում էին։ Բայց հետո նրանք գիտակցում էին իրենց սխալները և օգնության համար դարձյալ Եհովային աղաղակում։ Կրկին ու կրկին Աստված փրկում էր նրանց։ Ինչո՞ւ։ «Որովհետև խնայում էր իր ժողովրդին» (2 Տարեգրություն 36։15; Դատավորներ 2։11-16)։
10 Տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ Հեփթայեի օրերում։ Քանի որ իսրայելացիները թողել էին Եհովային և սկսել կեղծ աստվածների երկրպագել, Եհովան թույլ տվեց, որ ամմոնացիները հարստահարեն նրանց տասնութ տարի։ Ի վերջո, իսրայելացիները զղջացին։ Աստվածաշունչն ասում է. «Նրանք սկսեցին իրենց միջից հեռացնել օտար աստվածներին ու Եհովային ծառայել, և նրա հոգին չկարողացավ տանել Իսրայելի տառապանքը» (Դատավորներ 10։6-16)։ Երբ ժողովուրդն անկեղծորեն զղջաց, Եհովան այլևս չկարողացավ նայել նրա տանջանքներին։ Ուստի խոր կարեկցանքի Աստվածը Հեփթայեի միջոցով ազատեց Իսրայել ազգին թշնամու ձեռքից (Դատավորներ 11։30-33)։
11. Իսրայելացիների հանդեպ Եհովայի վարվելակերպից ի՞նչ ենք սովորում կարեկցանքի մասին։
11 Եհովայի վարվելակերպը Իսրայել ազգի հետ ի՞նչ է սովորեցնում մեզ կարեկցանքի մասին։ Նախ տեսնում ենք, որ կարեկցանքը ավելին է, քան խղճահարության զգացումը, որ տածում ենք մարդկանց հանդեպ նրանց դժբախտությունների ժամանակ։ Հիշենք մոր օրինակը, որը, կեսգիշերին իր մանկիկի լացի ձայնը լսելով, կարեկցանքից մղված՝ անմիջապես վեր է կենում։ Նմանապես Եհովան անտարբեր չի մնում իր ժողովրդի աղաղակներին։ Կարեկցանքը մղում է Աստծուն թեթևացնելու նրա տառապանքը։ Իսրայելացիների հանդեպ Եհովայի վարվելակերպից սովորում ենք նաև, որ կարեկցանքը թուլություն չէ, քանի որ այդ հատկությունն էր, որ մղեց նրան վճռական գործողությունների անցնելու հօգուտ նրանց։ Բայց արդյո՞ք Եհովան կարեկցանք է դրսևորում իր ժողովրդի հանդեպ միայն որպես խմբի։
Եհովայի կարեկցանքը անհատների հանդեպ
12. Ինչպե՞ս էր Օրենքը արտացոլում Եհովայի կարեկցանքը անհատների հանդեպ։
12 Օրենքը, որ Եհովան տվեց իսրայելացիներին, արտացոլում էր Աստծու կարեկցանքը ոչ միայն ամբողջ ժողովրդի, այլև առանձին անհատների հանդեպ։ Ուշադրություն դարձնենք աղքատների համար նրա տված պատվիրանին։ Եհովան գիտեր, որ անկանխատեսելի հանգամանքների պատճառով ցանկացած իսրայելացի կարող էր աղքատության դուռը հասնել։ Իսկ ինչպե՞ս պետք է վարվեին աղքատների հետ մյուս իսրայելացիները։ Եհովան խստորեն պատվիրեց նրանց. «Սիրտդ չկարծրացնես ու ժլատ չլինես քո աղքատ եղբոր հանդեպ։ Անպատճառ պարտք տուր նրան, ու երբ նրան տաս, թող քո սիրտը ժլատ չլինի, որովհետև դրա շնորհիվ քո Աստված Եհովան կօրհնի քո բոլոր գործերը» (2 Օրենք 15։7, 10)։ Բացի այդ, Եհովան պատվիրեց, որ իսրայելացիները մինչև վերջ չհնձեն իրենց արտերը և հնձից մնացած հասկերը չհավաքեն։ Դրանք նախատեսված էին կարիքավորների համար (Ղևտական 23։22; Հռութ 2։2-7)։ Երբ ժողովուրդը հետևում էր այս իմաստուն կանոններին, չքավոր մարդիկ ստիպված չէին լինում ողորմություն խնդրել։ Մի՞թե սա Եհովայի խոր կարեկցանքի դրսևորումը չէր։
13, 14. ա) Ինչպե՞ս են Դավթի խոսքերը վստահեցնում, որ Եհովան խորապես մտահոգված է մեզանից յուրաքանչյուրով։ բ) Օրինակով ցույց տուր, որ Եհովան մոտ է «սրտով կոտրվածին» և «ոգով փշրվածին»։
13 Այսօր նույնպես մեր սիրառատ Հայրը քնքշորեն հոգ է տանում մեզանից յուրաքանչյուրի մասին անհատապես։ Կարող ենք համոզված լինել, որ նա իրազեկ է մեր կրած բոլոր տառապանքներին։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին։ Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա» (Սաղմոս 34։15, 18)։ Այս խոսքերում հիշատակվող մարդկանց առնչությամբ Աստվածաշնչի մեկնաբաններից մեկը գրում է. «Նրանք կոտրված սիրտ և զղջացող ոգի ունեն, քանի որ խոնարհվել են մեղքի պատճառով. նրանք կորցրել են ինքնահարգանքի զգացումը, իրենք իրենց ցածր են համարում և չեն հավատում, թե որևէ արժեք ունեն»։ Այսպիսի անհատները կարող են այն զգացումն ունենալ, թե Եհովան շատ հեռու է իրենցից, և քանի որ իրենք չափազանց աննշան են, նա հոգ չի տանում իրենց մասին։ Բայց դա այդպես չէ։ Դավթի խոսքերը վստահեցնում են մեզ, որ Եհովան չի լքում նրանց, ովքեր «իրենց ցածր են համարում»։ Մեր կարեկից Աստվածը գիտի, որ նման պահերին մենք նրա կարիքն ավելի շատ ենք զգում, և հենց դա է պատճառը, որ նա մեր կողքին է։
14 Քննենք մի օրինակ, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում։ Մի մայր իր երկու տարեկան որդուն, որը տառապում էր կրուպ կոչվող հիվանդությամբ, ծանր վիճակում շտապ տարավ հիվանդանոց։ Զննելով տղային՝ բժիշկներն ասացին մորը, որ երեխան պետք է գիշերը հիվանդանոցում մնա։ Որտե՞ղ անցկացրեց մայրն այդ գիշերը. հիվանդասենյակի աթոռի վրա՝ անմիջապես իր որդու անկողնու մոտ։ Նրա երեխան հիվանդ էր, և նա պետք է լիներ իր երեխայի կողքին։ Անշուշտ, մեր սիրառատ երկնային Հայրը մեզ համար ավելին կանի. չէ՞ որ մենք ստեղծված ենք նրա պատկերով (Ծննդոց 1։26)։ Սաղմոս 34։18 համարի ջերմ խոսքերը ցույց են տալիս, որ երբ «սրտով կոտրված» ենք կամ «ոգով փշրված», Եհովան, սիրող ծնողի պես, միշտ «մոտ» է՝ պատրաստ օգնելու և կարեկցելու։
15. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզանից յուրաքանչյուրին։
15 Իսկ ինչպե՞ս է Եհովան օգնություն ցույց տալիս մեզանից յուրաքանչյուրին։ Անպայման չէ, որ նա վերջ դնի այն խնդրին, որը տանջում է մեզ։ Սակայն Եհովան շատ բաներ է տրամադրում նրանց, ովքեր իրեն են աղաղակում օգնության համար։ Նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, պարունակում է գործնական խորհուրդներ, որոնց օգնությամբ կարելի է ճիշտ որոշումներ կայացնել։ Ժողովում Եհովան նշանակել է հոգևորապես հասուն վերակացուների, որոնք իրենց հավատակիցներին օգնելիս ձգտում են Աստծու նման կարեկից լինել (Հակոբոս 5։14, 15)։ Որպես «աղոթքներ Լսող»՝ Աստված իր «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Սաղմոս 65։2; Ղուկաս 11։13)։ Այդ ոգին կարող է մեզ «սովորականին գերազանցող ուժը» տալ, որպեսզի հաղթահարենք դժվարությունները, մինչև որ Աստծու Թագավորությունը վերջ դնի բոլոր խնդիրներին (2 Կորնթացիներ 4։7)։ Մի՞թե երախտապարտ չենք Աստծուն այս բաների համար։ Չմոռանանք, ուրեմն, որ այս ամենը Եհովայի խոր կարեկցանքի դրսևորումն է։
16. Ո՞րն է Եհովայի կարեկցանքի մեծագույն դրսևորումը, և ի՞նչ ազդեցություն ունի այն յուրաքանչյուրիս վրա։
16 Անշուշտ, Աստծու կարեկցանքի մեծագույն դրսևորումն այն է, որ նա իր ամենասիրելի Որդուն տվեց մեզ համար որպես փրկանք։ Դա Եհովայի կողմից սիրառատ զոհողություն էր, որը փրկության ճանապարհ բացեց։ Հիշենք, որ այդ փրկանքը յուրաքանչյուրիս համար է։ Ահա թե ինչու Հովհաննես Մկրտչի հայրը՝ Զաքարիան, կանխագուշակեց, որ այդ հրաշալի պարգևը կլինի «մեր Աստծու խոր կարեկցանքի» արտահայտումը (Ղուկաս 1։78)։
Երբ Եհովան դադարում է կարեկցանք դրսևորել
17-19. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Եհովայի կարեկցանքը սահման ունի։ բ) Ինչո՞ւ Եհովայի կարեկցանքը իր ժողովրդի հանդեպ սպառվեց։
17 Ճիշտ կլինի՞ արդյոք մտածել, թե Եհովայի խոր կարեկցանքն անսահման է։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Եհովան արդարացիորեն կարեկցանք չի դրսևորում այն անհատների հանդեպ, ովքեր հակառակվում են իր արդար ճանապարհներին (Եբրայեցիներ 10։28)։ Որպեսզի պարզենք, թե ինչու է նա այդպես վարվում, անդրադառնանք իսրայելացիների օրինակին։
18 Չնայած որ Եհովան բազմիցս ազատել էր նրանց թշնամիների ձեռքից, ի վերջո նրա կարեկցանքը սպառվեց։ Այս համառ մարդիկ այն աստիճան էին մխրճվել կռապաշտության մեջ, որ իրենց գարշելի կուռքերը հենց Եհովայի տաճար էին բերում (Եզեկիել 5։11; 8։17, 18)։ Ավելին՝ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանք շարունակ անարգում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին, արհամարհում էին նրա խոսքերը և ծաղրում նրա մարգարեներին, մինչև որ Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ, այնպես որ էլ բուժում չմնաց» (2 Տարեգրություն 36։16)։ Իսրայելացիներն այնքան էին ապականվել, որ նրանց հանդեպ կարեկից լինելու ոչ մի պատճառ չմնաց։ Նրանք բորբոքեցին Եհովայի արդար բարկությունը։ Ի՞նչ եղավ հետևանքը։
19 Եհովան այլևս չէր կարող կարեկցանք դրսևորել իր ժողովրդի հանդեպ։ Նա ասաց. «Չեմ կարեկցելու և չեմ խղճալու, առանց ողորմելու՝ նրանց բնաջինջ եմ անելու» (Երեմիա 13։14)։ Այդպիսով Երուսաղեմն ու տաճարը կործանվեցին, և իսրայելացիները գերեվարվեցին Բաբելոն։ Որքա՜ն ցավալի է, որ մեղավոր մարդիկ ըմբոստանում են այն աստիճան, որ այլևս տեղ չեն թողնում աստվածային կարեկցանքի համար (Ողբ 2։21)։
20, 21. ա) Ի՞նչ է տեղի ունենալու մեր օրերում, երբ Աստծու կարեկցանքը հասնի իր սահմանին։ բ) Եհովայի կարեկցանքի ո՞ր դրսևորման մասին կխոսվի հաջորդ գլխում։
20 Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Եհովան չի փոխվել։ Կարեկցանքից մղված՝ նա հանձնարարել է իր Վկաներին քարոզել «թագավորության այս բարի լուրը» ամբողջ աշխարհում (Մատթեոս 24։14)։ Երբ անկեղծ սիրտ ունեցող մարդիկ դրական են արձագանքում բարի լուրին, Եհովան օգնում է նրանց հասկանալ ճշմարտությունը (Գործեր 16։14)։ Բայց քարոզչական գործը հավերժ չի տևելու։ Եհովայի կողմից կարեկցանքի դրսևորում չի լինի թույլ տալ, որ այս չար, դժբախտություններով ու ցավերով լի աշխարհը անվերջ գոյություն ունենա։ Երբ Աստծու կարեկցանքը հասնի իր սահմանին, նա իր դատաստանը կբերի այս չար համակարգի վրա։ Նույնիսկ այդ քայլը նա կկատարի կարեկցանքից մղված. կարեկցանք իր «սուրբ անվան» և իր նվիրված ծառաների հանդեպ (Եզեկիել 36։20-23)։ Եհովան վերջ կդնի ամբարշտությանը և արդար նոր աշխարհ կհաստատի։ Չար մարդկանց առնչությամբ նա ասում է. «Իմ աչքը չի խնայի նրանց, ես չեմ կարեկցի։ Նրանց ճանապարհն իրենց գլխովը կտամ» (Եզեկիել 9։10)։
21 Սակայն մինչ այդ Եհովան կարեկից կլինի բոլոր մարդկանց հանդեպ, նույնիսկ նրանց, ովքեր արժանի են կործանման։ Մեղավոր մարդիկ, ովքեր անկեղծորեն զղջում են, կարող են ներում ստանալ, ինչը Եհովայի կարեկցանքի մեծագույն դրսևորումներից է։ Հաջորդ գլխում կքննենք Աստվածաշնչում գրի առնված գեղեցիկ նկարագրություններից մի քանիսը, որոնք ընդգծում են, թե որքան խորն է Եհովայի ներողամտությունը։
a Հետաքրքիր է, որ Սաղմոս 103։13-ում եբրայերեն ռախամ բայը արտահայտում է ողորմություն, կամ՝ կարեկցանք, որը դրսևորում է հայրը իր երեխաների նկատմամբ։