Ինչո՞ւ է ժամանակն այսքան կարճ
ԺԱՄԱՆԱԿ։ Թերևս դժվար է ճշտորեն սահմանել այս բառը, սակայն կա մի բան, ինչի հետ բոլորն են համաձայն՝ ժամանակը երբեք մեզ չի բավականացնում, այն շատ արագ է անցնում։ Երբեմն նույնիսկ ցավով նկատում ենք, որ ժամանակը քամու նման է սլանում։
Բայց այս հարցում ճշմարտությանն ավելի մոտ են անգլիացի բանաստեղծ Օստին Դոբսոնի խոսքերը՝ գրված 1877–ին. «Ասում եք, թե ժամանակը սլանո՞ւմ է։ Ո՜չ, ավա՜ղ. այդ մե՛նք ենք սլանում»։ Նրա մահվան տարեթվից՝ 1921 թ.–ից գրեթե ութսուն տարի է անցնել, սակայն ժամանակը շարունակում է սլանալ։
ժամանակը վերջ չունի
Աստվածաշունչը հետևյալ տեղեկությունն է տալիս մարդկության Արարչի մասին. «Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել. յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած» (Սաղմոս 90։2)։ Կարելի է եզրակացնել, որ ժամանակը կլինի այնքան, որքան գոյություն կունենա Աստված... հավիտյա՛ն։
Ի տարբերություն Աստծո, որն անսահման ժամանակ ունի իր տրամադրության տակ՝ մարդկանց համար Աստվածաշունչն ասում է. «Մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք։ Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։9, 10)։
Ինչո՞ւ է կյանքն այսքան կարճ, չէ՞ որ, ըստ Աստվածաշնչի, Աստծո նպատակն է եղել, որ մարդիկ ապրեն հավիտյան (Ծննդոց 1։27, 28; Սաղմոս 37։29)։ Աստծո նախատեսած անվերջ կյանքի փոխարեն՝ ինչո՞ւ են մարդիկ լավագույն դեպքում ապրում 30 000 օր, իսկ երբեմն էլ՝ ավելի քիչ։ Ինչո՞ւ է մարդկանց այդքան քիչ ժամանակ տրված։ Ո՞վ կամ ի՞նչն է այս տխուր իրականության պատճառը։ Աստվածաշունչն այս հարցի վերաբերյալ շատ հստակ պատասխան է տալիս։a
Ժամանակը գնալով կարճանում է
Տարեց մարդիկ կհաստատեն այն անժխտելի փաստը, որ վերջին տասնամյակների ընթացքում կյանքի ընթացքը խիստ արագացել է։ Ժուռնալիստ Սիբիլ Ֆրիթչը նշում է, որ վերջին երկու հարյուր տարիների ընթացքում աշխատանքային շաբաթը 80 ժամից կրճատվել է և դարձել 38 ժամ, «սակայն դրանով վերջ չի դրվել մեր գանգատներին»։ Նա պարզաբանում է. «Ժամանակ չկա, ժամանակը ոսկի է, ժամանակը մեզ օդի պես անհրաժեշտ է, կյանքն ուղղակի եռում է»։
Նոր հայտնագործությունները բազում հնարավորություններ են տվել, որոնց մասին անցյալ սերունդները երազել անգամ չէին կարող։ Սակայն, որքան մեծանում է զանազան գործունեություններին մասնակցելու հնարավորությունը, այնքան անհնար է դառնում ժամանակ գտնել դրանց համար։ Մեր օրերում աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց համար թանկ է ժամանակի ամեն մի վայրկյանը։ Ընտանիքի հայրը աշխատանքի է գնում առավոտյան ժամը 7։00–ին, մայրը երեխաներին պետք է դպրոց տանի ժամը 8։30–ին, պապը՝ 9։40–ին պետք է լինի բժշկի մոտ, և բոլորը միասին երեկոյան ժամը 19։30–ին պետք է ներկա գտնվեն ինչ–որ կարևոր հանդիպման։ Մի անհետաձգելի գործից դեպի մյուսը այս վազվզոցի մեջ գրեթե ժամանակ չի մնում մտածելու հանգստի կամ զվարճության մասին։ Իսկ մենք գանգատվում ենք մեր միօրինակ առօրյայից ու կյանքի լարված ռիթմից։
Միայն մենք չենք, որ քիչ ժամանակ ունենք
Աստծո հակառակորդը՝ Բանսարկու Սատանան, որի խարդավանքներն են պատճառը, որ մարդկանց կյանքի տևողությունը կարճացել է, ներկայումս իր սեփական չարության զոհն է դարձել (համեմատեք Գաղատացիս 6։7, 8)։ Յայտնութիւն 12։12–ում կարդում ենք երկնքում Մեսիական Թագավորության ծննդի մասին, և այն մեզ լավը հուսալու հիմք է տալիս. «Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր մէջ ընկաւ Բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի»։
Աստվածաշնչի արժանահավատ ժամանակագրության և մարգարեությունների կատարման համաձայն՝ մենք այժմ ապրում ենք այդ «քիչ ժամանակի» մեջ։ Որքա՜ն ուրախալի է իմանալը, որ Սատանայի ժամանակը մոտ է իր ավարտին։ Այն օրը, երբ նա կհեռացվի մեր ճանապարհից, հնազանդ մարդիկ ետ կդառնան դեպի կատարելություն և կստանան հավիտենական կյանքը, որը Եհովան սկզբում նախատեսել էր նրանց համար (Յայտնութիւն 21։1—4)։ Ժամանակի խնդիրն այլևս իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնի։
Պատկերացնո՞ւմ եք, թե ի՛նչ է նշանակում ապրել հավիտյան։ Դա նշանակում է, որ այլևս երբե՛ք ստիպված չեք լինի որևէ սկսած գործ անավարտ թողնել։ Եթե ժամանակը չի բավարարում, ձեր առջև է վաղվա օրը, մյուս շաբաթը, մյուս տարին և, ի վերջո, անծայրածիր հավիտենականությունը։
Իմաստուն ձևով օգտագործենք մեր տրամադրության տակ գտնվող ժամանակը
Գիտակցելով, որ մարդկանց վրա իր ազդեցությունը բանեցնելու ժամանակն արդեն ավարտին մոտ է, Սատանան ջանում է մարդկանց զբաղված վիճակում պահել, որպեսզի նրանք ժամանակ չունենան լսելու Աստծո արդեն հաստատված Թագավորության մասին ավետիսը։ Ուստի խելացի կլինի ականջ դնել Աստծո խորհրդին. «Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։15—17)։
Որքա՜ն էական է, որ մեր ժամանակն անօգուտ գործերի վրա վատնելու փոխարեն՝ իմաստուն ձևով օգտագործենք՝ հաշվի առնելով ավելի կարևոր բաները։ Կարելի է ճիշտ մոտեցում ցուցաբերել այդ հարցի նկատմամբ, ինչպես Մովսեսը, երբ դիմեց Եհովային հետևյալ անկեղծ խոսքերով. «Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք [համրենք] մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։12)։
Ճիշտ է, այսօր բոլորն էլ չափազանց զբաղված են։ Այնուհանդերձ, Եհովայի վկաները հրավիրում են ձեր թանկագին ժամանակից որոշ մաս տրամադրել Աստծո պահանջները սովորելուն, որը հարկավոր է նրա Թագավորության իշխանության ներքո հավիտենական կյանք ստանալու համար։ Ամեն անգամ շաբաթական մեկ ժամ տրամադրելով ‘Եհովայի կամքն իմանալուն’՝ դրանով քայլ եք կատարում դեպի այն կյանքը, որը նկարագրված է Աստվածաշնչում՝ միանալով այն մարդկանց, որոնք հույս ունեն անձամբ տեսնելու և զգալու հետևյալ խոսքերի կատարումը. «Յետ քաշուիր չարիցը եւ բարիք արա, եւ յաւիտեան կ’մնաս։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։27, 29)։
[ծանոթագրություն]
a Տեսե՛ք «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, գլուխ 6–րդ։ Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։