ԿԻՆ
Սեռական հասունացման տարիքի հասած իգական սեռի ներկայացուցիչ։ «Կին» բառը թարգմանվել է եբրայերեն իշշա բառից (բռց.՝ «իգական սեռին պատկանող մարդ»), որը նաև թարգմանվում է «կին»՝ «տղամարդու ամուսին» իմաստով։ Հունարեն գինե բառը նույնպես ունի այդ երկու նշանակությունը։ Կնոջ մասին խոսվում է որպես մեկի, «որին տիրացել են [այսինքն՝ ամուսինն է տիրացել]» (Ես 62:4)։
Արարումը։ Աստված՝ Ադամի Արարիչը, նրան կողակից տվեց, նախքան նա կխնդրեր այդ մասին։ Այն բանից հետո, երբ Եհովան Ադամին բնակեցրեց Եդեմի պարտեզում և բարին ու չարը գիտենալու ծառի մասին օրենք տվեց, ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծն 2:18)։ Աստված Ադամին չէր պարտադրում իր համար զուգընկեր փնտրել կենդանիների մեջ. Եհովան նրանց բերում էր մարդու մոտ, որ նա անուն տար ամեն մեկին։ Ադամը անասնապղծության հակում չուներ և հասկանում էր, որ իր համար կենդանիների մեջ հարմար զուգընկեր չկա (Ծն 2:19, 20)։ «Ուստի Եհովա Աստված խոր քուն բերեց մարդու վրա և, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը ու դրա տեղը միս լցրեց։ Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց ու բերեց մարդու մոտ։ Այդ ժամանակ մարդն ասաց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սա Կին կկոչվի, որովհետև մարդուց վերցվեց»» (Ծն 2:21–23)։
Դիրքը և պարտականությունները։ Կինը, ստեղծված լինելով տղամարդու կողոսկրից, իր գոյության համար նրան էր պարտական և կախում ուներ նրանից։ Լինելով տղամարդու մի մաս, «մեկ մարմին» նրա հետ, նաև նրա օգնական և լրացում (Ծն 2:18, 20)՝ կինը պետք է ենթարկվեր նրան՝ որպես իր գլխի։ Նա նույնպես պետք է հնազանդվեր բարին ու չարը գիտենալու ծառի մասին օրենքին, որն Աստված տվել էր Ադամին։ Կնոջ վարվելակերպը պետք է նպաստեր տղամարդու բարօրությանը։ Նրանք միասին պետք է երեխաներ մեծացնեին և իշխեին կենդանիների վրա (Ծն 1:28; 2:24)։
Աստված Ադամի հետ էր հաղորդակցվում, իսկ Ադամը Աստծու պատվերները փոխանցում էր իր կնոջը։ Քանի որ տղամարդը առաջինն էր ստեղծվել և ստեղծվել էր Աստծու պատկերով, նա առավելություն ուներ կնոջ նկատմամբ. նա նրա գլուխն էր և Աստծու ներկայացուցիչը։ Տղամարդը սիրով պետք է բանեցներ իր գլխավորությունը, իսկ կինը պետք է օգներ նրան կատարելու Աստծու տված պատվերը՝ բազմանալ ու շատանալ (Ծն 1:28)։
Այն բանից հետո, երբ մարդիկ մեղք գործեցին (առաջինը մեղք գործեց Եվան, որն իր ամուսնուն օգնելու փոխարեն՝ նրան մեղքի դրդեց, իսկ հետո մեղք գործեց նրա ամուսինը՝ Ադամը, որը լսեց նրան), Աստված հետևյալ դատավճիռը կայացրեց կնոջ վերաբերյալ. «Խիստ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը, և ցավերով երեխաներ կծնես, մեծ փափագ կունենաս քո ամուսնու հանդեպ, և նա պիտի իշխի քեզ վրա» (Ծն 3:16)։ Այդ ժամանակից ի վեր շատ ժողովուրդներում ամուսինները իշխում են իրենց կանանց վրա և հաճախ դա անում են կոպիտ ձևով. նրանք վերաբերվում են նրանց ոչ թե ինչպես ընկերոջ և օգնականի, այլ ինչպես ծառայի հետ։
Քանի որ աստվածաշնչյան ժամանակներում ընդունված էր, որ յուրաքանչյուր աղջիկ ամուսնանար, Աստվածաշնչի համարների մեծ մասը, որոնք առնչվում են կնոջ պարտականություններին, վերաբերում են որպես ամուսնացած կնոջ նրա դիրքին։ Իսրայելում կնոջ առաջնային պարտականությունը Եհովա Աստծուն ճշմարտությամբ երկրպագելն էր։ Այդ հարցում լավ օրինակ էր Աբիգեան, որն իր ամուսնու՝ Նաբաղ անունով մի անպիտան մարդու մահից հետո դարձավ Դավթի կինը։ Երբ Նաբաղը սխալ վարվեց՝ հրաժարվելով Դավթին՝ Եհովայի օծյալին, նյութապես աջակցելուց, Աբիգեան չհետևեց նրա օրինակին՝ գիտակցելով, որ թեև նրա կինն է, սակայն պարտավոր չէ նույն կերպ վարվել՝ հակառակվելով Եհովայի կամքին։ Նա աջակցեց Աստծու օծյալին և այդպիսով ցույց տվեց, որ թիկունք է կանգնում ճշմարիտ երկրպագությանը։ Եհովան օրհնեց նրան դրա համար (1Սմ 25:23–31, 39–42)։
Կնոջ մյուս պարտականությունը ամուսնուն հնազանդվելն էր։ Նա պետք է ջանասիրաբար աշխատեր ի բարօրություն իր տնեցիների և պատիվ բերեր իր գլխին։ Այդպես վարվելով՝ կինը մեծ փառքի կարժանանար։ Առակներ 14:1-ում ասվում է. «Իմաստուն կինը կառուցում է իր տունը, բայց հիմարը իր իսկ ձեռքերով քանդում է այն»։ Նա միշտ պետք է լավը խոսեր ամուսնու մասին, նպաստեր այն բանին, որ ուրիշները հարգեին նրան, և այնպիսի կին լիներ, որ ամուսինը հպարտանար նրանով։ «Առաքինի կինը պսակ է իր տիրոջ համար, բայց այն կինը, որը ամոթալի վարմունք ունի, փտություն է նրա ոսկորներին» (Առ 12:4)։ Առակներ 31-րդ գլխում նկարագրված են կնոջ պատվավոր դիրքը՝ որպես տղամարդու կողակից, նրա պարտականություններն ու այն օրհնությունները, որ նա ստանում է իր հավատարմության, ջանասիրության և իմաստության համար։
Մայրանալով՝ եբրայեցի կինը մեծ ջանքեր էր թափում, որ այնպես դաստիարակեր իր երեխաներին, որ նրանք դառնային արդար, հարգալից ու աշխատասեր մարդիկ։ Հաճախ նա խորհուրդներ էր տալիս իր հասուն որդիներին և լավ ազդեցություն էր թողնում նրանց վրա (Ծն 27:5–10; Ելք 2:7–10; Առ 1:8; 31:1; 2Տմ 1:5; 3:14, 15)։ Մայրն իր աղջիկներին այնպես էր կրթում, որ հետագայում նրանք լավ կին դառնային. նա սովորեցնում էր նրանց կերակուր պատրաստել, գործել և զբաղվել տնային տնտեսությամբ, իսկ հայրը որդիներին արհեստ էր սովորեցնում։ Կանայք կարող էին ամուսինների հետ ազատ խոսել իրենց զգացմունքների մասին (Ծն 16:5, 6) ու երբեմն օգնում էին նրանց ճիշտ որոշումներ կայացնելու (Ծն 21:9–13; 27:46–28:4)։
Սովորաբար տղամարդու համար ծնողներն էին հարսնացու ընտրում։ Սակայն ինչպես որ վաղ ժամանակներում Ռեբեկան ազատ արտահայտել էր իր զգացմունքներն ու կամքը ամուսնության վերաբերյալ, այնպես էլ Մովսիսական օրենքի ներքո աղջիկն իրավունք ուներ արտահայտելու իր զգացմունքներն ու կամքը (Ծն 24:57, 58)։ Ճիշտ է, բազմամուսնությունն ընդունված էր (քրիստոնեական ժողովը հիմնվելուց հետո միայն Աստված վերականգնեց մենամուսնությունը, որը նա ի սկզբանե ամուսնության համար չափանիշ էր սահմանել) (Ծն 2:23, 24; Մթ 19:4–6; 1Տմ 3:2), սակայն Իսրայելում գործում էին այնպիսի օրենքներ, որոնք բազմամուսնական ընտանիքներում կանոնակարգում էին հարաբերությունները։
Անգամ զինվորական ծառայությանը վերաբերող օրենքները նպաստում էին և՛ ամուսնու, և՛ կնոջ բարօրությանը. նորապսակ ամուսինը մեկ տարով ազատվում էր զինվորական ծառայությունից։ Դրա շնորհիվ ամուսինները հնարավորություն էին ունենում երեխա ունենալու։ Մոր համար երեխան մեծ մխիթարություն կլիներ, եթե ամուսինը երկար ժամանակ բացակայեր, հատկապես եթե մահանար պատերազմի դաշտում (2Օր 20:7; 24:5)։
Շնության, արյունապղծության, անասնապղծության և այլ հանցանքների վերաբերյալ օրենքները հավասարապես կիրառելի էին թե՛ տղամարդու, թե՛ կնոջ պարագայում (Ղև 18:6, 23; 20:10–12; 2Օր 22:22)։ Կինը չպետք է տղամարդու հագուստ հագներ, իսկ տղամարդը՝ կանացի, որովհետև դա կարող էր անբարոյության, այդ թվում համասեռամոլության տանել (2Օր 22:5)։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք պահում էին շաբաթը, ուխտավորների վերաբերյալ օրենքները, մասնակցում էին տոներին, ենթարկվում Օրենքի տարբեր պատվիրաններին և այդպիսով օրհնություններ վայելում (Ելք 20:10; Թվ 6:2; 2Օր 12:18; 16:11, 14)։ Երեխաները պետք է պատվեին ու հնազանդվեին ոչ միայն իրենց հորը, այլև մորը (Ղև 19:3; 20:9; 2Օր 5:16; 27:16)։
Հին եբրայեցիների ընտանիքներում։ Հին եբրայեցիների մեջ տղամարդը տան գլուխն էր և կնոջ տերը (եբր.՝ բաալ), իսկ կինը նա էր, «որին տիրացել» էին (եբր.՝ բեուլա)։ Աստծու ծառաները իրենց կանանց վերաբերվում էին արժանապատվությամբ ու հարգանքով։ Աստվածավախ, հոգևոր մտածելակերպ և տարբեր ունակություններ ունեցող կանայք, թեև ենթարկվում էին իրենց ամուսինների գլխավորությանը, սակայն բավականաչափ ազատություն ունեին և ընտանիքում ունեցած իրենց դերը ուրախությամբ էին կատարում։ Եհովա Աստված օրհնում էր նրանց՝ վստահելով առանձնահատուկ հանձնարարություններ։ Աստվածաշնչում նշված բազմաթիվ հավատարիմ կանանցից են Սառան, Ռեբեկան, Դեբորան, Հռութը, Եսթերն ու Հիսուսի մայր Մարիամը։
Ամուսնացած կինը պաշտպանված էր Օրենքով։ Ամուսինը ընտանիքի գլուխն էր, և Աստծու Օրենքը պահանջում էր, որ նա հոգար իր ընտանիքի նյութական և հոգևոր կարիքները։ Նրա համբավի վրա անդրադառնում էր ընտանիքի անդամների գործած ցանկացած մեղք։ Հետևաբար նա իր ուսերին մեծ պատասխանատվություն էր կրում։ Ու թեև ամուսինը ավելի շատ իրավունքներ ուներ, քան կինը, Աստծու Օրենքը պաշտպանում էր կնոջը և նրան առանձնահատուկ իրավունքներ էր տալիս, որպեսզի նա կարողանար լիարժեք ու երջանիկ կյանքով ապրել։
Ստորև նշված են ամուսնացած կանանց առնչվող Օրենքի դրույթներից մի քանիսը. թե՛ կանայք, թե՛ ամուսինները մահվան էին մատնվում շնություն գործելու դեպքում։ Եթե ամուսինը կասկածեր իր կնոջը անհավատարմության մեջ, կարող էր նրան բերել քահանայի մոտ, որպեսզի Եհովա Աստված դատեր, ու եթե կինը մեղավոր էր, նրա սեռական օրգանները ապաճում էին։ Սակայն եթե նա մեղավոր չէր, ամուսինը պետք է սեռական հարաբերություն ունենար նրա հետ, որպեսզի նա հղիանար, և այդպիսով նրան հանրորեն անմեղ ճանաչեր (Թվ 5:12–31)։ Ամուսինը կարող էր բաժանվել կնոջից, եթե «անվայել բան նկատեր նրա վարքում»։ «Անվայել բան» էր, օրինակ՝ ամուսնու հանդեպ կնոջ խիստ անհարգալից վերաբերմունքը կամ այնպիսի վարքի դրսևորումը, որով նա խայտառակում էր իրենց ընտանիքը կամ ամուսնու հոր ընտանիքը։ Սակայն կինը պաշտպանված էր Օրենքի այն պահանջով, որի համաձայն՝ ամուսինը պետք է բաժանման վկայական գրեր ու տար նրա ձեռքը։ Այդ դեպքում նա կարող էր ամուսնանալ ուրիշ տղամարդու հետ (2Օր 24:1, 2)։ Եթե կինը այնպիսի երդում աներ, որը ամուսնու կարծիքով՝ անխոհեմ էր կամ վտանգում էր ընտանիքի բարօրությունը, վերջինս կարող էր անվավեր դարձնել այն (Թվ 30:10–15)։ Դա, ինչ խոսք, պաշտպանություն էր նաև կնոջ համար, քանի որ այդպիսով նա չէր անի անմտածված ու հապճեպ քայլեր, որոնց պատճառով կարող էր դժվար իրավիճակում հայտնվել։
Մովսիսական օրենքով բազմակնությունը թույլատրելի էր։ Սակայն այդ Օրենքում կային դրույթներ, որոնք պաշտպանում էին կանանց։ Օրինակ՝ ամուսինը չէր կարող առաջնեկության իրավունքից զրկել իր ոչ այդքան սիրելի կնոջ որդուն և այն տալ սիրելի կնոջ որդուն (2Օր 21:15–17)։ Եթե մի իսրայելացի մարդ իր աղջկան վաճառեր որպես աղախին, բայց նա հաճություն չգտներ իր տիրոջ աչքին, և տերը չուզենար նրան իր հարճը դարձնել, ապա կարող էր թույլ տալ, որ նա փրկագնվի, սակայն իրավունք չուներ նրան վաճառելու օտարներին (Ելք 21:7, 8)։ Եթե տերը կամ նրա որդին նրան իր հարճը դարձներ, իսկ հետո մեկ ուրիշին կնության առներ, ապա նրան չպետք է զրկեր սննդից, հագուստից ու ծածկից և նրա հանդեպ պետք է կատարեր ամուսնական պարտականությունը (Ելք 21:9–11)։
Եթե ամուսինը կնոջը մեղադրեր այն բանի մեջ, որ ամուսնանալիս նա կույս չի եղել, և նրա մեղադրանքը կեղծ լիներ, ապա նրան պետք է պատժեին, և նա աղջկա հորը պետք է վճարեր կույսերի համար տրվող գնման գնի կրկնակի չափով։ Նաև իր ողջ կյանքում նա չէր կարող բաժանվել նրանից (2Օր 22:13–19)։ Եթե մի տղամարդ հրապուրեր չնշանված կույսի և հարաբերություն ունենար նրա հետ, ապա նրա հորը պետք է գնման գին վճարեր ու կնության առներ աղջկան (եթե հայրը համաձայն լիներ)։ Դրանից հետո իր ողջ կյանքում նա երբեք չէր կարող բաժանվել նրանից (2Օր 22:28, 29; Ելք 22:16, 17)։
Թեև հնում եբրայեցի կնոջ դիրքը տարբերվում էր այն դիրքից, որ այսօր ունեն Արևմուտքի կանայք, աստվածավախ եբրայեցի կինը արժանապատիվ դիրք ուներ ընտանիքում և հաճույք էր ստանում իր արած գործերից։ Կինն օգնում էր ամուսնուն, դաստիարակում էր երեխաներին, զբաղվում էր տնտեսությամբ. այդ ամենը նրան բավարարվածության զգացում և ուրախություն էր պատճառում, քանի որ այդպիսով նա լիարժեքորեն կարողանում էր դրսևորել իր կանացի էությունը և գործի դնել իր ունակությունները։
Առաքինի կնոջ նկարագիրը։ «Առակներ» գրքի 31-րդ գլխում խոսվում է այն մասին, որ աստվածավախ կինը երջանիկ է, և նկարագրվում են այն գործերը, որոնք նա անում է։ Առաքինի կնոջ ամուսնու համար նրա արժեքը մարջանների արժեքից շատ ավելին է։ Ամուսինը կարող է վստահել նրան։ Նա աշխատասեր է. գործվածքներ է հյուսում և հանդերձներ պատրաստում իր ընտանիքի համար, գնում է այն, ինչ հարկավոր է տան համար, աշխատում է խաղողի այգում, հոգ է տանում իր տնեցիների ու ծառաների մասին, օգնում է կարիքավորներին, տնեցիներին գեղեցիկ հանդերձներ է հագցնում, վաճառում է իր ձեռքի աշխատանքը և այդպիսով շահույթ բերում իր ընտանիքին, հոգ է տանում, որ իր ընտանիքը պատրաստ լինի դիմագրավելու դժվարությունները, իր բերանը նա իմաստությամբ և սիրառատ բարությամբ է բաց անում։ Առաքինի կնոջ ամուսինն ու որդիները գովում են նրան աստվածավախության և բարի գործերի համար։ Նրա ամուսինն ու ողջ ընտանիքը հարգված են այդ երկրի մարդկանց կողմից։ Իսկապես, նա, ով լավ կին է գտել, բարիք է գտել և Եհովայի բարեհաճությունն է վայելում (Առ 18:22)։
Քրիստոնեական ժողովում։ Քրիստոնեական ժողովի համար սահմանված չափանիշի համաձայն՝ տղամարդը պետք է միայն մեկ կին ունենա (1Կթ 7:2; 1Տմ 3:2)։ Կանանց պատվեր է տրված հնազանդ լինել իրենց ամուսիններին, անկախ նրանից՝ նրանք քրիստոնյա են, թե ոչ (Եփ 5:22–24)։ Կինը չպետք է խուսափի ամուսնական պարտքը տալուց, քանի որ նա, ինչպես և ամուսինը, «իշխանություն չունի իր մարմնի վրա» (1Կթ 7:3, 4)։ Կանանց հրահանգ է տրված, որ իրենց զարդարանքը նախևառաջ լինի սրտի ծածուկ մարդը։ Կինը պետք է դրսևորի ոգու պտուղը և միայն այդ դեպքում իր վարքով կարող է մղել ամուսնուն, որը չի ծառայում Աստծուն, դառնալու քրիստոնյա (1Պտ 3:1–6)։
Առանձնաշնորհումները քրիստոնեական ժողովում։ Հոգևոր առումով տարբերություն չկա այն տղամարդկանց և կանանց միջև, ում Աստված ընտրել է երկնային կոչման համար (Եբ 3:1), որ լինեն Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները։ Պողոս առաքյալը գրեց. «Դուք բոլորդ Աստծու որդիներ եք շնորհիվ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի.... Ո՛չ տղամարդ [կա] և ո՛չ էլ կին, քանի որ բոլորդ մեկ անձ եք՝ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ» (Գղ 3:26–28)։ Հարություն առնելիս նրանք բոլորը պետք է փոխվեն՝ մասնակից լինելով «աստվածային բնությանը», և այդ ժամանակ նրանցից ոչ ոք կին չի լինի, քանի որ ոգեղեն արարածները սեռ չունեն. Աստված արական և իգական սեռերը նախատեսել էր այն բանի համար, որ երկրային արարածները կարողանային բազմանալ (2Պտ 1:4)։
Բարի լուրը հռչակողներ։ Կանայք այն անհատների թվում էին, ովքեր մ.թ. 33 թ. Պենտեկոստեին ստացան սուրբ ոգու պարգևները։ Նրանց մասին Հովելի մարգարեության մեջ խոսվում է որպես «աղջիկների» և «աղախինների»։ Պենտեկոստեի օրից սկսած՝ այդ պարգևները ստացող քրիստոնյա կանայք կարողանում էին խոսել նախկինում իրենց համար անհասկանալի լեզուներով և մարգարեանալ։ Այն, որ նրանք մարգարեանում էին, չի նշանակում, որ պարտադիր կանխագուշակում էին ապագայի վերաբերյալ կարևոր իրադարձություններ. նրանք աստվածաշնչյան ճշմարտություններ էին հայտնում (Հվլ 2:28, 29; Գրծ 1:13–15; 2:1–4, 13–18; տես ՄԱՐԳԱՐԵՈՒՀԻ)։
Կանայք միայն հավատակիցների հետ չէ, որ խոսում էին աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գրծ 1:8)։ Երբ դրանից հետո՝ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, սուրբ ոգին թափվեց մոտ 120 աշակերտների վրա, բոլորը (այդ թվում կանայք) դարձան նրա վկաները (Գրծ 1:14, 15; 2:3, 4)։ Հենց այդ կանանց մասին էր հիշատակվում Հովելի մարգարեության մեջ (Հվլ 2:28, 29), որը Պետրոսը մեջբերեց այդ օրը։ Փաստորեն, նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր Հիսուսի վկաները պետք է լինեին «Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը»։ Ավելի ուշ Պողոս առաքյալը գրեց, որ Փիլիպպեում ապրող Եվոդիան և Սյունտիքը «բարի լուրի համար կողք կողքի պայքարեցին [իր] հետ»։ Ղուկասը հիշատակեց Պրիսկիղայի մասին, որն իր ամուսնու՝ Ակյուղասի հետ Աստծու ճանապարհը բացատրում էր Եփեսոսի բնակիչներին (Փպ 4:2, 3; Գրծ 18:26)։
Ժողովի հանդիպումներ։ Ժողովի որոշ հանդիպումների ժամանակ կանայք կարող էին աղոթել կամ մարգարեանալ, սակայն պետք է ծածկեին իրենց գլուխը (1Կթ 11:3–16; տես ԳԼՈՒԽԸ ԾԱԾԿԵԼ)։ Բայց հանրային հանդիպումների ժամանակ, երբ «ամբողջ ժողովը» և «անհավատները» մեկտեղ էին հավաքվում (1Կթ 14:23–25), կանայք պետք է «լուռ մնային»։ Եթե նրանք «ցանկանում էին ինչ-որ բան սովորել, [պետք է] տանը իրենց ամուսիններին հարցնեին, քանի որ կնոջը վայել չէր խոսել ժողովում» (1Կթ 14:31–35)։
Թեև կանանց թույլ չէր տրվում սովորեցնել ժողովի հանդիպումներին, բայց այլ դեպքերում նրանք կարող էին սովորեցնել այն մարդկանց, ովքեր ցանկանում էին իմանալ աստվածաշնչյան ճշմարտությունը և Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը (հմմտ. Սղ 68:11)։ Իսկ ժողովում նրանք կարող էին բարին սովորեցնել երիտասարդ կանանց (ու երեխաներին) (Տիտ 2:3–5)։ Կինը չպետք է իշխանություն բանեցներ տղամարդու վրա կամ վիճեր նրա հետ։ Նա պետք է հիշեր այն մասին, թե ինչ տեղի ունեցավ Եվայի հետ, և թե Աստված ինչ ասաց կնոջ դիրքի մասին, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին (1Տմ 2:11–14; Ծն 3:16)։
Վերակացուներն ու ծառայող օգնականները տղամարդիկ են։ Երբ Աստվածաշնչում խոսվում է «մարդկանց տեսքով պարգևների» մասին, որոնց Քրիստոսը տվեց ժողովին, կանանց մասին չի հիշատակվում։ «Առաքյալներ», «մարգարեներ», «ավետարանիչներ», «հովիվներ» և «ուսուցիչներ» թարգմանված հունարեն բոլոր բառերը արական սեռի են (Եփ 4:8, 11)։ Մի թարգմանության մեջ Եփեսացիներ 4:11-ը հետևյալ կերպ է հնչում. «Որոշ տղամարդկանց նա ժողովին տվեց որպես առաքյալներ, ոմանց որպես մարգարեներ, ոմանց որպես միսիոներներ, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ» (AT; հմմտ. Mo, NW; նաև Սղ 68:18)։
Վերոնշյալ մտքին լիովին ներդաշնակ են Տիմոթեոսին ուղղված Պողոս առաքյալի խոսքերը։ Նա գրեց այն պահանջների մասին, որոնց պետք է համապատասխանեն ժողովում ծառայող «վերակացուները» (հուն.՝ էպիսկոպոյ)՝ «երեցները» (հուն.՝ պրեսբիտերոյ), և «ծառայող օգնականները» (հուն.՝ դիակոնոյ), և առանձնահատուկ կերպով նշեց, որ այդպիսի մարդը, եթե ամուսնացած է, պետք է «մեկ կնոջ ամուսին» լինի։ Առաքյալներից և ոչ մեկը չի ասել, թե որևէ կին ծառայել է որպես սարկավագուհի (հուն.՝ դիակոնիսսա) (1Տմ 3:1–13; Տիտ 1:5–9; հմմտ. Գրծ 20:17, 28; Փպ 1:1)։
Հռոմեացիներ 16:1-ում Ֆիբեի մասին ասվում է, որ նա ժողովում «ծառայում է» («սպասաւոր է», ԱԹ, «ծառայող», ԱՆԹ; հուն.՝ դիակոնոս՝ առանց որոշյալ հոդի)։ Սակայն ակնհայտ է, որ նա ժողովում նշանակված չէր որպես ծառայող օգնական, քանի որ դա կհակասեր Սուրբ Գրքին։ Պողոս առաքյալը ժողովին չէր հորդորում կատարել Ֆիբեի կողմից տրված որևէ հրահանգ, այլ պարզապես հորդորում էր ուրախությամբ ընդունել և «օգնել նրան ցանկացած հարցում, ինչում որ [ժողովի անդամների] կարիքը կունենար» (Հռ 16:2)։ Պողոսը, նշելով, որ Ֆիբեն ծառայում է Կենքրայի ժողովում, ըստ երևույթին, նկատի ուներ ինչ-որ բան, որ նա արել էր բարի լուրի տարածման հետ կապված (հմմտ. Գրծ 2:17, 18)։
Ընտանիքում։ Աստվածաշնչում կինը նկարագրվում է որպես «ավելի փխրուն անոթ», և նրա ամուսինը պետք է համապատասխանաբար վերաբերվի նրան (1Պտ 3:7)։ Կինը շատ պարտականություններ ունի, օրինակ՝ մասնակցում է երեխաների դաստիարակությանը, անում է տնային գործերը՝ միշտ ամուսնու առաջնորդությանը հետևելով և ամեն բան անելով նրա հավանությունը ստանալուց հետո միայն (1Տմ 5:14; 1Պտ 3:1, 2; Առ 1:8; 6:20; գլ. 31)։ Կինը պետք է հնազանդվի իր ամուսնուն (Եփ 5:22–24) և տա իր ամուսնական պարտքը (1Կթ 7:3–5)։
Զարդարանքը։ Թեև Աստվածաշունչը չի դատապարտում գեղեցիկ հագուստ կամ զարդեր կրելը, սակայն ասում է, որ հարկավոր է առաջնորդվել համեստությամբ և համապատասխանել պատշաճության կանոններին։ Պողոս առաքյալը նշում է, որ կանայք պետք է վայելուչ հագուստ կրեն և իրենց զարդարեն «համեստությամբ և ողջամտությամբ»։ Կարևորը ոչ թե սանրվածքն է, զարդերը կամ թանկարժեք հագուստը, այլ այն բաները, որոնք նպաստում են մարդու հոգևոր գեղեցկությանը, այսինքն՝ «բարի գործերը» և «սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած» (1Տմ 2:9, 10; 1Պտ 3:3, 4; հմմտ. Առ 11:16, 22; 31:30)։
Հնազանդությամբ, մաքրությամբ, հարգալից վարքով և աստվածավախությամբ աչքի ընկնող կանանց Պետրոս առաքյալն ասում է. «Դուք Սառայի դուստրերը կլինեք, եթե շարունակեք բարին գործել և չվախենալ ոչ մի բանից, ինչը կարող է սարսափեցնել ձեզ»։ Այդպիսի կանանց առաջ հրաշալի հեռանկար է բացվում ոչ թե այն պատճառով, որ նրանք հավատարիմ Սառայի մարմնավոր հետնորդներն են, այլ այն պատճառով, որ ընդօրինակում են նրան։ Սառան առանձնաշնորհում ունեցավ ծնելու Իսահակին և դառնալու Հիսուս Քրիստոսի նախամայրը, որը Աբրահամի «սերնդի» գլխավոր մասն է (Գղ 3:16)։ Նույն կերպ էլ այն քրիստոնյա կանայք, ովքեր անգամ իրենց անհավատ ամուսինների հետ վարվում են ինչպես Սառայի փոխաբերական դուստրեր, անպայման Աստծուց առատ վարձատրություն կստանան (1Պտ 3:6; Ծն 18:11, 12; 1Կթ 7:12–16)։
Հիսուսին ծառայող կանայք։ Հիսուսի երկրային ծառայության ընթացքում կանայք հատուկ պատվի արժանացան, սակայն ոչ այնպիսի պատվի, ինչպիսին որ ունեին 12 առաքյալներն ու 70 ավետարանիչները (Մթ 10:1–8; Ղկ 10:1–7)։ Որոշ կանայք ծառայում էին Հիսուսին՝ նրա հետ կիսելով իրենց ունեցածը (Ղկ 8:1–3)։ Երբ մի կին Հիսուսի մահից մի քանի օր առաջ նրան յուղով օծեց, Հիսուսը խոստացավ. «Ամբողջ աշխարհում որտեղ էլ որ այս բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի նրա հիշատակի համար» (Մթ 26:6–13; Հվ 12:1–8)։ Կանայք այն մարդկանց թվում էին, ում Հիսուսը հայտնվեց հարություն առնելու օրը և ավելի ուշ (Մթ 28:1–10; Հվ 20:1–18)։
Փոխաբերական գործածություն։ Աստվածաշնչում կանայք երբեմն խորհրդանշում են ժողովներ, մարդկային կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքներ։ Քրիստոսի փառավորված ժողովի մասին խոսվում է որպես նրա «հարսի»։ Այն նաև կոչվում է «սուրբ քաղաք՝ Նոր Երուսաղեմ» (Հվ 3:29; Հտն 21:2, 9; 19:7; հմմտ. Եփ 5:23–27; Մթ 9:15; Մկ 2:20; Ղկ 5:34, 35)։
Եհովան Իսրայել ազգի մասին խոսում էր որպես իր «կնոջ» (Ես 54:6)։ Աստված նրա «ամուսինն ու տերն» էր Օրենքի ուխտի հիման վրա։ Վերականգնման մասին Իսրայելին մարգարեություններ ասելիս նա խոսում էր որպես նրա ամուսին ու երբեմն իր խոսքերն ուղղում էր Երուսաղեմին՝ Իսրայելի մայրաքաղաքին։ Այդ կնոջ «որդիներն» ու «աղջիկները» (Ես 43:5–7) Իսրայել ազգի անդամներն էին (Ես 51:17–23; 52:1, 2; 54:1, 5, 6, 11–13; 66:10–12; Եր 3:14; 31:31, 32)։
Պողոս առաքյալը Եհովայի մասին խոսեց որպես ոգուց ծնված քրիստոնյաների Հոր, իսկ «վերին Երուսաղեմի» մասին՝ որպես նրանց մոր, ասես Եհովան ամուսնացել էր նրա հետ, որպեսզի ծնվեին ոգուց ծնված քրիստոնյաները (Գղ 4:6, 7, 26)։ Քրիստոնեական ժողովը կոչվում է Հիսուս Քրիստոսի հարս և կին (Եփ 5:23, 25; Հտն 19:7; 21:2, 9)։
Հաճախ այլ ազգերի ու քաղաքների մասին նույնպես խոսվում է որպես կանանց։ Այդպիսի օրինակներ են Մովաբը (Եր 48:41), Եգիպտոսը (Եր 46:11), Ամմոնի որդիների Ռաբան (Եր 49:2), Բաբելոնը (Եր 51:13) և խորհրդանշական Մեծ Բաբելոնը (Հտն 17:1–6; տես ՄԵԾ ԲԱԲԵԼՈՆ; ԴՈՒՍՏՐ)։
Ծննդոց 3:15-ում հիշատակված «կինը»։ Մարդկության նախածնողների՝ Ադամի ու Եվայի հանդեպ դատավճիռ կայացնելիս Աստված խոստացավ, որ «կնոջ» «սերունդը» պիտի ջախջախի օձի գլուխը (Ծն 3:15)։ Այդ խոսքերում «սրբազան գաղտնիք» կար, որը Աստված նպատակադրել էր բացահայտել իր նշանակած ժամանակին (Կղ 1:26)։ Կնոջ ինքնությունը հասկանալու համար հարկավոր է քննել, թե ինչ հանգամանքներում տրվեց այդ մարգարեական խոստումը։ Կնոջ սերունդը չէր կարող մարդ լինել, քանի որ նա պետք է ջախջախեր օձի գլուխը, և, ինչպես երևում է Աստվածաշնչից, Աստծու խոսքերը ուղղված չէին գետնի վրա սողացող բառացի օձի։ Հայտնություն 12:9 համարը ցույց է տալիս, որ «օձը» Բանսարկու Սատանան է՝ ոգեղեն անձնավորություն։ Հետևաբար վերոնշյալ մարգարեության մեջ հիշատակված «կինը» չէր կարող սովորական կին լինել, ինչպիսին որ Հիսուսի մայր Մարիամն էր։ Այս հարցը լուսաբանում են Գաղատացիներ 4:21–31-ում արձանագրված Պողոս առաքյալի խոսքերը (տես ՍԵՐՈՒՆԴ, II)։
Այս հատվածում Պողոսը խոսում է Աբրահամի կնոջ մասին, որը ազատ կին էր, և նրա աղախնի՝ Հագարի մասին։ Նա ասում է, որ Հագարը համապատասխանում է բառացի Երուսաղեմ քաղաքին, որն Օրենքի ուխտի տակ էր, իսկ նրա «երեխաները» Իսրայել ազգի անդամներն էին։ Աբրահամի կին Սառան ներկայացնում է «վերին Երուսաղեմը»՝ Պողոսի և ոգուց ծնված բոլոր քրիստոնյաների հոգևոր մորը։ Այս երկնային «մայրը» նաև Քրիստոսի «մայրն» է։ Քրիստոսն իր հոգևոր եղբայրների մեջ ավագն է, իսկ նրանց բոլորի Հայրը Աստված է (Եբ 2:11, 12; ԱԶԱՏ ԿԻՆ)։
Ուստի, հիմնվելով ողջ Աստվածաշնչի վրա, տրամաբանական է եզրակացնել, որ Ծննդոց 3:15-ում խոսքը հոգևոր «կնոջ» մասին է։ Եվ ինչպես որ Քրիստոսի «հարսը»՝ կինը, առանձին վերցված կին չէ, այլ բազմաթիվ ոգեղեն անձնավորություններից բաղկացած հավաքական մարմին (Հտն 21:9), այնպես էլ այն «կինը», որը ծնում է Աստծու ոգեղեն որդիներին՝ Աստծու «կինը» (որի մասին մարգարեաբար խոսել են Եսայիան ու Երեմիան), բաղկացած է բազմաթիվ ոգեղեն անձնավորություններից։ «Կինը» անհատներից բաղկացած հավաքական մարմին է՝ երկնային կազմակերպություն։
Այս «կնոջ» մասին խոսվում է Հայտնություն 12-րդ գլխում։ Հովհաննեսը տեսիլքում տեսավ, որ «կինը» մի որդի է ծնում, որը «բոլոր ազգերին պիտի հովվի երկաթե գավազանով» (հմմտ. Սղ 2:6–9; 110:1, 2)։ Այդ տեսիլքը Հովհաննեսին տրվեց երկրի վրա Հիսուսի ծնվելուց և որպես Մեսիա օծվելուց շատ ժամանակ անց։ Տեսիլքը ակնհայտորեն կապ ունի Ծննդոց 3:15-ում հիշատակված կնոջ հետ, հետևաբար այն թերևս վերաբերում է ոչ թե երկրի վրա Հիսուսի ծնվելուն, այլ մեկ ուրիշ իրադարձության՝ նրա՝ թագավորական իշխանություն ստանալուն։ Այսպիսով՝ Հայտնություն 12-րդ գլխում նկարագրված է Աստծու Մեսիական Թագավորության ծնունդը։
Այնուհետև տեսիլքում ցույց է տրվում, որ Սատանան սկսում է հալածել «կնոջը» և գնում է պատերազմ մղելու «նրա սերնդից մնացածների դեմ» (Հտն 12:13, 17)։ Քանի որ «կինը» երկնային է, Սատանայի համար, որն այդ ժամանակ արդեն «ցած էր գցվել» երկրի վրա (Հտն 12:7–9), այն ոգեղեն անձնավորությունները, որոնցից բաղկացած է այդ «կինը», անհասանելի են։ Բայց նա կարող է վնասել կնոջ «սերնդից» մնացածներին՝ նրա երեխաներին՝ Հիսուս Քրիստոսի եղբայրներին, որոնք դեռ երկրի վրա են։ Այդպես նա հալածում է «կնոջը»։
Այլ կիրառություններ։ Երբ Աստված իսրայելացիներին զգուշացրեց այն մասին, որ, եթե անհնազանդ լինեն ու դրժեն իր ուխտը, սովի կմատնվեն, ասաց. «Տասը կանայք ձեր հացը մեկ վառարանում կթխեն և այն կշռով կվերադարձնեն»։ Սովն այնքան սաստիկ էր լինելու, որ ընդամենը մեկ վառարանը բավական էր լինելու տասը կանանց համար, թեև սովորաբար յուրաքանչյուր կին իր վառարանն ուներ (Ղև 26:26)։
Եհովան Եսայիա մարգարեի միջոցով Իսրայելին զգուշացրեց այն աղետների մասին, որոնք գալու էին նրա վրա անհավատարմության պատճառով, և ասաց. «Այդ օրը յոթ կին կբռնեն մի տղամարդու և կասեն. «Մենք մեր հացը կուտենք և մեր թիկնոցները կհագնենք, միայն թե թող քո անունով կոչվենք, որ նախատինքը վերցվի մեզնից»» (Ես 4:1)։ Նախորդ երկու համարներում (Ես 3:25, 26) ասվում է, որ իսրայելացի տղամարդիկ ընկնելու էին պատերազմում։ Հետևաբար Եհովան խոսում էր այն մասին, թե ինչպես էր տղամարդկանց կորուստը անդրադառնալու ժողովրդի վրա. կմնային այնքան քիչ թվով տղամարդիկ, որ նրանցից յուրաքանչյուրի հետ մի քանի կին կցանկանար ապրել։ Նրանք ուրախ կլինեին վերցնելու որևէ տղամարդու անուն և գոնե մի փոքր ուշադրության արժանանալու նրա կողմից։ Նրանք անգամ կհանդուրժեին այն, որ նա մի քանի կին ունենար։ Այդ կանայք համաձայն կլինեին ապրելու բազմամուսնական ընտանիքում կամ հարճ դառնալու, միայն թե մենակ չմնային։ Այդպիսով նրանք մասամբ կազատվեին այրի, չամուսնացած կամ անզավակ կնոջ նախատինքից։
Իսրայելին մխիթարելով՝ Եհովան հետևյալ մարգարեությունն ասաց. «Դեռ երկա՞ր պիտի թափառես, ո՛վ անհավատարիմ դուստր։ Եհովան նոր բան է ստեղծել երկրի վրա. կինը պիտի տղամարդու շուրջը պտտվի» (Եր 31:22)։ Մինչ այդ Իսրայելը, որի հետ Աստծու հարաբերությունները Օրենքի ուխտի հիման վրա նման էին ամուսնու և կնոջ հարաբերությունների, թափառում էր անհավատարմության մեջ։ Իսկ այժմ Եհովան «Իսրայելի կույսին» հորդորում էր ճանապարհի նշաններ դնել և նշանասյուներ կանգնեցնել, որոնք ցույց կտային հետդարձի ճանապարհը, և սիրտն ուղղել դեպի այն ուղին, որը հետ էր տանում (Եր 31:21)։ Եհովան իր սուրբ ոգին նրա մեջ կդներ, այնպես որ նա կցանկանար վերադառնալ։ Ինչպես որ կինն է պտտվում իր ամուսնու շուրջը՝ ջանալով վերականգնել նրա հետ լավ հարաբերությունները, այնպես էլ Իսրայելը կպտտվեր Եհովա Աստծու շուրջը, որ նրա՝ իր ամուսնու հետ վերականգներ լավ հարաբերությունները։
«Կանանց.... ցանկությունները»։ Դանիելի մարգարեության մեջ «հյուսիսի թագավորի» մասին ասվում է. «Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, նաև կանանց ու մյուս բոլոր աստվածների ցանկությունները և իրեն բոլորից բարձր կդասի։ Իր դիրքում նա փառք կտա ամրոցների աստծուն» (Դն 11:37, 38)։ Հնարավոր է՝ այստեղ «կանայք» ներկայացնում են ավելի թույլ ազգերին, որոնք, որպես ավելի փխրուն անոթներ, դառնում են «հյուսիսի թագավորի» «աղախինը»։ Նրանք իրենց աստվածներն ունեն, որոնց ցանկանում են երկրպագել, սակայն «հյուսիսի թագավորը» անհարգալից վերաբերմունք է դրսևորում նրանց նկատմամբ և մեծարում է նյութապաշտության աստծուն։
Խորհրդանշական «մորեխները»։ Հայտնություն 9:1–11-ում արձանագրված տեսիլքի խորհրդանշական «մորեխները» «կանանց մազերի պես մազեր ունեին»։ Համաձայն աստվածաշնչյան մի սկզբունքի՝ կնոջ երկար մազերը իր ամուսնուն՝ որպես իր գլխին հնազանդ լինելու նշանն են։ Ուստի այս խորհրդանշական «մորեխների» մազերը թերևս մատնացույց են անում խորհրդանշական «մորեխներով» ներկայացված անձնավորությունների հնազանդությունը նրան, ով մարգարեության մեջ իրենց գլուխն ու թագավորն է (տես ԱԲԱԴԴՈՆ)։
144 000 անհատները «չպղծվեցին կանանցով»։ Հայտնություն 14:1–4-ում Գառան հետ Սիոն լեռան վրա կանգնած 144 000 հոգու մասին ասվում է, որ երկրից են գնվել, և որ «նրանք են, որ չպղծվեցին կանանցով. նրանք կույս են»։ Ոչ ոք Գառան հետ այնպիսի մտերիմ փոխհարաբերություններ չունի, ինչպիսիք որ նրանք ունեն, որովհետև միայն նրանք են կարողացել սովորել «նոր երգը» (Հտն 14:1–4)։ Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք Գառան «հարսն» են (Հտն 21:9)։ Ու քանի որ ասվում է, որ նրանք Գառան հետ կանգնած են երկնային Սիոն լեռան վրա, նշանակում է, որ նրանք ոգեղեն անձնավորություններ են։ Հետևաբար «նրանք են, որ չպղծվեցին կանանցով» և «նրանք կույս են» արտահայտությունները չեն նշանակում, թե 144 000 անհատներից ոչ մեկը երբևիցե ամուսնացած չի եղել. դա հստակ է, քանի որ Աստվածաշունչը չի արգելում ամուսնանալ նրանց, ովքեր բնակվում են երկրի վրա և լինելու են Քրիստոսի ժառանգակիցները (1Տմ 3:2; 4:1, 3)։ Բացի դրանից, այդ արտահայտությունները չեն նշանակում, որ բոլոր 144 000 անհատները նախքան երկինք գնալը տղամարդիկ են եղել, քանի որ Քրիստոսի ժառանգակիցների միջև եղող հոգևոր փոխհարաբերությունների առնչությամբ կիրառելի են «ո՛չ տղամարդ [կա] և ո՛չ էլ կին» խոսքերը (Գղ 3:28)։ Ուստի այստեղ խոսքը հավանաբար խորհրդանշական կանանց մասին է, անկասկած այնպիսի կրոնական կազմակերպությունների, ինչպիսիք որ Մեծ Բաբելոնն ու նրա «դուստրերն» են՝ կեղծ կրոնները, որոնց անդամակցելով՝ անհատը չի կարող անբիծ լինել (Հտն 17:5)։ Այսպիսի խորհրդանշական նկարագրությունը ներդաշնակ է Օրենքի այն պահանջին, ըստ որի՝ իսրայելացի քահանայապետը միայն կույսի կարող էր կնության առնել, իսկ Հիսուս Քրիստոսը Եհովայի մեծ Քահանայապետն է (Ղև 21:10, 14; 2Կթ 11:2; Եբ 7:26)։
Այն մասին, որ Հիսուսը Մարիամի հետ խոսելիս նրան կոչում էր «կին», տես ՄԱՐԻԱՄ, կետ 1, Հարգված էր ու սիրված Հիսուսի կողմից։