Աստծու նպատակը շուտով կիրականանա
ԴՐԱԽՏՈՒՄ եղած ժամանակ Ադամն ու Եվան այսպիսի պատվեր էին ստացել Աստծուց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ» (Ծննդոց 1։28)։
Մարդիկ ‘տիրելու էին երկրին’ այն իմաստով, որ խնամք էին տանելու ողջ մոլորակին և ոչ թե ընդամենը նրա փոքրիկ հատվածին։ Ադամն ու Եվան իրենց զավակների հետ միասին ընդարձակելու էին Դրախտի սահմանները, մինչև որ գեղեցիկ պարտեզի վերածեին ամբողջ երկիրը։ Ցավոք, մեր նախածնողները մեղք գործեցին և վտարվեցին Եդեմից (Ծննդոց 3։23, 24)։ Բայց սա չի նշանակում, որ երկիրն այդպես էլ անխնամ կմնա։
Ժամանակ կգա, երբ աստվածավախ մարդիկ հնարավորության կստանան երկիրը խնամելու, քանի որ Եհովան կօրհնի նրանց։ Երբ հին իսրայելացիները հնազանդվում էին Աստծուն, օրհնվում էին նրա կողմից և արդյունքում առատ բերք էին հավաքում իրենց դաշտերից ու այգիներից։ Երկիրը նույն առատությամբ պտուղ կբերի նաև այն ժամանակ, երբ վերածվի դրախտի։ Աստծու ներշնչյալ Խոսքը՝ Աստվածաշունչը, խոստանում է. «Երկիր[ն] իր պտուղը պիտի տայ. ու Աստուած, մեր Աստուածը, մեզ պիտի օրհնէ» (Սաղմոս 67։6, ԱԱ)։ Դաշտերն ու լեռները, ծառերն ու ծաղիկները, գետերն ու ծովերը ասես կցնծան ուրախությունից (Սաղմոս 96։11–13; 98։7–9)։ Մեր մոլորակը կծաղկի։ Փարթամ բուսականությունը, գեղեցիկ թռչուններն ու զարմանահրաշ կենդանիները կզարդարեն երկիրը։ Սակայն նրա գլխավոր զարդը կլինեն բարեսիրտ մարդիկ, որ կսիրեն միմյանց։
Նոր աշխարհ՝ մոտ ապագայում
Մոտ է այն ժամանակը, երբ Եհովա Աստված, իր խոստման համաձայն, նոր աշխարհ կհաստատի։ «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում»,— գրել է Պետրոս առաքյալը (Բ Պետրոս 3։13)։ Այս խոսքերն ընթերցելով՝ ոմանք թերևս մտածեն, որ Աստված ոչ թե մեր մոլորակն է վերածելու դրախտի, այլ բառի բուն իմաստով նոր երկինք ու նոր երկիր է ստեղծելու։ Արդյո՞ք այդպես է։
Նախևառաջ պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում ‘նոր երկինքը’։ Դա Աստծու կողմից ստեղծված նյութական երկինքը չէ (Սաղմոս 19։1, 2)։ Պետրոսը խոսում էր խորհրդանշական ‘երկնքի’՝ մարդակերտ կառավարությունների մասին, որոնք իրենց հպատակների համեմատությամբ բարձր դիրք են զբաղեցնում (Բ Պետրոս 3։10–12)։ Այս ‘երկնքին’ չի հաջողվել լավ պայմաններ հաստատել մարդկանց համար։ Ուստի այն «կ’անցնէ», այսինքն՝ կկործանվի (Երեմիա 10։23; Դանիէլ 2։44)։ ‘Նոր երկինքը’, որ հաստատվելու է հնի փոխարեն, Աստծու Թագավորությունն է։ Այդ կառավարության կազմի մեջ մտնում են Թագավոր Հիսուս Քրիստոսը ու երկնային կյանքի կանչված նրա 144 000 ժառանգակիցները (Հռովմայեցիս 8։16, 17; Յայտնութիւն 5։9, 10; 14։1, 3)։
Իսկ ի՞նչ է ‘նոր երկիրը’, որի մասին խոսեց Պետրոսը։ Դա նոր մոլորակ չէ։ Եհովան երկիրը կատարյալ է ստեղծել. այն իդեալական վայր է մարդու հավիտենական բնակության համար (Սաղմոս 104։5)։ Երբեմն Աստվածաշնչում «երկիր» է կոչվում մարդկային հասարակությունը (Ծննդոց 11։1)։ Ուստի այն ‘երկիրը’, որը շուտով ոչնչացվելու է, չար աշխարհի մաս կազմող մարդիկ են։ Նույնը կարելի է ասել Նոյի օրերում Ջրհեղեղից կործանված աստվածանարգ աշխարհի մասին (Բ Պետրոս 3։5–7)։ Հետևաբար ‘նոր երկիրը’ նոր հասարակություն է՝ կազմված Աստծուն անկեղծորեն երկրպագող մարդկանցից, որոնք «իրանց սիրտերովն ուղիղ» են (Սաղմոս 125։4; Ա Յովհաննէս 2։17)։ Բոլոր այն օրենքները, որ կգործեն ‘նոր երկրում’, սահմանվելու են ‘նոր երկնքի’ կողմից։ Հավատարիմ տղամարդիկ հոգ կտանեն, որ այդ օրենքները գործադրվեն երկրի վրա։
Զարմանալի փոփոխություններ
Կասկած չի կարող լինել, որ Եհովան հիանալի «տուն» պարգևեց մեզ՝ երկրի վրա ամեն ինչ նախապատրաստելով մարդու համար։ Մեր մոլորակն ու նրա մեջ եղող բոլոր բաներն արարելուց հետո Աստված ինքն ասաց. «Ահա շատ բարի [է]» (Ծննդոց 1։31)։ Սակայն Բանսարկու Սատանայի դրդմամբ Ադամն ու Եվան ապստամբեցին Եհովայի դեմ (Ծննդոց 3։1–5; Յայտնութիւն 12։9)։ Այնուամենայնիվ, Աստված շուտով հոգ կտանի, որ ուղղամիտ մարդիկ ժառանգեն «ճշմարիտ», այսինքն՝ ‘հավիտենական կյանքը’ կատարյալ, դրախտային պայմաններում (Ա Տիմոթէոս 6։12, 19 ԷԹ)։ Տեսնենք, թե ինչ օրհնություններ կվայելեն նրանք այդ ժամանակ։
Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում Սատանան բանտարկված կլինի և չի կարողանա չարիք բերել մարդկանց։ Հովհաննես առաքյալն ասում է. «Տեսայ մի հրեշտակ [դա Միքայել հրեշտակապետն էր՝ Հիսուս Քրիստոսը] վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ» (Յայտնութիւն 20։1–3; 12։12)։ Սատանայի ազդեցությունից ազատվելուց բացի, մարդկությունը բազում այլ օրհնություններ կվայելի Աստծու իշխանության ներքո։
Բռնությունը, ոճրագործությունն ու պատերազմները անցյալի գիրկը կանցնեն։ Աստվածաշունչը խոստանում է. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ. եւ երբոր նորա տեղին մտիկ տաս՝ նա չ’կայ։ Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։10, 11, 29)։ Եհովա Աստված «դադարեցն[ելու] է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Խաղաղության և անվտանգության ի՜նչ հիանալի երաշխիք։
Մեր սեղանը լեփ–լեցուն կլինի առողջ ու համեղ կերակուրներով։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ»,— երգել է սաղմոսերգուն (Սաղմոս 72։16)։ Այո՛, այդ ժամանակ ոչ ոք չի տառապի սովից։
Հիվանդությունները կվերանան։ «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24; 35։5, 6)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը բուժում էր բորոտների, կույրերի, անդամալույծների (Մատթէոս 9։35; Մարկոս 1։40–42; Յովհաննէս 5։5–9)։ Պատկերացնո՞ւմ եք, թե նա ինչեր կանի նոր աշխարհում։ Ինչպիսի՜ երջանկություն կտիրի, երբ համր, կույր, խուլ, անդամալույծ և այլ հիվանդություններ ունեցող մարդիկ ապաքինվեն։
Մարդիկ աստիճանաբար կհասնեն կատարելության, և դրա շնորհիվ ծերության կործանարար ազդեցությունը կվերանա։ Այլևս ակնոցի, ձեռնափայտի, հենակի կամ հաշմանդամի սայլակի անհրաժեշտություն չի լինի։ Ոչ ոք դեղերի կարիք չի զգա, և հիվանդանոցներ կառուցելու հարկ չի առաջանա։ Ի՜նչ փոփոխություն կզգան տարեցները, երբ նրանց երիտասարդական ուժն ու կորովը վերականգնվի (Յոբ 33։25)։ Ամեն առավոտ մենք թարմացած կարթնանանք գիշերվա անուշ քնից՝ պատրաստ լինելով ուրախությամբ սկսելու նոր օրը։
Մենք ցնծությամբ կդիմավորենք հարություն առած մեր հարազատներին ու ծանոթներին (Յովհաննէս 5։28, 29; Գործք 24։15)։ Որքա՜ն հետաքրքիր կլինի ողջունել Աբելին, Նոյին, Աբրահամին, Սառային, Հոբին, Մովսեսին, Հռութին, Դավթին, Եղիային, Եսթերին և բազում այլ աստվածավախ մարդկանց։ Հարություն կառնեն նաև միլիոնավոր ուրիշ մարդիկ։ Նրանց մեծ մասը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու Եհովայի հետ։ Սակայն այդ անհատներին դիմավորողները պատրաստակամորեն նրանց կսովորեցնեն Աստծու, նրա նպատակների և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին։ Երբ հարություն առածները ճանաչեն իրենց Արարչին, Եհովայի գիտությունը կլցնի ամբողջ երկիրը։
Մենք հնարավորություն կստանանք հավիտյան երկրպագելու միակ ճշմարիտ Աստծուն, և դա ամենակարևորն է։ Մենք պատիվ կունենանք «ծառայե[լու] Տիրոջն ուրախութիւնով»։ Նաև միասնաբար կաշխատենք. կկառուցենք գեղեցիկ տներ, կմշակենք հողը և խնամք կտանենք երկրի մասին՝ այն ի վերջո ամբողջությամբ վերածելով դրախտի (Սաղմոս 100։1–3; Եսայիա 65։21–24)։ Ինչպիսի՜ ուրախություն կլինի հավիտյան ապրել խաղաղ, գեղեցիկ ու պտղաբեր երկրի վրա, որը փառք կբերի Եհովայի սուրբ անվանը (Սաղմոս 145։21; Յովհաննէս 17։3)։
Վերջնական փորձություն
Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում բոլոր աստվածավախ անհատները լիակատար օգուտներ կքաղեն նրա քավիչ զոհաբերությունից։ Վերջիվերջո մեղքն ամբողջապես կվերանա, և մարդիկ կհասնեն կատարելության (Ա Յովհաննէս 2։2; Յայտնութիւն 21։1–4)։ Ադամական մեղքի բոլոր հետևանքներից ազատվելով՝ կատարյալ մարդիկ կհամապատասխանեն Աստծու չափանիշներին թե՛ ֆիզիկական առումով, թե՛ մտավոր, թե՛ հոգևոր և թե՛ բարոյական։ Այդ ժամանակ նրանք լիակատար իմաստով ‘կկենդանանան’՝ փառք բերելով Եհովային (Յայտնութիւն 20։5)։
Երբ Հազարամյա Իշխանությունը ավարտվի, Սատանան ու նրա դևերը՝ չար հրեշտակները, կարճ ժամանակով ազատ կարձակվեն իրենց հազարամյա բանտարկությունից (Յայտնութիւն 20։1–3)։ Նրանք վերջին անգամ հնարավորություն կստանան մարդկանց հեռացնելու Աստծուց։ Թեև որոշ մարդիկ կտրվեն սխալ ցանկություններին, սակայն չար ոգեղեն արարածների ապստամբությունը հաջողությամբ չի պսակվի։ Եհովան կոչնչացնի եսասեր անհատներին Սատանայի ու նրա դևերի հետ միասին։ Դրանից հետո չարությանը մեկընդմիշտ վերջ կդրվի։ Բոլոր չարագործները կվերանան, իսկ արդարները կարժանանան հավիտենական կյանքի (Յայտնութիւն 20։7–10)։
Կլինե՞ք դրախտում
Հավիտենությունն իր դռները կբացի այն անհատների առջև, ովքեր սիրում են Եհովա Աստծուն։ Հավերժ կյանքը ամենևին էլ ձանձրալի չի լինի։ Ընդհակառակը՝ այն գնալով ավելի հետաքրքիր կդառնա, քանզի մարդիկ միշտ հնարավորություն կունենան կատարելագործվելու։ Չէ՞ որ Եհովա Աստծու գիտությունը սահման չունի (Հռովմայեցիս 11։33)։ Ձեր տրամադրության տակ բավականաչափ ժամանակ կլինի նորանոր բաներ սովորելու։ Ինչո՞ւ։ Քանզի կապրեք ոչ թե ընդամենը 70–80 տարի, այլ հավիտյան (Սաղմոս 22։26; 90։10; Ժողովող 3։11)։
Եթե սիրում եք Աստծուն, միշտ ուրախ կլինեք կատարելու նրա կամքը։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Ուրեմն թույլ մի տվեք, որ որևէ բան խանգարի ձեզ անելու այն, ինչ ճիշտ է, և այդպիսով ուրախացնելու Եհովային։ Ձեր սրտում միշտ վառ պահեք այն հրաշալի հույսը, որ տալիս է նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Վճռականորեն կատարեք Աստծու կամքը ու երբեք մի շեղվեք այդ ճանապարհից։ Եվ երբ իրականանա Եհովայի նպատակը մեր գեղեցիկ «տան» առնչությամբ, դուք կլինեք դրախտը ժառանգողների թվում։
[նկար 4-րդ էջի վրա]
Աստված օրհնեց իսրայելացիների բերքը
[նկար 7-րդ էջի վրա]
Ի՞նչ օրհնություններ կուզեիք վայելել Դրախտում