ԴԱՍ 16
Ո՞րն է ծառայող օգնականների դերը
Աստվածաշունչը հիշատակում է ժողովում պատասխանատվություններ ստանձնող քրիստոնյա տղամարդկանց երկու խումբ՝ վերակացուներ ու ծառայող օգնականներ (Փիլիպպեցիներ 1։1)։ Սովորաբար յուրաքանչյուր ժողովում կան մի քանի երեցներ ու ծառայող օգնականներ։ Ի՞նչ են անում ծառայող օգնականները ի նպաստ ժողովին։
Աջակցում են երեցների խորհրդին։ Ծառայող օգնականները ամուր փոխհարաբերություններ ունեն Եհովայի հետ, նրանք վստահելի և բարեխիղճ տղամարդիկ են, որոնց թվում կան նաև երիտասարդ տղաներ։ Այդ եղբայրները հոգ են տանում ժողովի և Թագավորության սրահի կազմակերպչական և այլ բնույթի գործերի մասին, որոնք թեև սովորական կարող են թվալ, բայց իրականում շատ կարևոր են։ Դրա շնորհիվ երեցները կարողանում են կենտրոնանալ սովորեցնելու և հովվելու գործի վրա։
Տարբեր ծառայություններ են կատարում ժողովում։ Որոշ ծառայող օգնականներ նշանակվում են որպես սպասարկուներ, որ ողջունեն հանդիպումներին եկող մարդկանց։ Մյուսներն էլ պատասխանատու են ձայնային սարքավորումների գործարկման, գրականության բաշխման և ժողովի ֆինանսական հարցերի համար։ Այդ եղբայրները նաև հոգ են տանում, որ ժողովի անդամները քարոզչական տարածք ունենան, ինչպես նաև հետևում են Թագավորության սրահի սպասարկման ու շահագործման աշխատանքներին։ Երեցները կարող են խնդրել նրանց, որ օգնեն տարեցներին։ Ինչ պատասխանատվություն էլ ծառայող օգնականները ստանձնեն, նրանք արժանի են բոլորի հարգանքին, քանի որ պատրաստակամորեն կատարում են այս պարտականությունները (1 Տիմոթեոս 3։13)։
Լավ օրինակ են թողնում։ Եղբայրները ծառայող օգնական են նշանակվում իրենց հոգևոր որակների համար։ Երբ հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են հանձնարարված նյութը, ամրացնում են մեր հավատը։ Քարոզչական գործում առաջնորդություն վերցնելով՝ նրանք մղում են մեզ եռանդորեն ծառայելու։ Նրանց համագործակցության ոգին նպաստում է ժողովի ուրախությանն ու միասնությանը (Եփեսացիներ 4։16)։ Ժամանակի ընթացքում այդ եղբայրները կարող են ձեռք բերել որակներ՝ երեցներ ծառայելու համար։
Ինչպիսի՞ հատկություններ ունեն ծառայող օգնականները։
Ինչպե՞ս են ծառայող օգնականները նպաստում ժողովի գործունեությանը։