ՏԻՄՈԹԵՈՍ
[«նա, ով պատվում է Աստծուն»]։
Ազգությամբ հրեա Եվնիկեի որդին։ Նրա հայրը հույն էր (Աստվածաշնչում անունը նշված չէ)։ Վաղ մանկությունից Տիմոթեոսին մայրը և հավանաբար տատը՝ Լոիդան, սովորեցրել են «սուրբ գրքերը» (Գրծ 16։1; 2Տմ 1։5; 3։15)։ Հստակ հայտնի չէ, թե երբ է Տիմոթեոսը ընդունել քրիստոնեությունը։ Սակայն թերևս մ.թ. 49թ. վերջին կամ 50թ. սկզբին, երբ Պողոս առաքյալը իր երկրորդ միսիոներական ճանապարհորդության ժամանակ եկավ Լյուստրա (ակներևաբար, Տիմոթեոսի հայրենի քաղաքը), Տիմոթեոս աշակերտի մասին (հավանաբար, մոտ 20 տարեկան էր) «լավ էին խոսում Լյուստրայի և Իկոնիոնի եղբայրները» (Գրծ 16։2)։
Ըստ երևույթին, հենց այդ ժամանակ էր, որ Աստծու ոգու առաջնորդությամբ որոշ մարգարեություններ, կամ՝ կանխատեսումներ արվեցին Տիմոթեոսի առնչությամբ։ Երբ սուրբ ոգին այդպիսով ցույց տվեց Տիմոթեոսի ապագան, ժողովի երեցները Պողոս առաքյալի հետ իրենց ձեռքերը դրեցին նրա վրա և առանձնացրին նրան քրիստոնեական ժողովում հատուկ ծառայության համար (1Տմ 1:18; 4:14; 2Տմ 1:6; համեմատի՛ր Գրծ 13:3)։ Պողոսը ընտրեց Տիմոթեոսին, որ ուղեկցի իրեն ճանապարհորդության ժամանակ, և թլփատեց նրան, որպեսզի հրեաներին գայթակղության առիթ չտա (Գրծ 16:3)։
Ճանապարհորդում է Պողոսի հետ։ Տիմոթեոսը Պողոսի հետ մասնակցեց քրիստոնեական գործունեությանը Փիլիպպեում, Թեսաղոնիկեում և Բերիայում (Գրծ 16:11–17:10)։ Իսկ երբ մոլեռանդ հրեաների կողմից բարձրացված հակառակության պատճառով Պողոսը ստիպված եղավ հեռանալ Բերիայից, նա Շիղային և Տիմոթեոսին թողեց այնտեղ, որպեսզի նրանք հավատակիցների նորակազմ խմբին հոգ տանեն (Գրծ 17:13–15)։ Ակներևաբար, որոշ ժամանակ անց Պողոսը լուր ուղարկեց Բերիա՝ խնդրելով Տիմոթեոսին, որ այցելի Թեսաղոնիկեի եղբայրներին և հորդորի նրանց հավատարիմ մնալ՝ չնայած նեղություններին (1Թղ 3:1–3; տես ԱԹԵՆՔ, Պողոսի գործունեությունը Աթենքում)։ Ամենայն հավանականությամբ, Կորնթոսում Պողոսին միանալով՝ Տիմոթեոսը Թեսաղոնիկեի քրիստոնյաների հավատարմության և սիրո մասին լավ լուր հայտնեց նրան (Գրծ 18:5; 1Թղ 3:6)։ Թեսաղոնիկեցիներին ուղղած նամակում Պողոսը ողջույնի խոսքեր ասելիս նշեց Սիլվանոսի (Շիղա) և Տիմոթեոսի անունները։ Նա նրանց անունները նշեց նաև իր երկրորդ նամակում (1Թղ 1:1; 2Թղ 1:1)։
Պողոսի երրորդ միսիոներական ճանապարհորդության ընթացքում (մ.թ. մոտ 52–56թթ.) Տիմոթեոսը կրկին ուղեկցում էր նրան (համեմատի՛ր Գրծ 20։4)։ Եփեսոսում եղած ժամանակ (1Կթ 16։8) Պողոսը կորնթացիներին ուղղած իր առաջին նամակում գրեց. «Ձեզ մոտ եմ ուղարկում Տիմոթեոսին, քանի որ նա որպես Տիրոջ ծառա իմ սիրելի և հավատարիմ զավակն է։ Նա ձեզ կհիշեցնի այն մեթոդները, որոնք կիրառում եմ Հիսուս Քրիստոսին ծառայելիս, թե ինչպես եմ ամենուրեք սովորեցնում բոլոր ժողովներում» (1Կթ 4։17)։ Սակայն նամակի վերջում Պողոսը ակնարկեց, որ Տիմոթեոսը գուցե չկարողանար գնալ Կորնթոս. «Եթե Տիմոթեոսը գա, տեսեք, որ վախ չունենա ձեզ մոտ, որովհետև ինձ պես նա էլ Եհովայի գործն է կատարում» (1Կթ 16։10 )։ Եթե Տիմոթեոսն իսկապես այցելել էր Կորնթոս, ապա դա պետք է որ եղած լիներ, նախքան նա ու Երաստոսը Եփեսոսից կգնային Մակեդոնիա, քանի որ երբ գրվեց կորնթացիներին ուղղված երկրորդ նամակը (հիմնված Տիտոսի, ոչ թե Տիմոթեոսի հայտնած տեղեկությունների վրա), Տիմոթեոսը Պողոսի հետ Մակեդոնիայում էր (Գրծ 19։22; 2Կթ 1։1; 2։13; 7։5–7)։ Հնարավոր է՝ Տիմոթեոսը այդպես էլ չգնաց Կորնթոս։ Դա կարելի է ենթադրել այն բանից, որ կորնթացիներին ուղղած իր երկրորդ նամակում Պողոսը ոչ մի բան չի նշում Տիմոթեոսի այնտեղ լինելու մասին՝ բացի նրանից, որ համագործակցել է իր հետ (2Կթ 1։19)։ Ավելի ուշ, երբ Պողոսը ակներևաբար Կորնթոսից (որտեղ ապրում էր Գայոսը) գրում էր հռոմեացիներին ուղղված նամակը, Տիմոթեոսը նրա հետ էր (համեմատի՛ր Հռ 16։21, 23; 1Կթ 1։14)։
Տիմոթեոսի անունը հիշատակվում է նաև Պողոսի ողջույնի խոսքերում, որոնցով սկսվում են նրա նամակները՝ ուղղված փիլիպպեցիներին (1։1), կողոսացիներին (1։1) և Փիլիմոնին (համար 1)։ Այս նամակները առաքյալը գրել է Հռոմում առաջին բանտարկության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, Տիմոթեոսը նույնպես բանտարկված է եղել Հռոմում, և դա եղել է մոտավորապես փիլիպպեցիներին ու եբրայեցիներին ուղղված նամակները գրվելու միջև ընկած ժամանակահատվածում (Փպ 2։19; Եբ 13։23)։
Պարտականությունները և հատկությունները։ Երբ Պողոսը ազատ արձակվեց բանտից, Տիմոթեոսը նորից սկսեց համագործակցել նրա հետ և առաքյալի խնդրանքով մնաց Եփեսոսում (1Տմ 1։1–3)։ Այդ ժամանակ (մ.թ. մոտ 61–64թթ.) Տիմոթեոսը հավանաբար 30-ն անց էր և լիազորված էր վերակացուներ ու ծառայող օգնականներ նշանակելու ժողովում (1Տմ 5։22)։ Պողոս առաքյալի հետ 11 կամ ավելի տարիներ սերտորեն համագործակցելով՝ նա փաստեց, որ կարող է կատարել այդ լուրջ պարտականությունները։ Պողոսը նրա մասին ասաց. «Նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին.... Դուք գիտեք, որ նա փաստեց իր արժանի լինելը, որ ինչպես երեխան իր հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ ծառայեց բարի լուրի տարածման համար» (Փպ 2։20–22)։ Իսկ Տիմոթեոսին գրեց. «Երբեք չեմ դադարում գիշեր ու ցերեկ հիշել քեզ իմ աղաչանքներում։ Երբ հիշում եմ քո արցունքները, փափագում եմ տեսնել քեզ, որպեսզի ուրախությամբ լցվեմ։ Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ քո հավատը» (2Տմ 1։3–5)։
Թեև Տիմոթեոսը հաճախակի հիվանդանում էր ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով (1Տմ 5:23), սակայն իրեն չէր խնայում ուրիշներին ծառայելու հարցում։ Պողոս առաքյալը սիրում էր Տիմոթեոսին նրա հրաշալի հատկությունների համար։ Իսկ երբ մոտենում էին Պողոսի մահվան օրերը, նա շատ ցանկացավ, որ իր հավատարիմ ընկերն իր կողքին լինի (2Տմ 4։6–9)։ Տիմոթեոսը, լինելով համեմատաբար երիտասարդ, իր իշխանությունը գործադրելու հարցում թերևս երկչոտ էր ու անվստահ (համեմատի՛ր 1Տմ 4։11–14; 2Տմ 1։6, 7; 2։1)։ Դա ցույց է տալիս, որ նա հպարտ մարդ չէր և գիտակցում էր, որ սահմանափակ կարողություններ ունի։