ԴԱՍ 100
Պողոս և Տիմոթեոս
Տիմոթեոսը մի երիտասարդ եղբայր էր, որը ծառայում էր Լյուստրայի ժողովում։ Նրա հայրը հույն էր, իսկ մայրը՝ հրեա։ Տիմոթեոսը դեռ մանկությունից սովորել էր Եհովայի մասին։ Նրան կրթել էին նրա մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան։
Երբ Պողոսը իր երկրորդ քարոզչական շրջագայության ժամանակ այցելեց Լյուստրա, նկատեց, որ Տիմոթեոսը սիրում է եղբայրներին ու շատ է ցանկանում օգնել նրանց։ Պողոսը նրան հրավիրեց իր հետ ճանապարհորդելու։ Ժամանակի ընթացքում առաքյալը կրթեց Տիմոթեոսին, որ բարի լուրի լավ քարոզիչ և ուսուցիչ լինի։
Ուր էլ որ Պողոսը և Տիմոթեոսը գնում էին, սուրբ ոգին առաջնորդում էր նրանց։ Մի գիշեր տեսիլքում մի մարդ Պողոսին ասաց, որ գնա Մակեդոնիա և օգնի իրենց։ Ուստի Պողոսը, Տիմոթեոսը, Շիղան և Ղուկասը գնացին, որ այնտեղ քարոզեն ու ժողովներ հիմնեն։
Մակեդոնիայի Թեսաղոնիկե քաղաքում շատ տղամարդիկ ու կանայք քրիստոնյա դարձան։ Սակայն որոշ հրեաներ նախանձում էին Պողոսին ու նրա ընկերակիցներին։ Նրանք մի մեծ խումբ կազմեցին ու եղբայրներին քարշ տվեցին քաղաքի իշխանների մոտ՝ բղավելով. «Այս մարդիկ հռոմեական պետության թշնամինե՛րն են»։ Քանի որ Պողոսի ու Տիմոթեոսի կյանքին վտանգ էր սպառնում, գիշերը նրանք փախան Բերիա։
Բերիայի բնակիչները շատ էին ուզում լսել բարի լուրը, և թե՛ հույները, թե՛ հրեաները հավատացյալ դարձան։ Բայց երբ Թեսաղոնիկեից որոշ հրեաներ եկան, որ մարդկանց Պողոսի դեմ տրամադրեն, նա հեռացավ ու գնաց Աթենք։ Տիմոթեոսն ու Շիղան մնացին Բերիայում, որ զորացնեն եղբայրներին։ Որոշ ժամանակ անց Պողոսը Տիմոթեոսին հետ ուղարկեց Թեսաղոնիկե, որ օգնի եղբայրներին դիմադրելու ուժգին հալածանքին։ Հետագայում Պողոսը նրան ուղարկեց ուրիշ շատ ժողովներ, որպեսզի նա քաջալերի նրանց։
Պողոսը Տիմոթեոսին ասաց. «Նրանք, ովքեր ցանկանում են ծառայել Եհովային, պիտի հալածվեն»։ Տիմոթեոսը հալածվեց ու բանտարկվեց իր հավատի համար։ Նա ուրախ էր, որ հնարավորություն ուներ ցույց տալու Եհովայի նկատմամբ իր նվիրվածությունը։
Պողոսը փիլիպպեցիներին ասաց. «Ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին։ Նա կսովորեցնի ձեզ, թե ինչ է նշանակում քայլել ճշմարտության մեջ, և կօգնի, որ ավելի լավ կատարեք ձեր ծառայությունը»։ Պողոսը գիտեր, որ կարող է վստահել Տիմոթեոսին։ Լինելով ընկերներ և ծառայակիցներ՝ նրանք երկար տարիներ համագործակցեցին իրար հետ։
«Նա անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով։ Այդպիսի տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չկա կողքիս։ Մնացած բոլորը իրենց անձնական շահն են հետապնդում և ոչ թե Հիսուս Քրիստոսինը» (Փիլիպպեցիներ 2։20, 21)։