Թող սերը կերտի ձեզ
«Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» (ՄԱՏԹԷՈՍ 22։37)։
1. ա) Ինչպիսի՞ հատկություններ է մշակում քրիստոնյան։ բ) Ո՞րն է քրիստոնեական ամենակարևոր հատկությունը և ինչո՞ւ։
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ մեջ արդյունավետ լինելու համար քրիստոնյան շատ հատկություններ է մշակում։ «Առակաց» գրքում շեշտվում է գիտության, հասկացողության և իմաստության արժեքավոր լինելը (Առակաց 2։1–10)։ Պողոս առաքյալը գրել է ամուր հավատ և անսասան հույս ունենալու անհրաժեշտության մասին (Հռովմայեցիս 1։16, 17; Կողոսացիս 1։5; Եբրայեցիս 10։39, ԱԹ)։ Համբերությունն ու ժուժկալությունը նույնպես կարևոր են (Գործք 24։25; Եբրայեցիս 10։36)։ Սակայն կա մի հատկություն, որի բացակայության դեպքում մնացած բոլոր հատկությունները նսեմանում են և, հնարավոր է, նույնիսկ արժեքազրկվում։ Այդ հատկությունը սերն է (Ա Կորնթացիս 13։1–3, 13)։
2. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց սիրո կարևորությունը, ու, ըստ այդմ, ի՞նչ հարցեր են առաջանում։
2 Հիսուսը ցույց տվեց սիրո կարևորությունը, երբ ասաց. «Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ Քանի որ սերը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանն է, ապա մենք կարիք ունենք հետևյալ հարցերի պատասխանները գտնել. ի՞նչ է սերը. մի՞թե այդ հատկությունն այնքան կարևոր է, որ Հիսուսն առաջնային տեղ հատկացրեց դրան՝ իր աշակերտներին բնութագրելու համար. ինչպե՞ս կարող ենք մշակել սիրո հատկությունը. ո՞վ պետք է լինի մեր սիրո առարկան։ Եկեք քննարկենք այս հարցերը։
Ի՞նչ է սերը
3. Ինչպե՞ս կարելի է բնորոշել սերը, և ինչո՞ւ է այն իր մեջ ներառում և՛ միտքը, և՛ սիրտը։
3 Սիրո սահմանումներից մեկը հետևյալն է. «Խորը կապվածության կամ ջերմ մտերմության, քնքշության կամ համակրանքի զգացում մեկի հանդեպ»։ Դա մի հատկություն է, որը մղում է մարդուն գործել ի բարօրություն ուրիշների, երբեմն՝ մեծ զոհողությունների գնով։ Սերը, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում, կապված է մարդու և՛ մտքի, և՛ սրտի հետ։ Մտքի, կամ բանականության դերը կայանում է նրանում, որ սիրող անհատը գիտակցում է, որ թե՛ ինքը և թե՛ նրանք, ում սիրում է, բոլորն էլ ունեն ինչպես անցանկալի, այնպես էլ գրավիչ հատկություններ։ Բանականության դերը կայանում է նաև նրանում, որ քրիստոնյան սիրում է մարդկանց, երբեմն նույնիսկ ոչ ինքնաբուխ կերպով, քանզի Աստվածաշնչից գիտի, որ դա է Աստծո կամքը (Մատթէոս 5։44; Ա Կորնթացիս 16։14)։ Բայցևայնպես, հիմնականում սերը սրտից է բխում։ Իսկական սերը, ինչպես ցույց է տրված Աստվածաշնչում, երբեք միայն բանական չի լինում։ Սերը առաջ է բերում անկեղծության ու պատասխանատվության խորը զգացում (Ա Պետրոս 1։22)։
4. Ի՞նչ իմաստով է սիրո կապը զորեղ։
4 Եսասեր մարդիկ հազիվ թե ընդունակ լինեն իսկական սիրով լի փոխհարաբերություններ հաստատելու, քանի որ սիրող անհատը պատրաստ է դիմացինի շահերն իրենից առաջ դնել (Փիլիպպեցիս 2։2–4)։ Հիսուսի՝ «երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» խոսքերը հատկապես ճշմարիտ են, եթե տալը սիրո դրսևորում է հանդիսանում (Գործք 20։35)։ Սիրո կապը մեծ զորություն ունի (Կողոսացիս 3։14)։ Սերը հաճախ իր մեջ բարեկամություն է ներառում, բայց սիրո կապերն ավելի զորեղ են, քան բարեկամական կապերը։ Ամուսնու և կնոջ միջև գոյություն ունեցող ռոմանտիկ հարաբերությունները իրենցից սեր են ներկայացնում։ Բայց այն սերը, որ Աստվածաշունչն է հորդորում զարգացնել, ավելի տևական է, քան ֆիզիկական գրավչությունը։ Եթե ամուսինները իսկապես սիրում են իրար, ապա նրանք միասին կմնան նույնիսկ այն դեպքում, երբ այլևս հնարավոր չի լինի ֆիզիկական մերձեցում ունենալ տարիքային դժվարությունների կամ էլ կողակիցներից մեկի անկարողության պատճառով։
Սերը անհրաժեշտ հատկություն է
5. Ինչո՞ւ է սերը անհրաժեշտ հատկություն քրիստոնյայի համար։
5 Ինչո՞ւ է սերը քրիստոնյայի համար անհրաժեշտ հատկություն։ Նախևառաջ այն պատճառով, որ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց սիրել միմյանց։ Նա ասաց. «Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ։ Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց» (Յովհաննէս 15։14, 17)։ Երկրորդ՝ քանի որ Եհովան սիրո մարմնացում է, ուրեմն մենք էլ, լինելով նրա երկրպագուները, պարտավոր ենք ընդօրինակել նրան (Եփեսացիս 5։1; Ա Յովհաննէս 4։16)։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովայի ու Հիսուսի մասին գիտություն ձեռք բերելը հավիտենական կյանք է նշանակում։ Ինչպե՞ս կարող ենք ասել, որ ճանաչում ենք Աստծուն, եթե չենք ձգտում նմանվել նրան։ Ահա թե ինչ է գրել Հովհաննես առաքյալը. «Նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։
6. Ինչպե՞ս կարող է սերը հավասարակշռել մեր կյանքի տարբեր ոլորտները։
6 Երրորդ՝ սերը կարևոր է նաև այն պատճառով, որ օգնում է հավասարակշռել մեր կյանքի տարբեր ոլորտները և մեր գործողություններին ճիշտ մղումներ է հաղորդում։ Օրինակ՝ քրիստոնյայի համար կենսականորեն կարևոր է շարունակաբար գիտելիքներ ստանալ Աստծո Խոսքից։ Նրա համար այդ գիտելիքները կերակուրի են նման։ Դրանք օգնում են նրան աճել, հասունանալ և գործել Աստծո կամքին ներդաշնակ (Սաղմոս 119։105; Մատթէոս 4։4; Բ Տիմոթէոս 3։15, 16)։ Սակայն Պողոսը զգուշացրեց. «Գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում [կերտում] է» (Ա Կորնթացիս 8։1, ԱԹ)։ Ինչ խոսք, ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելու մեջ ոչ մի սխալ բան չկա։ Պարզապես խնդիրը մեր մեջ է. մենք մեղավոր հակումներ ունենք (Ծննդոց 8։21)։ Եթե սիրո հավասարակշռող ազդեցությունը բացակայում է, գիտությունը կարող է մարդուն հպարտություն ներշնչել, նրան մտածել տալ, թե ինքը մյուսներից ավելի լավն է։ Դա չի պատահի, եթե նրա մղումները, ըստ էության, հիմնվեն սիրո վրա։ «Սէրը.... չէ գոռոզանում, չէ հպարտանում» (Ա Կորնթացիս 13։4, ԱԹ)։ Այն քրիստոնյան, որի մղումների հիմքում սերն է ընկած, չի հպարտանա նույնիսկ խորը գիտելիքներ ունենալու դեպքում։ Սերն օգնում է նրան խոնարհ մնալ ու արգելք է հանդիսանում անուն ստեղծելու նրա ցանկության դեմ (Սաղմոս 138։6; Յակոբոս 4։6)։
7, 8. Ինչպե՞ս է սերն օգնում մեզ կենտրոնանալ ավելի կարևորի վրա։
7 Պողոսը գրեց փիլիպպեցիներին. «Ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, որպէսզի դուք լաւն [«ավելի կարևորն», ՆԱ] ընտրէք» (Փիլիպպեցիս 1։9, 10)։ Քրիստոնեական սերը կօգնի մեզ հետևել այս քաջալերանքին, որպեսզի ավելի կարևորն ընտրենք։ Որպես օրինակ՝ նկատի առեք Պողոսի՝ Տիմոթեոսին ուղղված հետևյալ խոսքերը. «Ով եպիսկոպոսութեան [«վերակացության», ՆԱ] է ձգտում, ձգտում է բարի գործի» (Ա Տիմոթէոս 3։1)։ 2000 թ. ընթացքում ամբողջ աշխարհում ժողովների թիվն աճել է 1 502–ով, և արդյունքում ընդհանուր թիվը հասել է 91 487–ի։ Ուստի, ավելի ու ավելի շատ երեցների կարիք է զգացվում, և ովքեր ձգտում են ունենալ այդ առանձնաշնորհումը, արժանի են գովասանքի։
8 Մինչդեռ նրանք, ովքեր ձգտում են վերակացության, հարկ եղածին չափ հավասարակշռված կլինեն, եթե միշտ հիշեն, թե ինչում է կայանում այդ առանձնաշնորհման նպատակը։ Կարևորը սոսկ իշխանություն ունենալը կամ երևելի դառնալը չէ։ Եհովային հաճեցնող երեցների մղումները հիմնված են նրա և եղբայրների հանդեպ ունեցած սիրո վրա։ Նրանք համբավ կամ հեղինակություն չեն փնտրում։ Ժողովի երեցներին խորհուրդ տալուց հետո, թե ինչպես ճիշտ վերաբերմունք դրսևորել, Պետրոս առաքյալն ընդգծեց «խոնարհութիւն» ունենալու անհրաժեշտությունը։ Նա ժողովի բոլոր անդամներին հորդորեց. «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ» (Ա Պետրոս 5։1–6)։ Լավ է, եթե յուրաքանչյուր ոք, ով ձգտում է այդ առանձնաշնորհմանը, խորհի աշխարհով մեկ սփռված այն անհամար երեցների թողած օրինակների շուրջ, որոնք աշխատասեր են, խոնարհ, ուստիև օրհնություն են հանդիսանում իրենց ժողովների համար (Եբրայեցիս 13։7)։
Ճիշտ մղումներն օգնում են դիմանալ
9. Ինչո՞ւ են քրիստոնյաներն իրենց մտքում պահում Եհովայի խոստացած օրհնությունները։
9 Սիրո վրա հիմնված մղումների կարևորությունը երևում է նաև մեկ այլ ձևով։ Աստվածաշունչը նրանց, ովքեր սիրուց մղված են հավատարիմ մնում Աստծուն, առատ օրհնություններ է խոստանում հիմա և աներևակայելի չքնաղ օրհնություններ՝ ապագայում (Ա Տիմոթէոս 4։8)։ Այն քրիստոնյան, որը սրտանց հավատում է այս խոստումներին ու համոզված է, որ Եհովան «վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն», հավատի մեջ անսասան մնալու օգնություն է ստանում (Եբրայեցիս 11։6)։ Մեզանից շատ–շատերը փափագում են, որ Աստծո նպատակները իրականանան, և հաղորդակից են դառնում Հովհաննես առաքյալի խոսքերին. «Ամէն։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս» (Յայտնութիւն 22։20)։ Այո՛, եթե հավատարիմ ենք, ապա մոտալուտ օրհնությունների մասին խորհրդածելը կզորացնի մեզ դիմանալու ճիշտ այնպես, ինչպես «իր առաջ դրուած ուրախութեան համար» մտածելը՝ Հիսուսին (Եբրայեցիս 12։1, 2)։
10, 11. Ինչպե՞ս են սիրո վրա հիմնված մղումներն օգնում մեզ դիմանալ։
10 Սակայն ի՞նչ կարելի է ասել, եթե միայն նոր աշխարհում ապրելու ցանկությունն է դրդում մեզ ծառայել Եհովային։ Եթե դա այդպես է, ապա հեշտությամբ կարող ենք անհամբեր դառնալ կամ անբավարարվածություն զգալ, երբ ապրելը դժվարանում է, կամ էլ իրադարձությունները մեր ուզած ձևով կամ սպասած ժամանակին չեն կատարվում։ Հնարավոր է՝ ‘հեռանալու’ լուրջ վտանգի տակ հայտնվենք (Եբրայեցիս 2։1, ՆԿ–ի ՆԱԹ; 3։12)։ Պողոսը հիշատակեց իր նախկին ուղեկից Դեմասի մասին, որը լքել էր իրեն։ Ինչո՞ւ։ Որովհետև նա «այս աշխարհքը սիրեց» (Բ Տիմոթէոս 4։9, ԱԹ)։ Բոլոր նրանք, ովքեր զուտ եսասիրական մղումներով են ծառայում, կանգնած են նույնը անելու վտանգի առջև։ Կարող է պատահել, որ նրանք հրապուրվեն աշխարհի մատուցած արագ հնարավորություններով ու, արդյունքում, դժկամություն հանդես բերեն զոհողություններ անելու հիմա՝ հանուն ապագա օրհնությունների։
11 Ճիշտ է, բնական ու տեղին է ապագա օրհնությունները տեսնելու և փորձություններից վերջապես թեթևացած լինելու ցանկությունը, սակայն սերն է, որ մեր մեջ գնահատանք է կերտում այն բանի հանդեպ, ինչը որ մեր կյանքում ամենակարևորը պիտի լինի։ Կարևորը Եհովայի կամքն է, և ոչ թե՝ մերը (Ղուկաս 22։41, 42)։ Այո՛, սերը կերտում է մեզ։ Սերը մեզ ուժ է տալիս համբերատար կերպով սպասել մեր Աստծուն, գոհանալ նրա տված յուրաքանչյուր օրհնության համար ու վստահ լինել, որ իրեն հարմար ժամանակին մենք կստանանք այն ամենը, ինչ որ նա խոստացել է, և դեռ ավելին (Սաղմոս 145։16; Բ Կորնթացիս 12։8, 9)։ Իսկ մինչ այդ, սերն օգնում է մեզ շարունակել մեր անշահախնդիր ծառայությունը, քանի որ «սէրը.... իրենը չի փնտռում» (Ա Կորնթացիս 13։4, 5)։
Ո՞ւմ պետք է քրիստոնյաները սիրեն
12. Ըստ Հիսուսի՝ ո՞ւմ պետք է սիրենք։
12 Հիսուսը մի համընդհանուր սկզբունք սահմանեց, թե ում պետք է մենք սիրենք՝ երկու մեջբերում կատարելով Մովսիսական օրենքից։ Նա ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով» և «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը» (Մատթէոս 22։37–39)։
13. Ինչպե՞ս կարող ենք սովորել սիրել Եհովային, նույնիսկ եթե չենք կարող տեսնել նրան։
13 Հիսուսի խոսքերից պարզ է դառնում, որ առաջին հերթին պետք է սիրենք Եհովային։ Սակայն մենք չենք ծնվում Եհովայի հանդեպ արդեն սիրով լցված սրտով։ Դա մի բան է, որը հարկավոր է մշակել։ Եհովայի մասին առաջին անգամ լսելը գրավեց մեր ուշադրությունը։ Աստիճանաբար իմացանք, թե նա ինչպես է նախապատրաստել երկիրը մարդկանց համար (Ծննդոց 2։5–23)։ Իմացանք, թե ինչպես է վերաբերվել մարդկությանը, ինչպես չի լքել նրանց, երբ մեղքը ներխուժեց առաջին մարդկային ընտանիք, այլ քայլեր է ձեռնարկել մեզ ազատելու համար (Ծննդոց 3։1–5, 15)։ Նա սիրով էր վերաբերվում իրեն հավատարիմ մարդկանց և, ի վերջո, մեր մեղքերի քավության համար տվեց իր միածին Որդուն (Յովհաննէս 3։16, 36)։ Գիտելիքների աճի հետ մեկտեղ ավելացավ նաև Եհովայի հանդեպ մեր գնահատանքը (Եսայիա 25։1)։ Դավիթ թագավորը սիրում էր Եհովային, որովհետև նա սիրառատ կերպով հոգ էր տանում իր մասին (Սաղմոս 116։1–9)։ Այսօր Եհովան հոգ է տանում, առաջնորդում, զորացնում և քաջալերում է մեզ։ Եվ ինչքան շատ ենք սովորում նրա մասին, այնքան նրա հանդեպ մեր սերն ավելի է խորանում (Սաղմոս 31։23; Սոփոնիա 3։17; Հռովմայեցիս 8։28)։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր սերը
14. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ անկեղծորեն ենք սիրում Եհովային։
14 Իհարկե, ամբողջ աշխարհում շատերն են ասում, որ սիրում են Աստծուն, սակայն նրանց գործերը հակառակն են փաստում։ Ինչպե՞ս կարելի է պարզել, որ իսկապես սիրում ենք Եհովային։ Մենք կարող ենք նրա հետ խոսել աղոթքով ու պատմել նրան մեր զգացումների մասին։ Կարող ենք մեր գործելակերպով ցույց տալ մեր սերը։ Հովհաննես առաքյալն ասաց. «Ով պահում է [Աստծո] խօսքը, Աստծու [«հանդէպ», ՆԿ–ի ՆԱԹ] սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ Նրա մէջ ենք» (Ա Յովհաննէս 2։5; 5։3)։ Մյուս բաների հետ միասին՝ Աստծո Խոսքը պատվիրում է մեզ համագործակցել միմյանց հետ ու ապրել անարատ, բարոյական կյանքով։ Մենք խուսափում ենք կեղծավորությունից, ճշմարտախոս ենք և մաքուր ենք պահում մեր մտածողությունը (Բ Կորնթացիս 7։1; Եփեսացիս 4։15; Ա Տիմոթէոս 1։5; Եբրայեցիս 10։23–25)։ Մեր սերը երևում է նրանում, որ նյութական օգնություն ենք ցույց տալիս կարիքավորներին (Ա Յովհաննէս 3։17, 18)։ Չենք խուսափում Եհովայի մասին ուրիշներին պատմելուց։ Դա նշանակում է նաև, որ մեր բաժին մասնակցությունն ենք ունենում Թագավորության բարի լուրի քարոզչության մեջ (Մատթէոս 24։14; Հռովմայեցիս 10։10)։ Այսպիսի բաներում ենթարկվելով Աստծո Խոսքին՝ ցույց ենք տալիս, որ անկեղծորեն ենք սիրում Եհովային։
15, 16. Եհովայի հանդեպ ունեցած սերը ինչպե՞ս է փոխել շատերի կյանքը անցած տարվա ընթացքում։
15 Եհովայի հանդեպ սերն օգնում է ճիշտ որոշումներ կայացնել։ Անցած տարի 288 907 անհատներ, նրա հանդեպ սիրուց մղված, նվիրեցին իրենց կյանքն Աստծուն ու իրենց այդ որոշումը խորհրդանշեցին ջրի մկրտությամբ (Մատթէոս 28։19, 20)։ Նրանց նվիրումն իմաստալից քայլ էր։ Դա նշանակում էր, որ իրենց կյանքում փոփոխություն է կատարվել։ Օրինակ՝ Գազմենդը Ալբանիայի բասկետբոլի աստղերից մեկն էր։ Մի քանի տարի նա և իր կինը Աստվածաշունչ ուսումնասիրեցին ու, չնայած խոչընդոտներին, Թագավորության քարոզիչներ դարձան։ 2000 թ. ծառայողական տարվա ընթացքում Ալբանիայում 366 մարդ մկրտվեց. նրանցից մեկն էր Գազմենդը։ Լրագրերից մեկում նրա մասին հոդված էր տպագրվել, որտեղ ասվում էր. «Նրա կյանքն արդեն իմաստ ունի, և այդ պատճառով նա և իր ընտանիքը միասին վայելում են իրենց կյանքի ամենաերջանիկ օրերը։ Նա այլևս չի մտածում, թե որքան կարող է ստանալ կյանքից, այլ դրա փոխարեն՝ որքան կարող է տալ՝ մարդկանց օգնելու համար»։
16 Նմանատիպ մի պատմություն տեղի ունեցավ նորերս մկրտված քրոջ հետ, որն աշխատում է Գուամում գտնվող մի նավթային ընկերությունում։ Նա մի գայթակղիչ առաջարկ էր ստացել։ Տարիներ շարունակ բարձրացել էր ծառայողական սանդուղքով, և, վերջապես, նրան հնարավորություն էր ընձեռվել դառնալու այդ ընկերության պատմության մեջ առաջին կինը, որին վստահվելու էր ընկերության փոխնախագահի պաշտոնը։ Բայց այժմ նա իր կյանքը նվիրել էր Եհովային։ Ամուսնու հետ հարցը քննարկելուց հետո նոր մկրտված քույրը չընդունեց այդ առաջարկը և գործերն այնպես դասավորեց, որ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանք ունենա ու մնացած ազատ ժամանակն օգտագործի լիաժամ ծառայող, այսինքն՝ ռահվիրա դառնալու համար։ Եհովայի հանդեպ ունեցած սերը մղեց նրան ռահվիրայությունն ընտրել և ոչ թե՝ այս աշխարհում ֆինանսական շահեր փնտրել։ Եվ հիմա այդ սերն է, որ 2000 թ. ծառայողական տարում ամբողջ աշխարհում 805 205 մարդու մղել է ռահվիրայական ծառայության տարբեր ձևերում մասնակցություն ունենալ։ Ինչպիսի՜ սեր ու հավատ են ցուցաբերել այդ ռահվիրաները։
Մղված՝ Հիսուսին սիրելու
17. Սիրո ի՞նչ հիանալի օրինակ ենք տեսնում Հիսուսի մեջ։
17 Հիսուսը սիրով առաջնորդվող մարդու հիանալի օրինակ է հանդիսանում։ Իր նախամարդկային գոյության ժամանակ նա սիրում էր իր Հորը, ինչպես նաև՝ մարդկանց։ Առակաց գրքում Հիսուսը, հանդես գալով իմաստության դերում, ասում է. «Այն ժամանակ ես [Եհովայի] կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ։ Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակաց 8։30, 31)։ Հիսուսի սերը մղեց նրան թողնել իր երկնային բնակարանը ու ծնվել որպես մի անօգնական մանուկ։ Նա համբերատար ու բարյացակամ էր հեզ ու խոնարհ մարդկանց հանդեպ։ Հիսուսը տառապանք կրեց Եհովայի թշնամիների կողմից և, ի վերջո, հանուն ողջ մարդկության մահացավ տառապանքի ցցի վրա (Յովհաննէս 3։35; 14։30, 31; 15։12, 13; Փիլիպպեցիս 2։5–11)։ Ճիշտ մղվածության ի՜նչ հիանալի օրինակ։
18. ա) Ինչպե՞ս ենք սեր մշակում Հիսուսի հանդեպ։ բ) Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ սիրում ենք Հիսուսին։
18 Երբ սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ Ավետարաններում կարդում են, թե ինչ կյանք է ապրել Հիսուսը և խորհում, թե որքան շատ օրհնություններ է իրենց պարգևել նա՝ հավատարմությամբ ապրելով մինչև իր երկրային կյանքի վերջը, նրանց սրտերը ավելի մեծ սիրով են լցվում նրա հանդեպ։ Այսօր մենք նման ենք նրանց, ում Պետրոսն ասաց. «[Հիսուսին] չէք տեսել, բայց սիրում էք» (Ա Պետրոս 1։8)։ Մեր սերը երևում է այն ժամանակ, երբ հավատ ենք ընծայում նրան և ընդօրինակում ենք նրա ապրած անձնազոհ կյանքը (Ա Կորնթացիս 11։1; Ա Թեսաղոնիկեցիս 1։6; Ա Պետրոս 2։21–25)։ 2000 թ. ապրիլի 19–ին 14 872 086 անհատներ, ներկա գտնվելով ամեն տարի նշվող Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին, հիշեցին, թե ինչու պետք է սիրենք Հիսուսին։ Իրոք որ մեծ թիվ է։ Եվ որքա՜ն ենք զորանում՝ իմանալով, որ Հիսուսի զոհաբերության միջոցով փրկության հասնելը հետաքրքրում է այդքան շատ անհատների։ Իսկապես, Եհովայի ու Հիսուսի սերը մեր հանդեպ և մերը՝ նրանց, կերտում է մեզ։
19. Սիրո վերաբերյալ ի՞նչ հարցեր են քննարկվելու հաջորդ հոդվածում։
19 Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք Եհովային մեր ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ։ Բայց նա ասաց նաև, որ մենք պետք է սիրենք մեր մերձավորին այնպես, ինչպես ինքներս մեզ (Մարկոս 12։29–31)։ Ո՞վ է մեր մերձավորը։ Եվ ինչպե՞ս է սերը մերձավորի հանդեպ օգնում մեզ ճիշտ հավասարակշռություն պահպանել ու ճիշտ մղումներ ունենալ։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է սերը կենսական հատկություն։
• Ինչպե՞ս կարող ենք սովորել սիրել Եհովային։
• Ինչպե՞ս է մեր վարքագծից երևում, որ սիրում ենք Եհովային։
• Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր սերը Հիսուսի հանդեպ։
[նկար 10–րդ և 11–րդ էջերի վրա]
Սերն օգնում է մեզ համբերատարությամբ սպասել հոգեկան թեթևացմանը։
[նկար 12–րդ էջի վրա]
Հիսուսի մեծ զոհագործությունը դրդում է մեզ սիրել նրան։