ԳԼՈՒԽ 21
«Քաղաքը կկոչվի «Եհովան այնտեղ է»»
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. քաղաքի և «նվիրաբերության» նշանակությունը
1, 2. ա) Եզեկիելն ի՞նչ առանձնահատուկ տարածք է տեսնում (տես գրքի շապիկի նկարը)։ բ) Տեսիլքն ի՞նչ խոստում էր պարունակում հրեա գերիների համար։
ԻՐ ՎԵՐՋԻՆ տեսիլքից Եզեկիելն իմանում է, որ երկրի մի հատված հատուկ նպատակով պետք է առանձնացվի։ Այդ տարածքը որպես ժառանգություն չի տրվելու Իսրայելի ցեղերից որևէ մեկին, այլ նվիրաբերվելու է Եհովային։ Մարգարեն նաև իմանում է մի առանձնահատուկ քաղաքի մասին, որը յուրօրինակ անուն ունի։ Տեսիլքի այս հատվածը հրեա գերիների համար շատ կարևոր խոստում է պարունակում. Եհովան նրանց հետ կլինի, երբ նրանք վերադառնան իրենց սիրելի հայրենիք։
2 Եզեկիելը մանրամասնորեն նկարագրում է «նվիրաբերությունը»։ Այժմ քննենք այդ արձանագրությունը, քանի որ այն կարևոր նշանակություն ունի մեզ՝ Եհովային երկրպագողներիս համար։
«Սուրբ նվիրաբերությունը» և «քաղաքը»
3. Ի՞նչ հինգ մասերից էր բաղկացած այն տարածքը, որը Եհովան կարգադրել էր առանձնացնել, և ի՞նչ նպատակի էին դրանք ծառայում (տես «Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն» շրջանակը)։
3 Այդ տարածքում առանձնացված հատուկ հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ 25 000 կանգուն էր (13 կմ), արևելքից արևմուտք՝ նույնպես 25 000 կանգուն։ Այդ քառակուսի հողակտորը կոչվում էր «նվիրաբերված ողջ տարածք»։ Այն բաժանված էր երեք հորիզոնական հատվածների։ Վերին հատվածը նախատեսված էր ղևտացիների համար, մյուս՝ մեջտեղի հատվածը, առանձնացված էր տաճարի ու քահանաների համար։ Այդ երկու հատվածները կազմում էին «սուրբ նվիրաբերություն» կոչվող տարածքը։ Իսկ ստորին՝ ամենափոքր հատվածը, կամ՝ «մնացած հողատարածքը», «սովորական տարածք» էր։ Քաղաքը այդ տարածքում էր գտնվում (Եզեկ. 48։15, 20)։
4. Ի՞նչ ենք սովորում Եհովայի համար որպես նվիրաբերություն առանձնացված տարածքի մասին արձանագրությունից։
4 Եհովայի համար որպես նվիրաբերություն առանձնացված տարածքի մասին արձանագրությունն ուսումնասիրելով՝ ի՞նչ ենք սովորում։ Տարածք հատկացնելով նախ՝ հատուկ նվիրաբերության, ապա՝ ցեղերի համար՝ Եհովան ցույց տվեց, որ Խոստացված երկրի հոգևոր կենտրոնը ժողովրդի համար պետք է առաջնային կարևորություն ունենա (Եզեկ. 45։1)։ Անկասկած, գերիները սովորեցին, որ Եհովային երկրպագելը պետք է ամենակարևորը լինի իրենց կյանքում։ Այսօր նույնպես մեր կյանքը այնպիսի հոգևոր գործերի շուրջ է պտտվում, ինչպիսիք են Աստծու Խոսքն ուսումնասիրելը, ժողովի հանդիպումներին հաճախելը և քարոզչական գործին մասնակցելը։ Մենք ընդօրինակած կլինենք Եհովային, եթե ճիշտ առաջնահերթություններ դնենք, ու այդ ժամանակ մեր կյանքում նրան երկրպագելը առաջնային կլինի։
«Քաղաքը դրա մեջտեղում կլինի»
5, 6. ա) Ո՞ւմ էր պատկանում քաղաքը։ բ) Ի՞նչ չէր Եզեկիելի տեսած քաղաքը, և ինչո՞ւ ենք այդպես ասում։
5 Կարդա Եզեկիել 48։15։ Ո՞ւմ էին պատկանում քաղաքը և դրա շրջակա տարածքը (Եզեկ. 48։16-18)։ Տեսիլքում Եհովան Եզեկիելին ասաց, որ քաղաքին որպես սեփականություն հատկացված տարածքը «կպատկանի ողջ Իսրայելին» (Եզեկ. 45։6, 7)։ Այսպիսով՝ քաղաքն իր շրջակա տարածքով Եհովայի համար առանձնացված «սուրբ նվիրաբերության» մաս չէր կազմում (Եզեկ. 48։9)։ Այս ամենն ի մտի ունենալով՝ քննենք, թե քաղաքի մի շարք առանձնահատկություններ ինչով են ուսանելի մեզ համար։
6 Նախ տեսնենք, թե ինչ չէր այս քաղաքը։ Այն վերակառուցված Երուսաղեմը չէր։ Ինչո՞ւ։ Քանի որ Եզեկիելի տեսիլքի քաղաքում տաճար չկար, մինչդեռ Երուսաղեմում՝ կար։ Եզեկիելի տեսած քաղաքը Իսրայելի որևէ այլ քաղաք էլ չէր։ Ինչո՞ւ։ Քանի որ գերությունից վերադարձած հրեաները կամ նրանց սերունդները նման քաղաք երբևէ չեն կառուցել։ Բացի այդ՝ Եզեկիելի տեսած քաղաքը երկնային քաղաք չէր։ Այդպես ենք ասում, քանի որ այն կառուցված էր մի հողատարածքի վրա, որը համարվում էր «սովորական [ոչ սուրբ] տարածք», և սուրբ երկրպագության համար նախատեսված տարածքի վրա գտնվող կառույցներից զատված էր (Եզեկ. 42։20)։
7. Ի՞նչ քաղաք տեսավ Եզեկիելը, և ի՞նչ էր այն ներկայացնում (տես առաջին նկարը)։
7 Այդ դեպքում ի՞նչ է ներկայացնում Եզեկիելի տեսած քաղաքը։ Հիշենք, որ մարգարեն քաղաքը տեսավ նույն տեսիլքում, ինչ երկիրը (Եզեկ. 40։2; 45։1, 6)։ Սուրբ Գիրքն օգնում է հասկանալ, որ խոսքը փոխաբերական երկրի մասին է, ուստի քաղաքը նույնպես պետք է փոխաբերական լինի։ Իսկ առհասարակ ի՞նչ է քաղաքը։ Քաղաքը մի տեղանք է, որտեղ կազմակերպված ձևով բնակվում են մի խումբ մարդիկ։ Ուստի Եզեկիելի տեսած քաղաքը, որը տեղակայված էր քառակուսի հողատարածքի վրա, ակներևաբար ներկայացնում է լավ կազմակերպված վարչական համակարգ։
8. Ինչի՞ վրա է իշխում Եզեկիելի տեսած քաղաքը, և ինչո՞ւ ենք այդպես ասում։
8 Ինչի՞ վրա է իշխում այս քաղաքը։ Ինչպես արդեն իմացանք, այն գտնվում է փոխաբերական՝ հոգևոր երկրում։ Տրամաբանական է եզրակացնել, որ դրա ազդեցությունը տարածվում է հոգևոր դրախտի վրա, որտեղ Աստծու ժողովուրդը գործունեություն է ծավալում։ Իսկ ի՞նչ է նշանակում այն, որ քաղաքը գտնվում է սովորական, կամ՝ ոչ սուրբ հողատարածքի վրա։ Դա նշանակում է, որ խոսքը ոչ թե երկնային կառավարության մասին է, այլ երկրային, որը գործում է հոգևոր դրախտում բնակվող մարդկանց բարօրության համար։
9. ա) Ո՞վ է այսօր առաջնորդում Աստծու ժողովրդին երկրի վրա։ բ) Հիսուսն ի՞նչ է անելու Հազարամյակի ընթացքում։
9 Ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին երկրի վրա։ Եզեկիելի տեսիլքում քաղաքի առաջնորդը «իշխանն» էր (Եզեկ. 45։7)։ Նա առաջնորդում էր մարդկանց, թեև ո՛չ քահանա էր, ո՛չ էլ ղևտացի։ Իշխանի մասին արձանագրությունը մեզ հիշեցնում է հատկապես ժողովում առաջնորդող այն վերակացուների մասին, որոնք օծված չեն ոգով։ Երկրի վրա գտնվող այս հոգատար հովիվները, որոնք «ուրիշ ոչխարների» խմբին են պատկանում, խոնարհաբար ծառայում են Հիսուսի երկնային կառավարության ներքո (Հովհ. 10։16)։ Գալիք Հազարամյակի ընթացքում Հիսուսը համապատասխան որակներ ունեցող երեցներին «ողջ երկրում.... իշխաններ» է նշանակելու (Սաղ. 45։16)։ Երկնային թագավորության իշխանության ներքո նրանք Հազարամյակի ընթացքում հոգ կտանեն Աստծու ժողովրդի համար։
«Եհովան այնտեղ է»
10. Ինչպե՞ս է կոչվում քաղաքը, և ի՞նչ հավաստիացում է դա տալիս։
10 Կարդա Եզեկիել 48։35։ Քաղաքը կոչվում է «Եհովան այնտեղ է»։ Այս անունը վկայում է Եհովայի ներկայության մասին։ Եզեկիելին ցույց տալով այդ քաղաքը, որը գտնվում էր Խոստացված երկրի կենտրոնում՝ Եհովան, ըստ էության, ասաց գերիներին. «Ես կրկին ձեզ հետ կլինեմ»։ Ի՜նչ սրտապնդող հավաստիացում։
11. Ի՞նչ ենք սովորում՝ խորհելով քաղաքի մասին տեսիլքի և դրա անվան շուրջ։
11 Ի՞նչ ենք սովորում՝ Եզեկիելի տեսիլքի այս հատվածի շուրջ խորհրդածելով։ Քաղաքի անվանումը հավաստիացնում է մեզ, որ Եհովան այսօր բնակվում է իրեն հավատարիմ մարդկանց հետ և միշտ նրանց հետ կլինի։ Այդ խորիմաստ անվանումը նաև ընդգծում է հետևյալ կարևոր ճշմարտությունը՝ քաղաքը գոյություն ունի ոչ թե այն բանի համար, որ որոշ մարդիկ իշխանություն գործադրեն մյուսների վրա, այլ որ գործի դրվեն Եհովայի սիրառատ և ողջամիտ օրենքները։ Օրինակ՝ Եհովան թույլ չտվեց, որ քաղաքի վարչակազմը ըստ իր հայեցողության բաշխի երկիրը։ Հակառակը՝ Եհովան ակնկալում էր, որ այդ վարչական մարմինը երկիրը բաշխելիս հարգի իր ծառաներից յուրաքանչյուրի, անգամ «խեղճի» իրավունքները (Առակ. 19։17; Եզեկ. 46։18; 48։29)։
12. ա) Ի՞նչ առանձնահատկություն ունի «Եհովան այնտեղ է» կոչվող քաղաքը, և ինչի՞ մասին է դա վկայում։ բ) Տեսիլքի այս հատվածը ի՞նչ կարևոր բան է հիշեցնում երեցներին։
12 Է՞լ ինչ առանձնահատկություն ունի «Եհովան այնտեղ է» կոչվող քաղաքը։ Հնագույն քաղաքների պարիսպների մեջ պաշտպանության համար հնարավորինս քիչ դարպասներ էին կառուցում, մինչդեռ այս քաղաքը 12 դարպաս ուներ (Եզեկ. 48։30-34)։ Այդքան շատ դարպասները (երեքական դարպաս՝ ամեն կողմից) խորհրդանշում են այն, որ կառավարությունը մատչելի է ու հասանելի Աստծու ծառաներից յուրաքանչյուրի համար։ Բացի այդ՝ քաղաքում 12 դարպասների առկայությունը ցույց է տալիս, որ այն բաց է բոլորի՝ «ողջ Իսրայելի» համար (Եզեկ. 45։6)։ Սա կարևոր բան է հիշեցնում երեցներին. Եհովան ուզում է, որ նրանք լինեն մատչելի և հոգևոր դրախտում բնակվողներին օգնելու պատրաստ։
Աստծու ծառաները գալիս են «երկրպագության համար» և «աշխատում են քաղաքի համար»
13. Եհովան ի՞նչ ծառայությունների մասին նշեց, որ մարդիկ պետք է անեին։
13 Վերադառնանք Եզեկիելի ժամանակներ և տեսնենք, թե երկրի բաշխման մասին ընդգրկուն տեսիլքի վերաբերյալ նա է՛լ ինչ մանրամասներ է արձանագրել։ Եհովան խոսում է տարբեր ծառայություններ կատարող մարդկանց մասին։ Քահանաները՝ «սրբարանի ծառայողները», պետք է զոհեր մատուցեին և «մոտենային Եհովային, որ ծառայեին նրան»։ Իսկ ղևտացիները՝ «տաճարի ծառայողները», պետք է «կատարեին [դրան] առնչվող պարտականություններն ու ծառայությունները և բոլոր անհրաժեշտ գործերը» (Եզեկ. 44։14-16; 45։4, 5)։ Կային նաև մարդիկ, ովքեր աշխատում էին քաղաքի շրջակայքում։ Ովքե՞ր էին նրանք։
14. Ի՞նչ է հիշեցնում մեզ քաղաքի շրջակայքում աշխատող մարդկանց մասին արձանագրությունը։
14 Քաղաքի շրջակայքում աշխատող մարդիկ «Իսրայելի բոլոր ցեղերից» էին։ Նրանք բերք էին աճեցնում, որը «կերակուր էր քաղաքի աշխատողների համար», և այդպես աջակցում էին նրանց (Եզեկ. 48։18, 19)։ Սա հիշեցնում է մեզ այն հնարավորության մասին, որն ունենք այսօր։ Հոգևոր դրախտի բոլոր բնակիչները առիթ ունեն աջակցելու Քրիստոսի օծյալ եղբայրներին ու Եհովայի նշանակած առաջնորդող եղբայրներին, որոնք «մեծ բազմության» անդամ են (Հայտն. 7։9, 10)։ Դա անելու հիմնական միջոցներից մեկը հավատարիմ ծառայի առաջնորդությանը հոժարակամորեն հետևելն է։
15, 16. ա) Ուրիշ ի՞նչ մանրամասնություններ կան Եզեկիելի տեսիլքում։ բ) Ի՞նչ գործերի մասնակցելու հնարավորություն ունենք։
15 Քննենք Եզեկիելի տեսիլքի ևս մեկ մանրամասնություն, որից օգտակար դասեր կքաղենք մեր ծառայության վերաբերյալ։ Եհովան ասաց, որ 12 ցեղերի ներկայացուցիչները (որոնց թվում չէր Ղևիի ցեղը) գործունեություն էին ծավալելու տաճարի գավիթում և քաղաքի արոտավայրում։ Ի՞նչ էին նրանք անելու այս երկու վայրերում։ Բոլոր ցեղերից մարդիկ տաճարի գավիթ էին գալու, որպեսզի երկրպագեին Եհովային՝ նրան զոհեր մատուցելով (Եզեկ. 46։9, 24)։ Իսկ քաղաքի արոտավայրեր նրանք գալու էին, որպեսզի մշակեին հողը և այդպիսով աջակցեին քաղաքին։ Ի՞նչ ենք սովորում այս աշխատողների օրինակից։
16 Այսօր «մեծ բազմության» անդամները նմանատիպ գործի մասնակցելու հնարավորություն ունեն։ Նրանք երկրպագում են Եհովային «նրա տաճարում»՝ գովաբանության զոհեր մատուցելով (Հայտն. 7։9-15)։ Նրանք դա անում են՝ մասնակցելով քարոզչական գործին և արտահայտելով իրենց հավատը հանդիպումների ժամանակ։ Երկրպագության այս ձևը նրանք իրենց կյանքում առաջնային են համարում (1 Տար. 16։29)։ Բացի այդ՝ Աստծու ծառաներից շատերը տարբեր կերպերով աջակցում են նրա կազմակերպությանը։ Օրինակ՝ նրանք մասնակցում են Թագավորության սրահների և մասնաճյուղի այլ շինությունների կառուցման և սպասարկման գործին, ինչպես նաև ուրիշ նախագծերի։ Ոմանք ֆինանսապես են աջակցում այս նախագծերին։ Նրանք բոլորը ասես մշակում են հողը և այդ կերպ «Աստծուն փառք բերում» (1 Կորնթ. 10։31)։ Նրանք եռանդորեն և ուրախությամբ են մասնակցում այդ գործին, քանի որ գիտեն՝ «Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը» (Եբր. 13։16)։ Լիարժեքորե՞ն ես օգտվում այս հնարավորություններից։
«Մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում»
17. ա) Եզեկիելի տեսիլքը ինչպե՞ս է ավելի մեծ մասշտաբով կատարվելու ապագայում։ բ) Հազարամյակի ընթացքում ովքե՞ր են օգուտներ քաղելու քաղաքով ներկայացված վարչական համակարգի գործունեությունից։
17 Եզեկիելի այս տեսիլքը ավելի մեծ մասշտաբով կկատարվի՞ ապագայում։ Այո՛։ Ուշադրություն դարձնենք, որ տեսիլքում «սուրբ նվիրաբերություն» կոչվող հողատարածքը երկրի կենտրոնում էր գտնվում (Եզեկ. 48։10)։ Նմանապես՝ Արմագեդոնից հետո, անկախ նրանից, թե որտեղ կապրենք, Եհովան մեզ հետ է բնակվելու (Հայտն. 21։3)։ Պատասխանատու դիրք ունեցող տղամարդիկ, որոնց խորհրդանշում է քաղաքով ներկայացված վարչական համակարգը, Հազարամյակի ընթացքում կառաջնորդեն ողջ երկրի վրա ապրող նոր հասարակությանը՝ «նոր երկրին». նրանք ջերմորեն հոգ կտանեն Եհովայի ժողովրդի համար (2 Պետ. 3։13)։
18. ա) Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել որ ապագայում երկրի վրա գործող իշխանությունը Աստծու ղեկավարման կարգին ներդաշնակ կգործի։ բ) Ինչո՞ւմ է վստահեցնում քաղաքի անունը։
18 Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ նրանք Աստծու ղեկավարման կարգին ներդաշնակ կգործեն։ Աստծու Խոսքից պարզ է դառնում, որ տեսիլքի՝ 12 դարպաս ունեցող քաղաքը նման է 12 դարպաս ունեցող երկնային քաղաքին՝ Նոր Երուսաղեմին, որը կազմված է Հիսուսի 144 000 իշխանակիցներից (Հայտն. 21։2, 12, 21-27)։ Այդ նմանությունը մատնանշում է այն, որ երկրի վրա գործող իշխանությունը արտացոլելու է երկնքում Աստծու թագավորության կայացրած որոշումները և ճշգրտորեն գործի է դնելու դրանք։ Այո՛, քաղաքի անունը՝ «Եհովան այնտեղ է», մեզ վստահեցնում է, որ դրախտում մաքուր երկրպագությունը կփթթի հավիտյան։ Ի՜նչ հրաշալի ապագա է մեզ սպասում։