Որքանո՞վ է ընդգրկուն քո սերը
«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթէոս 22։39)։
1. Եթե սիրում ենք Եհովային, ապա ինչո՞ւ պետք է սիրենք նաև մեր մերձավորին։
ԵՐԲ Հիսուսին հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, նա պատասխանեց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»։ Հետո նա մեջ բերեց երկրորդ պատվիրանը, որը առաջինի նման էր. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթէոս 22։37, 39)։ Այո՛, մերձավորի հանդեպ ցուցաբերված սերը քրիստոնյա լինելու նշան է։ Իրոք, եթե մենք սիրում ենք Եհովային, ապա պետք է սիրենք մեր մերձավորին։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր սերը Աստծո հանդեպ ցույց ենք տալիս նրանով, որ հնազանդվում ենք նրա Խոսքին, իսկ նրա Խոսքը մեզ պատվիրում է, որ սիրենք մեր մերձավորին։ Ուստի, եթե չենք սիրում մեր եղբայրներին ու քույրերին, Աստծո հանդեպ մեր սերը չի կարող անկեղծ լինել (Հռովմայեցիս 13։8; Ա Յովհաննէս 2։5; 4։20, 21)։
2. Ինչպիսի՞ սեր պետք է ցույց տանք մեր մերձավորի հանդեպ։
2 Երբ Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին, նա նկատի ուներ ավելին, քան պարզապես բարեկամական վերաբերմունք ցույց տալը։ Այդպիսի սերը տարբերվում է այն սիրուց, որը բնականորեն գոյություն ունի ընտանիքի ներսում կամ, ասենք, տղամարդու ու կնոջ միջև։ Հիսուսը խոսում էր այնպիսի սիրո մասին, ինչպիսին Եհովան դրսևորում է իր նվիրված ծառաների հանդեպ, իսկ վերջիններս՝ նրա հանդեպ (Յովհաննէս 17։26; Ա Յովհաննէս 4։11, 19)։ Մի հրեա օրենսգետ, որն, ինչպես նկատեց Հիսուսը, իմաստությամբ էր խոսում, համամիտ էր Հիսուսի հետ, որ Աստծուն սիրելը պետք է լինի «ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով» (Մարկոս 12։28–34)։ Նա ճիշտ էր։ Սերը, որը քրիստոնյան մշակում է և՛ Աստծո, և՛ մերձավորի հանդեպ, ներառում է նրա զգացմունքներն ու մտածողությունը։ Սրտով զգում ենք սերը, իսկ մտքով՝ ուղղություն տալիս։
3. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց «Օրէնքի ուսուցչին», որ նա պետք է ավելի լայն պատկերացում ունենար, թե ով է իր մերձավորը։ բ) Ինչպե՞ս է Հիսուսի բերած օրինակը վերաբերում մերօրյա քրիստոնյաներին։
3 Ինչպես գրում է Ղուկասը, երբ Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին, մի «Օրէնքի ուսուցիչ» (ՆԿ–ի ՆԱԹ) հարցրեց. «Իսկ ո՞վ է իմ ընկերը»։ Հիսուսը պատասխանեց հետևյալ առակով։ Մի մարդու ծեծեցին, կողոպտեցին ու կիսամեռ թողեցին ճամփեզրին։ Պատահում է, որ մի քահանա, իսկ նրանից հետո՝ մի ղևտացի է անցնում այդ մարդու կողքով։ Երկուսն էլ չտեսնելու են տալիս նրան։ Եվ ահա մի սամարացի է անցնում այդ ճանապարհով և, տեսնելով վիրավոր մարդուն, նրա հանդեպ մեծ բարություն է ցուցաբերում։ Այդ երեքից ո՞ր մեկն էր վիրավորի մերձավորը։ Պատասխանն ակնհայտ էր (Ղուկաս 10։25–37)։ Օրենքին գիտակ մարդուն, հավանաբար, ցնցել էին Հիսուսի այն խոսքերը, թե սամարացին կարող էր ավելի լավ մերձավոր լինել, քան քահանան և ղևտացին։ Պարզ է, որ Հիսուսն օգնում էր այդ մարդուն ավելի ընդգրկուն սիրով սիրել իր մերձավորին։ Քրիստոնյաները ևս այդպիսի սիրով են սիրում։ Եկեք տեսնենք, թե ովքեր են ընդգրկվում այդ սիրո մեջ։
Սերը ընտանիքում
4. Նախևառաջ որտե՞ղ պետք է քրիստոնյաները սեր դրսևորեն։
4 Քրիստոնյաները սիրում են իրենց ընտանիքի անդամներին. կանայք սիրում են ամուսիններին, ամուսինները՝ իրենց կանանց, ծնողները՝ երեխաներին (Ժողովող 9։9; Եփեսացիս 5։33; Տիտոս 2։4)։ Ճիշտ է, մեծամասամբ սիրո բնական կապը առկա է ընտանիքներում։ Սակայն տեղեկագրությունները՝ քայքայված ամուսնությունների, կողակիցների հանդեպ բռնության ու լքված կամ ծեծված երեխաների մասին, ցույց են տալիս, որ այսօր ընտանիքը ճգնաժամային վիճակում է գտնվում, իսկ զուտ արյունակցական կապերը բավական չեն ընտանիքն ամուր պահելու համար (Բ Տիմոթէոս 3։1–3)։ Ընտանեկան կյանքում իսկապես հաջողության հասնելու համար քրիստոնյաներին հարկավոր է այնպիսի սեր դրսևորել, ինչպիսին ունեն Եհովան ու Հիսուսը (Եփեսացիս 5։21–27)։
5. Ծնողներն ումի՞ց են օգնություն հայցում երեխաներին դաստիարակելու գործում, և դա շատերի համար ի՞նչ արդյունքների է հանգեցրել։
5 Քրիստոնյա ծնողները իրենց երեխաներին վերաբերվում են որպես Եհովայի կողմից իրենց վստահված անձնավորությունների և նրանից օգնություն են հայցում զավակներին դաստիարակելու համար (Սաղմոս 127։3–5; Առակաց 22։6)։ Այս կերպով նրանք քրիստոնեական սեր են մշակում, որն օգնում է պահպանել երեխաներին այլասերված ազդեցություններից, որոնց կարող են կուլ գնալ։ Որպես արդյունք՝ բազմաթիվ քրիստոնյա ծնողներ ուրախություն են ապրում։ Այդպիսի զգացումներ վերապրեց Նիդերլանդներում ապրող մի մայր։ Իր որդու մկրտությանը ականատես լինելուց հետո, որն անցած տարի Նիդերլանդներում 575 մկրտվածներից մեկն էր, մայրը գրեց. «Անցած քսան տարիների զոհողություններս այսօր իրենց փոխհատուցումը ստացան։ Այն ամբողջ ժամանակն ու էներգիան, ջանքերս, կրած ցավերս ու վշտերս այժմ մոռացության գիրկն են անցել»։ Որքան երջանիկ է նա. չէ՞ որ իր որդին իր ազատ կամքով ընտրել է Եհովային ծառայել։ Անցած տարի Նիդերլանդներում քարոզիչների բարձրագույն թիվը կազմել է 31 089, որոնցից շատերը իրենց ծնողներից են սովորել սիրել Եհովային։
6. Ինչպե՞ս կարող է քրիստոնեական սերն օգնել, որպեսզի ամուսնական կապն ավելի ամրանա։
6 Պողոսը սերը կոչեց «միության կատարյալ կապ» (ՆԱ), և այդպիսի սերը կարող է պահպանել ընտանեկան միությունը նույնիսկ փոթորկալից ժամանակներում (Կողոսացիս 3։14, 18, 19; Ա Պետրոս 3։1–7)։ Տաիտիից մոտ 700 կմ հեռավորության վրա գտնվող Ռուրուտու փոքր կղզում մի մարդ էր ապրում, որը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, սակայն կնոջ կողմից ուժեղ հակառակության հանդիպեց։ Վերջիվերջո, կինը վերցրեց երեխաներին ու, թողնելով ամուսնուն, տեղափոխվեց Տաիտի։ Չնայած դրան՝ այդ մարդը իր սերը ցուցաբերում էր՝ կանոնավորաբար կնոջը փող ուղարկելով, զանգահարում էր՝ իմանալու, թե ինչի կարիք ունեն կինն ու երեխաները։ Այսպես՝ նա լավագույնն էր անում իր քրիստոնեական պարտավորությունները կատարելու մեջ (Ա Տիմոթէոս 5։8)։ Նա միշտ աղոթում էր, որ իր ընտանիքը կրկին միասին լինի, և, վերջիվերջո, կինը վերադարձավ։ Ամուսինը նրա հետ վարվեց ‘սիրով, համբերությամբ և հեզությամբ’ (Ա Տիմոթէոս 6։11)։ 1998–ին նա մկրտվեց, իսկ ավելի ուշ մեծ ուրախություն ապրեց, երբ կինը համաձայնվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Այդ ուսումնասիրությունը մեկն էր այն 1 351–ից, որոնք անց են կացվել անցած տարի Տաիտիի մասնաճյուղի ներքո գտնվող տարածաշրջանում։
7. Ինչպես պատմում է Գերմանիայում ապրող մի մարդ, ի՞նչը ամրապնդեց նրա ամուսնությունը։
7 Գերմանիայում ապրող մի մարդ դեմ էր, որ իր կինը աստվածաշնչյան ճշմարտությամբ հետաքրքրվի և համոզված էր, որ Եհովայի վկաները ցանկանում են խաբել իր կնոջը։ Ավելի ուշ, սակայն, նա գրեց իր կնոջ հետ առաջին անգամ ճշմարտության մասին զրուցած Վկային. «Շնորհակալ եմ ձեզ, որ իմ կնոջը ծանոթացրել եք Եհովայի վկաների հետ։ Սկզբում ես անհանգստանում էի, որովհետև նրանց մասին շատ էին բացասաբար խոսում։ Բայց հիմա, կնոջս հետ հաճախելով հանդիպումներին, հասկանում եմ, թե որքան էի սխալվում։ Ես գիտեմ, որ ճշմարտությունն եմ լսում, ինչը և մեր ամուսնությունն ավելի ամուր է դարձրել»։ Գերմանիայի 162 932 ու Տաիտիի մասնաճյուղի կղզիների 1 773 Եհովայի վկաների մեջ շատ ընտանիքներ կան, որոնք միացած են աստվածային սիրով։
Սիրենք մեր քրիստոնյա եղբայրներին
8, 9. ա) Ո՞վ է սովորեցնում մեզ սիրել մեր եղբայրներին, և սերը ի՞նչ է մղում մեզ անել։ բ) Օրինակով ցույց տվեք, թե ինչպես է սերն օգնում եղբայրներին միմյանց թիկունք կանգնել։
8 Պողոսն ասաց թեսաղոնիկեցի քրիստոնյաներին. «Դուք ինքներդ իսկ Աստծուց էք սովորել միմեանց սիրել» (Ա Թեսաղոնիկեցիս 4։9)։ Այո՛, նրանք, ովքեր ‘Տերից են ուսված’, սիրում են իրար (Եսայիա 54։13)։ Նրանց սերը գործերով է երևում, ինչպես Պողոսն է ասում. «Սիրո՛վ ծառայեցէք միմեանց» (Գաղատացիս 5։13; Ա Յովհաննէս 3։18)։ Նրանք այդպես են վարվում, օրինակ, երբ այցելում են հիվանդ եղբայրներին ու քույրերին, քաջալերում ընկճվածներին ու թիկունք կանգնում տկարներին (Ա Թեսաղոնիկեցիս 5։14)։ Մեր անկեղծ քրիստոնեական սերը նպաստում է մեր հոգևոր դրախտի ընդարձակմանը։
9 «Անկոն» ժողովում, որն Էկվադորի 544 ժողովներից մեկն է, եղբայրներն իրենց սերը գործով ցույց տվեցին։ Ֆինանսական ճգնաժամը նրանց առանց աշխատանք էր թողել, զրկել էր եկամտի աղբյուրից։ Ուստի քարոզիչները որոշեցին փող վաստակել՝ ուտելիք վաճառելով տեղի ձկնորսներին, երբ վերջիններս տուն էին վերադառնում գիշերային ձկնորսությունից։ Բոլորն իրար հետ համագործակցում էին, մասնակցում էին նաև երեխաները։ Նրանք սկսում էին ճաշ պատրաստել գիշերվա ժամը մեկին, որպեսզի ժամը չորսին՝ ձկնորսների վերադառնալու ժամին, արդեն պատրաստ լիներ։ Վաստակած գումարը եղբայրները բաժանում էին իրար մեջ՝ ըստ կարիքի։ Այսպիսի փոխադարձ օգնությունը վկայում է իսկական քրիստոնեական սիրո մասին։
10, 11. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել այն եղբայրների հանդեպ, որոնց անձամբ չենք ճանաչում։
10 Բայցևայնպես, մեր սերը չի սահմանափակվում միայն այն քրիստոնյաներով, որոնց անձամբ ճանաչում ենք։ Պետրոս առաքյալն ասել է. «Սիրեցէ՛ք [«ողջ», ՆԱ] եղբայրութիւնը» (Ա Պետրոս 2։17)։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին ու քույրերին, քանի որ նրանք բոլորն էլ Եհովա Աստծո մեր ընկերակից երկրպագուներն են։ Ճգնաժամային իրավիճակները այդ սերը դրսևորելու հնարավորություն են ընձեռում։ Օրինակ՝ 2000 թ. ծառայողական տարում Մոզամբիկում ավերիչ ջրհեղեղներ եղան, իսկ Անգոլայում վերջ չունեցող քաղաքացիական պատերազմը շատ շատերին աղքատության եզրին հասցրեց։ 31 725 մոզամբիկցի և 41 222 անգոլացի եղբայրներից շատերը զերծ չմնացին այդ պատուհասներից։ Այդ պատճառով հարևան Հարավաֆրիկյան Հանրապետության Վկաները մեծաքանակ նյութական օգնություն ցույց տվեցին, որպեսզի թեթևացնեին այդ երկրներում ապրող իրենց եղբայրների վիճակը։ Նրանց սիրո մասին է խոսում իրենց ‘առատությունից’ կարիքավոր եղբայրներին բաժին հանելու պատրաստակամությունը (Բ Կորնթացիս 8։8, 13–15, 24)։
11 Սերը երևում է նաև նրանում, երբ այլ երկրների եղբայրները օժանդակում են Թագավորության և Համաժողովների սրահների կառուցմանը այն երկրներում, որտեղ միջոցները սուղ են։ Ահա մի օրինակ Սողոմոնի կղզիներից։ Չնայած տիրող համատարած անկարգություններին՝ Սողոմոնի կղզիներում անցած տարի 6 % աճ է նկատվել, և քարոզիչների բարձրագույն թիվը կազմել է 1 697։ Նրանք նախատեսեցին Համաժողովների սրահ կառուցել։ Թեև կղզեբնակներից շատերը լքում էին երկիրը՝ Ավստրալիայից կամավորներ եկան այստեղ, որպեսզի օգնեն սրահը կառուցել։ Բայց կամավորները ստիպված էին թողնել նրանց, սակայն մինչ այդ նրանք սովորեցրին տեղի եղբայրներին, թե ինչպես հիմքը գցել։ Սրահի նախօրոք պատրաստված պողպատյա հիմնակմախքը նավով բերվեց Ավստրալիայից, և երկրպագության այս հիանալի շենքի ավարտը (այն դեպքում, երբ շատ կիսակառույց շենքեր լքված են մնացել) Եհովայի անվան ու եղբայրական սիրո մեծ վկայությունը կհանդիսանա։
Աստծո պես մենք էլ ենք սիրում աշխարհը
12. Ինչպե՞ս ենք ընդօրինակում Եհովային այն բանում, թե ինչպիսի դիրք պետք է ունենալ մեր հավատը չբաժանող անձանց հանդեպ։
12 Արդյո՞ք մեր սերը սահմանափակվում է միայն մեր ընտանիքով և եղբայրակցությամբ։ Ո՛չ, եթե ‘նմանվում ենք Աստծուն’։ Հիսուսն ասաց. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Եփեսացիս 5։1; Յովհաննէս 3։16)։ Ինչպես և Եհովա Աստված, մենք սեր ենք դրսևորում բոլորի հանդեպ, ներառյալ նրանց, ովքեր չեն բաժանում մեր հավատը (Ղուկաս 6։35, 36; Գաղատացիս 6։10)։ Եվ հատկապես դա է պատճառը, որ քարոզում ենք Թագավորության բարի լուրը ու պատմում մարդկանց, թե Աստված սիրուց մղված ինչպիսի մեծ գործ է արել նրանց համար։ Քարոզչության արդյունքը կարող է լինել այն, որ մեզ լսողները փրկության հասնեն (Մարկոս 13։10; Ա Տիմոթէոս 4։16)։
13, 14. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ եղբայրները սեր են ցուցաբերում ոչ Վկաների հանդեպ, նույնիսկ եթե դա կապված է անձնական մեծ անհարմարությունների հետ։
13 Քննարկենք Նեպալում ծառայող չորս հատուկ ռահվիրաների օրինակը։ Նրանք նշանակվել էին ծառայելու երկրի հարավ–արևմուտքում գտնվող մի քաղաքում և վերջին հինգ տարիներին, որպես սիրո դրսևորում, համբերատար կերպով վկայություն էին տվել այդ քաղաքում և հեռավոր գյուղերում։ Նրանք հեծանիվով էին գնում ծառայության ու տեղ հասնելու համար մի քանի ժամ էր պահանջվում, իսկ այդ ընթացքում օդի ջերմաստիճանը անցնում էր 40°C–ից։ Նրանց սերը և ‘բարի գործերի մեջ համբերությունը’ հրաշալի արդյունքներ բերեց, երբ գյուղերից մեկում Գրքի ուսումնասիրության խումբ ձևավորվեց (Հռովմայեցիս 2։7)։ 2000 թ. մարտ ամսին շրջանային վերակացուի հանրային ելույթը լսելու էր եկել 32 մարդ։ Անցած տարի Նեպալում քարոզիչների բարձրագույն թիվը 430 էր, իսկ աճը կազմեց 9 %։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնում է եղբայրների սերն ու եռանդը այդ երկրում։
14 Կոլումբիայում ժամանակավոր հատուկ ռահվիրաները գնացել էին վայու հնդկացիների շրջանում քարոզելու։ Այդ նպատակն իրագործելու համար նրանք ստիպված էին նոր լեզու սովորել, սակայն նրանց անկեղծ հետաքրքրվածությունը վարձատրվեց, երբ, չնայած հորդառատ անձրևին, 27 մարդ եկավ հանրային ելույթը լսելու։ Այս ռահվիրաների ցուցաբերած սիրաշունչ եռանդը իր ներդրումն ուներ Կոլումբիայում քարոզիչների թվի 5 % աճի մեջ, որոնց բարձրագույն թիվը կազմեց 107 613։ Դանիայում տարիքն առած մի քույր ցանկանում էր բարի լուրը հաղորդել ուրիշներին, սակայն հաշմանդամ լինելու պատճառով անկարող էր դա անել։ Բայց դա նրան չվհատեցրեց. քույրը հետաքրքրված անհատների հետ նամակագրականկապ հաստատեց։ Այժմ նա 42 մարդու հետ այդպիսի կապ է պահպանում, իսկ 11–ի հետ՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում։ Նա Դանիայում այն 14 885 քարոզիչներից մեկն է, ովքեր հաշվետվություն էին ներկայացրել անցած տարի։
Սիրեցեք ձեր թշնամիներին
15, 16. ա) Ըստ Հիսուսի՝ որքա՞ն ընդգրկուն պետք է լինի մեր սերը։ բ) Ինչո՞ւմ էր արտահայտվում պատասխանատու եղբայրների սերը այն անձնավորության նկատմամբ, որը կեղծ մեղադրանք էր ներկայացրել Եհովայի վկաների դեմ։
15 Հիսուսը Օրենքի ուսուցչին ասաց, որ սամարացուն կարելի էր մերձավոր համարել։ Իր Լեռան քարոզում նա նույնիսկ ավելի հեռուն գնաց՝ ասելով. «Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»։ Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին.... եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մատթէոս 5։43–45)։ Նույնիսկ երբ ինչ–որ մեկը ընդդիմանում է մեզ, փորձում ենք ‘բարիով հաղթել չարին’ (Հռովմայեցիս 12։19–21)։ Հնարավորության դեպքում մենք այդ մարդուն բաժին ենք հանում մեր ամենաթանկագին ունեցվածքից՝ ճշմարտությունից։
16 Ուկրաինայում «Կրեմենչուգյան լրաբեր» թերթում մի հոդված էր տպագրվել, որտեղ նշվում էր, որ Եհովայի վկաները վտանգավոր աղանդ են հանդիսանում։ Դա լուրջ մեղադրանք էր, քանի որ Եվրոպայում ոմանք Եհովայի վկաների մասին նույն բանն են խոսում, որպեսզի հասարակայնությանը համոզեն, որ Վկաների գործունեությունը հարկավոր է սահմանափակել կամ արգելել։ Այդ պատճառով եղբայրները այցելեցին խմբագրին ու խնդրեցին, որ նա մեկ ուրիշ հոդված լույս ընծայի՝ համապատասխան ուղղումներով։ Նա համաձայնվեց, բայց հոդվածի տպագրելու հետ միասին մի նշում ավելացրեց այն մասին, որ սկզբնական հոդվածը փաստերի վրա էր հիմնված։ Այդժամ պատասխանատու եղբայրները կրկին այցելեցին նրան, այս անգամ ավելի շատ ինֆորմացիա տալով։ Վերջապես խմբագիրը գիտակցեց իր սկզբնական հոդվածի սխալ լինելը և հերքում հրապարակեց։ Նրա նկատմամբ անկեղծ ու բարյացակամ վերաբերմունք ցուցաբերելը հնարավորություն տվեց սիրալիր կերպով այդ իրավիճակը հարթելու, ինչը և դրական արդյունքների հանգեցրեց։
Ինչպե՞ս կարող ենք սեր մշակել
17. Ի՞նչն է ցույց տալիս, որ միշտ չէ, որ հնարավոր է սիրով վարվել ուրիշների հանդեպ։
17 Երեխայի ծնվելուն պես ծնողները նրա հանդեպ սիրով են լցվում։ Չափահասների հանդեպ սիրով վարվելն այնքան էլ ինքնաբերաբար չի տեղի ունենում։ Հավանաբար, այդ է պատճառը, որ Աստվածաշունչը բազմիցս հորդորում է մեզ միմյանց սիրել. դա մի զգացմունք է, որը հարկավոր է զարգացնել (Ա Պետրոս 1։22; 4։8; Ա Յովհաննէս 3։11)։ Հիսուսը գիտեր, որ մեր սերը պետք է փորձվեր, երբ ասաց, որ պետք է ներենք մեր եղբորը ‘մինչև յոթանասուն յոթ անգամ’ (Մատթէոս 18։21, 22)։ Պողոսը նույնպես հորդորում է մեզ ‘հանդուրժել միմյանց’ (Կողոսացիս 3։12, 13)։ Զարմանալի չէ, որ մեզ պատվեր է տրվում. «Սիրոյ հետամուտ եղէք» (Ա Կորնթացիս 14։1)։ Իսկ ինչպե՞ս։
18. Ի՞նչը կօգնի մեզ սեր մշակել մյուսների հանդեպ։
18 Առաջին՝ մենք կարող ենք միշտ հիշել այն սերը, որ ունենք Եհովա Աստծո հանդեպ։ Այդ սերը հզոր ազդակ է հանդիսանում մեր մերձավորին սիրելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև, երբ մենք սեր ենք ցուցաբերում, դա փառք ու պատիվ է բերում մեր երկնային Հորը (Յովհաննէս 15։8–10; Փիլիպպեցիս 1։9–11)։ Երկրորդ՝ մենք կարող ենք փորձել իրերին նայել Եհովայի աչքերով։ Ամեն անգամ մեղք գործելով՝ մենք մեղանչում ենք Եհովայի դեմ. բայցևայնպես, նա ամեն անգամ ներում է ու շարունակում սիրել մեզ (Սաղմոս 86։5; 103։2, 3; Ա Յովհաննէս 1։9; 4։18)։ Եթե մեզ հարազատ դարձնենք Եհովայի տեսակետը, ապա տրամադրված կլինենք սիրել ուրիշներին ու ներել մեր հանդեպ գործած նրանց սխալները (Մատթէոս 6։12)։ Երրորդ՝ մենք կարող ենք վարվել մյուսների հետ այնպես, ինչպես ուզում ենք, որ նրանք վարվեն մեզ հետ (Մատթէոս 7։12)։ Քանի որ անկատար ենք, հաճախ ենք ուզում, որ մեզ ներեն։ Օրինակ՝ երբ խոսքով վիրավորում ենք ուրիշներին, ուզում ենք, որ նրանք հիշեն, որ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ լեզվով մեղանչում ենք (Յակոբոս 3։2)։ Եթե ցանկանում ենք, որ ուրիշները սիրով վարվեն մեր հանդեպ, ապա մենք էլ պետք է նույնը անենք։
19. Ինչպե՞ս կարող ենք սուրբ ոգու օգնությունը փնտրել՝ մեր մեջ սեր մշակելու համար։
19 Չորրորդ՝ մենք կարող ենք սուրբ ոգու օգնությանը դիմել, քանի որ սերը սուրբ ոգու պտուղներից մեկն է (Գաղատացիս 5։22, 23)։ Բարեկամությունը, ընտանիքի անդամների հանդեպ ունեցած զգացումները և ռոմանտիկ սերը հաճախ ինքնաբերաբար են առաջանում։ Սակայն, որպեսզի մեր մեջ մշակենք այն սերը, որը Եհովան ունի և որը միության կատարյալ կապն է, նրա սուրբ ոգու օգնության կարիքն ունենք։ Այդ օգնությունը կարող ենք փնտրել՝ կարդալով ներշնչված Աստվածաշունչը։ Օրինակ՝ ուսումնասիրելով Հիսուսի կյանքը՝ կտեսնում ենք, թե ինչպես էր նա վարվում մարդկանց հետ, և կսովորենք ընդօրինակել նրան (Յովհաննէս 13։34, 35; 15։12)։ Նաև կարող ենք խնդրել Եհովայից սուրբ ոգին, հատկապես երբ այնպիսի իրավիճակներում ենք գտնվում, երբ մեզ համար դժվար է սիրով վարվելը (Ղուկաս 11։13)։ Եվ վերջապես, կարող ենք հետամուտ լինել սիրուն՝ մոտիկ մնալով քրիստոնեական ժողովին։ Գտնվելով սիրալիր եղբայրների ու քույրերի կողքին՝ մենք կարող ենք սեր մշակել (Առակաց 13։20)։
20, 21. Ի՞նչ ուշագրավ ձևով են Եհովայի վկաները սեր ցուցաբերել 2000 ծառայողական տարվա ընթացքում։
20 Անցած տարի ամբողջ աշխարհում բարի լուրի քարոզիչների բարձրագույն թիվը կազմեց 6 035 564 մարդ։ Եհովայի վկաները 1 171 270 425 ժամ են ծախսել՝ բարի լուրը մարդկանց հաղորդելու համար։ Այդ աշխատանքը կատարելու ընթացքում սերն էր, որ նրանց ուժ տվեց՝ տանելու տոթը, անձրևը, ցուրտը։ Սերն էր, որ մղեց նրանց զրուցել դասընկերների ու գործընկերների հետ, մոտենալ միանգամայն անծանոթ մարդկանց փողոցում և այլուր։ Շատերը, որոնց Վկաներն այցելեցին, անտարբերություն հանդես բերեցին, ոմանք էլ հակառակեցին։ Այնուամենայնիվ, շատերը հետաքրքրություն դրսևորեցին, այնպես որ կատարվեց 433 454 049 վերայցելություն ու անց կացվեց 4 766 631 Աստվածաշնչի ուսումնասիրություն։
21 Սիրո ինչպիսի՜ դրսևորում են ցուցաբերել Եհովայի վկաներն իրենց Աստծո ու մերձավորի հանդեպ։ Այդպիսի սերը երբեք չի հանգչի։ Մենք վստահ ենք, որ 2001 ծառայողական տարում է՛լ ավելի մեծ վկայություն կտրվի մարդկությանը։ Թող որ Եհովայի օրհնությունները ուղեկցեն իր հավատարիմ ու փութաջան երկրպագուներին՝ մինչ նրանք թույլ են տալիս, որ ‘իրենց ամեն ինչը սիրով լինի’ (Ա Կորնթացիս 16։14)։
Կարո՞ղ եք բացատրել
• Ո՞ւմ ենք ընդօրինակում՝ սիրելով մեր մերձավորին։
• Որքանո՞վ պետք է ընդգրկուն լինի մեր սերը։
• Ինչպիսի՞ դեպքերում է դրսևորվում քրիստոնեական սերը։
• Ինչպե՞ս կարող ենք քրիստոնեական սեր մշակել։
[աղյուսակ 18–21-րդ էջի վրա]
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2000 ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
(Տե՛ս միահյուսված հատորը)
[նկարներ 15–րդ էջի վրա]
Քրիստոնեական սերը կարող է ընտանիքը միասնական պահել։
[նկարներ 17–րդ էջի վրա]
Սերը մղում է մեզ մեր հույսը բաժանել ուրիշների հետ։