ԿԱՐԵԿՑԱՆՔ
Ցավակից վերաբերմունք ուրիշի տառապանքի կամ դժբախտության հանդեպ, միևնույն ժամանակ նրա ցավը թեթևացնելու ցանկություն։ «Կարեկցանք» բառի իմաստ հաղորդող եբրայերեն բառերից մեկը խամալ բայն է, որը թարգմանվել է «խղճալ», «կարեկցել», «խնայել» (Ելք 2:6; Մղք 3:17; Եր 50:14)։ Հունարեն օյկտեյրո բայը նշանակում է «կարեկցանք դրսևորել», իսկ օյկտիրմոս գոյականը օգտագործվում է կարեկցանքի կամ գթության իմաստ հաղորդելու համար (Հռ 9:15; 12:1; 2Կթ 1:3; Փպ 2:1; Կղ 3:12; Եբ 10:28)։ Հունարեն սպլանխնա բառը (աղիքներ, փորոտիք) նույնպես կարող է փոխանցել կարեկցանքի իմաստ (1Հվ 3:17)։
Կարեկցանք դրսևորելու հարցում ամենաակնառու օրինակը Եհովան է։ Դա երևում է նրանից, թե ինչպես էր նա վերաբերվում իսրայելացիներին։ Եհովան ոչ միայն ցավակից եղավ նրանց բոլոր նեղությունների մեջ, որ կրեցին Եգիպտոսում, այլև ի վերջո փրկեց նրանց կեղեքողների ձեռքից ու հոգ տարավ նրանց մասին անապատում (Ես 63:7–9)։ Թեև իսրայելացիները Ավետյաց երկրում բնակություն հաստատելուց հետո անընդհատ անհավատարմություն էին դրսևորում, սակայն երբ օգնության համար աղաղակում էին Աստծուն, նա պատասխանում էր նրանց և նորից ու նորից ազատում էր թշնամիների ձեռքից (Դտ 2:11–19)։
Բայց ժամանակի ընթացքում իսրայելացիներն այնքան հեռացան Եհովայից, որ զղջալն այլևս անհնար էր։ Նրանք մխրճվել էին կռապաշտության մեջ, իրենց կուռքերին բերում էին Եհովայի սրբարան և պղծում այն։ Ժողովուրդը շարունակ ծաղրում էր մարգարեներին ու արհամարհում Եհովայի խոսքը։ Բարձրյալն այլևս չէր կարող կարեկցանք դրսևորել նրանց հանդեպ։ Ուստի նա հանձնեց նրանց Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքը՝ այդպիսով իրագործելով այն դատավճիռը, որ նախապես հայտնել էր մարգարեների միջոցով (2Տգ 36:15–17; Եր 13:14; 21:7; Եզկ 5:11; 8:17, 18)։
Անտեղի կարեկցանք։ Բոլոր նրանք, ովքեր իսկապես ճանաչում են Եհովային, ընդօրինակելով նրան, ձգտում են կարեկից լինել (Եփ 4:32–5:1)։ Սակայն լինում են դեպքեր, երբ կարեկցանք դրսևորելը տեղին չէ։ Եթե մարդը համառորեն շարունակում է մեղք գործել և գիտակցաբար մերժում է Եհովայի արդար ճանապարհները, սխալ կլինի, եթե կարեկցանքից մղված՝ թաքցնենք նրա արարքը, որպեսզի նա չկրի այն պատիժը, որին արժանի է (2Օր 13:6–11; Եբ 10:28)։
Աստծու կամքին հակառակ կարեկցանք դրսևորելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, նույնիսկ եթե դա արվում է ճնշման ներքո։ Սավուղ թագավորի հետ պատահած դեպքը պարզ ցույց է տալիս դա։ Երբ ժամանակը եկավ, որ Աստծու դատավճիռը իրագործվի ամաղեկացիների դեմ, որոնք առաջին ազգն էին, որ հարձակվեցին իսրայելացիների վրա, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից, Սավուղին պատվեր տրվեց, որ կարեկցանք ցույց չտա նրանց հանդեպ։ Սակայն իր հպատակների կողմից ճնշման ենթարկվելով՝ նա ամբողջությամբ չկատարեց Եհովայի պատվերը։ Այդ պատճառով Աստված մերժեց Սավուղին՝ որպես թագավորի (1Սմ 15:2–24)։ Եթե անհատը խոր համոզվածություն ունենա, որ Եհովայի ճանապարհները ճիշտ են, և նրա հանդեպ իր նվիրվածությունը ամեն ինչից վեր դասի, մեղք չի գործի ու չի կորցնի Աստծու հավանությունը, ինչպես եղավ Սավուղի պարագայում։